Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Ցաւի, Վշտի Ու Սիրոյ Բանաստեղծ

Գագիկ Կարապետեան

(Ելոյթ` «Յոյզերի խաչմերուկ» Գրքի Շնորհանդէսում)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 Գրել կարող է ամէն մի անհատ, բայց նրանցից եզակիներն են հասնում իսկական գրող-բանաստեղծի մակար­դակին: Նրանցից մէկն է Գագիկ Կարապետեանը:

 Շիրակի ծնունդ է Գագիկ Կարապե­տեա­նը, որը գրա­կան աշխարհում հաստատեց  իր տեղը ու պայթող արկի նման, հռնդիւնով`­ ակա­նա­­տեսի վկայութեամբ աշխարհի առջեւ բաց  արեց 1988-ի Լենինա­կանի աշխար­հա­կուլ երկրաշարժի սահ­մռկե­ցուցիչ համայնապատկերը, որը, միանգամայն իրաւացիօրէն հեղինակն անուա­նեց «Դժոխք»:

Գագիկ Կարապետեանի «Դժոխք» պոէմը շռնդալից յաջողութիւն բերեց հեղինակին:

Պոէմի մասին ժամանակին հիացական արտայայտութեամբ է հանդէս եկել հանճարեղ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանը:

   – Արարիչը նայեց վերից եւ տեսաւ չկայ  Շիրազը եւ որոշեց գիւմրեցի Գագիկի ձեռքով ստեղծել այս հանճարեղ գործը`« Դժոխք» պոէմը,- գրել է նա:

Ով սիրտ ու հոգի ունի, «Դժոխք»ը չի կարող նրա հոգում երկրաշարժ, հոգու, մտքի ալեկոծում չ՚ առաջացնել:

   Իզուր չի գրել  շնորհառատ բանաստեղծ Արամայիս Սահակեանը.

   – Այդ պոէմը նոր երկրաշարժ առաջացրեց իմ հոգում` յոյզերի երկրա­շարժ, բայց ազնիւ երկրաշարժ: Գագիկ Կարապետեանի «Դժոխք»ը դրախտ   պոեզիան պարգեւեց ինձ::

Ես ինչո՞ւ իմ խօսքն սկսեցի յատկապէս «Դժոխք» պոէմով: Լիուլի վերանայելով  Գագիկ Կարապետեանի «Յոյզերի խաչմերուկ» ժողովածուն, տեսայ որ,  պոէ­մի շունչը, ազդեցութիւնը երեւում է նրա գրեթէ բոլոր գործերում, լինի չափածոյ, թէ արձակ: Թաքնուած տխրու­թիւնն ու թախիծը գերիշխող է շատ տեղերում:

«Դժոխք» պոէմը բանաստեղծի հոգեզաւակն է, իր խաչը, որ նա կրել է, եւ կրելու է իր ողջ գիտակցական կեանքում:

Գիւմրեցուն  բնորոշ լիաթոք խինդն ու ծիծա­ղը բացակայում է բանաստեղծի` նոյնիսկ սիրոյն նուիրուած բանաստեղծութիւն­ներում, թէեւ ոմանց մէջ լոյս կայ, յոյս կայ դրանց տողատա­կերում: Բանաս­տեղծին մշտա­պէս «հետապնդում» են «Դժոխք»ն ու հոգեցունց  «Գուգոն» ողբերգական նովելը: Գագիկ Կարապետեանի ամէն մի գործի մէջ թախիծ ու կարօտ կայ, եթէ ոչ բացա­յայտ, ապա անպայմանօրէն թաքնուած: Անցեալի պատկերները հան­գիստ չեն տալիս նրան: Անցեալի ցաւն ու վիշտը կոտ­տացող վէրքի նման` չեն սպիանում նրա հոգում:

Զուր տեղը չէ, որ աննման ասմունքող Վերա Յակոբեանը հետեւեալ տողերն է նուիրել Գագիկ Կարապետեանին.

«Դժոխքի» բովում այրուեց հոգիդ,
Ու իջաւ հոգուտ խորունկ դառնութիւն,
Կորցրիր ճամփան լոյսի ու յոյսի
Մնաց կեղեքող մի յիշողութիւն:

Գիւմրեցուն բնորոշ լիաթոք խինդն ու ծիծա­ղը բացակայում է նոյնիսկ սիրուն նուիրուած բանաստեղծութիւն­ներում, թէեւ ոմանց մէջ լոյս կայ, յոյս կայ սիրոյն նուիրուած բանաստեղծութիւնների տողատա­կերում: Անցեալի պատկերները հանգիստ չեն տալիս նրան: Իր մասնագիտութեան բերումով, որպէս համբաւաւոր, լաւագոյնս ճանաչուած բժիշկ, նա, մարդկանց մարմնական ցաւերն է բուժում, սակայն Տիրոջ կողմից իրեն  պարգեւած գրելու շնորհքը պարտաւոր է  ծառա­յեցնել նաեւ նրանց հոգեկան բուժմանը, ամոքելու  համար նրանց հոգում ամբարուած ցաւն ու վիշտը, միեւնոյն ժամանակ յոյս ներշնչելով լուսաւոր ապագայի նկատմամբ: Նա պար­տա­ւոր է ժամանակ առ ժա­մա­նակ իր հուժկու, ջլուտ ձեռքերին ու մատներին հանգստութիւն տալ գրիչ բռնելով:

Գագիկ  Կարապետեանի  «Յոյզերի խաչմերուկ»  գրքի  բանաստեղծու­թիւնների բաժինը վեց ենթավերնագրեր ունի: Առաջինի անուանումն է` ԽՈՀԵՐԳՈՒԹԻՒՆ: Այս բաժնի բանաստեղծութիւնների հիմնական թե­ման կարօտն է, ու`ոչ յաճախ` նաեւ հիասթափութիւնը: Բանաստեղծն հիմ­նա­կանում ամէն ինչ տեսնում է մթութեան մէջ, խաւարում: Մուգ գոյները թագա­ւորում են ամէնուր: Մէկ երկնքից ընկած ասուպն է սիրտը կոտրում, մէկ ցաքու­ցրիւ ձիւն է իջնում մազերին, ու, մէկ էլ` սիրտն է սառոյց կապում աչքի առջեւ բերելով  Գուգոյի կնոջ սառած մարմինը:

Մաղւում է ձիւնը դանդաղ
Հալւում օրերիս նման,
Անվերադարձ կեանքն անցաւ,
Կորաւ հողմերի նման
Սիրտս`սառոյցի է նման:

Այո՜կարօտ, կարօտներ` հենց այդպէս` յոգնակի, կարծես աշխարհի դարդ ու  ցաւը իրեն են տուել: ԿԱՐՕՏԸ իր յաւիտենական ընկերն է դարձել: Բանաստեղծի հոգին բանի նման չէ, այն «աւերուած անտառ է դարձել».

Իմ հոգին քամուց մոլեգին
Աւերուած անտառ է դարձել,
Այդ ցաւից ու վախից մոլագար
Սիրտս մեծ ճաքեր է տուել:

Մռայլ , թանձր խաւարում խարխափող նրա ճաք տուած սիրտը կարող է փոքր ինչ հանդարտուել աչքերից հոսող արցունքի ծովում.

Այժմ էլ սպիներն անճոռնի
Գամել են ինձ ճահճում անանց
Ինձ հնար էլ չկայ դուրս գալու
     Դեռ ինչքա~ն, ինչքա~ն եմ լալու:

Գագիկ Կարապետեանի բանաստեղծութիւնների երկրորդ բաժնի անուանումն է` ԴՈՒ ԱՌԱՆՑ ԻՆՁ, ԵՍ`ԱՌԱՆՑ ՔԵԶ: Այստեղ արդէն փոքր ինչ լաւատեսութիւն կայ: Սէրն է մէջտեղ ելել, որին պէտք է գուրգուրել, իսկական սէրը բաժանումից` իրօք որ աւելի է թեժանում:

   Ես`առանց քեզ, դու` առանց ինձ
           Բայց սէր իմ,  սէրը հեշտ չի պարտւում
Սէրն իսկական` բաժանումից
Է՜լ աւելի է թեժանում:

Յաջորդ երկու բաժիններում (ՍԻՐՈՅ ԳԱՐՈՒՆ,  ՍԻՐՈՅ ԱՇՈՒՆ) Սէրն է թեւա­ծում գարնան եւ աշնան գոյներով: Եթէ գարնանը նոր սէր է ծնւում, ապա աշնանը այն նորոգւում է,  թարմանում, որպէսզի գալիք գարնանը նորովի, փթթի ու ծաղկի նոր սիրոյ հազարագոյն ծաղիկներով: Կա՞յ մի բանաս­տեղծ, որ մշտանորոգ սիրով  բոցավառուած, հրաշք տողեր չը նուիրի իր սիրեցեալին: Առաջին սէրն է մնայուն, մնացեալ սէրերը, ըստ Գագիկ Կարապետեանի  երկ­րա­շարժ (ժաժք) են առաջացնում մարդու հոգում ու նրան մղում մաքուր, ազնիւ գործերի իրականացմանը:  Յիշենք թէ ինչ է ասել Պարոյր Սեւակը սիրոյ մասին.

 ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ:

Իրաւ բանաստեղծը չի կարող չբոցավառուել ոչ մարմնային սէրերով: Մի գեղեցկուհու հմայքով տարուելը` ինքնին արդէն մի բանաստեղ­ծու­թիւն է: Ուրեմն պիտի ընդունել, որ Սէրը Աստծոյ կողմից մեզ պար­գեւուած:ամէնից հաճելի, ամէնից երանելի հաճոյքն է: Ըստ արժանւոյն գնահատելով Գագիկ Կարապետեաբի` սիրոյն նուիրուած բանաստեղ­ծու­թիւն­ները, սփիւռքահայ աւելի քան յայտնի արձակագիր Ռոպէր Հատ­տէճեանը  գրում է.

   –  Գագիկ Կարապետեանի բանաստեղծութիւնները կը ջերմացնեն մեր սիրտը, մեզի անգամ մը եւս կը սիրեցնեն սէրը, մեզի կը բացատրեն, թէ սիրոյ յաճախանքը այն կրակն է, որ միշտ տաքուկ կը պահէ հոգիին հնոցը:

Իսկ որքա~ն սէրեր է տեսել ու տեսնում մեր Գագիկը` մասնա­գիտու­թեան բերումով, որի շնորհիւ, տարուէ-տարի  նոր գոյն, նոր տեսք է ստանում նրա սիրոյ ներկապընակը:

Սէ~ր, սէ~ր, սէ~ր,- այո կայ, կա՜ միշտ, բայց դրա կողքին կայ մարդկային վիշտ ու ցաւ: Բանաստեղծի հոգին  ու սիրտը խաղաղ չեն,  որով­հետեւ իր շուրջը ամէն ինչ մնայուն վիշտ է ու ցաւ:                                      

Գիշերն աննկատ, գիշերը տխուր
Անցնում է, գնում
Ցաւը լցուել է իմ շուրջը նորից
Ու չի հեռանում:

Իսկ ո՞վ պիտի հեռացնի բանաստեղծի շուրջը լցուած ցաւն ու յիշողութիւնը`եթէ ոչ նրա մնայուն առաջին սէրը` Կարինէն..

 Դու մինուճար, իմ միակ սէր,
          Հարսնեծաղիկ, կապոյտ նեկտար
Լցրիր հոգիս հոյս ու կրակ
       Մութ օրերս թեւերիդ առ (ար):

Բաւական առատ է Գագիկ Կարապետեանի արձակ գործերի ցանկը: Բացի մի քանի ծաւալուն պատմուածք-նովելներից, քիչ չեն առօրեայ կեանքից վերցուած մանրապատումները: Այդ ամէնը կարդալուց յետոյ, վերադառնալով բանաստեղծ Կարապետեանին, համոզուեցի, որ նա մտա­ծում է արձակ մտածողութեամբ, բայց ասելիքը թղթին է յանձնում չափածոյի տեսքով: Այդ պատճառով էլ նրա բանաստեղծութիւնները չափազանց դիւրին է ընթերցելը: Ամէն ինչ, ամէն մի միտք կամ պարբերութիւն  ընթերցւում է արձակի պէս: Շատ անգամ հանգ – մանգ էլ չկայ, մի երեւոյթ, որ բնական է դիտւում մեր շատ բանաստեղծների մօտ:

Վերադառնալով բանաստեղծի արձակին, աներկբայ կարող եմ ասել, որ արձակագիր Գագիկ Կարապետեանը բնաւ էլ չի զիջում բանաստեղծ Գագիկին:

 Արձակ գործերի մէջ գլուխ-գործոց է «Գուգոն» նովէլը, որը իւրաքան­չիւր ընթերցողի մօտ առաջ է բերում հոգեկան ԺԱԺՔ-ԵՐԿՐԱՇԱՐԺ: «Գուգոն» նովէլը իրական պատ­մու­թիւն է, որն իր մէջ է խտացրել երկրաշարժի արդիւն­քում տասնեակ հազարաւոր զոհերի ողբերգութիւնը:

Սովորաբար ,գիւմրեցիք հումորով են լինում, սակայն հումորը Գագիկի համար չէ: Նրա այս գրքի «Յոյզերի խաչմերուկ» անուանումն արդէն վկան է մեր ասածի: Աւետիք Իսահակեանն էլ է գիւմրեցի  Որքան ինձ յայտնի է, նա էլ հումորից «թոյլ» է եղել

Գագիկ Կարապետեանի այս գրքում կան հետաքրքիր նոր բառեր ու բառակապակցութիւններ, որոնք չվրիպեցին իմ աչքից: Ահա դրանցից մի քանի­սը.- ՄԱՇՈՒԱԾ ԿՈՊԵՐ, ՁՄԵՌԸ ՊԱՏԵԼ ԷՐ ՀՈԳԻՆ, ՍԻՐՏԸ ԿՆՃԻՌՆԵՐ ՉՈՒՆԻ, ԳԵՐՈՒԱԾ ՀՈԳԻ, ՏԱՔ ԱՉՔԵՐԻ ՀԱՐՈՒԱԾ, եւն:

Ի վերջոյ, Գագիկ Կարապետեանը իր այս գրքով Հայ Գրականութեան մէջ ցանել է առողջ սերմեր, որոնց հիւթալի ու ախորժաբեր մրգերը զարդարում են Հայ Գրականու­թեան ճոխ սեղանը:

(Զգալի յապաւումներով)

13 Յուլիս, 2022
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ