Երկուշաբթի, Հոկտեմբեր 7, 2024

Շաբաթաթերթ

Պուշկինի Այգին Ընկերային Հաւաքատեղի

(Երիտասարդ Տարիների Յուշեր)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

   Այսօր էլ կայ այդ այգին, սակայն անունը փոխել, դարձրել են «Սիրահարների այգի»: Այն իմ պատանեկութեան տարիների ընկերային, մաքուր, անբիծ փոխյարաբերութիււներ հիմնելու,արկածների, սիրահարութեան, առաջին համբոյրի լուռ վկան է այդ այգին: Երբեմնի սաղարթախիտ ծառերով հարուստ այգում քիչ ծառեր են մնացել: Բարեկարգման նպատակով բազմաթիւ ծառեր են արմատախիլ արուել: Տարիներ առաջ, անցեալ դարի 50-ականներին այնքան խիտ էր այգին, որ դժուար էր այգուց Բաղրամեան (այսօր` Բարեկամութեան) փողոցի մարդկանց անցուդարձը տեսնել: Բաւական դիւրին էր աչքից հեռու, այգու մի հեռաւոր անկիւնում նստել նստարանին ու թաղուել այս կամ այն հետաքրքիր գրքի էջերի մէջ:

   Պուշկինի այգին իմ ընկեր-ընկերուհիների հաւաքատեղին էր: Այստեղ էինք քննարկումներ անում, կարծիքներ փոխանակում այս կամ այն գրքի, համերգի, կամ կինոնկարի մասին: Մէկս միւսին հաղորդակից դարձնում մեր ուրախութիւնների, անպատասխան սիրոյ եւ այլ հարցերի մասին:

   Ամէն ինչ մաքուր էր, անկեղծ: Այգու ետեւում կային մի քանի հայրենադարձների տներ: Դրանց բնակիչների հանգստի մշտական վայրն էր Պուշկինի այգին: Մենք, երեք ընկերներ (ես, Ժիրայր Թորոսեան, Յարութիւն Գրքաշարեան) ամառուայ երկու-երեք ամիսն անցկացնում էինք «մեր» այգում: Մշտապէս մեզ էր միանում իմ ընկերուհի, մեր դրացի Լիլիթը: Վերի սեփական տներից մէկում էր ապրում Պէյրութում ծնուած, մշտապէս ճաշակով հագնուած, հագը-կապը տեղին, ինձնից մի քանի տարով մեծ Զաւէն Շլուգեանը, որը շատ կարճ ժամանակ յետոյ միացաւ մեր խմբին:

   Դրամ հայթայթելու արուեստի մէջ բաւական ճարպիկ էր Զաւէնը, որը տան միակ արու զաւակը լինելու հանգամանքը օգտագործելով, կարողանում էր փող «պոկել» լաւ դրամ վաստակող հօրից, որը նշանաւոր դերձակ-ձեւարար էր եւ կարում էր Հայաստանի երգի-պարի պետական համոյթի հագուստները:

   Յարութիւնի վիճակն էլ վատ չէր: Նրա հայրը այդ տարիների լաւագոյն ատամնատեխնիկներից մէկն էր: Գրքաշարեանների նիւթական բարեկեցիկ կեանքի շնորհիւ էր, որ Յարութիւնը սովորում էր երաժշտական դպրոցում, մի բան, որ ինձ համար երազ էր  շատ փոքր տարիքից:

   Իմ սիրելի Ժիրիկի եւ իմ նիւթական վիճակը նոյնն էր: Նրա հայրը ֆրանսերէնի ուսուցիչ` ծայրը-ծայրին հազիւ էր հասցնում: Գրեթէ նոյն վիճակն էր մեր ընտանիքում:

   1953-54 ուսումնական տարուայ նախօրերին, ամբողջ ամառն անցկացրինք այգում: Ստալինի մահից յետոյ փոքր ինչ լուսաւոր էր դարձել կեանքը: Մեր «հզօր խմբակի» «գործունէութիւնը» հիմնականում ծաւալւում էր զրոյցների, շախմատ եւ այ խաղեր իրականացնելու մէջ, սակայն խօսակցութիւնների հիմնական թեման պտտւում էր մեր հետագայ պլանների, անելիքների շուրջ: Ամէն մէկն ունէր իր նախասիրութիւնը, իր երազը:

   Տղաներն արդէն որոշել էին բարձրագոյն ուսում ստանալ Պետական համալսարանում: Ինձ հարցնող չկար, թէ որտեղ եմ ուզում  շարունակել  ուսումս: Նրանք գիտէին երաժիշտ դառնալու երազանքիս մասին, որն ըստ իրենց,  անիրականանալի երազ էր:

  Իսկ ես, եթէ որեւէ երեկոյի նրանց հետ չէի, ասել է թէ ֆիլհարմոնիայում էի, որեւէ  սիմֆոնիկ համերգի, ուր, շատ անգամ բարձրանում էի սրահի ամէնավերին օթեակ, որը սովորաբար դատարկ էր լինում, եւ կանգնելով վարագոյրի ետեւում, փորձում էի դիրիժորին նայելով «ղեկավարել» նուագախումբը: Յաճախ, գերազանց իմանալով կատարուող ստեղծագործութիւնը, առանց դիրիժոր Միքայէլ Մալունցեանին նայելու` ինքս էի ինձ ու ինձ ղեկավարում:

   Մինչ նման «դիրիժորութիւն» անելը, ես դասական երաժշտութիւն էի ամբարել իմ ուղեղում` շնորհիւ եղբօրս, որը 1952-ին Լենինգրադից բերել էր դասական երաժշտութեան ձայնապնակներ եւ նոյնիսկ` սիմֆոնիկ պարտիտուրներ: Նոտաճանաչ չլինելով, տեսողութեամբ, լատինական նշանների օգնութեամբ, նոտաների վեր ու վար ընթացքով, ես ճշգրտօրէն կարողանում էի հետեւել երաժշտութեան ընթացքին: Ես արդէն անգիր եւ արել դասական երաժշտութեան մի քանի հանրամատչելի սիմմֆոնիկ ստեղծագործութիւններ:

   Իմ ազատ օրերին սկսել էի նոյնիսկ նուագախմբի փորձերին գնալ: Զարմանալիօրէն բոլոր երաժիշտները բարեացակամ էին իմ նկատմամբ Այդ վերաբերմունքի շնորհիւ էր, որ ես համարձակութիւն ունեցայ  գնալ բեմի ետեւը եւ մօտիկից շփուել երաժիշտների  եւ նոյնիսկ դիրիժոր Միքայէլ Մալունցեանի հետ:

   Այդ նոյն ժամանակ Պուշկինի այգում, իմ բացակայութեան ժամանակ տղաները իմ «ապագան» էին քննարկում: Ու մի օր, նուագախմբի փորձից յետոյ եկայ այգի: Դեռ հեռուից նկատեցի, որ տղաները վիճում են: Ինձ տեսնելուն պէս` պապանձուեցին:

   – Հը~, ի՞նչ կայ տղերք…, ինչո՞ւ լռեցիք: Ինչ՞ի մասին էիք վիճում,- հարցրի ես:

   –  Ոչի~նչ, հենց այնպէս…, խօսելու բան չկա՞յ, Հենրիկ,- Լիլիթն էր, որ մշտապէս գիտէր իմ ուր լինելը:

   – Եթէ այդպէս յանկարծակի դադարեցրիք խօսակցութիւնը, կը նշանակի իմ մասին էիք խօսում, ինձ էիք բամբասում:

   – Տօ հա՞, , հենց քո մասին էինք խօսում,- համալսարանի ուսանող Զաւէնն էր.

   – Հենրիկ, շուտով աւարտելու ես դպրոցը եւ դեռ չես որոշել, թէ որտեղ ես սովորելու, ո՞րտեղ ես ուսումդ շարունակելու,- սա էլ Ժիրիկն էր, որ յաջորդ տարի էր աւարտելու դպրոցը:

   –  Տղե~րք, դուք լաւ գիտէք իմ նախասիրութիւնը, իմ երազանքը, ես ոչ մի տեղ էլ չեմ ուզում սովորել, ինձ հանգիստ թողէք:

   – Հենրիկ, ախր դու երազի մէջ ես, մոռացիր, մոռացիր երաժշտութիւնը: Դու հիանալի գրիչ ունես: Գրուածքներդ էլ արդէն սիրով ընդունւում են հասարակութեան կողմից: Քեզ համար բաւական հեշտ կը լինի բանասիրական ընդունուելը,- ասաց Զաւէնը:

  – Թողէք մի բան էլ եա ասեմ,- ասաց Լիլիթը,- լաւ, լա~ւ Հենրիկ, այս տարի որեւէ տեղ մի դիմիր, գնայ, հետաքրքրուիր երաժշտական դպրոցներով, գուցէ թէ մի բան ստացուի, ի՞նչ իմանամ: Էս տարին քոնն է, ինչ ուզում ես արա՜:

   Հազիւ մէկ շաբաթ անց, հետեւեալ զրոյցը տեղի ունեցաւ իմ ընկերների հետ` դարձեալ Պուշկինի այգում: Զաւէնն էր զրոյցն սկսողը:

   – Հենրիկ, դու պէտք է ընդունուես որեւէ բարձրագոյն ուսումնական հաստատութիւն: Դու ստիպուած ես մոռանալ երաժշտութիւնը:

   – Չեմ հասկանում…, դուք չէի՜ք որ անցեալ օրը յոյս էիք տալիս թէ  թերեւս կը կարողանամ ուղիներ գտնել երաժշտութեամբ զբաղուելու համար: Այդ ի՞նչ պատահեց, որ մի քանի օրուայ մէջ փոխեցիք ձեր կարծիքը:

   – Թող Լիլիթը պատմի, նա էր գաղափարի հեղինակը,- ասաց սրտնեղած Զաւէնը:

   – Ինչ ասեմ Հենրիկ, ես,  Ժիրայրը եւ Զաիէնը գնացինք ֆիլհարմոնիա` դիրիժոր Միքայէլ Մալունցեանի հետ զրուցելու: Փորձեցինք ճշդել, թէ հնարաւո՞ր է 17 տարեկանից երաժշտութիւն սովորել հետագայում դիրիժոր դառնալու համար:

   – Եւ ինչ, ի՞նչ ասաց Մալունցեանը:

   – Ես կարճ կ՚ասեմ Հենրիկ: Մոռացիր երաժշտութիւնը: Մաեստրոն ասաց, որ կարող ես երաժիշտ դառնալ, որեւէ փողային գործիէ նուագել սովորել, ասենք կլարնետ, բայց դիրիժոր` դժուար թէ, էն էլ` սկսելով զերոյից:,- եզրափակեց զրոյցը Զաւէնը:

   Առանց մի խօսք ասելու, շուար վիճակում թողնելով ընկերներիս, հեռացայ այգուց:

   Անբացատրելի յուսահատութիւն էր պատել ինձ: Ի՞նչ անել, ի՞նչպէս դասաւորել իմ յետագայ կեանքը, ի՞նչ մասնագիտութիւն ընտրել: Իմ սրտին մօտ էր գրականութիւնը: Եղբայրս` Արսէնը հաւասարապէս կիսում էր իմ տառապանքի ծանրութիւնը:

   – Հենրիկ,- ասաց նա,- ի՞նչ արած, միշտ չէ,  որ կեանքը դասաւորւում է ուզածիդ պէս, ես էլ կ՚ ուզէի քեզ տեսնել դիրիժորական վահանակի առջեւ: Ես մշտապէս հետեւել եմ թէ դու ինչպէս ես գիշեր-ցերեկ տարուած դասական երաժշտութեամբ: Մեր ծնողները ժամանակին հնարաւորութիւն չունեցան քեզ երաժշտական դպրոց ուղարկել: Մենք շատ աղքատ էինք, հացի դրամ իսկ չունէինք: Դու հիանալի գրիչ ունես, կարող ես լաւ լրագրող լինել, ինչո՞ւ, չէ` նաեւ գրող: Շուտով աւարտում ես միջնակարգը: Արագ կողմնորոշուիր:

   …1954-ին աւարտեցի Արաբկիրի Շիրվանզադէի անուան դպրոցը: Այդ ամռանը Պուշկինի այգին աւելի մարդաշատ էր Դժուարացել էր երկու-երեք ազատ նստարան գտնելը,  որպէսզի բոլորակ  կազմած մեր խումբը իրար գլխի հաւաքուէր ու մինչեւ մութն ընկնելը օրը զրոյցներով ու խաղերով անցկացնելը  հաճելի լիներ: Մեր թեմաներից վերջնականապէս դուրս մղուեց իմ երաժիշտ դառնալ-չդառնալու հարցը:

   Մալունցեանի «մարգարէական» կանխորոշումն` է՜լ աւելի էր բորբոքել իմ երաժիշտ դառնալու երազանքը, կիրքը` եթէ կ՚ ուզէք: Ցանկացած գնով պատրաստ էի հակառակը ապացուցել: Ես մտադրուել էի «վրէժ»  լուծել բոլորից: Բայց չգիտէի ինչից սկսել: Ես խորհրդատու անգամ չունէի, քաշւում, ամաչում էի որեւէ մէկից խորհուրդ հարցնել:

   – Հենրիկ, ի՞նչ ես մտածում, Օգոստոսը գալիս է, իսկ դու դեռ որոշում չես կայացրել: որեւէ տեղ ընդունուելու համար,- ակնյայտ մտահոգութեամբ մի օր ասաց Լիլիթը:

   – Ես դեռ որոնումների մէջ եմ եւ չգիտեմ անելիքս: Դու կարո՞ղ ես հասկանալ, որ ինձ ոչ մի մասնագիտութիւն չի ձգում, չի գրաւում:

   – Հասկանում եմ Հենրիկ, այնույանդերձ` մտածիր, եթէ դու մօտակայ երկու շաբաթուայ ընթացքում գործերդ որեւէ տեղ չյանձնես` տարի ես կորցնելու:

   – Է~…, թող կորցնեմ, առանց այն էլ` կորցրել եմ…, ի՞նչ դառնամ` բժի՞շկ, փաստաբա՞ն: Ոչ մէկն էլ սրտովս չի: Միակ մասնագիտութիւնը, որ քիչ թէ շատ սրտիս մօտ է` լրագրող, գրող դառնալն է:

   – Տեսնո՞ւմ ես, հայրիկդ էլ է այդպէս մտածում: Նա շատ հեռատես մարդ է:

   – Չգիտեմ, չգիտեմ անելիքս: Հաւանաբար ես այս տարի բաց կը թողնեմ, կը գնամ մի տեղ կ՚աշխատեմ, ինչ աշխատանք ուզում է լինի: Ինչպէս ասում են`գուցէ թէ «խելքի գամ» ու մի տեղ կը մտնեմ սովորելու:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ