Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Ժողովուրդների «Հայր» Ստալինի Յոբելեանը Հայրիկիս` ՅԱԿՈԲ ԱՆԱՍԵԱՆԻ Յիշատակին, Ծննդեան Օրուայ Առթիւ

1947 թուականի դրամափոխութիւնից յետոյ, Խոր­հր­դային երկրի «Հայր» Ստալինը յաջորդաբար, մի քանի տարի շարունակ, լայն սպառման ապրանքնե­րի, ի մասնաւորի սննդամթերքի գների իջեցում էր իրականացնում, որը, թէեւ հիմնականում ոչինչ չէր փոխում ժողովրդի կենսամակարդակի մէջ, այնու­յան­դերձ մեծ խանդավառութիւն էր առաջ բերում ողջ երկրի լայն շրջանակներում:

   1949-ը թուականը մեծ իրադարձութիւնների տարի էր: Հայրիկս գնում-գալիս էր` չգիտէինք թէ ուր, բայց գնալով մռայլ տեսք էր ստանում նրա դէմքի արտայայտու­թիւնը: Մի օր էլ, երբ երկուսով էինք տանը` ասաց.

   – Հենրիկ, տղաս, ես այսօր երեկոյեան կարեւոր տեղ եմ գնալու, եթէ պատահի, որ մէկ-երկու օրից չվերադառնամ, երրորդ օրը, ա~յ… էն նկարի ետեւում մի ծրար կայ,- ցոյց տուեց Ֆրանսիայից բերած, պատից կախուած (Այդ նկարը ներկայիս ամրաց­ուած է իմ աշխատասենեակի Հարաւային պատին,- ՀԵՆ. Ա.) նկարը եւ ասաց.

   –  Երբ մի քիչ էլ մեծանաս, առանց բացելու ծրարը, ինչ որ ձեւով կ՚ուղարկես արտա­սահման: Հարց չտաս: Խոստացիր, որ մօրդ եւ եղբօրդ ոչինչ չես ասի այս մասին:

   Անշուշտ խոստացայ, սակայն տարակուսանք ապ­րե­ցի այն մտածումով, թէ ինչո՞ւ հայրս իմ տասնութ տարեկան աւագ եղբօրս չի վստահում նման  կարե­ւոր  յանձնա­րա­րու­թիւն, այլ  վստահում է  ինձ`տասներկուամեայ մանչուկիս:

   Հետագայում` իհա՜րկէ հասկացայ: Եղբայրս միա­միտ, ծայրայեղ ազնիւ մի տղայ էր, Ֆրանսիայում ծնուած, նոյնքան ծայրայեղ անփորձ, հազիւ թէ նա կարողանար պահել այդ գաղտնիքը: Մշտապէս ես էի նրան օգնութեան հասնում փողոցային «մարտե­րի» ժամանակ: Հայրս հիանալիօրէն գիտէր այս ամէնը:

   Երրորդ օրը հայրս տուն եկաւ փոքր ինչ պայծառա­ցած: Յստակ էր. ինչ որ բան էր փոխուել նրա կեան­քում:

   Հետաքրքրութիւնից դրդուած, պատեհ մի ժամի փորձեցի հայրիկիս մատնանշած նկարի ետեւի ծրա­րը նայել, բայց այնտեղ ոչինչ չկար: Այդպէս էլ, առ այսօր ես չգիտեմ թէ ինչ էր պարփակուած այդ ծրարի մէջ, եւ թէ ինչու էր հայրս մեզնից գաղտնի պահում ծրարի բովանդակութեանը: Հասուն տարիքում ան­գամ ես ինձ թոյլ չեմ տուել յիշեցնել նրան այդ դէպքի մասին:

   Պարզուեց, որ Ակադեմիայի Պատմութեան ինստի­տու­տի ակադեմիկոսներ Աբգար Յովհաննիսեանն ու Մորուս Հասրաթեանը հետաքրքրուած են եղել հօրս ճակատա­գըրով:

   Բազում միջնորդութիւններով եւ իրենց ստորա­գրու­­­թիւններով ամրագրուած երաշ-

խաւորա­գրերով, նրանք կարողացել էին բացատրել պետական իշխա­նական մարմին­ներին (KGB) պատերազմի ժամա­նակ նրա գերի լինելու հանգամանքները, եւ նրա գիտական մեծ պաշար ունենալու փաստը, եւ ըստ այնմ էլ, նրանց յաջողուել էր աշխատանքի տեղ ապահովել հայրիկիս համար`Ակադեմիայի Պատմութեան ինստի­տու­տում:

   Մօտենում էր «Մեծ առաջնորդ» Ստալինի ծննդեան 75-ամեակը: Ողջ Խորհրդային երկիրը ողողուած էր միլիոնաւոր պաստառներով, թռուցիկներով, Ստա­լի­նի մեծադիր նկարներով, քանդակներով, արձան­նե­րով:

   Խորհրդային Հայաստանն էլ «որոշել» էր «Պողպա­տէ մարդուն» (Գուսան Հաւասու բնութա­գրումն է,- ՀԵՆ. Ա.) իր երախտագիտութիւնը յայտնել` Երեւանի բարձունքում, Յաղթանակի զբօսայգում կանգնեցնե­լով նրա վիթխարի արձանը:

   Դեկտեմբերեան այդ ցրտաշունչ օրը, հարիւր հա­զա­րաւոր մարդկանց ստիպողաբար տարել էին Յաղ­թանակի զբոսայգի` Ստալինի արձանի բացմանը ներ­կայ լինելու համար: Հայրիկս էլ, պարտաւոր­ուած, որպէս գիտական մտքի ներկայացուցիչ, պար­տա­ւոր էր ներկայ լինել այդ միջոցառմանը: Ընդա­ռաջելով իմ խնդրանքին, հայրիկս ինձ էլ տարաւ իր հետ:

   Երանի տարած չլինէր: Ահաւոր սառնամանիքի պայմաններում, մժեղի պէս իրար գլխի հաւաքուած ամբոխը, ժամեր շարունակ լսում էր «Մեծ Առաջնոր­դին» աստուա­ծա­ցնելու մէջ մրցումի ելած ճառախօս­ների հազարումի համեմատութիւններով լի ելոյթ­ները:

   – Հայրի~կ, ոտքերս սառել են, փայտացել, էլ չեմ դիմանում, արի գնանք,- ասում էի նրան ու հետն էլ լաց լինում:

   – Ոչի~նչ տղաս, դիմացիր, քիչ մնաց,- անզորութիւ­նից չիմանալով ինչ անել,- ասում էր հայրիկս:

   Ես այդ ժամանակ չէի հասկանում, թէ ինչու հայրիկս չէր կարող հեռանալ, երբ այս ծովածաւալ ամբոխի մէջ  «շունը տիրոջը չէր ճանաչում»: Այդ յետոյ էր, որ ես հասկա­ցայ, թէ հայրս ինչու չէր կարող մի­տինգը կիսատ թողնել ու տուն տանել սառնամանի­քից կուչ եկած իր տասներկու ամեայ որդուն:

   Դրանք այն տարիներն էին, երբ մարդիկ վախենում էին նոյնիսկ սեփական տանը իրենց մտքերն ազա­տօ­րէն արտայայտել:

   Այսօր ծայրայեղութիւն կարելի է համարել այն իրական դէպքերը, երբ որդին մատնում էր հօրը եւ հակառակը: Մարդկանց շուրջը վխտում էին լրտես­ները:

   Տարիներ անց, հայրիկս պատմում էր իրական մի դէպք, որը տեղի էր ունեցել Ակադեմիայի Պատմու­թեան ինստիտուռում` Ստալինի յոբելեանի օրերին:

   Ինչպէս բոլոր հիմնարկներում ու հաստատութիւն­ներում, յիշեալ ինստիտուտում էլ են պատրաստւում ըստ արժանւոյն դիմաւորել Մեծ Առաջնորդի յոբել­եա­նը: Հիմնարկի կուսկազմակերպութեան քարտու­ղա­րը կարգադրութիւններ է անում տարբեր պաս­տառ­ներով, կոչերով զարդարելու համար միջանցքի պատերը:

   Քաղաքի յայտնի նկարիչներից մէկը նկարել է Ստա­լինի դիմանկարը, բաւականին խոշոր իւղա­ներկ մի նկար, որը պիտի փակցուէր միջանցքի ամե­նատեսանելի տեղում, որպէսզի ամէն ոք, միջանցք մտնելիս եւ դուրս գալիս տեսնի առաջնորդին:

   Հաւաքւում են մի քանի կուսակցականներ եւ որո­շում, թէ որտեղ պիտի կախուի Առաջնորդի շքեղ շրջա­նակով մեծադիր իւղաներկ նկարը:: Բերում են մի հին, կոտրած-թափած աստիճան: Կերած-խմած ներկաներից ոչ ոք չի համարձակւում նրա վրայ բարձրանալ:

   – Կանչէք Չամչեանին, նա թեթեւ է, իր համար հեշտ կը լինի բարձրանալ,- ասում է կուսակցութեան քար­տու­ղարը:

   Կանչում են կրտսեր գիտաշխատող եգիպտահայ մտաւորականին: Վերջինս վա­խով-դողով բարձրա­նում է օրօրուող աստիճանի վրայ եւ փորձում երկաթէ կեռի վրայ կախել առաջնորդի նկարը: Մի քանի անյաջող  փորձերից յետոյ, յանկարծ ձեռքից բաց է թողնում նկարը, որն ընկնում է ծնկի վրայ` ամեհի ցաւ պատճառելով իրեն:

   – Վա~խ…, հերն եմ անիծեր…, աս ի~նչ սոսկալի ցաւ է,- անգիտակցաբար ձեռքը տա­նելով ծնկին,- ասում է խեղճ մտաւորականը եւ ձեռքից բաց թողնում նկարը, որի արդիւնքում ջարդուփշուր է լինում գեղեցիկ, թանկարժէք շրջանակը:

   – Լսեցի՞ք…, լսեցի՞ք թէ ինչ ասաց…, վրայ է տալիս կուսակցութեան քարտուղարը,- նա մեր մեծ առաջ­նոր­դին ասաց` «հերդ եմ անիծել»: Բոլորդ լսեցիք, բոլորդ ականա­տես էք, այդպէս չէ՞…:

   Ո՞վ կը համարձակուէր հակառակն ապացուցել, որ  բոլորս էլ կարող էինք նման արտայայտութիւն թոյլ տալ առանց որեւէ մէկին նկատի ունենալու, երբ հանկար­ծակի, անիմաստ ցաւի տէր ենք դառնում, կամ ինչ-որ մի բան մեր ուզածի պէս չի ստացւում:

   – Պարոն Սաղաթէլեան…, ուզում է ինչ որ բան ասել մի բուռ դարած մտաւորականը, բայց նրան ընդհատում է  կուսակցութեան քարտուղարը.

   – Ի՞նչ Պարոն, ընկեր Չամչեան, դուք դեռ Նեղոսի ափի՞ն էք…, աշխատում էք մի գիտական հիմնար­կում եւ դեռ չէք սովորել «ընկեր» ասել: Լաւ, թողնենք այս ամէնը եւ անցնենք գործի: Ընկեր Մովսիսեան,- դիմելով իր օգնականին` շարունակում է իր խօս­քը կուսքարտուղարը,- շտապ կուսակցական ժողով հրաւիրէք` քննելու համար ընկեր Չամչեանի հարցը:

   – Ընկեր Սաղաթէլեան, ի՞նչ հարց կ՚ուզէք քննել, ես ի՞նչ յանցանք գործած եմ: Սովո­րական, ժողովրդա­կան արտայայտութիւն է, ամէն մարդ կը գործածէ` «Հերն եմ անի­ծեր», «Խերն եմ անիծեր», երբ հանկար­ծակի, անսպասելի ցաւ մը կ՚զգայ, կամ որեւէ դէպ­քէն յուսախաբ կ՚ըլլայ: Խօսք էր` անցաւ, գնաց: Ինչո՞ւ պատմութիւն կը շինէք:

   – Հլա մի սրան լսէք ընկերներ: Պատմութիւն ենք շինում հա՞…: Դու դեռ առանց ամաչելու` հարցնո՞ւմ ես, թէ ինչ ես ասել…, դու հայհոյեցիր մեր մեծ առաջ­նորդին, ընկեր Ստալինին: Դէպքին բոլոր ներկայ եղողներն այստեղ են եւ նրանք լսեցին…, այդպէս չէ՞ ընկերներ,- շրջուելով կողքիններին, վճռականօրէն եզրափակում է իր խօսքը կուսակցութեան քարտու­ղարը:

   Խեղճ Չամչեանը զգալով, որ ինքը վիճելով արդա­րու­թեան չի հասնելու, գլուխը կախ գնում է իր աշխա­տա­սենեակը:

   Հազիւ տասը րոպէ անց, իրեն դուրս են հրաւիրում հիմնարկից, իսկ երկու օր անց,

ամբողջ ընտանիքով, նա Սիպիր ուղեւորուող ապրանքատար գնաց­քի մէջ էր, իր նման

հարիւրաւոր այլ հայ ընտանիքների հետ միասին:

 

 

 ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ