Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Հրեղէն Փառքի Լոյս Հայրերին Ծնողները Հաւասար են Աստուծոյ, Նոյնիսկ Աստուած Չի կարող Վճարել Պարտքը Ծնողքների

Միջօրէ, արեւ աստուած Միհրը, երկիր մոլորակի իր ընթացքին մի ակնթարթ կանգնի երկնակամարի բարձունքին,   լոյսի ճառագայթները որպէս հրավառութիւն խուրձ-խուրձ նետի մոլորակի դէմքին, ողջոյն յղի հայրերին: Արե՜ւ, արմէնները նրա լոյսին պաշտամունք նուիրեցին, որ իրենց լեռների աշխարհին յաւերժութիւն պարգեւէր, իրենց արտերի ցորեանին լոյս շաղէր, իրենց այգիներին պտղաբերութեան ծիածան փռէր, իրենց հոգիներին կեանքի հէքիաթ հոսէր: Միհր կոչեցին նրան, իրենց մեհեաններ բերին, որոնց ճակատներին յաւերժութեան խորհրդանիշ կարմիր բոցոտ նուռեր, նրա կրակով հրդեհուած խաղողի ողկոյզներ քանդակեցին, նրանց շուրջ բոլորը արեւի կրակով բոցավառուող նռնենիներ տնկեցին: Նրա ճառագայթների փունջերից կրակ վառեցին իրենց ատրուշաններերում, արեւորդի՝ արեւ աստուծոյ որդիներ, կոչեցին իրենց: Եթէ մայրերի օրուան ձօնուած տօնախմբութեանը նրանց լանջերը տիեզերքից քաղած աստղերի փունջերով քօղեցին,  երկնակարում շանթերի ահարկու համազարկերով ողջունեն հայրերին,  լոյսով տօնախմբեն նրանց փառաբանման օրը: Ամերիկայի Միացեալ Նահանգները ցնծում են այսօր, թող ցնծայ աշխարհն այսօր, շանթերի լոյսի ժպիտների համբոյրներ հայրերի խոհուն ճակատներին, երախտագիտութեան տեղատարափ անձրեւ, երջանիկ օրերի մաղթանքի աղօթք նրանց յախուռն զարկերով սրտերին:

            Տարին էր 1909, Ամերիկուհի՝ Սոնորա Սմարթ Տոտը քաղաքի տաճարում ունկնդրել մայրերի օրուայ յիշատակութեան տօնակատարութեանը նուիրուած վարդապետի ողջոյնի քարոզը: Թախծոտ աղօթել էր, որ յաւերժութեան ճանապարհով քայլող մայրիկի հոգուն Արարիչը լոյս շաղէր: Մայրիկի կորստեան ցաւի տառապանքն էր պատել հոգին, մայրական գգուանք չէր ծորել սրտին, մայրական տիեզերական սիրոյ շողեր չէին պատել դէմքը, չէր հպել մօր լանջին, որ նրա սրտի տրոփիւնի զարկերը մայրութեան սիրոյ լոյս յորդէին իր հոգու տաճարի խորանին: Եւ մայրը, Սոնորային արեւի լոյս պարգեւելու պահին .  .  . իր լոյսն էր հանգել: Տաճարում հնչած աղօթքների մրմունջները, մայրերին ձօնուած անանձնական սիրոյ ողջոյնները պլպլացող մոմերի լոյսին յենած, գնում գգւում յաւերժութեան ճամբաներով քայլող մայրերին: Սոնորան ընկողմանել էր մայրական վշտի ցաւի յորձանուտ, խորհրդածել . . .  ինչու՞ նաեւ հայրերին երջանիկ մաղթանքների, նրանց խոնջանքի երախտիքի, նրանց արարման խրախճանքի հանդէսների տօնախմբութիւն չլինէր, նրանց աշխատանքի  հեւքով մեծացած զաւակները իրենց հոգիների խորքերից  քաղած սիրոյ երախտիքի փունջեր չմատուցէին:

            Սոնորան եւ իր հինգ քոյր ու եղբայրները, Վիլեամ Ճէքսոն Սմարթ հայրիկի խնամքին էին մնացել: Կեանքի վայելքները զոհաբերած՝ բարեպաշտ, քրիստոնէական սիրով մեծացած հայրը, աւելի քան երկու տասնամեակներ խնամել  իր վեց զաւակներին, մայրական սիրոյ հուր կաթել նրանց սրտերին:

            1910 թուականի Յունիսի 19-ին՝ հայրիկի ծննդեան օրը, Սոնորան Վաշինգտոն նահանգի Սպակէյն քաղաքում, տօնախմբութիւն էր կազմակերպել՝ բոլոր հայրերի ծննդեան տարեդարձների մեծարման համար: Աստուածային երախտագիտութեամբ լեցուն աղջիկ, քու անունն էլ փառաբանւում է հայրերի մեծարման օրուայ հետ: Հայրական սիրոյ կրակի ջահը ձեռքիդ քայլում ես ծաղիկների ու աստղերի լոյսով վարար քու յաւերժութեան ճանապարհին, նրանց հոգիները քեզ գրկած գնում տիեզերական ճախրանքի ճամբաներով: :

            Եւ ամէն տարի, Արարիչի հանգստեան Կիրակի օրը, սկսել էին հայրերի մեծարանքի ոչ պաշտօնական տօնախմբութիւններ կատարել, հրավառութիւններ արել, նրանց արի սրտերը ցնծութեան լոյսով հեղեղել: 1924 թուական, երկրի նախագահ՝ Կալվին Կուլիչը, ամէն տարուայ Յունիս ամսուայ երրորդ Կիրակի օրը հռչակել էր՝ ՝՝Հայրերի Օր՝՝: Օրուայ ծաղիկը ընտրել է՝ Աստղիկ դիցուհու արիւնից շառագունած ծաղիկների գեղուհի՝ վարդը, որի վրայ յենած սոխակները տիեզերքի ողջոյնն են հնչում աշխարհին: Կարմիր վարդերը՝ կեանքի հէքիաթի վայելքով հրճուող հայրերին, սպիտակները նրանց շիրիմներին՝ որպէս լուսնեակից քաղած ձիւնալոյս պսակ:

            Տիեզերքի Արարիչին ՝՝Հայր Մեր՝՝ ենք կանչում: ՝՝Հայր Մեր՝՝ տէրունական աղօթքը մրմնջում վերացած ու լուռ երկիւղածութեամբ: Խաղաղութեան անդորր իջնում մեր հոգիներին, չարից փրկուելու աղերսանք, մեր անուշ մանչերին հանապազօրեայ հաց պարգեւելու յոյսի ըղձանք, հայրենի երկրին խաղաղութիւն: Խաղաղութիւն ենք խնդրել, որ ոչ մի կաթիլ արիւն չհոսէր  հաց արարողից:  Տեսե՞լ ես ինչպէ˜ս էին մեր ռանչպար հայրերը հայեացքները դէպի երկնի կապոյտը յառած՝ ցորեանի հատիկները թեւատարած ափերով շաղ տալիս արտերի հողի  երեսին, հոռովելներ կանչելով եզներին եղբայր դարձրել, արօրների արեւաշող խոփերը հողի կուրծքը պատռելով ծածկել այն, որոնց մահով արտերն էին կանաչ հագել, արտերն են ոսկեփայլ ծփացել, արեւահուր հասկերը զեփիւռին յենած քնքուշ պար բռնել, ամբարները աղօրիքով լցուել: Հայոց հեթանոս աստուածների տիեզերական  խորհուրդի կրակը հոգում՝ բանաստեղծ Վարուժանը, հացի արարման »աղօթք» երկնել:

            Հայաստան երկիրը Հայր-ենիք ենք կոչել, քաջ նախնիների արարման քրտինքով, խոնջենքով, սրբացած հողը՝ հայրենի հող անուանել, Արշակների սրտերին պայքարի, կռուի շանթեր է փոթորկել: Հայրենի հողում, հայրերը շէներ, ոստաններ պատել յետնորդների համար, այդ նրանք են դիւցազնօրէն կռուել նրա պաշտպանութեան համար: Երբ հայրենիք ենք կանչում, սարսռում են մեր հոգիները, հայրենիք մրմնջալով՝ ուժգին տրոփում  են մեր սրտերը, կորցրած երկրի կարօտի յուշերից փլւում են մեր հոգիների տաճարները, նրա խռովքից մեր ակներից հոսող մարգարտաշար հատիկները համբուրում են  մեր այտերը: Նրա բազում-բազում որդիք, հայրենի հողի պաշտպանութեան համար իրենց գարնանային կեանքի երազներն են զոհել: Կամաւորական Արմենակ արի հայրս, հայրենի հողի համար մարտի ելել թշնամու դէմ, հայրենազրկուած հայեր վերադարձել երկիր: Տարիներ յետոյ, զաւակներին բերել հայրենիք՝ Զանգեզուր աշխարհի լեռներ, տուն պատել Արարատի ստուերի տակ, այգի արարել, հոգին զուարթ շունչով արբեցել:  

Հայրերի արարած օճախները հայրական տուն  կոչել, ուր գնացինք նրա կարօտի մրմունջները խռովքով պատել մեր հոգիները: Իմ, ձեր ծննդավայրերի հայրենի տնե~րը, մեր հոգիների տաճարներն են: Ամէն օր ու պահ այցի եմ գնում նրան, նրա պատշգամբում հայրենի հողի կռուից վերադարձած հայրիկիս եմ գրկել, մայրիկիս ճակատիս համբոյրը այրում է սիրտս: Խռովում է հոգիս, կարօտի սարսուռի անուրջների հետ երեւակայութեանս լոյսի շողերին բազմած, գնում ընկողմանում նրանց գիրկը: Հայրը ինքը տունն է, իր վսեմ ճակատի վրայ է պահում այն, որ չփլի, շարունակի ապաստան լինել զաւակներին: Աշխարհի մեծեր փլեցին մեր տները, թշնամու դէմ կռուի ելած այդ արի մարդկանց հեռու,, շա˜տ հեռու տարան: Այդ վեց շէների բնակիչներ որոշել էին այրել իրենց տները, որ դուշմանի մարդիկ չկոխէին իրենց ոտնահետքերին, արգելեցին, զաւթողի իրաւունքով ասացին՝ Ո՝Չ . . . : Գեղեցիկ էին իրենց շէները, անցորդներ հաւաստել էին, որ նրանք նման են Իտալիայի Նափոլի քաղաքին մօտիկ շէներին: Պատմում են, որ ինն մուսաները իրենց Ապոլլոն եղբայրի հետ իջել այդ արի մարդկանց լեռներ, մուսաների լեռներ, թասերով գինի խմել, բանաստեղծութիւն երկնել,, աստղեր զարկել այդ լեռների գագթներին, քաջութիւն լինէր:

            Սահակ Բագրատունի իմաստուն Մեծ իշխան, ազգի պատմութիւնը երկնելու համար աղերսել էր Մեսրոպ Մաշտոցի աշակերտ՝ Խորոնք շէնի Մովսէս Խորենացուն, իր տոհմին ու ազգին յաւերժացնելու համար Մատեան երկնէր: Եւ Խորենացի իմաստուն այրը իր ցեղի արարումները որոնելու ելաւ, նրանց մտքի թռիչքներով աւանդուած պատումներից ու այլ գրքերից ճշմարիտը, իրականը պեղեց, իր ազգի բագինին ՝՝Հայոց Պատմութիւն՝՝ մատեանը ձօնեց, նրանից բռնկած ջահերը արմին-հայերի հոգիներին իմաստութեան լոյս կաթում: Սիւնեաց Բակուր Նահապետի Գողթն աշխարհի քերթողների տաղերը բանաստեղծութեան լոյս ճառագեցին մեր հոգիների տաճարների խորաններին, հուր հերով ու արեգակունք ակներով Վահագնի ծնունդի հրաշապատումը աւետեց, նախնեաց մեծ գործերի հպարտանքը ու նրանց վսեմութեան պատգամը փայլատակեց աշխարհներ: Եւ նրան ՝՝Պատմահայր՝՝ կոչեցինք:

            Սպիտակ թղթին հակած, մտքիս ղօղանջում են թոռնիկներիս կանչերի արձագանգը, երբ նրանք բակում խաղալիս ինչպէ~ս էին ՝՝Մեծ Հայրիկ՝՝ կանչում եւ գիտէ՞ք այն ինչքան անուշ էր հնչում: Նրանց խաղընկերները զարմացած նայում   ինչո՞ւ էին պապիկին ՝Մեծ Հայրիկ՝՝ կանչում: Եւ ՝՝հայրիկների՝՝ սիրոյ ջերմութեամբ լեցուն այդ մանչերն էլ, ինձ հանդիպելու ատեն զուարթ ձայնով ՝՝Մեծ Հայրիկ՝՝ կանչել:

            Տիեզերական բարութեան ջահը ձեռքին երկիր մոլորակ ժամանած բարի հսկան՝ Սարոյեանը, ասել էր, որ բոլոր հայերը բանաստեղծ են: Ճշմարիտ էր այդ իմաստունը, իսկապէս հայոց դպրութեան, արուեստների, բանաստեղծների հովանաւոր՝ Տիր աստուածը, ինչքա~ն քերթողներ, գուսաններ էր պարգեւել Արմինն-Հայ արի ցեղին: Գուսաններ՝ Սայեաթ, Ջիւանի, Շերամ, Հաւասի, Աշոտ, Շահեն, Դոստի իրենց երգերով փառաբանել  հայրերին: Ցեղին սրտի ջահը ձեռքին՝ »Վահագն Յարդագողի Ճանապարհ»ի հայոց հեթանոս աստուածների տաճարից հայրենի երկիր եկած Վարուժանը, աղաչել էր հայրիկին՝  իր ձիւնոտ վարսերի խորհուրդով, մտքի անդաստանից յորդած աղօթքով օրհնէր իրեն.

 

Հայր իմ, օրհնէ, ժամը հասաւ, պիտ երթամ,

Նոր կեանք մ՝ինծի կը սպասէ:

Պատանութիւնն ես թողեցի, նոր արիւն

Երակիս մէջ կը վազէ:

Իմ արիւնս է գոյացած քու քրտինքէդ.

Յոգնութեանդ ծիլն եմ տխուր:

Հոգիդ, կաղնի,  երբ կործքդ կ՝ուտար մրրիկին՝

Ես շուքին տակ, հանգիստ, լուռ:

Հայր իմ, օրհնէ, դողդոջ ձեռքերդ գլխուս դիր,

Թող մատներէդ կաթի վար

Աղօթքդ՝ եկած հոգուոյդ պայծառ խորանէն:

Վերջին ժամն է, օրհնէ հայր:

 

            Հայ իմաստուն մի այր, մայրիկին աշխարհներ տարաւ՝ ՝՝Մայրիկ՝՝ շարժանկարով: Տեսե՞լ էք արդեօք, մի ուրիշ Հայ իմաստունի՝ ՝՝Հայրիկ՝՝ շարժանկարը: Պաստառի վրայ պարթեւահասակ խոշոր Մհեր-Ֆրունզիկ ՝՝Հայրիկ՝՝-ն է յաղթ քայլում,  հեռու բազմութեան մէջէն իր մանչն է վազում, ՝՝Հայրի~կ՝՝ կանչելով գիրկն ընկում: Ինչքա~ն անհամբեր սպասել ենք հայրական տան սեմին, վազել հայրիկին ընդառաջ, խոնջած հայրը սիրոյ թովչանքի քրքիչով գրկել, սեղմել է մեզ իր լանջին: Չէ, մեր հայրերը մեր ցեղի ոգին են: Հայր-մայր, բնութեան արարումն է, իրենց շարունակական կեցութեան հրաշապատումը, սիրոյ ու գուրգուրանքի անյաղթ զգացում, բնութեան հանդէպ սիրոյ, ինքն-իրեն բազմացնելու կրկնութեան ընթացքի փոփոխութիւն:

            Մեր լեռները  ՝՝Լեռներ Հայրենի՝՝ կոչեցինք: Բարձր են  մեր երկրի լեռները, սպիտակ թագեր են նրանց գագաթներին, ամպերի ճերմակ շապիկներ  հագել: Գիշերները աստղերն են այցի գալիս նրանց, լուսնեակը իջնում է  իր սպիտակ համբոյրը շաղելու ճակատներին, արեւն իր երթը աւարտելուց առաջ կարմիր պատմուճան փռում նրանց երեսներին, երկնքում պայթած շանթերը կրակէ գօտի կապում մէջքերնին, նրանց սրտերից կրակ է ժայթքում:

 Այնտեղ կռուի եկած դրացի Ասորեստան երկրի մարդիկ իրենց Աքքատերէն լեզուի խօսքի »կրակ» իմաստով արմինների Արմինա երկիրը »Ուրաշտու-Ուրարտու»անուանել: Պատմաբաններ, որոշ Հայ  պատմաբաններ, Արմինա երկրի այդ անուանումը համարում են Ուրարտու-Ուրաշտու անունով առանձին երկիր: Աքեմէնեան հարստութեան թագաւոր Դարեհ Ա. Իր 1200 տողանոց Բեհիստունեան արձանագրութիւնում Պարսկերէն լեզուի բնագրի խօսքում արմինների երկիրը »Արմինա» երկիր, Պարսկերէն բնագրի Էլամերէն լեզուի խօսքով »Հարմինուա» երկիր, Պարսկերէն բնագրի Աքքատերէն լեզուի  խօսքով Ուրաշտու-Ուրարտու, որոնք նոյն Արմինա երկրի տարբեր անուանումներ էն, ոչ թէ տարբեր երկրներ:

            Ո՜վ Արմին-Հայ մարդ, որ արեւի լոյսի ու կեանքի հէքիաթն ես ըմբոշխնում, իմացի՝ր, այն քեզ պարգեւել է  հայրդ, խոնարհիր նրա սպիտակ թագին, նրա կեանքի իմաստութեանը եւ դու Քրիստոնեայ հայ, կատարի′ր պատուիրանը քու պաշտած Աստուծոյ՝

ՅԱՐԳԻՐ  ՈՒ  ՊԱՏՈՒԻՐ  ԾՆՈՂՔԴ

՝՝ՊԱՏՈՒԷ  ՔՈՒ  ՀԱՅՐԴ  ՈՒ  ՄԱՅՐԴ,  ՈՐՊԷՍԶԻ  ՔՈՒ  ՕՐԵՐԴ  ԵՐԿԱՅՆ  ԸԼԼԱՆ  ԱՅՆ  ԵՐԿՐԻՆ  ՎՐԱՅ  ՈՐ  ՔՈՒ  ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾՏ  ԿՈՒՏԱՅ  ՔԵԶԻ՝՝ (Ելից 20-12)

Եւ ամենաթանկագին օրինակը, որ հայրը կարող էր տալ իր զաւակներին, նրանց մայրերին շնորհած իր սիրոյ գուրգուրանք է:

 

 ՊՕՂՈՍ  ԱՐՄԷՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ