Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Աշխատաւորների Համաշխարհային Օրուայ Եւ Շուշանիկ Կիւրղինեանի Ծննդեան 145-Ամեակի Առիթներով

Շուշանիկ Կիւրղինեան

(1876, Ալեքսանդրապոլ – 1927, Երեւան)

Ինքնակենսագիր, բանաստեղծուհի եւ գրող

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

«Ձեր հի՛մն եմ երգում ազա՜տ ու հպարտ՝

Յոյսի եւ լոյսի շողերը գրկած»։

Հայ չարքաշ մարդու, աշխատաւոր դասի ձայնն է բանաստեղծուհի Շուշանիկ Կիւրղինեանը, ով իր ողջ կեանքում գործեց ու ստեղծագործեց հէնց այդ խաւի համար՝ հաւասարութիւն, արդարութիւն ու սէր քարոզելով։

Ծնուել է 1876 թուականին, Ալեքսանդրապոլում (Գիւմրի)։ Հասարակական կեանք է մտել անդամակցելով ՍԴ Հնչակեան կուսակցութեանը։ Նրա յետագայ գործունէութիւնը սերտօրէն կապուած է եղել հայ համայնավարների հետ՝ միշտ մնալով որպէս հայ ռանչպարի, բանուորի եւ գիւղացու ցաւն ու վիշտը աղաղակող բանաստեղծ։ Շ․ Կիւրղինենաը եղել է կանանց շահերի պաշտպան, գովերգել է հայրենիքը, եւ ընդդէմ անարդարութեան ու կեղեքումի՝ պայքարի կոչ արել։ Գրել է թատերգութիւններ, որ չեն բեմադրուել։

Կիւրղինեանի պոեզիան սկզբնական շրջանում ազդուած է եղել Յովհաննէս Թումանեանից, Յովհաննէս Յովհաննիսեանից եւ Աւետիք Իսահակեանից։ Յետագային նա կերտել է բանաստեղծական ուրոյն դիմագիծ։ Նրա գրականութիւնը բարձր է գնահատուել։

Տեղափոխուելով Վլադիկավկազ (Հիւսիսային Օսիա), հասարակական գործօն աշխատանք է տարել Կովկասում։ Յայտնի է նրա հիմնադրած ակումբը Վլադիկավկազում։ 1921 թուականին վերադարձել է Հայաստան։ Մահը՝ 1927 թուականին՝ 51 տարեկան հասակում, Երեւանում։ Շուշանիկ Կիւրղինեանի անունով փողոց, դպրոց ու գրադարան կայ Գիւմրիում ու Երեւանում։

* * *

Թէ ի՞նչ է ասում բանաստեղծուհին մարդկանց տխուր կսկիծի մասին։

  «Հա՜․․․ երգեմ տխուր կսկիծը մարդկանց
 Ու այն թշուառին՝
 Որ անտուն-անտէր չունի կտոր հաց․․․
 Երգեմ տանջանքը
 Գերի սրտերի եւ արցունքները
 Սեւ գիշերների»։ 

Նա գեղջուկի ցաւն է փորձում ամոքել։

«Արտըս հասաւ․․․
 երթամ քաղեմ
 Հաւաքեմ-
 Ո՞ր մէկ ցաւիս դարման անեմ,
 Ամոքեմ»։ 

Ու անմայր որբի անաստղ կեանքն է ողբում։

Աստղիկները գունատուեցին
 Չքացան,
 Ծագեց արեւ, անզօր արեւ
 Ցուրտ ձմռան,
 Որբիկն ելաւ դողդողալով
 Անկողնից՝
 Չկա՜յ կրակ, չկա՜յ մայրիկ
 Գթալից»։ 

ԲԱՅՑ,-

Կիւրղինեանը չի վհատում, որոշումն է՝ մաքառել, կռուել։

«Կռուել եմ ուզում եւ բիրտ կեանքի դէմ․․․»։
 
  «Ես հարուածում եմ չարիքին միշտ անահ․
 Ապրել, մեռնել պայքարի մէջ- ահա կեանքիս գոհացում»։
  
 «․․․Եւ ես աստուած եմ
 Անյաղթ, անսասան,
 Չարին՝ միշտ ընդդէմ՝
 Սէր, երգի գուսան»։ 

Միաժամանակ, յոյսի, լոյսի ու արշալոյսի երգն է ազդարարում։

 «Ես արշալոյսի երգն եմ ղօղանջում,
 Եւ արշալոյսին յղում եմ երգեր»։ 

Շուշանիկ Կիւրղինեանը ցաւն ու տանջանքը, անարդարութիւնն ու զրկանքը ապրել է իր անձնական կեանքով։ Այս մասին նրա խօսքերը վերացական չեն։ Նրա սիրոյ պատգամն ու պայքարի կոչը եւս վերացական չեն, իրական են, ու խորապէս ազդեցիկ։

 «Ես վար իջայ անդունդը տանջանքի-
 Կեանքի ցաւոտ յատակից,
 Ծանր բեռան չոր տակից
 Զրկանքի մէջ՝ գտայ ակը փրկանքի։
 
 
 Ես սուզուեցի տառապանքի ովկիանում-
 Կայծակ, որոտ տեղացին,
 Ալիքները դողացին,
 Ափ դուրս ելայ ահեղաշունչ վայրկեանում։
 
 
 Ես գնացի տիեզերքի ցաւի մօտ,
 Հոգիս սիրեց ամէնքին,
 Յոյսը ժպտաց իմ դէմքին,
 Ժխորի մէջ ազատ շողաց առաւօտ։
 
 
 Ես կը մնամ վշտի հովտում անհողդող,
 Կեանքն է այնտեղ խորիմաստ,
 Կռիւն ունի առագաստ,
 Մարտը՝ հզօր, իտէալները՝ միշտ յաղթող․․․»։ 

Կիւրղինեանը միշտ գարուն, շողացող արեւ ու անվիշտ կեանք է ցանկանում բոլորին։

Գարուն

«Եկել է գարուն․․․
 Արեւը սիրուն,
 Ձիւնը հալածեց դաշտերի կրծքից
 Եւ մեզ ազատեց ձմռան անէծքից
 Իր շնչով քնքոյշ,
 Ժըպիտով սիրանոյշ։
 
 
 Ծաղիկների վաշտ՝
 Համախոհ եւ հաշտ՝
 Սե՜ղմ տատանւում են հովից սանձահար,
 Առուի խորխոջն է թովիչ միալար,
 Ալիքը՝ յստակ,
 Հեւքը ներդաշնակ։
 
 
 Այսպէ՜ս լինէր միշտ,
 Եւ կեանքը՝ անվիշտ,
 Ժըպտար բընութիւն, ժպտային մարդիկ,
 Շողար միշտ պայծառ, հըրավառ արփիկ,
 Ցօղը շողշողար՝
 Ոչ ոք չդողար։
 
 
 Եւ երգեր դալար
 Հընչէր միշտ քընար․․․
 Եւ երգիչը խեղճ քաղցից չմաշուէր,
 Խոնաւ նըկուղում ցրտից չըքաշուէր-
 Իր գլխի վերեւ
 Փայլէր վառ արեւ․․․»։ 

Երբ բանաստեղծուհին խօսում է իր ցնորքի, իտէալների ու սիրոյ մասին, ստացւում են շատ գեղեցիկ տողեր։

Շողով Շողով

Շաղի, շողիկենքի նման ջի՜նջ մնաս,
 Շողով, շողով նախշած ճամբայ ունենաս․
 Շաղից, շողից բախտը պսակ քեզ հիւսէր-
 Քեզ, իմ ցնո՜րք, քեզ, իմ սէր․․․
 
 Ծովի, հովի ազատ կեանքը քեզ լինէր,
 Ծովով, հովով անդորր նինջը գար, գրկէր․
 Ծովից, հովից ճակտիդ համբոյր տեղար միշտ-
 Դու, իմ ցնո՜րք, դու, իմ վի՜շտ․․․
  
 Շաղն ու շողը, ծովն ու հովը միասին
 Միշտ անդադար քեզ պատմէին իմ մասին․․․
 Շաղի-շողի, ծովի-հովի պէս անյաղթ,
 Դո՜ւ, իմ ցնո՜րք, դո՜ւ, իմ բա՜խտ․․․»։ 

Կուզե՞ս

«Կուզե՞ս լինեմ անհուն եթեր
 Ազա՜տ, յակինթ ծալքերով,
 Իսկ դո՛ւ կրծքիս աստղ լուսաբեր,
 Ցոլա՜յ այնտեղ շողերով։
 
 
 Կուզե՞ս լինեմ բողբոջ ծաղիկ
 Նազուկ մէջքով, հոտաւէտ․
 Իսկ դու նախշուն ժիր թիթեռնիկ,
 Խաղայ դէմքիս հովի հետ։
 
 
 Կուզե՞ս լինեմ զուլալ վտակ,
 Իսկ դու նոճի իմ ափին․
 Փարուեմ ոտքիդ կոհակ-կոհակ,
 Փարուեմ կրծքիդ՝ մրափեմ։
 
 
 Ինչ որ կուզես - ես կը դառնամ,
 Միայն ապրենք մենք սիրով-
 Սիրոյ շնչից միշտ անթառամ,
 Միշտ ջի՜նջ, յստակ սրտերով․․․»։ 

Շուշանիկ Կիւրղինեանին նուիրուած այս գրութիւնը աւարտենք հայրենիքի՝ Վաթանի, հանդէպ նրա սիրոյ եւ կարօտի մասին մի բանաստեղծութեամբ, որ նա նուիրել է Աւետիք Իսահակեանին, երբ Վարպետը այցելել էր Վլադիկավկազ։

Աւետիք Իսահակեանին

«Վաթանէս էկար․․․
 սարերի փոշին
 Եարաբ վրայէդ դեռ չէ՞ հեռացել,
 Նախշուն ծաղկունանց, դիպած քո փէշին,
 Հոտից գէթ նշոյլ դեռ չէ՞ մնացել․․․
 
 Դեռ քո աչքերում անթափանց գիշեր,
 Քանի սիրեկան պատկեր կան քաշուած․
 Զուլումի, դարդի կցկտուր յուշեր
 Ցաւերգ սրտիդ մէջ անջինջ մնացած․․․
  
 Արի՛, ախպէ՜ր ջան․․․
 արի՛, հարազա՜տ,
 Վաթանիս կարօտն առնեմ ես քեզնից,
 Մի պահ թրթռամ, դուրս թռչեմ ազատ՝
 Ղարիպ օրերի սրտամաշ բնից․․․
  
 Արի՛, ախպէ՜ր ջան․․․
 արի՛, սիրելիս,
 Նազան վաթանիս հոտն առնեմ քեզնից,
 Հէչ չէ՛ մի վայրկեան ցաւագար հոգիս
 Թմրի անըզգայ․․․
 Մոռացուի՝ վշտից․․․»։ 
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ