Դեկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութեան Մէջլիսի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի անդամներին:
Ողջոյնի իր խօսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատուած բարեկամական յարաբերութիւններն ու սերտ փոխգործակցութիւնն ունեն հարուստ պատմութիւն: Երկու երկրների կապերի խորացման եւ ամրապնդման գործում, ըստ Նորին Սրբութեան, իր մեծ նպաստն է բերում նաեւ Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանութիւնների բարեացակամ վերաբերմունքի շնորհիւ կարողացել է պահպանել իր ազգային մշակոյթն ու արժէքները:
Իր հերթին Մէջլիսի Իրան-հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկութիւններ փոխանցեց իրենց այցի ծրագրերի եւ ակնկալիքների վերաբերեալ: Վերջինս հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարեւոր նկատեց նաեւ երկու երկրների հոգեւոր առաջնորդների դերակատարութիւնը: Պրն․ Սեյեդ Մեհդի Ֆարշադանը, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը:
Զրոյցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը շնորհակալութիւն յայտնեց Իրանի Իսլամական Հանրապետութեանն արցախեան պատերազմի եւ յետպատերազմեան դժուարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զօրակցութիւն համար:
Իր բարեմաղթանքները բերելով Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի անդամներն` Վեհափառ Հայրապետը յոյս յայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումները բարի արդիւքներ կ’արձանագրեն ի նպաստ բարեկամ ժողովուրդների փոխյարաբերութիւնների առաւել սերտացման: