Չորեքշաբթի, Դեկտեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

Համալսարան, Յետոյ` Զինակոչիկ…

(Դարձեալ Յիշողութեան Բովում)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

    Չնայած մայրիկիս ամէնօրեայ յորդորներին, որպէսզի հայրիկս ինձ համար բարեխօսի քննական յանձնաժողովի` իրեն ծանօթ  դասախօսների հետ, նա մնաց անդրդ­ուե­լի:

   -Ինքը խելահաս տղայ է, 19 տարեկան: Դեռ փոքր տարիքից ինքնուրոյն է եղել, նա որեւէ օգնութեան կարիք չունի:

   Ես հասկանում էի, որ նա վշտացած էր իմ`մշտապէս ինքնագլուխ որոշումներ կայաց­նելու համար, մանաւանդ, իմ վերջին` Մոսկուա փախչելու արարքը նա երբեք չէր կարող ներել:

   – Յակոբ ջան, եթէ նրան չ՚ օգնես` բանակ կը տանեն, այն էլ` երեք տարով: Մեղք է, կը գնայ, կը կորչի,- ասում էր մայրս հարեւան սենեակում:

   – Թող տանեն, վնաս չունի, եթէ ճիշդն ուզում ես իմանալ, ես ուզում եմ, որ նա բանակ գնայ, գուցէ թէ  պղտոր մտքերը պայծառանան:

   – Այդ ի՞նչ ես ասում այ Յակոբ,  ի՞նչ է արել խեղճ տղաս, որ այդպէս չ՚ արացած ես նրա նկատմամբ:

   – Ես ու դու լաւ գիտենք, թէ ինչ է արել: Նա, ճիշդ է,, ժամանակ շատ չունի, սակայն առանց օգնութեան էլ կարող է համալսարան ընդունուել:

   …Օփերային թատրոնի արտիստներն արդէն վերադարձել էին Լենինգրադից: Ես գնացի թատրոն հարցերս լուծելու:

   – Հենրիկ ջան, մենք արդէն արձակուրդ ենք գնում, մինչեւ Սեպտեմբեր ազատ ես,- ասաց ընկեր Զորիկը,- քեզ յաջողութիւն եմ մաղթում: Համալսարան ընդունուես կամ ոչ, միեւնոյնն է,  դու միշտ կարող ես գալ թատրոն ու մասնակից լինել ներկայացումներին:

   Ուրեմն ինձ ոչինչ չէր խանգարում պարապել համալսարան ընդունուելու հա­մար: Միակ խոչընդոտը Պուշկինի այգին էր, ուր հաւաքւում էին ընկերներս, որոնք արդէն մէկ-երկու տարուայ ուսանողներ էին: Այժմ էլ իրենց արձակուրդի օրերն էին անցկացնում «մեր» այգում: Միակ «անուսը» ես էի մեր խմբում: Բնականաբար, նրանց խօսակցու­թիւնների հիմնական նիւթը պտտւում էր իմ անձի շուրջ: Ամառուայ այդ շոգին նստել տանը եւ պարապե՞լ,- ինչ է թէ համալսարան ես ընդունուելու: Ուրեմն` գրքերդ դիր թեւիդ տակ ու գնայ այգի, մանաւանդ Լիլիթն է այնտեղ:

   Մինչեւ կէսօր մենակ էի լինում այգում, տղաները յայտնւում էին աւելի ուշ: Նրանց գալուց յետոյ` ի~նչ պարապել…, մէջտեղ էր գալիս շախմատն ու թղթախաղը: Եւ որպէ­սզի թղթախաղը էլ աւելի աշխոյժ ընթանայ, որոշում էինք մանր դրամներով խաղալ:

   Եղաւ այնպէս, որ, մի երեկոյ, երբ մէջտեղում ահագին դրամ էր հաւաքուել, որտեղից որտեղ յայտնուեցին երկու ոստիկան:

– Էդպէս, հա~, խումար էք խաղում,- ասաց նրանցից մէկը:

   – Չէ~, ի՞նչ խումար…, ի՞նչ էք ասում,- ասաց Ժիրիկը:

  – Բա էս փողերն ի՞նչ են տղայ ջան:

   – Դէ~…, ժամանակ ենք անցկացնում էլի~:

   – Ժամանակ էք անցկացնում հա~, հիմա ձեզ կը տանենք Միլիցիա (ոսռիկանա­տուն), էնտեղ լա~ւ ժամանակ կ՚ անցկացնէք,- ստարշինա (աւագ ոստիկան) էդ փողերը հաւաքի,- դիմեց կողքին կանգնած ոստիկանին:

   Բոլորս լուռ, գլխահակ սպասում ենք այդ «ներկայացման» աւարտին: Վերջապէս համարձակութիւն ունեցայ ասել.

   – Ընկեր լետենանտ, խնդրում ենք ներել մեզ, էլ նման բան չի կրկնուի: Ընկերներս խայտառակ կը լինեն, նրանք ուսանողներ են: Վաղը ամբողջ քաղաքը կ՚ իմանայ: Թէ տանում էք` ինձ տարէք, ես եմ մեղաւորը:

   – Պա~հ, պահ, պա~հ,- հըլա սրան մտիկ արէք: Ընկերներիդ թասիբին ես կանգնում հա~…, բա դո՞ւ ինչ ես անում:

   – Ես…, ես…, դէ ես էլ պարապում եմ, որ համալսարան ընդունուեմ,- կմկմացի ես:

    – Լաւ էլ պարապում ես…, քեզնից լաւ ղումարբազ դուրս կը գայ…, իսկ հիմա ինձ       լսէք, տեսնում եմ, որ խելօք տղաներ էք: Այս անգամ ներում եմ ձեզ: Յաջորդ անգամ եթէ նման բան տեսնեմ` էլ աջ ու ձախ չի լինի` ուղիղ ոստիկանատուն: Իսկ հիմա չքուէք էստեղից, արա՜գ:

   Հետագայում արդէն մտերմացել էինք ծանօթ ոստիկանների հետ ու ամբողջովին մոռացութեան տուել թղթախաղը:

   Հաշուած օրեր էին մնացել մինչեւ ընդունելութեան քննութիւնների սկսելը: Վերջին երկու շաբաթը տանն էի պարապում:

   – Լաւ է, լաւ Հենրիկ,- խրախուսում էր Լիլիթը, դու կը յանձնես քննութիւնները:

   – Շատ յոյս չունեմ Լիլիթ, բազմաթիւ դիմորդներ կան բանասիրական բաժնում, մէկ տեղի համար`գրեթէ տաս դիմորդ: Ծանօթների տեղերն էլ եթէ հաշուելու լինենք` տակը բան չի մնայ:

   Ի վերջոյ պիտի գար քննութիւնների առաջին օրը: Առաջին քննութիւնը մասնագիտու­թիւնից էր: Գնահատականս` գերազանց, մնացած առարկաների գնահատականները միջակ ու դրանից քիչ բարձր: Մասնագիտականը գերազանց լինելու պատճառով ես ընդուն­ւում էի  Պայմանականի սկզբունքով: Այսինքն մինչեւ Յունուար սովորելու էի միւս ուսանողների նման, սակայն առանց կրթաթոշակի: Կիսամեակին քննութիւնները յաջող յանձնելու դէպքում նոր միայն համարւում էի հիմնական ուսանող:

   Եկաւ Սեպտեմբերը եւ դասերն սկսուեցին: Միեւնոյն ժամանակ, հաշուառման համար մի քանի անգամ կանչել էին Արաբկիրի Զինկոմիսարիատի զօրակոչիկների բաժնից: Ես արդէն տասնըինն տարեկան էի եւ ենթակայ` բանակ զօրակոչուելու:

   Պարզուեց, որ Պայմանական կարգավիճակով սովորող ուսանողը չի ազատւում բանակում ծառայելուց: Ես, կամայ թէ ակամայ պարտաւորուած էի բանակ գնալ երեք տարուայ ծառայութեան համար:

   Ես համոզուած էի, որ Յունուարից յետոյ կը  դառնայի  հիմնական  ուսանող ու, ընդհանրապէս կ՚ ազատուէի զինուորական  ծառայութիւնից: Ըստ օրինի ինձ  կարող էին զօրակոչի ենթարկել երկրորդ զօրակոչի ժամանակ, այսինքն գալիք տարուայ գարնանը: Սակայն Զինկոմիսարիատի զօրակոչիկների բաժնի պետ ընկեր Ալոյեանը լսել ան­գամ չ՚ ուզեց այդ մասին: Նա վրէժ ունէր լուծելիք ինձնից: Ահա թէ ինչու:

   Կոպիտ, անտաշ ու վայրենի այդ մարդը մի «մեծ առաւելութիւն» ունէր միւսների համեմատ: Նրա ամէն մի խօսքին ու արտայայտութեանը յաջորդում էր, արդէն նրա համար բերնի մաստակ դարձած որեւէ «շքեղ» հայհոյանք: Նա ինձ տանել չէր կարողա­նում, ամբողջ հոգով ատում էր ինձ, որովհետեւ հայհոյանքով էի պատասխանել ինձ ուղղուած` նրա հայհոյանքին:

   Յայտնի դարձաւ, որ այն խումբը, որի մէջ ես էի ընդգրկուած, զօրակոչուելու էր Նոյեմբեր 22-ին: Մինչ այդ, Ալոյեանը «դաստիարակչական» աշխատանք էր տանում մեզ հետ:

    Մի օր, Զինկոմիսարիատի բակում շարքի էինք կանգնած` զինուորական քայլին (քայլաձեւ) ծանօթանալու համար: Բացայայտ կերպով ցուցամատը դէպի ինձ ուղղած բղաւեց.

   – Է~յ դու, դու,- մինչ ես փորձում էի չհասկանալ ձեւացնել, որ խօսքը իմ մասին է, նա շարունակեց,- հա~, հա~,դու` Ախպարի լակոտ, ուղիղ կանգնիր:

    Ես ոչինչ չպատասխանեցի ու դիրքս չփոխեցի:

    Տեսնելով, որ ես ոչ մի շարժում չեմ անում, սադայէլական ժպիտը դէմքին, Ալոյեանը մօտեցաւ ինձ, աչքերն ուղղած իմ աչքերին, ոտքով հարուածեց` իբր թէ ծուռ դրած ոտքիս: Հարուածից յետոյ, ես դարձեալ ոտքս դրի նախորդ դիրքի մէջ

   Սադիստը է՜լ աւելի ուժեղ հարուածեց:  Մէկ անգամ էլ կրկնուեց «մենամարտը»: Տեսնելով ոտքիս ահաւոր ցաւից ջղաձգուած դէմքս, Ալոյեանը ռուսերէն` է~ն յայտնի, իւրաքանչիւր ռուս մարդու բերանում օրը մի քանի անգամ արտաբերուող հայհոյանքը բարձրաձայն շպրտեց դէմքիս, ու «Սուկին սին» (Բ-ի տղայ) ասելուց յետոյ ուզում էր ինչ որ հրահանգ տալ ոտքի վրայ քարացած տղաներին, ցաւից ոռնալով, ի ցոյց աշխարհի բղաւեցի`

   – Էտօ տի Սուկին սին (Այդ դու ես Բ—ի տղան):

– Եկաւ Խորհրդային բանակ գնալու օրը` Նոյեմբերի 22-ը: Ընտանիքիս անդամներն ու ընկերներս եկել էին ինձ ճանապարհելու: Երեւանի երկաթուղային կայարանում ասեղ գցելու տեղ չկար:

   Ո՞ւր են տանելու,- ոչ ոք չգիտէր: Ալոյեանը վազում էր աջ ու ձախ, վագոնից-վագոն Հայրիկս փորձում էր մէկ վայրկեան կանգնեցնել նրան ու հարցնել, թէ ո՞ւր են տանելու իր որդուն: Վերջապէս հայրիկիս յաջողուեց կանգնեցնել նրան ու հարցնել.

   – Ո՞ւր էք տանելու տղաներին, ո՞ր քաղաքում են ծառայելու:

   – Իսկ ո՞վ է ձեր տղան,- նրա հայեացքից դժուար չէր կռահել, որ նա գիտէր, որ հայրիկս էր հարց տուողը, որովհետեւ ես կանգնած էի նրա կողքին:

   – Հենրիկն է, ահա նա,- ձեռքը դնելով ուսիս,- ասաց հայրիկս:

   – Ը~մ…, ձեր տղան է հա՞…, լաւ տղայ է, խօսք չկայ, չեմ կարող ասել թէ ուր ենք տանելու, բայց կարող եմ ասել հետեւեալը: Ես նրան այնպիսի տեղ եմ ուղարկում, որ այլեւս չկարողանայ ետ գալ:

   – Այդ ինչպէ՞ս…, ի՞նչ մեղք է գործել տղաս,  որ նման դաժան վերաբերմունք էք       ցուցաբերում նրա նկատմամբ: 

   – Հենց այդպէս Պարոն Անասեան,- շեշտելով ՊԱՐՈՆ-ը ասաց նա ու շարունակեց,- ուղարկելու եմ սպիտակ արջերի մօտ: Հիմա հասկացա՞ք, թէ ինչո՞ւ`ձեր տղային հարցրէք:

   – Մի րոպէ, մի րոպէ ընկեր Ալոյեան, ինչ ասացի՞ք…, այնպիսի տեղ որտեղից չկարողանամ վերադառնա՞լ, այո՞, խօսակցութեան մէջ մտայ ես:

   – Այո՜, այո՜, ճիշդ ես լսել:

   – Դէ հիմա, դուք ինձ լսէք ՊԱՐՈՆ Ալոյեան, դուք էլ էք մի օր Պարոն դառնալու, վստահ եղէք, գալու է այդ օրը, դուք, կամ ես երբեք ընկերներ չենք դառնայ,- չթաքցնելով ատելութիւնս իր նկատմամբ` շարունակեցի,- լաւ յիշէք այս օրը` Նոյեմբեր 22: Ապրիլի 10-ը իմ ծննդեան օրն է, մինչեւ այդ թուականը գրեթէ հինգ ամիս կայ: Ես իմ ծննդեան օրը Երեւանում եմ լինելու:

   – Դա մենք դեռ կը տեսնենք երիտասարդ, դու արդեօք կը կարողանա՞ս ողջ առողջ վերադառնալ սպիտակ արջերի մօտից: Իսկ հիմա գնայ քո վակոնը:

   – Պապա…, հոգ մի անի, մենք հին «բարեկամներ+ ենք, իսկ ինչ որ իրեն ասացի` ճիշդ  է, չորս-հինգ ամիս յետոյ ես այստեղ կը լինեմ, հաւատայ հայրի~կ…

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ