Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Կրկին, Նորից Ու Նորից…

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

      Սովորաբար,  Աշխարհակուլ պատերազմների  ժամանակ, ինչպիսին կարող է վե­րածուել  այ­օրուայ Ռուսաստան – Ուկրանիա հակամարտութիւնը (Պուտինը պատե­րազմ չի համարում)  կարող է վերած­ուել Համա­շխարհային պատերազմի, որի արդ­իւնքում, անկասկած, Հայաստանի նման փոքր-մոքր երկրներ, ինչպէս սանիկս է ասում` կարող են «վարի գնալ», կամ էլ դառնալ յաղթող կողմի վասալը (ծառայ):

   Հայրենիքի համար այս օրհասական օրերին Ազգային ժողովի պատգամաւորներից ոմանց պժգալի, արդէն զզուեցնող գզուորտոցներն ու փողոցային ստահակին անգամ չվայելող հայհոյանքները աշխարն է դիտում ու լսում.

   – Կը բաւէ պէ~,- պիտի պոռար Տժվժիկի հերոս Ներսէս ախպարը…

   Աշխարհը խառնուել է իրար` սրանց հոգը չի, Ազգային  Ժողովը այս օրերի համար պարապ հար­ցերով է զբաղուած, ծխել-չծխելու հարցի լուծման համար մի ամբողջ օրակարգ է յատկացնում: Երկիրն ա ձեռից գնում, այս օրերին պէ՞տք էր արդեօք միլի­ոններ  ծախսել ճանա­պարհների վրայ ու միլիոններ պարտք անել աշխատավարձ վճա­րելու համար: Ճանապարհներն ու թունել-մունելները հօ չփախա՞ն…

   Ամէն գործ-բան թողէք մի կողմ ու բանակով զբաղուէք: Չէ՞ք տեսնում, որ ազերին ամէն օր մի նոր սադրանք է հիւսում, որին դուք չէք կարողանում հակադարձել, հասկանում եմ` չէք կարող, ուժը չունէք: Վաղը միւս օր սադրանքը կը վերածուի մի նոր ցեղասպանութեան: Համոզումս է, որ անհրաժեշտ է զօրահաւաք անել:

   Երկու ամիս առաջ ես մամուլի եւ դիմատետրի միջոցով ընթերցողի ուշադրութեանը յանձնեցի «Կաթից այրուողը մածունը փչելով պիտի ուտի» յօդուածը, որի մի մասը չափազանց այժմէական է այսօրուայ համար, ուստի, շարժուելով «կրկնութիւնը հաս­տատում է նախապէս ասուածի ճշմարիտ լինելը» սկզբունքով, ձեզ եմ ներկայացնում մի հատուած այդ նիւթից:   

   Չեմ ուզում խօսել մեզ համար ստորացուցիչ, հայ ազգի արժանապատուութիւնը գետնին հաւասարեցնող պատերազմի մասին: Շատ է խօսուել այդ թեմայի շուրջ: Միայն թէ, ինձ ապշեցնում է Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի յոխոր­տանքը Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ: Առանց Հայաստանի հազիւ մի մարզադաշտ լցնող քո բնակչութեամբ կարո՞ղ ես որպէս երկիր երեւալ աշխարհի քարտէզի վրայ պարոն նախագահ:

   Էդ ո՞ւմ վրայ ես յոյսդ դրել,  Ազերիների՞, թէ` Ռուսների: Դու, ղարաբաղցի լինելով, չգիտե՞ս, որ Արցախը, Ղարաբաղը եղել են Հայաստան դեռ հազարամեակներ առաջ: Գիրք կարդացէք պարոն նախագահ: Բաւարար չափի գրականու­թիւն կայ այդ փաստը վկայող: Ստալինի մէկ գրչի հարուածով Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելու փաս­տը աշխարհը գիտի: Քիչ անց ես կը մանրամասնեմ, թէ ինչպիսին է եղել Ղարաբաղը Սովետի օրօք:

    Մինչ այդ`ամէնակարեւորը:

Երբեք ու երբեք չի կարելի բարի-դրացիական յարաբերութիւններ ստեղծել թուրքերի եւ ազերիների հետ` քանի դեռ չեն լուծուել մեր ժողովրդի համար կենսական նշանա­կութիւն ունեցող երեք կարեւորագոյն հարցեր:

   Դրանք են. Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուած ուժերի շուտափոյթ վտարումը մեր սահմաններից, Սահմանագծման, Սահմանազատման իրականացու­մը հնարաւորինս արագ, եւ բացառումը` Սիւ­նի­քի կամ Մեղրիի միջանցք ստեղծելու հնա­րաւորութիւնը:

: Պարապ խօսք է, երբ ասւում է թէ հայ-թրքական յարաբերութիւնները ընթանալու են առանց նախապայմանների:

    Սուտը, կեղծիքը, իրականութիւնը շուռ տալու անգերազանցելի վարպետներ են այս երկու բորենիները: Թուրքն ու ազերին օրէնք-մորենք, թուղթ-մուղթ, պայմանաւոր­ուածութիւն չգիտեն, չեն ճանաչում: Նրանց մօտ բացակայում է քաղաքակրթութիւնը:

   Իրենց մօտ շատ յաջող է ստացւում ուժի դիրքերից գործելը: Հենց այդ ուժն է, որ մենք դժբախտաբար չունենք:

   Օրերս Ալիեւը աշխարհի առջեւ բարձրաձայնում էր ասելով, թէ «մեր եւ հայերի միջեւ երկխօսութիւնը կը կայանայ, եթէ հայերը ձերբազատուեն ապաքաղաքական դրսեւո­րումներից»,- լաւ է չէ՞, էստեղ են ասել «Սէլը ճռռալուն, սելուորն է ճռռում»:

   Երբեք մի խաբուէք թուրքի եւ ազերիի սուտ ու դատարկ խոստումներին: Երկրորդ օրն իսկ նրանք կը դրժեն ամէն մի պայմանաւորուածութիւն: Հաշտեցման ու բարի-դրացիական այսպէս կոչուած խոստումները` մի նոր բարոյական սպանդի, մի նոր եղեռնի նախադուռ են խաղաղ պայմաններում:

   Առջեւում, չորս ամիս յետոյ (այսօր արդէն մէկուկէս ամիս), Ապրիլի 24-ն է: Սպասենք, տեսնենք թէ ինչ չափով է «յարգելու» Էրտողանը իր խոստումը եւ թէ ինչպէս է նայելու ամբողջ Սփիւռքով մէկ իրականաց­ուող մեր պահանջատիրական ցոյցերին: Բնաւ շտապել պէտք չէ: Խաբուել ենք միշտ: Գոնէ այս անգամ զգօն լինենք: Յիշէք թէ ինչ է ասում ժողովուրդը. «Կաթից այրուողը, մածունն էլ է փչելով ուտում»:

   Վաղը միւս օր թուրքերն ու ազերիները բարեկամութեան քողի տակ կը լցուեն Հայաստան,  ու ճագարի նման բազմանալուց ու քաղաքացիութիւն ստանալուց յետոյ էլ կը մտնեն Ազգային Ժողով: Ուստի, եթէ գան նման «լաւ» օրեր, անհրաժեշտ է օրէնք մշակել, որը կ՚ արգելի որեւէ օտար քաղաքացու Հայաստանի քաղաքացիութիւն շնոր­հել, նոյնիսկ Հայաստանում ծնուած օտարներին չի կարելի քաղաքացիութիւն շնոր­հել: Թող գան, գնան, առեւտուր անեն եւ ապրեն միայն վարձակալական հիմուն­ք­ներով: Պիզնէսի պարագային էլ կառավարութեան հետ պայմանագիր կնքեն 49-51 տոկոս յարաբերութեամբ:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ