Երկինք ու երկիր մեզ ձայն էն տալիս՝
Դռները բացէ′ք, գարուն է գալիս:
Համօ Սահեան
»Գարուն ա, ծաղիկ է արել»: Արեւի շողերի հեքիաթ է գարունը, բա′ց արա հոգուդ աչքերը, փերիները երկնքից իջել գարուն բերում երկրին, մարդկանց սրտերը թրթռացրել տիեզերքի սիրով: Գարունը, սիրոյ բողբոջումէ , մարդկանց սրտերին վառուող լոյս: Աստղերի լոյսը քու աչքերում այցի ես եկել երկիր: Կեանքը գարնանային լոյսի թրթիռ է, հէքիաթային վայելք, արբեցի’ր նրանով, գինովցի’ր լոյսով, հոգիդ վարարի’ր գարնան շունչով:
»Գարուն ա, ծաղիկ է արել»: Գարնան լոյս իջել արմինների լեռնաշխարհին: »Հայկ Համաստեղութեան» հայոց հին աստուածների տաճարից Արամազդի դուստր Անահիտ դիցուհին »Արմինա» երկիր եկել, բուռ-բուռ ծաղիկ փռել հայոց լեռների լանջերին, հայոց դաշտերի ցորեանի ծովակների ալեակներին: Մայրանալու լոյս ցանել այգիներում, ծառերն էին ծիծաղում, ծաղկի լոյսի հրդեհ էր, արեւը իր կրակի լոյսի եօթ գոյների ծիածան գօտի կապել նրանց թեւերին:
»Գարուն ա, ծաղիկ է արել»: Հայոց լեռների լանջերի բացատներում հազար գոյնի մանուշակն էր խնդում, դիտե՞լ ես նրա աչքերից կաթած լոյսը: Գարնան շունչից հայոց լեռների ձիւնն էր հալչում, հողից պայթում էին շաղոտ ժպիտով կարմիր, կապոյտ,սպիտակ ծաղիկներ՝ ձնծաղիկներ:
»Գարուն ա, ծաղիկ է արել»: Մտել ե՞լ ես ծաղկած այգիներ, տեսե՞լ ես ծիածանացած ծառերը, ունկնդրե՞լ ես նրանց ծաղկած լոյսի համանուագը: Քու հոգին էլ ծաղիկ չի՞ դարձել, քու հոգին էլ մայրական սիրոյ հրճուանքով չի՞ խայտացել: Քու երկիրը յափշտակած անօրէն մարդիկ արդեօք մտե՞լ են նախնիներիդ »Մայր Դիցուհու» խանդաղատանքով պայթած ծաղկած այգիներ, չէ՜, եթէ այնտեղ եղած լինէին, ունկնդրած լինէին նրանց երգը, նրանց հոգիներում էլ արարում ծաղկած կը լինէր: Անբան, անօրէն, անբարոյ մարդիկ, Աստուած նրանց հոգիներին երբեք գութ չէր կաթել:
»Գարուն ա, ծաղիկ է արել»: Գարնան մեղմիկ զեփիւռի շունչի հեշտանքից թռչունների երամներն են գալիս հայոց երկիր, գարուն երգում: Քու աշխարհի հէքիաթ գարնանը ծիծառներն են վերադառնում երկիր, յիշո՞ւմ ես նրանց լոյսային թռիչքը քու ոստանի երկնքում, հապա նրանց ծիծաղի կանչը . . . : Գարունը, կռունկների երամների հէքիաթը չէ˜, որոնց պանդուխտները աղաչում էին խապրիկ մը բերել իրենց աշխարհից:
»Գարուն ա, ծաղիկ է արել»: Մեհեան է ծաղկած այգին, մեհեան բաց երկնքի տակ, ոչ թէ փակ ու մութ խորշ: Աղօթո՞ւմ ես այնտեղ, չէ՜, բնութեան արարչութեանը չեն աղօթում, սքանչանում են նրա հէքիաթով, նրա մայրացման խորհուրդով, նրա լոյսով:: Լո՜յս, կեանքի առեղծուած, ամպերում իրար դէմ կռուի ելած հիւլէների պայթիւնի, երկնքում իրար փարելու հրճուանքի պոռթկումն է այն: »Լոյսի մի շողը, մութ յաւիտեանն արժէ», խօսել էր »Հեթանոս երգի» բանաստեղծ Վարուժանը, ինքն էլ Արմին-հայ աստուածների Աշտիշատ աւանի Վահագնի Վահէ-Վահեան մեհեանի քուրմ:
»Գարուն ա, ծաղիկ է արել»: Բանաստեղծներն են գարուն դառնում, նրանց հոգիներում գարնան արարչութեան ջահեր են վառւում, որոնց լոյսից բանաստեղծութիւն է ճառագում: Բանաստեղծներ, մարդկանց հոգիներին լոյսի անձրեւ են շաղում, հազար-հազար տաղերի համազարկ զարկում: Իրենց լեռների լանջերից ծաղկունքի փունջեր կապած՝ գնում բարձրանում ողիմպոսի գագաթ, գինով լի բաժակներ զարկում բանաստեղծութեան ներշնչանք պարգեւող մուսաների ու նրանց եղբայր Ապոլլոնի հետ, բաքոսուհիների գինարբուքի խրախճանքի տօնահանդէսներին երգի հրճուանքով արբենում, գարուն դառնում:
»Գարուն ա, է ծաղիկ է արել»: Գարնան բոցավառ վարդերը, հէքիաթ են, Աստուած սիրոյ կրակ է ցանել նրանց թեrթիկներին: Վարդ, գարնան արեւը եօթը գոյների շողշողուն լոյս փռել նրա երեսին: Աստղերի կրակալոյսը աչքերում՝գեղեցկութեան դիցուհի Աստղիկը, Արածանի գետի ափերի սպիտակ վարդաստանների վրայից ճախրելու ատեն փուշը ծակել է ոտքը, կարմիր հուրով ծածկել վարդերի թերթիկները, սիրոյ բուրմունք ցանել նրանց վրայ:
»Գարուն ա, ծաղիկ է արել»: Արա-մազդի որդի, արեւ աստուած Միհրն է ժպտում Արմինա աշխարհին: Լոյս հոսում արտերի ցորեանի ծովակների վրայ, նրա գարնանային տաք շունչից հողի սիրտն է փափախում: Իրենց թեւերը դէպի արեւ տարած ծառերը, նրա լոյսն են ըմպում, կանաչում, նրանց բոյլերից ծաղիկ պայթում: Սպիտակ պատմուճան հագած լեռների գագաթները սարսռում լոյսի շողերից, նրա ջերմ համբոյրից: Արեւի շունչը ձիւնի քօղերը պատռում՝ հազար-հազար գոյների ծաղիկներ, ձնծաղիկներ, փրափիոն ծաղիկներ ծիծաղում Մանկական մատներով փորել եմ Մուսաների լերան լանջերի ձիւնը, ձնծաղիկ եմ հանել հողից, փնջեր արած եկել փարել մայրիկիս, մեր աշխարհի գարունը նրան աւետել: Ասում էին, որ Արմինների Աստղիկ Դիցուհին ամէն գարնան գալիս է հայոց լեռներ, ձնծաղիկների թերթիկներ քաղում, սաւառնում հայոց շէների վրայ, ափերով այն ներքեւ ցանում, որ մայրերը այդ ձիւնոտ ծաղիկների նման փթիթ դուստրեր ծնէին: Ահա թէ ինչու են արմինների դուստրերը այդքան սիրուն-սիրուն են՝ հրաշագեղ Աստղիկ դիցուհու նման:
»Գարուն ա, ծաղիկ է արել»: Հայոց երկրի հողն է արեւ աստուած Միհրի լոյսի շեղջերից ջերմում: Ռանչպարներն են հանդերում, ափերով վերցնում այն, տանում երեսներին, համբոյր շաղում նրա տաքուկ դէմքին: Հողի պաշտամունք էր հայոց երկրում, ռանչպարների սրտերից պաշտամունքի ոգի է ծորում նրա դէմքին: »Հայրենի», »Մայրենի» են կոչել այն, յաւիտեան »թեթեւ» ննջում նրա գրկում, մինչեւ որ փոքր Մհեր դուրս ելնի ժայռի սրտից՝ յարութիւն պարգեւի արդարներին: Իրենցից յափշտակուած երկրից մի փշուր հող են տներ բերում, աղօթք մրմնջում այնտեղ հոսած նախնիների խոնջանքին, նրա պաշտպանութեան մարտերում նահատակուած արեւորդիների արեան զոհաբերութեանը:
»Գարուն ա, ծաղիկ է արել»: Ծովինար աստուածուհուն ջուր է վարարում է հայոց աշխարհին, լեռների լանջերի սրտերից աղբիւրներ են պայթում: Արմին ցեղի դիւցազն Անդրանիկը, Սասուն աշխարհի Մարութա սարի »Անահիտի Աղբիւր»-ից պայթած սպիտակ ձին սանձած՝ ճակատել թշնամուն: Գարնան ջուրն է հոսում հայոց աշխարհի դաշտեր, կեանք պարգեւում հողին: Ջուրը կեանք է, յաւերժութիւն է, երկիր մոլորակի կեանքի արարման առեղծուածը: Աստուածացած տիրուհի Ծովինարը հէքիաթ է, ինքը »ջրածին», ինքը ջրից յղիացած, ինքը ջրում ծնել Սանասար, Բաղտասար որդիներին, ինքը տիեզերական հեռուներից ջուր անձրեւում: Սասնայ Մհերն է իջել ջրեր, հեծել թամբած »Քուրքիկ Ջելալին», մէջքին կապել »Թուր Կեծակին», ջրից թռել, ճախրում դէպի արեւ: Քուրկիկ Ջելալին էր կանչել՝ »Ո՞ւր ես տանում ինձ, կը գնամ արեւ . . . կ՝այրեմ քեզ»: Չէ, տար ինձ արեւ, որ մի փունջ պոկեմ նրանից, բերեմ տամ Մակարավանքի սիրահար աղջկան: Մհերն իջել նրա իրանի տակ, կանչել՝ »Չես կարող ինձ այրել, տա՝ր ինձ դուշմանի դէմ կռուի»: Գարնան հէքիաթ է անձրեւը, Նար Ծովինար դիցուհու օրհնութիւնը, մոլորակի կեանքի շունչը: Դուրս արի պատշգամբ, նայիր անձրեւի շիթերին, նրանց երեսներին լոյս կայ, երկնքի երգն են բերում մոլորակ: Իրար ճակատող ամպերի շանթերի կրակալոյսը գրկած, ժպտում քեզ: Դու էլ ժպտայ անձրեւին, թող սիրտդ խայտայ նրա թովչանքից:
»Գարուն ա, ծաղիկ է արել»: Աձրեւին, իմ հայրենի երկրի ծաղկազարդ այգի ելել, ունկնդրել նրա համանուագը, դիտել նրա հեւքից ծաղկած ծառերի ծիծաղը, մանուկ հոգու խռովքով շոյել հողի շունչի տակից պայթած աշնանային ցորեանի կանաչ-կանաչ ծիլերը: Դո՝ւ էլ գարնան անձրեւին դո′ւրս արի, նայի′ր վազող ջրերին, այն նախնիներիդ ջրի պաշտամունքի Նար Ծովինար աստուածուհին է ընծայ բերել քու երկիր, ունկնդրիր նրա հոգեպարար երգի համանուագը, դու էլ նրա հետ երգիր ռանչպարների հոռովելները, տե՜ս, տե՜ս սիրտդ ինչքան պիտի վարարի նախնիներիդ սիրոյ սարսուռներով: Գարնան հրավառութիւն է այն:
»Գարուն ա, ձիւն է արել»: Չէ՜ Վարդապետ, հայոց աշխարհը »ձիւն չի արել»: Վարդապետ, այլեւս »կարմիր» ձիւն չի գայ, »Գարուն ա, ծաղիկ է արել» հայոց լեռնաշխարհը, Մայր Անահիտը, գարուններին ծաղիկ է փռում հայոց հանդերին, լեռների լանջերին, որ» ալուան հայ աղջիկներ այնտեղ »Համբարձում Եալա» տօնախմբեն, հայոց գուսանների տաղերը հնչեն, որոնք հովիկների թեւերին յենած գնան աշխարհին աւետեն հայոց ու նրանց երկրի հրաշափառ վերածնունդը: Չէ՜ Վարդապետ, հայոց աշխարհի ընդերքի հազար գոյնի քարերից՝ հայոց մայր ոստանը, շէները »Կրակէ շապիկ» են հագել, հայերի ակներից ծիծաղի արցունք է հոսում:
Չէ՜ Վարդապետ, հանգիստ ննջիր մայրենի հողում: Հայոց հին աստուածները տիեզերական իրենց տաճարից նորէն կարմիր, խոշոր աստղ են ճամբել հայոց լեռնաշխարհի երկնակամար, լոյսի կրակ է հոսում նրանց սրտերին, զէնք են վերցրել, կռուի են ելել: Չէ՜, այլեւս չեն թողնի, որ »Կարմիր» ձիւն գար հայոց լեռնաշխարհի: Հայ մշակները քու հոռովելներով հողն են ակօսում, սերմնացանները ցորեան են շաղ տալիս հողի երեսին, այգիներում ծաղկի ծիածան կապած ծառերը գարնան հէքիաթ է, հայոց աշխարհի մարդիկ գարուն են դարձել:
»Գարուն ա»: Գնում էինք Արարատին նայելու, կանգնում վիրապի բլուրին, դիմացը հայոց լեռնաշխարհի սրտից վեր խոյացած Արարատ-Մասիսներն են: Արեւաճեմ սպիտակ գագաթից ձիւնոտ ջրերն էին շեղջ-շեղջ իջնում Երաստ-Երասխի ջրերին: Անէացած դիտում էինք հայոց լեռնաշխարհի սրտից յառնած լեառնը: Նրա աստուածային ոգին, Արմինա երկրի արեւորդիների հոգիներին ցեղի յաւերժութեան պաշտամունքի լոյս վառում: Ինչպէ˜ս է, որ լեառն այդ անյագ ոգի կաթում հայոց սրտերին, ինչպէ˜ս է, որ »խորհուրդ-խորին» պատարագի շարականների երգեր ցնծացնում արորդիների հոգիներին: Նրա շուրջն էր ծաղկել մոլորակի մարդկանց երազային աշխարհ Եդեմ-ը, նրա ստորոտին նորէն »Կեանք», »Մարդ» էր »ծաղկել»: Բարեպաշտութեան, հողի պաշտամունքի, ճշմարտութեան լոյս էր այնտեղ, աստուածների անհատնում բարիք, խնդութիւն, առատութիւն էր այնտեղ:
»Գարուն ա»: Արարատ, քարեղէն սիրտը հայոց աշխարհի, ձեռքերնիս երկարում էինք, որ հպենք նրա անուշ դէմքին, ձնծաղիկ քաղենք նրա ձիւնոտ հողից, որ տանէինք Վահագնի ծնունդին, ափով ձիւն ժողուէինք . . . հիւսիսի տիրակալի փռած երկաթ փշերն էին ծակում մատներնիս: Հիւսիսից մարդիկ եկել, քարէ սիւներ դրել հայոց աշխարհի հողին, փշէ լարեր կապել նրա ճակատին, մայր գետի ջրերին: Լացում էր Արարատը, ձիւնոտ արցունքները առուակ-առուակ հոսում Երաստի ջրերին, վշտից փրփրած զարկում ափերին, գնում Մարաստան երկրի արտերին, հանդերին:
Բլուրի ստորոտին, հայոց նոր հաւատքի տաճար է, նրա գմբէթի գլխին իրենց արիական ցեղի արեւի լոյսի, բարեկեցութեան, բերրիութեան խորհրդանիշ նշան՝ խաչ է . . . արմինների նախնիներ, իրենց հին աստուածների տաճարները՝ Միհր աստուծոյ անունով մեհեան են կոչել: Սպանեցին իրենց բարեպաշտ հին աստուածներին, փլեցին նրանց հաւատքի փառաբանման տները: Նրանց լացող վէմերով նոր հաւատքի տաճարներ պատեցին, ցեղակից յոյներից փոխ առած »Եկեղեցի» անուանեցին: Խորը վիրապ կար այնտեղ: Աւանդել են, որ այնտեղ էր տասնըհինգ տարիներ բանտարկուել Պարթեւաց ցեղից, Արշակունի տոհմի արքայասպան Անակ իշխանի որդի՝ Սուրէնը: Գրիգոր դարձած եկել հայոց աշխարհ, զինուորագրուել հայոց բանակ, տոհմի մե՞ղքը քաւելու, թէ՞ դաւելու:
Հայոց արքայ Տրդատն էր այդ վիրապում բանտարկել Սուրէն-Գրիգորին, թշնամու դէմ տարած յաղթանակի պատուին Մայր Անահիտին ծաղկեպսակ չմատուցանելու համար: Հայոց արքաները, օրինախախտների, յանցաւորների նկատմամբ մահուան վճիռներ չէին արձակել, բանտարկել եւ անշուշտ նրանց կերակրել էին: Այդ բլուրը՝ իրենց նախնիների Արմինա երկրի լքուած բերդ եղել՝ վերածուել բանտի:
Արեւմուտքում կրթութիւն ստացած իմաստուն Տրդատ Գ. Արքան, տարբեր հաւատքներ դաւանող երկու սահմանակից կայսրութիւնների ցեղերին ու մշակոյթներին չձուլուելու համար, մտադրուել էր իր թագաւորած երկիրը »Քրիստոնեայ» նոր հաւատքին առաջնորդել: Հարիւր-հարիւր տարիներ առաջ, նրա առաքեալները հասել էին հայոց աշխարհի հարաւ, քարոզել էին իրենց հաւատքի ուսմունքը: Տրդատ արքան, այդ ուսմունքում նկատել էր նաեւ իր նախնիների Միհրական տիեզերական հաւատքի բարեպաշտութեան, ճշմարտութեան ու սիրոյ լոյսը: Հազար-հազար տարիներ իրենց փոխանցուել էր նախնիների աւանդութիւնը, որ հայոց աստուածները իրենց երկրի հերոս, քաջ, առաքինի առաջնորդներն էին եղել, այնքան արդար ու սիրելի, որ նրանց աստուածացրել էին, ինչպէս Արա-յին, Հայկ-ին, Միհր-ին, Տիր-ին, Վահագն-ին, Վանատուր-Ամանոր-ին, Անահիտ-ին, Ծովինար-ին, Աստղիկ-ին, Նանէ-ին, պատերազմներում յաղթանակած Վահագնին պատկերացրել էին բոցերից յառնած, նրանց իւրաքանչիւրին փառաբանել էին բնութեան իմաստութեան տարբեր երեւոյթներով: Տրդատ արքան պատժից ազատել էր Գրիգորին, հրամայել հայոց երկրում օտար »Աստուծոյ Որդու» հաւատքի ուսմունքը դաւանել: Այդ իմաստուն արքան դաւեց իրենց Արմինա երկրի նախնիների հաւատքին: Սպանեցին այն, սպանեցին իրենց նախնիների աստուածացած առաջնորդների ուսմունքը, սպանեցին իրենց հազար-հազար դարերի երկնած իմաստութիւնը, քանդեցին նրանց տաճարները, որ Արմին-Հայը չփառաբանէր նրանց իմաստութիւնը: Արմին-Հայը իր հետ յաւերժութիւն տարաւ հին աստուածներին: Միհրի տաճարում տօնախմբում նրանց ծնունդը: Հռովմի կայսրերը նաեւ տօնախմբել էին Միհրի ծնունդը, այն տօնել էին ձմռան արեւադարձին՝ Դեկտեմբերի քսանհինգին: Բազում դարեր յետոյ, հռովմէացիք այն համարեցին իրենց նոր հաւատքի Վարդապետի ծննդեան օր: Զուգադիպութի՞ւն, թէ՞ իրենց հին հաւատքի յուշերի արձագանգ:
Հայկական լեռնաշխարհի անհաս գմբէթն է ընդերքի խռովքից պատռուել, խորը վիհեր են այնտեղ: Ոչ ոք չի յանդգնել բարձրանալ նրա գագաթ: Ասում են, թէ չարքեր են այնտեղ Արմին Հայ» Հայկազուն արքայ Արտաւազդին շղթայակապ գամել ժայռին: Հայկազուն Արտաշէս անուշ արքան էր անիծել որդուն՝
»Թէ դու ձի հեծնես որսի գնաս,
Ազատն ի վեր դէպ Մասիս,
Այնտեղ մնաս լոյս չտեսնես»:
Արտաւազդը հօրը թաղման արարողութեան ժամանակ կանչել էր՝
»Երբ դու գնացիր ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս աւերակաց վրայ ո՞ւմ թագաւորեմ»:
»Գարուն ա»: Իրենց ցեղի աստուածացած հերոս առաջնորդների փառաբանման ոգով արբեցած պարմաններ, քանդել էին փշալարերը, ճախրել Երաստի ջրերի վրայով, մտել Արարատի վիհեր, ձնծաղիկ քաղելու համար բարձրանում Արարատի լանջեր, այն ընծայելու համար Վահագնի ծննդեան տօնին: Վիհում հանդիպել էին ժայռին շղթայուած Արտաւազդ արքային, փշրել էին նրա ժանգած շղթաները, ազատ արձակել:
Գառնի փլած ամրոցի առաջ տիեզերքը խորհրդանշող Միհր արեւ աստուծոյ սիւնազարդ մեհեանն է խրոխտ կանգնած, դիմացը՝ որսորդութեան հմայքով յափշտակուած Խոսրով Կոտակ արքայի որսատեղի լայնատարած անտառն է: Ընդերքի խռովքը փլել էր տաճարը: Հայ քարագործ վարպետները, տաճարի վերականգման ճարտարապետի հետ տեղաճշդել փլած տաճարի բեկորները, կորածների փոխարէն նորերը տաշել եւ նոյն վեհութեամբ յաղթ կանգնեցնել: Արմին-հայերի լոյսի փառաբանման Միհր արեւ աստուծոյ միակ կանգուն մեհեանն է:
»Գարուն ա»: Հայ պարմաններ, »Աստուածամարդ Նահապետ» Հայկի, հայկազուն արքաների, հին աստուածների ոգու կրակը իրենց սրտերում, Արարատի վիհից Արտաւազդ արքային Միհրի մեհեան առաջնորդել: Նրա հրապարակում հազար-հազար Արմին–հայեր տօնական ցնծութիւն էին շեփորում, թմկահարն էր ուժգին զարկում, ծիրանի փողերն էին թունդ հնչում: Շուրջ պարի շարքերն էին լոյսի ճառագայթներին յենած պար բռնել: Արքան էր բարձրացել մեհեան, քրմուհիներն հեթանոսական տաղերով դիմաւորել նրան: Ատրուշանի մոխիրն էր խառնել, հազար-հազար տարիների Միհրի անշէջ կրակ վերցրել, երկինք նետել, որ հայոց աշխարհում կրակի ու լոյսի հրավառութիւն լինէր:
»Գարուն ա»: Վահագնի ծնունդն էր: Տաճարի աստիճաններից իջնում էին արեգակունք ակներով, Միհրի արեւահուր վարսերով, կրակ պատմուճանով Վահագնը, եղեգնեայ ջահը վեր պարզած Արտաւազդը, հայոց մայր ոստանի Արմէն քուրմը: Բամբեր էին որոտում, ծիրանի փողեր, փանդիռներ հնչում, հազար-հազար արմիններ Վահագնի ծնունդի երգն էին թնդում: Մեհեանի աստիճաններին, շարան-շարան արեւալոյս քրմուհիները Արմինայի աստուածներին ձօնուած տաղերն էին հնչում, Արտաւազդն էր եղեգնեայ ջահի կրակալոյսը հոսում տաճարի հրապարակի Արմին-հայերի սրտերին: Հայոց աստուածները Արարատի գագաթից բուռ-բուռ ձիւն էին տեղում տաճարի հրապարակ: Արմին հայերը, լայն շրջանակներ կազմած, հեթանոս նախնիների պարերն էին բռնել: Սեղմել էին շարքերի բոլորակը, Վահագնին ու Արտաւազդին գրկել, ձեռքերի վրայ վերեւ բարձրացրել, որ նորէն բարեպաշտութիւն, միասնութիւն հոսէր հայոց սրտերին, հայոց աշխարհին:
Գարուն ա»: Հայոց մայր ոստանի փողոցներ էին ելել հազար-հազար Արմին-հայեր, խնդում, ժպտում, ողջոյնում իրար: »Բամբ Որոտան» քայլերգով Արտաւազդին առաջնորդել Արմինա-Հայաստան երկրի մայր ոստանի »Պալատ», որ նորէն հայոց աշխարհին թագաւորէր հայկազուն արտաշէսեանների տոհմի զարմից արքան: Այո, գարուն Մայիս ամսին, Հայկի զարմից՝ »Արա»յի որդի մի Արմին, բազմել է »Հայոց գահին» երկիրը կառավարելու իրենց հին աստուածների բարեպաշտութեամբ, ճշմարտութեամբ, իմաստութեամբ, արդարամտութեամբ:
Հապա, նաեւ մտիկ արա բանաստեղծ Վահան Թէքէեանին՝
Օ˜հ, այս գիշերը գարնան՝
Ինչ անուշ է, ինչպէս լաւ . . .
Ինչ հեշտանքով կը սարսռան
Սրտերն անոր պատճառաւ. . .
Կարծես աստղի փշրանքներ
Կան օդին մէջ հալած,
Երկրի վրայ դրախտ մի սէր
Կարծես թափած է Աստուած . . .
Գարնան շունչեր կը տեսնեմ
Ձեզ թռչտող ամէն տեղ՝
Հոգիներու պէս անմեղ . . .
Եւ կը տեսնեմ լուսաճեմ,
Քեզ ալ, տղու իմ հոգիս,
Որ համբուրել կու գաս զիս . . .
ՊՕՂՈՍ ԼԱԳԻՍԵԱՆ