Չորեքշաբթի, Դեկտեմբեր 11, 2024

Շաբաթաթերթ

Մանկական Առաջին Սիրոյ Բերկրանք Եւ Հիասթափութիւն

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Իմ մանկութեան տարիների առաջին սէրն ի յայտ եկաւ ոչ այնքան վաղ տարիքում: Ես տասներեք տարեկան էի, երբ, ինքս էլ չիմանալով թէ ինչպէս, խելակորոյս ձեւով սիրահարուեցի Սեդա անունով մի աղջկայ: Նա ապրում էր մեր տնից մի չորս-հինգ տուն վերեւ` ինչպէս մենք, սեփական առանձնատանը: Թէեւ երկուսս էլ սովորում էինք միեւնոյն դպրոցում, բայց ես որեւէ առիթ, կամ միջոց չէի գտնում հաղորդակցուելու նրա հետ:

   Սեդան  սովորում էր վեցերորդ դասարանում, իսկ ես` եօթում էի:

   Ամէն առաւօտ աւելի վաղ` քան ինձ պէտք էր, դուրս էի գալիս տնից ու գաղտագողի հետեւում նրա` տան դարպասից դուրս գալուն ու հետեւում էի մինչեւ դպրոց հասնելը: Մի քանի անգամ էլ փորձեցի խօսք ու զրոյց բանալ նրա հետ, բայց` անօգուտ:  Դեռ մի անգամ էլ դժկամութեամբ բարձրաձայնեց.

   – Ի՞նչ ես ծամոնի նման կպել ետեւիցս ու պոկ չես գալիս, կարծում ես չեմ տեսնո՞ւմ թէ ինչպէս ես ամէն քայլափողի հետեւում ինձ: Ինձ հանգիստ թող:

   Ինձ ոչինչ չէր մնում անել. քան լռելեայն հեռանալը: Բանը հասաւ այնտեղ, որ մի օր էլ իր աւագ եղբայրը ինձ կանգնեցրեց փողոցում եւ խիստ դոնով ասաց.

   – է~յ դու, փսլնքոտ, Հենրիկ ես, ինչ ես, Սեդային հանգիստ թող, էդ քանի՞ տարեկան ես, որ փորձում ես քրոջս հետ սէր խաղալ: Էլ երբեք չ՚ անհանգստացնես նրան, թէ չէ ուրիշ ձեւով կը խօսեմ հետդ:

   Յստակ էր, որ իմ նպատակին հասնելու համար պէտք էր ուրիշ մարտավարութիւն ընտրել:

   Սեդայի դասարանում էր սովորում մեր ֆրանսերէն լեզուի ուսուցիչ Սիմոն Թորոսեանի որդին` Ժիրայրը: Կամարադ Թորոսեանն էլ  ընտանիքի հետ միասին, մերոնց նման 1936-ին արտագաղթել էր Ֆրանսիայից: Հայրիկս եւ Թորոսեանը լաւ գիտէին միմեանց: Երկուսն էլ բարի, ազնիւ, լռակեաց մտաւորականներ էին:

   – Ժիրայր,- մի օր դիմեցի ուսուցչիս որդուն,- խնդրում եմ ինչ որ ձեւով մտերմացնես ինձ Սեդայի հետ:

   – Հենրիկ շատ դժուար հարց է: Սեդան ոչ մէկի հետ ընկերութիւն չի անում: Դասարանում միայն մի աղջկայ հետ է մտերիմ, անունը Կլարա է: Գուցէ արժէ նրա միջոցով մտերմութիւն ստեղծէք Սեդայի հետ: Թերեւս յաջողուի:

   Կլարայից էլ բան դուրս չ՚ եկաւ.

   – Հենրիկ, Սեդան մեր դասարանի ամէնաառաջադէմ աշակերտուհին է, նրա խելքը-միտքը միայն դասերն են: Նա երազում է ոսկէ շքանշանով աւարտել միջնակարգը: Բան չի ստացուի: Ուրիշ տեղ փնտռիր քո սէրը…, ասաց նա ու քրքջալով փակեց խօսակցութիւնը եւ արագօրէն հեռացաւ:

   Այս անգամ փորձեցի մայրիկիս խառնել իմ  գործին ու մի օր ասացի նրան.

   – Մայրիկ, Բնագիտութեան գիրքս գողացել են, չգիտեմ ինչպէս սովորել դասերս:

   – Վա~յ, քոռանամ ես, ի՞նչ ես ասում տղաս, պապային կ՚ ասեմ նորը կը գնի:

  – Չէ~ մամա, հարկաւոր չի, եւ յետոյ` շատ դժուար է ճարել այդ դասագիրքը, տարին էլ վերջանալու վրայ է, էն մեր վերեւում մի պարսկահայ ընտանիք կայ, նրանց աղջիկը 6-րդ դասարանում է սովորում: Բնագիտութեան դասագիրքը երկու տարուայ համար է: Գնա նրանց տուն, խնդրիր, որ մի երկու ժամով տան դասագիրքը: Դասս կը սովորեմ` յետոյ ես կամ դու կը վերադարձնենք:

   Սեդան ակնյայտ դժկամութեամբ էր համաձայնուել թէկուզ առժամաբար գիրքը տրա­մադրել ինձ:

   – Աղջիկս,- ասել էր մայրը,- ինչի՞ ես նեղսրտում, մենք հարեւաններ ենք չէ՞, ի՞նչ հարեւան, որ իրար չ՚ օգնենք, մանաւանդ որ, երկուսդ էլ նոյն դպրոցում էք սովո­րում, դուք ընկեր­ներ չէ՞ք:

   Չէ՜, ո՜չ, մենք ընկերներ չենք,- ասելն ու  արագօրէն հեռանալը մէկ եղաւ` շուար վիճա­­կում թողնելով երկու մայրերին:

   Այս ամէնը պատմեց մայրս` գիրքը ձեռին տուն վերադառնալուց յետոյ:

   – Հը~, հօ մի բան չի՞ եղել ձեր միջեւ,- խորամանկ ժպիտը դէմքին` հարցրեց մայրս:

   – Չէ~ մամ, ճիշդ է ասել Սեդան,  մենք ընկերներ չենք….

   Այս գործելակերպն էլ ոչնչի չյանգեցրեց: Դասագիրքը տանել-բերելիս երբեք Սեդայի երեսը չտեսայ: Մշտապէս առջեւս էր ցցւում մայրը եւ կամ էլ սպանիչ հայեացքով խոժո­ռադէմ եղբայրը:

   Նման նուաստացուցիչ վերաբերմունքն իմ նկատմամբ, որոշակիօրէն  խախտեց իմ վերաբերմունքն ու փոթորկոտ զգացումների առատ հոսքը Սեդայի նկատմամբ, մանա­ւանդ, որ արդէն մտերիմ դարձած Կլարան ոչնչով չկարողացաւ իմ ցաւին «դարման անել»:

   Այս  երկարատեւ քաշքշուքը տեւեց մինչեւ իմ  դպրոցն  աւարտելը: Ես Կլարային  ասել էի, որ երազս երաժիշտ դառնալն է, այն էլ` դիրիժոր-խմբավար, թէեւ` երաժըշտա­կան  կրթութիւն  չէի ստացել: Կլարայից  իմանալով  իմ  ցանկութեան մասին, Սեդան ծիծաղել էր ու ասել,- ո՞վ է տեսել, որ  երաժշտութիւն  չսովորած մէկը, 17 տարեկան հասակում սկսի երաժշտութիւն սովորել ու յետոյ էլ` դիրիժոր դառնալ:

   … Երեք տարի անց, 1957 թուականին, երբ ես արդէն երաժշտական ուսումնարանի ուսանող էի, մի օր մեր տուն եկաւ Կլարան:

   – Հենրիկ ջա~ն…, չափազանց ուրախ ենք, որ սովորում ես երաժշտական ուսումնարանում:

   – Այդ ինչո՞ւ հոգնակի` «ուրախ ենք»:

   – Դէ~, դէ,- չիմանալով ինչ ասել` շարունակեց,–դէ` ես ու Սեդան:

   – Ա~խ, Սեդա~ն…, հա~, ի միջիայլոց, ինչպէ՞ս է նա, որքան գիտեմ` Համալսարանում է սովորում:

   – Այո, քիմիական բաժնում է սովորում, երրորդ տարին է:

   – Լաւ է, լաւ, նրանից լաւ քիմիական լուծումներ անող դուրս կը գայ…, մարդկային հոգու գաղտնիքները բացայայտելը նրա մտածողութիւնից չափազանց հեռու է…

   – Դէ լաւ էլի, ինչո՞ւ ես այդպէս մտածում: Նա շատ քնքուշ հոգի ունի:

   – Իսկապէ՞ս…, յիշո՞ւմ ես թէ նա ինչպէս էր ինձ ծաղրել` ասելով թէ «հլա մի դրան տեսէք, էդ տարիքում ուզում է դիրիժոր դառնալ…»:

    – Մոռացիր այդ ամէնը Հենրիկ, հիմա դու քո երազի ճանապարհին ես, կարեւորը դա է: Սեդան շատ վատ է զգում իրեն այդ պատմութեան պատճառով: եւ մեր խօսակցութեան նիւթը մշտապէս քո շուրջն է պտտւում:

   – Բնաւ թող իրեն վատ չզգայ, նա թող ուրախ լինի, որ հակառակ իր կանխատեսութեանը` ես, յատկապէս ի՜ր համար ապացուցեցի, որ կարեւորը` ցանկութիւնն է, շա~տ. շա~տ ցանկանալն  ու երազելը, մնացածը` Աստծոյ օգնութեամբ գլուխ կը հանես:

   – Ինչպէս երեւում է, դու վրէժով ես լցուած նրա նկատմամբ:

   – Ոչ, ո~չ, հակառակը, ի՞նչ ես ասում Կլարա, ես երախտապարտ եմ նրան, որ ինձ դրդեց աւելի հաստատակամ, վճռական ու յամառ լինել իմ որոշման մէջ, եւ երեք ամսուայ ընթացքում, առանց ուսուցչի օգնութեան իւրացնել երաժշտական դպրոցի եօթնամեայ ծրագիրը ու յատուկ թոյլտւութեամբ մասնակցել Երաժշտական Ուսումնարանի ընդունելութեան քննութիւններին:

   – Լաւ, լա~ւ Հենրիկ, այդ ամէնը մի կողմ: Ցանկութիւն ունե՞ս հանդիպել նրան, ես կը կարգադրեմ ամէն ինչ:

   – Դա քո՞ ցանկութիւնն է, թէ՞ նրա

   – Եթէ անկեղծ լինեմ` նրա ցանկութիւնն է: Նա է ինձ ուղարկել քեզ մօտ: Սեդան ուզում է խօսել քեզ հեռ: Ի՞նչ ես ասում:

   – Ախ այդպէ~ս…, ուզում է խօսել ինձ հետ: Անցեալ օրը եղբայրը` Յակոբը դիմացս ելաւ մեր փողոցում եւ այնպէս սիրալի~ր  «զրոյց»  ունեցաւ ինձ հետ, հարցուփորձ անելով իմ ուսման եւ յետագայ ծրագրերի մասին, միաժամանակ հասկացնել տալով, որ մոռանամ մեր անցեալի դառն խօսակցութիւնները: Այ` հիմա հասկանում թէ ո՜րտեղ է  «թաղուած շան գլուխը»:

   – Շատ ես հեռուները գնում Հենրիկ, մոռացիր անցեալը: Նոր կեանք է սկսւում: Սեդան սիրում է քեզ, դու հասել ես քո նպատակին:

   – Ասում ես «սիրում է» հա~…, եօթ տարի յետոյ հա~…: Ես տասներեք տարեկան էի, մաքո~ւր, անմեղ երեխայ, որ մանկական անբիծ սիրով փորձում էի ննջել երազների անամպ երկնքում:

   – Հենրիկ ջան, իջիր վար բարեկամս այդ քո անամպ երկնքից եւ բաց արա աչքերդ, նայիր իրականութեանը: Սեդան քեզ սիրում է: Դու դա հասկանո՞ւմ ես:

   – Թող սիրի…: Սէրը երջանկութիւն է, Աստծոյ պարգեւ: Ուրեմն` նա հիմա գիտի թէ ինչ ասել է ՍԷՐ: Այն ժամանակ մեծերը չգիտէին, չհասկացան թէ ինչ ասել է «մանկական» առաջին սէր,  եւ փաստօրէն դժբախտացրին իրենց աղջկան: Կլարա ջան, չէ~, ոչ, ես չեմ ցանկանում հանդիպել Սեդային: Ոչի~նչ, ոչինչ չի մնացել իմ մէջ` բացի վրէժից: Երաժշտական աշխարհում որոշակի դիրք  գրաւելով, ցանկանում եմ ապացուցել նրան թէ ինչ է կորցրել նա: Բացի դրանից, ես արդէն գտել եմ իմ ՍԷՐԸ` ուսումնարան ընդունուելու առաջին իսկ օրուանից: Մաղթում եմ, որպէսզի նա էլ գտնի իր սէրը:

   Խօսակցութիւնն աւարտուած էր: Կլարան ոչինչ չկարողացաւ անել բորբոքելու համար իմ հետաքրքրութիւնը Սեդայի նկատմամբ:

   Միայն տարիներ անց, Սեդայի համադասարանցի Ժիրայրից իմացայ, որ Սեդան անյաջող ամուսնութիւն էր կնքել իր նման մի քիմիկոսի հետ, սակայն բախտաւորուել էր երկու զաւակ ունենալով ու մխիթարութիւն գտել նրանց ազնիւ հայորդիներ մեծացնելով:

   Սեդային կորցնելով,  ես շահել էի Ժիրայրի մտերմութիւնը, որը շարունակուեց աւելի քան 60 տարի: Ժիրայրը մշտապէս եղել է մեր տան տղան: Այսօր էլ մենք քնքշօրէն նրան անուանում ենք Ժիրիկ:

   Շատ դժուար օրեր տեսաւ Ժիրիկը անկախութեան առաջին տարիներին: Ես գրեթէ ամէն տարի այցելում էի Մայր Հայրենիք ու տեսնում թէ ինչպէս է սեւեռուն կամքի ու յամառութեան շնորհիւ, քիչ թէ շատ բարուոք կեանք ապահովում նա իր բազմանդամ ընտանիքի համար:

   2009 թուականին Ժիրիկը երկու ամիս հիւրընկալուեց մեր ընտանիքից ներս: Բազմաթիւ լիշողութիւնների մէջ, եթէ ոչ տիրապետող, մշտապէս յիշում էր իմ առաջին սէր Սեդայի եւ նրա անդաւաճան ընկերուհու` Կլարայի անունը, որոնք մշտապէս կապ են ունեցել իր հետ ու նրանից տեղեկութիւններ քաղել իմ մասին:

   Ցաւով, այսօր երեքն էլ չկան ու հանգչում են երկնային արքայութեան մէջ:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ