Երեքշաբթի, Ապրիլ 23, 2024

Շաբաթաթերթ

Աւետարանական Առակների Սերտողութեան Շարք

Հայց. Առաքելական Սբ. Եկեղեցու Արեւմտեան Թեմը` առաջնորդ Սրբազան հոր` Հովնան Արք. Տէրտէրեանի օրհնութեամբ, ծրագրել եւ իրականացնում է մասնայատուկ դասընթաց –սերտողություն` ձոնուած մեր Տիրոջ եւ Փրկչի` Յիսուս Քրիստոսի առակներին:

Մեր Տէրն Իր երկրային կեանքում յաճախ առակներով էր ուսուցանում, որոնք մի կողմից պարզ եւ հասկանալի էին, իսկ միւս կողմից` խորքային. եւ վերաբերում էին մեր կեանքի բոլոր շերտերին:

Հայց. Եկեղեցու լուսամիտ վարդապետները դարեր շարունակ արարել են Սբ. Գրային անգերազանցելի մեկնութիւններ, որոնք վերջին ժամանակներում տարաբնոյթ պատճառներով մեզ անհաղորդ են մնացել:

Փառք Աստծոյ մեր սրբազան ժառանգութեան գոհարների զգալի մասը այսօր հասանելի են մեզ եւ Արեւմտեան Թեմը հնարաւորութիւն է ընձեռում մեր հաւատացեալներին լրացնելու այս մեծ բացը, եւ Տիրոջ առակները սերտելու Սբ. Յովհան Ոսկեբերանի (4-րդ դար), Սբ. Գրիգոր Նարեկացու (10-րդ դար), Սբ. Ներսէս Շնորհալու (12-րդ դար), Սբ. Գրիգոր Տաթեւացու (14-րդ դար), Ստեփանոս Սիւնեցու (7-րդ դար), Սարգիս Կունդի (12-րդ դար) Յովհաննէս Ծործորեցու (13-14րդ դարեր) եւ այլ մեծանուն եւ սրբազան այրերի կողմից գրուած մեկնութիւնների լոյսի ներքոյ: Այլ խօսքով Տիրոջ անարատ Խօսքն իբրեւ մեր կեանքի ճրագ ընդունելու, որը “Լուսաւորում է մեր շաւիղները” (Սաղմոս 118:105) եւ “Ուսանելու սրբերի միտքը” (Սբ. Կիւրեղ Ալեքսանդրացի, 5-րդ դար):

Նման նախաձեռնութիւնը բացառիկ է իր բնոյթով եւ խիստ պահանջուած մեր հաւատացեալների կողմից:

Դասընթաց-սերտողութիւններն ուսուցանւում են Արեւմտեան Թեմի Միջեկեղեցական յարաբարութիւնների պատասխանատու, “Աղա-Սարգսեան” Գրադարանի վարիչ եւ “Քրիստոնէական Ուսուցման Դասընթացներ”-ի ուսուցիչ` տիար Հայկ Մադոյեանի կողմից:

Դասընթաց–սերտողութիւնները տեղի են ունենում Արեւմտեան Թեմի Առաջնորդարանի “Համբար” դահլիճում, ամեն չորեքշաբթի` երեկոյեան ժամը 7:00-ին:

Բոլոր ցանկացողները հրաւիրուած են մասնակցելու Արեւմտեան Թեմի կազմակերպած այս բացառիկ  ուսուցողական սերտողութեանը:

Դիւան Առաջնորդարանի 
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ