Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Թախծով Պարուրուած Չյագեցած Կարօտ

(Սեդա Անանեանի «Անմոռաց Անուններ» Նոր Գիրքը)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

…Հեռուից, ուրիշ աշխարհամասից եկող հեռաձայն.

   – Հենրիկ դու ե՞ս…

   – Այո՜, այս ես եմ, ո՞վ է հեռաձայնողը:

  – Սեդան եմ Հենրիկ, Սեդա~ն:

   – Ո՞ր Սեդան, ես մի քանի Սեդա գիտեմ, բայց նրանք վաղո~ւց կորել են իմ կեանքից:

   – Դու ինձ չես կարող չյիշել, ես Անանեան Սեդան եմ…, Անանեան,

   – Օ~.., Անանեան Սեդան…, Համալսարա~ն, 1956 թուական…երանելի օրեր…

    – Այո՜, այո, այդ Սեդան, որի  ազգանունը մէկ տառով է տարբերուում քոնից:

   – Այո՜, ժամանակին, յաճախ էին շփոթում: Ո՞րտեղից ես հեռաձայնում:

   – Լոնտոնից, համարդ քոյրս փոխանցեց: Արդէն  30 տարի է ինչ Գլենդէլում է ապրում:

   –  Հիմա ինձ լսիր սիրելիս: Քրոջս` Սէրիկի միջոցով քեզ կ՚ ուղարկեմ վերջին գիրքս: Շատ կ՚ ու­զէի իմանալ քո կարծիքը: Ես մշտապէս հետե­ւում եմ քո բոլոր գրուածք­ներին ու քո գնահատականն ինձ համար շատ կարեւոր է: Վստահ եմ, քեզ հաճելի կը լինի իմա­նալ, որ քո` Հանրագիտարանի խմբագրութիւնը թողնելուց յետոյ, ե՜ս եմ փոխա­­րինել քեզ ու երկար տարիներ աշխատել այնտեղ, մինչեւ 12 հատորի լրանալը:


   … Գրասեղանիս վրայ է Սեդա Անանեանի «Անմոռաց անուններ»  գիրքը, որը հրա­տարակել է Գիտութիւնների Ակադեմիայի Արուեստի ինստիտուտը: Սա արդէն գրքի գնահատման չափանիշ է: Նոյնքան գնահատելի ուղենիշ է փրոֆ. Արծ­րուն  Աւա­գեա­նի` գրքի հմտօրէն լուսա­բան­ուած  հիանալի գրու­թեան բովանդակութիւնը:

    Սեդա Անանեանը սովորել եւ աւարտել է Երեւանի պետական համալսարանի Ռոմա­նո-Գերմանական ֆակուլտետի Ֆրանսերէն լեզուի բաժինը: Աշխատել է գրա­կանագէտ-թատերագէտ Ռուբէն Զարեանի ղեկավարած Արուեստի ինստիտուտում: Խոշոր գիտնականի խորհրդին հետեւելով Սեդան սկսել է զբաղուել լրագրութեամբ: Այնուհետեւ, 17 տարի շարունակ աշխատել է Հայկական Սովետական Հանրագիտա­րանի Արուեստի խմբագրութիւնում:

   Անշուշտ ես մէկ առ մէկ չեմ անդրադառնալու «ԱՆՄՈՌԱՑ ԱՆՈՒՆՆԵՐ» գրքի ամէն մի յօդուածի,  դրանք շատ են, եւ յետոյ,  լրագրի  սահմանները  թոյլատու  չեն ­գրակա­-

­նա­գիտական ծաւալուն յօդուած հրատարակել: Ուստի ես հիմնականում կ՚ անդրա­դառ­նամ մի քանի ծաւալուն նիւթերին:

   Երանաւէտ բախտ է մեծանալ, հասակ առնել մի այնպիսի ընտանիքում, մի այնպիսի

միջա­վայրում, ուր գիշեր ու զոր թագաւորում է հայ գիրն ու գրականութիւնը: Ի վե­րուստ Սեդա Անանեանը արժանացաւ այդ բախտին: Նրա մօրաքրոջ տղան էր ճա­նաչուած եւ  սիրուած  թատերագէտ, գրականագէտ եւ հրապարակախօս Լեւոն Հախ­-

վերդեանը, որի յարկի տակ է հինականում հասակ առել Սեդան: Առօրեայ կեանքում

ասող-խօսող, հումորի վարպետ Լեւոնի բնակարանը իսկական Թիֆլիսի Վերնա­տունն էր յիշեցնում, ուր հաւաքւում էր Հայ Գրականութեան գործիչ­ների ընտրանին, որոնց թւում` Պարոյր Սեւակն ու Վահագն Դաւ­թեանը, Գրիգոր Քէ­շիշ­եանն ու Շահէն Թաթիկեանը եւ այլոք:

   – Մտաւորականների հաւաքատեղի էր մօրաքրոջս բնակարանը,- գրում է Սեդա Անանեանը, -ուր անպակաս էին գրական կատաղի վէճերն ու անզիջում տարակարծու­թիւնները

    Եւ յետոյ, գիշերուայ ուշ ժամին մէջտեղ էր գալիս Քարահունջի օղին ու մթնոլորտը խաղաղւում էր: Եւ այդպէս` գրեթէ ամէն օր:

   Լեւոն Հախվերդեանին նուիրուած այս հատուածում չեմ կարող մէջբերում չանել մահից շատ կարճ ժամանակ առաջ, 2003 թուականին թղթակցի կողմից իրեն ուղղուած`- «Իսկ ո՞րն է ձեր կեանքի ամենամեծ հիասթափութիւնը» հարցի պատաս­խանից, որ գրի է առել Սեդա Անանեանը.

   – Երբեք մտքովս չէր անցնի, որ ազատ, անկախ Հայաստանը այսքան շատ անարժան զաւակներ է ծնել` անկախութեան հռչակումի հենց սկզբից մինչեւ հիմա:…Անբարոյ, ազգավնաս, ագահ ու աչքածակ, ոճրագործ լինելը չեմ ներում, ու չեմ ների…, Էս ի~նչ օրի գցեցին Հայաստանը: Ափսո՜ս քեզ Հայ Ժողովուրդ:

   Եւ այս մարգարէական խօսքերն ասուած են գրեթէ 20 տարի առաջ:  Մի բան փոխ­ուե՞լ է այսօր,- Այո՜ ,- աւելի է վատացել…

   Ինչպէս վերեւում նշեցի Սեդա Անանեանը 17 տարի աշխատել է Հայկական Հանրա­գիտարանի խմբագրութիւնում, ու, ըստ այնմ էլ լիուլի հնարաւորութիւն է ունեցել օգտուել Գրականութեան եւ Արուեստի թանգարանի նիւթերից ու մշակոյթի գործիչ­ների մասին յայտնաբերել մինչ այդ փակ ու գաղտնի համարուող բազմաթիւ նիւթեր:

   Բծախնդիր փնտռտուքի արդիւնքում Սեդան ընթերցողին է ներկայացնում համա­պարփակ տեղեկութիւններ Մեծ Եղեռնից հրաշքով փրկուած, Ալեքսանդրա­պոլի  ամե­րիկեան որբանոցում յայտնուած գրող, թարգմանիչ Խաչիկ Դաշտենցին:

   Վերջինս, հազիւ հրապարակ ելած, ականատես է լինում Գրողների Միութեան  անդամների միջեւ ծագած հակամարտութիւններին, որի արդիւնքում ազգայնամոլ գրողներ համարուող Եղիշէ Չարենցը, Վահան Թոթովենցը, Ակսել Բակունցը Զապէլ Եսա­յեանը, Գուրգէն Մահարին, Վահրամ Ալազանը, Վաղարշակ Նորենցը  եւ բազ­մա­թիւ մտաւորականներ ժամանակի ընթացքում կոտտանքների են ենթարկւում KGB-ի կողմից`ընդհուպ մինչեւ աքսոր ու գնդակահարութիւն: 

   – Այդ օրերին,- գրում է Սեդա Անանեանը,- Դաշտենցն արդէն գրաւել էր հակադիր բա­նակի ուշադրութիւնը, ուստի վտանգաւոր ու ամենատես աչքից հեռու մնալու համար որոշում է Մոսկուա մեկնել, որտեղ ընդունւում է Գորկու անուան  համաշխարհային գրականութեան  ինստիտուտի անգլերէնի բաժինը: Այստեղ էլ հասունանում է Դաշ­տենց բանաստեղծի թարգմանական տաղանդը, եւ Մոսկուայում իսկ թարգմա­նում է ՇԷքսպիրի «Յուլիոս Կեսար» դրաման: Դրանից յետոյ, ինչպէս Սեդան է գրում` «Շէքսպիրը դառնում է Դաշտենցի տարերքը»:

   «Կեսար»-ին են յաջորդում Շէքսպիրեան եւս 18 գործեր, ինչպէս նաեւ օտար հեղի-

նակ­ների բազմաթիւ թատրերգութիւններ, այդ թւում` Ուիլեամ Սարոյեանի «Իմ սիր­տը լեռներում է» յայտնի դրաման, որը տարիներ շարունակ  խաղացուեց Երեւանի Սունդուկեանի անուան թատրոնում:

    – Եւ սակայն,- գրում է Անանեանը,- Դաշտենցի սրտի մէջ մի անբուժելի ու ցաւոտ վէրք էր մորմոքում…, դա կորուսեալ հայրենիքն էր, Սասուն երկրի անսահման կարօտը:

   Եւ նման անմեկնելի կարօտի եւ քաղցր ու դառն յիշողութիւնների արդիւնքում, եր­կար տարիների քրտնաջան աշխատանքով Դաշ­տեն­ցը երեւան է հանում, ինչպէս Սեդան է ասում` ԻՐ ԿԵԱՆՔԻ ԳԻՐՔԸ՞ «Ռանչպար­ների կանչը»  փառահեղ եռամասանի վաւերական վէպը:

   Գրքի հերոսները հիմնականում ժողովրդի ծոցից ելած հողագործ ռանչպարներ են, որոնք Հայրենիքի համար մղուած պայքարի բովում դառնում են անձնազոհ մարտիկներ`ֆիդայիներ ու զօրավարներ: Ահա նրանց անունները. Արաբօ, Աղբիւր Սերոբ, Գէորգ Չաուշ, Անդրանիկ եւ շա~տ-շատ ուրիշ ֆետայիներ:

   Խաչիկ Դաշտենցի եւ նրա «Ռանչ­պարների կանչը»  գրքի մասին Սեդա Անանեանի պատմուածքանման գրառումը «ԱՆՄՈՌԱՑ ԱՆՈՒՆՆԵՐ» գրքի լաւագոյն մասերից է:

   Գերագոյն հաճոյքիս խառնուած թախծի ու հիասթափութեան զգացումը մի ամբողջ օր մտքիցս չհեռացաւ` կարդալով Սեդա Անանեանի սքանչելի յօդուածը` բաւական ուշ «յայտ­նաբերուած» գրող Վահան Թոթովենցի մասին: Ծաւալուն զոյգ յօդուածներն  ընթեր­­ցելիս դժուար չէր հասկանալ թէ ինչպիսի հոգեկան ծանր ապրումներ է ունեցել գրող Սեդան գրառումն անելիս:

   1920-ական թ.թ. Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատուելուց յետոյ, Հայ­րենիքը վերականգնելու մտահոգութիւնից դրդուած, մեծաթիւ մտաւորականներ, արուես­­­տագէտներ արտասահմանից վերադարձան Հայաստան: Նրանց թւում էր  աշխարհը շրջած, Ամե­րիկայից վերադարձած Վահան Թոթովենցը, որին յաջորդեցին Կոստան Զար­եանը, Զապէլ Եսայեանը եւ շատ ուրիշներ:

   – Հակառակ իր կարճատեւ կեանքին,- Գրում է Սեդա Անանեանը,- նա թողել է գրական մեծ ժառանգութիւն, որ բեղուն է եղել յատկապէս 1929-36 թ.թ.: Այդ ժամանակ է գրել «Նոր Բիւզանդիոն» դրաման, «Ամերիկա» պատմուածքների ժողովածուն, «Իմ հօրաքոյրը» վիպակը, «Բաց կապոյտ ծաղիկներ» պատմուածքը, որի հիման վրայ, 1980 թուականին Հենրիկ Մալեանը նկարահանել է«Կտոր մը երկինք» ժապաւէնը::

   Երկար չ՚ ապրեց Թոթովենցը Հայաստանում: Նրա բուռն ստեղծագործական կեանքը ընդհատուեց ամէնքին ծանօթ 1936-ի բռնարարքների եւ ձերբակալութիւնների պատ­ճառով: Ի թիւս այլոց ձերբակալւում է նաեւ Վահան Թոթովենցը:

   Այս մի քանի տողը Սեդա Անանեանի` Թոթովենցի կեանքի վերջին ժամերի մասին.

   – Անհնար լինելով այլեւս դիմանալ դժոխային լլկանքներին` 1938-ին Թոթովենցը

ստիպողաբար ստորագրում է զարhուրելի մեղադրականը…, դահիճները «մեծահո­գա­բար» թոյլ են տալիս հրաժեշտ տալ միայն նրա կնոջն ու որդուն:

   Վահան Թոթովենցը միայն յետմահու ճանաչուեց ու գնահատուեց Հայաստանում` դառնալով որպէս կապող օղակ արեւելահայ եւ արեւմտահայ գրական գործերը շաղկապող օղակ, ինչպէս Սեդան է գրում` « պատմական հայրենիքի եւ կարօտի գրականութեան ակնառու դէմքը, ինչպէս Շահնուրը, Որբունին, Համաստեղը, գիւղա­գիր Մնձուրին եւ միւսները` տարագիր Սփիւռքում»:

   Սեդա Անանեանը երկու յօդուածներով սքանչելի տողեր է նուիրել 20-րդ դարի նշա­նաւոր քաղաքական գործիչ Ռուբէնի (Ռուբէն Տէր-Մինասեան) գրառած «Յիշատակ­ներ» ժողովածուի մասին: «Յիշատակ­ներ»ը վաւերագրական մենագրութիւն է, որի գործող անձինք կենդանի մարդիկ են, որոնք ազգային-ազատագրական պայքարի բովում դառնում են Ֆիտայիներ, հրամանատարներ:

   – Ռուբէնի «Յիշատակ­ներ»ը,- գրում է Սեդա Անանեանը,- իր բարերար, խթանիչ ազ­դե­­­ցութիւնն է ունեցել հայ գրականութեան որոշ ստեղծագործութիւնների վրայ: Հենց Խաչիկ Դաշտենցը, որն իր «Ռանչպարների կանչը» վիպասքը գրելիս ոչ միայն օգտա­գործել է Եղեռնից փրկուած անձանց վկայութիւններ, պատմական ուսումնասի­րու­թիւններ կատարել, այլեւ, իր իսկ աղջկայ`գրագանագէտ Անահիտ Դաշտենցի վկայու­թեամբ օգտուել է նաւ Ռուբէնի «Յիշատակ­ներ»ից:

  Մեծանուն գրող Կոստան  Զար­­եանը նոյնպէս օգտուել է Ռուբէնի «Յիշատակ­ներ»-ից որի արդիւնքում ընթերցողի սեղանին է դրուել հոգեմաշ, ցնցող մի պատմութիւն Ֆիտայիների կեանքից` վերնագրուած «Տատրագոմի հարսը» անուամբ:

    Սեդա Անա­նեանի միանգամայն ճշգրիտ բնորոշումով, Կոստան Զարեանը Հայաս­տա­նում սկսուեց լայնօրէն ճանաչուել Անկախութեան առաջին իսկ օրուանից: Աշ­խար­հը «ոտի տակ տուած» այդ հսկայ գրողը իր կեանքի վերջին 7 տարին ապրեց Երեւանում (1962-69)` իշխանութիւնների կողմից  ոչ այնքան ջերմ ընդու­նելութեան կարգավիճա­կով: Սեդա Անանեանը երկու տարի եղել է նրա անձնական քարտուղա­րը: եւ օգնել նրան կարգի բերել գրողի արխիւը (պահոց): Գրողի մահից յետոյ Սեդա Անանեանը մամուլում հանդէս է եկել Զարեանի գործունէութեանը վերաբերող երկու ծաւալուն նիւթերով:

   Այժմ թուարկման կարգով կը նշեմ այն անմոռաց անուններից ոմանց, որոնք տեղ են գտել Սեդա Անանեանի վերջերս հրատարակուած նոյնանուն գրքում:

   Պերճ Թիւրապեան,- Նիւեորքաբնակ երգիչ-երգահան, որը հայերէնի է թարգմանել Շառլ Ազնաւուրի 13 երգ:

   «Կոմիտաս Վարդապետի կեանքի վերջալոյսը»,- հիանալի իրական պատմութիւն` Կոմի­տասի աճիւնը 1936-ին Փարիզից Երեւան տեղափոխելու վերաբերեալ:

   «Թանգարանի զինուորը»,- արուեստաբան, փորձագէտ Շահէն Խաչատրեան, որը Սարեանի թանգարանը համալրել է 76, իսկ Պատկերասրահին 400 նկարներով:

   «Իմացութիւն եւ նուիրում»,- Սէյրանուհի Գեղամեան (բազմավաստակ լրագրող, մշակութաբան),- «Հեռացող յիշատակներ­» ժողովածուի հեղինակ: Գրքում տեղ են գտել ինչպէս հայրենի, այնպէս էլ սփիւռքահայ արուեստագէտներ, երաժիշտ-կատա­րողներ, մտաւորականներ եւն: Սէյրանուհի Գեղամեանը խորը իմացութիւն է հանդէս բերել «Մատենա­դարան» փաստագրական ժապաւէնի առաջին չորս մասերի գրական նիւթը ներկայացնելիս:

   «Երախտաւոր թարգմանիչը» (Փիէր Տէր-Սարգիսեան),- Հայ դասական գրողներին ֆրանսացիներին եւ ֆրանսահայերին ծանօթացնելու, ներկայացնելու առաքելու­թեամբ, թարգմանել է Չարենցի, Մահարիի, Զապէլ Եսայեանի, Կոստան Զարեանի եւ

այլոց գրականութիւնը:

   Նաւապետ Երուանդ Գասպարեան,- 20-րդ դարի առաջին քառորդին Սեւանա լճի նաւապետ, որը յայտնի է իր հերոսական գործերով: Երուանդը Կոստան Զարեանի «Նաւը լերան վրայ» վէպի գլխաւոր հերոս Արա Հէրեանի նախատիպն է:

   Ֆրէդերիկ Ֆէյտի,- նշանաւոր լեզուաբան, հայագէտ, որն իր կեանքի 50 տարին նուի­րել է Հայագիտութեանը: Մեծ արժէք է ներկայացնում «Քրիստոնէական Հայաստանի հմայիլները» (Հմայիլ,- քրիստոնէական հաւատքի չարը խափանող առարկայ` ասեղ, գամ, տան մուտքի դրան վերեւում ամրացուած պայտ եւն՚) աշխատութիւնը, որը, կարծում եմ միակն է իր տեսակի մէջ մեր պատմագրութեան ասպարէզում:

   Հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանեան: Ռուսաստանի զոյգ մայրաքա­ղներում եւ Երեւանում նախագծած բազմաթիւ շինութիւնների հեղինակ, որի Երեւանի 15 տարի գոյութիւն ունեցած Տուն-Թանգարանն այսօր անբացատրելի որոշումով գոյու­թիւն չունի:

   Հենրիկ Բախչինեան,- Չաչենցի անուան գրչականութեան եւ արուեստի թանգարանի երկարամեայ տնօրէն, շնորհառատ գրականագէտ, բանաստեղծ, թարգմանիչ:

   Էմանուէլ Շամշեան,-, Իտալիայում ուսանած նշանաւոր բժշկապետ: Պոլսի հայերին պատկանող Սուրբ Փրկիչ Ազգային հիւանդանոցի հիմնադիր:

    Սեդա Անանեանի «Անմոռաց անուններ» գիրքը նորովի մի հանրագիտարան է, հանրագիտակ` գրուած պարզ, իւրաքանչիւր ընթերցողի համար ըմբռնելի, առանց բարդ բառերի խճողմամբ: Ուսանելի, յայտնագործումներով լի բազմաթիւ էջեր ու նիւթեր կը հարստացնեն ամէն մի ընթերցողի գիտելիքների պաշարը: Վստահու­թեամբ կարող եմ վկայել, որ այն շատերի համար կը դառնայ սեղանի գիրք:

­­

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ