Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Միանշանակ Որոշներ Կայացած Պացիենտներ Են

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

      Վստահ եմ, որոշ ընթերցողներ (ոչ երբեք ՈՐՈՇՆԵՐ,- Հեն. Ա.) կարդալով ներքո­գրեալ (կար­ծում եմ նոր բառ է, – Հեն. Ա.) յօդուածի  արտառոց վերնագիրը, կը հաս­կա­նան, որ խօսք  է գնալու մեր լեզուի մաքրութեան եւ այն անաղարտ պահելու ճիգի մասին:

   – Լա~ւ Հենրիկ, գրիր, ճիշդ ես, բայց ներկայիս դրա ժամանա՞կն է, երբ բոլորիս մտահոգութիւնը բեւեռուած է Հայաստանի ճակատագրի, նրա լինել-չլինելու վրայ, ասում է բարեկամս,- երկիրն է ձեռից գնում…, այդ մասին գրիր:

  –  Դրա մասին թէ խօսողներ կան, եւ թէ գրողներ  ըստ որում` տեղի-անտեղի, գիտակ ու անգէտ մարդկանց, անփորձ իշխանաւորների կողմից, որոնք չգիտեն, որ Մայրենի անաղարտ լեզուն է ազգն ու երկիրը պահողը, երկրի հիմ­նասիւնն ու կռուանը: Չկայ մաքուր մայրենի լեզու, չկայ Հայրենիք,- այդպէս են սովորեցրել մեզ մեր մեծերը:

    Այս իմաստով չափազանց  խօսուն է ճանաչուած գրող, լրագրող Վաչագան Ա. Սար­գըսեանի հետեւեալ միտքը,- ՄԵՐ ԵՐԿԻՆՔԸ ՊԱՀՈՂ ՀՐԵՂԷՆ ՍԻՒՆ,- այսպէս  է անուանում նա մեր մայրենին:

   Համաշխարհային անվերջ խմորումների ու իրադարձութիւնների քուրայում, մեր կամքից անկախ, մեր լեզուի մէջ են սողոսկում միջազգայնօրէն ընդունուած, սակայն ժամանակի ընթացքում մոռացուած չ՚օգտագործուող բառեր: Բնականաբար, եթէ ուզում ենք համաքայլ ընթանալ առաջատար երկրների հետ ու հաղորդակցուել միջազգային հարթակներում, պարտաւորուած ենք օգտագործել  իրենց համար հասկանալի միջազգային տերմիններ: Սակայն Հայաստանում եւ Սփիւռքում Հայ լեզուի անաղարտութիւնը պահելու համար, ուղղակի պարտաւորիչ է օտար բառերն ու տերմինները վերածել մաքուր գրական հայերէնի:

   Իրականում ես բնաւ մտադրութիւն  չունէի Հայաստանի այս կործանարար օրերին հայ լեզուի մասին հանդէս գալ մամուլում, դիմատետրում եւ թէ հեռուստատեսու­թեամբ, սակայն պարագան փոխուեց հետեւեալ  դէպքի պատճառով:

    Մէկ ամիս, գուցէ եւ աւելի, Հայաստանի Հ1 ալիքով, Պետրոս Ղազարեանի հիանալի հարցազրոյցներից առաջ, ի ուրախութիւն բնիկ սփիւռքահայի, սկսուեց ամէն գովա­սանքի արժանի 5-10 վայր­կեան (րոպէ)  տեւողութեամբ արեւմտահայերէն լեզուով լուրեր հաղորդուել: Ոգեւորիչ, խրախուսիչ հիանալի նախաձեռնութիւն: Խօսք չկայ, ամէն ինչ առերեւոյթ կատարեալ է:

   Նկարահանուած պատկերներն ընթանում են բովանդակու­թեա­նը համապատաս­խա­նող գրական նիւթով, որը դասական ուղղագրութեամբ ցուցադրւում է պաստառի վարի մասում:

   Հապա~յ ի՞նչ ասել պաստառի ետեւից գրաւիչ առոգանութեամբ հնչող արեւ­մտահայերէնի մասին, որ մատուցում է Անի Զէյթունցեանը: Հաւանաբար նա է արեւելահա­յերէնը վերածում արեւմտահայերէնի:

   Պիտի խոստովանեմ, որ Անի Զէյթունցեանն է «մեղաւորը», որ ես որոշեցի այս տան-

­ջալից  օրերին յօդուած գրել: Աղջիկս, Դու ի՞նչպէս կարող ես քո խենթենալիք, մաքուր  հայերէնի  մէջ օգտագործել  ԴԵՄԱՐԿԱՑԻԱ եւ ԴԷԼԻՄԻՏԱՑԻԱ օտար բառե­­րը: Այդ երեկոյ ես տեղս  չէի գտնում:  Իմ սիրած հաղորդավարուհի՞ն, եւ  այդպիսի վրիպո՞ւմ: Ես ուզում եմ հաւատալ, որ եղածը պարզ թիւրիմացութեան արդիւնք է: Մտավախու­թիւնս կայանում է նրանում, որ Անիի այդ սխալ քայլը կարող է վարակիչ դառնալ Սփիւռքի լրատուական մարմինների եւ հեռատեսիլի հաղորդումների համար: Միայն ցանկալի է, որպէսզի նա կարողանայ փոքր-ինչ դանդաղեցնել ընթերցման արագու­թիւնը.

    Հայաստանի հաղորդավարների բոյլի մէջ արագ ընթերցելու մրցոյթի յաղթողի պսակը պատկա­նում է հ2-ի խօսնակ Գոհար Սրապիոնեանին: Էստեղ է ասել գիւղացին`«Տնաշէ~ն, ո՞վ  ա ընկել հետեւիցդ, էդ խի՞ ես վազում», իսկ գիւմրեցին կ՚ ա- ւելացներ` «Մէ հատըմ ժպտայ քուր ջան… , թէ չէ սըֆաթիդ նայել չի էղնում…»:

   Այո՜…, չափազանց կարեւոր է ժպիտը, ժպիտ ունենալը, մանաւանդ  մշտապէս պասս­տառի վրայ երեւացող անձանց համար:

   Ժպիտը դէմքերին, ասող-խօսող, մշտապէս հանպատրաստի արտայայտութիւն­ներով մթնոլորտը աշխուժացնող հաղորդավարնե՞ր էք ուզում տեսնել` եկէք Գլենդէլ ու դիտէք  ARTN կայանի շնորհալի հաղորդավարներ Արուսեակ Գէորգեանի եւ Դերենիկ Եափու­ճեանի վարած հաղորդումները

    Մինչ մենք այստեղ` Սփիւռքում  պայքարում ենք օտար բառերից ձերբազատուելու համար, Հայաստանում օրէ օր աւելանում են օտար բառերը:

    Փառք Աստծոյ Հայաստանում արդէն օգտագործում են ԴԵՄԱՐԿԱՑԻԱ եւ ԴԷԼԻ­ՄԻՏԱՑԻԱ  բառերի հայերէնը: Միայն մէկ  ճշդում անեմ:  Հայերէնում ԴԵՄԱՐ­ԿԱ­ՑՒԱ-ն նշանակում է ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ, ՍԱՀՄԱՆԱԲԱԺԱՆՈՒՄ: Ինձ մօտ եղած Հայերէն բառարանների մէջ ԴԷԼԻՄԻՏԱՑԻԱ բառը  չկայ: Ես այն գտայ 3-4 քիլոկրամ կշռող հաստափոր ՌՈՒՍ-ՀԱՅԵՐԷՆ բառարանում, որի թարգմանու­թիւնն է`ՍՊԱ­ՌԱ­ՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄ: Կարծում եմ անիմաստ է այս բառի գործա­ծելը, պէտք է բաւարարուել Սահմանագծում, Սահմանազատում բառերով, :

   Ընդհանրապէս, միշտ պէտք է յիշել, որ հայերէն լեզուի մէջ «ՑԻԱ» վերջածանցով բառ գոյութիւն չունի, չի եղել: Այն ամէնը ինչ օգտագործում ենք այդ վերջոյթով« տառացի եւ բառացի վերցուած է ռուսերէնից: Ռուսներն էլ վերցրել են անգլերէնից ու ֆրանսերէնից: Արդարութիւնը պահանջում է նշել, որ ՑԻԱ վերջածանցով մի շարք բառեր տարիների ընթացքում «հայացուել» են, ինչպէս օրինակ` Ռեւոլուցիա – Յեղա­փոխութիւն, Կոնստիտուցիա- Սահմանադրութիւն, Միլիցիա – Ոստիկան, Ագի­տա­ցիա- Քարոզչութիւն, Ամպուտացիա – Անդամահատում, եւն:

   Արդէն քանիերրորդ անգամ անդրադառնում եմ ՄԻԱՆՇԱՆԱԿ բառին, որ բառացի թարգմանութիւնն է ռուսերէն  ՕԴՆՈԶՆԱՉՆՕ բառի, որ նշանակում է Մէկ նշանակու­թիւն, որի  մէջ պակասում է հաստատական իմաստը: Դրա փոխարէն մենք ունենք հաստատական բառերի լայն ընտրանի, ինչպէս ասենք` Անշուշտ, Իհարկէ, Անպայ­ման, Անկասկած, Հարկաւ, եւն, եւն: Մէկ օրինակ.

   – Բագրատ, ի՞նչ ես կարծում, Սիւնիքը կը կարողանա՞նք պահել:

   – Անշուշտ, անկասկած, Միանշանակ պիտի լարենք մեր ուժերը:

    – Չեղաւ բարեկամս, Միանշանակս ո՞րն է, ասա Իհա՜րկէ, Անպայման:

   Իմ քննադատականի արդիւնքում ՄԻԱՆՇԱՆԱԿ բառից վերջնականապէս «ձերբազատուեց» ՀՀ Առողջապահութեան նախարար Անահիտ Աւանէ­սեանը: Երկու ամիս

հետեւելով նրա ելոյթներին, նա ոչ մի անգամ չ՚ օգտագործեց այդ բառը, որի համար իմ

անկեղծ գոհունակութիւնն եմ յայտնում երիտասարդ տիկնոջը:

   Մեր բառապաշարի մէջ ամրօրէն իր երթն է շարունակում արհեստականօրէն գոյականացուած յոգնակի ձեւով օգտագործուող ՈՐՈՇ ածականը:

   – Երեկուայ երեկոյին ՈՐՈՇՆԵՐ բացակայ էին,- կարդում է հաղորդավարը,- չ՚ եղաւ, չի կարելի, մորթուեց հայերէն լեզուն: Հասկացէք վերջապէս, ՈՐՈՇ բառը ածական է, որ նշանակում է տեսակ եւ գոյական չի կարող դառնալ: Դրա համար մենք ունենք ՈՄԱՆՔ, ՈՒՐԻՇՆԵՐ, ԱՅԼՈՔ, ԱՅԼՔ : ՈՐՈՇ ածականը գործածւում է գոյականի հետ, ինչպէս օրինակ` Որոշ թեկնածուներ, որոշ տեղերում, որոշ հատուածում եւն:

   Որքան ուզում ես ասա՜, կամ գրիր, ԿԱՅԱՆԱԼ  բառը բայ է, գործողութիւն ցոյց տուող, եւ ածական չի կարող դառնալ:: Երբեք չի կարելի ասել ԿԱՅԱՑԱԾ գիւղա­տնտես, ԿԱՅԱՑԱԾ խոհարար, ԿԱՅԱՑԱԾ երգիչ: Պիտի օգտագործել հետեւեալ ածականնեևը` ՓՈՐՁՈՒԱԾ, ՀՄՈՒՏ, ԳԻՏԱԿ, ԻՄԱՍՏՈՒՆ եւն:

   ԿԱՅԱՆԱԼ բայի օգտագործման երկու օրինակ.

                 Փաշինեան-Պուտին հանդիպումը կայացաւ Նոյեմբեր 26-ին:

                 Ընդդիմադիրները  որեւէ որոշում չկայացրին:

   Էս անտէր Covid-19-ը ոչ միայն բազում մարդկային կեանքեր խլեց, այլեւ, աղտոտեց մեր հայերէնը: Էլ` ՊԱՆԴԵՄԻԱ, ՎԻՐՈՒՍ, էլ` ՊԱՑԻԵՆՏ ու ՀՈՍՊԻՏԱԼ, էլ`ՎԱԿՑԻՆ-ՎԱԿՑԻՆԱՑԻԱ  ու ԿՐԱՒԱՏ: Եւ այս բոլոր օտար բառերի հայերէնն ունենք մեր բառա­պաշարում: Սակայն, բոլոր հեռուստակայաններն  ու լրատուամիջոցները (հիմնակա­նում բացառեալ սփիւռքահայ մամուլը) գիշեր ու զոր օգտագործում են այդ բառերը, կարծելով թէ ՊԱՑԻԵՆՏ կամ ՎԱԿՑԻՆ ասելով երաժշտականացնում են մեր լեզուն: Ինչո՞ւ ասել  ՀԻՒԱՆԴ կամ ՊԱՏՈՒԱՍՏՈՒՄ, երբ լսէք թէ ինչ երաժշտական է հնչում ՊԱՑԻԵ~ՆՏ, ՎԱԿՑԻ~Ն…:

   Վերջերս մշտապէս «զինուած, պատրաստուած» հաղորդավար Պետրոս Ղազա­րեանը հեռուստադիտողներին հայոց լեզուն օտար բառերից ազատելու միջոցներ փոխանցելու համար, հարցազրոյցի էր հրաւիրել ՀՀ Լեզուի Կոմիտէի նախագահ Դաւիթ Գիւրջինեանին: Վերջինս սարից-ձորից, դէսից-դէնից մաքուր հայերէնով զեկուցում կարդալու պէս, ոչ մի օրինակ չբերեց պահանջուող նիւթի վերաբերեալ: Եւ խօսքն աւարտեց մօտաւորապէս  հետեւեալ նախադասութեամբ.

   – Դէ, մենք սխալ բառեր շատ ենք ասում` ՀԱՄԲՈՅՐ ասելու փոխարէն ասում ենք`ՀԱՄԲՅՈՒՐ: Եւ ուրիշ ոչինչ…

   Մեկնաբանութիւնները թողնում եմ ընթերցողին

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ