Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Հնչակեան Քսան Անմահների Ոգու Խոյեանքին

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ

Արեգակի մեծութիւնը մայրամուտին է երեւում

ՇԱՐԼ

ՎԱՂԻՆԱԿ ԱԶՆԱՒՈՒՐ

Հայոց աստուածների մեհեանների հաւատքի տաճարները՝ նաեւ ուսման վայրեր եղել: Այնտեղ, աստուածների սպասաւորներ քուրմերը, ուսուցանել էին ՏԻՐ աստուծոյ պարգեւած գիր, գիտութիւն, արուեստներ, գրել իրենց արարչական ցեղի պատումները: Հայոց աշխարհի մանուկներ, Սուրբ Մեսրոպի առաջ ծունկի եկած, խնդրում՝ գիր ուսուցանել իրենց, այդպէս էլ հայոց աստուածների մեհեաններում ցեղի մանուկներ` Տիր աստուծոյ առաջ ծունկի եկած աղաչել իր գիրը պարգեւել իրենց: Տիր աստուծոյ իմաստութիւնը նրանց հոգիներում արարման ոգի էr ծնել, այն փոխանցուել սերունդներին: Հողի մշակը իր որդիներին գիտելիքների ուսուցման տարել, որոնցից շատերը իրենց արարչական ցեղի իմաստութեան լոյսի ջահերը վառել աշխարհեր, աստղերին հպել, նրանց ծնունդի հէքիաթը պարգեւել աշխարհին: Զինուորներ եղել, քաջ Նահապետ Հայկի յաղթանակի »Եռանկիւնի» պաշտպանութեան հրաշավառ ուսմունքը տարել աշխարհներ, եղել զօրավարներ, մարաջախտներ, ծովակալներ, իրենց վարած մարտերում յաղթանակների փառքի պսակները ճակատներին եկել տուն: Իրենց հոգիներում Տիր աստուծոյ պարգեւած ոգու ներշնչանքով՝ նոր գիտական ուսմունքների, արուեստների, բանաստեղծութեան լոյս ճառագել աշխարհներ: 

Մի պահ խոկա′, երեւակայութեանդ թռի′չք հաղորդիր, ո՞ր մէկ ցեղի ուրիշ մարդիկ իրենց պատանի մանչերին, ահաւոր դժուար ու վտանգներով լի ճամբաներով, իրենց աշխարհից շատ հեռու ուսման վայրեր՝ Բիւզանդիոն, Աղեքսանդրիա, յունական Աթէնք, Տրապիզոն ճամբել: Արմին-Հայ մարդիկ նման հեռու աշխարհներ ճամբել էին իրենց մանչերին, որ գիտելիքներ ամբարէին իրենց արմենական մտքերին, այն իրենց աշխարհ բերէին ցեղի պատանիներին ուսուցանելու: Ի՜նչ զարմանալի է, Հայաստան աշխարհում մարդիկ, հազար զրկանքներով  զաւակներին ուսման են տանում, հաստատ իմանալով, որ այն կարող էր համապատասխան աշխատանքի հնարաւորութիւն չընձեռէր նրանց: Ա՜յ, այդ ոգին է հասել նոր ժամանակներ, հազար դարեր գնում իրենց ցեղի յաւերժութեան հետ: Ի՜նչ զարմանա˜լի, Հայոց աշխարհի հողը փորելիս, »գիր» է դուրս գալիս: Մեծ Հայ, »սեւ ոսկու» հանճարեղ արդիւնաբերող Մանթաշեան, երկու հարիւրեակից աւելի ցեղի պատանիներին ուսումնառութեան ճամբել Եւրոպական երկրներ, որ հայրենի երկիր գիտելիքներ բերէին: Ազգի բազում ուրիշ նուիրեալներ էլ Եւրոպայի տարբեր հաստատութիւններում ուսումնառութեան ճամբել պատանիներ, որոնցից շատեր ծառայել են երկրի գիտութիւնների ու արուեստի բարգաւաճմանը, իրենց տիրապետած  ուսումնառութեան գիտելիքները ճամբէին մանուկներին, պատանիներին:                                                                                  

Թիֆլիս քաղաքի մեծահարուստ Հայ գործարարը, ուշիմ պատանի Աւետիս Նազարբէկին Փարիզում ուսանելու ծախսերն էր հոգացել: Սորպոնի համալսարանում էր ուսանել Աւետիս Նազարբէկը: Այնտեղ ծանօթացել  իրեն նման յեղափոխական նկարագրի ոգի ունեցող ուսանող Մարօ Վարդանեանի հետ: Աշխարհի կարգերը փոխելու, աշխատաւոր մարդկանց ստրկութեան շղթաները փշրելու ու ազգի ազատագրական պայքարի գաղափարների նոյն ոգու կրակը նրանց հոգիները սիրոյ նարօտով էին կապել, ամուսնացել էին: Ժընեւ հաստատուելով, ծանօթացել էին երկրից ուսման եկած տարեկից, ընկերային նոր գաղափարներով տոգորուած  եռանդուն ու խանդավառ տղաների հետ: Աւետիս Նազարբէկ, Փարիզում ուսանելու տարիներին՝ հայրենասիրական, ընկերային, յեղափոխական բովանդակութեամբ յօդուածներ հրապարակել Ֆրանսիա, Մարսիլիա հրատարակուող՝ Վանում »Արմենական» կուսակցութեան հիմնադիրներից՝ Մկրտիչ Փորթուգալեանի »Արմէնիա» լրագրում, մարդկանց սրտերին հայրենի հողի պաշտամունք պատարագել: Աւետիս Նազարբէկ ու ընկերներ նախաձեռնել էին յեղափոխական կազմակերպութիւն ստեղծել: Ժընեւի համալսարանի գրադարանը, քաղաքի ծանօթ սրճարանները, իր նեղլիկ բնակարանը դառնում տեղի երիտասարդների հանդիպումների ու հաւաքոյթների հաւաքատեղիներ: Իրենց մտահոգել էր ի՞նչպիսի կազմակերպութիւն ստեղծել, որ այն կարողանար իրականացնել Հայաստանի արեւելեան ու արեւմտեան տարածքները միաւորող, ազատ ու անկախ պետութիւն: Մտադրուել էին կազմակերպութեան գործունէութիւնը սկզբում ծաւալել Արեւմտեան Հայաստանի տարածքում, որտեղ հայերը կրում էին թուրքի դաժան տիրապետութիւնը: Նազարբէկի քաղաքական համոզմունքն էր՝ սեփական ուժերին վստահելով համազգային ապստամբութիւն իրականացնել եւ ոչ թէ Եւրոպական մեծ տէրութիւնների միջամտութեան յոյսին ապաւինել: Նպատակին հասնելու համար անհրաժեշտ էին համարել յեղափոխական կազմակերպութիւն ստեղծել: 1887 թուականի Օգոստոս ամսուայ մի երեկոյին, Նազարբէկ, Ժընեւի իր բնակարանում ժողովի էր հրաւիրել ազգային ազատագրութեան գաղափարին նուիրեալ ընկերները, որոնց հետ համախորհուրդ հիմնել յեղափոխական կազմակերպութիւն՝ »Հնչակեան Կուսակցութիւն»-ը: Աւետիս Նազարբէկ-ին կուսակցութեան »Հիմնադիր» մակդիրն էին շնորհել, սակայն այն ստեղծողներն ունէին նոյն »Հիմնադիր» անդամի յեղափոխական ու ազգային ազատագրական ոգու լուսապսակ ճակատները, ցեղի ոգու խոյեանքը, նրանք էին՝ Աւետիս Նազարբէկ, Մարօ Վարդանեան-Նազարբէկ, Ռուբէն Խան-ազատ, Գաբրիէլ Կաֆեանց, Քրիստափոր Օհանեան, Գէորգ Ղարաջեան եւ Լեւոն Ստեփանեան: »Հնչակեան Կուսակցութիւն»-ը, իր քաղաքական գործունէութիւնը իրականացնելու համար, Աւետիս Նազարբէկ ու Գէորգ Ղարաջանեան կազմել էին նրա կանոնադրական ծրագիրը, որն  ունէր »Մօտաւոր» ու »Հեռաւոր» նպատակներ: Մօտաւոր նպատակը՝ համաժողովրդական զինուած ապստամբութեան միջոցով արեւմտահայութեան ազատագրութիւնն էր: Նազարբէկ, Թուրքիայում հայերի փրկութեան միակ միջոցը համարել էր յեղափոխութիւնը, որը անհրաժեշտ էր իրականացնել, հաւատալով, որ  միայն զոհաբերուած արիւնը կարող էր Հային փրկել, միայն կռւում հոսած արիւնը կարող էր սարսափեցնէր բռնաւոր Թուրքին: Կուսակցութեան հեռաւոր նպատակը հասարակութեան ընկերային, քաղաքական եւ տնտեսական մարզերում ընկերվարական գաղափարների ներդրումն էր: Յեղափոխական կազմակերպութիւնը ու նրա գործունէութեան ծրագիրը ստեղծուած էին, անհրաժեշտ էր այն սերմանել հայ ժողովուրդի գիտակցութեան մէջ, որ մասնակիցը լինէր երկրում թուրքի գարշահոտ ախտը »Աւգեան ախոռների աղբի» նման տանել լցնելու հեղեղատներ:                          Կուսակցութեան պաշտօնաթերթ հրատարակեցին, Ռուս Հերցենի լոյս ընծայած թերթի՝ »Կոլոկոլ» (զանգ) անունից, այն հայացնելով կնքել էին՝ »Հնչակ» անունով: Նրա անունով կազմակերպութեան անդամները կոչուել էին »Հնչակեաններ», կազմակերպութիւնը՝ »Հնչակեան Կուսակցութիւն»: Յետագային,  յեղափոխական կազմակերպութիւնը որդեգրել էր՝ »Սոցիալ Դեմոկրատական Հնչակեան Կուսակցութիւն» անուանումը: 1896 թուականին, Լոնտոնում, կուսակցութեան գաղափարախօսութեան եւ արեւմտեան Հայաստանի ազատագրական պայքարի հարցերի տարակարծութիւնների պատճառով այն պառակտուել էր երկու հոսանքների՝ »Վերակազմեալ Հնչակեաններ» եւ »Ձախակողմեան-Ընկերվարական Հնչակեաններ»: Հեռու արեւմուտքից, իրենց նախնիների երկիրը ազատագրելու ելած երիտասարդների մտքերի անդաստաններից յառնած յեղափոխութեան ոգու հովիկները, բազմած փերիների թեւերին, հասել էին Բիւզանդիոն, Արմին-հայերի աշխարհ, Ռուբինեան իշխանների չքնաղ երկիր Կիլիկիա: Բիւզանդիոնի եւ երկրի այլ բնակավայրերի ուսեալ ու աշխատաւոր Արմին-հայեր, որոնց սրտերում Հայոց աշխարհի ազատագրական պայքարի տենչն էր բռնկել՝ մտել պայքարի շարքեր: Հազար-հազար անձնազոհ մարդիկ զէնք վերցրել, ելել երկրի ազատագրութեան կռուին: Սասունում, Զէյթունում, Շատախում, Վասպուրականում, Վանում, Շապին-Գարահիսարում, Մուսա Լեռում եւ այլուր կռիւ տուին թուրքին, սպաննեցին նրա յոխորտանքը, արիւն տեսաւ թշնամին, սարսափեց, բանակ բերեց լեռներ, շատ-շատ էին: Այդպէս չի լինի ասացին, անհրաժեշտ է ամբողջ Արմինա-Հայաստան երկիրը յեղափոխութեան խարոյկներով շառագունել, զէնքի հազար-հազար  համազարկների պայթիւնների որոտներով կռիւ տալ դուշմանին, ազատութեան հողմեր մռնչէին Արմին-հայերի լեռներում, հայոց պատերազմի ու յաղթանակի աստուած Վահագնի շանթերի ոգին կռուի տանէր Արա աստուծոյ արեւորդիներին: Կուսակցութեան երդուեալներ երկրի շէներ գնացին՝ Արմին-հայերին համընդհանուր յեղափոխութեանը նախապատրաստելու:            Մուսա  լերան լանջերին, որպէս երկնքից ընկած աստղաբոյլեր շողշողում էին վեց Հայկական շէներ: Նրանց բնակիչները յամառ ու յախուռն էին, զէնքի գործածութեան վարժ, հմուտ որսորդներ ու դիպուկ նշանառուներ էին: Հայոց Տիգրան արքայի յաղթական զօրքի հետ, Հայաստանի հարաւային կողմերից եկել բնակութիւն հաստատել մուսա քոյրերի լոյսով հրավառուած լերան լանջերին: Հնչակեան ականաւոր գործիչ Աղասին, 1890-ականների սկզբներին, 14 ընկերների հետ եկել էին Մուսա  լերան շէներ, նրանց մարդկանց նախապատրաստելու Հայաստանի ազատագրութեան համընդհանուր յեղափոխութեան կռուին: Նրանց մարդկանց սրտերին ազատագրական պայքարի ոգու խարոյկներ վառեցին, յորդորեցին պատրաստ լինել Հայոց կռուին: Հնչակեան գործիչների թուրքի դէմ ազատութեան կռուի ելնելու ոգու այդ կանչերն էին իրենց լեռներում դուշմանի դէմ մարտնչելու տենչի բոցեր վառել: Շատ անգամներ աւելի հզօր թշնամու զօրքի դէմ կռուի ելել, հինգ յաղթական ճակատամարտերի լուսապսակ ճակատներով հասել հեռու ծովի ափերի փարաւոնների երկիր:  »Քսան պարոններ» էին ասում նրանց, այցելել էին շէների տներ, առանձին զրոյցներով յորդորել պատրաստ լինել կռուի: Աղասին այցելել էր նաեւ Եօղունօլուգ գիւղի Հապէշեան Գէրնեզի տուն: Նրան պատմել, որ ազատագրուած Հայաստանում թագաւոր պիտի լինի: Գէրնէզը, գեղջուկի պարզամտութեամբ ասել էր, որ հայոց թագաւորը թող իրենց գիւղից լինէր: Աղասին հարցրել էր՝ ուր էր լինելու նրա նստավայրը, Գէրնէզը պատասխանել՝ ահա այս սենեակում, ես պատշգամբում կը քնանամ, ինքն էլ այստեղ: Իրօք որ Հայոց ազատ աշխարհում »թագաւոր թագադրեցին»  Եօղունօլուգի Տէր Պետրոսեան գերդաստանի ժառանգ՝ Լեւոնին: Հնչակեանների համընդհանուր կռուի ելնելու ոգու հովիկները հասել էին նաեւ Սիւնեաց Բակուր Նահապետի աշխարհի հարաւ՝ Մեղրի գաւառ: Նրա շէնի բնակիչ Մաթէոս Սարգիսեան-Փարամազը՝ զինուորագրուել էր Հնչակեան գաղափարախօսութեանը: Հայաստան աշխարհի ազատագրութեան կռուին մասնակից լինելու համար՝ թողել հայրենի երկրի շէն, թողել գործ ու տուն, կին, դուստր, հայր ու մայր, գնացել հրացոլուելու հայոց կռուի շանթերի հրավառ լոյսում: Գնացել հասել արեւմտեան կողմն հայոց աշխարհի, նրա աշխատաւոր մարդկանց  ազատագրական պայքարին զօրավիգ կանգնելու, այրուելու նրանց ընդվզման փոթորիկների հնոցներում:             

Հնչակեան կուսակցութիւնը չէր մասնակցել 1907 թուականի Փարիզի Երիտ թուրքերի »Իթթիհատ Վէ Թերաքի»  համաժողովին,  ծանօթ էին նրանց հակահայ թաքուն գործելակերպին: Այդ համաժողովը նրանց առաջնորդեց Թուրքեայում իշխանութեան զաւթմանը, գահընկեց արեցին Սուլթան Համիտին: Հնչակեանները չգործակցեցին Երիտ թուրքերի հետ, երկրում ճանաչուեցին օրէնքից դուրս կուսակցութիւն: 1911 թուականին, Սելանիկ-Յունաստանում կայացել էր »Իթթիհատ Վէ Թերաքի» – »Միութիւն եւ Առաջդիմութիւն» կուսակցութեան »Գորշ գայլեր» ոհմակի համաժողովը: Հայութեան բնաջնջման որոշում ընդունուել: Այն պիտի իրագործուէր գալիք համաշխարհային պատերազմի ընթացքում, Թուրքիան Գերմանիայի կողքին մասնակից լինելու յաւակնութիւն ունէր:   Տասնըհինգերորդ դարում Իսպանիայի թագաւորութիւնը երկրից վռնտել էր հրեայ բնակիչներին: Նրանցից շատեր հասել էին յոյների երկիր: Ուրացել  իրենց կրօնքը ու ծագումը, ժամանակի ընթացքում »Տէօնմէ» իսլամ թուրքեր դարձել: Ծագումով հայ եղած Ենիչէրիները աւելի դաժան էին քան իրենց տէրերը, Տէօնմէ հրեաների պղտորուած արիւնն էլ աւելի դաժան եղաւ քան բուն թուրքինը: Համաժողովում նրանց ընդունած որոշումները գաղտնի չէին մնացել Հնչակեան կուսակցութիւնից: Համաժողովին մասնակցած Թուրքիայի »Իթթիլաֆ» կուսակցութիւնը, Իթթիհատի ընդունած  որոշման մասին տեղեակ էր պահել Հնչակեանների ղեկավարութեանը: 1913 թուականի Սեպտեմբերի 13-ին, Ռումինիայի Կոնստանցա (Քիւստենջա) քաղաքում, գումարուել էր Հնչակեան կուսակցութեան 7-րդ ընդհանուր համաժողովը, որոշում էր ընդունուել ահաբեկել իթթիհատական ղեկավար անձանց վոհմակը, կանխարգելելու համար գալիք պատերազմին Թուրքիայի մասնակցութիւնը ու հայերի բնաջնջման նրանց ծրագրի իրականացումը: Համագումարի ընդունած որոշման կատարումը յանձնարարուել էր իրականացնելու Փարամազին, նա համագումարին ներկայ չէր: Այն ոչ միայն Հնչակեան կուսակցութեան, այլ նաեւ հայ յեղափոխական պատմութեան ընթացքում կայացուած առանձնակի որոշում էր:

 Փարամազ, Հայաստանի տարբեր շրջաններում էր, հայերին տոգորում էր ազգային-ազատագրական պայքարի, կուսակցութեանը տեղեակ պահում այնտեղ տիրող իրավիճակի մասին, որ »Իթթիհատի զուլումը չափ ու սահման չունի .  .  . հայութեան դահիճները սպասում են յարմար առիթի՝ հայոց ոչնչացման արհաւիրքը իրականացնելու համար: Պէտք չէ տնտնալ անմիջապէս հակահարուած տալու համար»: 1914 թուականի Յուլիսին Փարամազը Կոնստանդինոպոլսում էր: Նախապատրաստում էր համագումարի որոշումը իրականացնելու ձեռնարկումը: Համախմբում է Հնչակեան կուսակցութեան որոշ անդամների, պարմանուհի Երանուհի Դանիէլեանին հաւաքագրում որպէս կապաւոր: Հնչակեանները չէին իմացել, որ իթթիհատական եռեակը տեղեակ էր եղել իրենց համագումարի որոշմանը: Այդ մասին Համագումարի մասնակից՝ լրտես Արթիւր Եսայեանն էր հաղորդել Իթթիհատին: Արթիւրի կեանքի ապահովութեան համար, կառավարութիւնը նրան ապաստանել էր Ադանայի բանտ: Վրիժառու հնչակեաններ գտել նրան, մահապատժի ենթարկել: Որպէս անպէտք մարդ, ֆրանսական իշխանութիւնը կարգադրել  նրա դին աղբանոց նետել:

           1914 թուակաի Յուլիսի 16-ին, խմբի հաւաքի հանդիպման ատեն, Կոնստանդինոպոլսի ոստիկանութիւնը ձերբակալել էր Փարամազի խումբը, բոլորին  կալանատուն տարել: Տապալուել էր հայութիւնը բնաջնջումից փրկելու ծրագիրը: Թուրքիայի արարչական Արմին-հայերը, իրենց իսկ բնօրրանում, իրենց հաւատքի խաչի հետ խաչուեցին, արդեօք վշտից չէ՞ին ծխացել Արմինա երկրի Նեմրութ, Վարագ, Թոնտրակ, Արտոս, Սիփանի յանգած հրաբուխները … :

            1915 թուականի Մայիսի 14-ին թուրքի պատերազմական ատեան: Դատում էին քսան բոցաշունչ ոգեղէն քաջերի, դատում էին միտք, ոգի, ազատութիւն: Դատում էին, որպէսզի մարէին նրանց գաղափարի ճախրանքը, հայրենիքի ազատագրութեան լոյսը, որ մթնէր Արմինա երկրի կապուտակ երկնակամարը: Նրանք, իրենց դրախտիկ լեռնաշխարհում բոցավառել էին ազգի ազատութեան կրակի լոյսը, հայոց աշխարհի փառքի հրաշէկ ոգու կանթեղը, որից ճառագած լոյսը շառագունել էր Ֆէտայի դարձած ռանչպարների ու հայրենիքի ազատագրութեան զոհուելու հազար-հազարների սրտերը: Քսանների մարտաշունչ, բոցավառ տրիբուն՝ հայկազուն Հնչակեան Փարամազը արեւավառ մրրկահաւի խոյեանքով դատապարտել էր դատողներին: Դատաւորների դիմաց, քսան Հնչակեան ընկերների հետ, յաղթ կանգնել էր Փարամազը,  պաշտպանական ոգեշունչ ճառ էր արտասանել.

  Ի՞նչ չըրինք մենք այս դժբախտ երկրի երջանկութեան համար: Ի՞նչ անսահման զոհողութիւններու յօժարեցանք, ինչքա՜ն եռանդ ու արիւն չսպարեցինք Հայ եւ թուրք եղբայրութեան իրականացման համար: Ինչպիսի՜զրկանքներ չառինք փոխադարձ վստահութեամբ զիրար բարձրացնելու համար: Ու ի՞նչ տեսանք . . . Ոչ միայն դուք անտարբերութեամբ՝ամլութեան դատապարտեցիք մեր ահագին ջանքերը, այլ գիտակցաբար հետամուտ եղաք մեր բնաջնջումին, մոռանալով, որ հայութեան բնաջնջուիլը բուն իսկ Թուրքիոյ կործանման համազօր է: Դուք քաջալերէցիք ոճիրն ու հարստահարութիւնները ու լռեցնել ջանացիք բողոքող մէն մի արտայայտութիւն: Դուք մեր կենսահիւթով ապրեցաք դարեր շարունակ եւ երբեք չուզեցիք, որ հիւթին աղբիւրը իրաւունք ունենար ապրելու եւ արտադրելու: Դուք ճնշեցիք մեզ՝ երբ կամազուրկ ռայա էինք եւ ողբալի համբերատարութեամբ կը հանդուրժէինք ամէն ստորացում: Դուք ահաբեկեցիք մեզ՝ երբ օր մը ուզեցինք թելմաշ գոյութիւն մը խնդրել մեր իշխանաւորներէն: Դուք զայրացաք երբ Արեւմտեան քաղաքակրթութեան սերմերը ուզեցին աճեցնել՝ մեր ու ձեր ապագան երաշխաւորելու: Դուք մեզ ջարդել սկսաք երբ օրին մէկը վճռեցինք մեր արժանապատւութեան համապատասխան դիրքի վրայ բարձրանալ: Դուք մեզ օրէնքի պաշտպանութենէն դուրս ձգեցիք, երբ Միդհատեան պոչատ սահմանադրութեան արտօնած իրաւունքներէն օգտուիլ ուզեցինք: Պարոններ՝ դատեցէք մարդիք իրենց գործերով, իրենց աւանդութիւններով՝ իրենց գաղափարական կալուածի մէջ: Ես անջատողական չեմ այս երկրի հանդէպ, ընդհակառակը, ինքն է որ կ’անջատուի ինձմէ, չկարենալով հաշտուիլ զիս ոգեւորող գաղափարներուն հետ: Եւ ես կը ներեմ իրեն, առանց պահաջելու որ ինք ալ ինձ ներէ, թէեւ փիլիսոփայ մը ըսած է՝ »Լաւ է տասը յանցաւորի ներել, քան թէ անմեղ մը դատապարտել»: Փարամազը շարունակել էր՝ »Մենք սոցիալ դեմոկրատներ ենք, մեր հայրենիքը աշխարհն է, մեր ազգը ամբողջ մարդկութիւնն է . . . մենք մեր գաղափարները տարածել ենք հաւասարաչափ եւ հային եւ թուրքին, եւ ասորիին, եւ ցանկացած այլ ազգի ներկայացուցիչին:

 Ատեանի վերջին նիստին նախագահողը իր ելոյթում ասել էր.

Այս դատավարութիւնը իր մէջ ունեցաւ անսովոր եւ անօրինակելի բան մը: Անօրինակելի, այո, որովհետեւ ո′չ դուք եւ ոչ ալ մենք զիրար թափանցելու իմաստութիւնը ունեցանք… Չէք կրնար երեւակայել, էֆենտիներ, թէ այդպիսի դառնութեամբ է, որ պիտի յայտարարեմ համոզմանս խորութիւնը ձեր մէջ ամբարուած անսահման հայրենասիրութեան մասին… Ինչե՜ր չէին կրնար ընել ձեզի պէս խանդավառ մարդիկ, եթէ հասարակական երջանկութեան տեսլականը ընդհանուր դրօշի մը տակ հետապնդուէր… ի՞նչ բարիքներ կրնային ծնիլ խուսափող իրարհասկացողութենէ մը, որուն ներփակ ծայրը տխուր է եւ մթին… :

 Այո, անսահման հայրենասիրութիւնը եւ նրանց դաւանած գաղափարների նուիրման վեհութիւնը միաւորել էին այդ քսան պայծառ արեւորդիներին, որոնք չընկրկեցին կախաղանի առաջ, բոլորը միասին ըմպեցին մահուան դառնագոյն բաժակը:

Պոլիս, Գում Գաբու թաղի քահանայ՝ Տէր Գալուստ Պօղոսեանը խաղաղ ննջում էր, ո՜վ իմանար ի՜նչ անուշ անուրջների մէջ էր ընկողմանել, երբ տան դուռն էին թակել, շտապել էր մօտենալ, եւ ի՞նչ… ոստիկաններ: Հրամայել էին հետեւիլ իրենց, յայտնել էին, որ »Պաշտօնդ կիրարկելու համար կը կանչուիք»: Առաջնորդել էին իրեն ոստիկանատուն եւ լպիրշ պաղարիւնութեամբ յայտնել, »Ձեր տաք գլուխներէն մի քանիներ, Հայաստանի անկախութեան ազատագրական պայքարի եւ մեծ ոճիր կատարելու ծրագրի համար  դատապարտուածների մահավճիռը պիտի գործադրուի, հրաւիրել  կրօնական պարտականութիւն կատարելու:

Ժամն էր տասներկու, մութն էր գրկած սուլթանների պալատները, Պոսֆորի կապոյտ ջրերին սեւ էր իջել: Տէր Գալուստին առաջնորդել էին պատերազմական ատեան: Այնտեղ էին քսան հնչակեան արորդիները, այնտեղ էին ժամանել երկրի դատախազն ու այլ պաշտօնատարներ: Ատեանը, նրանց մահուան դատապարտելու  վճիռն էին ընթերցել… եւ բոլորը միաբերան կանչել էին՝ »Կեցցէ Հայաստան, կեցցէ Հայաստան»:  Նրանք անզօր էին սպաննելու հայու արեւալոյս գաղափարները, արեւորդիների Հայաստան աշխարհի ազատութեան արբշիռ երազանքը: Արմին հայի հանճարից յորդած շքեղազարդ պալատներ՝ Սուլթան Պայազիտի հրապարակ: Եռոտանի կախաղանափայտերն էին մահագոյժ ցցուել, փայտերից կախուած պարանների օղակներ էին: Փարամազն էր քսան ընկերներին առաջնորդել դէպի կախաղաններ, հանգիստ ու անվրդով կանգնել էին օղակների տակ: Հայեացքներն էին յառել երկնակամարում վառուող աստղերին: Նրանք խնդրել էին Տէր Գալուստին սուրբ հաղորդ ստանալ, հայոց հաւատքի մասունքով իրենց հոգիները պսակել Հայաստան աշխարհի ոգեղէն խորհուրդով: Իրենք էլ, որպէս գաղափարի առաքեալներ երկիւղածութեամբ համբուրել խաչը: Օննիկ Թոփուզեան խօսքը Տէր Գալուստին ուղղելով ասել էր՝ »Տէր Հայր, տուր այս չոր թաշկինակը մօրս եւ ըսէ, որ այն երբեք թրջուած չէ արցունքով»:

 Առաջինը կախաղանի օղակին մօտեցել էր Փարամազը իր կտակի թուղթն է յանձնել՝ »Հայը մեռնում է կաթիլ առ կաթիլ: Փոխանակ կաթիլ առ կաթիլ մեռնելու եւ անէանալու, հայը մի անգամ եւս պիտի մեռնի, որ հայը ապրի: Դուք մեր մարմինները կրնաք կախել, իսկ մեր գաղափարը, ո′չ: Հոն ուր կախաղաններն են ճօճւում, ազատութիւնն է ման գալիս, հոն ուր մեռելներն են ննջում յարութիւնն է մօտալուտ: Մեր գողգոթաները Նազովրեցիի Գողգոթայէն աւելի վսեմ եղան, մեր խաչը Օծեալի խաչէն աւելի ծանրագոյնը եղաւ, բայց մեր յաղթանակները գերագոյնը պիտի ըլլան յաղթանակներուն»: Նրա վերջին կոչականն էր՝ »Դուք վաղը պիտի տեսնէք արեւելքի հորիզոնի վրայ Սոցիալիստական Հայաստանը»:

  Տօքթոր Պէննէ յախուռն կանչով ազդարարել »Դուք մեզ քսաններիս կը կախէք, բայց իմացէ′ք քսան հազարներ պիտի հետեւին մեզի»:

Իրենց տրուած ճերմակ շապիկներն էին հագել, հրեշտակների թեւերին բազմած ճերմակ հագուստով, իրնց յաւերժութեան ճամբաների երթով թռչելու իրենց Հայկ Նահապետի համաստեղութիւն: Տէր Գալուստը իր պարտականութիւնը կատարելուց յետոյ կանգնած մնացել կառափնատեղիում հոգիով մարտիրոսանալու նրանց հետ: Ապա ընկերացել է նահատակների դիերին, գնացել Գում Գաբու գերեզմանատուն կատարելու նաեւ նրանց թաղման կարգը: Անմիջապէս գնացել  Պատրիարքարան, Զաւէն Պատրիարքին տեղեկացնելու եղեռնագործութեան մասին մանրամասները:

  • Փարամազ ,                  
  • Երուանդ Թօփուզեան,         
  • Մինաս Քէշիշեան,       
  • Յակոբ Պասմաճեան,
  • Տօքթ.Պէննէ                   
  • Հրանդ Եկաւեան,                  
  • Վահան Պոյաճեան,      
  • Աբրահամ Մուրատեան,
  • Վանիկ,                          
  • Թովմաս Թովմասեան,         
  • Գարեգին Պօղոսեան,   
  • Երեմեայ Մանանեան,
  • Արամ Աչըքպաշեան,  
  • Յակոբ  Գազազեան,              
  • Պօղոս Պօղոսեան,        
  • Արմենակ,
  • Մկրտիչ Երէցեան,                            
  • Յովհաննէս Եղիազարեան,  
  • Գառնիկ Պոյաճեան,     
  • Պիթլիսցի Պետրով:

Տէր Գալուստ Պօղոսեանը, ուղեկցող նամակով Էջմիածնի Վեհափառ Հայրապետին էր ուղարկել այն խաչը, որ քսանները  համբուրել էին կախաղան բարձրանալուց առաջ: Այն տուփը, որ պարունակում էր խաչը պահպանւում է Վեհափառի անձնական պահարանում: Այդ խաչը դեռ տաք է քսանների շրթների ջերմից, եթէ հոգու երկիւղած ակներով նայէիք նրան, այնտեղից պիտի յառնէր նրանց արեւափառ լոյսը, իսկ եթէ անէացած նայէիք պիտի տեսնէիք աստղային ժպիտներով  քսանների արեւոտ դէմքերը:

 Ես, Մուսաների  լերան շէնի տարեց այր, գիւղի լաճ դարձած գնում Եօղունոլուգի Վերի Թաղի Հնչակեանների ակումբ, ի՜նչ աղուոր է երեւակայութեան ճախրանքով տեսնել այն բոլորը որը անցել է: Մտնում բաց դռնով, դիմացի պատին լոյս է վառւում, նահատակուած քսան կախաղանների համախումբ ու առանձին պատկերներն են: Նրանց ազատութեան պայքարի լոյսը հասել էր արի մարդկանց շէներ, կռուի տարել նրանց, սպաննել դուշմանի յոխորտանք, պատռել իրենց լեռներ եկած զինուորների սրտեր: Արի մարդկանց պայքարի ոգին էր յաղթանակել: Դրօշակ էր քսանների գլխավերեւ, փշրուած շղթաները կարծես դեռ օրօրւում էին քաջերի զարկից: Լեռնականի հպարտ սրտով պատմում էին, որ հեռու երկրի հնչակեան մտաւորական, ազգային յանդուգն գործիչ՝ Տխրունին էր Մուսա Լեռ  այցելութեան ատեն քսանների պատկերները ու խոշոր գունաւոր դրօշակը նուիրել շէնի Հնչակեան ակումբին: Եօղունօլուգ գիւղի հնչակեան ղեկավարներ՝ Յովհաննէս (Վէնիս) եւ Յակոբ եղբայրներն էին նրան այցելութեան հրաւիրել: Պատին էր նաեւ Մեծն Արփիար Արփիարեանը, զարմանալով նայում մօրուքաւոր ականաւոր հնչակեանին, ափսոս որ իր համախոհներով կուսակցութեան երկփեղկման պատճառ հանդիսացաւ, նրա ծրագրում թողնելու միայն »մօտաւոր» ազգային նպատակը: Պառակտուեց կուսակցութիւնը, երկու մասերի բաժանուելով տկարացաւ, ափսոս Աւետիս Նազարբէկի ջանքերին: Քսանների դաւանած սոցիալիստական ու յեղափոխական գաղափարները նաեւ դաւանել են, իրենց մտքերը պայծառացրած ծագումով թուրք մարդիկ: Փարամազին նուիրուած գիրք են հրատարակել: Հաւաստել են, որ Փարամազն ու քսան կախաղանները երկրում առաջինը սոցիալիստական սերմեր են ցանել եւ որ նրանք երկրի սոցիալիստների ու աշխարհի համայն յեղափոխականների հերոսներն են, իրենք նրանց գաղափարախօսութեան ջահակիրներն են, եւ որ իրենց համախմբում է »Փարամազի ու քսանների աշխարհամտածելակերպի պայքարը» եւ որ ամէն տարի նրանց նահատակութիւնն են  ոգեկոչում: 

            Քսանները, ազգին փրկելու կռուին էին գնացել, թողած գործ, հայրենի հող, կին ու զաւակ, հայր ու մայր փարել էին ազգային ազատագրական պայքարի գաղափարական ոգու հողմերին, նետուել նրա յորձանուտ, աշխարհին աւետելու, որ Արմին-Հայ ցեղը գիտէ ազատութեան համար այրուիլ: Նրանց ճշմարտութեանը դաւեց արիական արիւնով չճառագած »սեւ հոգիով» մարդը, նրանց մեղադրեցին կղերականներ, արեւոտ մտքերով մտաւորական այրեր հաւատացին թուրքի ժպիտին: Ցեղի քսան առաքեալները նրանց ասացին մի խաբուէք այդ հրէշածին մարդկանց ժպիտին, ահա նրանց իսկ ընդունած ցեղը բնաջնջելու որոշումը: Ափսոս եղաւ արարչական ցեղին, մի վոհմակի բնաջնջումը պիտի խափանէր ցեղի, երկրի բնաջնջումը, Արմինա-Հայաստան երկրի քանդումը: Նորէն յառնեց ցեղի արարչական ոգին, ստիպեց աշխարհին ընդունել, որ թուրքը ցեղ է սպաննել իրենց Արմինա  դրախտիկ երկրում, պահանջում որ մեղայ կանչէր, հատուցէր գործած ոճիրը …:

 Եթէ  դուք բարձրանայիք Տարօն-Վասպուրական աշխարհի երկնակամարին հպած Նեմրութ  լերան գագաթ, պիտի ապշէիք տեսնելով ոսկէփայլ լուսաշող մի նոր աստղաբոյլ, հաշուէիք նրա աստղերը, առաջին մեծութեան քսան աստղեր գիշերներին այնտեղ լոյս են ճառագում: Ազգային գիտակցութեան, ազգի պայքարի անձնազոհութեանը գնալու ցեղին սրտից ծաղկած լոյսն է այն: Այդ բոցավառ աստղերի երկնակամարում փայլատակող լոյսի շողերում Փարամազի, Պէնէի, Վանիկի ու բոլոր քսանների ստուերներն են ժպտում: Օղակ պարաններով շնչահեղձ արեցին ազնուազարմ մտքի քսան առաքեալների, մարեցին միտք, մարեցին երեւակայութեան ճախրանքի թռիչք, մարեցին սրտերի զարկեր, սակայն անզօր եղան մարելու նրանց հոգիներից ճառագած քաջ Նահապետի ոգու ջահերի լոյսը, Արմինա-Հայաստան անկախ երկրում վառուող արարչութեան լոյսը: 

 Հարիւր չորս տարիներ … ամէն Յունիսի 15-ին, Արմին-հայերը  քսան ընկերվար քաջերի սխրանքի գաղափարի լոյսը փառաբանում, յուշատօներ կատարում, ափսոսում նրանց մահը, եւ դեռ նրանք ինչե՜ր չէին անելու … : Յանուն ցեղի յարատեւման պայքարի, յանուն արեւելքի հորիզոնին փայլող ազատ Հայաստանի, յանուն քսանների աստղաբոյլի լոյսի յարատեւութեանը՝ հայոց երգահանների համանուագներ հնչեն, հազար թմբուկ զարկեն: 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ