Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Յարգանքի Տուրք Պոլսահայ Բարեկամ Մարտիրոս Պալըգճեանի Յիշատակին

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Քառասունչորս տարի առաջ, ճիշդ այս օրերին մեր ողջ ընտանիքը Միլանից վերադառնում էր մեր բնակատեղին` Հռոմ: Մեզ հրաժեշտ տալիս Միլանի երկաթուղային կայարանում ազնուասիրտ, մեծ հայրենասէր, մեր ընտանիքի լաւագոյն բարեկամ Մարտիրոս Պալըգճեանի եղբայր Օննիկը զգուշացրեց.

  – Հենրիկ, Մարտիրոսը գալ շաբաթ ձեզի հիւր պիտի գայ, քաղաքէն չբացակայիք:

   Գրեթէ երեք ամիս` մենք Իտալիայում ենք եւ ոչ մի լուր չկար թէ  ե՞րբ են պատկան մարմինները մեզ թոյլ տալու մեկնել Ամերիկա:

   Հռոմի Լեւոնեան Վարժարանի տեսուչ, երիտասարդական կորովով լի Հայր Յովսէփ Վարդապետը իսկական ուղեկցողի դեր էր կատարում: Իր շուրջը հաւաքելով Միացեալ Նահանգներ մեկնող հայաստանցիներին, իր հաշւոյն, ամէն շաբաթ որեւէ տեսարժան վայր էր մեզ տանում: Արդէն երկու անգամ եղել էինք Վատիկանում: Նրա շնորհիւ մենք ներկայ եղանք նաեւ Ս. Յարութեան Տօնի արարողութեանը Սուրբ Պետրոս հրապարակում: Եւ ուր էլ որ տանում էր աննման վարդապետը` չէր թողնում, որ մենք տոմսակ գնենք, աւելին, անկախ նրանից թէ քանի հոգի էր խմբում, բոլորին կերակրում էր համեղ սանդուիչներով եւ աննման բիձայով:

    Մենք որոշել էինք այդ Շաբաթ օրը որեւէ տեղ չգնալ: Սիրտս վկայում էր, որ Մարտիրոսը կը գայ, կամ էլ կը հեռաձայնի:

   – Հենջան, արդէն կէսօր է, չեմ կարծում, որ Մարտիրոսը կարող է գալ: Հայր Յովսէփը այսօր մեզ մի լաւ տեղ է տանելու, ընդամէնը երեք ժամ է տեւելու գնալ-գալը: Արի հաւաքուենք գնանք, հը~, ի՞նչ ես ասում, հօ էսօր չ՚ եկա՞ւ,- ասաց Մարիետան:

   – Եթէ հարմար ես գտնում գնանք:

   – Գնացի~նք,- ոգեւորուած ասաց Մարիետան,- միայն թէ թոյլ տուէք գնալ Մարիայի մօտ (Մարիան մեր դրացին է, մայրութիւն անել է սովորում Մարիետայից` երկու տարեկան աղջկան հոգ տանելու համար) եւ ասեմ  որ ուշադիր լինի, Մարտիրոսը կարող է  գալ: Եւ, եթէ գայ`թող նրան ներս առնի, սուրճ-մուրճ տայ` մինչեւ մենք վերադառնանք:

   Լեւոնեան Վարժարանի բակում սպասում ենք, որ ժողովուրդը հաւաքուի, որն ինչպէս միշտ` ուշանում է: Սիրտս անհանգիստ է: Խնդրում եմ Հռոմի թեմի Առաջնորդ Ներսէս Վարդապետ Սէթեանին` թոյլ տալ հեռաձայնել Մարիային: Եւ չեմ սխալւում:

     Հենց մենք դռնից դուրս ենք գալիս` յայտնւում է Մարտիրոսը:

   – Եկել է~, եկել է ձեր բարեկամը,-բարձրաձայնում է Մարիան:

   – Ժողովուրդ`  ետ ենք  գնում, շուտ, շուտ արէք, Մարտիրոսը եկել է, – ասում  եմ ակնապիշ  հայեացքով ինձ նայող Մարիետային:

   Հայր Սէթեանը դժկամութեամբ ընդունեց  մեր  բացակայութեան փաստը: Պարզւում  է, որ նա մտադրուել է երեկոյեան մեզ տանել Լեւոնեան Վարժարանին պատկանող ամառանոցը` ընթրիքի:

      – Հայր Սուրբ, թոյլ մի տուէք, որպէսզի Անասեանները գնան, մենք ի՞նչ ենք անելու առանց նրանց,- ասում է երիտասարդ մայր Նինան:

    – Ես ի՞նչ կրնամ ընել տղա~ք.., հաւանաբար, ի՜սկապէս կարեւոր է: Ամօթ չըլլայ հարցնելը Պարոն Անասեան, ո՞վ  է  եկողը եւ ո՞ւրկէ  եկած է, ուրիշ երկրէ՞ է:

   – Այո՜, շատ կարեւոր է, Հայր Սուրբ,- ասաց հայրիկս,- Ձեր ծննդավայրէն է, Պոլիսէն:

   – Օ~, ի՞նչ կ՚ ըսէք…, եթէ այդքան կարեւոր է` գացէք…: Տղաք , շուտ թաքսի մը կանչեցէք, անկէ ետք մենք  ալ  կը շարժինք:

   – Հենրիկ եւ Մարիետա,- շրջուելով դէպի մեզ,- շարունակում է Հայր Սէթեանը,- այս Կիրակի Վատիկանի Ռատիոյէն մեր Պատարագի օրն է: Չըլլայ որ բացակայիք: Բոլոր մեներգերը Մարիետան պիտի երգէ:

   – Հայր Սուրբ…, մենք էլ ենք ուզում ներկայ լինել այդ Պատարագին,- ասում է իրանահայ Վահագնը:

   – Շատ աղէկ, ցանկը կազմեցէք եւ իրիկուան տուէք ինծի:

    Այդ վայրկեանին խմբից քիչ հեռու կանգնեց Ֆիատ մակնիշի` չորս նստատեղով թաքսին:

   – Ինծի ձգեցէք,- ասաց Սուրբ Հայրը եւ արագօրէն  մօտեցաւ մեքենային:

   Չգիտեմ ինչպէս համոզեց վարորդին` վեց անձի սպասարկելու համար, վերջինս դուրս ելաւ մեքենայից, ձեռքով նշան արեց, որպէսզի մօտենանք մեքենային: 15-20  րոպէ անց` մեր շէնքի առջեւում էինք:

   – Մի շտապէք, հանգիստ իջէք, Հայր Սուրբը վճարել է: Երջանիկ եղէք,- ասաց վարորդը:

   Այստեղ նպատակայարմար եմ համարում նշել շատ կարեւոր մի հանգամանք: Թէ Հայր Սէթեանը եւ թէ մնացեալ Հոգեւոր Հայրերը առանձնակի ուշադրութիւն էին դարձնում մեր ընտանիքի նկատմամբ: Եւ, անշուշտ այդ ամէնը աննկատ չէր անցնում մեզ շրջապատող գաղթական հայերի ուշադրութիւնից: Տեսնելով Սուրբ Հայրերի ընդգծուած վերաբերմունքը մեր ընտանիքի, յատկապէս հայրիկիս` երբեմնի Վենետիկի Մխիթարեանների սան, նշանաւոր պատմաբան, հայագէտ Յակոբ  Անասեանի նկատմամբ, կամայ թէ ակամայ` նրանք էլ  էին ընդգծուած յարգանք ցուցաբերում մեր բազմանդամ ընտանիքի նկատմամբ:

   …Մտնում ենք Մարիայի բնակարանը: Ի՞նչ տեսնենք, որ լաւ լինի,- Մարտիրոսը ծնկներին առած Մարիայի պզտիկին` հաճելի զրոյցով են բռնուած: Ես գիտէի, որ Մարտիրոսը աշխատանքի բերումով քիչ-միչ իտալերէն գիտեր:

   Վերջին անգամ Մարտիրոսին տեսել ենք նախորդ տարուայ ամռանը` Երեւանի մեր տանը: Մանկան հոգու  տէր  անձնաւորութիւն է նա: Զաւակներ չունի ու խելքը գնում է մեր տղաների համար: Կինը` Տիրուհին, երեխայի պէս է վարւում այդ յաղթանդամ տղամարդու հետ: Նրանց «կռիւը» Մարտիրոսի  օրը երեք  տուփ սիգարետ ծխելու հարցն է: Այստեղ էլ տաքուկ տեղ է գտել: Մարիան էլ  է մոլի ծխող:

   – Լաւ էլ գտել էք իրար,- առանց բարեւ- բարի լոյսի ասում եմ ես:

   Մարտիրոսը մէկ առ  մէկ փաթաթուում է ամէնքիս հետ ու արցունքները հոսում են աչքերից: Ընդհանրապէս շատ փխրուն սիրտ ունի այդ` յիսնամեայ տղամարդը: Աննկարագրելի հայրենասէր է ու անհանդուրժող` արտագաղթողների նկատմամբ:

   – Այդպէս հա~…, վերջը ելաք Հայաստանէն: Վե՜րջ, վերջ, ալ պիտի չխօսիմ այդ մասին, եղածը` եղած է:: Հայաստանի մէջ շատ խօսած ենք այդ նիւթի շուրջ:

   – Ինչո՞ւ լուր չտուիր գալուդ օրուան մասին, կու գայինք, կը դիմաւորէինք, ասում է մայրիկս:

   – Ի՞նչ պէտք կար ճանըմ: Թաքսիի վարորդին հասցէն տուի` անմիջապէս բերաւ, տեղ հասցուց:

   Տաս օր մնաց մեր բնակարանում Մարտիրոսը: Երանելի, հրաշալի օրեր: Գաղափարի մարդ էր նա  Ինք եւ Պերճ Գամպարոսեան քանիցս «ծեծ կերած» են Պոլսի ոստիկանատանը` գաւառներից ծպտուած հայեր Պոլիս բերելու համար: Նրա եւ գիտնական հայրիկիս զրոյցները Երեւանի մեր բնակարանում օրեր էին տեւում: Մինչ մենք կնոջ հետ ընթրում էինք ճաշասենեակում, նա առանձնանում էր հայրիկիս հետ նրա աշխատասենեակում ու ժամեր շարունակ գիտական հարցեր էին շօշափում:

   Զարմանալի է, Մարտիրոսը Իտալիայում չի եղել, ուստի` մենք ենք ուղեկցողի դեր կատարում: Եթէ պատահում է, որ ամբողջ ընտանիքով նրա հետ լինենք, նա միշտ կարողանում է առատաձեոն վճարումով տաքսի ապահովել բոլորիս համար: Մենք արդէն երեք ամիս է, որ Իտալիայում ենք: Չհաշուած Յովսէփ Վարդապետի շրջապտոյտները, մենք էլ, մեր հերթին, վեր ու վար ենք արել Հռոմը, իսկ Լունապարկ մանկական չքնաղ այգին տղաներիս ամէնօրեայ զբաղմունքի վայրն է եւ իրենք են ինքնուրոյն այգի գնում-գալիս:

   – Վաղը Կիրակի է Մարտիրոս: Հայկական Պատարագի օրն է: Ամիսը անգամ մը Վատիկանը կենդանի կատարումով Հայկական պատարագ կը սփռէ Եւրոպայի համար: Կ՚ ուզե՞ս միանալ մեզի, Մարիետան ալ պիտի երգէ, ասում եմ ես:

   – Ա՞տ ինչ խօսք  է Հենրիկ,  ի՞նչ հարցում է  բարեկամս, անշո՜ւշտ կ՚ ուզեմ:

   – Ուրախացուցիր ամէնուս եղբայրս: Համա չմոռնաս «ճիտին պարտքը»` ամէնուս համար թաքսի ապահովելը:

   – Ատ խնդիր չէ Հենրիկ…, աս ի~նչ բարի ժողովուրդ են եղէր սա իտալացիները, բնաւ միտքէս չէր անցնէր:

    – Քիչ մը կանուխ հոն պիտի ըլլանք, որպէսզի քու անունդ ալ արձանագրենք: Պա տարագէն ետք աղուոր տեղ մը կ՚ երթանք ճաշելու: Հայտէ, հայտէ~, շարժուեցէք տղաք: Հայր Սէթեանն է այսօր պատարագիչը: Ան կը սիրէ պատարագէն առաջ յանձնարարութիւններ տալ , եւ, որքան որ գիտեմ, կ՚ ուզէ այսօրուան պատարագը ձայնագրել եւ ապագային օգտագործել, երբ մենք հոս չենք ըլլար:

   Դուրս ենք գալիս փողոց: Մեր ճարպիկ Մարտիրոսը իր գործի վարպետն է: Կանգնեցնում է թաքսին, վարորդի հետ մի քանի նախադասութիւն փոխանակում եւ`

   Հայտէ, հայտէ~, շուտ մը նստեցէք,- ուրախացած, որ կարողացել է համոզել վարորդին, որպէսզի ամէնիս վերցնի:

    Հիանալի Պատարագի արարողութիւն էր: Մարիետան «սպանեց» ամէնքիս իր հոգեթով, սրտմաշուկ երգեցողութեամբ Մեր ետեւում կանգնած Մարտիրոսը թաշկինակը  չէր հեռացնում աչքերից:

   Պատարագից յետոյ,  ամէնքս մէկտեղ լսեցինք ձայնագրութիւնը: Հիանալի էր, բնաւ չես ասի, որ այն կատարուած է ափի մեծութեան մի փոքրիկ ձայնագրիչով:

   – Ապրի՜ք, շատ ապրիք տղաք, ես քասէթ ալ կրնամ շինել, եթէ, անշուշտ մեր Մարիետան եւ Հենրիկը արտօնեն,- կատակով ասաց Հայր Սէթեանը,- իսկ հիմա, սիրելի բարեկամներս, դուք այսօր իմ հիւրս էք: Ձեզի պիտի տանիմ մեր վարժարանի ամառանոցը: Տղաքը մասնաւոր պատրաստութիւն տեսած են ձեզի հիւրասիրելու համար: Որեւէ խօսք կամ առարկութիւն չեմ ուզեր: Ամէնքդ ալ  կը տեղաւորուիք օթոյիս մէջ:

   Ճանապարհին, չգիտեմ ինչից դրդուած, Մարտիրոսը հարց տուեց Վարդապետին.

   – Հայր Սուրբ, դուք Կոմիտաս չէ՞ք երգեր:

   – Բարեկամս, ես լաւ գիտեմ, որ Պոլսոյ  մէջ միայն Կոմիտաս կ՚երգուի: Մենք Եկմալեան կ՚ երգենք, քանի մը կտորներ ալ` Այտընեանէն: Հիմա տեղ հասնինք` վերջը կը խօսինք նման հարցերու շուրջ:  Հիմա քիչ մը արագ վարեմ օթոս, որպէսզի ձեր տղաքը կարենան արեւուն տակ լողաւազան մտնալ:

   Փառայեղ ժամանակ անցկացրինք Լեւոնեան Վարժարանի ամառանոցում, երեք մեծերը իրար գլխի`Հայ Ազգի ճակատագիրն էին որոշում: Նոյն գիշերը հեռաձայն եկաւ Վալանսից: Երեւանի մեր դրացի Անահիտից, որի ընտանիքին 1972 թուին Մոսկուայից ճանապարհել էի Ֆրանսիա: Վերջինս լսել էր Վատիկանի ռատիոյից հաղորդուող պատարագի երգեցողութիւնը եւ չափազանց ազդուել էր Մարիետայի ձայնը լսելով:

    Մարտիրոսից առաջ, Անահիտն իր չորսանդամ ընտանիքով Վալանսից մեքենայով էր եկել մեզ հիւրութեան ու մէկ շաբաթ ապրել մեզ հետ, մի սենեակում:

   – Ի՞նչ հիւրանոց, ես աղբարիկիս քովէն տեղ չեմ երթար,- ասաց Անահիտը,-  գետինը կը պառկիմ, ես հոս եկայ, որ օթե՞լը իջնամ, Գէորգ,  դիմելով ամուսնուն` աւելացրեց,- եթէ կ՚ ուզես` աղջիկներուդ առ եւ օթել գնայ:

   Ի հարկէ` Գէորգը ոչ մի տեղ էլ չգնաց եւ մենք` տասը հոգի, մէկ սենեակում, ինչպէս քոյր-եղբայր, յատակին պառկելով գիշերներ լուսացրինք` յիշելով մեր երեւանեան անցած-գնացած  քաղցր, ինչո՞ւ չէ` նաեւ ցաւոտ օրերը:

   Եկաւ Մարտիրոսին ճանապարհելու օրը: Մեր բարեկամը Անահիտի նման հոգաց մեր բոլոր ծախսերը: Եկած օրն արդէն մեզ էր վերադարձրել նախորդ տարի Երեւանում իրեն պահ տրուած մեր ոսկեղէնները, Արմէնիս ջութակը եւ մի քանի հարիւր դոլարը:

   Փխրուն հոգու տէր Մարտիրոսը մեզ էլ լացացրեց բաժանման պահին: Նոյնը հիմա ինձ` այս տողերը գրի առնելիս…

   – Սա ձախ ոտքդ մէյ մը անցուր նոր մօտելի կօշիկին մէջ,- ասում էր Մարտիրոսը ամէն անգամ Պոլսի իր ֆապրիքայի աշխատասենեակը մտնելիս:

   Ափսո~ս, ինքը չկարողացաւ ներկայ լինել իր պաշտած ՍԱՅԱԹ ՆՈՎԱ երգչախմբի 2001 թուականի` իմ հեղինակային համերգին, որը համատեղ որոշմամբ  նուիրուեց մեծ հայրենասէր Մարտիրոս Պալըգճեանի անմահ յիշատակին:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ