Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Աշուն Է Հայոց Աշխարհում

Ոսկի Աշուն

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

«Հայաստանը Աշխարհի Քաղաքակրթութեան Օրրանն է, Արեւելքի Ամենաքաղաքակիրթ Ժողովուրդը»

 Ֆրանս Վերֆէլ

Աշուն … : Մեղմում էին Միհր արեւ աստուծոյ  հրաշունչ ատրուշանի կրակի բոցերը, գնում երկիր մոլորակի հիւսիսային կողմն աշխարհի ծովերի ալեծուփ ալիքների սպիտակ ջրերի երեսներին շողիւն լոյս սփռում, կարմիր լոյսի հեղեղի հազար գոյնի գօտի կապում նրանց վրայ, վառուող հորիզոնից եկած անուշ հովիկները նրանց դէմքը շոյում: Արմին-հայեր հաւատում էին, որ ամէն առաւօտ արեւ աստուածը Արարատի գագաթից սկսում իր երթը, անցնում մոլորակի ճամբաներով, վերադառնում »Սրբազան Օրինաց Երկիր» լեռնաշխարհի Վանայ ծովի ջրեր, բարձրանում նրա ափերի լեռների գագաթներից պայթած կրակով երեսը ցօղում: »Սրբազան Լեռնաշխարհ»-ի արարչական արմիններ իրենց »Արեւ որդի» էին անուանել, նրա հետ հասել աշխարհներ, ետ եկել իրենց Նահապետի երկիր: Երբ Միհր արեւ աստուածը սկսում էր առաւօտեան իր երթը, Աշտիշատի մեհեանի քուրմերը կանգնել մեհեանի առաջ,  նրա առաջին լոյսի շողերով  երեսները ցօղել:

Արեւ աստուած Միհրը, լոյսի անուշ ժպիտ, լոյսի շառագոյն համբոյր շաղում »Սրբազան Օրինաց Երկիր» լեռնաշխարհի երեսին, լոյսով գգւում դաշտերին իջած ցօղի մարգարիտեայ հատիկները, որոնք նրա շոյանքից հալւում, հողին են ընկնում: Արեւ աստուած Միհրը բնութեան յաւերժութիւնն է, տիեզերական արարչութեան պարգեւն է,  որի մի շիւղը յաւիտեանն արժէ: Միայն Արմին-հայերն են իրենց Միհր արեւ աստուծոյ լոյսով ողջոյնում աշխարհի մարդկանց, »Բարի Լոյս», »Բարեւ» մաղթանքներով, ժպիտ ցանում նրանց սրտերին, որ այնտեղ բարութեան արարում լինէր : 

Հաւատո՞ւմ էք, եթէ ասեմ, որ մի քանի անգամներ տեսել եմ,  թէ ի՜նչ ակնածանքով էին Հնդիկ մարդիկ մօտենում կրակին, ափերով լոյս քաղում նրա բոցերից, տանում երեսները լուանում, ակները շոյում: Լոյսի  այդ պաշտամունքը նրանք իրենց հետ տարել էին մայր օրրան »Հայոց Սրբազան Լեռնաշխարհից», աւանդել սերունդներին:

Աշուն … : Արմին-Հայ, հասել ես այս հեռու երկրի շէներ, ինչպէ՜ս ես աշունը դիմաւորում: Արի գնանք քու Արմինա-Հայաստան աշխարհի աշնանային այգիներ: Ծիածանի լոյսի հրդեհ է վառւում այնտեղ, նրա եօթը գոյների լոյսի հեղեղն է հոսում այնտեղ: Նրա թովչանքից հոգիդ պիտի զմայլի բնութեան սքանչանքով, լցուի խինդով: Փառաբանութիւն լինի Միհր արեւ աստուծոյն, որ իր կենսուժն է յորդում Հայոց աշխարհի այգիներին, փառաբանութիւն լինի Արմին-Հայ նախնիների հողի մշակներին, որոնք ծառ են պաշտել, որպէս խաչեր իրենց նախնիներին ծառ են հողի սրտին տուել: Ծառ, պտղաբերութեան, բնութեան արարչութեան, կեանքի յաւիտենականութեան, մայրութեան սրբութիւն: Լոյս է նրանց սաղարթներին, ծիածան գօտիներ լանջերին, ոսկի ապրջաններով զարդարուն թեւերը վեր պարզած աղօթում են արեւին: Կարմիր այտերով շիկնած խնձորը, սաթեայ տանձը, կարմրաթուշ դեղձը, խաղող՝ իրենց Աստուծոյ որդի արեան հեղեղ …  հովիկների համբոյրից հոռովելներ են շշնջում: Յաւերժութեան խորհրդանիշ նռնենիների թեւերից նռներն են ճօճւում որպէս հրագունդեր: Հրաբխացել են նռները, պայթել են նռները, որոնց սրտերից կարմիր կայծեր են ժայթքում, արիւն է հոսում: Արմին-հայերի նախնիներ նռնենիներ էին տնկել աստուածների մեհեանների շուրջը, նորահարսերը նռներ էին զարկել իրենց նոր օճախների շեմերին, որ միշտ լոյս լինէր այնտեղ: Նուռ … Աստղիկը, Վահագնի հետ իրենց ամուսնութեան սենեակի դռանը նուռ զարկել, կարմիր հեղեղ հոսել մեհեանում, ուսից Մայր Անահիտի կախած լաւաշ հացն է ընկել, ողբացել են իր հարսանիքին եկած հայոց ասուածները, ողբացել են, որ Աստղիկը անզաւակ կը լինէր, լաւաշ հաց Արմինա երկրի, Արմին-հայերի կեանքի առեղծուածն է այն:

Աշուն … : Արի գնանք խաղողի այգիներ, մայրացած որթատունկերն են կրթնել յենասիւների լարերին: Ոստերի տերեւների արանքներից արեւի կրակից շիկնած խաղողն է ժպտում: Աշուն, խաղողն է հասուն, լոյսով լեցուն հատիկները կարծես ահա կը պայթեն, դէմքդ կը ցօղեն անուշ բոյրով, շրթներդ քաղցր համով, հայրենի երկրի՝ »Արեւահամ Բարն» է այն: Խաղող քաղի՝ր, մի վախենար, նրա կարմիր կրակը չի այրի մատներդ, հրճուի՝ր նրա լոյսի հրեղէն ցոլքով: Ճաշակի՝ր այն, Մայր Անահիտ աստուածուհու պարգեւն է, Արմինա-Հայաստան աշխարհի արեւի համը, լուսնեակի անուշ դէմքի սպիտակ լոյսը, հայրենի հողի բիւրը, աստղամերձ լեռների ընդերքից ժայթքած ջրերն են այնտեղ: Հնձաններում քամում են նրա հիւթը, լցնում կարասներ, նրա սրտի կրակն է պոռթկում, դուրս ժայթքում, պղտորւում … ուժասպար հանգչում: Աստուածների ըմպելիք գինի է այն, որը խորանների առաջ խոնարհած նորապսակների շուրթերին սէր է հոսում, բանաստեղծներին տիեզերական թռիչք պարգեւում, բանաստեղծութեան արարում լինում, իրենց նախնիների ոստանների անունները իրենց ճակատներին՝ աշխարհներ գնում :

Աշուն … Արբեցի՝ր քու Արմինա-Հայաստան աշխարհին իջած աշնան հէքիաթով, ոսկէ աշունով, խաչուած քու միլիոնաւոր նախնիներին դու էլ ծառեր տնկիր: Դեռեւս մանչ, Արմենակ հօրս  հետ ծառեր եմ տնկել Մուսա Լերան իմ հայրենի լեռների լանջերի դարաւանդներին, ծառեր տնկել, հայրենի երկրի մայր ոստանի տանս առաջ՝ այգի արարեցի, նրա հողում ծիրանենի, թզենի, թթենի, սալորի, դեղձի ծառեր  տնկեցի, որոնց յառնած յուշից լացում է հոգիս: Թշուառական, անօրէն դրացիներից փախչեցի, այնպէս ինչպէս հայկական լեգէոնի »Կապորալ» Արմենակ հայրս թուրքից փախաւ: Հեռու տարիներին գնացի մայր ոստանի օտարուած այգիս,  միայն մի ծառ էր կանգուն, տանձենին մի հսկայական ծառ էր դարձել, խեղճացել: Առանց խաղողի ողկոյզների՝ կիսամեռ էին թարմաներին յենած որթատունկերը, համբուրեցի բոլորին, արցունք հոսեցի նրանց վրայ, որ իրենց տէր Պօղոսի աւիւնիից ու նրանց հողին տուած Արմենակի յուշերից նորէն կենդանանային, նոր տէրը նկատելով լացս, կանչեց: »Պօղոս, ինչ արեցի նրանք չյուռթեցին, ներող եղիր, մօտեցիր տանձ պոկիր, տար զաւակներիդ, ճակատս ափերով պահած՝ փախայ … :

Աշուն … : Արմին-Հայ, Զանգեզուրի »Սիգապանծ» լեռների լանջերին աշնան հրդեհ է բռնկած, արի գնանք նրա լոյսը լցնենք մեր սրտերին: Մի՝ վախենար, շանթերի զարկած հրդեհ չէ, ծառերի սաղարթների ամառային արեւի ամբարած կրակն է այն: Լեռների լանջերից կարմիր հեղեղ է հոսում անդնդախոր ձորեր, անտառների հէքիաթային հրաշախաղ է այն: Ծառերի յոգնատանջ տերեւներն են շշուկով ընկնում հողին, անտառի երգն է, ունկնդրիր այն, տես ինչքա՜ն անդորր պիտի իջնի հոգուդ: Աշնանը այդ անտառներում որսի ենք ելել, մեր հրացանների արձակած փամփուշտները անզօր եղել հասնելու քարափներին բազմած »Կղթար»-ներին հասնելու: Հեռուից պիտի նշմարէիր խնձորենի, տանձենի, սալորենի, հոնի, զկերի արեւոտ ծառեր, ասում են վայրի, ո՜չ, մայր բնութիւնն է արարել այն, մարդիկ են նրանց շիւերը տարել, տնկել հողին, ազնուացրել: Մօտեցի՝ր ծառերին, նրա սաղարթներից ժպտացող պտուղներն են հասուն: Երբ հովիկները նրանց այցի գալիս՝ օրօրւում են բերքից ճիւղակտոր եղած նրանց թեւերը, դու էլ ձեռքերդ վեր պարզած աղօթիր մայր բնութեան արարչութեանը: Առաւօտեան ցօղն նրանց երեսներին՝ տանձ, խնձոր, սալոր քաղիր: Մտիր անտառի ձորակներ, հոնենիներ են այնտեղ, կայծեր են կախուած նրանց վարսերից, հոնն է այն, այդքան կարմիր կրակ ո՞րտեղից … արեւից էին այն քաղել:

Աշուն … Արմին-Հայ, բացի քու մայր ոստանում ո՞րտեղ աշնան տօնախմբութիւն կատարում: Հրազդան Մարզադաշտ, Հրազդան գետի վերին լանջին՝ 60-70 հազար նստատեղ, այն քիչ էր տարիներ առաջ երկրի երեք միլիոն ու մայր ոստանի մէկ միլիոն ու աւելի քաղաքի բնակիչներից ֆութպոլասէրների մրցումներ դիտելու եկած մարդկանց համար:  Տասնըմէկ Արմին Հայ դիւցազուններ, թեւերը սոթքած մարզադաշտ ելել, վազում էին, հակառակորդը չէր կարողանում հասնել նրանց, հեռուից զարկում էին գնդակին, այն սուրում էր հրէ գունդի նման, մխրճւում դարպասի ցանց, ասուն էին, թէ երբեմն այն պատռւում էր: Ա՜խ, բազում յաղթանակների այդ կանչերի յուշը մինչեւ հիմա հոգիս լցնում է խինդով: Ասում են հիմա դարպասին զարկող չկայ, դիտող չկայ, նստատեղերը անմարդ: Մարզադաշտում ոսկէ աշնան տօնախմբութեան էր եղել, երեւի հիմա … ՈՉ:

Մարզադաշտի դիմաց եկեղեցի է, 1827 թուականին այն չկար, պարսիկ Սարտար խանի բերդն էր այնտեղ: Ռուսը  իր երթին եկել էր զաւթելու նաեւ Կովկասը, հասել արեւելեան կողմն Հայոց աշխարհի: Թնդանօթներն էին շարան-շարան կանգնել բերդի դիմացի Հրազդան գետի ափին: Գոռացել էին թնդանօթները, փլուել էին բերդի հողէ պատերը, Հայ աշխարհազօրայինները Ռուսի զինուորի հետ գրոհել էին, նուաճել բերդը, ծաւալուած յախուռն մարտերով, իրենց խանի հետ վռնտել էին բերդապահ պարսիկ զինուորներին: Յետագային, բանտի էին վերածել բերդը, որտեղ Չարենց, ու բազում մտաւորականներ, զօրապետեր՝  սպաննուել էին:  

Աշուն … Հոկտեմբեր ամսուայ երկրորդ Կիրակի օրը Հրազդան մարզադաշտում »Ոսկէ Աշուն» էին տօնախմբում: Սուրբ Սարգիս եկեղեցու բարձունքի նեղլիկ ճամբայով հազար-հազար Արմին-հայեր իջնում Հրազդան կիրճ, նրա քարէ կամուրջով անցնում Հրազդան գետի միւս ափ, բարձրանում մարզադաշտ: Նրա լանջից ներքեւ գետի հունից ջրանցք էր սկիզբ արել, այն գնում հասնում էր Էջմիածնի դաշտեր, ոռոգում հողը, բարիք արարում մշակին: Արմինա երկրի Իշպուինի թագաւորի որդի՝ Մէնուա արքայի բացած ջրուղին էր, Իլտարունի էր կոչել այն: Տուշպա-Վան ու նրա տարածքներ ջուր հոսելու համար նաեւ բազում ջրանցքներ արարել: Շատացել էին հայերը, խաղաղութիւն տուր հային, իրենց աստուածների արարում կը լինի, այն եղեւ, աշխարհ եկաւ աստղեր դիտելու, գիտութեան տաճարներ մտնելու: Հազար-հազար Արմին-հայեր մարզադաշտ եկել, չկար պարապ նստատեղ, ով իմանար դեռ ինչքան մարդիկ դրսում տոմսակ էին փնտռելու, իրենք էլ մասնակցելու »Ոսկէ Աշուն» հէքիաթի տօնահանդէսին: Աղմկում էր, երգում էր մարզադաշտը, խինդի հրավառութիւն էր պայթել այնտեղ: Այդ տօնախմբութիւնը իրենց հեթանոս նախնիների բնութեան պաշտամունքի, այգիներում ու արտերում հասունացած բերքի, Արածանի գետի ափի Նաւասարդի տօնախմբութեան  յուշերը չէի՞ն արդեօք … :

Աշուն …  Մարզադաշտի գլխաւոր մուտքի դարպասն է բացւում, թմբկահարների շարքերը թմբուկ զարկում, վազքուղիով անցնում փարաւոնների երկիրը նուաճած հիքսոսների երկանիւ կառքին բազմած,  աշնան երփներանգ լոյսի շրջազգեստով Արմինուհի գեղուհին, նազանի աջ ձեռքով համբոյր ճամբում մարզադաշտի արեւորդիներին, որոնք ոտքի ելած բուռն ծափերով ողջոյնում նրան, ծաղկեփունջեր նետում նրա վրայ, կառքն ու վազքուղին ծաղկալոյսով էին ողողուել: Մի պահ կանգնել էր կառքը, նժոյգը գլուխը թեքած դէպի մարզադաշտ՝ ողջոյնել մարդկանց: »Ոսկէ Աշուն» գեղուհին մարզադաշտի ոլորապտոյտ ուղիով անցնում, Հայոց հին աստուածները Արարատի ձիւնոտ գագաթից սպիտակ թիթեռներ հոսել »Աշնան Գեղուհի»ի վարսերին:  

Ձիերի սմբակների տրոփիւններ, մարզադաշտի վազքուղիով անցնում քառանիւ կառք, ոստանի երգիչներն էին նրանց վրայ, ձեռքերի թափահարումով ողջոյնում մարզադաշտը: Օֆելեան է կառքին կանգնած՝ մեղմիկ հովիկները քրքրում են հազար գոյնի շրջազգեստը, Հայոց աշխարհի երգի փերի, Հայոց ժողովրդական երգի չգերազանցուած »Թագուհի-ն» էր, նրա կողքին էին Վարդուհին, Լուսիկը, Վալեան, Ռուբէնը, Յովհաննէսը, »Թաթուլ Ալթունեան»-ի անուան երգի-պարի համոյթի երգիչներ: Իջնում կառքերից, հազար ու մի ծաղկի անձրեւ էր տեղում նրանց վրայ: Գնում բարձրանում մարզադաշտի վրայ կառուցուած պատուանդան: Երգիչ-երգչուհիների Հայոց գուսանների, աշուղների, երգահանների ժողովրդական երգերի կատարումների հրավառութիւն էր, մարզադաշտի շարքերին խինդի հեղեղ էր, մարզադաշտի երգերի հնչիւնները հոսում Իլտարունի-Հրազդան գետի ջրերին, գնում Մայր Արաքսի ջրերին համբոյր շաղում, որ նա էլ հրճուէր, ոչ թէ »Քայլամոլոր» գնար, խինդից զարկէր ափերին, փրփրակէզ ժպտար: Գուսաններ՝ Հաւասի, Շահէն, Աշոտ իրենց նախնիների Գողթան գաւառի, Արարատի լանջերի ոգուց երկնած հայրենիքի սիրոյ գովքի երգերն էին հնչում: Մարզադաշտի գորգի վրայ տղաների ու աղջիկների պարախմբեր էին: Իրենց նախնիների շէների պարերն էին, ելեւէջում էին նրանց շարքերը,  փրփրում էին նրանց շարքերը: Շարքերից ցած էին հոսում պարմանուհիներ, կարծես ծառերից ընկած աշնան հազար գոյների տերեւներ լինէին, որոտագին ծափահարում էր մարզադաշտը: Գեղամայ ծովակի ջրերի լոյսն էր աշտարակների վրայից հոսում մարզադաշտ, դեռ երկար պիտի ցնծային: Թմբուկ էին զարկում, ծիրանափողեր հնչում, տղաների ու աղջիկների պարերի խառը խմբեր, ձեռքերը ճախրած աստղերին, դոփում էին գետինը, թող աշխարհի սարքերը գրանցէին հայոց ոստանից պայթած ցնծութիւնը, նրանց լինելիութեան յաւերժութեան լոյսը: Ոսկի Աշնան, ու Նաւասարդի հէքիաթի ցնծութեամբ էին արբեցել Արմին-հայերը, լոյսի ու երգի  հեղեղ էր մայր ոստանում:

Մեծահասակների տան մի մասնակից՝ Հայաստանում հայոց լեզուի դասատու, այս ընթերցելուց յետոյ խօսեց, որ »Մասիսում» հրատարակուած այս յօդուածը քու լաւագոյն գրութիւնն է: Իսկ ես իմ լաւագոյնը համարում եմ »Զանգեզուր»յօդուածս  ու Զամգեզուրի մասին մի քանի յօդուածներս եւ Կիպրոսի Մակարա վանքի հինգ յօդուածների շարքը:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ