Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Գրիգոր Նարեկացու «Բան»ը (Բանք)

(Լուրջ մտորում ու փոքր-ինչ ժպիտ ԲԱՆ բառի շուրջ)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Սովորաբար, անտրամադիր  եղած ժամանակ,  ձեռքս եմ վերցնում Ս. Գրիգոր Նա­րե­կացու «Մատեան ողբերգութեան» պոեմը, որի պատահական էջի ընթերցումն անգամ` ինձ «դուրս է մղում» առօրեայից ու ես, վերացած աշխարհից` թռչում եմ երկնային արքայութեան  մէջ ու հրեշտակներով բոլորուն, փորձում նրանց նման Տիրոջ գովքը հիւսել: Չէ, չի ստացւում, որովհետեւ, ինչպէս ամէն մի մահկանացու` ես էլ եմ մեղքեր գործել, թէկուզեւ աննշան, չերեւացող:

Ամբողջ կեանքում լինելով մոլեռանդ հաւատացեալ, Նարեկացին ձգտել է հաւա­սարուել Աստծուն, սակայն տարիների ընթացքում համոզուել է, որ չի կարող իրականացնել իր երազը, որովհետեւ համոզուել է, որ անսխալական մարդ չկայ, չի եղել, չի լինելու, դրա համար էլ, իր մեղքերի քաւութեան համար դիմել է Յիսուս Քրիստոսին, ներում խնդրել իր կատարած մեղքերի համար:

 Նարեկացին համոզուել է որ Աստուածը միակ անսխալական էակն է,  եզակին ու մաքրամաքուրը,  որին է վիճակուած հսկել մարդկանց արարմունքներին, ու ներել բոլոր նրանց, ովքեր հաւատում են իր կարողութեանը ու ներում խնդրում իրենից:

Այս մտքերով ծանրաբեռ ու իրականութիւնից վերացած, չեմ էլ զգում թէ ինչպէս են սահում վայրկեանները մինչեւ այն պահը, երբ հնչում է առջեւս դրուած բջջայինը.

    – Տղայ ջան, ո՞րքան պիտի սպասեմ, որպէսզի գաս նախաճաշի, դեռ կողքիդ սեղանին դրուած սուրճն ու նռան հիւթն էլ չես խմել,- ասում է Մարիետան` հեռա­ձայնելով խոհանոցից: ՆՈՒՌ բառն էլ շեշտում է տիկինս, քանիցս յիշեցնելով, որ նռան ծառի հեղինակն ու խնամողը ինքն է: Որպէս երկնային պարգեւ այս տարի այնքան բերք է տուել ծառը, որ հաւաքում-հաւաքում` վերջը չի երեւում:

   Այնժամ արթնանում եմ թմբիրից ու վերադառնում իրական աշխարհ: Արդէն սովո­րական է դարձել իրար հետ, նոյն տան մէջ բջջայինով հաղորդակցուելը, աշխա­տասենեա՞կն ո~ւր, նախաճաշի սենեակը ուր:

 Այսօր  նախաճաշ-մախաճաշ չկայ,  միտքս այնտեղ է, Նարեկի «Մատեան» վրայ:Երկար տարիների ընթացքում բազմիցս թերթատել եմ Նարեկացու «Մատեան ողբերգութեան» քերթուածը, ամեն անգամ կարդացել մի 10-15 էջ, բայց երբեք  չի «յաջողուել» աւելին ընթերցել: Եւ, չեմ կարծում. որ որեւէ մտածող, խորհող, իրական հաւատացեալ ընթեր­ցողի յաջողուած լինի «Մատեան»-ը կարդալ մէկ շնչով, որպէս պոեմ, գեղարուեստական գիրք:

   – Ինչո՞ւ,- բացատրեմ.

Այդ աստիճանի հանճարեղ, խելագարուելիք գրուածքը ՀԱՆՃԱՐԻ կողմից,   չկաս­կածեք` ազդում է իմ, եւ անկասկած` ոմանց  հոգե­կան աշխար­հի վրայ: Ախր պոեմի ամէն մի էջը մարդկային հոգեցունց, տանջալից ապրում է: այն ընթերցելիս  կիրթ ընթերցողի մօտ չի կարող չ՚ առաջանալ սրտի տրո­փիւն, դողերոցքի զգացո­ղութիւն, սրտի ճնշման բարձրացում, թէեւ, ինչպէս գրում է գրքի առաջաբանում Ա. Մադոյեանը (Մուղնի հրատարակչութիւն, Երեւան, 2003) «Մատեանը» բացառիկ է այնու, ու իւրա­քանչիւր ընթերցող անպայման այնտեղ կը գտնի իր խառնուած­քին, մտածումներին, նախա­սիրութիւններին  ու զգացմունքներին համահունչ ինչ որ բան…,իր գործի մե­ծու­թիւնն ու անմահութիւնը…, խորապէս գիտակցել է բանաստեղծն ինքը»

                               … Եւ թէպէտ որպէս մահկանացու պիտ վախճանուեմ ես                                Սակայն այս համեստ մատեանովս միշտ անմեռ կը մնամ                            Քո կամքով թող այն անեղծ մնա, Տէ~ր… 

Դեռեւս  հազար  տարի առաջ, Գրիգոր  Նարեկացին  իր «Մատեան  ողբերգութեան» իւրաքանչիւր  բաժին անուանել է ԲԱՆ անորոշ դերանունով: «Մատեան»ը  բաղ­կացած է 95 ԲԱՆ-ից: Իւրաքանչիւր ԲԱՆ սկսւում է «Ի խորոց սրտի խօսք` Աստու­ծոյ հետ» տողով: Լրիւ աշխարհաբարով`«Սրտի խորքերից խօսք`Աստուծոյ հետ»:

Անկասկած, Նարեկացին մտածուած է իր գլուխ-գործոց աշխատութիւնը բաժանել ԲԱՆ-երի, լաւագոյնս արժեւորելով այդ միավանկ բառի` արտաքուստ չ՚ երեւացող հարուստ կողմերը, մի բազմիմաստ բառ, որը դարերի ընթացքում նոր շունչ, նոր կեանք առած մտել է հայ գրականութեան մէջ եւ  առօրեայ կենցաղում:

ԲԱՆ-ի միջոցով Աստծուն ուղղուած աղօթքներում, անձնական խնդրանք – յորդոր­ներից բացի, Նարեկացին կոչ է անում ուղղել մարդկանց սխալները, դարձնել նրանց բարի, համբերող, միմեանց ներող, եւ հաւատում է , որ`

                       Այս գիրքն իմ ձայնով, իմ փոխարէն պիտի աղաղակի,

                    Ծածկուածները պիտի բանայ եւ գաղտնիքներն հրապարակի,

             Կատարուածները  բարձրաձայն  ողբայ, մոռացուածները հնչեցնի

                       Աներեւոյթները պիտի յայտնի, բարուրուածները բարբառի,

                     Դուրս պիտի հանի խորքում եղածներն ու մեղքերը պատմի:

 (ԲԱՆ ՁԸ, թարգմանութիւն գրաբարից`Մ. Խերանեան)

Ինչո՞վ  այժմէական չէ  հանճարեղ Գրիգոր Նարեկացու այս հնգատողը:

Բաց արէք «Մատեան»-ի  ցանկացած ԲԱՆ կամ էջ եւ  դուք կը գտնէք  խորհելու մի ԲԱՆ` հոգով, մտքով   հանդարտուելու  համար: «Մատեան»-ը,  կամ   ինչպէս ժողովուրդն է  ասում` «Նարեկ»ը երկրորդ Աստուածաշունչն է, եւ այն մշտապէս պիտի լինի իւրաքանչիւր հաւատացեալի սնարի կողքին:

Գրիգոր Նարեկացուց յետոյ, հետագայում ԲԱՆ բառը ամրօրէն «տեղաւորուեց» ոչ միայն գրականութեան մէջ, այլեւ առօրեայում, կենցաղի մէջ: ԲԱՆ-ը յաճախ իրենց պատմուածքներում եւ  հեքեաթ­ներում են օգտագործել Յով. Թումանեանը, Ղ. Աղա­յեանը, Նար Դոսը, Մուրա­ցանը եւ ուրիշներ:

ԲԱՆ-ը մեր  առօրեայի  ամէնագործածական   բառերից է: Այն իմաստ է  ստանում որպէս խօսք, գործ, աշխատանք, իր, առարկայ, իրողութիւն, դէպք, պատահար, հան­գամանք: Օրինակնե՞ր` խնդրեմ.

   – Արա ջան, ԲԱՆի տեղ մի դիր, մի  ԲԱՆ էր, անցաւ գնաց:

   – Մեր մէջ ամէն ԲԱՆ վերջացած է:

   – Մարջա~ն, մի ԲԱՆ տուր ուտելու:

   – Թուրքերը ամէն ԲԱՆ տարան ու տունը կրակի տուին:

   – Դէ~, խօսիր, մի ԲԱՆ ասա:    Այսպէս,  կարելի է անընդհատ շարունակել:


Այժմ  ուզում եմ  ԲԱՆ բառի  հետ  կապուած մի դէպք  պատմել` վերի  թանձրոյթը պարզեցնելու  համար,  դէպք,  որը  տեղի է  ունեցել  իմ ՍԻՓԱՆ երգչախմբի հետ`փոր­ձի ընթացքին:

Ծնունդով պոլսահայ Ռիտան երգչախմբիս նոտա կարդացող երգչուհիներից մէկն է,  որը փորձի ընթացքին դիմում է ինձ.

   – Մաեստրօ, հոս ՖԱ գրուած է, ալթօները ՍՈԼ կ՚ երգեն:

   – Այո՜, Ռիտա, ճիշտ ես, հոն սխալ գրուած է, ՍՈԼ պիտի ըլլայ:

   Քիչ անց դարձեալ` «Հոս ՖԱ գրուած է մաեստրօ…»:

   – Այո՜, Ռիտա, դուն անոնց պէս երգէ` ՍՈԼ:

   – Բա~յց…, ուզում է շարունակել Ռիտան:

   Համբերութիւնից դուրս ելած, գրեթէ բղաւելով ասում եմ Ռիտային.

   – Դուն անցեալ փորձին բացակայ էիր եւ տեղեակ չես, որ մենք փոխած ենք այդ նոտան: Մատիտ մը տուր շտկեմ սա չըլլալիք ՖԱն:

Ռիտան պայուսակից հանում է մի գրիչ ու մեկնում ինձ: Նա առաջին շարքի վրայ է նստած, ուստի` ծնկի եմ գալիս նրա առջեւ, նոտատետրը դնում եմ ծնկներին ու փորձում ուղղել սխալ նոտան: Որքան փորձում եմ`գրիչը չի գրում, չի գրում եւ վերջ: Մեռելային  լռութիւն է սրահում: Բոլորի ջղերը պրկուած են, ամէն մարդ զգում է, որ մի բան պիտի պայթի: Նոտան շտկելու մի քանի անյաջող փորձերից յետոյ ոտքի եմ ելնում եւ բարձրաձայն ասում.

   – Ռիտա՜, քուկին  ամէն ԲԱՆդ  ասա՞նկ կ՚ աշխատի…

   Անմիջապէս, միանգամից անզուսպ խնդուքով պոռթկում է սրահը, իսկ ինքը` Ռիտան, շուարուն, քարացած, փոքր-ինչ ուշացումով անդրադառնում է եղածին ու նոյնպէս անբռնազբոս ծիծաղով միանում միւսներին:

   Իսկ ինձ մնում է փրկել իրավիճակն ու միանալ ընդհանուր խնդուքին ու յայտարարել`

   – Դադա~ր…

   Ընդսմին  (բացի սրանից, սրա հետ մէկտեղ,- ՀԵՆ. Ա.) այս փոքր  նովելը  կենդանու-

թիւն է առել 2007-ին, աննման դերասան, Չարենցամոլ, վաղամեռիկ Ազատ Գաս­պարեանի ընթերցմամբ, Երեւանի Հայֆիլհարմոնիայի Համերգային Մեծ դահլիճում կայացած իմ ծննդեան 70-ամեակին նուիրուած փառահեղ երեկոյի ընթացքին: Մինչ այդ նա ինձ խնդրել էր  մի ԲԱՆ տալ կարդալու` ինձ նուիրուած երեկոյին ընթերցելու համար, եւ ես, նրան էի տուել իմ «Վերջին հեքեաթը պատմուածքների ժողովածուն, որի միջից նա ընտրել էր  յատ­կապէս  այդ փոքրիկ գործը:                                                                                                                                                                                                                   

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ