Շաբաթ, Ապրիլ 20, 2024

Շաբաթաթերթ

Մեծ Եղեռնի  60-ամեակը եւ «Զարթիր Լաօ»-ն

(Ժողովրդական Երգի Ձայնագրման Պատմութիւնից)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

   – Էմին Արիստակէսեան,- վստահ եմ` քչերին է ծանօթ այս կոմպոզիտորի անունը: Հիմնականում Արիստակէսեանը ճանաչուեց  «Պրոմեթեւս» բալետով եւ ձայնի, դաշնամուրի համար մշակուած «Սահակ Պարթեւի հինգ շարականները» ստեղծագործութեամբ:

    Ես եւ Էմին Արիստակէսեանը համատեղ աշխատել ենք Հայաստանի Ռատիոյի  Երաժշտական խմբագրութիւնում: Էմինը եկաւ Ռադիոկոմիտէ`փոխարինելու «անփոխարինելի» Արմէն Յովհաննիսեանին: Տարիներ շարունակ տարաբնոյթ խօսակցութիւններ էին շրջում կոմպոզիտորների եւ յայտնի երաժիշտների շրջանում, թէ ինչո՞ւ Ազգային Ռատիոյի Երաժշտական Հաղորդումների Գլխաւոր Խմբագրութիւնը պիտի ղեկավարի մասնագիտութեամբ ոչ երաժիշտ Արմէն Յովհաննիսեանը, երբ, ըստ իրենց, երաժիշտների մէջ կան շատ աւելի բանիմաց եւ երաժշտութեան բնագաւառում որոշակի ներդրում ունեցած երաժիշտներ:

   Սակայն, ես, որ երկար տարիներ աշխատել եմ Արմէն Հովհաննիսեանի հետ, կարող եմ վկայել, որ նա բազմակողմանի զարգացած մտաւորական էր, հոյակապ թարգմանիչ ու լրագրող: Եւ  երաժշտութիւնից էլ` շատ աւելի լաւ էր հասկանում, քան թէ  կոնսերվատորիա (երաժշտանոց) աւարտած բազմաթիւ երաժիշտներ…

   Ինչեւէ, գանք մեր Էմին Արիստակէսեանին:

   1975-ի մօտերքը կոմպոզիտոր Էմին Արիստակէսեանը նշանակուեց որպէս Ռադիոյի երաժշտական հաղորդումների խմբագրութեան գլխաւոր խմբագիր: Խմբագրու­թեան բոլոր աշխատող­ների համար շատ շուտ պարզ դարձաւ, որ Էմինը, թէեւ չափազանց բարի, ազնիւ ու պատ­րաստակամ անձնաւորութիւն, բնաւ այն մարդը չէր, որ լիարժէք ձեւով կարողա­նար փոխարինել Արմէն Յովհաննիսեանի նման փորձա­ռու, գիտակ ու վարչական կարողութիւններով օժտուած մտաւորականին:

   Էմին Արիստակէսեանին ժամանակ էր հար­­կա­ւոր, որպէսզի յարմարուէր միջավայրին, ճանաչէր մարդկանց ու գործի բնոյթին: Բոլոր խմբագիրներն էլ առաջին իսկ օրից հասկացան, որ նա այն մարդը չէր, որ կարողանար լիարժէք ձեւով ղեկավարել Ռա­դիո­կոմիտէի ամէնակարեւոր խմբագրութիւններից մէկը:

   Երկու երեք խմբագիր  գրական-երաժշտական հաղորդումներ էինք պատրաս­տում, որոնց համար, հոնորարի կարգով յաւելավճար էինք ստանում: Որպէս օրէնք, գլխաւոր խմբագիրը պարտաւորուած էր կարդալ այդ հաղորդումների գրական նիւթը, սա­կայն Էմինը առանց կարդալու ստորագրում էր նիւթը, ոչ յաճախ հարցնելով, թէ ինչի մասին է նիւթը:

   Նման «բացթողում»   հազուագիւտ  երեւոյթ  էր  Արմէն   Յովհաննիսեանի  հետ,    սակայն, եթէ լինում էլ էր,  պատճառը` փորձուած  վստահութիւնն  էր ենթակայի նկատմամբ:

   Այդ կարգի «թերութիւնները»  չխանգարեցին որպէսզի մենք լաւ ընկերներ դառնանք: Մեր ամէնօրեայ հանդիպումների ընթացքին զգում էի, որ Էմինը շատ անգամ տուն չէր ուզում գնալ,  եւ նախընտրում էր իմ մեքենայով գնալ գարեջրատուն: Եւ, որովհետեւ, ես էլ էի սիրում գարեջուր, մանաւանդ` Լենինականի արտադրութեան, հաճոյ­քով ընկերանում էի նրան: Շատ անգամ էլ մի քանի շիշ գարեջուր գրկած, Էմինի գնած ապխտած ձուկը վերցրած` յայտնուում էինք մեր տանը:

   Շատ լաւ եմ յիշում այդ օրը` 1975 թուականի Ապրիլի 22-ը: Ես եւ Էմինը  կէսօրուայ մօտերքը եկանք մեր տուն: Ընկերոջս եգիպտական գարեջուր էի հիւրասի­րելու: Նրա«է~ն  ամենալաւ, «կատարը տաքացած» պահին, խօսակցութիւն գնաց Ապրիլի 24-ին եթերով տրուելիք երաժշտական հաղորդումների մասին:

   – Ախր, էմին ջան,- ասում եմ նրան,- մի նոր երգ, երաժշտութիւն է անհրաժեշտ եթեր սփռել մեր ժողովրդի համար, ի վերջոյ` Մեծ Եղեռնի 60-ամեակն է, ոգեշունչ մի բան է հարկաւոր, հասկանո՞ւմ ես, թէ չէ` անընդհատ տխուր, սգոյ երաժշտութիւն, էն էլ` հիմնականում օտար` Գրիգ, Շոպէն, Չայկովսկի, ո՞րքան կարելի է: Հերիք չի՞ սգանք, բա պահան­ջատիրութիւնն ո՞ւր մնաց:

   – Լաւ, խելացի բան ես ասում, բայց ինչո՞ւ ես այսքան ուշ գլխի ընկել, եթէ ժամանակին մտածէիր այդ մասին` մի խելամիտ որոշում կը կայացնէինք, օր չի մնացել, երկու  օրից Ապրիլի 24-ն է:

    – Ուշ չէ Էմին…, ես արդէն մտածել եմ…, եւ վաղո~ւց…, եթէ թոյլ տաս` երկու օրուայ ընթաց­­քում կ՚ իրականացնեմ այն` ինչի մասին վաղուց եմ երազել:

   – Ասա՜, ասա տեսնեմ, թէ դա ի՞նչ մտայղացում է, որ երկու օրուայ ընթացքում կարող ես իրականացնել: Եթէ խելքի մօտ բան է` ինչո՞ւ  չէ:

   – Դու, վստահ եմ, գիտես «Զարթիր լաօ» ժողովրդական երգը:

   – Ի հա՜րկէ գիտեմ, ո՞վ չգիտի…:

   – Այդ երգը դեռ իր իսկական գնահատականին չի արժանացել: Դա, այնպէս պարզ, օրօրոցի երգ չէ: Այդ երգին պիտի մօտենալ այլ տեսանկիւնից, ինչպիսին արել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարեանը` Հենրիկ Մալեանի «Եռանկիւնի» ֆիլմի երաժշտութիւնը գրելու ժամանակ: Վստահ եմ` նայել ես այդ սքանչելի ֆիլմը, որի աւարտին , որպէս մարտակոչ հնչում է «Զարթիր լաօ» երգը տաղանդաւոր երգիչ Ռուբէն Մաթեւոսեանի կատարմամբ:

   – Լա~ւ, ասենք թէ յիշում եմ, յետո՞յ ինչ…, ասելիքդ ասա:

   – Յետոյ այն, որ ես այդ երգի կատարումը պատկերացնում եմ տղամարդկանց երգչախմբով եւ սիմֆոնիկ մեծ նուագախմբով: Եւ ճիշդ կը լինի, եթէ այն հնչի հենց Ապրիլ 24-ի օրը եւ այն էլ` օրուայ ընթացքին մի քանի անգամ, իսկ գիշերն էլ` Սփիւռքի մեր հայրենակիցների համար:

   – Է~ ,  հասկացայ, խօսք չկայ,  լաւ գաղափար է,  ժամանակին անէիր, ո՞վ էր քեզ խանգարում: Ամէն միջոց կայ ձեռքիդ տակ, երգչախումբն էլ կը վարձէինք: Հիմա եկել, հասել ենք վերջին վայրկեանին, նո՞ր միտքդ ընկաւ, ո՞ւր է ժամանակը բարեկամս:

   – Էմին, եթէ դու ինձ թոյլ տաս, ես երկու օրուայ մէջ կ՚ իրականացնեմ այդ երգի ձայնա­գրութիւնը:

   – Էդ ո՞նց կը հասցնես Հենրիկ, դու ի՞նչպէս կարող ես մէկ օրուայ ընթացքում  թէ՜ գործիքաւորել, թէ՜ օրկեստրի նոտաները գրել…, երգչախո~ւմբ, պարտիտո~ւր, դու գժուե՞լ ես, ին՜չ է…

   – Չ՜է, ո՜չ, չեմ գժուել, միայն թէ թոյլ տուր, որպէսզի իրականացնեմ  վաղուցուայ երազըս: Միայն բանաւոր համաձայնութիւն եմ ուզում, ուրիշ ոչինչ: Պարտիտուր չի լինե­լու, որը գրելու համար երկար ժամանակ կը պահանջուի, ամէն ինչ ուղեղումս է, միայն նուագախմբի եւ երգչախմբի նոտաներն եմ գրելու: Ինքս էլ անգիր ղեկավարելում կատարումը:

   – Իսկապէս դու խենթ ես եղբայրս, ի՞նչպէս ես հասցնելու այդ ամէնն իրականացնել ընդամէնը մէկ օրում…, չգիտեմ, չգիտե~մ…, արդէն գլուխս ցաւում է…ինչ ուզում ես արա, ազատ ես քո գործո­ղու­­­թիւն­ների մէջ:

   – Հա~, չմոռանամ ասել, որ ինքս ոչ մի վճարում չեմ ուզում:

   – Դէ ասա ամէն ինչ որոշել ես էլի, էլ ինչո՞ւ ես ինձ հարցնում…, արա՜, արա ինչ ուզում ես, Աստուած հետդ, միայն թէ հիմա ինձ տուն տար, ետ արի  ու անցիր գործիդ:

   Հազիւ մի կէս ժամ տեւեց Էմինին տուն տանելն ու վերադառնալը: Ես վստահ էի, որ մինչեւ յաջորդ օրուայ կէսօրին կը հասցնեմ լուծել նոտաների տառապալից աշխատանքը: Մնում էր կարգաւորել երգչախմբի, նուագախմբի եւ ձայնագրման ստուդիայի հարցերը:

   Անմիջապէս անցայ հեռախօսի գլխին: Հեռաձայնում եմ Երգչախմբային ընկերութեան երգչախմբի ղեկավար, շնորհալի խմբավար գործունեայ Էմմա Ծատուրեանին եւ բացատրում թէ ինչը` ինչոց է:

   – Էմմա Աղաբեկովնա, խնդրում եմ երգչախմբի տղաներին վաղը ժամը 12-ին ուղարկել Ռադիոկոմիտէ` ցուցակագրուած անուններով, որպէսզի մուտքին խնդիրներ չծագեն

   – Ախր ես այդ ժամին փորձ ունեմ է~…, չի լինի՞ , որ ժամը մէկին գան:

   – Չէ՞, ոչ, չի լինի, կը ներէք  Էմմա Աղաբեկովնա, ժամը մէկին նուագախմբի հետ է լինելու փորձը, իսկ երկուսին` ձայնագրութիւնն է:

   – Համա եամանն ես հա~…, բայց ասեմ, որ լաւ բան ես մտածել, ապրես մաեստրօ, դէ որ այդպէս է` ես էլ մի նուէր կ՚ անեմ քեզ համար:

   – Ի՞նչ նուէր Էմմա Աղաբեկովնա, ինձ նուէր պէտք չէ, ասեմ որ երգչախմբի տղաները վճարուելու են:

   – Ինչ լա~ւ, տղերքս կ՚ուրախանան: Իսկ իմ նուէրը կը լինի մեր ընկե­րու­թեան հաշուին Մարիետային վեց հոգուց կազմուած խմբավարների խմբի  հետ երկու շաբաթով Պուլկարիա պտոյտի ուղեգիր յատկացնելը:

   Համաձայնութիւնը կնքուեց:

   Յաջորդ հեռաձայնի «զոհը» Ռատիոյի սիմֆոնիկ նուագախմբի դիրիժոր Ռաֆայէլ Մանգասարեանն էր:

   – Ուրեմն վաղուայ փորձս «խլում» ես էլի~,- ասում է դիրիժորը եւ աւելաց­նում.- կատակ եմ Հենրիկ ջան, նման հայրենասիրական գործի համար կ՚ուզես տաս օր էլ տամ նուագախումբը: Վաղը ես էլ ներկայ կը լինեմ ձայնագրութեանը:

   Շատ կարեւոր մի արգելք էլ կայ: Երգչախմբի համար փորձասրահ է անհրաժեշտ:

Միակ տարբերակը Ռատիոյի ժողգործիքների համոյթի խոշոր փորձասենեակն է: Ուրեմն` հեռաձայն համոյթի ղեկավար` Մանուէլ Բեգլարեանին:

   – Ջանդ սաղ ըլնի Հենրիկ ջան, կ՚ ուզես էն մի ժամն էլ վերցրու, բա մենք ո՞ր օրուայ ընկերներ ենք, որ իրար չ՚ օգնենք, էն էլ` նման պատասխանատու գործի համար:

   Կազմակերպչական գործերն աւարտուած են: Հիմա մնում էր ամէնակարեւորը` երգր մշակելն ու գործիքաւորելը, նո­տա­ներ գրելը սեւ թանաքի գրիչով: Այդ տարիներին Հայաստանում գոյու­­թիւն չ՚՛ունէր վերատպման (XERՕX) մեքենան: Կարծում եմ ամէն­քի համար էլ յստակ է թէ ինչ տառապանք է 50 նոտաթուղթ նոտաներով լցնելը` թէկուզեւ` իւրաքանչիւր էջում 8-10 տող:-

   Տասնըվեց ժամ անդադար, անընդմէջ աշխատելուց յետոյ ամէն ինչ պատրաստ էր:  Ապրիլ 23-ին, ըստ հերթականութեան փորձերից յետոյ, ժամը 3-ին մեծագոյն  ոգեւորութեան պայմաններում իրականացրինք այդ` ի՜սկապէս հայրենասիրական, բոլո­րի սրտից խօսող ու հարազատ երաժշտութեան, ժողովրդական «Զարթիր լաօ» «երգի  մնայուն ձայնագրութիւնը:

      Աւարտուել էր ձայնագրութիւնը եւ ամէնքը պատրաստւում էին դուրս գալ ստուդիայից, միկրոֆոնի միջից լսուեց հնչիւնային ռեժիսորի ձայնը.

   – Խնդում եմ միայն երգչախմբին դուրս գալ ստուդիայից: Ձայնագրում ենք միայն նուագախմբին:

    Պարզուեց, որ երգիչ Յովհաննէս Բադալեանն է զանգահարել ստուդիա եւ խնդրել իր համար ձայնագրել միայն նուագախմբին:

   Ես ու Էմին Արիստակէսեանը տակնուվրայ արեցինք Ապրիլ 24-ի երաժշտական ծրագրերը եւ,  ուր որ հարմար գտանք`տեղաւորեցինք «Զարթիր լաօ»  խմբերգը: Նոյն գիշերն իսկ  «Զարթիր լաօ»-ն մի քանի անգամ հաղորդուեց արտասահմանի մեր հայրենակիցների համար:

    Մէկ շաբաթ անց,  նուագախմբի ձայնագրութեան վրայ  «Զարթիր լաօ»-ն անմահացրեց  փառաբանուած երգիչ Յովհաննէս Բադալեանը:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ