Երկուշաբթի, Հոկտեմբեր 7, 2024

Շաբաթաթերթ

Ամէն Մի Հայ Հայաստան Է…

(Խորը մտածում այս օրերի համար)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

    – <<Հայաստա՞ն, թէ` հայ>>, – այս մտասեւեռումը յաճախ է զբաղեցնում մեր միտքը: Այդ հարցի պատասխանը կապուած է իւրաքանչիւր հա­յոր­դու իմա­ցութեան, գիտելիք­ների, հայրենասիրութեան, հայասիրութեան, աշխարհաճա­նա­չողութեան հետ: Այնու­ամենայնիւ, եկէք  պարզենք,  հա՞յն է աւելի կարեւոր, թէ` Հայաստանը:

     Իսկապէս. ո՞ւմ տալ նախապատուութիւնը, ո՞րն է աւելի կարեւոր,- հայ մարդը, թէ՞ իր հայրենիքը: Մենք, բոլորս էլ գիտենք, որ աշխարհի ամենաթանկ էակը մարդն է, մարդ-արարածը:

     Բայց ի՞նչ է արւում այսօր ՀԱՅ մարդու հետ, եւ ի՞նչ օրի է նրա հայրենիքը: Առերեւսյթ` երկուսն էլ դատապարտուած են կո­րս­տեան, մէկը` որպէս հաւաքակա­նու­թիւն, միւսը` հող, տարածք`մշտապէս ասպատակութեան զոհ դառ­նալու վտան­գին ենթակայ:

    Մեր առօրեայ հոգսերը, դարդն ու ցաւը թողած, ձեռք ենք մեկնում հայրենիքի մեր քոյրերին, եղբայր­ներին, բարեկամներին, այնտեղ տարիներ շարու­նակ լաւ օրուան սպասող, արդէն ընտանիքի տէր դարձած մեր զաւակներին, նոյնիսկ` օտար մարդ­կանց: Այս ենք մենք` հայերս…

     Եւ` ինչո՞ւ ենք մենք այդպիսին, որովհետեւ մենք դեռ է~ն գլխից, հեռաւոր ժամա­նակներից  գիտենք, որ առանց հայրենիքի, առանց Հայաստանի հայ չկա՜…, չի եղել: Իսկ Հայաստան պահողը ոչ միայն այնտեղ ապրող հայն է, այլեւ` աշխարհասփիւռ հայը:

     Օտարները աւելի շատ գիտեն հայերի մասին, քան նրանց հայրենիքի, Հայաստանի մասին: Ապա փորձեցէք օտարին հարցնել`ո՞վ է հայը: Եթէ քիչ թէ շատ կարդացած մարդ է`կՙասի, որ հայերը աշխատասէր, գրագէտ, տաղան­դաւոր մարդիկ են, կՙաւելացնի նաեւ մեր գլխին եկած Եղեռնի պատմութիւնը, վստահ ենք, չի մոռանայ նաեւ այն նպաստի մասին, որ բերում է հայը աշխարհի բոլոր ծայրերում` յայտնի եւ անյայտ արուեստների, գի­տու­թեան, գրականութեան, երաժշտութեան ասպա-րէզներում:

     Ուրեմն` հասկացողի համար պատիւ է ՀԱՅ լինե­լը: ՀԱՅ-ը ինձ համար ամէնից առաջ նշանակում է ԱՐԺԷՔ, պատիւ, դարերով ամրագրուած երազանք, արժանա­պատւութիւն  նաեւ:  Չմոռանանք, որ բարձր արժանապատւութիւն ունենալու առա­ջին պայմա­նը` հանդուրժողականութիւնն է, մի երեւոյթ, որ բացակայում է Հայաս­տանի Ազգային Ժողովում, ուր չեն դադարում անյարկի վէճերն ու անիմաստ ձաբռտուք­ները:

  Աշխարհը տեսաւ թէ ինչպէս Ազգային Ժողովի նախագահը մեծ ջանքեր գործադրե-

լուց  յետոյ մի կերպ կարողացաւ կիսատ-պռատ ընթացքով հունի մէջ դնել ժողովի 

գործունէ­ու­թեան «բնականոն» ընթացքը:

   Ես այսօր նպատակ չունեմ խօսելու Ազգային Ժողովի պատգամաւորներից ոմանց պժգալի պահուածքի, միմեանց  նկատմամբ  բարձրաձայնած փողոցային հայհոյանք­ների մասին: Միայն թէ ցաւս այն է,  որ «յանցաւոր ազատութեան» շնորհիւ, բազ­մաթիւ հեռուս­տակայաններ, ի ցոյց աշխարհի, ցուցադրեցին պարանին փռուած մի շարք պատգա­մաւորների, «աղտոտ պիստակեղէնը»:

   Քէն-մէն, ոխ-մոխ պիտի մէկընդմիշտ վերանան մեր կեանքից: Մենք մտասեւեռում պիտի որդեգրենք, որ է` ՀԱՅՐԵՆԻՔ: Մեր բոլոր արարքների ու գործո­ղութիւնների միջով կարմիր թելի նման, սահուն կերպով պիտի անցնի Հայրե­նիք-Հայաստան գաղա­փարը:

    Գիտենք իհարկէ, որ Հայաստանից դուրս շատ կան հայեր, որոնք, որտեղ էլ ապրե­լիս լինեն` նրանց  խելքն ու միտքը Հայաստանն է: Նրանք ապրում, շնչում են Հայաս­տանով, նրա առջեւ  ծառացած  բազմաթիւ մտահոգութիւններով: Նրանցից ամէն մէկը մի Հայաստան է օտարների առջեւ:

     Հարցրէք երեսուն եւ աւելի տարիներ առաջ Հայաս­տանից արտագաղթած իւրա­քանչիւր հայորդու, որն ունի տուն-տեղ, լաւ, ապահով աշխատանք, թէ ի՞նչ է մտածում Հայաստանի  մասին: Վստահ եղէք, որ նրանցից շատերը կՙասեն, թէ Հայրենիքից դուրս ի՞նչ ուրախ կեանք, ի՞նչ երջանկութիւն:

     Մենք` արտագաղթածներս, նման ենք գործարա­նի երկնաքեր ծխնելոյզին, որից գիշեր ու զոր բարա~կ  ծուխ է բարձրանում: Այդ նոյն` չերեւացող ծուխը մեր ներսում է, մեր հոգում, եւ մշտապէս, անդադար  մխալու է…: Մանաւանդ` հարիւր տարի անց` ԵՐԿՐՈՐԴ ԵՂԵՌՆԻՑ յետոյ: Հերիք է, բաւ է: Մենք յագեցած ենք Հայրենիքի վշտից ու ցաւերից: Սակայն` Մի՜ փորձէք հիասթափեցնել մեզ, չի ստացուի…

     Ճիշդ է, որ Պարոյր Սեւակի ասածի նման, մենք կէսին ենք հասել, ու, երկուսուկէս միլիոնին հազիւ ենք բարեւ ասում, որը վաղը միւս օր կարող է եւ իջնել երկու միլիոնի, գուցէ եւ պակաս, բայց միեւնոյնն է, մէկ այր ու մէկ կին էլ թէ մնան Հայաստան աշխարհում, որպէս Ադամ եւ Եւա` նոր հայրենիք կը կերտուի, մի նոր Հայաստան:

     Այո՜, անկասկած, կարեւոր է եւ հա՜յ մարդը, որպէս անհատականութիւն, որի կարճատեւ կեանքը պիտի որ անցնի առանց անլուր զրկանքների: Սխալ կը լինի մեղադրել նրանց, ովքեր ստիպուած լքում են հայրենիքը: Մարդկայնօրէն ամէն ինչ ըմբռնելի ու հասկանալի է: Եւ մենք` տեղացի դարձած նախկին ԱԽՊԱՐՆԵՐՍ, լա~ւ գիտենք, թէ ինչ ասել է անօթի փորով անկողին մտնելը եւ օրօրոցի մանկանը կաթ չկարողանալ հայթայթելը:

     Եւ այդ նոյն` Հայաստանից մի կերպ ճողոպրած մարդիկ, տարբեր երկրներում իրենց գոյութիւնը դժուարօրէն պահպանելուց յետոյ, վարակւում են մի ծանր հիւանդութեամբ, որի անունն է ԿԱՐՕՏԱԽՏ (ԱԽՏ-ը հասկանալ լաւ իմաստով), որը ժամանակի ընթացքում դառնում է նրանց մարմնի մի մասը, ծուատում է հոգին, զրկում առողջ բանականութիւ­նից, դարձնում մեքենայ, քայլող ռոբոտ:

     Այո՜, հայը արտերկրում, որպէս անհատ, ժամա­նա­կի ընթացքում կարողանում է որոշակի տնտեսա­կան հէնք ապահովել իր ընտանիքի համար` իրեն փրկուած համա­րելով հայաստանեան մղձաւանջից: Բայց արդեօ՞ք փրկւում է նա որպէս հա՜յ, հա՜յ

մարդ, թէ՞ ժամանակի ընթացքում օտար  հոսանքի հետ մոռանալու է ե՜ւ ազգութիւն,  ե՜ւ կրօն, աւանդու­թիւններ, սրբութիւններ,  որոնք իրեն է փոխանցուել մեր պապերից:

     Ահա նման մտածումներն էլ մեզ բերում են այն համոզման, որ որպէս հայ մարդ, որքան էլ մենք մեզ արդարացնենք մեր քայլերի համար, միեւնոյնն է, առանց հայրենիքի, առանց Հայաստանի, մենք յորդառատ գէտի մէջ ընկած նաւակի ենք նման, որն իր սլացիկ ընթացքի մէջ, խփուելով գէտի եզերքների ժայռերին, ի վերջոյ, ջարդուփշուր է լինելու, եւ մնալու է որպէս յուշ`այն մարդկանց համար, ովքեր աշխարհից ինքնագոհ, ժպիտը դէմքերին, նաւակը նետեցին յորդառատ գէտի մէջ…:

     – Իսկ ովքե՞ր են այդ մարդիկ,- մարդիկ, որոնք <<չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ>>: Եւ նրանք այն մարդիկ են, որոնք իրենց հասած եր­ջանկութիւնից արբեցած, մոռացել են ժողովրդին տու­ած խոստումները:  Նրանց անճարակ <<գործե­լա­կեր­պի>> պատճա­ռով,  օրէօր է՜լ աւելի է դատարկ­ւում Հայաստանը: Մենք այստեղ, օտարութեան մէջ, որքան էլ ապահով կեանք ունե­նանք, վարենք Լեք­սուս եւ Մերսե­դէս մեքենայ, միեւնոյնն է, մեր միտքը, մեր տեսիլքը մեր հայրենիքն է, նրա` երես­նամեայ տառապանքներով լի` մեր հարազատ­նե­րի եւ հայրենակիցների կեան­քով հանդերձ:

     Ռուս մեծ փիլիսոփայ եւ յեղափոխական գործիչ Չերնիշեւսկին ասել է.

     – Հայրենիքը ամէնից առաջ ժողովուրդն է,- ճի՜շդ է ասուած` քանակով շա~տ ժողո-վուրդների համար:

     – Չէ~, ախպեր, մեզ համար չէ քո ասածը: Քեզ համար ի՞նչ կայ որ, մէկ-երկու միլիոն աւել-պակաս, թէկուզեւ` տասը միլիոն պակասի ռուսական հսկայ կայսրութիւնից` ոչինչ չի պատահի երկրին:

     – Իսկ մե՞րը,- մերն ուրի~շ է, մենք ուրի~շ ենք, մեր ամէն մէկը միլիոնի արժէք ունի եւ ամէն մէկի բացակայութիւնը հայրենիքից` երկրի խարխլման վտանգ է առաջ բերում:

     Ուրեմն` ըստ Չերնիշեւսկու փիլիսոփայութեան, եթէ չկայ ժողովուրդ` չկայ ուրեմն եւ հայրենիք

   Թէ Հայաստանում, թէ՜ Սփիւռքում միշտ ժողովրդական լայն խաւերին առաջ­նոր­դողի դեր է ստանձնել մտաւորականութիւնը, որի հիմնական մասը, ընդգծուած բար­դոյթի ազդեցութեան տակ, շատ անգամ համաձայն չլինելով Հայաստանի վերին իշխանութեան վարած քաղաքականութեան հետ, լռելեայն, առանց կարծիք յայտ­նելու, դառնում է լուռ խօսնակը պե­տութեան վարած քաղաքականութեան:

    Այստեղից էլ` բոլորիս յայտնի սահմանազատումը, որ գոյութիւն ունի մտաւորակա­նութեան շրջանում, ինչպէս Հայաստանում, այնպէս էլ արտերկրում:

    Եթէ ժամանակին  որոշ չափով  համախմբուած էր Սփիւռքի մտաւորականութիւնը եւ կային <<ան­ցեա­լից մնացած>> գրողներ, արուեստագէտներ, որոնք հասու էին ծանրակշիռ  աշխատանք ծաւալել համազգային հարցերի լուսաբանման շրջանակ­-ներում, այսօր նրանց փոխարինելու եկած, հիմնակա­նում Սփիւռքի կառոյցներին անծանօթ մեր մտաւո­րա­կա­նութիւնը բաժան-բաժան է եղել:

    Մարդիկ, գրողներ, մտաւորականներ շուար վի­ճա­կի մէջ են, չգիտեն ուր գնալ, ո՞ր միութեան ան­դամ դառնալ: Իսկ դրանց ղեկավարներն էլ նոր անդամներ ներգրաւելու մոլուցքով տարուած, մոռա­նում են մարդկային բնականոն փոխյարաբերութիւն­ները, եւ իրենց ազգավնաս գործունէութեամբ, բամ­բա­սանքի եւ զազրախօսութեան քուրայում,  եթէ ոչ թշնամական, ապա անհանդուրժողական մթնո­լորտն է՜լ աւելի են թանձրացնում, եւ ստացւում է այնպէս, որ, ինչպէս ժողովուրդն է ասում.

 – Ձին ու ջորին վիճեցին, մէջտեղում էշը վարի գնաց..

   Մտաւորականը իր խելքը եւ մտածողութիւնը պիտի օգտագործի միայն բա­րիք`արարելու  համար եւ  պիտի  օրինակ  ծառայի հասարակութեան միջին եւ վարի շերտերի համար: Ամէն մի մտաւորական պարտաւոր է գէթ հասարակութեան մէջ իրեն պահել մտաւորականին յարիր կեցուածքով, օրուան համա­պատասխան հագու­կապով, հակառակ պարագային նրան չի կարելի մտաւորական համարել: Խժդժութիւնը, բամբասանքը, մէկը-միւսին ստո­րաց­նելը (Հայաստանում տարած­ուած արտայայտու­թիւն է`<<իրար գցել>>),  ցաւօք,  բուն է դրել  մտա­ւորականու­թեան շրջանում:

   Անհանդուրժողութեան մթնոլորտը գնալով էլ աւե­լի մռայլ է դառնում վերջերս, մինչդեռ այսօր մենք ունենք բազմաթիւ հոգսեր, ազգային ցաւեր: Ան­շուշտ, նման երեւոյթ դիտարկուել է միշտ, սակայն այսօր, բոլոր ժամանակներից  աւելի, մենք պէտք  ունենք միասնութեան, եւ մտաւորականու­թեան պարտ­քն է համախմբուել, դեն նետել եսասիրու­թեան քողը ու համընդհանուր ուժերով առաջնորդել ժողովրդին ճիշդ ուղիով: Հասարա­կութիւնը լաւ խօսքի, իրադրութիւնների ճշգրիտ գնահատ­ման պատասխանի է սպասում մեր մտաւո­րականից:

   Մտաւորականը պիտի խօսքի, բառերի հետ զգու­շօրէն ու ազնուօրէն վարուի, որովհետեւ, ինչպէս պարսիկ բանաստեղծ Սաադին է ասում` <<Մարդը կենդանուց տարբերւում  է խօսքի ունակութեամբ, բայց  նրանից  ցածր է, եթէ խօսքն անպատշաճ է օգտագործում>>:

   Մտաւորականը իր խղճի տէրն է, իսկ այդ խիղճը պիտի լինի մաքուր, անբիծ, առանց խաթարելու իր գոյնը այս կամ այն տպաւորութեան եւ կամ ազդե­ցութեան տակ:

   -Է~հ, էլ ի~նչ հայ առանց հայաստանեան քար ու ջրի,- կ՚ասէր հայրս,- երկինք խոյացող սարերի, գրեթէ երկնքում ծուարած մեր եկեղեցիների, առանց Արարատի~…

    Ուրեմն` հայրենիքի ուժը նրա հողի մէջ է, այն հողի, որը չկայ ոչ մի տեղ, երկրագնդի եւ ոչ մի տարածքում: Մենք մեզ միշտ լուսաւորեալ ազգ ենք համարել, եւ ենք ի՜սկապէս, ուրեմն պարտաւոր ենք յիշել, որ լուսաւորեալ ազգերի իսկական քա­ջու­թիւ­նը`  յանուն   հայրենիքի  ինքնազոհաբերման  պատ­րաստակամութեան մէջ է:

    Շա~տ ենք զոհուել,- այո՜, մանաւանդ` վերջին երեսուն տարում: Այսպէս, կամ այնպէս` արտեր­կըրում էլ ենք զոհւում, եթէ ոչ ֆիզիկապէս, ապա անպայմանօրէն հոգեպէս ու բարոյապէս: Զոհուելը` մեր խաչն է, զոհւում ենք, որպէսզի նորից յարութիւն առնենք: Ի՞նչ իմանաս, գուցէեւ վաղը միւս օր ետընթաց վարգով սփիւռքից կարաւանները կը բռնեն իսկական տան ճանապարհը:  Երանի~ նրանց, ովքեր կը գնան այդ Սուրբ ճանապարհով…

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ