Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Վերժինէ Սվազլեան․ Ցեղասպանութեան Մշտարթուն Տարեգիրը

Տէր Զօր կոչուածն էր մի մեծ տեղավայր,

Մորթուած հայերին էլ հաշիւ չկար,

Օսմանցի պետերը մսագործ դարձան,

Հայերն են զոհւում հաւատքի համար։

Միայն այս քառատողն էր արտասանել ցեղասպանագէտ Վերժինէ Սվազլեանը, երբ միջոցառումներից մէկի ժամանակ թուրք պաշտօնեան կնոջ հետ ցանկութիւն էր յայտնել հանդիպել իր հետ ու հետաքրքրուել իր գործունէութեամբ։ Լսել էին, մի քանի րոպէ լռել, համբուրել իրեն եւ հեռացել՝ անխօս ու գլխիկոր։

Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտութիւնների դոկտոր, Փրոֆեսոր, Հայաստանի գիտութեան վաստակաւոր գործիչ, բանագէտ, բանահաւաք Վերժինէ Սվազլեանն արդէն 65 տարի 8 լեզուներով աշխարհին է ներկայացրել Ցեղասպանութեան ականատեսների յուշերը, վկայութիւնները, որոնք անհերքելի փաստեր ու ապացոյցներ են եղել Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում։ Դրանք ամփոփուել են 500-ից աւելի գիտական եւ հրապարակախօսական աշխատութիւններում, 30 գրքերում։ Բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական եւ արտասահմանեան աւելի քան երեք տասնեակ պարգեւների, բայց իր ամենամեծ պարգեւը համարում է հօր՝ հասարակական-քաղաքական գործիչ Գառնիկ Սվազլեանի պատգամի իրագործումը՝ այնպէս գործես, որ «պատիւ բերես քո ծնողքին եւ քո ազգին, հայրենիքին»։ Այսպիսի պատգամ ստացողը չէր կարող հանգիստ քնել գիշերները։

Հայրը ծնունդով իզմիրցի էր, իսկ Իզմիրը Հայոց ցեղասպանութեան վերջին հանգրուանն էր։ 1922-ին թուրքերը այրում են նաեւ Իզմիրը, խոստանում ունեցուածքի դիմաց մակոյկներով հասցնել նրանց տարբեր երկրներ տեղափոխող շոգենաւերին։ Տեղափոխման ճանապարհին բացում էին մակոյկի անցքը, ուղեւորները լցւում էին ծովը եւ խեղդւում։ Հայրը, տեսնելով այդ խաբէութիւնը, լողալով հասնում է յունական ռազմական նաւին, թաքնւում եւ հասնում Յունաստան։ Երկու տարի անց հայրն արդէն հմուտ ոսկերիչ էր, որ տեղափոխուեց Եգիպտոս։

Դեռ մանկուց նա ականատես է եղել հօր անմնացորդ նուիրումին, հայրենիքի ու նրա շէնացման համար տարուող պայքարին։ Նա Հայաստանի օգնութեան կոմիտէի Ալեքսանդրիայի մասնաճիւղի նախագահն էր, Եգիպտոսում հիմնել էր մշակութային ուղղուածութեամբ «Սեւան» ընթերցասրահ, որտեղ հայապահպանութեան վերաբերեալ դասախօսութիւններ էին կազմակերպւում։

«Հայրս իմ անունը Վերա է կնքել Նիկոլայ Չերնիշեւսկու «Ի՞նչ անել» վէպի հերոսուհու՝  Վերա Պաւլովնայի պատուին։ Ֆրանսիական դպրոց գնալու համար անունս Վերժին վերափոխուեց, իսկ երբ տեղափոխուեցինք Հայաստան, հայանալ էի ուզում՝ անունս կնքեցի Վերժինէ»,- նշում է Վերժինէ Սվազլեանը։

1947 թուականին  Սվազլեանների ընտանիքը հայրենադարձւում է Մայր Հայաստան․ Վերժինէ Սվազլեանն արդէն 13 տարեկան էր։ Հայրը մի քան անգամ մատնութեամբ բանտում էր յայտնուել, մշտական պայքարի մէջ էր դաշնակցականների հետ, որոնք խոչընդոտում էին հայրենադարձութիւնը։

«Հայրս  ասում էր՝ մենք Սփիւռքը չստեղծեցինք, որ կառչած մնանք։ Դա Թուրքիայի բռնութեան հետեւանքն էր։ Մենք ունենք մեր հայրենիքը. գնանք շէնացնենք»,- յիշում է Վերժինէ Սվազլեանը։

Վերջերս հրատարակուեց նրա «Ամերիկահայ բանաւոր աւանդոյթը ժամանակի հոլովոյթում» ստուարածաւալ գիրքը (904 էջ)։ Այն ընդգրկում է ԱՄՆ գաղթած արեւմտահայ աւագ, նաեւ՝ յետագայ սերունդներից հեղինակի 5 ուղեւորութիւնների ընթացքում (1979-2008 թթ.) գրի առած եւ կորստից փրկուած պատմական, բանահիւսական եւ ազգագրական նիւթեր։ Դրանց միջոցով ներկայացւում է ԱՄՆ-ի հայութեան անցեալ ու ներկայ կեանքի ընդհանուր պատկերը՝ սկզբից մինչեւ մեր օրերը, նրանց յաղթահարած դժուարութիւններն ու ունեցած յաջողութիւնները։

Հատորն օժտուած է նաեւ անգլերէն եւ ռուսերէն ամփոփումներով, 206 բանասացների եւ նրանց հաղորդած 1.165 միաւոր  նիւթերի Փաստագրական աղիւսակով, օտարամոյծ բառերի բառարանով, ծանօթագրութիւններով, բանասացների եւ նրանց հաղորդած նիւթերի, անձնանունների, տեղանունների, էթնօանունների եւ այլ ցուցիչներով, բանասացների լուսանկարներով, ինչպէս նաեւ «Հայերի տեղաբաշխումը Ամերիկայի Միացեալ Նահանգներում» պատկերող քարտէսով եւ «Ամերիկահայոց շրջանում տարածուած ժողովրդական երգերի կատարումները» (41 միաւոր) ներկայացնող խտասալիկով:

Գրքի խմբագիր Հայաստանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ Սարգիս Յարութիւնեանի խօսքով՝ այս աշխատութիւնը հայ բանագիտութեան պատմութեան մէջ առաջինն է, որ նուիրուած է ամերիկահայոց բանաւոր աւանդոյթի գիտական համակողմանի ուսումնասիրութեանը, որն իր պատմաճանաչողական արժէքով հայ ժողովրդի արդի մշակոյթի պատմութեան մէջ կարեւոր եւ բացառիկ արժէք է ներկայացնում։

Վերժինէ Սվազլեանի համար ամէն գրքի լոյսընծայում մի երեխայի երկունքի է նման. ուժերի գերլարումից նա երկար ժամանակ վերկանգնւում է, ապա անցնում յաջորդ գրքի ծննդին։ Այս գիրքը եւս բացառութիւն չէ. գիտնականի նպատակն էր վերականգնել կորսուած հայրենիքի բանաւոր աւանդոյթը եւ այն հասցնել ընթերցողների լայն շրջանակներին։

Նա ափսոսանքով է նկատում, որ այսօր գաղափարախօսութեան պակաս կայ, այնինչ մեծ հօրեղբօր՝ Միհրան Սվազլեանի գաղափարախօսութիւնն իր համար արդիական է նաեւ այսօր՝ «Արժանապատուութիւնը կարեւոր է, իսկ հայրենասիրութիւնը արժանապատուութեան խնդիր է ինձ համար»: Եթէ դրա պակասը չլինէր, աշխարհի տարբեր վայրերում հանգրուանած հայերը կը բնակուէին Արցախում, եւ չէր լինի այն, ինչ եղաւ 2020-ին։

Նա այն կարծիքին է, որ 1915-ին Ցեղասպանութիւնը կազմակերպել էին մեծ տէրութիւնները, որը շարունակում են մինչ օրս. «Թուրքիան եղել եւ մնում է մեծ տէրութիւնների խամաճիկը, իսկ նրա հետ սահմանի բացումը երկրորդ ցեղասպանութիւն է լինելու մեզ համար. այդ դասը մենք արդէն առել ենք. արհամարհուած պատմութիւնը կը կրկնուի»։

Վերժինէ Սվազլեանն աշխարհի տարբեր կողմերում հանգրուանած հայերի հետ է շփուել, խոստովանում է՝ հայերը եզակի ժողովուրդ են, որոնց պէտք է միայն պաշտել. «Չնայած դժուարութիւններ, զրկանքներ ու տառապանք է տեսել, բայց հերոսաբար յաղթահարել է։ Նոյնիսկ այսքան զոհեր ունենալուց յետոյ նորից վերածնւում են։ Մենք իսկապէս դրախտի հողի վրայ ենք ապրում, պէտք է պաշտպանենք այդ հողը, ոչ թէ նուիրենք թուրքին»,- նշում է Վերժինէ Սվազլեանն ու կրկին յիշեցնում՝ խելքին մօտ բան չէ թուրքի հետ հաշտուելը։

Դժուարին է եղել գիտնականի ուղին։ Գրքերը հրատարակելու կամ թարգմանելու համար ստիպուած է եղել վաճառել ունեցուածքն ու հօրից մնացած թանկ յիշողութիւնները, իսկ նոր նիւթեր հաւաքելու համար երբեմն կեանքն է վտանգել։

Պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի հրաւէրով Կոստանդնուպոլսում մասնակցել է գիտաժողովի, որին յաջորդել է շրջայցը Կիլիկիայով։ Սուրբ Փրկիչ հիւանդանոց ներթափանցելու համար ստիպուած է եղել վիրահատութեան դիմել. միայն այդպէս է կարողացել ետնամուտքով մտնել ծերանոց եւ զրուցել Ցեղասպանութիւնը վերապրածների հետ, գրի առնել յուշեր։ Անձնազոհութեան վառ օրինակ է նաեւ այն, որ Վերժինէ Սվազլեանը ստիպուած էր Ամերիկայի «Արարատ» ծերանոցում որպէս կամաւոր 15 օր աշխատել. խնամում էր ծերերին՝ հաւաքելով նրանց յուշերն ու վկայութիւնները, բանահիւսական նիւթերը։ Հպարտութեամբ թերթում է իր հեղինակած աշխատութիւններն ու թարմ յիշողութեամբ թուարկում իւրաքանչիւր փաստի, նիւթի հաւաքման հետ կապուած յուշերը։

Վերժինէ Սվազլեանն 88 տարեկան է, բայց շարունակում է պահպանել Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատողի ու անխոնջ գիտնականի իր առաքելութիւնը։ Յաջորդ աշխատութիւնը լինելու է  արեւմտահայոց թուրքալեզու բանահիւսութեան մասին։ Թուրքալեզու երգերն առաջին անգամ նա է հաւաքել. հայերը թուրքերէնով են խօսել, երգել, քանի որ հայ լինելու համար Կիլիկիայի, Անատոլիայի տարբեր նահանգներում հայերէն խօսելու համար հայերի լեզուն ծայրատել են։ Իրենց ապրումներն ու տառապանքները հայերն արտայայտել են թուրքալեզու երգերում.

Դպրոցը մտան, վարժուհուն բռնեցին, վա՜յ աման,

Բերանը բացեցին, լեզուն կտրեցին, ա՜խ աման…

Վերժինէ Սվազլեան. Հայոց ցեղասպանութեան փաստերի ու վկայութիւնների մշտարթուն պահապան, որ կէս դարից աւելի մասնիկ առ մասնիկ ժողովել է կորսուած հայրենիքի մասունքները, ամբողջացրել դրանք՝ սերունդներին փոխանցելով պատմականօրէն անուրանալի փաստերն ու յուշերը։

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան լրատուական կենտրոն
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ