Կիրակի, Դեկտեմբեր 1, 2024

Շաբաթաթերթ

Լուսինէ Զաքարեանի  Ծննդեան Օրուան Եւ Լուսինէ Զաքարեանի Տուն-Թանգարանի Հիմնադրման 3-ամեակին Նուիրուած Համատեղ Միջոցառում

ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ

Հայաստանի Ժուռնալիստների միութեան անդամ

…Ի՞նչ էր  մտածում արեւմտահայ մեծանուն բանաստեղծ Վահան Թէքէեանը, երբ գրում էր հայ քրիստոնէական հաւատի հիմնը դարձած «Եկեղեցին Հայկական» բանաստեղծութիւնը: Նրան ներշնչել էին մեր միջնադարեան հայ հոգեւոր երգե՞րը, Մաշտոցի, Նարեկացու, Շնորհալու տաղերն ու շարականնե՞րը, Կոմիտասի երաժշտութի՞ւնը, հնագոյն եկեղեցիների ու վանքերի կամարների տակ ճգնած ծաղկողների ու գրիչների աղօթքների շու՞նչը…

Ամեն անգամ, երբ ընթերցել եմ Վահան Թէքէեանի այս ստեղծագործութիւնը, երբեմն մտածել եմ, որ նման  գործ կարող էր ծնուել եւ այն ժամանակ, եթէ բանաստեղծը երկար ապրեր ու հասցնէր լսել Խորէն Պալեանին ու Լուսինէ Զաքարեանին: Որովհետեւ նրանք մեր ամբողջ հոգեւոր ժառանգութիւնն իրենց հոգում  կրողն էին…Նրանց երգը հենց այն ՝«դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ»-ն էր ժողովրդի համար, որ խորհրդային շրջանում՝ անհաւատութեան տարիներին ազգին կապեց իր հզօր անցեալի հետ, ստիպեց ի մի բերել իր ազգային հոգեկերտուածքը եւ զարթօնք ապրել:

 Լուսինէ Զաքարեանը պէտք է ծնուեր Ախալցխայում, ստանար ռուսական կրթութիւն, ապա նրանց ընտանիքը պէտք է տեղափոխուեր Երեւան:

Խորէն Պալեանն իր հերթին պէտք է ծնուեր Լիբանանում, կրթուեր Էջմիածնի Գէորգեան ճեմարանում եւ … 1965 թ. նա պէտք է հրաժարուեր կուսակրօն վարդապետի իր կոչումից, յետոյ հանդիպեր Լուսինէին, ու Երեւանում նրանք պետք է ամուսնանային:

Լուսինէի աստուածապաշտ էութիւնը, միաձուլուելով Խորէնի հոգեւոր, տոհմիկ երգերի եւ գրաբարի փայլուն իմացութեանը, տուեց իր պտուղը: Խորէն Պալեանի եւ Լուսինէ Զաքարեանի շնորհիւ մեր միջնադարեան հայ երաժշտութիւնը դուրս եկաւ հնաւանդ վանքերի սրբազան պատերից , եւ ոչ միայն մեր ժողովուրդը , այլեւ  օտարները ճանաչեցին հնագոյն հայ հոգեւոր երաժշտութիւնը: Իսկ Սփիւռքի մեր հայրենակիցների կեանքում նրանք, կարելի է ասել, իրենց հերթին իրականացրեցին հայապահպան իւրօրինակ առաքելութիւն:

Լուսինէ Զաքարեանի վաղաժամ մահից՝ 1992 թ-ից  յետոյ  նրա ամուսնու՝ շարականագէտ, գրաբարագէտ, մանկավարժ Խորէն Պալեանի երազանքն էր բնակարանը վերածել տուն-թանգարանի: Ցաւօք, իր կենդանութեան օրօք չհասցրեց տեսնել իր նուիրական իղձն իրագործուած: Միայն տարիներ անց Խորէն Պալեանի եղբօրորդին՝ բժիշկ Րաֆֆի Պալեանը մեծ նուիրումով իրականութիւն դարձրեց հօրեղբօր տարիների երազանքը:

2019 թուականի յունիսի 1-ին ՝ Լուսինէ Զաքարեանի ծննդեան օրը հայ հոգեւոր երգի նուիրեալների երկրային հասցէում՝ Եզնիկ Կողբացի 42/3-ում  բացուեց Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանը, որը երեք տարիների ընթացքում հասցրել է դառնալ միջնադարեան հայ հոգեւոր երաժշտութիւնը պահպանելու եւ տարածելու մի լուսաւոր օջախ՝ նուաճելով նոր հորիզոններ: 

Յունիսի 26-ին՝ Երեւանում տեղի ունեցաւ Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնի եւ Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանի համատեղ միջոցառումը՝ նուիրուած Լուսինէ Զաքարեանի ծննդեան օրուան եւ թանգարանի հիմնադրման 3-ամյակին:

Հանդէս եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Սոնա Յովհաննիսեան) եւ Հնագոյն  երաժշտութեան «Տաղարան» համոյթի մենակատարները (գեղ.  ղեկ. եւ դիրիժոր ՝ ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Սեդրակ Երկանեան): Կոմիտասի,  միջնադարեան հայ հոգեւոր երգերի կողքին հնչում էին Յ.Ս. Բախի, Գ. Հենդելի, Ա. Բրուքների գործերը՝ ասես միաւորելով քաղաքակրթութիւններն ու տարբեր դարաշրջանները: Իսկ այդ ստեղծագործութիւնները կատարում էին  Գալինա Ցոլակեանը (սոպրանո,  միջ. մրցոյթների դափնեկիր), Գայիանէ Ղամբարեանը (սոպրանո), Թէրէզա Ոսկանեանը (երգեհոն, կլավիսին), Յովիկ Օգանեզովը, (թաւջութակ), Սոնա Ղամբարեանը (դաշնամուր), Մարգարիտ Սարգսեանը, (դաշնամուր)…

Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանը անընդմէջ կազմակերպում ու անց է կացնում Լուսինէ Զաքարեանի անվան մրցոյթ, որի յաղթողներն արժանանում են Լուսինէ Զաքարեանի անվան անվանական կրթաթոշակին: Եւ ահա այս տարուայ յաղթողներից էին ուսանողներ  Նազելի Մարգարեանը, Գոռ Ղազարեանը, Օվսաննա Խոջոյեանը …Նրանք հանդէս եկան համերգային այս դահլիճում՝ արդեն  փորձառու արուեստագէտների կողքին: Սա խորհդանշական էր, քանի որ սերունդները շարունակում են պահպանել Խորէն Պալեանի ու Լուսինէ Զաքարեանի ժառանգութիւնը եւ գնալ նրանց ճանապարհով: 

…Լուսինէ Զաքարեանի տուն թանգարանում՝ Գրիգոր Նարեկացու, Շնորհալու շարականների կողքին   հնչում է մի ոգեղէն ստեղծագործութիւն՝  ձայնի ու նուագախմբի համար գրուած  «Վոկալիզը», որը Առնո Բաբաջանեանը գրել էր յատուկ Լուսինէ Զաքարեանի համար: Եւ նոտաների վրայ էլ ռուսերէն մակագրել էր՝

«Իմ ամենասիրելի երգչուհուն՝ հանճարեղ Լուսինէ Զաքարեանին՝ լաւագոյն մաղթանքներով  եւ  սիրով՝

19/VIII 1981»:

Առնո Բաբաջանեանի այս ստեղծագործութիւնը հենց Լուսինէ Զաքարեանի կատարմամբ էլ յաւերժացաւ: Եւ որպէս համերգային երեկոյի եզրափակիչ ակորդ՝ հնչեց հենց այս ստեղծագործութիւնը՝ սոպրանո Գալինա Ցոլակեանի կատարմամբ:

Երեկոյի ընթացքում էկրանին պարբերաբար յայտնւում էր ինքը՝ Լուսինէ Զաքարեանը: Ու նորից  նրա կատարմամբ հնչում է Մակար Եկմալեանի  «Սուրբ-սուրբ»-ը, Առնո Բաբաջանեանի «Վոկալիզը»,  Ալեքսանդր Յարութիւնեանի «Հայրենիքիս հետը»-ը (խօսք՝ Յովհաննէս Թումանեանի)…Հնչեց նաեւ Խորէն Պալեանի եւ Լուսինէ Զաքարեանի կատարմամբ զուգերգերից մէկը:

…Խորէն Պալեանն ու Լուսինէ Զաքարեանը հայրենիքի ու սերունդների հետ են յաւէտ՝ որպէս մեր հոգեւոր արժէքների սիւներ: Նրանց թողած ժառանգութիւնն ապրելու է: Եւ ապրելու է նախեւառաջ  Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանի շնորհիւ, որի նուիրեալ տնօրէնն է փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր, Խորէնի ու Լուսինէի երկար տարիների մտերիմ բարեկամ Սուսաննա Դաւթեանը, ով 1965 թուից նուագակցել է Խորէն Պալեանին , երբեմն-երբեմն էլ՝ Լուսինէ Զաքարեանին:

Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանի տնօրէն Սուսաննա Դաւթեանն ամբողջացնելով Լուսինէ Զաքարեանի կերպարն ու թողած հետքը հայ մշակոյթի էջերում, ասաց.

-Ի տարբերութիւն շատերի ՝ Լուսինէն վայելեց անմահութիւնը  իր կենդանութեա՜ն օրօք: Ու Խորէն Պալեանի շնորհիւ Լուսինէն  դարձաւ հայ հոգեւոր երգի առաքեալ: Ինչպէս Վազգէն Գէորգեանն է իրաւացիօրէն նշում.  «Նարեկացին 10-րդ դարում պոեզիան դուրս բերեց եկեղեցու անձուկներից եւ նրան տուեց կեանք ու  ինքնութեան արտօնագիր»:  Ճիշտ այդպէս էլ  Խորէնի  ու Լուսինէի համար էր խիզախում՝ անաստուածութեան այդ տարիներին հայ եկեղեցական երաժշտութիւնը, հոգեւոր երգը դուրս բերել  վանքի պատերից ու դարձնել աշխարհիկ բեմերի սեփականութիւն.  քաղաքակիրթ աշխարհին ցուցադրեցին ու նրա հոգուն հասցրեցին մեր երաժշտական արուեստի հոգեւոր մշակոյթի եզակի հմայքն ու հակաքրիստոնէական բովանդակութիւնը:  

Ի դէմս Աստուածամօր՝ Նարեկացին երգեց իտէալական, կատարեալ, բայցեւ՝ իրական, կենդանի կնոջ գեղեցկութիւնն ու շնորհները:

Եթէ մի հրաշքով Լուսինէն ծնուեր 10-րդ դարում, կամ Գրիգոր Նարեկացին՝ 20-րդ դարում, կարծում եմ, որ Նարեկացին հենց Լուսինէ Զաքարեանին նկատի կունենար «Մեղեդի ծննդեան» տաղը գրելիս…

Եւ տիկին Սուսաննան ի հաստատումն իր մտքերի ՝ ինքնաբուխ ներկայացրեց  հազարամեայ տաղը՝ գրաբարով, այնպէս, ինչպէս գրել է Նարեկացին:

-Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն՝

Երկու փայլակնաձեւ արեգական նման

Շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս։

Եւ դա զմայլանքի ու  հիացմունքի ալիք  առաջացացրեց ներկաների սրտում եւ մեծաթիւ ներկաներ յատուկ մօտեցան, շնորհակալութիւն յայտնեցին եւ արտայայտեցին իրենց հիացմունքն ու հպարտութիւնը, որ հայերս 10-րդ դարում՝ դեռ եւրոպական Վերածննդի հսկաներից դեռ 300 առաջ  ունեցել ենք այսպիսի հրաշք բանաստեղծութիւն:

 Ի դէպ, ինքս ներկայ եմ եղել, թէ յաջորդ օրն ինչպէս թանգարան էին եկել համերգին ներկայ որոշ անձինք՝ յատուկ իրենց շնորհակալութիւնը յայտնելու տնօրէնին: Նրանց թւում առանձնացնում եմ  Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փրոֆեսոր, միջազգային մրցոյթների դափնեկիր, դաշնակահար Մարինէ Աբրահամեանին, ով իր կիրթ, հանդարտ , մտաւորականին վայել գեղեցիկ խօսքով  շնորհակալութիւն յայտնեց տիկին Սուսաննային այդ գեղեցիկ բանաստեղծութեան համար:

Յիշատակենք, որ Նարեկացու այս տաղի երաժշտութիւնը բազմիցս հնչել է աշխարհի շատ բեմերից՝ Լուսինէ Զաքարեանի կատարմամբ:

Լուսինէ Զաքարեանը նուիրեալն էր վեհագոյնի եւ աստուածայինի:  Պատահական չէ, որ նրա մասին բազմաթիւ բանաստեղծութիւններ են գրել հայ եւ օտարազգի բանաստեղծները՝  Սիլվա Կապուտիկեանը, Վահագն Դաւթեանը, Նայիրի Զարեանը, Գեղամ Սարեանը, Մկրտիչ Արմէնը, Արշալոյս Մարգարեանը, Սիփան Շիրազը, ինչպէս նաեւ այլազգի բանաստեղծներ Էդուարդաս Մեժելայտիսը, Անտոն Խիժնյակը, Միխայիլ Մատուսովսկին եւ ուրիշներ։ Ու չկար նրա հետ աշխատող արուեստագէտ, որ չմեծարեր Լուսինէին. յիշենք մեծանուն երգեհոնահարներ Վահագն Ստամբոլցեանին, Պերճ Ժամկոչեանին, Լեւոն Աբրահամեանին…

Նշենք, որ համերգային  երեկոյի ընթացքում դահլիճում ներկայ էր Լուսինէ Զաքարեանի եւ մեր բոլորի սիրելի քոյրը՝ հեզահամբոյր, համեստ Լենա (Լյուդմիլա) Զաքարեանը՝ իր հարսի՝ Սաթենի հետ: Երեկոյին ներկայ գտնուելու համար ԱՄՆ-ից ժամանել էր Խորէն Պալեանի եղբօրորդին՝ բժիշկ Րաֆֆի Պալեանը, ով իր խօսքում երախտագիտութիւն յայտնելով տուն-թանգարանի տնօրէն Սուսաննա Դաւթեանին, ասաց.

 -Այսօր պատուական օր է: Լուսինէի 85-ամեակն է: Նա երեւոյթ էր հայ գեղարուեստին պատմութեան մէջ: Աւա՜ղ անժամանակ մեկնեց  այս աշխարհին: Նա իր երգը տարածեց Սփիւռքի եւ օտար արուեստագէտների շրջանակի մէջ: Աստուածատուր ձայնով եւ արուեստով նուիրուեց հայ տոհմիկ երաժշտութեանը, Կոմիտասին, Եկմալեանին, դարձաւ հայ ազգային, հոգեւոր զարթօնքի մեծագոյն ոգեշնչողը: Նա անմահ է իր ամբողջ կեանքով, իր էութեամբ: Անմահ է Խորէն Պալեանով՝ իր կողակիցով, որ սնեց Լուսինէին , որ հասնի իր առաքելութեանը: Այսօր ի յիշատակ Լուսինէի, շնորհակալութիւնս կ՛ուզեմ յայտնել նրա անունը կրող թանգարանի տնօրէն տիկին Սուսաննային, Կամերային երաժշտութեան տանը: Կ՛ուզեմ շնորհաւորել ամէնքիս Լուսինէ Զաքարեանի թանգարանի 3-ամեակի առթիւ, որ իրականութիւն դարձաւ լուսինեական հաւատով եւ Խորէնեան վճռականութեամբ: Շնորհակալութիւն Լուսինէի քրոջը՝ Լենային, իմ դստերը՝ Ալեյնա-Մարալ Պալեանին, որ մէկ տարի ապրեց Հայաստանի մէջ ու իրագործեց թանգարանի ներքին յարդարումը  ՀՀ Մշակոյթի փոխնախարար Արեւ Սամուէլեանի հետ միասին:   Խաղաղութիւն հայ ազգին…  

…Լուսինէ Զաքարեանի թանգարանը շարունակում է իր առջեւ դնել համարձակ նպատակներ՝ դառնալու հայ հոգեւոր երգը պահպանող գիտական-մշակութային կենտրոն: Իսկ այս համերգային երեկոյով թանգարանի 3-ամեայ պատմութեան մեջ գրուեց մի կարեւոր էջ՝ նոր լուսաւոր ծրագրեր կեանքի կոչելու համար:

«Լուսինէ Զաքարեան-թանգարանի  հետ դեռ բազում ծրագրեր ենք իրականացնելու»

Համերգային երեկոյից յետոյ առիթ ունեցանք զրուցելու նաեւ Կամերային երաժշտութեան տան Համերգային բաժնի փոխտնօրէն Արմէն Սուքիասեանի հետ, ով աւելի վաղ, թանգարանի կայքում տեսնելով սպասուող միջոցառման յայտարարութիւնը, սիրով նախաձեռնեց, որ այն տեղի ունենայ հենց Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնում:

-Պարոն Սուքիասեան, որպէս մշակոյթի, երաժշտութեան ոլորտի մասնագէտ եւ գործիչ` կուզենայի նախ Ձեր գնահատանքի խօսքն ասէք Լուսինէ Զաքարեանի թանգարանի բացման մասին, որը դարձաւ միջնադարեան հայ հոգեւոր երաժշտութիւնը պահպանող ու տարածող եւս մի օջախ։

-Անշուշտ անչափ կարեւոր առաքելութիւն ունի Լուսինէ Զաքարեան թանգարանը, առաւելապէս երիտասարդներին Լուսինէ Զաքարեան բացառիկ երեւոյթի մասին տեղեկացնելու, նրա արւեստին ծանօթացնելու եւ, իհարկէ, նոր սերնդի երգիչ/երգչուհիներին ոգեշնչելու իմաստով: Եւ շատ լաւ է, որ թանգարանը հիանալի կարողանում է  իրականացնել  իր կարեւոր առաքելութիւնը՝ դպրոցականներին եւ ուսանողներին ծանօթացնելով Լուսինէ եւ Խորէն երեւոյթների հետ; Եւ այցելուն անմիջապէս պարուրւում է խորհրդաւոր, հոգեւոր մթնոլորտով, վերցնում ու իր հետ տանում է տպաւորութիւն, յուշ եւ ներշնչանք, որ նրան երկար ուղեկցելու է:

 -Լուսինե Զաքարեանի տուն-թանգարանը` ի դէմս նրա նուիրեալ տնօրէն տիկին Սուսաննա Դաւթեանի , արդեն մի շարք թանգարանների , մշակութային կենտրոնների հետ է համագործակցում։ Եւ երեկուայ հրաշալի համերգով, որ նուիրուած էր Լուսինէ Զաքարեանի 85-ամեայ յոբելեանին եւ թանգարանի հիմնադրման 3-ամյակին, փաստօրէն, հիմք դրեց նաեւ Երեւանի Կամերային երաժշտութեան տան հետ համագործակցութեանը։ Կ՛ուզէի այս մասին խօսէք։

-Հայ ժողովրդի մշակոյթի նշանաւոր գործիչների յոբելեանների հաւուր պատշաճի նշելը եւ նրանց ժառանգութեան արժեւորումը ներկայ սերնդի անքննելի պարտականութիւնն է։ Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնը մշտապէս անդրադառնում է տարուայ յոբելեաններին եւ այս տարի, ի թիւս այլ յոբելեանների, ԿԵԱԿ-ն իրականացրեց Լուսինէ Զաքարեանի 85-ամեակին նուիրուած յոբելենական համերգը: Ամեն անգամ, յոբելեանը լաւագոյնս իրականացնելու նպատակով, մենք համագործակցում ենք յոբելեարների հետ առնչուող կառոյցների կամ անհատների հետ: Եւ Լուսինէ Զաքարեանի պարագայում, մենք առաջարկեցինք Լուսինէ Զաքարեան թանգարանի յարգարժան տնօրէն տիկին Դաւթեանին համատեղ իրականացնել երեկոն:  Եւ մենք ուրախ ու հպարտ ենք այդ համագործակցութեան համար.  գեղեցիկ եւ տպաւորիչ համերգ ստացուեց, որին մասնակցեցին նաեւ Լուսինէ Զաքարեան անուանական կրթաթոշակառու ուսանողները: Սա նաեւ լաւ առիթ էր եւս մէկ անգամ հանրութեանը յիշեցնելու թանգարանի մասին եւ կարծում ենք, որ կարողացանք հետաքրքրուածութեան նոր ալիք խթանել:

-Համագործակցութեան ի՞նչ ծրագրեր ու գաղափարներ ծնուեցին, որոնք առաջիկայում իրագործելու էք Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանի հետ։

Ինչպէս նշեցի, Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնը համագործակցում է ինչպէս անհատ արուեստագէտների այնպէս էլ մշակութային կառոյցների հետ: Այո, նախնական գաղափարներ կան եւ կարծում եմ, Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանի հետ յաջորդ համագործակցութիւնը շատ չի ուշանայ:

Լուսինէ Զաքարեանի պատգամը

Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանում պահպանւում է մեծանուն երգչուհու միակ հարցազրոյցը, որը նոյնպէս հնչեց համերգային երեկոյի ընթացքում: Այն 5 րոպէ տեւողութեամբ տեսանիւթ է, որտեղ ոչ միայն երեւում է Լուսինէ Զաքարեանի համեստափայլ, խոնարհ կերպարը, այլեւ հնչում է նրա պատգամը գալիք սերունդներին.

-Շատ եմ սիրում Բախի, Հենդելի, Մոցարտի եւ այլ մեծերի ստեղծագործութիւնները, բայց իմ հոգուն առաւել մօտ են մեր միջնադարեան աննման գոհարները եւ մանաւանդ, Խորենացու, Նարեկացու, Շնորհալու հոգեզմայլ մեղեդիները:

Շատ ուրախ  եմ, որ կարողացայ մի փոքր բաժին բերել ի նպաստ Կոմիտասի ֆոնդին, քանի որ այստեղ Կոմիտասի անունը կա: Կոմիտասն այն հանճարն է, որի առաջ պէտք է խոնարհուել…

Երեւան, 28.06.2022թ.
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ