Ուրբաթ, Հոկտեմբեր 4, 2024

Շաբաթաթերթ

Արարատի Ուխտաւորը

Շմաւոն Շմաւոնեան

ՍԱՄՈՒԷԼ ԽԱԼԱԹԵԱՆ

Մարտ 19-20, Քալիֆորնիայի Պըրպէնք քաղաքի ՍԻԼՎԱՆԱ պատկերասրահին մէջ պիտի ցուցադրուին հայրենի նկարիչ Շմաւոն Շմաւոնեանի կտաւները, որոնց գլխաւոր գեղարուեստական կերպարներն են հայրենի բնութիւնն ու Մասիսները: Ցուցահանդէսը կը հովանաւորէ  Հայաստանի Հանրապետութեան Լոս Անճելըսի գլխաւոր  Հիւպատոս Տիար Արմէն Բայբուրդեան: 
 
Ստորեւ կը ներկայացնենք նկարչի մասին հայրենի գրող եւ լրագրող Սամուէլ Խալաթեանի ուշագրաւ գրութիւնը՝ արտօնութեամբ keghart.org առցանց թերթի:    
                                                                        ՆՈՐ ՕՐ

Ապուպապերով Սալմաստ-Խոյից է, տաղանդով՝ Տիեզերքից:

1953 թուականի Փետրուարի 22-ին, Մասիսի գագաթին հանգրուանող հրեշտակների թեւից մի աղաւնափետուր պոկուեց եւ օրօրուելո՜վ, օրօրուելո՜վ իջաւ ու մեղմիւ նստեց Արարատի ստորոտին ծաղկող Վերին Արտաշատ գիւղի ամենահին՝ 1798 թուականին կառուցուած շէնքի տանիքին: Նոյն այդ պահին՝ երեխայի ճիչը նորածնի աշխարհ գալն ազդարարեց…

Դարաւոր այդ օջախում, երբեւէ, եթէ ճչացել են, ապա միայն այդպէս՝ երկունքից:

Գիւղի կեանքում դա սովորական-անսովորի  ծնունդ էր: Սովորական, որովհետեւ հեռաւոր 1828 թուին, երբ Թուրքմենչայի պայմանագրից յետոյ Սալմաստ գաւառի Փայաջուկ գիւղից 30 ընտանիք, ներգաղթելով, Մասիսի դէմ–դիմաց՝ Դուինի փլատակների մերձակայքում, հիմնեց այս գիւղը, իր պատմութեան ընթացքում, այդ 30 ընտանիքից ընձիւղուել են բազմաթիւ յայտնի մարդիկ՝ շուրջ 30 գիտութիւնների թեկնածու, 6 դոկտոր-պրոֆեսոր, 3 գեներալ, 100 գիւղատնտես եւ նոյնքան ճարտարագէտ ու բժիշկ, 400-ից աւելի ուսուցիչ… Նաեւ անսովոր էր այդ ծնունդը, որովհետեւ, Աստծոյ կամօք, ժառանգական տաղանդների բնօրրան Փայաջուկը, որտեղ ծնուել է նաեւ հայ մեծ վիպասան Րաֆֆին, ահա այստեղ՝ Արարատի ստորոտին, իր բեկորներից լոյս աշխարհ էր բերում իր առաջին Գեղագէտին՝ որի աւետաբեր փետուրը վրձին էր դառնալու նրա ձեռքում եւ կերտելու էր երկրային դրախտի՝ Հայքի անկրկնելի պատկերներ:

Նորածնին կոչեցին նշանաւոր նախապապի անունով ՝ Շմաւոն: Նախապապին համագիւղացիներն  այսօր էլ երախտագիտութեամբ են յիշում: Արարատամերձ նորաստեղծ շէնում քահանայ չկար: Իսկ դա նշանակում էր, որ մկրտութիւն չկայ, պսակ չկայ, դպրոց չկայ, ազգային արժէքները պահպանելու, ամրապնդելու մթնոլորտ չկայ: Բա էլ ինչո՞ւ թօթափեցին օտարի ծանր լուծը, որ գան ու Աստուածագահ լեռան ստորոտին մոռանա՞ն իրենց ինքնութիւնը: Եւ արդէն կարգուած Տէր Շմաւոնը ստանձնում է քահանայութիւնը՝ գիւղում հիմնարկելով ոչ միայն Սրբոց վարքի ուսմունքը, այլեւ անուանադիր դառնալով իր փառաւոր գերդաստանին, որի շառաւիղներից ոմանք, ձեռնադրուելով, շարունակեցին մեծ պապի գործը, ոմանք նախընտրեցին բժիշկ դառնալ կամ մանկավարժ, իսկ թոռներից մէկը՝ պետական խորհրդական, գեներալ Արամ Տէր-Շմաւոնեանը, ցարական բանակի 20-րդ հետեւակային դիվիզիայի գլխաւոր բժիշկն էր: Գեներալի աղջիկը Սարդարապատի հերոսամարտի նշանաւոր հրամանատար  Դանիել Բեկ-Փիրումեանի հարսն էր:

Տասնամեակներ շարունակ Տէր-Շմաւոնեան տոհմը, ինչպէս որ ցարական եւ թուրք-բոլշեւիկեան մեծապետական խաղերում տառապող երկիրը, անլուր մաքառումներ ունեցաւ, բայց չկորցրեց լուսեղէն յոյսը, բարութիւնն ու մարդասիրութիւնը, հաւատը՝ վաղուայ օրուայ նկատմամբ: Եւ տարիներ անց, գիւղի հիմնադրումից ճիշտ 170 տարի յետոյ, ԱՄՆ-ի «Պրովիդենս» առողջապահական կենտրոնում, երբ Տէր Շմաւոնի ծոռը՝ ՀՀ վաստակաւոր նկարիչ Շմաւոն Շմաւոնեանը, իր կտաւները նուիրեց հիւանդանոցին, իսկ ցուցահանդէս-աճուրդից գոյացած գումարը՝ քաղցկեղով հիւանդներին, նկարչին բնութագրեցին՝ «Նրա նկարներից լոյս, բարութիւն, մարդասիրութիւն եւ ապագայի նկատմամբ հաւատ է ճառագում, որոնք պէտք է լինեն թէ՛ բժիշկների, թէ՛ քաղաքական գործիչների եւ թէ իւրաքանչիւր դաստիարակուած մարդու գործունէութեան հիմքում»:

Ի՞նչ իմանային Վերին Արտաշատից հազարաւոր մղոններ հեռու ապրող ամերիկացիները, որ իրենք ակամայ թուարկում են նկարչի տոհմի Հաւատոյ հանգանակի հիւլէները, որոնցով ձօղուած էր նաեւ աւետաբեր այն աղաւնափետուրը, որը վրձին դարձաւ Վարպետի ձեռքում:

Այդ լուսեղինութիւնից ցանկացան ունենալ նաեւ Լոս-Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանում՝ մշտական ցուցադրութեան վերցնելով նրա կտաւներից մէկը, իսկ Քալիֆորնիա նահանգի սենատն օրէնք ընդունեց, որ  Շմաւոն Շմաւոնեանի նկարն իր պատուաւոր տեղն ունենայ սենատում: Շուտով, Գանատայի Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերով զբաղուող խորհրդում խորհրդատուական կարգավիճակ ունեցող տեղեկատուացման միջազգային ակադեմիան Շմաւոնեանին շնորհեց ակադեմիկոսի պատուաւոր կոչում:

Շմաւոն-արուեստագէտի բազմարար ներկայացման մէջ գլխաւոր հերոսն Արարատն է՝ վեհանիստ Հայկազնը, որի փէշերին Արարատեան դաշտի անդաստաններն են՝ տարուայ եղանակների բերած յարանորոգ գունեղութեամբ: Դրանք առանձին վերնագրեր չունեն: Եւ մի՞թէ Արարատին վերնագիր է պէտք:

Ահա՝ ձիւնաճերմակ Վեհը, որպէս երկինք-երկրի կամուրջ, հիմքերի վրայ՝ այգեստանների նախշազարդեր: Սաղարթների շնկշնկոցը նրա յաւերժութեան վայրկեաններն են հաշւում եւ, թւում է, շրթներիդ վրայ փշատենու ծաղկափոշի նստեց:

Ահա՝ հայոց լեռների թագակիր Նահապետը, ծնկներին բացած իր լեռնոտ տարեգրութեան էջը, որի դարաւանդների վրայ ջնջւում  են բազմանուն հրոսակների հետքերը՝ մաճկալի հերկի աղեղներով:

Ահա՝  երկրից երկինք ձգուող սանդղոտն լեռնաստանի վերին աստիճանը, ամպոտ եւ հպարտ իր արարչամերձութեամբ:

Ահա՝ երկնից արքայ Արամազդի կերպարանքուած ոգին, որ իր լայնատարած գրկում փայփայում է Անահտական արգասաբեր պտղաբերութիւնը՝ օծուած Աստղիկի գեղեցկութեամբ, Տիրի իմաստնութեամբ վեր յառնած տաճարները, Նանէի ողջախոհութեամբ օրհնուած շէները, իսկ վերին խորխորատի սրտում բոցկլտում է նրանց պաշտպան Վիշապաքաղի ասպազէնը:

Լայնաշերտ վրձնահետքերով արտայայտուած գունեղէն ամբողջութիւնը, որի առանձին հատուածներ նոյնագոյնի նուրբ երանգաւորմամբ մեղմալիք մեղեդայնութիւն են ստեղծում, ներկայանում է որպէս մի օրհներգ՝ ձօնուած անձեռակերտ այն հրաշալիքին, որին Սրբոց դասում են տեսել հարիւրաւոր սերունդներ:

Շմաւոնեանի կտաւներում Մասիսների կերպարը, մթագնած, թէ՝ պայծառ, խրոխտ, թէ՝ հովուերգական, համահունչ է նրա լանջերին եւ ստորոտին տարածուող աշխարհի ներքին խռովքի կամ ծաղկուն հանդարտութեան հետ: Փորձէք այդ կտաւների վրայ, մտովի, հորիզոնական սահմանագծով չտեսնել Մասիսները: Անդաստանը, որքան էլ որ գունեղ, որբանում, դառնում է անհասցէ եւ անտիրական: Եւ փորձէք անտեսել անդաստանը, միայն Մասիսներին նայել՝ անյոյզ մի լեռ կը յառնի ձեր դէմ: Սա նկարչի խոհն ու համոզմունքն է, որ կայ նաեւ իւրաքանչիւր հայի սրտում: Սա սոսկ զգացում չէ, այլ՝ աշխարհի մեծ ու փոքրին յղուած ուղերձ: Այդ ուղերձը Շմաւոն Շմաւոնեանը  յղել է ԱբուԴաբիում, Մոսկվայում, ՍանկտՊետերբուրգում, Ստամբուլում,  Ֆրանսիայում, Պէյրութում, Անգլիայում,  Քուվեյթում   եւ  ԱՄՆ-ում՝ վեցակի բացուած իր ցուցահանդէսներով: Նա դրանով ներկայանում է ամէն օր ու ժամ՝ բազմաթիւ թանգարաններում ու անձնական հաւաքածուներում եղած իր կտաւներով:

Եւ, եթէ ճիշտ բնորոշում է, երբ հոգեպարար մի երաժշտութեան մասին ասում ենք՝ գունեղ, ապա երիցս ճշմարիտ է, եթէ Շմաւոն Շմաւոնեանի Արարատին ձօնված  տասնեակ ու տասնեակ կտաւները բնութագրենք սաղմոսերգ բառով:

Շմաւոն Շմաւոնեանը Վերին Արտաշատում եւ Երեւանում տուն եւ արուեստանոց ունի: Երկուսից էլ երեւում է Արարատը:

Պապենական գիւղից նայելիս նրա աչքերում ապուպապերի հայեացքն է, Երեւանից նայելիս՝ իր զաւակների ու թոռների:

Ինքը՝ սրբավայրից չհեռացող ուխտաւորն է:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ