Շաբաթ, Ապրիլ 20, 2024

Շաբաթաթերթ

Երիտասարդ Գրիչներ Պահանջատէր Լինելու Համար Նախ Պէտք Է Լինենք Հայրենաճանաչ Ու Իրաւաճանաչ

Արդէն վաղուց աշխարհը որդեգրել է յստակ տեսակէտ ցեղասպանութեան վերաբերեալ։   Բոլորին են յայտնի են ՄԱԿ-ի ընդունած  մի քանի բանաձեւերը ցեղասպանութեան մասին։ Եթէ ընդունուած իրողութիւնից  դուրս նայենք ցեղասպանութեանը,  ապա  պէտք է  ասեմ,  տեղ ունի լինելու այն կարծիքը,  որ  ցեղասպանութիւնը բախում է մշակոյթի ու հացամշակութիւնի միջեւ։ Ոչ թէ քաղաքակրթական բախում, այլ  հենց բախում  մշակոյթի եւ հակամշակոյթի միջեւ։   Հակամշակոյթը,  կարծում եմ պատմական որոշակի ճգնաժամային կամ անցումային շրջանում առաջացած երեւոյթ է։ Ինչու՞: Օրինակ մեզ միշտ սովորեցրել են, որ  ցեղասպանողը պարտադիր պէտք է յետամնաց, բռնակալ ու վայրենի ինչ-որ մէկը լինի։ Բայց արի ու տես, երբ XV դարում եւրոպացիները ոտք դրեցին Նոր աշխարհամաս, նրանք գիտատեխնիկական առումով գերազանցում էին Ամերիկա աշխարհամասի ժողովուրդներին, բայց դա չխանգարեց նրանց ոչնչացնել այդ հնագոյն քաղաքակրթութիւնները։ Նոյն կերպ համերաշխութիւն քարոզող քրիստոնէութեան հետեւորդ խաչակիրները չզլացան բնաջնջել Երուսաղեմի մուսուլմաններին ու հրեաներին՝ պատճառ բերելով Տիրոջ գերեզմանի ազատագրումը։

 

Նոյնն էր տիրում նաեւ պոէրական պատերազմների, պոսնիական ցեղասպանութեան, Հոլոքոստի եւ այլնի դէպքում։ Հարց է առաջանում. իսկ ինչպէ՞ս են առաջանում նմանատիպ հակամշակոյթները։ Պատասխանը կարծում եմ կայանում է քարոզչութեան եւ ձեռնավարութեան մէջ։ Մարդուն հոգեբանօրէն  կարելի է դարձնել այնպիսին, որին լիովին  անհնար կլինի հակադարձել։ Եւ դա կախուած չէ մարդու բնածին ունակութիւններից, տաղանդներից, խելքից…  Այնշտայնը, եթէ ծնուէր հիթլերեան քարոզչութեան շրջանում, դաստիարակուեր այդ ոգով եւ մինչեւ վերջ էլ չիմանար, որ ինքը հրեայ է,  կարող էր շատ ճիշտ համարել հրեաների ցեղասպանութիւնը: Հակամշակոյթը առհասարակ չի հանդուրժում իրենից բացի ոչինչ, նա չի ընդունում իրենից տարբերուողը։ Եւ ցեղասպանութիւնները դրա վառ ապացոյցն են։  Այն բռնի ուժով զաւթում է այն ամենն  ինչ  պատկանում է մշակոյթը կրողներին ՝  հիմնաւորելով  իր բացարձակ ու ճիշտ լինելով։ Հայոց ցեղասպանութիւնը վերոնշեալի մի օրինակ է։ Բայց այստեղ կայ նաեւ մեր մեղքը։ Յիշենք Ֆրանց Վերֆելի յայտնի գրքի վերնագիրը՝ մեղաւորը ոչ թէ սպանողն է, այլ սպանուածը։ Սա իհարկէ բացարձակ ճշմարտութիւն չէ, սակայն մեր դէպքում կայ այս ամենի օրինակը։ Զարմանալ կարելի է, թէ ինչպէ՞ս ազատատենչ Զէյթունը, անսալով Կիլիկիոյ կաթողիկոս Սահակ Բ-ի կոչին,  կռուի չդիմեց ու կոտորուեց թուրքական եաթաղանի կողմից։  Թուրքիան, որքան էլ , զարգացել է, միեւնոյն է դեռ լիովին չի յաղթահարել իր ներքին հակամշակոյթը, որի ապացոյցն է Հայոց ցեղասպանութեան մերժումը։

Տեղին կը լինի մէջբելերել  թուրք պատմաբան Թաներ Աքչամի գրուածքը․ 

«Այն , ինչ ես ուզում եմ բացատրել, հետեւեալն է. Այն փաստը, որ 1915-ին տեղի ունեցածը զանգուածային սպանութիւն էր, նոյնիսկ որեւէ վիճաբանութեան առարկայ չէր այդ ժամանակահատուածի գլխաւոր դերակատարների տեսակէտից, որոնց գլխին Մուստաֆա Քեմալն էր կանգնած:  Այդ ժամանակաշրջանի հիմնական քննարկումը կազմակերպուել էր Փարիզի խորհրդակցութիւնների առանցքի շուրջ եւ խօսքը գնում էր այն մասին, թէ ինչպէ՞ս պէտք է պատժուեն «թուրքերը» հայկական կոտորածի համար:  Հանցագործներին դատի տալը պատժի մէկ ձեւ էր:  Մէկ այլ ձեւ՝ Անատոլիայի մասնատումն էր:  Այսինքն՝ Արեւմտեան տէրութիւնները թաքցնում էին իրենց կայսերական նկրտումները սպաննուած հայութեան իրականութեան ետեւում:  Մուստաֆա Քեմալը եւ նրա ընկերները ընդունեցին իրականութիւնը, որ կոտորածի պատասխանատուները պէտք է պատժուեն, բայց դէմ էին, որ այդ պատիժը լինի Անատոլիայի բաժանման տեսքով:  Այսօր, աւելի շատ ստեր եւ առասպելներ ստեղծելու փոխարէն, եթէ մենք այս թեմայի վերաբերեալ Մուստաֆա Քեմալի դիրքորոշումը դարձնենք մեր մեկնման կէտը եւ շարունակենք մեր քննարկումն այնտեղից, ապա մենք բաւականին հեռու կը գնանք»: 

(Թաներ  Աքչամ, պատմաբան եւ ընկերաբան,   «1915 թ.  Առասպելներ եւ իրողութիւններ» թուրքական  «Radikal» օրաթերթում, 2003 թ. Մայիսի 25):

Սա խօսում է  այն մասին, որ կան նաեւ շատ թուրքեր, ովքեր յաղթահարել են այդ հակամշակոյթը ու ընտրել ճիշտ ուղին։

Ամէնքս խօսում ենք պահանջատէր լինելու մասին։ Բայց  պահանջատէր լինելու համար պէտք է լինել հայրենաճանաչ ու իրաւաճանաչ։ Մենք, մեզ հռչակելով անկախ հանրապետութիւն, նշում ենք, որ մենք Հայաստանի երկրորդ հանրապետութեան իրաւայաջորդն ենք։ Մի կողմ դնելով  այն, հանգամանքը,  որ Հայաստանի երկրորդ հանրապետութիւնը de facto Խորհրդային Ռուսաստանին բռնակցուած եւ անուանապէս հանրապետութիւն կոչուող տարածք էր։ Երբ մենք մեզ հռչակում ենք ինչ-որ պետութեան իրաւայաջորդ մենք ընդունում ենք նաեւ նրա գոյութեան շրջանում ընդունուած պայմանագրերը ու իրաւական գործառքները։ Ուստի մենք ընդունում ենք նաեւ Կարսի, Մոսկուայի պայմանագրերը, Լոզանի գոնֆերանսի որոշումները։ Այս պայմանագրերով մենք հրաժարուեցինք ոչ միայն Սեւրի պայմանագրից ու ուիլսոնեան իրաւարար վճռից, այլեւ Կարսի մարզից, Սուրմալուիի գաւառից, Արեւմտեան Հայաստանում հայ գաղթականների համար օջախի ստեղծումից։ Սրանից յետոյ հարցի հողային պահանջատիրութեան կողմը իրաւական առումով ինչ-որ տեղ մարում է։ Եթէ մի  պահ մի կողմ դնենք հողային պահանջատիրութիւնը, իսկ ո՞վ կամ ինչը՞ կփոխհատուցի հայերի կրած նիւթական եւ բարոյական  կորուստները, որոնք ահռելի են։ Վերջիվերջոյ հայերը տնօրինում էին օսմանեան տնտեսութեան մի զգալի մասը։ Գիտենք, որ Հոլոքոստից յետոյ գերմանական կառավարութիւնը պարբերաբար փոխհատուցումներ էր անում դրանից տուժածներին՝ մասնաւորապէս հրեաներին։ Այդ գործընթացը առ այսօր էլ շարունակւում է։ Անցած տարի լեհական կառավարութիւնը նոր փաթեթ ներկայացրեց՝ 717 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելով։ Մենք այդ առումով գործնական քայլերի չենք դիմում։ Հրեաները անգլերէնով եւ այլ լեզուներով գրուած հանրագիտարան ունեն Հոլոքոստի մասին։ Զարմանալի է, բայց առ այսօր մենք ոչ մի նման ձեռնարկում չենք արել։ Իհարկէ տեղին  էլ ճիշտ չէ համեմատել Հոլոքոստն ու Հայոց Ցեղասպանութիւնը ինչպէս նաեւ տեղին չէ նաեւ մերօրեայ Թուրքիան համեմատել Գերմանիայի հետ, որից Թուրքիան շատ բան ունի սովորելու։ Սակայն մենք էլ մեր հերթին հրեաներից պէտք է սովորենք, ովքեր շատ արագ դուրս եկան ցեղասպանուածի հոգեվիճակից եւ դարձան տարածաշրջանի թելադրող երկիր։ Հետաքրքիր դիրքորոշում ունի նաեւ թուրքական կառավարութիւնը, որը յայտարարում է, որ տեղի ունեցածը առհասարակ պատմաբանների գործն է, իրենց արխիւները «բաց» են հայ պատմաբանների համար ու պէտք չէ դա դարձնել երկու պետութիւնների միջեւ համայարաբերութիւններ հաստատելու նախապայման։ Ի դէպ նմանատիպ կարծիք ունէր նաեւ մեր առաջին նախագահը, որը պնդում էր, թէ ցեղասպանութեան եւ պահանջատիրութեան հարցը պէտք է թողնել Սփիւռք-Թուրքիա հարթակում եւ այն չդարձնել Հայաստանի արտաքին քաղաքականութեան նպատակ։ 2000-ականների վերջերին տեղի ունեցան որոշակի համագործակցութեան փորձեր՝ բոլորիս յայտնի հայ-թուրքական արձանագրութիւնները։ Բայց դա էլ յաջողութիւն չունեցաւ եւ յետագայում կասեցուեց։ Կարծում եմ մենք էլ պէտք է դուրս գանք հալածեալ ու փոքր ազգի մտածելակերպից եւ մեր արժանի տեղը գրաւենք երկրի վրայ։

Մենք պէտք է լինենք հայրենաճանաչ։ Մենք Արեւմտեան Հայաստանում ունենք բազում մշակութային կոթողներ։ Այդ յուշարձանները այժմ անտէրութեան են մատնուած։ Թուրքական կառավարութիւնը երկար ժամանակ զօրավարժութիւնների անցկացման պատրուակով եւ տարածաշրջանի բնակիչներին ոգեւորելով հայկական եկեղեցիներում պահուած գանձերով՝ նպաստում է  այդ յուշարձանների ոչնչացմանը։ Ժամանակի 170 հազար յուշարձաններից այսօր 2-3% է մնացել։ Եւ մենք առ այսօր պետական մակարդակով կամ հայկական կառոյցների միջոցով ոչ մի լուրջ քայլ չենք ձեռնարկում դրանց ոչնչացումը կանխելու համար։ Իսկ առանձին անհատների փորձերը  անյաջողութեան են մատնւում, քանզի թուրքական կառավարութիւնը նրանց մուտքն ուղղակի արգելում է իրենց երկիր։

Ներկայումս հողային պահանջներ ներկայացնելը իրական  հնարաւորութիւն  չունի։ Նախ՝  իրաւական առումով դրա հիմնաւորումը բարդ խնդիր է։ Բացի այդ մեր պատմական տարածքներում արդէն բնակւում են միլիոնաւոր քրդեր, որոնք ունեն անկախ պետութիւն ստեղծելու մեծ նպատակ եւ այժմ Թուրքիան կանգնած է այդ խնդրի առաջ։ Դժուար թէ մենք կարողանանք վերահսկել 10 միլիոնանոց քրդերին, որոնց Թուրքիան անգամ չի կարողանում վերահսկել։

Այս ամենն իհարկէ իրողութիւն է, որը անտեսել չի կարելի, բայց եւ այնպէս,  ես որպէս հայ, իմ կենում կրում եմ իմ հողի  եւ ազգի հանդէպ արդարութեան վերականգնման գաղափարը, անկախ դրա իրականալու հնարաւորութիւնից կամ անհնարինութիւնից ։   Ես՝ որպէս հայ, պահանջում եմ՝

1) Անմիջապէս ճանաչել  հայոց ցեղասպանութիւնը,

2) Կազմել ցանկ եւ փոխհատուցել հայոց կրած  նիւթական վնասները,

3) Հայաստանին վերադարձնել հայոց հայրենիքի  խորհրդանիշ Արարատ լեռը եւ հայոց պետականութեան խորհրդանիշ Անիի աւերակները,

4) Վերացնել Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը,

5) Հայկական կառոյցներին վերադարձնել (մասնաւորապէս՝ Հազէին) անտէրութեան մատնուած հայկական յուշարձանների տնօրինումը,

6) Ստեղծել պետական յանձնաժողով, որը կը քննի բռնի կրօնափոխուած եւ թուրքացուած հայերի ներկայիս կարգավիճակը  եւ նրանց իրազեկի այդ մասին։

7) Վերջ տալ հակահայկական քայլերը, ցեղասպանութեան մերժման փորձերը եւ ներել դրա համար հալածուող մարդկանց ու վերականգնել նրանց ոտնահարուած իրաւունքները։ 

 

                                                                                                 ԼԵՒՈՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ


ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ