Երկուշաբթի, Հոկտեմբեր 7, 2024

Շաբաթաթերթ

ԱՄԵԴՈՒ – ԱՄԻԴԱ  – ԱՄԻԴ  (ՏԻԱՐՊԷՔԻՐ)

  Կեանքը Մեռնում է Սիրոյ Կարoտից …

Յուսահատութեան  Տերեւաթափից,

Անվերջ Պոկուելով Մայր Արմատներից

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ

Ըստ »Մարմարա» օրաթերթի, տեղւոյն  կարգ մը լրատու  աղբիւրներ հրատարակել էին լուր մը, ուր պնդուել էր, որ Տիարպէքիրի, (մէջ բերուած է որպէս Տիյարբաքր) հայկական անունը Ամէտ է: Մարմարա օրաթերթը այն սխալ էր համարել, պնդելով  որ նրա  հայկական  անունը Տիգրանակերտ է, իսկ Ամէտը նրա քրտերէն անունն է:

 Ըստ՝ Հայկական Սովետական Հանրագիտարան՝՝-ի  (հատոր 3, էջեր 375-376) Տիարպէքիր անունը նշանակում  է՝ դիար- երկիր, իսկ բաքըր՝ արաբ. ցեղանուն: Հաւանաբար, քաղաքը նուաճած արաբ ցեղի առաջնորդը այն անուանել է իրեն կամ արաբ ցեղի անունով, որպէս Բաքըր-ի երկիր: Ըստ Հանրագիտարանի, Տիարպէքիրի պատմական  անունը՝ ԱՄԻԹ-ԱՄԻԴ է: Այն գտնւում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում՝ Տիգրիս գետի աջ ափին: Նրա հիմնադրման ժամանակը անորոշ է: Մ.թ.ա. 2-րդ հազարամեակի վերջին, աքքատական արձանագրութիւններում այն յիշատակւում է Ամեդու  անունով: Այդպէս էլ, հռչակաւոր պատմաբան» Մարտիրոս Գավուքճեանը իր աշխատութիւնում, այն մէջ բերել է որպէս՝ Ամեդու կամ Ամիդա (Տիարպէքիր) անուանումով  քաղաք: IX – VII   դարերում, Արմինա-Արարատեան թագաւորութեան գերիշխանութեան տակ է գտնուել, մասնակցել ասորեստանեան իշխանութեան դէմ պայքարին: Մ.թ.ա. 330 թուականին, այն նուաճել է Ասորեստանի Թգլատպալասար III թագաւորը: Մ.թ.ա. VII դարի վերջին, Ասորեստանի իշխանութեան անկումից յետոյ միացուել է Արմինա երկրի Երուանդունիների թագաւորութեան տարածքին:

 Մ.թ.ա. 37 թուականին, ԱՄԵԴՈՒ –ԱՄԻԴԱ  (ՏԻԱՐՊԷՔԻՐ) -ը անջատուել է Արտաշէսեան թագաւորութեան Մեծ Հայքի տարածքից: Պարթեւա-հռովմէական համաձայնագրով միացուել է Պարթեւաստանին ենթակայ մի գաճաճ  թագաւորութեան տարածքին: Մ.թ. 298 թուականին այն նուաճել է Հռովմը: Տիարպէքիրին փոխնիփոխ տիրել են պարսիկները, Բիւզանդացիները, արաբները, քրտերը, սելջուկ թուրքերը, թաթար-մոնղոլները, թուրքմէնները: Շահական Պարսկաստանի դէմ մղուած պատերազմում, Տիարպէքիրը անցել է Օսմանեան տիրապետութեան տակ:

 ԱՄԵԴՈՒ –ԱՄԻԴԱ  (ՏԻԱՐՊԷՔԻՐ) –ի  մասին վերոյիշեալ համառօտ տեղեկութիւնը մէջ բերելով, այն թերի պիտի լինէր առանց  յիշատակելու նրան պարփակած պաշտպանական ամրութիւն-պարիսպի մասին: Տիարպէքիրի շրջակայքի ամրութիւնները ունեն 8 քիլոմեթր երկարութիւն, 10 մեթր բարձրութիւն եւ 5 մեթր լայնութիւն: Այն չինական պարիսպից  թէեւ հարիւր անգամներ նուազ երկար է, սակայն, հին աշխարհի  պաշտպանական երկար  ու հզօր  ամրութիւններից է: Արամ– Արամէի Արմինա թագաւորութեան Սարտուրի Ա. հզօր արքան նման ամրութիւններ է կառուցել Տուշպա-Վան ոստանի շուրջը, զայն  թշնամիների յարձակումներից պաշտպանելու համար: Պարիսպի ճակատին արձանագրել է իր յաղթական ճակատամարտերի ու արարումների վկայութիւնները: Ո՞ր Արմին-Հայը չի հիացել իր նախնիների Անի փառաշքեղ ոստանի Սմբատաշէն պարիսպների տեսքով, որոնք դարերի դէմ սէգ կանգնած հիացմունք պատճառում անցորդներին:  

Դեռեւս  հիմնականում կանգուն է Տիարպէքիրը շրջափակած պարիսպը: Մի կողմից այն յարում է՝ այժմ աւերակ հնագոյն բերդին, միւս կողմից՝ Տիգրիս գետի տասնակամար կամրջին: Պարիսպը  ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակներ,  4 մետաղակուռ դարպասներ: Տիարպէքիրում է գտնւում, այժմ նորոգուած, եօթ խորանի Սուրբ Կիրակոս սքանչափայլ եկեղեցին, որտեղ առանց սահմանափակման յաճախակի Սուրբ Պատարագ է մատուցւում: Տիարպէքիրի պարիսպ-ամրութիւնները կառուցուել են միմեանց ագուցուած վիթխարի քարերով: Դուք տեսե՞լ էք »Արցախի Հանրապետութիւն»-ում Տիգրանակերտի պեղումների պարիսպների պատերի իրար ագուցուած հսկայ քարերի անշաղախ շարուածքը .  .  . խիստ նմանութիւն կայ երկու քաղաքների պարիսպների պատերի շինարարական կառուցուածքում  . . . եւ ինչո՞ւ  չհաստատել,  որ Տիարպէքիրի պարիսպների պատերի շարուածքը Արմին-հայերի կառուցողական հմտութեան արգասիքն են եւ արդեօ՞ք այն Արմին-հայերի կառուցումը չէ:

Արմին-հայեր իրենց  աւանդուա՞ծ, թէ աւանդական պատմութիւնը, Տիարպէքիրի ամրութիւնների կառուցումը վերագրում  են  Հայկազունի Երուանդունի Տիգրանին (մ.թ.ա. VI դարի առաջին կէս), որի անունով  էլ Հայ պատմիչները զայն անուանել են նաեւ Տիգրանակերտ: Սակայն, պատմագիտութեան մէջ Տիարպէքիրը Ամեդու  անունով  յիշատակուել էր դեռեւս  մ.թ.ա. 2-րդ հազարամեակին, երբ Աստուածամարդ Հայկ Նահապետի զարմից Արմինա երկրում տիրակալում էին  քաջ արքաներ: Տիարպէքիրը Տիգրանակերտ կոչելը Հայ պատմիչների շփոթմունքն  է ՝ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում Արտաշէսեան արքայատոհմից՝ արեւելքի մեծահզօր արքաների-արքայ Տիգրան Բ.-ի հիմնադրած Տիգրանակերտի հետ: 

 Տիգրան անուն, իրանական ցեղերի հնդեւրոպական լեզուից փոխառութիւն է, այն առաջին անգամ յիշատակուել է  որպէս աքեմենեանների տոհմի Քսերքսէս թագաւորի բանակի առաջնորդ: Տիարպէքիրի ամրութիւնների կառուցումին վերագրուած Տիգրանը՝  Երուանդունի թագաւորական տոհմի Երուանդ Ա. Սակաւակեաց արքայի  որդին է:  Թերի կը լինէր նաեւ այս պատումը, եթէ Պատմահայր Մովսէս Խորենացու խօսքը նրա մասին չյիշատակէինք: Յոյն պատմիչ, զօրավար Քսէնոֆոնը իր »Կիւրոպետիա» աշխատութիւնում յիշատակել է որոշ մանրամասնութիւններ արմինների ու պարսիկների եւ Արմինա-ի թագաւորի որդի Տիգրանի մասին:

Երուանդ Ա. Սակաւակեաց թագաւորը, շրջանում տիրող դէպքերի բերումով, սկսել էր չկատարել Մարաստանի հանդէպ ստանձնած հարկային եւ այլ պարտաւորութիւնները: Պարսկաստանի արքայ Կիւրոսը նուաճել էր Մարաստանը, պահանջել Երուանդ Ա.-ի պարտաւորուած հարկերը վճարել իր երկրին: Երուանդունի թագաւորը, ընտանիքի անդամներին ապահով լեռներ է տանում, երկրի բանակը դիրքաւորում լեռների լանջերին: Նկատելով, որ շրջապատուած է Կիւրոսի բանակի կողմից, իջնում իր բանակատեղիից, ներկայանում նրան: Նրանց միջեւ տեղի են ունենում բանակցութիւններ: Կիւրոսը պահանջում է արմինների թագաւորից ինչո՞ւ չէր կատարել ստանձնած պարտաւորութիւնները: Երուանդունի թագաւորը պատասխանել էր՝ »Ուզում էի ազատութիւն ձեռք բերել եւ այն թողնել իմ որդիներին»:  Երուանդ թագաւորի  որդի Տիգրանը,  ուղեւորութիւնից  վերադառնալով տեսել շղթայակապ կնոջը, հօրը, պալատի ազնուական մարդկանց: Տիգրանը, զգալով հօրը սպառնացող վտանգը, բանավիճում Կիւրոսի հետ, պերճախօս ատենաբանութեամբ պատճառաբանում հօրը ազատ ապրելու կամքի ցանկութիւնը, Կիւրոսին  յուզիչ հարցադրումներ առաջարկելով  յաջողում է պատժից ազատել Երուանդ հօրը: Յայտարարել է, որ հօրը կրած պարտութիւնը նրան խելօք է դարձրել եւ որ՝ »Երկիւղը մարդկանց աւելի է պատժում քան իրական պատիժը»: Բանավէճի ընթացքում Կիւրոսը յիշատակել է՝ ինչպէ՜ս էին միասին որսորդութեան գնացել եւ ինչպէ՜ս էր Տիգրանը աւելի հմուտ նետ ու աղեղ օգտագործել եւ  որ ինք յարգանք է տածում իր հին ընկերոջ նկատմամբ:

Արմինա երկրի ու Պարսկաստանի միջեւ դաշինք է կնքւում: Արմինայի Երուանդ թագաւորը, այլ զիջումների հետ, պարտաւորուել  է նաեւ  երկրի զօրաբանակից 4000 »այր ու ձի» եւ 20000  հետեւակ զօրք տրամադրել Կիւրոսի ռազմական գործողութիւններին եւ հատուցել Բաբելոնը նուաճելու Կիւրոսի կատարելիք ծախսերը: Երուանդ թագաւորը բացայայտել է երկրի գանձարանի 3000 տաղանդ հարստութեան չափը (այժմեան  66,240,000 դոլլար): Երկրի աւանդական սովորութեան համաձայն այն պահեստաւորուած էր եղել Տուշպա-Վանայ ծովի ստորջրեայ քարայրում:  Նոյն  գիշերը, Կիւրոսը իր բանակատեղիում խնճոյք էր կազմակերպել:

Ընթրիքի ատեն տեղի ունեցած զրոյցի ընթացքում Կիւրոսը հարցրել էր Երուանդ թագաւորին՝ ի՞նչ պիտի տար իր կնոջն  ու զաւակների ազատութեան համար: Թագաւորը պատասխանել էր, այնքան ինչքան որ կը կարողանար: Կիւրոսը շրջուելով դէպի Տիգրանը, հարցրել էր ինչքա՜ն կը վճարէր իր կինը  ետ առնելու համար: Երուանդեան Տիգրան, որ նոր ամուսնացած էր եղել, անյագ սիրել էր կնոջը, ոտքի կանգնելով յանդուգն խօսքով կանչել՝ »Կիւրոս, կեանքս կը տայի գերութիւնից նրան ազատելու համար»: Ինչքա՜ն աղուոր է նրա խօսքը, այդպէս էլ իրենց Արա Գեղեցիկ արքան մերժել Ասորեստանի թագաւոր լինելու պատիւը, Նուարդ կնոջ  համար պատերազմի ելել, զոհուել .  .  . այդպէս էլ Մուսաների Լեռան լանջերին կռուի ելած  քաջակորով Արմիններ ասացին, որ կռուի են ելնում նաեւ  իրենց կանանց պատուի  համար  .  .  . : Ինչքա՜ն  հերոսական, պատուախնդիր դրուագներ կան Արմին-հայերի պատմութեան քառուղիներում, ո՞ր իմաստունը այն պիտի պեղի, հաւաքի մի մատեանում, որ աշխարհին իրենց  ցեղի իմաստութիւնը պարգեւէին: Արմինների պատմութիւնը ոչ միայն Հայկ Նահապետից  եւ  նրանից հազար  ու աւելի տարիներ առաջ Արատտա երկրի (Մեծամօր ոստան) արմինների պատմութիւնից է սկսում, այլ  հազար-հազար տարիներ առաջ »Է» – ի արարած  երկիրն է, որին աշխարհը »դրախտ», »դրախտիկ երկիր» է  անուանում: Հայոց »Աստուածաշունչ»ն է  իրենց պատմութիւնը .  .  .:

Երուանդունի Տիգրանը,  Արմին երկրի զօրաբանակը գլխաւորելով, Պարսկաստանի Կիւրոսի հետ արշաւել Բաբելոն, նուաճել  այն: Կիւրոսը յայտարարել, որ այլ ցեղերի  գերեվարուած մարդիկ թող իրենց երկրներ վերադառնան: Հրեայ ցեղի բազում մարդիկ էին Բաբելոնում գերավարուած, Կիւրոսի կոչով վերադարձել էին իրենց երկիր:  Նրանց զարմից մարդիկ հիմա յայտարարում են, որ Կիւրոսը իրենց փրկարարն էր, առանց  յիշատակելու Արմին Տիգրանին: Հաւանական  է, որ Կիւրոսը միայն պարսկական բանակով  չկարողանար նուաճել Բաբելոնը: Պատմահայր Խորենացին վկայում է Տիգրանի մասին որ՝ »Եւ ո՞ր իսկական մարդը, որ համակրում է արիական բարքի եւ խոհականութեան չի զուարճանայ սրա յիշատակութեամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել»:

Իսկական Տիգրանակերտ-ը գտնւում է Ամեդու կամ Ամիդա (Տիարպէքիրից  հիւսիսի հեռու տարածքում: Ուրիշ տեղ, ուրիշի հետ  մի շփոթէք այն: Արտաշէսեան գահատոհմի Տիգրան Բ. արքայի նոր աթոռանիստն էր: Տիգրան, մ.թ.ա. 95-54 թուականների Արմինա-Հայաստան աշխարհի արքայ, արեւելքի արքաների-արքան էր: Արմին-հայերի զէնքի փառքն էր, հազար-հազար տարիներ յաղթ անցնում է պատմութեան բաւիղներով: Եւրոպա մայրցամաքի իմաստուն երգահաններ, 24 օփերաներ են արարել, նրա փառքը երգով ու նուագարանների յաղթ հնչիւններով երկիր մոլորակի մարդկանց տանելու: Երկրի աթոռանիստ ոստան Արտաշատը աշխարհակալ երկրի ծայրամասին  էր, կայսրութեան  առանձին շրջանների հետ վարչական կապերը դիւրացնելու համար անհրաժեշտ էր մայրաքաղաքը փոխադրել աւելի կեդրոնական շրջաններ: Նրա կառուցման վայր ընտրել էր Աղձնիքը: Տիգրան արքան Աղձնիքն էր ընտրել որպէս մայրաքաղաքի կառուցման վայր՝ »Ազգային զգացումների մղումով, ազգային զգացումների թելադրանքներով՝ որպէս արմենական սուրբ  ու մայր հող, որպէս հարազատ ու վստահելի միջավայր» գրել էր հրաշալի ու իրաւ Հայ պատմաբան՝ Մարտիրոս Գավուքճեանը: Իր ցեղի նախնիներ՝ Սուբարտու ու Միտաննի իշխանութիւնների տարածքում էր այն: Տիգրանակերտ, արեւելքի չքնաղագոյն քաղաք, արեւելքում հելլենիստական մշակոյթի հռչակաւոր կեդրոններից էր: Տիգրանակերտից մինչեւ Արտաշատ հարիւր-հարիւր հազար մեթրանոց երկար ճանապարհ կառուցեց, ափսոս որ թուրքը քայլեց  ու քայլում նրա երեսով: Ընթերցո՝ղ, նայիր սոյնին կից քարտէսին, Ամիդ-ից  դէպի հիւսիսի շատ հեռու տարածքում  քու արքայի Տիգրանակերտ  ոստանն է, ինչո՞ւ ես  ուրիշ տեղ որոնում այն: Մոռացե՞լ ես քու նախնի Արմինա երկրի  հզօր արքայ Արգիշտի-ին, որը  իր գրում  ասել էր, որ Ծոպանի (Աղձնիք-Ծոփք) երկրից  6000 հաւատարիմ մարդիկ է բերել Արին բերդ-Էրէբունի ծայրամասային բնակավայրը պաշտպանելու համար: Արքան,  հաւատարիմ ասելով հաւանաբար նկատի էր ունեցել ցեղային առնչութիւնները:

  Ժողովրդա-Հանրապետական Կուսակցութեան Իսթամպուլի  երեսփոխան՝ Սելինա Տողանը, քիւրտերէ բաղկացած մի պատուիրակութեան կազմում, երկրի հարաւ-արեւելք էր գնացել, շփումներ  ունեցել զանազան կազմակերպութիւնների հետ: Նա յիշեցուցէր էր, որ Տիարպէքիրի հայկական անունը Տիգրանակերտ  է: Վայնասուն Թուրքիայում . . . Սելինա Տողանի այդ յիշեցումը պատճառ էր հանդիսացել, որ ոչ միայն ինքը, այլ նաեւ ամուսինը  յարձակման ենթարկուէին: Վայրահաջ յօդուած էր հրապարակուել »Հալքըն Հապերճիսի»կայքէջի վրայ, ծանր ամբաստանութիւններ  արուել  Սելինա Տողանի հասցէին, իրեն ու իր ամուսինը՝ »հայապաշտ» որակուել, մեղադրել կուսակցապետ Կըլըճտարօղլուն, նրա երեսփոխան ընտրուելը ապահովելու համար: Յօդուածագիրը նշել է, որ Տիգրանակերտ  անունին տալը փաստ էր, որ նա

»հայապաշտ» է, որ Սելինան Հայկական Ցեղասպանութիւնը ընդունած է, պնդած որ Հայաստանի հետ սահմանը բացուէր եւ որ նա իրեն Հայաստանի Խորհրդարանում էր կարծում:»Հայ Թերթ» կայքէջը իր ցասումն յայտնելով հարցրել՝ Տիգրանակերտի անունը տալով Տիյարպաքըրը հայկական քաղա՞ք պիտի դառնայ»: Սելինա Տողանի հայկական ինքնութիւնն է պատճառը, որ այդ տեսանկիւնով նայէին երեսփոխանի հիանալի աշխատանքին:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ