Հինգշաբթի, Նոյեմբեր 21, 2024

Շաբաթաթերթ

Անոպայ Դիրիժոր Ռուբէն Վարդանեան

(Անցեալի Յիշողութիւններ)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

    Հայֆիլհարմոնիայի  Սիմֆոնիկ  նուագախմբի 1968  թուականի  համերգաշրջանն սկսելուն քիչ օրեր էին  մնացել: Մինչ այդ, ես արդէն գուշակում էի, որ, ինչ որ մի բան  է պատահել նուագախմբի երկարամեայ գլխաւոր դիրիժոր, իմ փրոֆեսոր Միքայէլ Մալունցեանի հետ: Մի քանի անգամ հեռաձայնեցի եւ իր խօսակցական տօնից հասկացայ, որ տրամադրութիւն չունէր:

   – Մաեստրօ, անհանգստացած եմ, համերգաշրջանը մօտենում է, իսկ դուք չէք երեւում: ինչ որ բա՞ն է եղել:

   – Հենրի~կ, ոչինչ էլ չի եղել, դու դրան ուշադրութիւն մի դարձրու…, դու անպայման գնայ ֆիլհարմոնիա, ինձ մի սպասիր, ասաց փրոֆեսորս ու անմիջապէս կախեց լսափողը:  Դժուար չէր հասկանալ, որ նա այլեւս չէր վերադառնալու Ֆիլհարմոնիա:

   Արդեօք ի՞նչ էր եղել վերջին մէկ ամսուայ ընթացքում: Սկսեցի քրքրել յիշողութեանս ժապաւէնը:

   1961 թուականին, երբ ես ընդունուեցի կոնսերվատորիայի` յատկապէս ինձ համար բացուած օփերային-սիմֆոնիկ դիրիժորութեան բաժինը, նոյն մասնագիտութեանը տիրապետելու ցանկութիւն ունեցող մի քանի երաժիշտ-կատարողներ, բողոք էին ներկայացրել համապատասխան մարմիններին, պահանջելով, որպէսզի իրենց  էլ թոյլ տրուի օգտուել նման եզակի հնարաւորութիւնից:

   Էլ աւելի առաջ գնալով, նրանք տալիս էին իմ անունը, ասելով, թէ  ինչպէ՞ս է պատահում, որ երաժշտական միջնակարգ կրթութիւն ունեցող Հենրիկ Անասեանին նման հնարաւորութիւն է տրւում, իսկ իրենց` բարձրագոյն կրթութիւն ունեցող երաժիշտներին մերժում են ուսանել դիրիժորութեան բաժնում: Բողոքը հասել էր մինչեւ Մոսկուա:

      Ուսման առաջին տարին աւարտուելուց յետոյ, երկրորդ տարուայ սկզբին, չգիտեմ ինչպէս, ոնց, իմ փրոֆեսորի դասարանում յայտնուեց կոնսեվատորիան մէկ անգամ աւարտած, դաշնակահար Դաւիթ Խանճեանը: Վերջինս նշանաւոր օփերային երգչուհի Տաթեւիկ Սազանդարեանի եւ Մշակոյթի Նախարարութեան Արուեստի Վարչութեան պետ Յակոբ Խանճեանի որդին էր: Աւելացնեմ նաեւ, որ Դաւիթի ազգականներից մէկը` նախկինում երաժիշտ-կլարնետահար, ՍՍՀՄ Մշակոյթի Նախարարութեան Արուեստի Վարչութեան պետ Զաւէն Վարդանեանն էր: Եւ, վստահաբար վերջինիս շնորհիւ էր, որ Դաւիթի  համար  Կոնսերվատորիայում  պաշտօնապէս բաց-ուեց  դիրիժորութեան բաժինը: Դաւիթի յայտնուելով, ինչպէս ժողովուրդն է ասում` ես իմ «մատը կծեցի»: Նա զօրաւոր մէջք ունէր, իսկ ես` միայնակ էի, ինքս էի ու իմ շնորհքը: Նա «վերեւում»:էր, իսկ ես` «ներքեւում»: Մեր ընկերութիւնը չստացուեց: Մեր դիրիժորութեան դասերը տարբեր օրեր էին եւ տարբեր ժամերի: Մալունցեանն էլ կարծես խուսափում էր մեզ մտերմացնելուց:

   Դաւիթ Խանճեանը ինձնից մէկ տարի յետոյ աւարտեց կոնսերվատորիան, երբ ես արդէն մէկ տարի աշխատում էի նուագախմբի հետ:

   1967 թուականի համերգաշրջանի աւարտին, մէկ էլ ի՞նչ տեսնեմ, առաւօտեան, իմ փորձերի ժամանակ, մայր ու որդի` Տաթեւիկ Սազանդարեանն ու Դաւիթ Խանճեանը գալիս բազմում են դատարկ դահլիճի աթոռներին` բնականաբար, աւելորդ լարում առաջացնելով իմ հոգում: Մէկ օր, երկու օր, եւ այսպէս անդադար: Չեմ կարող նրանց դուրս հրաւիրել, ի վերջոյ համբաւաւոր Տաթեւիկ Սազանդարեանն է, գումարած` Արուեստի Վարչութեան պետ Յակոբ Խանճեանի կին լինելու հանգամանքը:

   Նկատում եմ, որ իմ անհանգստութիւնը կամայ թէ ակամայ փոխանցւում է նուագախմբի անդամներին:

      – Ընդմիջմանը նուագախմբի երաժիշտները մօտենում էին ինձ ու անհանգստացած հարցնում.

   – Մաեստրօ,  էդ ինչի՞ են նրանք գալիս մեր փորձերին::

   Մէկ ուրիշը, որ աւելի համարձակ էր, առանձինն զգուշացնում էր,- մաեստրօ, ըստեղ մի ուրիշ բան ա «ֆռռում», զգոյշ եղէք:

   – Ի՞նչ զգոյշ լինեմ Վազգէն ջան, ես գիտեմ թէ ինձ ինչ է սպասում: Ինչպէս տեսնում ես Մալունցեանն էլ մէջտեղ չկայ, իսկապէս, քո ասածի պէս` ըստեղ մի ուրիշ բան ա «ֆռռում»: Կ՚ապրենք, կը տեսնենք:

   Մի բան էր ասացի մաեստրօ ջան, Մալունցեանը ձեզ շատ է սիրում ու գնահատում, նա չի թողնի ձեր խաթրին կպչեն:

   – Մալունցեա՞նն ով է…, ինչ է, չես տեսնո՞ւմ թէ ովքեր են նրանք: Հեն ա, Դաւիթը աւարտել է կոնսերվատորիան, մի տեղ պիտի տեղաւորեն չէ՞…, իսկ թոյլ օղակը ո՞րն է`ի հա՜րկէ ԵՍ:

     1968-ի համերգաշրջանը պիտի սկսուի` նուագախմբի գլխաւոր դիրիժոր Միքայէլ Մալունցեանը մէջտեղ չկայ: Աւելին` չկայ նաեւ երկրորդ դիրիժոր Վահան Այվազեանը, որն ընդհանրապէս «աշխարից վերացաւ» եւ հետագայում էլ անյայտ մնաց թէ ուր է եւ ինչ է պատահել նրա հետ: Մալունցեանը չի գալիս ֆիլհարմոնիա, սակայն ինձ պարտադրում է գնալ աշխատանքի:

   Նուագախումբը աշխատանքի  է գալու մէկ շաբաթ անց: Անհանգիստ սրտով մտնում եմ գլխաւոր դիրիժորի սենեակը: Տեսնեմ մի քառասունին մօտ տղամարդ նստած է Մալունցեանի բազկաթոռին:  Հաւանեցար իմ շփոթուած վիճակը տեսնելով, առաջինն ինքը սկսեց խօսակցութիւն սկսել:

   – Արի,~ արի մաեստրօ, նստիր, նստիր խօսենք ապագայ ծրագրերի մասին:

   Չիմանալով ինչ ասել, առանց խօսքի, մի տեսակ հիպնոսացած, ենթարկուեցի նրա հրամանին:

   – Մի քաշուէք, հանգիստ զգացէք ձեզ: Ես սիմֆոնիկ նուագախմբի նոր գեղարուեստական ղեկավարն ու գլխաւոր դիրիժորն եմ: Միասին ենք աշխատելու: Անունս Ռուբէն Վարդանեան է, Մոսկուայից եմ եկել:

   Մի պահ քրտինքը պատեց ճակատս,- ահա թէ ինչու չի երեւում Մալունցեանը,- վայրկեանի մէջ անցաւ մտքովս ու անմիջապէս հարցրի.

   – Օ~, մաեստրօ, հաւանաբար դուք Զաւէն Վարդանեանի ազգականներից էք, այո՞…

   – Նա իմ հայրն է,- բաւականին չոր արձագանգեց նա, հասկացնել տալով, որ անտեղի էր իմ նման հարցը:

   Համերգաշրջանն սկսուեց Ռուբէն Վարդանեանի համերգով: Մոռացուեցին Միքայէլ Մալունցեանն էլ, Վահան Այվազեանն էլ:

 Յայտնի էր, որ դիրիժորների սպանդ էր տեղի ունենում: Հաւանաբար յաջորդը ես էի լինելու եւ ֆիլհարմոնիայի դիրիժորների երկեակ, կամ եռեակ խումբը անցնելու էր Զաւէն Վարդանեան- Յակոբ Խանճեան ազգակցական ընտանիքների իշխանութեան տակ:

   Դրանից յետոյ Միքայէլ Մալունցեանն այլեւս չ՚ երեւաց ոչ միայն ֆիլհարմոնիայում, այլեւ որեւէ վայրում կամ միջոցառմանը եւ երեք-չորս տարի անց հոգին աւանդեց: Երբ փորձում էի այցելութեան գնալ, զգում էի, որ խուսափում էր ու հոգեպէս տառապում:

   Այդ անամօթ, խորամանկ Ռուբէն Վարդանեանը շատ աւելի խորամանկ, մտածուած ձեւ էր ընտրել ինձնից ազատուելու եւ իր ազգական Դաւիթ Խանճեանին իմ տեղը բերելու համար:

   Համատեղ աշխատանքի երրորդ ամսում, մի օր Ռուբէն Վարդանեանը ինձ հրաւիրեց իր աշխատասենեակ:

   – Ես քո տեղի համար մրցոյթ եմ յայտարարելու,-  առանց ողջունելու` հենց այդպէս, միանգամից,- ասաց նա:

   Ես բնաւ անակնկալի չեկայ: Արդէն գիտէի, կռահում էի, որ գալու էր այդ օրը: Մի քանի անգամ էլ տեսել էի Դաւիթ Խանճեանին Վարդանեանի սենեակ ներս ու դուրս անելիս:

   – Նեղութիւն մի քաշէք, ես լաւ գիտեմ, թէ ինչի համար, աւելի ճիշդ ում համար էք  նման որոշում կայացրել: Հաւանաբար ձեզ համար աւելի հեշտ կը լինի, եթէ ինքս դիմում գրեմ ու հեռանամ աշխատանքից,- հանգիստ տոնով ասացի ես:

   – Ինչպէս կ՚ ուզես,,- առանց դէմքի մի մկան շարժելու ասաց այդ սադիստը ու առջեւս դրեց մի թուղթ ու գրիչ:

   Անմիջապէս գրեցի դիմումս ու առանց որեւէ բառ փոխանակելու`դուրս եկայ սենեակից: Ես վստահ էի, որ մրցոյթ անելը ձեւական բնոյթ էր կրելու: Մոսկուան ու Երեւանն արդէն իրենց սեւ գործն արել էին: Երկու վաստակաշատ դիրիժորներին ասպարէզից հանելուց յետոյ ես ո՞վ էի, ո՞վ ունէի մէջքիս կանգնած, ինքս` «ախպար»ի զաւակ, անկուսակցական, ոչ մի ծանօթ, բարեկամ «վերեւներում»:

   Ֆիլհարմոնիայի շէնքից դուրս գալուց յետոյ անմիջապէս հեռաձայնեցի Միքայէլ Մալունցեանին եւ յայտնեցի եղելութեան մասին:

   – Էդ ի՞նչ ես արել Հենրիկ, շուտ, արագ գնայ եւ ետ վերցրու դիմումդ: Դու գժուե՞լ ես, ինչ է, թող աներ այդ կոնկուրսը: Ես այսպէս կամ այնպէս կը լինէի յանձնաժողովում: Շուտ արա, գնա՜ եւ վերցրու դիմումդ:

   Լսափողը կախելուց յետոյ անմիջապէս ինձ գցեցի Ֆիլհարմոնիա: Գլխաւոր դիրիժորը տեղում չէր: Դռնապանն ասաց, որ բարձրացել է տնօրէնի մօտ: Առանց քարտուղարից թոյլտւութիւն խնդրելու, անմիջապէս մտայ տնօրէնի ընդունարանը: Այստեղ  էլ չէր  թշուառականը: Չթողնելով, որ առաջինը  ես խօսեմ, տնօրէնն անհանգստացած հարցրեց.

   – Անասեա~ն, էդ ինչի՞ ես դիմում գրել, մի հինգ րոպէ առաջ ստորագրեցի:

   – Խնդրում եմ, շատ եմ խնդրում, ետ տուէք դիմումս ընկեր Ասատրեան,- ամբողջովին ինձ կորցրած, բարձրաձայն ասացի ես:

   – Տարաւ, դիմումդ հետը տարաւ Վարդանեանը, բայց չհասկացայ, ինչո՞ւ ես դիմում գրել, մենք շատ գոհ ենք քո աշխատանքից:

   – Դուք` այո, վստահ եմ, բայց նա մրցոյթ է որոշել անել իմ տեղի համար, եւ գիտէ՞ք ում է բերելու իմ փոխարէն

     Այստեղ մի պահ լռեց հիանալի մարդ ու աննման ղեկավար Գէորգ Ասատրեանը ու գլուխը տարուբերելով ասաց.

   – Գիտե~մ, գիտեմ Անասեան, լաւ եմ հասկանում ամէն ինչ:

   – Ես ի՞նչպէս կարող եմ նրանց դէմ դուրս գալ, ո՞վ ունեմ իմ մէջքին կանգնած: Միակ պաշտպանս Մալունցեանն է: Խնդրեմ` առաջինը նրան դուրս մղեցին ասպարէզից: Գիտեմ, շատ լաւ եմ հասկանում, դուք էլ չէք կարող ինձ օգնել:

   – Լաւ է, որ հասկանում ես, Նման` վերից եկած հրամաններին որեւէ ձեւով առարկել չեմ կարող: Մալունցեանն էլ չի կարող քեզ օգնել: Իրեն չկարողացաւ օգնել, քե՞զ ինչպէս է օգնելու:

   Մէկ-երկու շաբաթ անց, Ֆիլհարմոնիայի ցանկապատին փակցուած ազդագրում երեւաց դիրիժոր Դաւիթ Խանճեանի անունը: Ի~նչ մրցոյթ, ինչ բան: Դաւիթն անմիջապէս զբաղեցրել էր իմ տեղը:

   Արդարութիւնը պահանջում է ասել, որ շնորհալի դիրիժոր էր Դաւիթ Խանճեանը, բայց աւա~ղ երկար չտեւեց նրա թռիչքը երաժշտութեան երկնակամարում: Նա կեանքին հրաժեշտ տուեց հազիւ քառասունը բոլորած տարիքում:

   Քիչ ժամանակ անց, իր սեւ գործն աւարտած տմարդի Ռուբէն Վաևդանեանը վերադարձաւ Մոսկուա: Յետագայում իմացանք, որ գնացել է Հարաւային Ամերիկա, որտեզից էլ  հետքը կորել է:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ