Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Նահատակների Արեան Կանչը Սերունդներին

 Այս տագնապի օրերին, ապրիլեան սրբ. Զատկական տօնի  եւ եղեռնի-ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման խորախորհուրդ օրերին, զուգահեռաբար աշխարհը բռնուած մտահոգիչ համաճարակի ճիրաններում՝ համատարած մարդկային զոհեր եւ այդ պատճառով մտավախութիւններ աշխարհի չորս կողմերում: Կառավարութիւններ զօրահաւաքի ենթարկելով իրենց պայքարի միջոցները ջանանում են մահերի առաջն առնելու եւ այդ (Covid 19)-ի տարածումը կասեցնելու համար: Տակաւին ահ ու վախի հոգեվիճակը մարդկանց պարտադրւում է ինքնամեկուսացման ճամբով պատսպարեն իրենց զիրենք այդ հրէշածին պսակաժահր ախտավարակի մահաբեր թոյնից զերծ ու ապահով մնալու մինչեւ վերջը տրուի այդ սադայէլի աննախընթաց թունաւորման:

Այս ճակատագրական հատուածում աշխարհը ապրում է քսանմէկերորդ դարուս ճգնաժամը, այդ աշխարհի մէկ մասնիկն էլ մեր պաշտելի հայրենիքն է եւ այն բոլոր երկրները ուր ապրում են մեր քոյր ու եղբայրները, որոնք անվերապահ նկատառումներով պայքարում են այս մարդակեր եւ անտես հրէշի դէմ, յոյս առ Աստուծոյ թող այս աղէտաբեր վարակը որքան շուտ վերջ գտնի, քանի որ մեր քանակով քիչ մեր ժողովրդի մէկ կորուստն էլ շատ է մեզ համար:

            Այս պսակաժահր ախտի վարակը մոռանալով կարեւոր նկատեցի գրիչ առնեմ եւ մասնակից լինեմ ընդհանուրի պայքարին մեր նահատակների յիշատակման իմ մտքերը գրելու, զօրակցութիւն յայտնելու եւ իմ բողոքը ներկայացնելու պահանջատիրութեան եւ հատուցման անխախտ ոգով:

 Այս գրութեան խորագիրը մեզ յիշեցնում է 1915 տարեթւում թուրք օսմանեան կայսրութեան տիրապետութեան ներքոյ տուայտող մեր Արեւմտեան Հայաստանի ողջ բնակչութիւնը գազանաբարոյ թուրքերի պետական ծրագրուած գաղտնի հրամանագրերով կազմակերպեցին հայութեան սարսափելի եւ  անագորոյն միջոցներով ջարդ, տեղահանութիւն, կոտորած եւ ցեղասպանութիւն նպատակ ունենալով արմատախիլ անել հայութիւնը իր իսկ բնօրրանում, վերջ տալով հայութեան գոյութեան հայկական տարածքները գրաւեն եւ կազմեն շովինիստական միատարր թուրքիա : Նրանք նախ ծրագրած կանոնակարգով ձեռբակալեցին Արեւմտահայութեան սերուցքը նրանց խումբ-խումբ գլուխները ջախջախելով: Թուրք դահիճները հայութեան կոտորելով թալանեցին նրանց ունեցուածքները եւ բռնագրաւեցին հայրենիքը ոչնչացնելով բոլոր հայկական յիշատակարանները, յետագային ապացուցելու այստեղ հայեր չեն ապրել: Հայերի ցեղասպանութիւնը տեղի ունեցաւ իբր քաղաքակիրթ երկրների Ռուսաստանի, Անգլիոյ, Ֆրանսիայի, Գերմանիոյ եւ այլոց աչքի առջեւ, լուռ հետեւելով կոտորածներին առանց օգնութեան ձեռք մեկնելով:

 Ցեղասպանութեան ինքնապաշտպանութեան դիմած  մազապուրծ խլեակները փրկութեան հանգրուան գտան որոշ մարդասէր արաբական երկրներում շարունակելով իրենց ողբերգական ընտանեկան ճիւղակոտոր կեանքը: Անմեղ հայութեան կոտորածը իրականացրած թուրք ջիւաղ դահիճները վրիժառու հայ երիտասարդի վախ ու սարսափից ճողոպրած տարբեր երկրներում կերպարանափոխուած թաքստոցներում իրենց ոճրագործ կեանքն էին շարունակում, սակայն հայ երիտասարդը ինչպէս կարող էր հանդուրժել, որ իր ծնողի, եղբօր, քրոջ, հարազատի եւ հայի դահիճը ողջ ազատ կեանք ապրի, ուստի նրանց շատերին շանսատակ արեցին մասամբ ամոքելով ողբն ու կոծը ծնողների, բայց այս մի քանի սպանութիւններով ինչպէս կարելի էր բաւարարուած լինել հայութիւնը ի դիմաց 1.5 միլիոն կոտորածների, թալանուած հարստութիւնների եւ բռնագրաւուած հայրենիքի:

Տարիների քրտնաջան աշխատանքով աղէտեալ մեր ժողովուրդը կազմակերպեց իր կեանքը տարբեր գաղթօջախներում հիմնադրելով հայապահպանման կռուաններ՝ դպրոցներ, եկեղեցիներ եւ միութիւններ : Հայ ոգով սերունդներ աճեցին եւ բազմացան, շնորհիւ աւանդական կուսակցութիւնների կատարած ջանքերի հայութեան ջարդերը բարձրաձայնուեցին տարբեր միջոցներով աշխարհին ճանանչեցնելու թուրքերի հայութեան նկատմամբ կատարած ցեղասպանութիւնը: Թուրք դեսպանների ահաբեկումներր տարբեր երկրներում մեծապէս օգնեցին ցեղասպանութեան առաւել ճանաչման: Հայաստանի ռուս կոմունիստական կայսրութեան ճիրաններից թօթափումը նոր յոյսեր ներշնչեց  հայութեան իր դարաւոր թշնամու դէմ պայքարի մէջ:

            Ցեղասպանութեան դատապարտման եւ հատուցման աշխատանքները բաւարար չեն, մեր Բիւրաւոր Նահատակների արեան կանչը այն ատեն կը խաղաղուի երբ  Հայաստան, Արցախ եւ Սփիւռք միահամուռ, միակամ ու միաբան սերտ ու զօրավիգ արդարութեան ճանաչման համար ամուր ու անսայթաք առաջ գնան, մի օտար ժողովրդական առած ասում է՝ թշնամուն զուր մի անիծիր, թէ կարող ես միշտ հարուածիր, որ արդիւնք ստանաս: Մեր նահատակների յորդորն ու խորհուրդը եղած է՝ մեր ուժերին ապաւինենք, յոյս չդնենք օտարի վրայ, ինչպէս  Գարեգին Նժդեհն է շեշտում՝ «Մի ժողովուրդ, որն իրեն պէտք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրօրէն իր պարտութիւնն ու անկումն է նախապատրաստում»:

            Վերջերս կարդացի Կարինէ Աշուղեանի՝ «Երանի Աստծու խելքին մօտ լինի» յօդուածը, որը առնչութիւն ունի մեր ժողովրդի հոգեմտածողութեան հետ, զայն գտայ առողջ եւ ուսանելի, մէկ պարբերութիւնը նոյնութեամբ ներկայացնում եմ՝ «Պիտի ազատագրուենք բոլոր կուռքերից՝ յաւերժական ոսոխի հանդէպ սարսափից, յաւերժական բարեկամի հանդէպ կոյր սիրուց, պիտի թօթափենք մեր ներքին ստրկամտութիւնը, թէ առանց մեծ հարեւանի մեզ տեղում կը յօշոտեն: Պիտի հասկանանք, որ մենք իրականում ոչ միայն թշնամիների կոկորդներում մնացած ոսկոր ենք, այլեւ քաղցր պատառ ենք (հաւատարիմ դաշնակից, իմա՝ ՌԿ)  բարեկամների համար»:

          Ապրիլ 24, 2020 թ. թեւակոխում ենք 105-րդ տարին դեռ մեր դատի իրականացման կէս ճանապարհին էլ չենք, քանի տարիները թաւալւում են առանց արդիւնքի ժողովրդի մէջ ազգային ոգեւորութիւնն էլ պակսում է՝ սերունդներ դէպի ուծացման ճանապարհն են գնում եւ արտագաղթը շարունակւում է, իսկ թշնամին ցեղասպանութիւնը չընդունելով եւ ժխտելով հաշիւներ է հարթում դատապարտող երկրների հետ, թէ» ինքն է գոհ եւ թէ» արեւմտեան պոռնիկ երկրները, ահա մեր յոյսը ուրիշների վրայ դնելու արդիւնքը: Կարծիք կայ թէ՝ սպասենք եւ համբերենք մինչեւ միջազգային բարենպաստ պայմաններ ստեղծուեն մեր պահանջներին ի կատար: Ահա այս սխալ քաղաքականութիւնը մեզ դէպի կործանում կը տանի, հեռատեսութիւնը լաւ բան է սխալներից խուսափելու համար: Եղբայր իմ պատուակա’ն, մինչեւ հողը չհերկես եւ չցանես արդիւնք չես ստանայ:

            Այս ոգեկոչման օրերին որպէս մէկ մասնիկը մեր տանջուած ու չարչարուած ազգի իմ կարգախօսն է՝ Ազգային, Հայրենասիրական Ռազմավարութիւն եւ Հզօրացում:

«Հայրենասէր մարդը երբեք

Չի մոլորուի ու չի փոխի

Հայրենիքի մէկ փուշը գէթ

Օտար երկրի վարդերի հետ»:

 

Ռ. ԿՈՐԻՒՆ


ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ