Կիրակի, Հոկտեմբեր 6, 2024

Շաբաթաթերթ

Մեծ Եղեռնի Արժեւորման Հետքերով

Ապրիլ  24-ին  Ընդառաջ

(Հայրիկիս Մի Նամակը` Ուղղուած Առ Որ Անկ Է)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

   Անցեալ դարի 60-ականների նախաշէմին, Յուլիսեան տապ օրերից մի օր, երբ ես ծիրանի ծառի վրայ գերհասած (կարծեմ նոր բառ է,- Հեն. Ա.) շալախ որակի ծիրան էի հաւաքում, բակում յայտնուեց մի ամուսնական զոյգ: Հայրիկս անմիջապէս գնաց ընդառաջ ու հրաւիրեց հարմարա­ւետ տեղաւորուել հսկայ ծառի շուքի տակ դրուած թախտի (առանց հենակի փայտէ բազմոց) վրայ:

   – Հենրիկ տղաս, իջիր ներքեւ, բաւարար է հաւաքածդ ծիրանը, հիմա Մարիետան էլ մի սուրճ կպատրաստի մեր հիւրերի համար, կ՚ ասենք, կը խօսենք,- ասաց հայրի­կս:

    Իջայ ծառից առանց հիւրերին մօտենալու, այգու ծորակի տակ ծիրանը մի լաւ լուալուց յետոյ, լի թասը ձեռքիս  մօտեցայ հիւրերին:

   – Արշակ, ծանօթացիր, Հենրիկն է, փոքր տղաս, կոնսերվատորիայում է սովորում: Կարծեմ քեզ ասել եմ այդ մասին:

   – Այո, այո~, գիտեմ, գիտեմ աւելին…, իմացայ որ Սեպտեմբերին էլ Լեհաստան է գնա­լու «Վարշաւեան աշուն» երաժշտական ֆեստիվալին (փառատօն) մասնակցելու:

   Մէկ վայրկեան շուարումի մատնուեցինք ամէնքս: Այդ մասին քչերը գիտէին Լռութիւնը խախտեց ինքը` Արշակ (անունը փոխուած է, ժառանգները ողջ են եւ յաճախ են երեւում դիմա­տետ­րում) կոչեցեալը:

   – Էդ ինչի՞ զարմացաք, ես` իմ աշխատանքի բերումով շատ բան գիտեմ…, դէ լա~ւ, հեն ա, Մարիետան սուրճը ձեռին մեզ է մօտենում:

   Իբր բան չ՚ եղածի պէս «մոռացուեց» միջադէպը: Ես անմիջապէս հասկացայ թէ ում հետ գործ ունենք:

   Հիւրերի գնալուց յետոյ, հրաման արձակելու պէս` հայրիկս ասաց.- խնդրում եմ Արշակի ներկայութեամբ քաղաքականութեան մասին երբեք խօսք չբանալ:

   Որքան մօտենում էր 1965 թուականը` այնքան աւելի յաճախ էին դառնում Արշակի այցելութիւնները: Նրան յաջողուեց ծանօթանալ մեր  բոլոր հարեւանների հետ, որոնք նկատելի արգահատանքով էին արտայայտւում նրա մասին: Ինքս էլ` առաջին իսկ վայրկեանից չսիրեցի նրան:

   Ապրիլ 24-ի նախօրերին Արշակը մեր հարեւաններին  յորդորել է մասնակից չդառնալ համա­ժո­ղովրդական ցոյցին եւ այլանդակ որակումով փնովել Դաշնակցութեանը, որ իբր թէ նրանց սարքած գործն է  եւ,  ըստ իրեն, վտանգաւոր է մասնակից դառնալը նման զանգուա­ծային ցոյցին, որովհետեւ կառավարութիւնը խստագոյն միջոցներ է ձեռ­նարկելու ցուցա­րար­­ների նկատմամբ:

   Ապրիլ 24-ից յետոյ Արշակի ոտքը վերջնականապէս կտրուեց թէ մեր տնից եւ թէ մեր թաղից: Սակայն մենք ջերմ յարաբերութիւններ ունէինք նրա աղջկայ ընտանիքի հետ եւ գնալ-գալը անպակաս էր, որոնց ընթացքին մշտապէս բացակայ էր Արշակը: Մի գաղտնիք կար, որ ինձ մշտապէս տանջում էր: Ի՞նչ էր պատահել հայրիկիս եւ Արշակի յարաբերութիւնների մէջ, որ այդպէս լռութեան մատնուեց KGB-ի գործակալի  անու­­նը մեր ընտանիքում:

   Գաղտնիքը  բացուեց  հայրիկիս  մահից (1988թ.) յետոյ: 2004  թուականին  հանդիսաւոր պայման­ներում Երեւանում նշուելու էր նշանաւոր պատմաբան, հայագէտ, մատե­նագէտ, գիտ­նական Յակոբ Անասեանի  ծննդեան 100-ամեակը:  Այդ  առնչութեամբ, հրա­տարա­կու­­թեան էի պատ­­­­րաստում նրա Նամակների Ընտրանին: Եւ, ի՞նչ էք կարծում, ի՞նչ գտայ դրանց մէջ,- հայրիկիս նամակը` ուղղուած  մեր «հերոս» Արշա­կին: Նամակի բովան­դակու­թիւնը  կարդալուց  յետոյ, առաջին վայրկեանին ընթերցո­ղին  կարող է թուալ թէ դա զուտ անձնական բնոյթ է կրում, սակայն բնաւ էլ այդպէս չէ: Նամակում երկու գործող անձ են, մէկը` իշխանութիւններին  ծախուած KGB-ի գործակալ, իսկ միւսը` ճշմարիտ հայրենասեր, Ցեղասպանութան ճանաչման համար պայքարող հաւատա­ւոր զինուոր:

   Այժմ, հայրիկիս` այս օրերի համար չափազանց համահունչ նամակի բովանդակութիւնը: Գրութիւնը ներկայացնում եմ առանց որեւէ միջամտութեան, եղածի պէս:

                                                                       Երեւան, 4 Հոկտեմբերի, 1965թ.

    Արշակ—————ին

Ես կարող էի չպատասխանել քո գրութեանը (Օգոստ. 1965թ.), որը պարզապէս կեղծիք է, բայց, այնուամենայնիւ, որոշեցի մի քանի բառ ասել, որպէսզի չկարծես թէ սարից-ձորից բերած  կցկտուր խօսքերով համոզել ես ինձ: Ես նորից եմ կրկնում` «Իմ ժողովրդի դաւաճանողին` ես ընկեր չեմ լինի», եւ այդ պատճառով էլ այդ խօսքերը ուրիշ շատերի ներկայութեամբ քո երեսին արտասանելիս` մերժել եմ սեղմել  ձեռքդ:

   Շատ հետաքրքիր է որ, եթէ ես, եւ  կամ էլ մէկ ուրիշը ասում է «իմ ժողովուրդը», դու այդ բառով հասկանում ես Դաշնակցութիւնը (ըստ քո նամակի 3-րդ եւ 4-րդ տողերի), եւ այսպէս թէ այնպէս, քեզ իրաւունք ես տալիս լիաթոք հայհոյելու Հայ Ժողովրդին: Թէ ինչպէ՞ս,- ես քեզ կը յիշեցնեմ: Կը յիշեցնեմ թէ ինչը ինչպէս եղաւ:

   Դեռ Եղեռնի 50-ամեակի` Ապրիլի 24-ի նախօրեակին, դու յաճախակի գալիս էիր մեր եւ հարեւանների տները, եւ չգիտեմ ո՞րտեղից ստացած թելադրանքի համաձայն, անընդհատ պատուիրում էիր, որ Ապրիլի 24-ի օրը ոչ  ոք տնից դուրս չգայ, թող իր տանը նստի եւ իր մեռելներին սգայ: Անընդհատ այդ էիր կրկնում: Եւ սակայն, քեզ ու քեզ նմաններին չլսեց մեր ժողովուրդը եւ այդ օրը,   աւելի քան 300 հազար մարդ (հայ ժողովուրդը) դուրս եկաւ ցոյցի` մէկ անգամ եւս քաղաքակիրթ աշխարհի առջեւ ապացուցելու, որ Հայ Ժողովուրդը երբեք չի մոռանալու  թուրքերի կատարած անլուր բարբարոսութիւնը`նրանց ձեռքով կատարուած առաջին Ցեղասպանութիւնը աշխարհում:

   Բայց յաջորդ օրը, Ապրիլի 25-ին Երեւանում եղան ձերբակալութիւններ եւ այդ նոյն

օրը, երեկոյեան ժամը 11-ին, երբ ես իմ տիկնոջ հետ տուն էի վերադառնում, ավտոբուսում պատահեցի քեզ: Հարբած էիր, քթիդ ծայրը չէիր տեսնում, ծամածռուած դէմքիդ վրայ շնական ծիծաղով, մօտեցար մեզ եւ բարձր ձայնով ի լուր անծանօթ բազմութեան` ասացիր.

   – Հը~, տեսա՞ր հիմա…, հողե~ր, հողեր էին ասում, տեսա՞ր ինչպէ՜ս են հաւաքում ու բոլորին ծակը կոխում, դրանց բոլորին «…..», բոլորին պիտի…, այստեղ արդէն անբարոյ, լկտի հրէշաւոր հայհոյանքդ լսեց  աւտոբուսոըմ քարացած ժողովուրդը:

    Կարո՞ղ էի որեւէ ձեւով պատասխան տալ այդտեղ: Ի հարկէ` ո՜չ, որովհետեւ Հայ Ժողովրդի պաշտպանութեան համար իմ կողմից արտասանուելիք որեւէ խօսք` քո կողմից, անծանօթ բազմութեան առջեւ պիտի որակուէր, պաշտպանութիւն Դաշնակցութեանը (ինչպէս ցոյց է տալիս քո ներկայ գրութիւնը: Եւ դու մնացիր անպատաս-խան, «յաղթական»:

   Հիմա յիշեցի՞ր քո լիաթոք հայհոյանքը մեր պաշտելի ժողովրդի հասցէին, խուժանի, թուրքավարի հայհոյանքը, այն էլ, նրա ամէնանուիրական մէկ օրում: Դու  քեզ շատ ազատ էիր զգում, որովհետեւ համարում էիր, որ իշխանութիւնները քեզ հետ համաձայն կլինէին (բայց, քաւ լիցի, ընկ. Զարոբեանը համաձայն չէր լինի): Եւ դրա համար էլ մի քանի օր յետոյ, երբ դու նորից երեւացիր մեր կողմերում, ուզում էիր ողջունել ինձ` ես քեզ մերժեցի:

   Ինչ խօսք, որ դու քո պարտականութեան վրայ էիր, քանի որ այդ շրջանում իշխանութիւնները հաշտ աչքով չէին նայում Հայ Ժողովրդի ազգային զգացումների ազատ արտայայտութեանը: Դու շատ լաւ էիր կատարում քո պարտականութիւնը Ապրիլի 24-ին: Դրանից յետոյ էլ դու շարունակում էիր կատարել քո սեւ գործը: Ժողովրդի մէջ տարածելով, թէ  այդ ցոյցը «խուլիգանական» տարրերի, ինչպէս նաեւ Դաշնակների եւ Դաշնակցականամիտ տարրերի գործն էր:

   Իսկապէս որ դու քո տարերքի մէջ էիր, որովհետեւ, իրօք որ այդ շրջանում իշխանութիւնները փորձում էին նման գնահատական տալ Եղեռնի 50-ամեակին նուիրուած համաժողովրդական այդ շարժումը` քեզ նմանների օգնութեամբ:

   Ես այսօր կարող եմ անվախ խօսել այդ մասին, որովհետեւ իշխանութիւնները մի քանի ամիս շարունակ ժողովրդի այդ գիտակցական շարժումը վարկաբեկելուց յետոյ տեսան, որ սխալ բան էր այդ եւ անցան նրա պաշտպանութեան կողմը: Իսկ դու` հիմա դարձեալ քո  տարերքի մէջ ես. Պաշտպանո՞ւմ են` դու էլ ես պաշտպանում: Այդպէս չէ՞: Եւ այժմ Հայ Ժողովրդի հասցէին լիաթոք հայհոյելուց չորս ամիս յետոյ, ինձ գրում ես հայրենասէրի թոնով.

    « Յետագայ օրերում, երեւոյթներին ու եղելութիւններին աւելի մօտիկից իրազեկ դառնալուց յետոյ, ես հանգել եմ այն եզրակացութեանը, որ 24-ի ելոյթը, որպէս ժողովրդական կամքի արտայայտութիւն եւ, միաժամանակ, որպէս արձագանգը համահայկական  մասշտաբով (ծաւալ) մի նշանակալի ՏԱՐԵԴԱՐՁԻ  (Տարելից,-այդքան է մարդու գրագիտութիւնը,- ի՞նչ կարող ես անել,- Հեն. Ա.), անխուսափելի էր, եւ պէ՜տք է, որ տեղի ունենար»:

    Քեզ հակասելով ես գրում այդ տողերը, որովհետեւ Ապրիլի 24-ի օրերին պայքարում էիր նրա դէմ, եւ միայն չորս ամիս յետոյ ես ընդունում նրա արդարացի լինելը: Ինչո՞ւ,- որովհետեւ հիմա այդպէս է նոր թելադրանքը: Դու փորձում ես ցոյց տալ թէ այլ ձեւով է առաջացել քո մէջ բեկումը:

   – Այդ օրերին,- շարունակում ես,- այսինքն Ապրիլի 24-ի օրերին, առիթ եմ ունեցել մասնակցելու ժողովների, մտքերի փոխանակութեան: Ինձ յայտնի են դարձել 8-10 կազմակերպութիւններ` այդ առթիւ կայացրած որոշումներն ու բանաձեւերը (Գրողների Միութիւն, Համալսարան եւն,) եւ ես կանգնել եմ վերոյիշեալ տեսակէտի վրայ:

   Ո՜չ բարեկամ, այդպէս չէ: Արի ճիշդը խօսենք: Դու չես կանգնել «վերոյիշեալ տեսակէտի վրայ», այլ մեր իշխանութեան ոզջամիտ ներկայացուցիչները, իսկ քեզ հարկաւոր է եղել այս անգամ էլ դրանից օգտուել, որպէսզի ես եւ ուրիշներ համոզուենք, որ  դու մեր ժողովրդի շահերին դաւաճանող չես, այլ ընդունում ես, որ Եղեռնի 50-ամեակը «Ժողովրդական կամքի արտայայտութիւն» էր:

   Իրականութիւնն այն է, որ դու գիտես շարժուել միայն թելադրանքներով` մի օր այսպէս, մի օր այնպէս:

                                                                                  Յ. Ս. Անասեան

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ