Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Հայկական Լեգէոնի Արարայի Գրոհը …

Սեպտեմբեր  19,  1918

Հարիւր երեք հարիւրամեակի առթիւ

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ

Պատիւ Մուսա լեռցի լեռնականներին, որոնք յաղթական կռուից եկած իրենց սուրը պատեան չդրին, ասացին թշնամու դէմ իրենց կռիւը դեռ չի վերջացել, զինէ’ք մեզ, տարէ’ք կռուի այնտեղ որտեղ դուք տանուլ  տուել ձեր կռիւը 

Թրքական վարչապետարանի ընդհանուր տնօրէնութիւնը երկու հազար չորս թուականին՝ »Հայ Ֆրանսական Յարաբերութիւնները Օսմանեան Պատմութեան  Ընդմէջէն» գրքի Գ. հատորն էր հրատարակել: Այդ գրքում հրապարակուել էին Օսմաներէն ու ֆրանսերէն փաստաթղթեր՝ 1921-1922  տարիներին ֆրանսացիների հետ հայերի գործակցութեան մասին: Այնտեղ յիշատակուել են  ֆրանսական զօրքերի կողմից գրաւուած շրջաններում ապրող քաղաքացիների դէմ իբր Հայ զինուորների կողմից գործադրուած բռնարարքներ: Գրքի մէջ զետեղուած են նաեւ փաստաթղթեր, որտեղ վկայուած են, թէ Հայ զինուորներ յարձակած են Այնթապի, Ուրֆայի, Մարաշի եւ այլ բնակավայրերի մէջ բնակուող իսլամ բնակչութեան վրայ:

Ֆրանսական զօրքի մէջ ի՞նչ Հայ զինուորներ: Սուրիա, Կիլիկիա արշաւող ֆրանսական բանակի մէջ ոչ թէ Հայ զինուորներ, այլ՝ Հայկական լեգէոն, առանձին հրամանատարական կազմով հայերի զօրաբանակ: Ո′չ, նրանք զինուորներ չէին, վրէժի ցասումով բռնկած լեգէոնական մարտիկներ էին, որոնք ցեղին սրտի ցաւի մորմոքը իրենց սրտերում, զէնք էին վերցրել՝ թշնամուն զարկելու: Նրանց գերդաստանների տարեց այրեր, կանայք ու աղջիկներ, մանուկներ մահուան կարաւաններ դարձել, թշնամու եաթաղանները պատռել էին նրանց լանջերը, մարել էին մանչերի նայուածքներում հրեշտակային խինդի ժպիտը, նրանց արեգակունք ակների լոյսի բոցերը, հողի մշակների հորովելների երգերը: Լեգէոնական մարտիկների ստուար մի մասը դեռ նոր էին իրենց լեռների բարձունքներում յաղթական ճակատամարտեր մղել նրանց դէմ: Կռուի ու վրէժի արեւավառ տենչով, իրենց Վահագնի յաղթանակի ու պատերազմի ոգու արեգակի հուրը սրտերում՝ զինուորի հագուստով զէնքին էին փարել, պիտի արշաւէին Կիլիկիա: Հայը ցանկացաւ նորէն քայլել իրենց անուշ Կիլիկիայի հողին, Հռոմկլայի կաթողիկոսանիստ տաճարում աղօթելու, ունկնդրելու իրենց վարդապետների արեգակի արդար լուսոյ շարականները:

 Ռազմանաւեր էին խարսխել հայկական ծովածոցի  փոթորկած ջրերում, դիմացն էր արեւի հրէ թագի ճակատին ելած լերան գագաթը, նրա կողերից ջրվէժող կանաչը հոսում էր ծովի կապոյտ ջրերին: Կռիւ էր այդ լեռներում, հայու ալէաբորբ հոգու »Դաւթի Թուր կեծակին» զարկում թշնամուն: Մոլորակի բազում ազգեր պատերազմում էին, օ˜հ, այդ պատերազմում ողջակիզւում էր արիական մի ցեղի սիրտը: Ռազմանաւերի տէրերը՝ պատերազմող Ֆրանսիա, Անգլիա չյանդգնեցին այդ լեռներու ճակատել թշնամուն, ստիպեցին լեռնականներին մարել հրացանների որոտները, լքել իրենց լեռները, գնալ ո՞ւր եւ ի՞նչու:

Յիսուն երեք օրերի յաղթական մարտերից յետոյ՝ Եգիպտոս, Փորթ Սայիտ նաւահանգստի միւս ափին Լազարէտտօ առողջապահական աւանի աւազուտներում էին, կանաչ հիւղակների փոխարէն ապաստանել ՀԲԸՄ -ի ջանքերով ձեռք բերուած վրաններում: Վրանաքաղաք էին այն անուանել, վրան-դպրոցներ, վրան-եկեղեցիներ էին: Արեւի վարսերը այրում էին, իրենց լեռների լանջերի արեւը տաքուկ շոյում էր դէպի իրեն երկարած այգիների ծառերի թեւերը, ծիածան գօտի կապում նրա մէջքին, մտածում էին այդ արեւի իրենց երկրի արե՞ւն էր: Խաղաղ էր այդտեղ, ո’չ այգիներ, ո’չ ցորեանի ծովեր, ոչ արօր ու մաճկալ, ոչ ալէծուփ լեռների կանաչ լանջեր, ոչ մանուշակի կապոյտ ծովեր, ո’չ շանթերի կրակալոյսը գրկած Նար Ծովինարի անձրեւ, ո’չ պայթող աղբիւրների ջրերի հռնդիւն: Աշխարհի կռիւն էր դեռ մոլեգնում, իրենց սրտերում դեռ չէին մարել հայրենի լեռներում հրացանների պայթիւնների որոտների արձագանգը, իրենց դեռ չաւարտուած կռիւն էին տենչում, իրենց հոգիներում վրէժի բոցեղէն խարոյկն էր:

Վրանաքաղաքում աւագանին ժողով էր գումարել, ի թիւս այլ հարցերից, Գաբրիէլ Գազանճեանից, Մարտիրոս Պօյաճեանից ու Սերոբ Գազանճեանից բաղկացած պատուիրակութիւն մը ստեղծել էին: 1916 թուականին ներկայացել էին ֆրանսական զրահանաւի հրամանատար՝ Պընուա Տ՝Ազիրի-ին, նրան հաղորդել ֆրանսական բանակին զինուորագրուելու իրենց ցանկութեան մասին: Հրամանատարը խորհրդակցել էր Ֆրանսական նաւատորմում ծառայող ծովային սպայ Տիրան Թէքէեանի հետ: Տիրան, որ ֆրանսական ռազմանաւերով Մուսա լեռցիների փրկութեան սատարողն եղել ու անձամբ ականատեսը այդ կտրիճ լեռնականների քաջութեանը, զրահանաւի հրամանատարին թելադրել էր ընդառաջել նրանց ցանկութեանը:

Տիրան Թէքէեանի կողմից խմբագրուած զգայացունց դիմումնագիրը զրահանաւի հրամանատարը ուղարկել էր Ֆրանսա պետական նախարարին: Վրանաքաղաքի աւազուտների բացատներում Մուսա լեռցի երիտասարդները սկսել էին զինուորական մարզանքների ու զինավարժութեան փորձեր կատարել: Ֆրանսական կառավարութիւնը անսացել էր լեռնականների խնդրանքին, Փորթ Սայիտ ուղարկել գնդապետ Ռոմիիօին, յանձնարարել »Արեւելեան Լեգէոն» կազմելու հնարաւորութիւնը ուսումնասիրել: Այդպէս էին ցանկացել անուանել նոր զօրագունդը, սակայն յետագային համարեայ ամբողջութեամբ հայերով համալրուած լինելով այն  վերանուանուել էր »Հայկական լեգէոն»:

Վրանաքաղաքի լեռնականների հոգիներում պատերազմի շեփորների հրավառութիւն էր, արեւը գրկած հրացանների սուիններից ժայթքած կրակը վրէժի ջահեր պիտի վառէր, պիտի կռիւ լինէր, պատերազմի էին գնում: Ցեղի մարտիրոսացած հոգիների ստուերներն էին վրէժի կանչում: Լեգէոնին զինուորագրուել էին վեց հարիւր Մուսա լեռցի լեռնականներ, իրենց լերան կռուի քաջութեան դափնեպսակին փառքի արեւալոյս նոր ծիածաններ պիտի շողային, որոնցից մէկն էլ Կապորալ դարձած հայրս՝ Արմենակ Պօղոս Լագիսեանն էր: Հապա նրանց պատումը գրելիս, ինչքա˜ն  եմ նրանց քաջութեան սիրով արբեցել,  երեւակայութեանս լուսաճաճանչ շողերին բազմած՝ ես էլ զէնք գրկած նրանց հետ գրոհի գնացել, ափսոս, որ դեռեւս աստղերից իջած չեմ եղել, ես էլ հոգուս հուրի նետերը զարկէի թշնամու դէմքին: Իրենց բնաշխարհից պոկուած Եգիպտահայերի երեք հարիւր հայեր նաեւ զինուորագրուել էին Լեգէոնին: Թրքական բանակի զօրանոցներից, ճանապարհային տաժանակիր աշխատանքից ճողոպրած հարիւրաւոր փախստականներ հասել վրանաքաղաք Հայու զօրագունդին զինուորագրուելու,  գնալ զարկելու թշնամուն:

Հեռու երկրներ՝ Ամերիկա, ֆրանսա արձագանգել էին Հայկական լեգէոնի շեփորների ղօղանջներին: Այնտեղ հանգրուանած Սեփաստացիներ, Արաբկիրցիներ, Խարբերդցիներ, Վանեցիներ եւ իրենց նախնիների  բնաշխարհի այլ աւաններից ու շէներից արեւորդիներ՝ իրենց ցեղակիցների ցաւն իրենց սրտերում, ժամանում Փորթ Սայիտ, զինուորագրուելու նորաստեղծ  զօրագունդին: Ամերիկայի հարիւրաւոր քեսապցիներ կարծես վազելով էին հասել Փորթ Սայիտ զինուորական համազգեստ հագնելու, զէնք վերցնելու: Մեսքենէի, Տէր Զօրի ճանապարհներին մահուան երթի իրենց հայրենակիցների  տառապանքի կանչերի ցաւը իրենց սրտերում՝  կռուի պիտի գնային, պիտի սլանային թշնամու դիրքեր: Թշնամին մարտի դաշտում թող յանդգնէր մարել հայու ոգու կրակի բոցերը, ոչ թէ մանչերին, ալեհեր մարդկանց, կանանց կարաւաններին տանէին անապատներ: Ամերիկայից եկած 1200 կամաւորների շարքերով կային աստիճանաւոր զինուորականներ, ինչպէս՝ Ճիմ Չանգալեան, Ռուբէն Հէրեան, Ճոն Շիշմանեան:

1915 թուականի Նոյեմբեր, 1916 թուականի Մարտ-Մայիս ամիսներին՝ Անգլիա-Լոնտոն, Անգլիական ու ֆրանսական արտաքին գործերի նախարարներ՝ Սաքս ու Փիքօ, մասնակցութեամբ Նուպար Փաշայի ազգային պատուիրակութեան, երկարատեւ բանակցութիւնների ընթացքում սահմանել էին հարաւ արեւմտեան Ասիայի երկրների ազդեցութեան գօտիները: 1916 թուականի Մայիսի 16-ին կողմերի միջեւ կնքուել էր համաձայնագիր: Նրանով Անգլիային վերապահուել վերահսկողութիւն սահմանել Միջերկրական ծովի ու Յորդանան գետի միջեւ տարածութեան երկրների, իսկ Ֆրանսային վերապահուել վերահսկողութիւն սահմանել թրքական նեղուցների ու Հայաստանի նկատմամբ: Ըստ համաձայնագրի, Ֆրանսա ու Անգլիա իրաւասու պիտի լինէին որոշելու իրենց ազդեցութեան գօտիների երկրների պետական սահմանները: Սահմանուել էր Օսմանեան տիրապետութեան արաբական նահանգների կարգավիճակը, արաբական թերակղզիինը առանձին: Անգլիայի  վերահսկողութեան տարածքների առանձին երկրների կարգավիճակը որոշուել էր Յորդանանի բլուրներից մինչեւ ներկայ Թուրքիայի (առանց Ալեքսանդրէթի գաւառի) սահմանները եղող երկրներ՝ Պաղեստին, Յորդանան, Իրաք,  իսկ Ֆրանսային նաեւ »Լեւանդ» երկրներ՝ Լիբանան ու Սուրիա: Օսմանեան կայսրութեան տարածքի անուղղակի բաժանումն էր այն: Հայկական պատուիրակութեան հետ կողմերի միջեւ կայացած համաձայնութեամբ վաւերացուել էր Հայկական լեգէոնի կազմութիւնը, Ֆրանսայի կողմից Կիլիկեան գրաւելուց յետոյ, նրա հովանաւորութեամբ այնտեղ հիմնադրուէր ինքնավար Հայաստանի իշխանութիւն: Լեգէոնը իրաւասում էր պատերազմել միային Թուրքիայի դէմ, այն նուաճուելուց յետոյ դառնար  ինքնավար Կիլիկիայի պետական զօրաբանակի հիմքը:

Զինուորագրուած Հայ արեւորդիներին տարել էին Կիպրոս կղզու Մոնարկա վայրը: Լեգէոնական Արմենակ Պօղոս Լագիսեան հայրս պատմում, իրենց տարել ֆրանսական ծագումով, Լուսինեան տոհմից Կիլիկիայի Լեւոն VI թագաւորի բերդի տարածք: Մարզումների ատեն ֆրանսական սպան դիմելով նրանց ասել՝ այս ամրոցում, Կիլիկիայի Լեւոն թագաւորի սխրանքների արձագանգներն են թեւածում, ձեր նախնիների ոգու հուրը սրտերում, պատրաստուէք զէնքով մուտք գործելու թագաւորանիստ Սիս քաղաքի ամրոց:

Ամրացել էին լեգէոնականները, տիրապետում նոր զէնքերին: Նրանց տարել էին Պաղեստին, խրամատաւորուել Երուսաղէմից 50 կ.մ. հիւսիսի Արարայի (Նաբլուս) բարձունքի դիմաց: Արարայի բարձունքում դիրքաւորուած էր օսմանեան »Յիլտրիմ-Yildrim” բանակը՝ հրամանատարութեամբ Գերման նշանաւոր զօրավար` Otto Liman Von Sanders-ի, բաղկացած թուրք-գերման զինուորներից, ճակատի հրամանատարն էր Աթա Թուրք: Էնվեր ու գերմանական զօրավարը յոխորտացել էին, իրենց դիրքերը անառիկ ու անընկճելի էին: Իրապէս այն խիստ ամրացուած էր, ֆրանս-անգլիական զօրախումբի մի քանի գրոհները անզօր եղել այն նուաճելու: Ահա այդ ամրոցը խորտակելու առաջադրանքը վստահել էին Հայ լեգէոնականներին

1918 թուականի Սեպտեմբերի 19-ի առաւօտը, արեգակը իր արդար լոյսի շողերի վարսերով ցօղում խրամատները, որոտում էին թնդանօթները, ծխում էր Արարայի բարձունքը,  ֆրանսացի սպայ Ոոմիիօն, ատրճանակը վեր պարզած կրակում էր, »Առաջ» կանչի հետ լեգէոնական մարտիկները խրամատներից դուրս թռել: Գրո՞հ . . . թէ՞արեգակի շողերին բազմած՝սլացել դէպի հանդիպակաց բարձունքները: Հրացաններից կրակ ժայթքում, արեւին թիկնած սուինները իրենց կրակալոյս ներտերն էին տեղում թշնամու դիրքերին: Գրոհում էին քաջացած լեգէոնականները, Նեմեսիս Դիցուհին՝  վրէժի ոգու  հուր ծոռում նրանց սրտերին: Անդադրում շարունակում էին իրենց գրոհը դէպի բարձունքի խրամատներ, թշնամին անզօր եղել մարելու  արեւի աստուած Միհրի հետ Հայ զինուորի դէպի բարձունք գրոհը, իզուր էր թշնամու զէնքերի գնդակների տեղատարափով կասեցնելու այն:  Գերման հրամանատարը ասել էր,  որ նման գրոհողները միայն հայերը կարող էին լինել: Արարայի երկնքում կռունկների երամներ անցնում, լեգէոնական մարտիկներ անապատներ քայլող հայերի մնացորդացին խապրիկ ճամբում, որ այդ լեռներում նրանց ցաւի վրէժն էին լուծում թշնամուց, իրենց »յաղթանակ» կանչերը գնում ցեղի յաւերժութեան համար մարտիրոսացած արեւորդիներին  հոգիներին որպէս  աղօթք ու սփոփանք:                                                  

Արեգակը դեռ իր կարմիր պատմուճանը չփռած լեգէոնականների զարկերի կրակով շառագունած Արարայի բարձունքների թշնամու խրամատների վրայ, լեգէոնականների վաշտերը թշնամու առաջին խրամատներում էին, արեւի կրակը փունջ-փունջ նետում ձեռքերը վեր պարզած թշնամու վրայ: Ես եւ դու արի ընթերցող արեւորդի, եթէ այդ կռուի զինուորները լինէինք, յաղթանակի լոյսով արբեցած մեր հրավառ սրտերը չէի՞նք նետի թշնամու վրայ: Ով կարող էր փախչում էր, վարսերը ճակատներին իջած լեգէոնականները վիրաւոր կորիւնների նման գնում փակում նրանց փախուստի ուղիները: Ահա այդպէս կը լինէր կռիւը, մարտում զարկին թշնամու զինուորին, մարեցին շատերի լոյսը, քէսապցի Քերոբը խոյացել էր գերման սպայի վրայ, խեղդամահ արել նրան, նա ին˜չ էր փնտռում այս լեռներում եւ ինչու զինակցել նրանց: Կռում զարնուել էին 23 լեգէոնականներ, որոնցից Սարգիս Տլլիկեան ու Միսաք Թասլաքեան Մուսա լեռցիներ, վիրաւորուել էին 76 մարտիկներ: Վրէժի լոյսին թազմած գնդակները զարկել էին հազար ու աւելի թուրքի, գերեվարել էին հազարների, որոնք գլխիկոր անցել լեգէոնականների խաչաձեւուած հրացանների սուինների տակից:

Հայկական լեգէոնի Արարայի ճակատամարտի յաղթանակը մեծապէս նպաստել թուրքական ռազմաճակատի քայքայման եւ դաշնակիցների ընդհանուր յաջողութեանը: Նրա դերը այդ ճակատամարտում այնքան նշանակելի էր, որ  զարնուած լեգէոնականների թաղմանը մասնակցել էր ռազմաճակատի ընդհանուր հրամանատար՝ Անգլիացի զօրավար Ալէմպին, որը բոցաշունչ մահախօսականից յետոյ համբուրել զարնուածների ճակատները, յայտարարել՝ »Անգլիական 200 հազար բանակի փոխարէն՝ իմ հրամանատարութեան տակ դնէին 20 հազար Հայ զինուորներ, միջին արեւելքը կը գրաւէի»                     Թուրքի նախագահ Տէմիրել, Յորդանան կատարած կառավարական այցելութեան ատեն՝ խնդրել էր Պաղեստինի Նապլուս քաղաք այցելել, նրա մօտակայքում թաղուած թուրք զինուորների շիրիմներին յարգանքի տուրք մատուցելու: Հայկական մամուլը այն հաղորդելու ատեն, չէր յիշատակել, թէ այդ ինչ շիրիմների այցելութեան մասին էր լրատւութիւնը, որպէսզի հայեր տեղեկանային Նապլուս–Արարայի բարձունքներին մղուած ճակատամարտում Հայ լեգէոնական կամաւորների վրէժի նետերով խոցուած թուրք զինուորների շիրիմների մասին էր, այն Հայոց պատմութեան յիշատակութեան արժանի բազում հերոսամարտերից մէկն էր, իրենց ցեղի եղեռնի տարիներին Արարայում ու Սարտարապատում թուրքի դէմ մղուած կռւում յաղթանակի լոյսի շեփոր էր:

Իսկ ո՞վ էր Տիրան Թէքէեանը: Նա զարմիկն էր Հայ քնարերգութեան ամենապայծառ աստղերից մէկի՝ Վահան Թէքէեանի զարմիկն էր: Տիրան ծնուած էր 1887 թուականին, Ֆրանսա, Մարսէյլ քաղաքում, Կեսարացի ծնողների զաւակ: Ուսանել էր Վենետիկի Մխիթարեանների  մօտ: Ուսանել ու աւարտել Մարսէյլի համալսարանի գրականութեան, իրաւաբանութեան բաժինների ուսումնառութեան դասընթացները: Առաջին Համաշխարհային պատերազմում ծառայել ֆրանսական նաւատորմիղում որպէս թարգման »քոմիսէր»:  Ծառայութեան ուղարկուել »Տեսէքս» զրահանաւ: Միջերկրական ծովի առափնեայ պարեկութեան համար այն նաւարկել էր Հայոց ծովածոցի խռովայոյզ ջրերում: Այդտեղ էր, որ նախախնամութիւնը պարգեւել իր ցեղի կանչով բաբախող սիրտը ալեկոծուելու Հայու ծիների ոգիով, նպաստելու Մուսա լերան մարտիկների ու նրանց ընտանիքների փրկութեանը:

Տիրանի սիրտը ամուր շաղախուել էր Մուսա լեռցիների, նրանց հերոսամարտի ու  Հայկական  Լեգէոնի քաջերի պատմութեամբ: Ծովային սպայ Տիրանը, իր ծառայած զրահանաւի կամրջակից դիտել ծովափի քարափի բարձունքին խոյացած՝ Նազովրեցու արեամբ բոցավառ կարմիր խաչով ու իրենց ազատութեան կռուի սպիտակ լոյսով ծփացող դրօշակները: Լեռնականների պատուիրակները կանգնել էին Հայ ծովային սպայի դիմաց, սրտերն իրենց տրոփել էին ցեղի կանչի զարկերով: Իր ջանքերով նպաստել նրանց փրկութեանը, փրկութեան հովիտում հանդիպել լերան կռուի քաջերից՝ Եսայի Եաղուպեանի հետ: Եգիպտոսում՝  Հայկական  լեգէոնի ստեղծման թելադրողը ու  մասնակիցը պիտի լինէր:

Հայկական լեգէոնի մարտիկները ֆրանսական զօրախմբի հետ արշաւում դէպի Կիլիկիա, զէնքով բացելու նրա դռները, ողջունելու իրենց նախնիների թագաւորութեան աշխարհը, վերջապէս տեսնելու իրենց Կիլիկիան, ողջագուրուելու իրենց դիմաւորող ազնուազարմ թագաւորների ստուերների հետ: Իրականացրել երկու հարիւր յիսուն քիլոմեթր յաղթարշաւ:

1918 թուականի Հոկտեմբեր ամսին Հայկական լեգէոնի ջոկատները մուտք էին գործում Կիլիկիա, հայերի խոնջանքի, արարման, երգի, աղօթքի շունչով սրբացած հող: Մարտից եկած քաջեր, վճռել էին լինելու Հայկական պետութեան բանակի կորիզը: Հայրենազրկուած հայեր վերադառնում էին իրենց շէներ, նորոգում իրենց տներ, այգիներ ու հանդեր, պատրաստւում գարնանամուտի զարթօնքին: Լեգէոնի գնդապետ Պրէմոն ներկայանում որպէս Կիլիկիայի կառավարիչ, առժամեայ կառավարելու  երկիրը, ապա իշխանութիւնը յանձնէր հայերին: Լեգէոնը մարտերով գնում երկրի աւաններ ու շէներ: Ով երեւակայութեան թռիչք ունէր գոցում աչքերը, սաւառնում երկինք, այնտեղ հանդիպում՝ Ֆրանսայի իր մատուռից երկիր հասած Լուսինեան Լեւոն վեցերորդ թագաւորին, գրկէր նրան, երկնքից աստղեր պոկէր, զարդարէր նրա ճակատը: Արարայի բարձունքի երկնքում ճախրող  կռունկներ իրենց երթին հասել Կիլիկիայի կապոյտ երկինք, երգով տողանցել նրա երկնակամարում, ուրախ խապրիկներ պիտի տանէին պանդխտացած հայերին, որ նորէն իրենց երկրի շէների ծխաններից սպիտակ ծուխ է բարձրանում, դաշտերում ծիածանի լոյս է, մաճկալների հորովելների երգեր: Ռազմի դաշտում պարտուած թուրքիային՝ այդ հիւանդ հոգիով բարբարոս պետութիւնը սիրաշահելու համար, Ֆրանսայի ու Անգլիայի միջեւ պայքար էր: Լեգէոնի քաջեր, հայեր միայն մի քանի տարիներ իրենց յաղթանակի սիրով հրճուեցան: Ֆրանսական նոյն սպաները, ականատեսը հայերի լեգէոնի սխրանքին, կամայական վերաբերմունքի ենթարկեցին կամաւորականներին: Ֆրանսացի պետական այրեր, զինուորականներ տեղեակ չէի՞ն, որ այդ երկրում թագաւորել էր իրենց տոհմից Լուսինեան Լեւոնը, որ նա հանգչում է իրենց հողում, եւ ինչո՞ւ նոյն Կիլիկիայում չվերականգնուէր նրա իշխանութիւնը: Ինչքա˜ն հզօր էին իրենց շահերը, որ թշնամուն զիջեցին այն, որ զէնքի ուժով էին նուաճել: Մոռացա՞ն, որ իրենց կնքած գրաւոր համաձայնագրով խոստացուել էր յաղթանակից յետոյ Կիլիկիայում հաստատել Ֆրանսական հովանաւորութեամբ անկախ իշխանութիւն:  Ֆրանսական կառավարութիւնը թուրքերի հետ 1920 թուականի Օգոստոսի տասին կնքած դաշնագրով որոշել էին  հայկական արէակնան արեան մաքառումներով շաղաղուած Կիլիկիան յանձնել քեմալական ոճրագործ Թուրքիային:

Չանսացին իրենց երկրի իմաստուն զաւակների ու իրենց դաշնակից հայերի կոչերին: Վար իջաւ ֆրանսական յաղթական դրօշի փառքի պատիւը,  մարդկային վեհ գաղափարների պաշտամունքը: Ֆրանսական զինուորական հրամանատարութիւնը սկսել զօրացրել Հայկական լեգէոնի մարտիկներին: Զգաստացել էին իրենց ոստաններ վերադարձած հայերը, այլեւս ոչ կարաւաններին, զէնք վերցրել կռիւ տալու թշնամի թուրքին: Հնչակեան, Դաշնակցական, Ռամկավար, Վերակազմեալ կուսակցութիւններ գլխաւորել պաշտպանական մարտեր, զարկին թշնամուն, զարկուեցին, սակայն ասացին ոչ կարաւաններին: Ինքնապաշտպանական կռիւներ մղեցին՝ Մարաշի, Հաճընի, Ուրֆայի, Ատանայի, Այնթապի, Զէյթունի, ֆընտըճաղի, Տէօրթ Եօլի, Մերսինի ու այլ բնակավայրերի զինուած հայեր, նրանց կռուին նաեւ մասնակցում Հայկական լեգէոնի կամաւորական մարտիկներ:  

 Ահա այդպէս, եթէ իրենց շէներում կռիւ տային թուրքին, չէին մարտիրոսանայ, »Արեւմտեան Հայաստան»-ը նորէն լիքը կը լինէր հայերով: Ֆրանսացի զինուորը չմասնակցեց հայերի պաշտպանական մարտերին, նոյնիսկ արգելել լեգէոնականներին մասնակցելու հայերու կռուին: Կիլիկիայի նուաճման ու պաշտպանական կռիւներին զարնուել էին Մուսա լեռցի քաջազուն լեգէոնականներ՝ Յակոբ Կրպոյեանը, Խաչեր Փանոսեանը եւ Մուսա լերան կռուի քաջերից՝ Պետրոս Տըմլաքեանը: Այդ նա էր, բաց ծովում խարսխած »Կիշէն» զրահանաւի հրամանատար Պրիսոնի պահանջով, նաւ բարձրացել՝ Ֆրանսերէն լեզուով տեղեկութիւններ հաղորդել լերան մարտերի ու թշնամու զօրքի տեղաշարժերի մասին, իր պահանջով զրահանաւից ռմբահարել էին Քէպուսիէ գիւղի եկեղեցին, ու այնտեղ ճամբար դրած թրքական զօրքը: Պետրոսն էր եղել վեց »Գունտախլի» հրացանակիրներից մէկը, ռազմանաւի հրամանատարը նրան ու Եսայի Եաղուպեանին արտօնել յետագայում այդ զէնքերը կրելու: Եաղուպեանի զէնքի առանձին կազմածները՝ Ակնաբոյժ Ճէպէճեանի անձնական ջանքերի շնորհիւ փոխադրուել Հայաստան, այն ամբողջացնելով յանձնուէր Հայաստանի Պետական Թանգարան: Ի միջի այլոց, լերան կռուի բոլոր զէնքերը վերցրել էին կռուողներից յետագային ի պահ դրուել Մարսէյլ քաղաքի թանգարան: Ըստ Կապորալ Արմենակ Պօղոս Լագիսեանի պատմածի Տըմլաքեան Կիլիկիայի նուաճման կռւում իր կողքին  ճակատին զարնուել  թուրքի գնդակից:

Հայկական Լեգէոնի Կիլիկիա մուտքը, ինքնավար իշխանութեան վերականգման յոյսը խանդավառ հրավառութիւն էր ստեղծել: Կարծում էին Հայոց երկնակամարում նորէն կապոյտ լոյս էր բռնկելու, արեգակի արծաթափայլ նոր արշալոյս էր ծագելու երկրում: Դաշնակիցները Սեւրում պատռել էին թուրքի քարտէսը, նրանց իսկ ստորագրութեամբ համաձայնել վերադարձնել հայերին, յոյներին, արաբներին այն, ինչ որ  զաւթել էին նրանցից: Դաշնակից տէրութիւններին կատարուած իրողութեան իրազեկ պահելու նպատակով Կիլիկիայի հայերը ու միւս քրիստոնեայ համայնքները հանրագրութիւն էին  Փարիզ ուղարկել, որ Կիլիկիայում ստեղծւում է անկախ պետութիւն, Պօղոս Նուպար Փաշայի գործուղած պատուիրակ Միհրան Տամատեանի ղեկավարութեամբ կազմուել երեք կուսակցութիւնների համաձայնողական կառավարութիւն: Նոյն ինքն՝ Գնդապետ Պրեմոն յայտարարած եղել, որ իրենց հովանաւորութեամբ Կիլիկիայում անկախ պետութիւն պիտի հռչակուէր, նոյն օրը սուինաւոր Ալճիրցի զինուորների ուղեկցութեամբ փութացել Ատանա, սպառնագին դուրս հրաւիրել մի օրեայ կառավարութեան  անդամներին, այդ լինելո՞ւ արարմունք էր . . . :

Հայոց պատմութեան մատեանում շանթի լոյսի փայլատակում, աստղերին սլացող հրթիռի հրավարութիւն եղաւ Կիլիկիայում անկախ իշխանութեան հռչակումը: Այն մնաց լոյսի, յոյսի շող, հայերի հոգիներում լոյսի հրացոլք, այդ նոր երջանկութեան արեւը ասուպի նման շիջաւ .  .  . Ֆրանսան մարեց այդ նոր ծագող արեւը, իրենց նախնիների ժառանգների լոյսը նաեւ պիտի վառուէր այդ երկրի պալատին ծածանուող դրօշին, Լուսինեան տոհմի ժառանգներ դեռ ապրում են իրենց մայր հայրենիք Ֆրասա, ո˜ւր են նրանք, ինչու չեն պատռում իրենց լռութեան քօղը:

Գլենտէյլ 
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ