Ուրբաթ, Հոկտեմբեր 4, 2024

Շաբաթաթերթ

Ռազմիկ Դաւոյեանի Ոգեղէն Հացն Ու Մեղրահացը

(Մեծ Բանաստեղծի Յիշատակին)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

   ԾԱՂԿՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ, ՉԻ ԼԻՆԻ  ԾԱՂԿՈՒՄ
         ԹԷ  ՉՓԽՐԵՑՆԵՍ  ՍՈՒՐԲ  ՀՈՂԸ  ԽՂՃԻԴ

ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ:

… Ոգեղէ՜ն հաց, ոգեղէ՜ն հաց, մտքի, երեւակայութեան աննիւթական հաց, ինչպէս նաեւ հաւատի հաց եւ նշխար, ու այնքա~ն շօշափելի, որ կարծես իրական մեղրահաց են դրել առջեւդ:

   Համաշխարհային երկրորդ պատերազմի նախադռանը ծնուած բանաստեղծ Ռազ­միկ Դաւոյեանը դեռ մանկուց է երազել իրական, շօշափելի հաց ուտել, տնական կաթի սէրով թոնրի լաւաշ ճաշակել, բայց աւա~ղ,  սնուել, սնուել սովորական առօրեայ հացով` այնքան էլ դիւրին չէր այդ տարիներին` Լոռու Մեծ Պարնի գիւղում ծնուած երեխայի համար, երբ գիւղում գրեթէ գործ անող տղամարդ չէր մնացել: Բոլորը  հայրենիքի պաշտպանութեան դիրքերում էին: Ուշիմ, խելացի երեխան շատ շուտ հասկացաւ, որ սովորական հացից բացի, կայ նաեւ ոգեղէն, հոգու հաց, որին պիտի տիրանալ ընթերցանութեամբ, իր նման լոռեցի ՄԵԾՆ Թումանեան կարդալով:

   Ռազմիկ Դաւոյեանը փոքրուց ընդունեց Աստծոյ պատուիրանը. որն ասում է «Ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլ բանից, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ»: Ամբողջ կեան­քում  է առաջնորդուել Ռազմիկ Դաւոյեանը Ոգեղէնով, հոգեկան հա­ցով : Պատա­հական չէ, որ նա իր կեանքի վերջալոյսին ասել է.

   – Ես աչքը կուշտ մարդ եմ, ակնկալիքներ էլ չունեմ: Եւ սակայն`

                                        Հիմա նայում եմ հեռու մանկութեանն իմ փշրուած

                                        արի~ւն…սարսա~փ, ու մի փշուր մաքուր հաց:

   Ու այդ` «մի փշուր» հացով իմաստնացաւ, հզօրացաւ, առնականութիւն, ոգեղէն ուժ, բանաստեղծելու երկնային կարողութիւն ձեռք բերեց Դաւոյեանը ու դարձաւ ՌԱԶ­ՄԻԿ, ռազմիկ` պայքարելու, յաղթելու համար, ինչո՞ւ չէ, պարտուելու նաեւ, պարտ­ուելու, որպէսզի միշտ մնայ յաղթական.…

   – Ի՞նչ,` յաղթակա~ն, ի՞նչ յաղթող, երբ պարտուած է մի ամբողջ ժողովուրդ, իր ժողովուրդը…, եղած յաղթանակներն էլ այն չեն…, դրանց մէջ անգամ տառապում է բանաստեղծի հոգին:

                                        Առաջին օրը տառապանքի ցաւ

                                       եւ վերջին օրս տառապանք ու ցաւ

 – Ի՞նչ է սա, իրերի, իրականութեան բացայայտո՞ւմ` ո՜չ: Ուրի~շ է բանաստեղծի միտքը, առաջին օրը տառապանք էր ու ցաւ` իրական հացի պատճառով, իսկ այսօ~ր` ցաւ ու տառապանք է ոգեղէն հացի, ոգեղէն սովի պատճառով: Իր ոգեղէն հացով լեցուն հոգին տառապում է ուրի~շ-ուրի~շ ցաւերի համար, այնքա~ն խորն է բանաստեղծի ցաւը, որ վստահ լինելով թէ մենք տեղեակ ենք այդ ցաւին, սակայն վստահ չէ` գիտե՞նք արդեօք այդ ցաւի տարողութիւնը:

Իմ խուլ ցաւերով տառապողն անգամ

ցաւերիս ցաւին անտեղեակ է միշտ

   Շաբաթը վեց օր տառապող բանաստեղծը պէտք ունի մխիթարութեան: Ո՞վ կարող է դա անել, եթէ ոչ Տէրը` Յիսուս Քրիստոսը, որին էլ պիտի դիմել

Ո՞ւր է` տառապանքի Կիրակին, ՏԷ~Ր ԻՄ

   – Սա արդէն ՆԱՐԵԿԱՑԻ է, մեր օրերի Նարեկացին:

   Ընդհանրապէս, Ռազմիկ Դաւոյեանը շատ է խօսում Տիրոջ հետ: Ինչպէս Նարե­կացին, թողութիւն  խնդրում չգործած մեղքերի համար, որոնք իրենը չեն, մարդկու­թեանն են, որոնց պառճառով`

Հայոց աշխարհ-Եկեղեցի`գմբէթներով բազում

Զանգերդ սուրբ ղողանջիւնով պատարագ են ասում

      – Այո՜ , մի ողջ Հայաստան աշխարհ Պատարագ է մատուցում` կորցրածի համար,- հե՞շտ է ասել «կորցրածի»,- այդ մե՜նք գիտենք, թէ ի~նչ ենք կորցրել, ու կորցնում ենք նաեւ այսօ՜ր, ամէ՜ն օր, ամէ՜ն ժամ:

   Ա՜յս է ուզում ասել Ռազմիկ Դաւոյեանը, ՌԱԶՄԻԿ բանաստեղծը:

    Ռազմիկ` մարտնչող բանաստեղծներ շատ են եղել Սակայն ուրիշ է Դաւոյեանի  ՌԱԶՄԻԿ լինելը, որովհետեւ նա ծնուեց հենց այդպէս` որպէս ռազմիկ` մարտնչող մարտիկ: Պարզապէս կեանքն ու դառն իրականութիւնը նրան այդպիսին դարձրին: Արդիւնքում` ՌԱԶՄՒԿ անունը իրական կերպարանք առաւ, թէ՜ որպէս անուն եւ թէ՜ որպէս անձին բնորոշող շոյիչ ածական:

   1960-ականների սկզբներին Հայաստանում մէջտեղ ելաւ Պարոյր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» պոեմը: Սա իրական յեղափոխութիւն էր Հայ գրականութեան մէջ: Ծփում էր Երեւանը, ուրախութիւնից արբեցած մարդիկ,, Սեւակի հատորեակը ձեռքներին, միմեանց ողջունելով, կարծես թռչկոտելով էին քայլում ապրիլեան շնչով լցուած Աբովեան թողոցով: Քաղաքի բոլոր գրախանութներում վայրկեանների ընթաց­քում չքացել էին Սեւակի հատորները:

   Եւ այդ ժամանակ էր, որ հազիւ երրորդ տասնամեակը ոտք դրած երիտասարդ Դաւոյեանը, կեանքի դաւերին դեռեւս անտեղեակ, այդ գիւղացի տղան գրեց  իր առաջին մեծածաւալ «Ռէքուիեմ» պոեմը: Բանաստեղծը ամբողջ ձայնով մարդկանց երեւակայութեան մէջ մեխեց արտաքուստ յայտնի, մինչ այդ չ՚ ասուած ճշմարտու­թիւններ.

                                                     Մի ծառ ծաղկում է,

                                                     երկրորդը ծաղկում է,

                                                      երրորդը ծաղկում է,

                                                      հարիւրը, միլիոնները

                                                      բոլորը ծաղկում են:

                                                      Մի ծառ չորանում է,

                                                      երկրորդը չորանում է,

                                                      երրորդը չորանում է

                                                      հարիւրևերը, միլիոնները,

                                                      բոլորը չորանում են:

 – Ովքե՞ր են այդ բոլորը, միլիոնները,- այդ մե՜նք ենք, մե՜նք` մեր միլիոններով: Մենք` որ տխուր ենք նաեւ այսօր, յաւիտենական տխրութեամբ պարուրուած…

   Միշտ լոյս փնտռեց Ռազմիկ Դաւոյեանը, երբեմն էլ, յուսահատական պահերին բղա­ւեց.

Ո՞ւր է Արարիչը, որ խեղդուելով մթից,

Գոռաց` «Եղիցի լոյս…» եւ « Լոյս եղեւ

Գոռաց` «Համակարգուիր, քաոս…»

    – Ինչի՞   համար է լոյս փնտռում հայրենասէր   բանաստեղծը, այն էլ Արարչի «միջ­նորդու­թեամբ»,- որովհետեւ քաոս է  իրական կեանքը,  երկրային, քաոս, որ չի հա­մակարգւում  գէթ մե՜զ համար, հայ ազգի համար, որ, թէեւ ունի «Դրախտի երկիր», սակայն մատնեմատի չափ բախտ անգամ չունի:

Դրախտի երկիր, անհուն դրախտ,

մեծ երազների փոքրիկ օրրան,

քո մէջ ծնուեցին քաղցր յոյսեր,

եւ քո վիհերում անդարձ կորան:

Դրախտի երկիր, անհո~ւն դրախտ,

մեծ օրհնութիւն քեզ, եւ…փոքրի~կ բախտ:

– Արարիչ, լոյս, հաւատ,- այս  եռանկիւնով  է պայմանաւորուած հայրենասէր բանաս­տեղծ Ռազմիկ Դաւոյեանի հաւատամքը: Եթէ մարդկութիւնը այսօր աւերներ է գործում, չարիք տեղում անմեղ ազգերի գլխի՞ն,- դա նրանից է, որ նրանք չեն ճանաչում Արար­չին, չեն հաւատում Արարչի գոյութեանն ու նրա աչք շլացնող լոյսին, որովհետեւ այդ նոյն մարդիկ`

Մարդիկ աշխարհը ծաղկեցնում արեամբ

վիշտ ու հառաչանք ծածկում են գոյնով

մէկտեղ ծիծաղում, առանձին լալիս,

խեղդում են իրար միեւնոյն արիւնով:

      Սարսափազդու, եւ, դժբախտաբար մեր դարի համար միանգամայն ճիշդ այս բնո­րոշման մէջ, Ռազմիկ Դաւոյեանը առանձի~ն միտք, առանձի~ն մտածում ունի իր ժողովրդի մասին: Հայաստանը ամէ~ն, ամէ~ն ինչ է նրա համար:

   – Հայաստան աշխարհտն ինձ համար,- ասում է նա,- ամենաթանկագին բանն է մո­լո­րակի վրայ, այս աշխարհից դուրս ես իմ կեանքը չ եմ պատկերացնում առանց նրա:

   Ու` այս «արեամբ ծաղկած» աշխարհում, բանաստեղծ Դաւոյեանը իր հոգու ամէնա­նուրբ անկիւնում  մի լուրջ խրատ ունի մեզ համար, իր ժողովրդի համար:

Աստծոյ նման խաղաղ պահիր քեզ

Աստծոյ նման եղիր բարեսիրտ

նրա պէս եղիր հաւասարատես

ու ծաղկեցրու նշխարը լոյսիդ:

   Ռազմիկ Դաւոյեանի ընդգրկած նիւթերի մէջ բարձրակէտը հայրենասիրութեան թեման է: Ամէն, ամէն ինչ` սէր, բնութիւն, ընտանիք, փիլիսոփայութիւն, անցնում են »Հայրենասիրութիւն»  պրիզմայի  (բազմանիստ) միջով: Դաւոյեանի անեզր  հայրե­նա­սիրութիւնը չափազանց ուսանելի է ու վարակիչ նաեւ:

   Դժբախտաբար, մէկ ամիս առաջ 81 տարեկան հասակում կեանքին հրաժեշտ տուեց տաղանդաւոր բանաս­տեղծ, քաղաքական գործիչ, հրապարակագիր, բազմաթիւ շքա­նշանների եւ պատ­ուոգրերի արժանացած Ռազմիկ Դաւոյեանը, իմ պատանեկութեան եւ երիտասարդական տարիների լաւագոյն ընկերներից մէկը:

   Յիշողութեանս մէջ է Ռազմիկ Դաւոյեանի անչափ այժմէական, Սիլվա Կապուտի­կեանի ոճով  յօրինուած բանաստեղծութիւն-պատգամը, որ ուղղուած է մեր զաւակ­ներին, որոնք, կեանքի դժուարագոյն պայմանների պատճառով (մանաւանդ` ՍՓԻՒՌ­ՔՈՒՄ) օրէ-օր հեռանում են տնից, հայրենական օճախից: Ահա այդ Պատգամը.

Քեզ ի՞նչ տամ զաւակս,

Ի՞նչ տամ քեզ…, ի՞նչ ասեմ

Աշխարհին այս չարակամ,-

Ի՞նչ զաւակ, որ իր մօր օճախում

Չկտրի մի պատառ հաց անգամ:


     Սոյն յօդուածի առաջին տարբերակը տպագրուել  է Խորհրդային օրերին` 1987թ. Յունիսին Քալիֆորնիայի «Նոր կեանք» շաբաթաթերթում: Մինչ օրս չգիտեմ թէ ով էր Ռազմիկ Դաւոյեանին հրաւիրել Լոս Անճելըս` իրեն նուիրուած երեկոյի, բայց այն անակնկալը, որն ինձ ապշեցրեց ու զարմացրեց ` հաճոյքով եմ  յիշում:

    Հեռաձայնում է իմ պատանեկութեան տարիների ընկերներից շնորհալի քանդակա­գործ Երուանդ Գոջաբաշեանը:

   – Հենրիկ, ճիշդ է,  վաղուց չենք խօսել միմեանց հետ, բայց հիմա իսկ, գործ-բան թող ու արի Կարուսել ճաշարան, գիտես ի հարկէ, քո տնից շատ մօտ է:, ես ու Ռազմիկ Դաւոյեանը քեզ ենք սպասում:

   – Ի~նչ, Ռազմիկն այստեղ է եւ ես տեղեակ չե՞մ…, ե՞րբ է եկել:

   – Ի՞նչպէս տեղեակ չես…,  չէ՞ որ երկու օր հայրիկիդ հիւրն է եղել, ձերոնք բան չեն ասե՞լ:

   – Չէ,  ո՜չ, չեն ասել, զարմանալի է: Հիմա գալիս եմ:

    Յաջորդիւ զգացի, որ թէ հայրիկս եւ թէ Ռազմիկ Դաւոյեանը խուսափում են իրենց հանդիպման մանրամասնութիւնների մասին ինձ տեղեակ պահել: Ակամայ մոռացու­թեան տուի եղածը, սա­կայն այսօր, հոգուս խորքում ի մի բերելով Ռազմիկ Դաւոյեանի անցած կեանքի ուղին, գիտեմ թէ ինչի համար է եղել այդ օրերի համար յոյժ գաղտնի այդ հանդիպումը` անուանի պատմաբան, հայագէտ, մատենագէտ Յակոբ Անասեանի հետ:

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ