Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի, 2021

Շաբաթաթերթ

Կատարուեց Հոգեհանգստեան Կարգ 44-օրեայ Պատերազմում Զոհուած Քաջորդիների Համար

Նոյեմբերի 9-ին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայիանէ վանքում տեղի ունեցաւ հոգեհանգիստ արցախեան 44-օրեայ պատերազմում զոհուած հայրենեաց պաշտպանների հոգիների խաղաղութեան համար:

Սրբազան արարողութեանը ներկայ էին Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ:

Մինչ հոգեհանգստեան արարողութիւնը Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ եւ լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը հրաւիրեց եկեղեցականաց դասին եւ ներկայ հաւատացեալ ժողովրդին աղօթք բարձրացնել նահատակուած քաջորդիների հոգիների հանգստութեան համար:

Արարողութեան աւարտին նոյեմբերի 9-ի առիթով Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խօսքն ուղղեց ներկաներին եւ համայն ժողովրդին.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Անցեալ տարի հայրենական մեր կեանքը փոթորկուեց  ու ցնցուեց Թուրքիայի աջակցութեամբ եւ ահաբեկչական խմբաւորումների ներգրաւմամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծուած լայնամասշտաբ պատերազմի ողբերգական իրադարձութիւններով: Մեր բազում զաւակների նահատակման, հայրենիքի զգալի մասի կորստի եւ յետպատերազմեան շրջանում նոր զոհերի ծանր ու վշտագին ցաւը շարունակում է մորմոքել մեր ժողովրդի սիրտը:

Մէկ տարի առաջ այս օրը` նոյեմբերի 9-ին,  միջազգային հանրութեան եւ ի մասնաւորի Ռուսաստանի Դաշնութեան իշխանութիւնների ջանքերով հնարաւոր եղաւ կասեցնել ադրբեջանական ագրեսիան, որի հետեւանքները անվտանգութեան, տնտեսական եւ սոցիալական խնդիրների լրջագոյն մարտահրաւէրներ են ստեղծել մեր երկրի եւ ժողովրդի համար:

Մեր դէմ ծառացած հիմնախնդիրների լուծման ճանապարհը մեզ պատուհասած վշտի ու յուսախաբութեան թօթափումն է: Մեր սրբազան պարտքն է ծանրագոյն այս փորձութիւնները դիմագրաւել արժանապատուութեամբ`հաստատուն պահելով մեր ժողովրդի զաւակների սերն ու նուիրումը հայրենիքի, հոգեւոր ու ազգային արժէքների նկատմամբ, նպաստելով Հայաստանի ու Արցախի առաջընթացին, զօրացնելով աշխարհասփիւռ մեր ժողովրդի միասնականութեան նախանձախնդրութիւնը: Ներկայ բարդագոյն իրավիճակը հրամայականն է բերում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, իշխանութիւններին, հասարակական-քաղաքական կառոյցներին` միաբանուել ազգային-պետական գերագոյն շահերի շուրջ, ձեւաւորել ներազգային համերաշխութեան եւ վստահութեան առողջ մթնոլորտ` յանձնառու գործակցութեամբ եւ երկխօսութեան ճանապարհով հետամուտ լինելու երկրի առջեւ յառնած մարտահրաւէրների բարուոք լուծմանը: Այդպէս միայն մենք կարող ենք ուղղել մեր կորացած մէջքը, ցաւը վերափոխել ուժի, հայրենաշէն նախաձեռնութիւններ ու ծրագրեր իրագործելով պահպանել մեր ազգի կենսունակութիւնը, հայրենիքում արժանապատիւ կեանքի պայմաններ ստեղծելով խրախուսել որդեծնութիւնը, կանխել արտագաղթը, զօրացեալ ու կենսունակ պահել սփիւռքը, վերազարթօնք բերել մեր պետութեանը` համատեղ ջանքեր ներդնելով տնտեսութեան, գիտութեան, կրթութեան ու մշակոյթի զարգացման գործում:

Մեր Սուրբ Եկեղեցին ամենօրեայ իր փրկարար առաքելութեան մէջ շարունակելու է Հայաստանում, Արցախում եւ սփիւռքի համայնքներում զօրացնել հայորդեաց հաւատն ու ապագայահայեաց լաւատեսական ոգին, սերն ու նուիրումը առ հայրենին` աշխարհասփիւռ թեմերով ու բարեպաշտ իր զաւակներով նաեւ զօրակցութիւն բերելով  մեր երկրի վէրքերի ամոքմանը, առկայ ճգնաժամի յաղթահարմանը, ներհասարակական կեանքում խաղաղութեան եւ եղբայրսիրութեան զօրացմանը: «հետամուտ լինենք խաղաղութեան եւ շինութեան` միմեանց հանդէպէ,- պատգամում է առաքեալը (Հռ. 14.19): Յիրաւի, հայրենական անդաստանում հաստատուն կը լինի խաղաղութիւնը եւ արդիւնաւոր` ջանքերը լուսաւոր գալիքի կերտման, երբ ազգային կեանքից մերժուեն ատելութիւնն ու անհանդուրժողականութիւնը:

Այսօր համայն հայութեան հոգեւոր կենտրոն Սուրբ Էջմիածնից Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամների, Մայր Աթոռի միաբանութեան, հաւատաւոր մեր ժողովրդի հետ միասնաբար աղօթք ենք բարձրացնում Հայաստան, Արցախ մեր հայրենիքի խաղաղութեան ու անսասանութեան համար: Աղօթում ենք առ Բարձրեալ Տէրը յանուն հայրենեաց պաշտպանութեան զոհուած քաջորդիների համար, որ Ողորմածն Աստուած երկնային երանական հարկերում հանգստութիւն պարգեւի նրանց հոգիներին եւ մխիթարութիւն` սգաւոր ընտանիքներին, շուտափոյթ վերադարձ գերեալներին եւ անյայտ կորածներին: Հայցում ենք Տիրոջ օգնականութիւնն ու Սուրբ Աջի հովանին հայրենաբնակ եւ աշխարհասփիւռ Մեր զաւակներին:

Թող Տիրոջ շնորհն ու օրհնութիւնը լինեն մեր երկրի ու մեր ժողովրդի հետ, այժմ եւ յաւիտեանս. ամեն:

Նախորդ յօդուածըՅայտարարութիւն
Յաջորդ յօդուածը120th ANNIVERSARY (1901-2021)
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ