Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Գերագոյն Հոգեւոր Խորհրդի Ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 

Յունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով:

Ժողովի օրակարգում ընդգրկուած էին համավարակի կանխարգելմանն ուղղուած քայլերին, հոգեւոր կրթական հաստատութիւններին, Մայր տաճարի հիմնանորոգութեան ընթացքին եւ ազգային-եկեղեցական կեանքին առնչուող հարցեր։

Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի կողմից հայրենիքում իրականացուող սոցիալական աջակցութեան լայնածաւալ ծրագրերի մասին զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ․ Մարկոս քահանայ Մանկասարեանը։ Տեղեկացուեց, որ Մայր Աթոռի միջոցներով, սփիւռքի թեմերից, բարերարներից եւ հիմնադրամներից ստացուած գումարներով ծրագրեր են իրագործուել սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտում, որոնց մասին պարբերաբար պատշաճ կերպով իրազեկւում է հանրութեանը։ Ծանուցուեց Վեհափառ Հայրապետի մասնաւոր տնօրինութեամբ Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքներին ցուցաբերուած զօրակցութեան մասին։

Գերագոյն հոգեւոր խորհուրդը գնահատանքով ողջունեց կատարուած աշխատանքները՝ կարեւորելով առկայ դժուարին պայմաններում կարիքաւոր ընտանիքներին ցուցաբերուող աջակցութիւնը, ինչպէս նաեւ առողջապահական եւ կրթական ոլորտում ՀՀ կառավարութեանը բերած օգտակարութիւնը։ Ժողովականները քննարկեցին նաեւ ծրագրերի յետագայ ընթացքին վերաբերող հարցեր։

Ժողովի ընթացքում լսուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի զեկոյցը Մայր Տաճարի հիմնանորոգութեան եւ ամրակայման աշխատանքների  ընթացքի մասին։ Սրբազանը տեղեկացրեց, որ պայմանաւորուած համավարակով աշխատանքները դադարեցուել էին եւ վերսկսուեցին միայն վերջերս։ Ծանուցուեց, որ աւարտին են մօտեցել տաճարի կենտրոնական գմբէթի աշխատանքները, արդիւնքում՝ յունիսի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարուեց գմբէթի նորակերտ խաչի օծման եւ տեղադրման արարողութիւնը։ Ամբողջապէս աւարտուել է զանգաշտարակների նորոգումը, ընթանում է զանգակատան ամրակայումն ու հիմնանորոգումը եւ տաճարի հիմքերի ջրամեկուսացումը։ Զուգահեռաբար իրականացւում է Մայր տաճարի շրջակայ տարածքի բարեկարգումը։

Մուշեղ եպիսկոպոսի իրազեկմամբ շինարարական աշխատանքներին զուգընթաց ճարտարապետների կողմից կատարւում են նաեւ անհրաժեշտ ուսումնասիրութիւններ։ Արդիւնքում ի յայտ են եկել նոր խնդիրներ արեւմտեան մուտքին յարակից հիւսիսային եւ հարաւային թաղածածկերի պարագային, որոնք պէտք է ամբողջապէս վերակառուցուեն։ Անհրաժեշտ լուսաբանութիւններ տրուեցին նաեւ տաճարի արտաքին եւ ներքին լուսաւորութեան, ձայնային, ինչպէս նաեւ տեսագրման ու հեռարձակման համակարգերի տեղադրման ուղղութեամբ ձեռնարկուած քայլերի մասին։

Մասնաւոր քննութեան առարկայ դարձաւ տաճարի որմնանկարների ուսումնասիրման եւ վերականգնման խնդիրը։ Այդ առնչութեամբ տեղեկացուեց, որ աշխատանքը ժամանակատար է, քանի որ ենթադրում է որմնանկարների առանձնացում ծեփերից, շինաշխատանքների աւարտին վերատեղադրում եւ նորոգութիւն։

Ժողովականներին Մուշեղ եպիսկոպոսի կողմից նաեւ ամփոփ տեղեկութիւններ փոխանցուեցին Մայր տաճարի հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցների հանգանակութեան ընթացքի, հանգանակութեան կազմակերպման աշխատանքային յանձնախմբի գործունէութեան մասին։ Ծանուցուեց, որ պայմանաւորուած ներկայ իրավիճակով հանգանակութիւնների գործընթացը կանգ է առել եւ առ այսօր հաւաքագրուել է նորոգութեան համար անհրաժեշտ գումարի մէկ երրորդը։

Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին առնչուող հարցերով աշխատանքային խմբի գործունէութեան վերաբերեալ զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը՝ ամփոփ տեղեկութիւններ փոխանցելով աշխատանքային թեմատիկ հինգ ենթախմբերի հանդիպումների արդիւնքների մասին։ Նշուեց, որ աշխատանքային խմբի աշխատանքներն ընթացքի մէջ են եւ  առաջադրուած հարցերը քննարկումների փուլում են։

Անդրադարձ կատարուեց նաեւ շաբաթներ առաջ ՀՀ կառավարութեան անունից մամուլում հրապարակուած տեղեկանքին, որտեղ արձանագրուած էին աշխատանքային խմբում քննարկուած հարցերի շուրջ տարբեր գերատեսչութիւնների մօտեցումները։ Այս առնչութեամբ դիւանապետ Սրբազանը յայտնեց, որ Մայր Աթոռում աշխատանքային խմբի՝ Եկեղեցու կողմից ներկայացուած անդամների եւ ենթախմբերի եկեղեցական համակարգողների մասնակցութեամբ տեղի ունեցած հանդիպման արդիւնքում քննարկուած հարցերի շուրջ պատրաստուել է Մայր Աթոռի դիրքորոշումներն ամփոփող տեղեկանք, որն օրեր առաջ առաքուել է ՀՀ կառավարութեանը։

Գերագոյն հոգեւոր խորհուրդն իր հերթին քննութեան առաւ խնդրոյ առարկայ հարցերը՝ թելադրելով շարունակել հետեւողական աշխատանք տանել առաջադրուած խնդիրների կարգաւորման ուղղութեամբ։

Մայր Աթոռի հոգեւոր բարձրագոյն հաստատութիւնների կրթական գործընթացի մասին զեկոյցով հանդէս եկաւ Գէորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամեանը։

Հայր Սուրբը տեղեկացրեց, որ համավարակի պայմաններում ճեմարանը շարունակել է իր կենսագործունէութիւնը՝ կազմակերպելով հեռավար ուսուցում եւ աւարտին հասցնելով ուսումնական տարին։ ԳՀԽ անդամներին տեղեկութիւններ փոխանցուեցին նաեւ այս ընթացքում ճեմարանի ընդունելութեան կազմակերպման ընթացակարգի վերաբերեալ՝ նշելով, որ մասնաւոր աշխատանք է տարւում ընդունելութեան տարիքային շեմը բարձրացնելու եւ պարտադիր զինուորական ծառայութիւնն անցած երիտասարդներին ճեմարան ընդունուելու հնարաւորութիւն ընձեռելու համար։ Ժողովականները կարեւոր նկատեցին, որ ճեմարանի տեսչութեան կողմից հայաստանեան եւ սփիւռքեան թեմերում լրացուցիչ աշխատանքներ տարուեն երիտասարդ հայորդիներին հրաւիրելու ճեմարան ուսումնառութեան։

Իր խօսքում ճեմարանի տեսուչն անդրադարձ կատարեց ճեմարանի ուսումնական գործընթացի վերակազմակերպման աշխատանքներին, որով վերատեսութեան կ’ենթարկուի նաեւ ուսումնական ծրագիրը։ Տեղեկացուեց, որ համավարակի առկայ իրավիճակում ճեմարանի ուսումնական գործընթացը նոր ուսումնական տարում կը կազմակերպուի Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցում։

Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամները մեծապէս կարեւորեցին ապագայ եկեղեցականների պատրաստութեան առաքելութեանն ուղղուած ջանքերը՝ յորդորելով արդիւնաւորութեամբ, ժամանակի պահանջներին համահունչ շարունակել հոգեւորականների նոր սերնդի կրթութիւնն ու դաստիարակութիւնը։

Ի թիւս վերաբերեալ հարցերի անդրադարձ կատարուեց հայրենական կեանքին, համավարակի պայմաններում Սփիւռքի համայնքների ու թեմերի առջեւ ծառացած մարտահրաւէրներին եւ եկեղեցականների հոգեւոր սպասաւորութեանն առնչուող տարբեր խնդիրներին:

Վերջում Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց ժողովականներին օգտաշատ քննարկումների համար։ Վեհափառ Հայրապետը կարեւոր նկատեց դժուարին այս ժամանակաշրջանում Եկեղեցու կողմից ժողովրդին ցուցաբերուող զօրակցութիւնը։ Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ Մայր Աթոռը շարունակելու է յորդորել եկեղեցականներին իրենց օգտակարութիւնը բերել ինչպէս հայրենիքի, այնպէս եւ հայոց սփիւռքի առջեւ ծառացած մարտահրաւէրների դիմագրաւման եւ ազգային միասնականութեան ոգու զօրացմամբ առկայ խնդիրների յաղթահարման համար։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ