Չորեքշաբթի, Դեկտեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

Հայ Հոգեւոր Երգի Պահապանն ու Գիտակը՝ Խորէն Պալեան

ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ

… Նա ծնուել էր Լիբանանում՝ 1935 թուականի մարտի 10-ին՝ Սփիւռքի բազմամեայ մանկավարժ եւ հասարակական գործիչ Յարութիւն Պալեանի ընտանիքում։ 1946 թուականին նրանց ընտանիքը հայրենադարձելու էր Հայաստան, եւ նրանց կեանքի այդ դրուագը ճակատագրի պարգեւ էր լինելու մի ամբողջ ազգի համար: Խորէն Պալեանը աւարտելու էր Ս.Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանը, 1955 թուականի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրուելու էր սարկաւագ : Իսկ 1961 թուականին Վազգէն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրուելու էր կուսակրօն քահանայ։ 1962 թուականին Օշականում պաշտպանելու էր վարդապետական աւարտաճառ եւ ստանալու էր վարդապետական չորս աստիճաններ։ Խորէն Պալեանը կարող էր լինել եկեղեցական նշանաւոր  գործիչ, համալրել նաեւ եպիսկոպոսաց դասը: Սակայն Խորէն Պալեանին վիճակուած էր դառնալ մեր միջնադարեան շարականներն աշխարհին ներկայացնողը: Իսկ Լուսինէ Զաքարեանի պէս ոգեղէն անհատականութեան հետ ամուսնութիւնը դառնալու էր մեր մշակութային կեանքի եւս մի գանձ, մի երեւոյթ: Խորէն Պալեանը միջնադարեան ճգնաւորների պէս ամբողջ կեանքում միջնադարեան ձեռագրերից պեղեց ու վեր հանեց շարականները: Ու ինքն էլ դրանց կատարողն էր՝ շուրջ 1800 շարական, որը նրա բացառիկ ֆենոմենի դրսեւորումն էր:

Հոգեւոր երգիչ, մանկավարժ, շարականագէտ, ծիսագէտ, բանասէր, գրաբարագէտ Խորէն Պալեանը այսօր կը դառնար 87 տարեկան:

Եզնիկ Կողբացի 42/3: Ահա այս հասցէում երկար տարիներ՝ մի յարկի տակ ապրել ու ստեղծագործել են երկու առինքնող արհեստագէտներ՝ Խորէն Պալեանն ու Լուսինէ Զաքարեանը, որոնք եղան հայ միջնադարեան հոգեւոր երգի պահապանն ու սերունդներին փոխանցողը: Քանի՜-քանի՜ հանճարեղ արուեստագէտների են հիւրընկալել այս տան պատերը, որոնք ամենայն ժամ լսել են հայ հոգեւոր երգի նուիրեալների կատարումները, նրանց աղօթքները:

Մօտ երեք տարի առաջ այս հասցէում բացուեց «Լուսինէ Զաքարեան» տուն-թանգարանը, որը սրբազան երկիւղածութեամբ պահում ու պահպանում է Լուսինէ Զաքարեան-Խորէն Պալեան զոյգի երկար տարիների մտերիմ ընկեր, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր, ԵՈՒՆԵՍՔՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի (Հայֆա) Հայաստանեան մասնաճիւղի վարիչ Սուսաննա Դաւթեանը (ի դէպ, Հայաստանում փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր երեք կին դոկտոր կա, որոնցից մէկը նա է). մի նուիրեալ հայուհի, ով երկար տարիներ նուագակցել է Խորէն Պալեանին, երբեմն-երբեմն էլ՝ նաեւ Լուսինէ Զաքարեանին (բուհերում, գործարաններում, շրջկենտրոններում): Անցէք այս հասցէով, եւ ամեն պահի կը լսէք սերունդների համար արժէք դարձած երկու մեծագոյն արուեստագէտների ձայնը, նրանց կատարումները, որոնք ապրեցնում են ամեն հայի:

Այսօր՝ 2022 թ. մարտի 10-ին,  Խորէն Պալեան-Լուսինէ Զաքարեան զոյգի տանն էին հիւրընկալուել գիտնականներ, արհեստագէտներ՝ նրանց հոգեւոր ներկայութեամբ նշելու Խորէն Պալեանի տարեդարձը: Ոգեղէն մթնոլորտով յագեցած յուշ-երեկոյ էր։ Ներկայ էին հոգեբարձուների խորհրդի անդամներ Գուրգէն Մելիքեանը, Էդիկ Աւետիսեանը, Արծրուն Աւագեանը, Սամուէլ Մուրադեանը, Սամուէլ Միքայէլեանը, ինչպէս նաեւ հանրայայտ օփերային երգչուհի Յասմիկ Պապեանը, Խորէն Պալեանի մօտ ընկեր Ահարոն Արեւշատեանը, Խորէն Պալեանի սաները, ովքեր այսօր կայացած դասախօսներ են, եւ եկել էին իրենց յարգանքի տուրքը մատուցելու իրենց Ուսուցչին:

Որպէս մեկնարկ՝ էկրանին ցուցադրուեց տարիներ առաջ Խորէն Պալեանի հարցազրոյցներից մէկը, որը վարել էր հաղորդավար, լրագրող Համլետ Ղուշչեանը: Ազդեցիկ էր տարիների հեռուից լսել Խորէն Պալեանի ամեն մի բառը: Լուսինէ Զաքարեանի մահից անցել էր ընդամէնը մի քանի տարի, իսկ Խորէն Պալեանը շարունակում էր երազել , որ իրենց տունը դառնայ Լուսինէ Զաքարեանի տուն –թանգարան: Իսկ ինքը, ինչպէս ասել է բազմաթիւ հարցազրոյցներում, ապրում էր, որ ապրեցնի Լուսինէին:

Խորէն Պալեանի ժառանգութիւնն ապրում է նաեւ գրքերում. հոգաբարձուների խորհրդի անդամ Երուանդ Տէր-Խաչատրեանը կազմել է «Խորէն Պալեան. Լոյս ի լուսոյ» գիրքը, որն ընդգրկում է Խորէն Պալեանի դասախօսութիւնները, նրա հարցազրոյցները, ինչպէս նաեւ «Ժամակարգութիւնք Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ» աշխատութիւնը: Գիրքը լոյս է տեսել «Գուրգէն Մելիքեանի՝ Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքների հիմնադրամի» հովանաւորութեամբ: Այսօր սպասւում էր նաեւ գրքի շնորհանդէսը: Բայց, քանի որ գրքի կազմող, առաջաբանի հեղինակ եւ այս շնորհակալ գործը կատարած Երուանդ Տէր- Խաչատրեանը բացակայում էր երկրից, գրքի շուրջ քննարկուները կազմակերպուելու են առաջիկայում: Եւ յուշ-երեկոն պարուրուած էր Խորէն Պալեանի եւ Լուսինէ Զաքարեանի մասին յիշողութիւններով, հոգեւոր երաժշտութեան շուրջ գեղեցիկ զրոյցներով:

Նշենք, որ թանգարանը մինչ օրս չունի պետական հովանաւորութիւն: Սակայն անցնող երեք տարիների ընթացքում , կարող ենք ասել, իրականացել է Խորէն Պալեանի երազանքը. թանգարանը հասցրել է կայանալ՝ շնորհիւ նրա նուիրեալ տնօրէնի ՝ տիկին Սուսաննա Դաւթեանի ջանքերի: Նա իր խորին երախտագիտութիւնը յայտնեց այն նուիրեալներին, ովքեր մշտապէս թանգարանի կողքին են՝ առաջին հերթին Խորէն Պալեանի եղբօրորդի, բժիշկ Րաֆֆի Պալեանին (ում ջանքերի շնորհիւ ստեղծուեց թանգարանը) եւ չմոռացաւ նշել նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ Գուրգէն Մելիքեանի ներդրումը ,որոնց շնորհիւ տնօրէնը կարողանում է իրականացնել թանգարանի նուիրական ծրագրերը՝ այդ թւում` Լուսինէ Զաքարեանի անուան հանրապետական առաջին մրցոյթը՝ «Տենոր» միջազգային ասոցացիայի հետ համատեղ:

Յիշատակման է արժանի թանգարանի տնօրէնի խօսքից հետեւեալը.

-Ամենից առաջ ուզում եմ երախտագիտութիւնս յայտնել  դոկտոր Րաֆֆի Պալեանին. եթէ թանգարանն այսօր  կա, գործում է, նրա շնորհիւ է: Րաֆֆի Պալեանը որպէս ազգի  մեծի՝ Խորէն Պալեանի արժանի  եղբօրորդի՝ իրականութիւն դարձրեց  նրա տարիների երազանքը:

Ուզում եմ  առանձնայատուկ  շնորհակալութիւն յայտնել փրոֆեսոր Գուրգէն Մելիքեանին, ում հովանու ներքոյ  թանգարանը կարողանում է կազմակերպել Լուսինէ Զաքարեանի  անուան մրցոյթը, որի յաղթողները  դառնում են Լուսինէ Զաքարեանի անուան կրթաթոշակառուներ:

Այստեղ ներկայ է հոգաբարձուների խորհրդի մեր միւս նուիրեալը՝ Էդիկ Աւետիսեանը՝ Րաֆֆի Պալեանի ընկերը: 2016-18թթ. ընթացքում  Լուսինէ Զաքարեանի եւ Խորէն Պալեանի  բնակարանը նրա հոգատար հսկողութեամբ նորոգուեց. վերականգնուեց հոգեւոր –մշակութային այս օջախը:

Շնորհակալութիւն եմ ուզում յայտնել Խորէն Պալեանի եւ Լուսինէ  Զաքարեանի  օջախի բարեկամ Սամուէլ Միքայէլեանին, ով ոչ միայն  հոգաբարձուների խորհրդի անդամ է, այլեւ Խորէն Պալեանի եւ Լուսինէ Զաքարեանի սանիկն է:

Մշտապէս թանգարանի կողքին են գրականագէտ, փրոֆեսորներ, Արծրուն Աւագեանը եւ Սամուէլ Մուրատեանը:

Ահարոն Արեւշատեանը  եղել է Խորէն Պալեանի մտերիմ ընկերը եւ ինքն էլ երգում է շարականներ …

Տիկին Սուսաննա Դաւթեանի այս խօսքերին Ահարոն Արեւշատեանը ջերմօրէն արձագանքեց.

-Նա , ով եղել է Խորէն Պալեանի ընկերը, 1800 չէ, բայց մի քանի շարական  հաստատ կ՛իմանայ…

Եւ կատարեց Գրիգոր Նարեկացու շարականներից մէկը:

Լուսինէ Զաքարեանի թանգարանը արդեն երկրորդ տարին անընդմէջ կազմակերպում նաեւ մրցոյթ, որի յաղթողները դառնում են Լուսինէ Զաքարեանի անուան կրթաթոշակառուներ: Եւ այս խրախուսական քայլով երաժշտական հաստատութիւնների ուսանողներին մղում են դէպի հայ հոգեւոր երգը, որ դրանք շարունակեն հնչել սերունդների շուրթերին՝ իրենց մշտապէս մեծ Ուսուցիչ ունենալով Լուսինէ Զաքարեանին եւ Խորէն Պալեանին: Յուշ-երեկոյի ընթացքում հանդէս եկան նաեւ այն ուսանողները, ովքեր այս տարուայ մրցոյթի յաղթողներն էին: Եւ դա խոստումնալից էր, որ նոր սերունդը շարունակում է դարերի խորքից եկած մեր մշակոյթի կրողը լինել:

Լեզուաբան, արեւելագէտ, իրանագէտ, հասարակական գործիչ, քայլող լեգենդ , բանասիրական գիտութիւնների թեկնածու Գուրգէն Մելիքեանի՝ տիկին Սուսաննա Դաւթեանին ուղղուած խօսքերը գալիս են վկայելու, որ, «մէկ ծաղկով գարուն», այդուհանդերձ, գալիս է.

-Ո՞վ է ասում, թէ անհատները հարց չեն լուծում: Սխալւում են: Սուսաննա, եթէ չլինէիր դու, չէր լինի այս գործող, ապրող , մշտապէս շնչող թանգարանը: Դու քո հոգու պարտքը կատարելով՝ ամեն պահ վառ ես պահում Խորէնի ու Լուսինէի յիշատակը, որի համար յատուկ մեր խորին շնորհակալութիւնն ու խոնարհումը  քե՛զ, -ընդգծեց փրոֆեսորը…

Բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Սամուէլ Մուրադեանն ասում է.

-Նրանք երեւոյթ էին ՝ ամեն մէկը իւրովի, միմեանց լրացնող: Նրանք կարողացան հայ հոգեւոր երգը դուրս բերել եկեղեցու խորաններից ու դարձնել բեմական արժէք, ցոյց տուեցին մեր ժողովրդին իր հոգեւոր երաժշտութեան գանձերը: Յիշում եմ, որ տարիներ շարունակ պետութեան կողմից արգելուած էին այդ երգերը կատարելը, արգելուած էր անգամ «Կիլիկիա» երգը…Բայց Խորէն Պալեանը կատարեց այդ երգը: Յետոյ նա ԵՊՀ բանասիրութեան ֆակուլտետի ուսանողներից ստեղծեց «Հայ տոհմիկ» երգչախումբը, որը բազմաթիւ ելոյթներով հանդէս է եկել Հայաստանի տարբեր շրջաններում եւ Արցախում։ Որքա՜ն էր նա ոգեւորուել, որ ազատագրուել էր Արցախը: Ու ես յիշում եմ, թէ ինչպէս իր հետ գնացինք Արցախ: Նա իր ստեղծած երգչախմբով շրջեց մեր բոլոր հնավայրերը եւ հայ տոհմիկ երգը տարաւ դէպի ժողովուրդը:

…Խորէն Պալեանն ապրեց՝ ապրեցնելով միջնադարեան հայ հոգեւոր երգը: Նա մեր միջնադարեան շարականների բերանացի իմացողն ու տարածողն էր, որ ազգային գանձերը դուրս հանեց եկեղեցու պատերից, հանեց ու վերադարձրեց ժողովրդին: Եւ մենք դրանք սրբազնորէն պահողը պիտի լինենք՝ որպէս փարոս մեր անցնելիք ճանապարհներին: Դրանցում մեր գոյատեւման հենքն է՝ ընդդէմ արդի աշխարհի հոգեւոր մարտահրաւէրների:

Շնորհաւոր տարեդարձդ, սերունդների Ուսուցիչ, միջնադարեան հայ հոգեւոր ժառանգութեան բացառիկ նուիրեալ…

Երեւան 10 Մարտ, 2022
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ