Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Արամի Ոդիսականը… (Պատմուածք`Նուիրուած Ղարաբաղեան Պատերազմին)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

 

   … 2020 թուական, Սեպտեմբեր 27, առաւօտեան ժամը 6-ն է: Զարթուցիչի ձայնն այս անգան կարծես թէ սովորականից աւելի ձայնեղ էր: Արամը  ընդոստ շարժումով վեր ելաւ անկողնուց  ու ինչ որ անբացատրելի տագնապը սրտում`մտաւ լոգարան:   Հազիւ էր բաղնիքի փոքր հեռուստացոյցի պաստառը լուսաւորուել, երբ հնչեց հա­ղորդավարի յայտարարութիւնը.- Այսօր առաւօտեան ժամը 6-ի մօտերքում պատե­րազմ է սկսուել Ազերիների եւ Ղարաբաղի միջեւ…

   Առանց ծնողներին տեղեակ պահելու, անաղմուկ, ուսապարկն ուսին դուրս եկաւ տնից ու իրեն գցեց օդանաւակայան: Այնտեղից էլ հեռաձայնեց ծնողներին.

   – Մայրիկ, ես օդանաւակայանից եմ հեռաձայնում, ուղիներ եմ փնտռում Ղարաբաղ հասնելու համար:

   – Ի՞նչ Ղարաբաղ, ինչ բան…

   – Դուք քնած էիք մայրիկ ու  լուր չունէք, որ պատերազմ է սկսուել Ղարաբաղի եւ Ազերիների միջեւ: Երեւան հասնելուս պէս կը հեռաձայնեմ:

                                                                              * * *

 …Չորրորդ օրն առաւօտեան, բազմաթիւ դժուարութիւններ յաղթահարելով, Արամը

երկրից-երկիր, քաղաքից-քաղաք թռչելով, մի քանի հազար տոլար քամուն տալով, վերջապէս իրեն զգաց հայրենի հողի վրայ: Զուարթնոց օդակայանում ասեղ գցելու տեղ չկար: Արամի համար դժուար չ՚եղաւ անմիջապէս դուրս պրծնել այդ խաժա­մուղից, ինքն էր ու իր ուսապարկը:

   – Հայրիկ ջան քշի հա~, ինչքան արագ` էնքան լաւ, վրես հալ չկայ, քշի Կոմիտաս, Շիրվանզադէ,- վարորդի կողքին տեղաւոր­ուելուց յետոյ ասաց Արամը:

   – Թէ շատ ես շտապում կարամ շուռ գամ, հլա աերոպորտի  տարածքում ենք, ընտեղ լաւ ավտոներ կան` Լեքսուս, ԲԻ-ԷՄ, Մերսեդէս…, հաւատայ չեմ նեղենայ:

   – Չէ, չէ~, հայրիկ ջան, ինձ սխալ մի հասկանայ, ես երեք-չորս օրուայ ընթացքում հազիւ եմ Ամերիկայից Երեւան հասել, ահաւոր յոգնած եմ, անքուն եմ, անլուայ:

   – Եա~յ, քոռանամ ես տղայ ջան, էդ ինչի՞ ես էս նեղ վախտը Հայաստան էկէ, չըլնի՞ Ղարաբաղ ես գնալու…

   – Հա՜, ճիշդ էլ հասկացար, գնալու եմ: էսօր մի լաւ կը հանգստանամ մեր բնակա­րանում, առաւօտեան կը մեկնեմ:

    Արամի  առաջին  գործն եղաւ  անմիջապէս  կապուել  Լոս Անջելեսի  ծնողների եւ

Երեւանի տատ ու պապի հետ:  

   –  Այ տղա~յ, էս ի՞նչ ես անում…, կոտորուեցինք է~, բա դու խիղճ ունե՞ս, մերդ քանի օր է քուն-դադար չունի…

   – Պապի ջան, մի նեղանայ, երեք օր ու գիշեր, ոնց որ ասում են`«օտար, ամայի ճամփեքի վրայ» եմ եղել, տարբեր երկրների օդանաւակայաններում, մինչեւ կարո­ղացել եմ Երեւան հասնել: Տեսայ, ինչպէս միշտ` սառնարանը լցրել ես: Բայց ես այս­տեղ չեմ մնալու, առաւօտեան մեկնելու եմ Ղարաբաղ:

   – Ի՞նչ…, հօ դու չե՞ս գժուել…

   – Չէ, չէ~ պապի ջան, չեմ գժուել, գնալու եմ մեր ջահելներին օգնելու:

   Այստեղ Արտաշէս պապը մի քանի վայրկեան լռելուց յետոյ ասաց.

    – Գիտեմ տղաս, որ կը գնաս, էն պապդ էլ էր քեզ նման ազգասէր ու յամառ իր որոշումների մէջ, գնա՜ բալես, գնա՜…, երանի բոլորը քեզ նման վարուէին…

                                                                         * * *

    … Երեւանի կայարանամերձ հրապարակում բազմաթիւ մեծ ու փոքր մեքենաներ, բեռնաւորուած տարատեսակ ապրանքներով, շարասիւն կազմած, ուղեւորւում էին դէպի Արցախ: Արամի համար դժուար չ՚եղաւ դրանցից մէկի վարորդի կողքին տեղաւորուել Ստեփանակերտ հասնելու համար: Ճանապարհը երկար էր ու հոգնե­ցուցիչ: Ժամեր տեւող խցանման պատճառով, կէսգիշերն անց էր, երբ հասաւ վերջնակէտին: Սրան-նրան հարցուփորձ անելով գտաւ կամաւորների հաւաքա­գըր­ման կենտրոնը:

   – Հա~…, լաւ էս արել, որ եկել ես տղայ ջան, էն էլ Ամերիկայից,- ասաց կապիտանը,- դու բանակում ծառայե՞լ ես, զէնք բռնել գիտե՞ս…:

   – Չէ, ոչ, չեմ ծառայել, զէնք էլ չեմ բռնել եւ չեմ ուզում բռնել…

   – Էդ ո~նց, բա խի՞ ես եկել այ տղայ…, էս տղերքին տեսնո՞ւմ ես,- ցոյց տալով շարքի կանգնած պատանիներին,- հարցրեց կապիտանը,- նրանք էլ զէնք չեն բռնել, բայց եկել են կրակել սովորելու, որպէսզի ճակատ մեկնեն:

    – Ես եկել եմ թիկունքում ծառայելու, ինչ է այնտեղ գործ չկա՞յ անելու, ես ալերգիա ունեմ զէնքի նկատմամբ եւ…, եւ յետոյ…, ես մարդ չեմ կարող սպանել…:

    Արամի այս վերջին նախադասութեան վրայ մի ահաւոր հռհռոց սկսուեց կամաւոր­ների շարքում:

   – Լռութիւ՜ն,- սաստեց կապիտանը կամաւորների խմբին ու, ուշադիր նայելով Արամի աչքերի մէջ, համոզուեց, որ այդ փխրուն երիտասարդը, իրօք զէնք բռնել չի կարող: – Իսկ դու մեքենայ վարել գիտե՞ս: Անունդ ի՞նչ է:

   – Արամ է անունս, Արամ, ցանկացած մեքենայ կարող եմ վարել, նոյնիսկ խոշոր բեռ-

նատար մեքենայ:

   Այս լսելուն պէս կապիտանը գրպանից հանեց բջջայինը եւ հեռաձայնեց.

   – Լենդրուշ, քեզ մօտ եմ ուղարկում Ամերիկայից եկած մի երիտասարդ կամաւորի, որը լաւ, փորձուած վարորդ է, անունը Արամ է, կարող ես օգտագործել:-

   – Դու հեչ գրուզաւիկ (ռուսերէն է,- բեռնատար) մեքենայ քշե՞լ ես տղայ ջան,- սա առաջին հարցն էր, որ ցածր կարգի ուսադիրներով զինուորականը հարցրեց Արամին:

   – Այո՜, վարել եմ, ուզում էք ասել շարժիչի ոչ ավտոմատ փոխանցումով մեքենայ, այդպէս չէ՞…

   – Շատ շուտ էլ հասկացար տղայ ջան, ձեզ մօտ, Ամերիկայում սովորաբար շարժիչի

փոխանցումը ավտոմատ է:

    – Ճիշդ է, բայց Երեւանի մեր մեքենան ավտոմատ փոխանցումով չէ:

   – Եա~յ…, էդ ո՞նց…, Երեւանում հիմա ամէնը ավտոմատ շարժիչի փոխանցումով մեքենաներ են քշում,- կծու հեգնանք դնելով իր խօսքի մէջ ասաց զինուորականը: Բայց, բայց մի բան չհասկացայ տղայ ջան, դու Ամերիկայից չե՞ս, ի՞նչ Երեւանի մասին է խօսքը, ի՞նչ մեքենայ…

   – Մենք Երեւանում էլ հօրական, պապենական տուն ունենք ու նաեւ աւելի քան 70 տարուայ մեքենայ: Ձեր իմացած ռուսական Պոբեդան է, ամբողջովին թարմ վիճակում:

   – Լաւ, երիտասարդ, ամէն ինչ հասկացայ: Հիմա ինձ լսիր: Ներքեւում, փողոցի շրջա­դար­ձին երեք գրուզաւիկ մեքենայ կայ: Լուսաբացի առաջին իսկ րոպեներին դրանք այստեղի մեր բնակիչներով լեցուն մեկնելու են Լենինական: Մի երկու ժամից արդէն մարդիկ իրենց ճամպրուկներով, չուլ ու փալասով կը հաւաքուեն այնտեղ: Գնա՜ եւ զբաղեցրու որ մեքենան որ կը հաւանես:

   … Հլու, հնազանդ, Արամը ենթարկուեց հրամանին: Բաւական ցրտոտ էր եղանակը: Մի քանի վայրկեան աշխատեցրեց շարժիչը, որի արդիւնքում դէմքին շոյող տաք օդը հեն ա, հեն ա իրեն նետելու էր Քնի Աստուած Մորփեոսի գիրկը: Սակայն Արամի միտքը արթուն էր, գիտէր, որ քնով տարուելով` կարող էր այլեւս չ՚արթնանալ: Ուստի անջատեց ջեռուցիչը եւ ընկաւ մտքերի մէջ, ու քիչ անց քունը տարաւ:

   – Արամ ջան, ախպերս, քունդ տարել ա հա~,- բացելով մեքենայի դուռը, մտերմաբար ասաց Լենդրուշը: Էն երկու մեքենաներն արդէն լիքն են, էս ժողովուրդն էլ քեզ ա սպասում, դէ~…, վեր արի տենանք ինչ ենք անում:

   Մի տեսակ ամօթահար, Արամը վար ցատկեց մեքենայից ու աչքերը տրորելով սկսեց շուրջը տնտղել: Առաջինը, որ աչքին կպաւ սպիտակահեր, փողկապաւոր պարոնն էր եւ իր կողքին կանգնած 30-ին բարեւ ասող բաւականին գեղադէմ ու ճաշակով հագու­կապը տեղին կինը:

   – Դուք երկուսդ խնդրեմ իմ` վարորդի կողքին տեղաւորուէք, ճամպրուկներն ու բողչա-մողչան, չուլն  ու փալասը դրէք կուզովի (ռուսերէն է` թափք) մէջ:

   – Այս հրահանգը լսելուն պէս, անծանօթ պարոնը շուռ եկաւ դէպի մեր հերոսը ու սպանիչ հայեացքը ուղղելով Արամին ասաց.

   – Տղայ ջան, կարծեմ Արամ է անունդ, էդ ո՞ւմ տեղն ես դրել քեզ, ինչո՞ւ ես վիրաւորում մարդկանց…, ի՞նչ չուլ ու փալաս այ տղա~, դու գիտե՞ս թէ մարդիկ ի~նչ յիշատակներ են դրել դրանց մէջ, էլ ալբոմներ, նկարներ, դարերի միջով իրենց հասած

ընտանեկան յիշատակներ, մասունք­­ներ:

   Առանց պատասխանելու դիտողութեանը, Արամը վերցրեց երկուսի ճամպրուկները ու խնամքով տեղաւորեց թափ­քի մէջ: Մի կէս ժամուայ ընթացքում տարհանուող ընտանիքներով լի մեքենաների շարասիւնը բռնեց Հայաստան-Լենինական ուղին:

   Երկար ժամանակ լուռ էին երեքն էլ: Շարասեան դանդաղ ընթացքը, տեղ-տեղ ժամեր տեւող խցանումը, անօթի ու ու ծարաւ լինելը յուսահատութիւն էր առաջ բերում մարդկանց հոգիներում:

   – Ի~նչ է, այսպէս լո՞ւռ են անցնելու այս տանջալից ժամերը, հը~, տղաներ, դէ խօսէ~ք…

   – Ի՞նչ իմանամ աղջիկս, երեւում է երիտասարդ պարոնը նեղացել է իմ դիտողու­թեան համար:

   – Ոչ պարոն, չեմ նեղացել, այն ամէնը ինչ դուք ասացիք միանգամայն ճիշդ է: Ի~նչ է, ես չգիտե՞մ, թէ ինչեր կան մամիկների, տատիկների խնամքով փաթաթուած կապոց­ների մէջ: Դուք պէտք չունէիք բոլորի ներկայութեամբ ինձ դիտողութիւն անելու, մանաւանդ որ ես ինքնակամ, առանց ծնողներիս յայտնելու, գործ-բան թողած, մեծագոյն տառապանք­ների եւ նիւթական շօշափելի զոհողութիւնների գնով Լոս Անճելըսից եկել հասել եմ այստեղ` զօրաւիգ լինելու իմ ժողովրդին:

   Առանց պատասխանի սպասելու, Արամը կանգեցրեց մեքենան եւ իջնելով նրանից, նշան արեց, որպէսզի միւս մեքենաներն էլ կանգնեն.

   – Այստեղ, քիչ վարը գետակ կայ ու մի լաւ ճաշարան: Թող ժողովուրդը մի քիչ հանգստանայ, իր կարիքները հոգայ, որից յետոյ կը շարունակենք տառապանքի ուղիներով հասնել մեր նպատակին:

    – Սպասի~ր, սպասիր տղաս, ինչ ասացի՞ր…, «Տառապանքի ուղիներո՞վ…»,- ոչ մի բան չ՚եղածի պէս հարցրեց անծանօթ պարոնը:

   – Այո, իսկ ի՞նչ սխալ բան կար ասածիս մէջ յարգելի պարոն, գուցէ կ՚ասէ՞ք Ձեր անունը:

   – Անունս  Վահրամ Չիբուխչեան է, չէ, չէ~ տղաս, սխալ բան չ՚ասացիր, պարզապէս ինձ հետաքրքիր է իմանալ, թէ ո՞րտեղից է քեզ յայտնի «Տառապանքի ուղիներով…» արտայայտութիւնը:

   – Քիչ միչ կարդում ենք էլի պարոն Չիբուխչեան, եւ յետոյ Երեւանի մեր տանը մեծ գրադարան ունենք, հօրս կողմի պապս, որին շատ աղօտ եմ յիշում, գրականութեան մեծ սիրահար էր, մեր գրադարանում կայ Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղինե­րով…» յուշագրութիւնների ժողովածուն, այդտեղից էլ յիշողութեանս մէջ մնացել է այդ անուանումը:

   – Ապրես տղաս, ուրեմն դու էլ ես գրականութիւն սիրում հա~…,: Ես Ստեփա­նա­կերտի համալսարանի սովետահայ գրականութեան դասախօսներից եմ: Բա չես հարցնո՞ւմ թէ ով է այս գեղադէմ օրիորդը, որի անունն է Նուշիկ,- զգալի նրբութիւն ու թելադրիչ շեշտ դնելով հարցի մէջ` հարցրեց գրականագէտը:

   – Դէ լաւ էլի   պապա, դրա ի՞նչ  ժամանակն է…, Արամը  այնքան  պատասխանատու

յանձնառութիւն է վերցրել իր ուսերին, որ ժամանակ չունի աջ ու ձախ նայելու,- փոքր-

ինչ խայթող շեշտ դնելով խօսքի մէջ` նկատել տուեց օրիորդը:

   – Բնաւ էլ այդպէս չէ օրիորդ, չեմ ուզում հայրիկիդ մօտ հաճոյախօսութիւն անել, դա ինձ վայել չէ, սակայն չեմ կարող թաքցնել, որ առաջին իսկ վայրկեանից եմ նկատել քեզ ու երանի տուել այն տղամարդուն, որը քո ընկերն է: Այնպէս որ, բնաւ էլ պատահական չէ, որ ես Ձեզ ընտրեցի իմ կողքին տեղաւորել…:

   … Չափազանց երկար ու յոգնեցուցիչ ուղեւորութիւնը ի լրումին հասաւ կէս­գիշերուայ մօտերքին: Լենինականի Աճեմեանի անուան թատրոնի լուսաւորուած հրապարակում եռուզեռ էր: Ստեփանակերտից տարհանուած ժողովրդին տեղաւորող յանձնախումբը տենդագինս շարժման մէջ էր:

   – Ապրես տղայ ջան, ողջ առողջ տեղ ես հասցրել էս մեր ժողովրդին: Դու կարող ես

քեզ ազատ զգալ,- ասաց յանձնախմբի ներկայացուցիչը,- բայց խորհուրդ չեմ տալիս էս գիշերով ետ վերադառնալ Ղարաբաղ: Մի կերպ գիշերն անցկացրու, առաւօտեան կը մեկնես:

   – Չէ~, ի՞նչ էք ասում պարոն, ես գնալու եմ Երեւան, մենք ազատ բնակարան ունենք այնտեղ:

   – Ի՞նչպէս թէ ազատ բնակարան, դու Երեւանից չե՞ս…

   – Ոչ՜, պարոն, ես Ամերիկայից եմ, եկել եմ օգնելու մեր ժողովրդին:

   – Դէ~, էդպէս ասա էլի տնաշէն: Ուրեմն խնդրանք եւ պատերազմի օրէնքով հրաման: Քեզ հետ Երեւան ես տանում քո բերած ժողովրդից գոնէ երկու ընտանիքի: Տեսնում ես, թէ որքա~ն նեղութեան մէջ ենք: Հը~, ի՞նչ ես ասում ամերիկացի մեր հայրենակից:

   – Լսում եմ ընկեր հրամանատար,- կատակի տալով ու պատուի կանգնելով ասաց Արամը ու շրջուելով մերոնց ասաց.- Դէ~, Նուշիկ, քեզ տեսնեմ, հայրիկի հետ գրաւէք ձեր տեղերը, գնում ենք Երեւան, մեր տուն:

   Մեքենայի թափքում տեղաւորուեց չորս հոգանոց մի այլ ընտանիք:

       – Դէ~, ժողովուրդ, պատմէք տեսնեմ երկու ժամ ունենք զրոյցի համար: Նուշիկ, դո՞ւ ինչ ես անում, ընտանիք ունե՞ս-չունե՞ս, ո՞ւր է Ձեր մայրիկը:

   Արամի այս հարցի վրայ մի ճնշող լռութիւն տիրեց, որից յետոյ առաջին խօսողը փրոֆեսորն էր՚

   – Նուշիկն աշխատում էր ինձ հետ, համալսարանում: Նա զբաղւում է ժամանա­կակից սփիւռքահայ գրականութեամբ: Աւարտաճառը պոլսահայ գրականութիւնն էր: Ընտանիք չունի: Մի քանի տարի կապուած էր մի սրիկայի հետ, որը, հարսանիքից օրեր առաջ պարզուեց, որ ընտանիք եւ երեխայ ունի Կրասնոդարում: Արդէն 3-4 տարի է ոչ մի տղամարդու երես չի ուզում տեսնել մեր աղջիկը: Իսկ մեր մայրը հոգին աւանդեց երկու տարի առաջ` կրծքի քաղցկեղից:

     Երկար լռութիւնից յետոյ սկսեց խօսել մեր հերոսը:

   – Ես մասնագիտութեամբ ինժեներ եմ, աւարտել եմ  Քալիֆորնիայի համալսարանը ու անմիջապէս տեղաւորուել ամերիկեան խո­շոր ընկերու­թեան մէջ`բարձր աշխա­տավարձով: Հինգ-վեց տարի աշխատելուց յետոյ համոզուեցի, որ կարող եմ սեփական գործ սկսել, նոյնիսկ պատուէրներ ընդունել իմ նախկին աշխատավայրից: Ես տանն եմ աշխատում, ամբողջ օրը համակարգչի առջեւ եմ: Տանը երեքս ենք եւ ամէնքս էլ աշխատում ենք: Հայրս շատ տաղանդաւոր նախագծող է, աշխատում է օդանաւաշի­նական գործարանում: Մայրս մաթեմատի­կայի ուսուցչուհի է: Ամուսնացած քոյր ունեմ: Ինչպէս Նուշիկը, ես էլ հիասթափուած եմ աղջիկներից: Նշանածս Գանատայից էր: Նրա մեծահարուստ հայրը ցանկանում էր, որ ես որպէս տնփեսայ գնամ Գանատա: Մի քանի անգամ երկուստեք գնալ-գալով չտաքացաւ մթնոլորտը: Երկու տարի նշանուած մնալուց յետոյ հայրը եկաւ մեր տուն եւ վերադարձրեց շատ թանկարժէք մատանին: Վեց տարի է աղջկայ երես չեմ տեսել: Արդէն 36 տարեկան եմ:

   Եւ այսպէս, ասել-խօսելով խումբը հասաւ Երեւան, Արաբկիր թաղամաս: Արամենց բնակարանի երկու յարմարաւէտ ննջասենեակներում տեղաւորուեցին մեր գաղթա­կան­ները:

   – Տաք ջուրը միշտ կայ, սառնարանում էլ պապս լցրել է անհրաժեշտ ուտելիքներով,

այնպէս որ Ձեզ զգացէք ինչպէս ձեր տանը: Դէ, ես գնացի:

  – Ո՞ւր էք գնում Արամ,- նկատելի անհանգստութեամբ հարցրեց Նուշիկը:

   – Մերոնց տուն, պապիս, տատիս մօտ, Նոր Արեշ: Առաւօտեան, Ղարաբաղ գնալուց առաջ կը գամ Ձեզ հրաժեշտ տալու:

   Գրեթէ երկու շաբաթ լուր չկար մեր հերոսից: Ամէնքից աւելի անհանգիստը Նուշիկն էր: Օրը մի քանի անգամ փորձում էր բջջայինով կապուել Արամի հետ, բայց անօգուտ: Ամբողջ տան մէջ միայն երկուսով էին, ինքն ու հայրը: Միւս ընտանիքին բարեկամ­ները տարել էին:

   Նոյեմբերի 9-ի Ղարաբաղի դաժան պարտութիւնից երկու օր անց, բառի ամենալայն իմաստով, հիւծուած, չարչարուած, աշխարհից խռոված Արամը ոտքը դրեց հայրենի տան դռնից ներս: Նոյնիսկ լոգանք ընդունելու ուժ չունէր խեղճ տղան: Ջերմ ունէր, գրեթէ 39 աստիճան: Նուշիկը կորցրել էր իրեն: Արագօրէն կապուեց Արամի պապի հետ: Վերջինս մէկ ժամ չ՚անցած, անհրաժեշտ դեղորայքով ծանրաբեռ հասաւ օգնու­թեան: Ամէն դէպքում գրեթէ տաս օր տեւեց մինչեւ ապաքինուեց Արամը:

   Պապը այդ օրերի ընթացքում մի քանի անգամ գնաց-եկաւ եւ կարելոյն հետեւեց Նուշիկի պահուածքին ու վերջին անգամ երբ երկուսով էին, թոռան ականջին շշնջաց.

   – Հիանալի աղջիկ է, աչքդ վրան պահիր, աշխատիր քեզնով անել:

 Նուշիկի հայրն էլ արդէն վաղուց էր նկատել, որ երկուստէք լուրջ համակրանք կար միմեանց նկատմամբ եւ յօրինովի պատճառներով յաճախ էր բացակայում տնից: Եւ մի օր, երեկոյեան, ընթրիքի պահին դիմեց երիտասարդներին.

   – Երեխէք ջան, ես վաղուց եմ նկատել, որ դուք սիրում էք միմեանց, մաքուր, ազնիւ սիրով: Պէտք չունէք որեւէ մէկից թաքցնել Ձեր սէրը: Դուք արդէն հասուն երիտա­սարդ­ներ էք ու գիտէք ինչ անել: Խօսէք, ես Ձեզ լսում եմ:

   – Հայրիկ,- թոյլ տուէք Ձեզ այդպէս դիմել, ես առաջին օրից եմ համակրել Նուշիկին: Դուք տեղեակ էլ չէք, որ ես բջջայինով նկարել եմ իրեն եւ ուղարկել Ամերիկա` ծնողներիս, որոնք աշխարհի չափ ուրախ են, որ ես վերջապէս գտել եմ իմ ուզածին:

   – Նուշիկ, աղջիկս դու համաձա՞յն ես ընտանիք կազմել Արամի հետ:

 Փոքր-ինչ դադարից յետոյ Նուշիկը գլխահակ, գրեթէ շշնջալով ասաց.

   – Այո հայրիկ, ես նրան շատ եմ սիրում:  

    Երկու օր անց, ջահելները փրոֆեսորի հետ, Արամի միւս` վաղամեռիկ պապի` Կառլէնի Պոբեդա մեքենայով ներկայացան Զագսի գրասենեակ եւ ամուսնութեան վկայականի յայտ ներկայացրին: Այժմ Արամը սպասում է ամերիկեան իշխանու­թիւնների դրական որոշմանը, որպէսզի կարողանայ իր հարսնացուին իր հետ բերել Ամերիկա: Ապագային, վստահաբար Նուշիկի հայրն էլ նրանց կը միանայ հիւրասէր Ամերիկայում:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ