Շաբաթ, Ապրիլ 20, 2024

Շաբաթաթերթ

Համբարձում  «Եալա . . .»

Մարդկային Բարոյական Կենցաղի Ամենավսեմ Չափանիշը՝ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆ Է

ՊՕՂՈՍ  ԼԱԳԻՍԵԱՆ

Մարկոս եւ Ղուկաս աւետարանիչներ իրենց աւետարաններում յիշատակել են, որ  Յիսուս Քրիստոս երկրային կեանքից քառասուն օրեր յետոյ երկինք համբարձել: Քրիստոսի անունը «Յիսուս» է, «Քրիստոս» անունը յետոյ էր ընդունուել, Յունարէն լեզուով նշանակել» Օծեալ: Քրիստոսի Համբարձման մասին յիշատակուել է  նաեւ «Գործք Առաքելոց»-ում, որ Յիսուս Քրիստոս համբարձել է Երուսաղէմի Ձիթենեաց լերան վրայից: Համբարձում նշանակել է՝ «Բարձրացում», երկրից դրախտ մեկնում: Աստուած, մեռելներից առաջինը Քրիստոսին կեանք տուել, նրա մահուանից (Զատիկ-Յարութիւն) քառասուն օրեր յետոյ վերցրել, համբարձել դրախտ, որտեղ Քրիստոս բազմել է Աստուծոյ աջ կողմի աթոռին:  Աւետարանի խօսքով՝ «Համբարձում Տեառն մերոյ Յիսուս Քրիստոս»: Այս մի քանի տողերը գրեցի ոչ որպէս իմ խօսք, քրիստոնէական հաւատքի խորհրդանիշն է Քրիստոսի «Յարութեան» ու «Համբարձման» յայտնութիւնները, մարդիկ կան, հաւատում, որ այն մարդկային բարոյական կենցաղի ճշմարտութիւնն է, հաւատացողին ու ոչ հաւատացողին .  .  . ազատ խօսքի իրաւունք:

Գրութիւնս շարունակելուց առաջ, համառօտ գիր եմ անելու հայաստանում թագաւորած Տրդատ Գ. Մեծ թագաւորի մասին, որը հայոց աշխարհում սատարել էր քրիստոնէութեան ընդունմանը: Տրդատ եղել Արշակունեաց Հայաստանի պետական ու քաղաքական խոշոր գործիչներից, վերականգնել Մեծ Հայքի թագաւորութեան տարածքային ամբողջականութիւնը, ըստ Մովսէս Խորենացու խօսքի եղել հայոց վերջին հզօր թագաւորը: Խօսքս մէջբերել եմ Պատմահայր Մովսէս Խորենացու եւ պատմիչ Ագաթանգեղոսի  մատեանների յիշատակութիւններից: Տրդատի հայր՝ Խոսրով Ա., Անակ իշխանի (Գրիգոր Լուսաւորիչի հայր) կողմից սպանութիւնից յետոյ, նախարար Արտաւազդ Մանդակունին Խոսրովի մանկահասակ որդի Տրդատին փախցրել Հռոմ: Կրթութիւն ստացել,  դաստիարակուել Հռոմի արքունիքում: Խորենացին վկայել է, որ նա տիրապետել էր արտակարգ ուժի, աչքի ընկել կրկէսում մարտեր վարելով, իր բազուկների ուժով կանգնեցրել Հռոմի փողոցով սլացող չորս ձիերով լծուած մարդատար կառքը: Հայոց Տրդատ ու Արտաւազդ թագաւորներ մասնակցել էին ողիմպիական խաղերին, հանդիսացել ըմբշամարտի ու կռփամարտի ախոյեաններ: Մասնակցել  Հռոմի կայսրութեան վարած պատերազմներին: Պարսկաստանի դէմ Հռոմի մղած յաղթական արշաւանքից յետոյ ժամանակաւորապէս տիրել հայոց գահին: Հայաստան աւելի քան տասը տարիներ պատերազմել Սասանեան Պարսկաստանի դէմ, ճանաչել էին Տրդատի թագաւորութիւնը: Նախօրօք դաշինք կնքած եղել ալանների հետ, կնութեան արել նրանց թագաւորի դուստր Աշխէնին: Ալլանների դուստրեր Սաթենիկ ու Աշխէն Հայաստանի թագաւորական տանը բաշխել բազում զաւակներ, նրանց ժառանգների  ծիներում ալանների ցեղի արեան շունչ կայ: Օսեր-Օսեթիա կոչուած ազգ ու նոր օրերի Ալանիա պետութիւններ գոյատեւում են հարաւային ու հիւսիսային կովկասի տարածքներում: Ինչո՞ւ բարեկամական յարաբերութիւններ չստեղծել նրանց հետ, դրացի Վրաստանի թագաւորական մի տոհմի տիրապետութեան ժառանգների ծիները ուղղակի հայոց Բագրատունեաց թագաւորական տոհմից  են, նրանք նոյն տարածքի ուրիշ պետութիւնների հետ բարեկամութիւն անում .  .  . հայերի հետ եթէ թշնամի չեն, բարեկամ էլ չեն .  .  . :  Տրդատ վերահաստատել էր «Արտաշիսական» սահմանագծերը, անցկացրել նոր «Աշխարհագիր»:

             Տրդատ Գ. գահակալութեան առաջին տարիներին հալածել էր Հայաստանում քրիստոնէութեան հետեւորդներին: Քրիստոնէական հաւատքը տարածուել էր շրջանում: Արեւմտեան մշակոյթով ու գիտելիքներով իմաստացած Տրդատ, երկրում քրիստոնէական հաւատքի ընդունումը հզօր միջոց էր համարել Հայաստանը Պարսկաստանի ու Բիւզանդեայի մշակութային ազդեցութիւնից զերծ պահելու եւ երկրում միապետական իշխանութիւնը ամրապնդելու: Հաւաստում են, որ Տրդատ քրիստոնէական հաւատքում  նկատել էր իրենց հին աստուածների իմաստութեան շաւիղներ: Տրդատ, 301 թուականին Հայաստանում քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակել, ազգին առաջնորդել նոր հաւատքին: Գրիգոր Լուսաւորիչին բանտից ազատ արձակել: Տրդատի  անմիջական մասնակցութեամբ Գրիգոր Լուսաւորիչի հետ բարբարոսաբար քանդել էին հայոց հին հաւատքի մեհեան-տաճարները, յափշտակել նրանց անբաւ հարստութիւնը, թուրք-սելճուքների նման այրել նրանց արարած մատեանները, ոչինչ թողել որ յիշեցնէր հայոց տոհմական հաւատքը: Ըստ աւանդութեան, Տրդատ կեանքի վերջին տարիներին իշխանութիւնը յանձնել Գրիգոր Լուսաւորիչին, հեռացել Դարանաղեաց գաւառի, Սեպուհ լերան Մանեայ Այրք կոչուած վայրը աղօթելու, նախարարների խնդրանքով չէր վերադարձել գահ, որտեղ թունաւորել էին նրան:

Փլած տաճարների որմերից, նոյն տեղում նոր հաւատքի տներ էին պատել: Արմին-հայեր նորէն գնացել իրենց փլած մեհեաններ, երկար-երկար-տարիներ շարունակել գնալ եւ վերջապէս սկսել քրիստոնէական տաճարներ մտնել: Հայաստան, նրա մարդիկ շարունակել էին տօնախմբել իրենց հին աստուածների ու բնութեան երեւոյթների իմաստութիւնը: Գրիգոր Լուսաւորիչ, այդ բոլոր տօները փոխարինել էր քրիստոնէական հաւատքի եղած-չեղած երեւոյթներին, որ Արմին-հայերի մտքերում անէացնէր նրանց հին հաւատքի պաշտամունքը: Ահա այսպէս, հայոց աշխարհի նախնիների «Ծաղկի» սքանչանքի տօնը փոխարինել էին Քրիստոսի »Համբարձման» տօնին, եւ այդպէս շարունակ .  .  . : Քրիստոս, լոյսերի մէջ իջել Վաղարշապատ, մուրճով երք անգամ զարկել գետնին, պատուիրել նոյն տեղում տաճար պատել .  .  . : Մի քանի տասնամեակ առաջ, խորանի վերանորոգման ատեն խորշ էին յայտնաբերել , իջել այնտեղ, Սարտարամէտ աստուծոյ մեհեանի պատերն էին, կրակարանն էր  . . . : Այս վերջին տողերից խօսքն է ճշմարտութիւնը. . . նրանից նախկին տողերը ճշմարտութի՞ւն են: Այս գրութեան առաջաբանը գրեցի Տրդատ Գ. հզօր թագաւորին պանծացնելու համար, նա հզօր եղել, հզօր Հայաստան ստեղծել:

Կռիւ եղել Հայաստանում, երկարատեւ կռիւ, այն դադարել էր հեթանոս քրմապետ Արձանի զարնուելուց յետոյ: Հայոց հին հաւատքը ամուր էր մնացել Սիւնիքում, Գողթան գաւառի երգիչներ շարունակել էին երկնել իրենց հին աստուածների, ազգի տոհմական հաւատքի երգերը: Երանելի Մեսրոպ Մաշտոց, գնացել Սիւնիք, իր ծրագրի իրականացման համար հանդիպել դիմադրութեան, այն իրականացնելու համար նորէն ուժ կիրառուել, այստեղ էլ ուժով կատարուել նոր հաւատքի տարածումը: Իմաստուն է ժողովուրդը, պահպանել իրենց նախնիների աւանդութիւնները, այն որպէս ջահ փոխանցել  նոր սերունդի մարդկանց: Կարծես կենդանի են հայոց հին աստուածները, հայոց նահապետ Հայկը, արքաներ՝ Արամը, Արա գեղեցիկը, Արամէն, Արամայիսը, Տիգրանը, Արշակը, Պապ-ը, Վռամշապուհը, Արտաշէսը, Արտաւազդը, Աշոտ Երկաթը, Հեթումը, սպարապետ Վարդանը, ահա նրանք ու դեռ հարիւրներ հիմա մեզ հետ  տողանցում աշխարհում, քանի դեռ մեզ  հետ կը տողանցեն ողջ է Արմէն-Հայ ցեղը: Նոր հաւատքի մարդիկ, անկարելի եղաւ Արմին-հայերի հոգիները պատռել, վանել նրանց հին աստուածներին, վանել նրանց տոհմական հաւատքի լոյսի ճշմարտութիւնը: Արմին Հայ, երբ դու գնաս դէպի հիւսիսային կողմն հայոց աշխարհի, մի պահ կանգնիր «Արայի լերան» լանջի առաջ, մի պահ կիսաբաց աչքերով նայի′ր-նայիր, պիտի տեսնես քու կրակի, լոյսի աստուած Արային, շարունակիր երկար նայել, որ հաւատաս Արան քու աշխարհում է .  .  . :

Քրիստոսի «Համբարձման» տօնն է, նոր հաւատքի մարդիկ տօնախմբում այն, հաւատում, որ նա ողջ է, ամպերի քօղերը մարմինը գրկած  բարձրացել երկինք, գնացել բազմելու հօր կողքը:   Չէ˜.  .  . չեղա˜ւ .  .  . ճշմարտութի՞ւն . . . կարող է . . . : Յարութիւն, Համբարձում՝ կեանքի յարատեւման խորհրդանիշ արել: Գարուն է, Մայիս ամսում Արմին-հայերի նախնիների «Ծաղիկի» տօնն է: Գարուն է ծաղկել հայոց աշխարհում, գարնան անուշ հովիկները օրօրում դաշտերի ցորեանի ծովերը, ծաղկել են իրենց այգիները, ծաղկել էին իրենց լեռների լանջերը, ծաղկել էին իրենց հոգիները: Արմին-հայերի նախնիներ մտել  իրենց մեհեաններ, իրենց աստուածների բագինները ծածկել ծաղիկներով, մտել Աստղիկի ու Վահագնի սենեակ, ծաղիկներ շաղ տուել, ինչպէս նրանց ամուսնութեան հանդէսին, ափսոս եղեւ, որ Աստղիկ «Վահագնի Սենեակ» մտնելիս ուսից ընկել էր հարսանիքին կախուած «հանապազօրեայ» լաւաշ հացը, աստուածները ողբացել էին, բարձրաձայնել, որ Աստղիկ դիցուհին չէր մայրանայ, Վահագն ու Աստղիկ անզաւակ կը մնային: Հիմա էլ հարսանիքի մեծ մայր տատը հարսի ու փեսայի ուսերից լաւաշ հաց կախում: Ուրիշ երկրներում հանգրուանած Արմին-հայ, քու մանչերի հետ եկո′ւր քու նախնիների երկիր, գնա′յ Միհրի տաճար, նրա աստիճանները ծածկուած են ծաղիկներով, արեւ աստուած Միհրն լոյս  ցանել նրանց երեսին, ծաղկից առաւել ի˜նչ կայ սիրուն, կայ˜, Անահիտ դիցուհու երկնից շաղ տուած վարդի թերթիկների հպումից շառագունած հայ աղջիկներ: Արմին-հայեր ծաղկի բոցավառ փունջեր գրկած գալիս-գալիս են Միհրի տաճար, գնում ատրուշանից մի կտոր կրակ վերցնում, որ տանեն իրենց տներ, որ մշտական լոյս լինէր այնտեղ, այնպէս ինչպէս եկեղեցուց մոմի վառած լոյս տարել:

Հայ աղջիկները Մայիս ամսի «Համբարձման» տօնին բարձրացել լեռների լանջեր՝ Բիւրակնից դէպի ձիւնով քօղուած Արագած, Լոռուայ  սարեր, ծաղիկներ քաղել, հարսանեկան պսակների նման ճակատներին կապել: Գնացել էին Դեբետի գետի ափեր, այն նետել նրա ջրերի փրփուրներին, որ Լոռի աշխարհի մի տղայ ճանկէր այն, հարս ու փեսայ լինէին: Ալուան ծաղիկներ նետել ջրի կուժերի մէջ, քառասուն օրեր յետոյ տարել Անուշի վրան, «Ջան Գիւլիմ» տօնախմբել: Համբարձման օրն էր, կուժերը ուսերին աղջիկները նազանի երթով գնում Անուշի վրան: Տօնական հրճուանք էր վրանի բացատում, Անուշը, «Ջան Գիւլիմ»-ի երգում աղջիկների հետ: Երգել էին իրենց շէնի Յովհաննէսի երգերը, Սայաթ Նովու սիրոյ երգերը, Կոմիտաս Վարդապետի գարնան երգեր: Երգերի սիրոյ շոյանքներից, կարծես ժպտում էին կանաչով զուգուած սարերը, տե՞սել ես շարան-շարան իրար հենած Լոռիի «բարձր սարեր»-ը: Ո՞վ է հիմա Արարատի, Սիփանի, Նեմրութի, Վարագի, Թոնդրակի լանջերից հրաբխածին փրափիոն ծաղիկներ քաղում, փունջեր անում, Արածանիի ջրեր նետում, ո՞վ է իջնելու նրա ջրեր, ով է հարս ու փեսայ լինելու, այնտեղ իրենց ցեղից աղջիկ, տղայ  չկայ:

Տարագիր, անհող Հայ, քու նոր հանգրուանում դու այսօր արդեօք տօնախմբո՞ւմ ես քու Յիսուսի Համբարձման տօնը, քու նախնիները ծաղկի պաշտամունքի տօնը, քու սարերի «Համբարձում Եալան»: Ո՞րտեղից ես ծաղիկ քաղելու, քու լեռների լանջերի, հանդերի մայր հողի ծաղիկ չիք այսետեղ: Քու մտքի թռիչքով սաւառնիր Յովհաննէսի Լօռի աշխարհ, նրա լեռների լանջերի ծաղիկների մէջ ընկողմանիր, մայր հողից ծաղիկներ քաղիր, շաղ տուր քու յոգնած մարմնին, տե′ս ինչքա˜ն պիտի հզօրանաս: Գնա» Անուշի հովուական վրանի բացատ, «Ջան Գիւլիմ»- եկած աղջիկների հետ բոլորակ կազմիր, խենթացիր երգով ու ծիծաղով: Լոռիի սարերի լանջերից պայթած աղբիւրներից կուժերով ջուր բեր, ծաղիկների բոյրը լցրու այնտեղ, քու հիւսած ծաղիկների փունջերը նետիր Դեբետի փրփրած ալիքներին, իջիր նրա ջրերին, մի փունջ ճանկիր այնտեղից, որ քու եարին տիրելու ցանկութեանը տիրանաս:

Ոչ, Յովհաննէսն ու իր Անուշը, Սարօն, Մօսին այստեղ չեն գայ, նրանց խորհուրդը իրենց սարերի լանջերի ծաղկունքի մէջ է, լացող ուռենիների ստուերներում սպաննուած սէր են երգում, Դեբետի ջրերի փրփուրները գրկած կանչում   Անուշ, Սարօ, բարձր սարերից ձէն են տալիս իրենց եարին: Գնա′ միացիր հայոց աղջիկներին, որոնք Արայի գահի (Արագած) կանթեղի լոյսով ցօղուած, նրա լանջերին ծաղկի պաշտամունքի օրուայ «Ջան Գիւլում» տօնախմբում: Երգում են ամպերի  տակից հոսող Նար Ծովինարի անձրեւի ջրերը, նրանց հոգիները թրջւում հայու ոգեղէն սարսուռով, երգում Սայաթ Նովու սիրոյ երգերը, երգում հովիւների հոռովելները, երգում իրենց բարձր սարերի ու ծաղիկների պաշտամունքի երգերը, որոնց հրայրքից արբեցած, Արայի գահի  քառագագաթները գրկած  պար պիտի բռնեն: Ոչ մի պարմանուհու չար բախտ չգուշակեն, բոլորը ցնծան սիրոյ կանչերի ղօղանջներից: Թող խնդան Արմին-հայերը, թող ցնծան նրանց սրտերը, թող իրենց անկախացած  երկրի դրօշի ծիածանը յոյսի ՝ու սիրոյ լոյս փռի իրենց դէմքերին:

Արմին-Հայ, այստեղ չիք հայոց բարձր սարեր, չիք նրանց լանջերի ձիւնոտ ծաղիկ, պայթող աղբիւրներ, սակայն տօնախմբիր քու նախնիների ծաղկի պաշտամունքը, քու Յիսուսի հրաշափառ Համբարձումը, շուրջդ բոլորիր քու մանչերին, երգիր նրանց քու նախնիների պաշտամունքի երգեր, իմաստունների խօսքեր՝ «Ինչ կայ սիրուն, քան զանցկալի եղբայր անուն», ցանի′ր նրանց հոգիներին,  նրանց Հայկեան սրտերը ամրանան, որպէս Արմին-Հայ տողանցեն այս մոլորակում:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ