Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Հարսանիք Զանգեզուրի Շուռնուխի Գիւղի Բանաւանում

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Եւ պատմութիւնը պատմելով է, որ անհատը, իմա՝ պատմողը, կը ստեղծէ եւ կը վերստեղծէ իր ինքնութիւնը

Սիւզան Ուիթիկ Ալպերթ

Շուռնուխի Գիւղի »Փայտամշակման Գործարանի» բանաւաի Ճանապարհին Քարահունչ գիւղն է: Քարահունչ, Հայաստանում համբաւաւոր Քարահունչի թութի օղի, նրա մէկ բաժակը բաւական է մարդու միտքը ալեկոծուէր, փոթորիկ ցանէր սրտի արեան հնձանում, նրա մտքի ենթագիտակցութեան ծալքերին քաջութեան կորով յորդէր: Աշուն էր, դեղին շապիկ էին հագել հսկայ թթենիները, նրա սիրուն տերեւները քամու օրօրից ընկնում հողին: Վաղ ամռանը, Յունիսի սկզբներին, թութն էր հասունանում, ծառերի ոստերին շարան-շարան ճերմակ թութ, գիւղի շէների ընտանիքների ամէն դռանը թթենի կար, խնճոյք էր թութի թափ տալը, փոքրերի, մեծերի տօնական հրճուանքն էր այն: Փոքրեր, մեծեր մատներով, ափերով ճաշակում մայր բնութեան առաջին հասունացած պտուղը, բնութեան պարգեւի տօնախմբութիւն էր այն: Շատ համեղ է, անուշ է սպիտակ թութը, նրանից պատրաստում էին անուշեղէնի պահածոյ, պաստեղ, արեւի տակ չորացած թութ, մնացածը, լցնում տակառներ: Բնութեան խմորիչները խճռում այն, նրա համեղ շաքարը վերափոխում ալքոհոլի, նրանից օղի թորում, վերաթորում, որ աւելի բարկ լինէր: Գիւղից յիսուն կմ հեռու սարահարթում Քարահունչի »Զօրաց քարեր», 7500 տարիների շունչից մամրակալած 203 քարեր, որոնցից ոմանց կշիռը աւելի քան 50 թոն: Աստղազարդ երկինքը դիտելու համար նրանց ճակատներին, տարբեր ուղղութիւններով ու դիրքերով անցքեր էին: Բորիս Հերունի, առաջինը »Ռատիոօպտիկական» հեռադիտակի ստեղծողը, Քարահունչի կառոյցը բացայայտել էր որպէս աստղադիտարան լինելու իրողութիւնը ու նրա կապը այլ մոլորակների ու արտերկրային այցելուների հետ: Տարբեր աստղագէտներ էլ այն համարել էին հնագոյն աստղադիտարան, տիեզերքի անհունների ուրիշ երկրների մարդկանց ժամադրավայր: Մարդակերպ էակների պատկերներ են փորագրուած տեղի բազում քարերի երեսներին: »Արիական Միաբանութեան» Արմին-հայեր, իրենց արեւի աստուած Միհրի արեւագալի ծնունդ են այնտեղ տօնախմբում:

Որոտան գետի ոլորանների լանջին արեգակն էր իր հուրը կաթել, այնտեղ բուսել էին խաղողի ու նուռի տնկիներ, ասում էին վայրի էին: Որոտանի ոլորաններում լանջին ու նրա ափին ատրպէյճանցի մի քանի ընտանիքներ ապրում, գողացած հողի բարիք վաճառում այնտեղից անցնող հողի տէրերին: Է˜հ, արի Արմին-Հայ մարդ, ինչպէ˜ս հանդուրժեցիր, որ մինչեւ Կապան գնացող այդ ճանապարհի միւս կողմի Սիւնեաց աշխարհը զատէին քեզանից, հիմա էլ աշխարհի դռներ ընկած քեզանից զաւթուած հողն ես պահանջում: Որոտան գետի ափեր, հեռուներից եկած ջրերի վազք, ալիքները զարկում իրար, փրփրում, փոթորիկ ցանում՝ գնում Մայր Արաքսի գետի ալեակների հետ փարւում: Ջուր ցօղել մեր երեսներին, որ հայրենի երկրի ընդերքից ելած շունչի հեւքը հոսէր մեր սրտերին, ակնապիշ նայել նրա ալեակներում պար տուող կարմիր իրաններով »Կարմրախայտ» ձկներին:

Ճանապարհի եզրին հնձած ցորեանի դեղին գոյնի խոզանի տափարակ դաշտ, »Մեզրէի Դաշտ» ասել էին նրան: Նրա թփուտների հովին կանաչ խոտ էր՝ գնացել էին »Մորի»՝ վայրի ելակ, փնտռել այնտեղ: Շատ-շատ տարիներ առաջ, ուշ գարնանը, այդ դաշտ էի գնացել, կանաչ խոտը քրքրել, հասունացած մորի հաւաքել՝ տան փոքրերի համար բանաւան տարել: Մորի, կարմրուկ փոքրիկ հատիկներ, համը արեւային, հոտը բրաբիոն ծաղիկ, ասում էին այն ճաշակողը »Տղայ կը բերէր»: Դաշտ էին իջել, թփուտների կանաչում մորի հաւաքելու, աշուն էր, մորիի մանր թփիկները քուն էին մտել, այլեւս չէին ծաղկում, սիրուն սպիտակ փոքրիկ ծաղիկներ, հոտաւէտ ծաղիկներ, մորիի բոյրն էր նրանց թերթիկներին: Շուռնուխի բանաւան տանող ճամբաներ, նրա երկու կողմերին խիտ անտառներ, որտեղ Շուռնուխիի բանաւանի փայտամշակման գործարանի արտադրական հումքի Բոխի ծառերն աճում: Հանրակառքը դադարեցրել էր վազքը, կանգ արել Շուռնուխիի ու բանաւան տանող խաչմերուկին:

Շուռնուխի գիւղ, կռիւ էր եղել նրա համար, փախել էին ատրպէյճանցիները, չքացել էր նրանց ստուերը Հայոց հողից: Գիւղը բարեկարգուել էր, տների առաջ բանջարանոցներ, խնձորենի ծառերին հազար գոյնի խնձոր, յիսուն օճախների ծխաններից ծուխ բարձրանում: Շուռնուխիի դիմաց բաց տարածք էր, հատանել էին ծառերը, փայտը տարել իրենց մանչերին տաքացնելու ու որպէս շինանիւթ օգտագործելու: Շուռնուխիի բարձունքից երեւում էին բանաւանին մօտիկ ատրպէյճանական Սէյդաս գիւղի աւերակները, հայեր հրկիզել, փլել էին այն, կռուի ատեն նրա բնակիչները փախել էին:

Գնացել հայացած գիւղի նոր դպրոց: Տնօրէնի ընդունարանում էինք, երկու նուիրեալ այր ու կին ուսուցիչներ, առանձին ու միացուած դասարաններում, շուրջ յիսուն մանչերի սրտերին հայրենի ու այլ իմաստունների մտքերի լոյսն էին կաթում: Զրուցեցինք Հայոց մշակոյթի ու գրականութեան հմուտ գիտակ տնօրէնի եւ ուսուցիչ ամուսինների հետ, զուարթ էին, որ իրենց ազգի առաջին ուսուցիչ Մաշտոցի նման Սիւնեաց աշխարհի այդ լեռներում իրենց մանչերի հոգիներին Հայերէն գիր էին սերմանում: Լուսանկարուեցինք, խոստումի համաձայն յետագային նրանց ուղարկել էի լուսանկարները եւ իմ հրատարած գրքում նրանց մասին յիշատակած զրոյցը: Քիչ ներքեւ նախկին դպրոցի շէնքի փլատակներն էին, նայեցի հեռուից, մօտ չգնացի, յուշերս մնային կենդանի: »Պատմութիւնը պատմելով, գրելով է, որ պատմողը կը վերստեղծէ իր ինքնութիւնը» պիտի պատգամէր՝ իմաստուն ՍիւզանՈւիթիկԱլպերթ: Շուռնուխի փայտամշակման գործարան, Լեգէոնական Կապորալ Լագիսեան Արմենակի ութ հոգիանոց ընտանիքի Հայաստան հողին կեցութեան առաջին »բոյն»-ն էր, վեց-եօթ տարիներ խաղաղութեամբ ապրել այնտեղ, մանչերը մեծացել, »Նոր Տարի» տօնախմբել, հարսանիք արել: Մեր լեռնական մարդկանց հոգիներում, սրտերի արեան ծովակներում Արարատի ճերմակ գագաթի նման Շուռնուխի բանաւանի յուշերն են, պարտիմ պատմել այն, պատմել բանաւանի կեանքի հեւքը, աշխարհին պատմել նրա մարդկանց յուշը, գուցէ ապագայի մի պատմողին կը հետաքրքրէր բանաւանի այդ արի մարդկանց պատումները: Հատանել էին հարիւր տարիների հաստաբուն Բոխի ծառերը, արեւի ճառագայթները հասել հողին, ե՞րբ գետին ընկած նրանց սերմերը ծիլ պիտի արձակէին, մեծանային, ծածկէին հողը, որ անձրեւի ջրերը չտանէին այն: Գործարանի գործարկումը Զանգեզուրի լեռների լանջերն էր ամայեցնում, միակ նպաստաւոր բարի ելքը մօտիկ շէների մարդկանց աշխատանքի առիթ ստեղծելն էր, նրանց ընտանիքների բարւոք կեցութեան նպաստելը: Ընտանիքներով բանաւանում աշխատում էին մօտակայ շէների մարդիկ, յայտնի որսորդ Արտաշ, առաքիչ Լեւոն, Վարորդներ Սէրուժ ու Գուրգէն, ատաղձագործ Լազար, Արշակ Տայի, սղոցարանի Աշոտ, շրջանային խորհուրդի պատգամաւոր Հայկանուշ, ուրիշ շատ-շատեր եւ Շուռնուխի գիւղի ատրպէյճանցիներ:

Զանգեզուրի Գորիսի շրջանի տարածքի այդ ձեռնարկութեան գործարկման տարեթիւը չեմ իմանում: Այնտեղ էին պաշտօնավարել »Երկրորդ Համաշխարհային Պատերազմի» ընթացքում ընտանիքներով Ռուսաստանից տարագրուած մարդիկ: Կարելի էր ենթադրել, որ պատերազմից առաջ գործարանը պիտի գործարկուած եղած լինէր: Ռուսաստանի հիւսուածոյ արտադրանքների ձեռնարկութիւնների հաստոցների մագոգներ պատրաստելու համար անհրաժեշտ եղել ամուր փայտանիւթ: Յարմար էին համարել նրանց պատրաստման համար օգտագործել Հայաստանի Զանգեզուր շրջանի Գորիս-Կապանի լեռներոմ աճող Բոխի ծառերի փայտանիւթը օգտագործել: Այդ լեռների սրտում ամբարուած բազմամետաղները իրենց ամրութիւնն էին հոսել նրանց երակներում, ամուր դարձել՝ ինչպէս իրենց շէների ու աւանների մարդիկ, որոնք Քաջ Նազարի դէմ կռուի ելած »Հսկաների» նման կանգնած կարմիր Ռուս զինուորների ու ատրպէյճանցի աւազակների դիմաց, խափանել էին Զանգեզուրին տիրելու նրանց կամքը:

Գործարանի աշխատանքը ուղորդել էին ռուս մասնագէտներ: Թէեւ գործարանի տնօրէնը արցախցի Եղիշէ Բալայեանն էր, սակայն նրա արտադրական գործունէութիւնը վարել էին ճարտարագէտ Կարալեւսկին, տեխնիկական վերահսկողութեան պետ Յաշան, էլեկտրական ներուժ մատակարարող Պանդիլէյը, արտադրական վերահսկողութեան ղեկավար Կրասնոդար քաղաքից Կիսելյովը: Նրա կին Փաշան, ռուսական բոքոն համով հաց էր թխել գործարանի աշխատողների համար: Գործարանի գլխաւոր հաշուապահը` շրջանի Խոտանան գիւղի Արտեմ Բաղտասարեանն էր, սակայն հաշուապահութեան սիրտը նրա տեղակալ Մարիա Վիքթորովնան էր, որը որդի ունեցել, ապա շարունակել ապրել Գորիսում, մահացել այնտեղ: Հաշուապահներ էին բանաւանի Տաթեւցի Գուրգէնի կին Զապէլը, Բարձրաւանցի Սիմոն Տայյի որդի Սաշիկը: Ռուս մարդիկ բանաւանում ապրել էին ընտանիքներով, իսկապէս բարի մարդիկ էին, տեղի Հայ բնակիչների հետ խաղաղ ու շատ սիրալիր միասին աշխատել, ապրել: Գործարանի բակում էի, Կիսելյովը թարգմանի միջոցով բացատրել, որ կուզենա՞յի արդեօք գործարանում իր ենթակայութեան խոտանող աշխատել: Աշխատանքի ծարաւ էի, համաձայնել աշխատել: Տարել գործարան, հաստոցի մօտ բացատրել արտադրանքի խոտան լինելու յատկանիշները: Յաջորդ օրը աշխատանքի նշանակուել որպէս խոտանող: Առանց բացառութեան խոտանել էի ոչ ըստ սահմանուածի որակի արտադրանքը: Տնօրէնը կանչել էր գրասենեակ, թէ »Այ խոխա պլան պիտի կատարենք, գնա′ քիչ խոտանիր»:

Գլխաւոր հաշուապահ Ա. Բաղտասարեանը հրաւիրել էր տուն, կինը Ռուս էր՝ Քսենիա, զաւակ չունէին: Մինչեւ հիմա է յիշում նրա ցաւը, պատերազմի վերջին օրը Պեռնիլում զոհուել էր որդեգիր զաւակը: »Երեւի ճակատագրով ինձ սահմանուած էր անզաւակ քայլել իմ յաւերժութեան ճանապարհի երթին» ասել էր Բաղտասարեան Արտեմ Տային: Ռուսերէն տառերն էր գրել, նրանց համազօր հնչիւնները Հայերէնով:

Սովորել էի Ռուսերէն տառերի հնչիւնները, փորձել ռուսերէն կարդալ, կարողացել էի: Գնացել նրա մօտ, ռուսերէն կարդացել: Ձեռագիր էլ կարողացել էի կարդալ: Իր թելադրանքով, յաջորդ օրը գործարանի գանձապահի պաշտօնին էին նշանակել: Գործարանի հաշուապահութեան վաւերագրերի փաստաթղթերը կազմուած չէին եղել, Ա, Բաղտասարեանը հարցրել՝ կարո՞ղ էի այն կազմել: Լաւ էր, որ Մելգոնեանում գիրք կազմել էի սովորել, սիրով համաձայնել էի: Գրքերի ձեւով արագ-արագ կազմում էի վաւերաթղթերը, ֆինանսիստ Հռիփսիմէ Վարդանեանը թելադրել էր կամաց աշխատել, եթէ շուտ վերջացնէի քիչ կը վճարէին, ա˜յ քեզ յայտնութիւն, պէտք էին կամաց աշխատել որ աւելի շատ վարձատրէին: Գործարանում Հռիփսիկի »Փեսայ» էին կանչել ինձ, իր տասնըինն ամեայ դուստրին Երեւանից բանաւան բերել . . . երեւի այլ մտադրութեամբ . . . իրենց տանը՝ ես Անգլիերէն, ինքը Ռուսերէն էինք իրարու ուսուցանել, չեղա˜ւ . . . չկարողացաւ իմ ջահել սրտում մարել Մելգոնեանի իմ դասընկերոջ հանդէպ տածած սիրոյ կրակը: Նա Պուլկարիայից Հայաստան-Երեւան ներգաղթել, հեռաձայնի ընկալուչում նրա »Պօղո˜ս-Պօղո˜ս» կանչի սիրոյ կրակի ճարճատիւնն էր նորէն սիրտս այրել:

Յաճախ գործուղւում էի Կապանի քաղաքային բանկ, գործարանի ֆինանսական փաստաթղթաւորումը կատարելու, բանուորների ու այլ պաշտօնեաների աշխատավարձը վճարելու կանխիկ գումար ստանալ: Յունիս ամսուայ տասնըչորսին, նման մի գործուղման ատեն ճանապարհին հանդիպել աքսորական հայերի ինքնաշարժների երթին, ա˜յ նրանց ցաւը ինչպէ˜ս նորէն պատմեմ, նորէն եղեռն չէ՞ր այն:

Կեանքը տօն է, վայելիր այն պիտի աւետէր Սողոմոն Իմաստունը իր առակներում, բարի ու երջանիկ օրերը, արեգակի լոյսը կեանքի առեղծուածի տօնախմբութիւններն էն: Շատ եմ գրել Զանգեզուրի հրաշագեղ բնութեան ու նրանց մարդկանց վեհանձնութեան ու քաջութեան, մեր ընտանիքի սակաւ տարիների կեցութեան մասին, ա˜յ այն իմ կեանքի յուշերի ոչ միայն տօնն է, այլ նաեւ տօնախմբութիւնն է:

Սակաւացել էին Բոխի ծառերը, Ատրպէյճանի իշխանութիւնը չէր արտօնել ճանապարհի իրենց կողմում հատանել բոխի ծառեր: Գործարանի արտադրական սարքերը տեղափոխել էին մօտակայ »Չայզամ»-ի ձոր, վրաններ լարել բանուորների ու նրանց որոշ ընտանիքների անդամների կեցութեան համար: Բանաւանում նուազել էր բնակչութիւնը, տեղի աշխոյժ կեանքը: Հօրաքոյրս »Չայզամ»-ի գնացել, Արմենակ հայրս տեղի ու շրջանի գիւղերի բժշկական բուժկէտի պատասխանատու հիւանդապահ, ես էլ հաշուապահութեան աշխատակից: Շուռնուխի դպրոցի հայկական դասարաններում դադարեցուել էին Անգլիերէն ու Ռուսերէն լեզուների դասաւանդումը: Ռուսերէն դասաւանդել էր գործարանի կուսակցական կոմիտէի քարտուղար Արամ Սեւլիկեանի կին Ռոզան: Նրանք փոխադրուել էին Գորիս քաղաք, յետագայում Սեւլիկեանը կուսակցական ու այլ պատասխանատու աշխատանքներ ղեկավարել: Հայրս Գորիսում տուն էր վարձել, որ փոքրերը տեղի դպրոց յաճախէին: Դպրոցից տուն վերադարձի ճանապարհին, ջահել մի տղայ մօտեցել իրենց, »Սիմա» կանչել, վախից շտապել էին տուն հասնել: Նոյն տղան յաճախ հանդիպել իրենց, փորձել խօսել Սիմայի հետ: Տղայի ակներում սիրոյ բոսոր լոյս էր վառւում, նրա ճառագայթները խոցել էին Սիմայի սիրտը: Տղան հօրը խոստովանել, որ մօտիկ դպրոց յաճախող »Թազա Կալան» աղջկան էր սիրում, ուզում նշանուել նրա հետ:

Այդ տղայի հայրը՝ բնիկ գորիսեցի Քուստունց-Սարգիսեան Լեւոնն էր: Իմանալով այդ աղջկայ հայրը Գորիսում էր, գնացել հանդիպելու նրան: Հայր Արմենակ սիրով ընդունել, պատմել իրենց երկրի մասին, որ Լեւոն շարունակելով խօսքը, ասել, որ իր աւագ տղայ Ասպետ սիրում է Սիմային, խնդրել հեռու լեռներից իրենց քաղաք եկած »Թազա Կալան» ընտանիքի դուստրը իր հարսը լինէր, շրջանում առաջին ամուսնութիւնը »Թազա կալան» ընտանիքի ու Զամգեզուրի լեռնական ընտանիքի զաւակների միջեւ: Արմենակ զարմանք յայտնել, թէ նրանք ինչպէ˜ս պիտի կարողանային յարմարիլ տարբեր լեռների մարդկանց համատեղ կեցութեան բարքերին եւ թէ ինք կը հայցէր նաեւ ընտանիքի միւս անդամների համաձայնութիւնը:

Կիրակի օր էր, »Չայզամ»-ի գործարանի մարդիկ եկել էին բանաւան, իրենց տնտեսութիւնների հոգածութիւնը ապահովելու: Իրարանցում էր բանաւանում, Արմենակի տան տաղաւարի առաջ սեղանիկներ էին, նրանց վրայ շիշեր, տարբեր ուտեստներ, բանաւանի մարդիկ Քարահունչի օղիի շիշեր, ռուս մարդիկ շերտած խոզի աղած »Սալ-ճարպ» բերում դնում սեղանիկներին, հացթուխ Փաշան նոր թխած ռուսական »Բոքոն» հաց բերել, բանաւանում հացի անո˜ւշ բոյր էր . . . : Զանգեզուրի լեռներ եկած »Թազա Կալան» Արմենակի դուստրի հարսանիքն էր, երկիր վերադարցած հեռու հայերի ու բնիկ հայերի զաւակների հարսանիք:

Բանաւան իջնող ինքնաշարժների խճուղիում հանրակառք էր կանգ արել, մարդիկ դէպի բանաւան եկել: Գործարանի պահպանութեան պետ, Զանգեզուրցի քաջազուն Արշակ Տային կանչել էր՝

-Ո՞վ էք դուք, ինչո՞ւ էք բանաւան եկել . . . կա′նգ արէք:

Որսորդական հրացանից երկու կրակահերթ արձակել: Նրանցից մի տղամարդ առաջ եկել,

-Արշակ Տայի, եկել ենք բանաւանից Գորիս հարս տանենք:

-Բա˜, հենց այդպէ՞ս, յարել էր Արշակ Տային:

Նրանցից մի ջահել տղայ, գառան պախուրցից բռնած, կանգնել նրա դիմաց,

-Արշակ Տայի, այս գառն ենք բերել, բերկրութիւն լինէր հարսանիքին, խաղաղութիւն »Թազա Կալան» ու բնիկ Գորիսեցի ընտանիքներին, »մրրկաւ» բաժանուած միացման խրախճանք լինէր մեր ցեղի արեւմտեան ու արեւելեան կողմերի մարդկանց: Թոյլ տուր բանաւանի բացատ գային հարսնեւորները: Բանաւանի մարդիկ դիմաւորել նրանց, առաջնորդել »Թազա Կալան» Արմենակի տաղաւարի բացատ: Ի պատիւ հարսանիքի Արշակ Տային նորէն համազարկ տուել, գորիսեցիներին ու բանաւանի մարդկանց հրաւիրել սեղանիկների մօտ: Արմենակն էր բացատ ելել՝ բարի գալուստ մաղթել նրանց: Այսպէս էր խօսել Արմենակը.

-Իմ դուստրի հարսանիքն է այսօր, տասը տարիներ առաջ թուրքի հրամանի տակ չլինելու համար թողել էինք մեր լեռների լանջի շէներ, որտեղ երկու հազար տարիներ առաջ մեր ցեղի Մեծն Տիգրանի յաղթական բանակների հետ եկել բնակել այնտեղ: Թուրքի հրամանի տակ չլինելու համար լքել մեր շէները, գնացել հիւրընկալ Արաբի երկիր: Բացուել էին հայոց երկրի դռները, հայրենիք կանչում էր մեզ, եկանք հայոց աշխարհի այս լեռների երկիր, ահա բանաւանի այս մարդիկ որպէս հարազատներ ընդունեցին մեզ: Համաձայնեցինք, որ մեր դուստրը հարս լինէր բնիկ Գորիսեցի Քուստունց-Սարգիսեան Լեւոնին, Հեռու Մուսաների Լեռան աղջկայ ծիները թող Զանգեզուրի լեռների տղայի ծիների հետ միանան, նոր տեսակի հայ մանչեր լինեն: Ողջ լերուք, խմէ′ք ձեր ամուր երկրի թութի ծառերի պտուղներից քամուած բարկ օղի, խմէ′ք, ուրախանաք այնքա˜ն, որ մոռանաք ինչու Շուռնուխի բանաւան էիք եկել:

Արմենակ թմկահարին յուշել էր իրենց երկրի մենապարի կշռոյթը: Արմենակ իրենց երկրի մենապարն էր բռնել, դէմքն էր կարծես իրենց հեռու աշխարհին նայել, կարծես իրենց հազար-հազար ամեայ Սօսի ստուերում Վարդավառի տօնին պար էր բռնում, ատրճանակի հարուածներով սօսի ծառին լոյս վառում: Հօրաքոյր Նեկտար իրենց երկրի »Լու – լու – լուն» կանչն էր բարձր հնչել: Գորիսեցի թմբկահարը շարունակել պինդ զարկել թմբուկը: Գորիսեցիները իրենց շուրջ պարն էին բռնել, շարքի եզրին Քուստունց-Սարգիսեան Լեւոնն էր կարմիր այլալուխը թափահարելով պարին ռիթմ ուղորդել: Բանաւանում առաջին հարսանիքն էր, ամբողջ բանաւանն էր բացատ ելել, »Քոչարի», շուրջպար բռնել, պինդ տոփել գետինը, որ ամրանային իրենց լեռները, որ իրենց հետ ամուր կանգնէին թշնամու դէմ կռուին: Ռուսներն էին բանաւանի մարդկանց հետ պար բռնել, իրենց պարերը բռնել: Գառի խորովածն էր սեղաններին, օղի, Քարահունչի օղի˜ ˜խմեցին, հարբեցի՞ն, չէ˜, իրենք սովոր էին այդ օղուն, այն իրենց չէր հարբեցնի, քաղաքի մարդկանց էր այն զգետնում . . . :

Արմենակ, դուստրին թեւանցուկ արած բացատ եկել, »Օրհնում եմ ձեզ» կանչել, դուստրին տարել փեսացու Ասպետի հետ թեւանցուկ անելու: Արշակ Տային էր հրացանի համազարկով շնորհաւորել նրանց միութիւնը: Օղու շիշեր էին վերեւ նետել, թմբկահարը թմբուկ զարկել, գրկախառն օղի խմել, շարունակել պարե˜լ-պարե˜լ, իրենց երգերը հնչել:

Քուստունց-Սարգիսեան Լեւոն, իր օրհնութիւնն էր յղել նորապսակներին, նրանք լինէին իրենց երկրի բարքերին աւանդապահ այր ու կին: Բարձր կանչել, որ իր Քուստունց-Սարգիսեան գերդաստանի տոհմի ազգանունն է շնորհում իր հարսին, որ նա մի մասնիկը լինէր իրենց գերդաստանի: Միջօրէ էր, խնդրել թոյլ տալ վերադառնալ իրենց շէն՝ այնտեղ էլ հարսանիք անէին, Գորիսն էր իրենց սպասում:

Մայրիկ Զարուհի, փոքրերի հետ եկել դուստր Սիմային ճանապարհ դնելու: Գրկել նրան, լացել, լացել էին փոքրերը, բաժանւում էին համատեղ կեանքից: Բոլոր հարսանիքներին հարս գնացողները լացում են, այն ցաւի լաց չէ, կենդանական աշխարհի գահին բազմած մարդու սիրոյ զգացումի զեղումի արտայայտութիւնն է: Բնութիւնը, եթէ նրան չխանգարէին, իրեն հաւասարակշռում է, մօտաւորապէս հաւասար են ծնւում աղջիկ ու տղայ մանչեր: Տղաներին կեանքի ինքնուրոյն ճանապարհ են առաջնորդում, »սրտի հատոր» աղջիկներին յանձնում ուրիշին, ծնողք մտահոգում են ինչպէ˜ս կը լինէր նրանց կեանքը . . . այդ ուրիշներ »իմս» ասում նրանց, »իմի» պէս վարւում նրանց հետ, լաւ է, որ քաղաքակիրթ երկրներում նրանք այլեւս »իմս» չեն համարւում, զանցառուները օրէնքի խստութեամբ պատժւում . . . : Բնութիւնը նրանց հաւասար ստեղծում . . . ոչ »իմս», ոչ »քուկդ»:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ