Հինգշաբթի, Ապրիլ 25, 2024

Շաբաթաթերթ

Ի Յիշտակ Անդրանիկ Սարեանի 9 -րդ Տարելից Առիթով

Ռ. ԿՈՐԻՒՆ

 Արդէն մի քանի շաբաթ է նոր գրքիս կազմաւորմամբ էի զբաղուած, հաւաքած թերթերի տրցակներում գրած յօդուածներս էի առանձնացնում ներառելու գրքումս, այդ փնտռտուքի եւ դասաւորման ընթացքում հանդիպեցի «Նոր կեանք» շաբաթաթերթի յունիս 28, 2007 թ. Անդրանիկ Սարեանի գրախօսական յօդուածին գրուած` «Մեր կեանքի ուղին դէպի…» առաջին գրքիս կապակցութեամբ, տեղեկատուական, քաջալերական եւ գնահատական մեկնաբանութեամբ: Ձեռքիս աշխատանքը անկախ ինձանից կանգ առաւ եւ միտքս բանել սկսեց ողորմած հոգի Նահապետի մասին, անցեալի քաղցր յուշեր մէկը միւսին յաջորդելով օղակների պէս զօդուած տողանցեցին սկսեալ Թեհրանից, ուր արդէն ծանօթ էի նրա գրականութեան կարդացած լինելով պատմուածքների հատորները, դեռ մտքումս դաջուած են մնում նրա հոյակապ պատմուածքը` «Տեսայ Հայաստանը» Վիկտոր Համբարձումեանի մասին Փարիզում: 2005-ին Ամերիկա հաստատուելով փնտռում էի Նահապետին հանդիպել, որը ողորմած հոգի Մինաս Տէր Սարգսեանի աջակցութեամբ կատարուեց, քսանութ տարիների կտրուածքով հանդիպումը մեղրածորի յատկութիւն ունեցաւ, այստեղից սկսեց մեր յաճախակի հանդիպումները: Նրա օգնութեամբ Louis Ave. փողոցում իրենց բնակուած համալիրում բնակարան վարձակալեցինք եւ դարձանք մօտիկ հարեւաններ: Հարեւանութիւնը կարճ տեւեց, սակայն մեր բարեկամութիւնը շարունակուեց:

Երկրորդ գրքիս մէջ հակիրճ բառերով անդրադարձել եմ Նահապետի մասին իր կենդանութեան օրօք, որից կարդում ենք` 2006 թ. ինձ համար մի տեսակէտից անմոռանալի յուշերով պարուրուեց, այն որ Նահապետի հետ իմ վաղեմի ծանօթութիւնը բարեկամութեան վերածուեց այստեղ Գլենդէլ քաղաքում 28 երկար տարիների թաւալումից յետոյ, որը նաեւ ուրախութեան առիթ դարձաւ:

Նահապետ կոչելով մեզ համար միայն տարիքը չէ, որ պատկերանում է մեր աչքերի առջեւ, այլ նաեւ այն մեծածաւալ գրական վաստակը, որ էն վաղ պատանեկան տարիքից սկսում է անցնելով ութ տասնեակ տարիների կեանքի բովից, մինչեւ հասնելով այս պատկառելի տարիքին, այսպէս նա մեզ արժէքաւոր գրականութիւն է պարգեւում արժանանալով զոյգ վեհափառ-կաթողիկոսների կոնդակներին, մրցանակների եւ պատուոյ գրութիւնների ու պարգեւների:

Երկրի վրայ ֆիզիկական կեանքը յաւերժական չէ, մնայունը եւ յիշատակուողը մարդուս արած գործն է, արժէքաւոր ծառայութիւն հայրենիքին, հայութեան, ազգութեան, մշակոյթին եւ մարդկութեան: Նահապետը վաղ տարիքից ականջալուր եւ հաւատարիմ պապենական աւանդին իր վաստակով արժեւորեց կեանքը պատկառելի տարիքում հրաժեշտ տալով կեանքին:

 Նահապետի թաղման-յուղարկաւորութեան Քալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան կողմից յանձնարարուել էր նուաստիս ցաւակցական գրութիւնով ներկայանալ: Գրութիւնը որոշ վերատեսութեան ենթարկելով նաեւ ներկայացւում է մահուանից իննը տարի յետոյ:

Մարդ-էակի կեանքի ուղին իմաստաւորւում եւ արժեւորւում է կատարած գործով` ծառայութեամբ, մտքի թռիչքներով եւ փայլատակումներով, այսպիսով կեանքը ծաղկում  եւ գեղեցկանում է:

Իւրաքանչիւր անհատ առաջնորդւում է իր ներքին ձայնին հաւատարիմ ձգտումներով, շնորհքներով եւ ձիրքերով, այսինքն անհատը մերւում է այն ասպարէզի հետ,, որն իր սրտից ու հոգուց է խօսում` ողջ էութեան հետ շաղախուած:

Մեր անմոռանալի Անդրանիկ Սարեանի` Նահապետի կեանքի ուղին հայոց գիրն ու գրականութիւնն էր, որին հաւատարիմ կեանք ապրեց եւ ստեղծագործեց: Նա իր բազմաժանր գրականութեամբ ակնառու ներդրում ունեցաւ սփիւռքահայ գրականութեան անդաստանում:

Վաստակաւոր գրողը եւ բանասէրը իր մահկանացուն կնքեց 2012 թուին. Մարտ ամսում պատկառելի տարիքում հայոց գրականութեան գանձանակում ներդրելով իրեն վերապահուած բաժին ոսկելուման:

Նա ծնուել էր Իրանի Չարմահալ գաւառում 1914 թուի ապրիլ 15-ին: Նա իր ուսումն ստացել էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց Մարդասիրական Ճեմարանում: 1935-ին վերադառնալով Իրան աշխատանքի է անցնում նաւթաարդիւնաբերութեան մէջ եւ այնտեղից հանգստի է կոչւում 1968-ին:

2000 թուի, յունուար 9-ին Լոս Անճելըսի Իրանահայ Միութեան կազմակերպութեամբ մեծ շուքով տօնւում է Անդրանիկ Սարեանի ծննդեան 85 ամեակը եւ գրական գործունէութեան 65 ամեակը: Բազմաթիւ ուղերձներ են առաքւում` երկու վեհափառ-կաթողիկոսներ եւ մեծաթիւ հանրածանօթ մտաւորականներ, գրողներ եւ հասարակական գործիչներ ողջունում եւ գնահատում են մեծարեալի գրականութեան բնագաւառում իր ներդրած գնահատելի վաստակն, այս առիթով հրատարակուել է գրքոյկ:

Նրա կեանքը անցնում է Իրանի Խուզստան նահանգում, ուր  նաւթային ընկերութեան պաշտօնեայ էր, ապա Թեհրան մայրաքաղաքում, այնուհետեւ Ամերիկա Գլենդէլ:

նա հրապարակուել է սփիւռքեան մի շարք  թերթերում: Նա իր պատմուածքների եւ վէպերի գրքերով,  հայրենասիրական ոգով, խորհուրդներով եւ յորդորներով ու բազմաթիւ գրական, գրաքննադատական եւ հասարակական յօդուածներով ակնառու աւանդ թողեց մեր սփիւռքեան կեանքում:

Նրա գրականութեան առանցքն է կազմում հայ մարդու կեանքը վերիվայրումներով, սովորութիւններով, մտածելակերպով, ձգտումներով եւ ցանկութիւններով, բարի եւ չար արարքներով, հերքում եւ խարազանում է չար ու տգեղ վարքերը, , անցեալի հետքերով ներկայացնում է երկարաշունչ պատմուածքներ նշանաւոր բարեգործ հայ մարդկանց մասին, սիրապատում վիպագրութիւն, Չարմահալի պատմութիւն  եւ այլն:

Հաւատացած եմ, որ ոչ մի բան չի մոռացւում, շարունակ յիշատակութեան արժանի է դառնում հայրենիքին, մշակոյթին եւ ժողովրդին կատարուած ծառայութիւնը եւ նուիրուածութիւնը:

Ահաւասիկ Անդրանիկ Սարեանը մէկն էր այն երախտաւորներից որ իր արժէքաւոր վաստակով ու գրականութեամբ յիշատակուելու է անմոռաց սերունդների կեանքում:

Թող որ այս մի պտղունց գրութիւնը սիրելի Նահապետ որպէս մի փունջ ծաղիկ քո լուսաւոր յիշատակին նուիրուած լինի երախտագիտութեամբ:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ