Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Աւարայրի Ճակատամարտի Արտացոլումը Հայ Մշակոյթի Մէջ

(Փետրուար 24-ի Վարդանանց Տօնի առթիւ)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

301 թուականին հայերի կողմից որդեգրուած Քրիստոնէական կրօնը ճիշդ ու ճիշդ մէկուկէս դար յետոյ դաւանափոխութեան վտանգի առջեւ էր կանգնած: Պարսկաս­տանի Սասանեան արքայ Յազկերտ Երկրորդը հայ ժողովրդի ինքնավարութիւնը վերացնելու եւ ազգին կրկին Զրադաշտական (Զրադաշտ Մարգարէի կրօն, որը պատուիրում էր պաշտել կրակը) կրօնին վերադարձնելու ձգտումով, 451 թուականի Մայիսի 26-ին իր 100 հազարանոց բանակով եւ մեծաթիւ հսկայ փղերով Աւարայրի դաշտում ճակատամարտ է մղում Վարդան Մամիկոնեանի 60 հազարանոց զօրքի դէմ:

    Պատմութիւնից յայտնի է, որ,  թէեւ Վարդան Մամիկոնեանն ու իր զօրագունդը զոհւում է ռազմի դաշտում, բայց յանուն կրօնի, յանուն հայրենեաց գաղափարի համար եղած նման կարգի պարտութիւնը ընդունուած է համարել յաղթանակ: Պատճառը հետեւեալն է:

   Պատերազմի դաշտում պարսիկները քսան հազարից աւելի զոհ էին տուել: Արքայ Յազկերտ Երկրորդը շատ լաւ հասկանում է, որ հայերի անկոտրուն կամքի առջեւ հետագայում էլ խնդիրներ կ՚ ունենան, եթէ չհրաժարուեն հայերին դաւանափոխ անե­լու մտադրութիւնից: Աւելին` Աւարայրի ճակատամարտի ականատես պատմիչ Եղի­շէն վկայում է թէ ինչպէս Յազկերտ Երկրորդը յայտարարում է.

   – Հայերի ապստամբութիւնը ներուած է եւ կրկին իրաւունք է շնորհուած եկեղեցիներ շինելու:

   Վարդան Մամիկոնեանն ու իր զինակիցները մէկ անգամ եւս հաստատեցին «Մահն իմացեալ անմահութիւն է» կարգախօսի ճշմարտացի լինելը:

   Աւարայրի ճակատամարտը մեր ազգային-ազատագրական պայքարի բարձրակէտն է: Մեր նպատակը չէ պատմել Աւարայրի ճակատամարտի, կամ, ինչպէս ընդունուած է ասել`Վարդանանց պատերազմի մասին: Այդ թեմային առնչուող մեծահարուստ գրականութիւն կայ, եւ ցանկացած ընթերցող կարող է ձեռք բերել դրանք:

   Հարիւրաւոր տարիների ընթացքում Վարդան Զօրավարի կերպարի բացայայտ­ման,Աւարայրի ճակատամարտի դրուագները կերպարաւորուել են մեր գրականու­թեան, մշակոյթի, երաժշտութեան, կերպարուեստի մէջ:

   Այժմ եկէք թերթատենք մեր մշակոյթի էջերը եւ դրանց մէջ յայտնաբերենք հիմնակա­նում Վարդան Զօրավարի կերպարին վերաբերող գրական, երաժշտական գործեր:

   Ինքնին հասկանալի է, որ մամուլի էջերը թոյլ չեն տալիս հանգամանալից վերլուծութեան ենթարկել դրանք, ուստի յաւակնութիւն էլ չունենք ասելու թէ այս յօդուածը մասնագիտօրէն ամբողջական է:

Դարերից եկող բազմաթիւ երգեր եւ բանաստեղծութիւններ կան Վարդան Մամիկո­նեանին վերաբերող: Երգերի զգալի մասը նոտագրուած չեն եւ մեզ են փոխանցուել շրթէ-շուրթ, բերնէ-բերան:

   Միջին դարերից սկսեալ բազմաթիւ երաժիշտներ փորձել են նոտագրել Վարդանին վերաբերող որոշ երգեր: Այս ուղղութեամբ զգալի աշխատանք են կատարել Վենետի­կի Մխիթարեան Միաբանութեան Հայրերը եւ հրատարակել են մի քանի երգեր, որոնցից յայտնի են «Տաճար փակեալ», «Ի պարս ընտրելոց» եւ չափազանց յայտնի Ներսէս Շնորհալիի «Նորահրաշ Պսակաւոր» շարականը, որը նուիրուած է Վարդան Զօրավարին: Ահա մէկ քառեակ այդ շարականից.

ՎԱՐԴԱՆ, ՔԱՋ ՆԱՀԱՏԱԿ,

 ՈՐ ՎԱՆԵՑԵՐ զԹՇՆԱՄԻՍ,

 ՎԱՐԴԱԳՈՅՆ ԱՐԵԱՆԴ ՔՈ,

 ՊՍԱԿԵՑԻՐ զԵԿԵՂԵՑԻ:

   Հրաշալի կոմպոզիտոր Էտկար Յովհաննիսեանը այս շարականը օգտագործել է իր «ԱՆՏՈՒՆԻ» բալետում:

    Իրականում Վարդան Մամիկոնեանի կերպարը աւելի շատ մարմնաւորուել է գրա­կա­նութեան մէջ, քան` երաժշտութեան:, ըստ որում, հիմնականում սփիւռքահայ արուեստագէտների եւ բանաստեղծների կողմից:

   Մեզ յայտնի երաժշտական ծաւալուն գործը սփիւռքահայ կոմպոզիտոր Համբար­ձում Պէրպէրեանի «Խորհուրդ Վարդանանց» կանտատն է` գրուած Վահան Թէքէ­յեանի նոյնանուն ծաւալուն բանաստեղծութեան վրայ: Կանտատը գրուած է երգչա­խմբի եւ նուագախմբի համար: Ելնելով բանաստեղծութեան, հիմնականում նկարա­գրո­ղական բովանդակութիւնից, կոմպոզիտորի մօտ երաժշտութիւնը սկզբում մեղմ է, հանդարտ, նկարագրողական(«Գիշեր մը, երբ երբեք այսպէս լուռ ու լուրջ չէ դիզուած հսկայ բանակի մը շուրջ»):

Թւում է   համակ լռութեանը վերջ չկայ, սակայն խաբուսիկ անդորրը խաթարւում է Վարդանի սարսռաբեր գոչումից.

ՎԱՍՆ ՅԻՍՈՒՍԻ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ, ՅԱՌԱ~Ջ…

    Հանդարտ երաժշտութիւնը յանկարծ իր մէջ է ներառնում փողային հնչեղ գործիք­նե­րով ներծծուած նուագախմբային քայլերգը, որին քիչ անց միանում է երչախումբը` հաստատելու համար բանաստեղծի եւ երգահանի հաւատամքը.

ԴԱՐԵՐԸ Կ՚ ԱՆՑՆԻՆ, ԲԱՅՑ ՎԱՐԴԱՆԸ ՔԱՋ,

ԲԱՅՑ ՎԱՐԴԱՆԸ ՍՈՒՐԲ, Կ՚ ԵՐԹԱՅ ՄՒՇՏ ԱՌԱՋ…

   Գրեթէ նոյն հաւատն է գերիշխողը Գարեգին Սրուանձտեանցի «Թէ հայրենեաց» բանաստեղծութեան մէջ: Ըստ հեղինակի «Գողթնի քնարք» պիտի գովերգեն «Վարդանոյ ինկած երկիր, ուր սակայն, «Պիտի ծաղկի սուրբ հաւատը»:

     Բանաստեղծ- բանահաւաք Գարեգին Սրուանձտեանցի անմնացորդ նուիրումը հայ մշակոյթին, ըստ իս, ամբողջական չի ներկայացուած  հայութեանը, մեր ժողովրդին: Երիտասարդ սերունդը բնաւ գաղափար չունի այդ խոշոր լուսաւորչի մասին: Հայ Մշակոյթի բանահաւաքների բոյլի մէջ, հիմնականում նա եղաւ ռահվի­րայ: Նրանից յետոյ էր, որ մշակոյթի բազմաթիւ գործիչներ սկսեցին պեղել Արեւմտեան Հայաստանի հայաբնակ անթիւ բնակավայրերի ժողովրդական բանն ու խօսքը, հեքիաթներն ու ասերգերը:

   Վարդան Մամիկոնեանին նուիրուած բանաստեղծութիւնների մէջ  ամէնատարած­ուածը  Գարեգին Սրուանձտեանցի կողմից մշակուած «Իմ հայրենեաց Հոգի Վարդան»  երգն է, որի բառերը պատկանում են Ս. Ֆէլէկեանին: Սփիւռքի ողջ տարածքին յայտնի է այդ երգը: ՀԱՅՐ ՄԵՐ աղօթքի նման, այն սովորում են մանկապարտէզային տարի­քից սկսեալ: Ահա մէկ քառեակ այդ երգից.

ԻՄ ՀԱՅՐԵՆԵԱՑ ՀՈԳԻ ՎԱՐԴԱՆ,

ՀՈԳԻՍ ՀՈԳՒՈՅԴ ԵՂՆԻ ՂՈՒՐՊԱՆ,

ՈՐ ՏՂՄՈՒՏԻ ԱՓԵՐԻ ՔՈՎՙ

ՎԱԹՍՈՒՆ ՀԱԶԱՐ ԿՏՐԻՉՆԵՐՈՎ

 ԶԱՐԿԻՐ, ԶԱՐԿՈՒԱՐ, ԻՆԿԱՐ ՔԱՋ-ՔԱՋ

ՊԱՐՍԻԿ ՍՓՌԱԾ Ի ՁԱԽԴ ՈՒ ՅԱՋ:

   Խորհրդային իշխանութեան օրօք արգելուած այդ եւ  բազմաթիւ այլ` երգեր, ես սո­վո­րել եմ դեռ մանուկ հասակից` հայրիկիս մաքուր, անբիծ կատարման շնորհիւ: Այդ ամէնը նա իւրացրել էր Վենետիկի Մխիթարեան Հայրերից, Ս. Ղազար կղզում ուսա­նած տարիներին: Նրանից լսած մեծաթիւ երգեր, տարիների ընթացքում իմ մշակմամբ կենդանու­թիւն են առել մենակատարի, երգչախմբի եւ սիմֆոնիկ նուագախմբի մեկնա­բանման տեսքով: Դրանք բազմիցս կատարուել են ինչպէս Սփիւռքում, այնպէս էլ Հայաստանում:

   Գարեգին Սրուանձտեանցի ԻՄ ՀԱՅՐԵՆԵԱՑ ՀՈԳԻ ՎԱՐԴԱՆ երգին է անդրա­դարձել Մեծն Կոմիտասը, մշակելով այն կանանց երգչախմբի համար: Երգի պարզից էլ պարզ (ոչ պարզունակ) կառուցուածքի, մեղեդու շարժուն, քայլերգային բնոյթի շնորհիւ այն անմիջապէս մնում է ունկնդրի յիշողութեան մէջ:

   Ինչպէս վերը նշեցի, Վարդան Մամիկոնեանի եւ Աւարայրի ճակատամարտի մասին հիմնականում արձագանգել են  Հայաստանից դուրս գտնուող մշակոյթի գոր­ծիչ­ները, իսկ հայաստանաբնակ գրող-երաժիշտների մէջ երկու անուն ունենք միայն մեր ձեքի տակ:

   Առաջինը աշտարակեցի Սմբատ Շահազիզն է, որը 1901 թուականին, Մոսկուայի Լազարեան ճեմարանում իրականացուող Վարդանանց պատերազմի 1450-ամեակի առթիւ գրել է կէս գրաբար, կէս աշխարհաբար մի բանաստեղծութիւն, որի քառեակ­ներից մէկը ուշագրաւ է մարտակոչի հրաւէր յիշեցնող հետեւեալ տողերով,

ՎԱՐԴԱՆ, ՄԵՐ ՔԱՋ ԶՕՐԱՎԱՐ

ԹՈՒՐԸ ՁԵՌՔԻՆ ՈՍԿԵՎԱՌ,

ԿԱՆՉՈՒՄ Է ԻՐ ՔԱՋԵՐԻՆ

ՋԱՐԴԵԼ զԳԼՈՒԽ ՅԱԶԿԵՐՏԻՆ:

   Երկրորդը Հայ Գուսանական արուեստի հիմնադիր Ջիւանին է: Նա առաջին գու­սանն է, որ գրել է գրական լեզուով, այն համեմելով Շիրակի դաշտին բնորոշ դարձ­ուածք­ներով: Մեծ հայրենասէր գուսանը հիանալի մեղեդային հարուստ շաղախով մեղեդի է յօրինել իր «Աւարայրի դաշտը» բանաստեղծութեան համար.

ԱՒԱՐԱՅՐԻ ԴԱՇՏԸ ՆԵՐԿԵՑ ԱՐԻՒՆԴ,

ԱՆՄԱՀ ՎԱՐԴԱՆ, ՀԶՕՐ ՎԱՐԴԱՆ, ՔԱՋ ՎԱՐԴԱՆ

ԱԶԳԷ ԱԶԳ ԿԸ  ՅԻՇՈՒԻ ԱՆՄԱՀ ԱՆՈՒՆԴ

ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԱՆ, ՀԶՕՐ ՎԱՐԴԱՆ, ՔԱՋ ՎԱՐԴԱՆ,

ԽՈՐՏԱԿԵՑԻՐ ԾԱՆՐ ԼՈՒԾԸ ՊԱՐՍԿԱԿԱՆ:

      Միայն հրճուանքով կարելի է ընդունել այն փաստը, որ տաղանդաւոր երգիչ եւ Ջիւա­նա­գէտ Թովմաս Պօղոսեանի ղեկավարած  գուսանական երգի համոյթը ահա քանի տարի է իր երգացանկի մէջ է պահում Ջիւանու մարտակոչ յիշեցնող «Աւարայրի դաշտը» երգը:

       Վարդան Մամիկոնեանի անձնազոհութեան եւ Աւարայրի ճակատամարտի պատ­կեր­ների նկարագրման լաւագոյն օրինակ կարող է ծառայել կոմպոզիտոր Մակար Եկմալեանի մշակած «Պլպուլն Աւարայրի» խմբերգը` գրուած Մխիթարեան Հայրերից, հանճարեղ բանաստեղծ Ղեւոնդ Ալիշանի «Պլպուլն Աւարայրի» ծաւալուն, եռմասանի վիպերգի երրորդ մասի խօսքերի վրայ:

   Բանաս­տեղծը Պլպուլին է վկայակոչում որպէս Աւարայրի ահեղ, աշխարհացունց ճակատամարտի ականատեսի, որպէսզի նա աշխարհին պատմի Կարմիր Վարդանի եւ նրա զինակից ընկերների մասին, թէ ինչպէս ընկան նրանք յանուն Կրօնի, յանուն Աստուծոյ եւ յանուն Հայրենեաց ու հաստատեցին, որ ՄԱՀՆ ԻՄԱՑԵԱԼ` ԱՆՄԱ ՀՈՒԹԻՒՆ Է

    Եկմալեանի Երաժշտութեան մեղմիկ, քնքոյշ, պատմողական բնոյթը աւելի քան համահունչ է Ալիշանի գրաբար-արեւմտահայերէնի զգլխիչ բնոյթին:

   Հիմնականում ակորդներով (սա`Եկմալեանի գրելաոճն է, ձայների ուղղահայեաց ըն­թաց­­քով, նոյնը նաեւ `նրա Պատարագում,- ՀԵՆ. Ա.), եւրոպական մտածողութեամբ մշակուած խմբերգի բովանդակութիւնը աւելի ըմբռնելի է դառնում բաս-օստինատոյի (յամառ, մնայուն բաս) շնորհիւ, որն անդադար կրկնուելով, հաստատում է ստեղծա­գոր­ծութեան միտք բանին:

   Այժմ երկու քառեակ Ղեւոնդ Ալիշանի քնարական վիպերգից, այնքա~ն մեղմիկ ու նրբին, որն ինքնին արդէն մեղեդի լինի կարծես.

Օ~Հ , ԴՈՒ ԲԱՐԵԿԱՄ ԱՅՐԱԾ ՍՐՏԵՐՈՒ,

    ԽՕՍՆԱԿ ԳԻՇԵՐՈՅ, ՀՈԳԵԱԿ ՎԱՐԴԵՐՈՒ

ԵՐԳԷ ՊԼՊՈՒԼԻԿԴ. ԵՐԳԷ Ի ՄԱՐԴ,

          ԶԱՆՄԱՀ ՔԱՋՔՆ ՀԱՅՈՑ, ԵՐԳՔ ՀՈԳՒՈՅՍ ՀԵՏ:

           ԿԱՆՉԷ ՊԼՊՈՒԼԻԿ, ԿԱՆՉԷ ՀՈԳԵՁԱՅՆ,

     ՈՐ ԵՐԿՆՈՅ Ի ՎԱՅՐ ՀԱՅԻ ԵՒ ՎԱՐԴԱՆ,

ՅԻՇԷ զՀԱՅԱՍՏԱՆ ՏՈՒՆ ԻՒՐ ՍԻՐԵԿԱՆ,

   ՀԱՅԱՍՏԱՆ ՅԻՇԷ ԶԻՒՐ ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԱՆ:

   Ալիշանից յետոյ այս «ԿԱՐՄՐԻԿ» բառ – որակումը դարձել է խորհրդանիշ Վարդան Զօրավարին բնութագրելու համար, եւ նրան յաջորդող բանաստեղծները նրա անուա­նը փակցրել են «ԿԱՐՄԻՐ» որակումը: Եթէ նկատեցիք, Ջիւանու մօտ էլ կայ այդ մակդիրը:

   Կարմիր Վարդանի անեզր հայրենասիրութիւնը իր վառ արտայայտութիւնն է գտել Մակար Եկմալեանի յաջորդ ստեղծագործութեան մէջ: «Լռեց…»,- նման կարճառօտ անուանում ունի երգահանի ամենայայտնի եռապատում գործը, որը, ահա հարիւր եւ աւելի տարի կատարւում է արուեստագէտների կողմից: Ռաֆայէլ Պատկանեանի չքնաղ բանաստեղծութիւնը այդքան հարազատօրէն երաժշտականացնելու հանճարը միայն Եկմալեանի նման երգահանը կարող էր ունենալ: «Լռեց…» երգ-խմբերգը եռմասանի կառուցուածք ունի:

   Առաջին մասում ինքն է` պոետը իր խոհերի հետ: Ազգին վիճակուած ծանր կացու­թիւնը, տարիների զրկանքներն ու անլուր տառապանքները յուսահատութեան գիրկն են նետել նրան: Երկրորդ մասում հերոսի յուսահատ վիճակը դառնում է վարակիչ, եւ համընդհանուր թախիծն ու տխրութիւնը փարատւում է կարծես հերոսի խաբուսիկ լաւատեսութեան ազդեցութեան տակ: Թւում է թէ կէսօրուայ արեւն է օգնութեան հասնելու հային, կարծեօք` լոյսի շող է երեւում հորիզոնում: Չէ, ո՜չ, խաբուսիկ է այդ ամէնը: Ի՞նչ է բերելու գիշերը: Այստեղ արդէն Լուսինն է, վերջին յոյսը, որին էլ ստիպուած է դիմել հերոսը.

Ա~Խ, ՑՈԼԱՅ, ՓԱՅԼԷ ՏԽՐԱԴԷՄ ԼՈՒՍԻՆ

  ԳՈՒՑԷ ՔՈ ՓԱՅԼԻՑ ՓԱՅԼ ՏԱՍ ԵՒ ՀԱՅԻՆ:

   Լսե~ց, լսեց տխրադէմ Լուսինը եւ նա պատրաստ է աշխարհին փոխանցել հայերի կոչ-պատգամը, ուրեմն` շարունակիր բարեկամ:

ՊԱՏՄԷ ՇԱՏԵՐՈՒՆ ՎԱՐԴԱՆԻ ՄԱՀԸ,

     ԿԱՄ ԻՆՉՊԷՍ ԿՈՐԱՒ ՀԱՅ ԱԶԳԻ ԳԱՀԸ,

                  ԿԱՄ Ի~ՆՉ ՎԵՀ  ՍԻՐՈՎ ՍԻՐՈՒՄ ԷՐ ՎԱՐԴԱՆ,

  ՄԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ` ԱՇԽԱՐՀ ՀԱՅԱՍՏԱՆ:

   – Ահա Վարդան Զօրավարի եւ Աւարայրի ճակատամարտի ոչ ամբողջական գրա­կան-երաժշտական գործերի մօտաւոր ցանկը, որ ներկայացրինք ընթերցող լայն հասա­­րակութեանը:

   Վերջում, արժէ յիշել նաեւ, որ Վարդան Մամիկոնեանի կերպարը ուշադրութեան է արժանացել նաեւ կերպարուեստի գործիչների մօտ: Յիշենք քանդակագործ Երուանդ Քոչարի կերտած Վարդան Մամիկոնեանի արձանը Երեւանի ամենաբանուկ թաղերից մէկում:

   Գեղարուեստական հիանալի երեւակայութեամբ Վարդան Մամիկոնեանի պատ­կերն են նկարել մեծանուն նկարիչներ Գրիգոր Խանճեանն ու Էդուարդ Իսաբէկեանը: Գրիգոր Խանճեանի «Վարդանանց պատերազմը» հանճարեղ պաննոն (Պաննո,- մեծա­կտաւ իւղաներկ,- ՀԵՆ. Ա.), որի վրայ հեղինակն աշխատել է աւելի քան քսան տարի, ճակատամարտի առանձին դրուագներ, գունաւոր պատճենահան­մամբ մտել են 20-րդ դարի հայրենական եւ արտասահմանեան ճանաչուած գեղարուեստական հրատարակութիւնների մէջ:

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ