Հինգշաբթի, Մարտ 28, 2024

Շաբաթաթերթ

Դէպի Հեթանոս Ու Քրիստոնեայ  Տաճարներ

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

՝՝Ու  կարծեցիք  թէ  ջնջեցիք  դուք  մեր հետքերը բոլոր,

Խեղդեցի՞ք ձայնը չորս հազար ամեայ  հայոց պատմութեան,

Խելագարներ , ամէն մի ճամբայ եւ ամէն ափ հող, մեր

Ոտնահետքն է պահում իր վրայ,  հետքը մեր մուրճի՝ 

իւրաքանչիւր քար որ վէպ է, վիպերգ, հերոսերգութիւն՝՝

                                                                                                                                  Մամուլի հրապարակումից

Երեւանի Նոր, ՝՝Նորքի Զանգուած՝՝ -ի բնակելի թաղամասի  պողոտաներով գնում ենք տաճարներ, խոնարհելու հայու արարման իմաստութեանը, աղօթելու ուժին, լոյսին, աղօթելու տիեզերական սիրոյ բարութեանը:  Մայր ոստանի թիկունկքի սարահարթում  ՝՝Նոր Նորք՝՝-ը ինքը  մի քաղաք է իր բոլոր կառոյցներով՝ գործարաններ, շուկաներ, խանութներ, բարձրայարկ շէնքեր, ծառազարդ ճամբաներ, կանաչ բակերում որթատունկերից ժպտացող խաղող, քայլող մարդիկ,  կեանքի հեւքի աղմուկ:  Բնակելի շէնքերն են գրկել Ջրվէժ գիւղը, որը խեղճացած մնացել է մի կտոր այգիների մէջ: Մեր նախնիների հին բնակավայրերից է Ջրվէժը, հինգերորդ դարից է այն յիշատակւում: Նրա մօտակայքի պեղումներից բացուել է մեր թուարկութեան Զ, Է դարերի եկեղեցի: Այդ բարձրադիր տեղանքում գետ չկայ, որ նրա բարձունքից ջուր ՝՝վիժ՝՝էր ու բնակավայրը ՝՝Ջրվէժ՝՝ կոչուէր: Ընդհակառակը, պատմում էին, որ սակաւ ջրի պատճառով բնակիչների միջեւ յաճախակի վէճեր էին եղել ,  բնակավայրն էլ կոչուել  է ՝՝Ջրվէճ՝ ջուրի վէճ:

Ինքնաշարժը բարձրանում է դէպի կանաչ բլուրներ: Աջին, երեւանցիների ամառանոցներն են, իւրաքանչիւրը՝ ճարտարապետական սիրուն կառոյց, որոնց ճակատներին պտղատու ծառերը կանաչ էին փռել:  խնձորենիները թեւերնին հողին էի խոնարհել:  Միշտ եւ միշտ , երբ բերքով  քօղուած ծառ եմ տեսնում, հոգիս տրոփում է խինդից, հոգիս տենչում է գրկել իմ հայրենի գիւղի ծիրանենին, նռնենին, նորաշխարհենին, նարնջենին, ձիթենին, արեւին ժպտացող մեր կալի հաստաբուն թզենին: Նախնեաց ծառի պաշտամունքը՝ որպէս մայրութեան, պտղաբերութեան եւ նաեւ որպէս կենաց խորհրդանիշ, փառաբանւում էին հեքիաթային գարնան տօների ժամանակ:  Թուրքը, իր սովորութեան համաձայն, բերքը հաւաքելու համար, արդեօք կոտրե՞լ է նաեւ  Լագգըս-Սարգիս ապու- պապիս մեծացրած ծառերը: Արմին բանաստեղծը կոչել էր՝ ՝ Ես այս ծառը տնկեցի որպէս խաչեր նախնիներիս՝՝:

Մտնում կանաչ բլուրի լանջեր, եղեւնիներն են բարձրացել արեւին հպելու, թփերն են կանաչ հոսում հողին: Կանաչ, արեւի լոյսն այնտեղից տիեզերական առեղծուածի մայրացման խորհուրդ է արարում, այնտեղից կեանքի աղբիւր թթուածին է ծորում: Ընդարձակ է լանջի կանաչը, ազգային զբօսայգի է, հայերի ճեմավայրն է լինելու, որտեղ կանաչ սրտերով տղաներ ու աղջիկներ սիրոյ խրախճանքի հովերն են վայելելու: Ասում են, բլուրի գագաթին Գեղամայ ծովի փոքրիկ կրկնօրինակն է, խողովակներով ջուր է հոսում այնտեղ, որ միշտ ծփար: 

Բլուրի գագաթին հասել, բացում ինքնաշարժի պատուհանիկը, որ հեռուն փռուած մայր ոստանի լոյսի շողերը սրտիս յորդէին, հեռուից էլ այն սիրուն է: Ճանապարհն է իջնում լանջն ի վար, աջին կամար է, Չարենցի կամարն է: Չարենց, Վարուժանի հետ հայոց բանաստեղծութեան ուժի պոռթկումի շանթի լոյն է: Ինք, շատ իմաստուն հայեր չգիտակցեցին այդ նոր գաղափարախօսութեան յորձանքի աւերիչ ուժը: Զինուորագրուեց այդ քանդումին,   բանաստեղծական ուժի յորձանքի իմաստութեամբ: Ռուսաստանում այդ աւերիչ արշաւը իր ծով հոգին ընկալել էր որպէս ՝՝Մարդկային նոր այգաբաց՝՝, այն տեսել ՝՝Նայիրեան երկրի վերածնման ճանապարհ՝՝: Փլում էին երկիրը, որ նրա փլատակներում նորը կառուցէին: Իր հանճարը ինչպիսի բանաստեղծական պոռթկումի պոէմներ է արարել՝ ՝՝Սոմա՝՝, սրբազան կրակի ու ազատութեան աստուածուհու մրրկային երգը, ՝՝Ամբոխները խելագարուած՝՝, ազատութեան մարտերի արշաւի հերոսական պատումի ասքը: Աստղերից քաղած իր բանաստեղծութեան կրակը ուրիշի յեղափոխական պայթումին հորդեց: Իր ՝՝Ողջակիզուող՝՝, ՝՝Ամենապոէմ՝՝, ՝՝Բոլորին, Բոլորին, Բոլորին՝՝, ՝՝Խմբապետ Շաւարշ՝՝, ՝՝Չարենց Նամէ՝՝ պոէմներով, նոր գաղափարութեան մրրկահաւի երգն էր: Ինչու այդ կրակից չպայթեց հայոց հին աստուածների տիեզերական խորհուրդ- խորինը, Սասունցի Դաւիթը, արքաները հայոց, քաջերը հայոց, երեւի ժամն էր այդպէս, ափսոս:

Սակայն Չարենց երգեց իր Հայաստան երկրի գովքը, հայկական քերթողութեան Արարատի սպիտակ ձիւնագագաթը,՝՝Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բարն եմ սիրում՝՝ բանաստեղծութեան սիրերգը, իր ՝՝Եարը՝՝, ցեղին սրտի ոգին, հայոց պաշտամունքը, երեւի չիք նմանը համաշխարհային քերթողութիւնում: Բանաստեղծի հոգու կտակն է  հայու սրբութիւն՝ Արարատը, հայոց աշխարհը, Նարեկացու աղօթքի աղերսը: ՝՝Երկիր Նայիրին՝՝, իր ժողովուրդի ողբերգական վիճակի ցաւի տառապանքն է: Վարդանման կարմիր այս տղայի հանճարի լոյսը վառեց իր նախնիների ու նրանց արարումների  գովերգման երգեր՝ ՝՝Վահագն՝՝ պոէմը: Այն, ուժի փառաբանման շեփոր է:

Եւ յեղափոխութեան մրրկահաւ այս տղան, դեռ քառասուն հէքիաթային գարուններ չբոլորած, տարան  իրենց մութ նկուղներ, թուղթ չտուեցին որ գրէր, պատերին թողեց իր հանճարի լոյսը: Յեղափոխութի՞ւն, թէ պետական հարուածի յեղաշրջում, քանդեցին ռուսի երկիրը, մարեցին իմաստուն հանճարների արեւ, մտացածին յանցանքներով կալանուած  միլիոնների երազներ մարեցին: Սպաննեցին Չարենցին, սպաննեցին բանաստեղծութեան արարման խորհուրդ, գերեզման չտուին նրան: Շիրազի վարդերի բիւրով բանաստեղծ Շիրազը, Արարատ էր ուզում բարձրանալ, որ տապանաքար բերէր նրա շիրիմին, որտե՞ղ դնէր այն: Հայոց  երկիր դեռ պիտի Չարենցներ, Ակսելներ, Թոթովենցներ, Շիրազներ, Տէրեաններ,  Րաֆֆիներ, Զոհրապներ, Վարուժաններ, Սիամանթօներ, Զապելներ, Սեւակներ իրենց արիական ցեղի փառքին նարկիզներ պիտի փռեն: Կամարի դիմաց  ընդարձակ հանդակ է՝ արգելոց, վայրը այն հազուագիւտ, որտեղ աճում է մէկ հատիկանի ցորեն: Հայոց աշխարհն է մարդկանց հանապազօրեայ հացի հայրենիքը, չէ՞ որ այնտեղ է Աստուած արարել  դրախտը, չէ՞ որ հացն է Նրա պարգեւը մարդուն: 1930-ական թուականներին, Ռուսաստանի գիւղատնտեսական հետազօտական հաստատութեան ղեկավար՝ ակադեմիկոս Տիմիրզաեւը այցելել էր այդտեղ տեսնելու փոքրիկ գլխիկներով ցորենի հասկերը, բացականչել՝ ՝՝Այս հրաշք է՝՝:

Գնում ենք Կոտայքի մարզպետութեան ճանապարհներով: Այս տեղանունը ցեղախօսական ծագում ունի, առնչուած Հայ ցեղի մի տոհմի հետ: Հայ արշակունիների ժամանակ, եղել է արքաների կալուած, իսկ հետագայում՝ Պահլաւունիների, Զաքարեանների, Օրբելեանների, Խաղբակեանների տիրոյթները: Ողջաբերդն է փռուել ճանապարհի աջ ու ահեակ լանջերին: Ընկուզենիները խոշոր, մէջքերնին ծռել էին իրենց իսկ արարած բերքի տակ: Ընկոյզները թօթափել էին իրենց կանաչ շապիկները, հասունացել էին արդէն: Համով է ծառից քաղած ընկոյզը, աւելի համով է երբ քարով ջարդում ես, թաց միջուկն է սպիտակ ժպտում: Աշնանը, այստեղ գալիս էինք ընկոյզ գնելու: Ճանապարհի եզրերին՝ դարձեալ դոյլերով, արկղներով մրգեր, ՝՝Մալաչա՝՝ տանձ՝ հիւթեղ ու մեղրահամ: Աշխարհ անցիր, Գառնի այդ կողմերի նման տանձ չիք , երեւի այնտեղ յորդելու է հայոց մեհենական ու նոր հաւատքի լոյսի եւ Հայ շինականների աղօթքի բոյրը:

Երթի ճանապարհին Գեղադիրն  է լերան լանջին փռուել: Փայտէ ճկուած յենարանները հազիւ էին կարողացել խնձորենիների կքած թեւերը պահել: Արեւն իր կրակ վարսերի լոյսն էր իջել նրանց վրայ, նրա հուրից շիկնած ժպտում էին: Ինձ ուղեկցող բարեկամս կանչում էր՝ ծիրան, իսկապէս դոյլում ծիրան էր, մանր, սակայն իսկական կրակափայլ ծիրան: Ապշած նայում էի ծիրաններին, աշնանը ծիրան ո՞րտեղից, ինչպէս պիտի ասէր ՝՝Տէրն ու Ծառան՝՝ վիպակի Թաթոս Աղան՝ ՝՝Այս աշնանը կկու որտեղից՝՝: Շինականը ժպտում էր, բացատրում, որ իրենց պարտէզներում աշնանը ծիրան է հասունանում, քաղաքից այստեղ գալիս ծիրան տանելու: ՝՝Ո՞ւր էք երկրից փախել՝՝ ասում էր, գործարան չկայ, սակայն հող կայ, խնամիր նրան, ջերմացրու քրտինքովդ, մայրութիւն կանի քեզ, կը կերակրի մանչերիդ:

Երբ բլուրի գագաթին էինք, մեր առաջ փռուել էր ընդարձակ շէն, պարտէզներ, որտեղ ծառերը իրենց ափերի վրայ պահել տները: Իսկ այնտեղ՝ ձորի պռունկին, յաղթ կանգնել էր սիւնաշարերով տանիքը պահած մեր նախնիներ՝ Արմին-Հայ հեթանոսների տաճարը: Գառնին է այն: Գառնի գիւղն է, որին մինչեւ 1935 թուականներին Բաշ-Գառնի էին անուանել:  Գեղամայ լեռնաշղթայի Գեղասար գագաթի լանջերն էին գրկել նրան: 1679 թուականին երկրաշարժը աւերել էր գիւղը, ամայացել էր այն:

Այստեղից էր, որ 1921 թուականի Փետրուարի 18-ին , Գառնեցի Մարտիրոս Աբրահամեանը,Գառնիի ու Կոտայքի շրջանների  շինականների վաշտերը, իր օգնականներ յիսնապետ՝ Խնկօ Ասատրեանի եւ Արտուշ Քոչարեանի հետ մարտի էր առաջնորդել դէպի մայրաքաղաք, տապալել երկրում ահ ու սարսափ բերած Պոլշեւիկների իշխանութիւնը: Արդե՞օք, այն իրօք ժողովրդական ըմբոստութիւն էր, թէ՞ երկրի կառավարումը Պոլշեւիկներին յանձնած նախկին իշխանութեան յեղաշրջում: Նրա գոյատեւման ժամանակահատուածում, առանց Հայաստանի որեւէ ներկայացուցիչի մասնակցութեան, Մոսկուայում հրեայ պոլշեւիկները, Մարտի 16-ին, Հայաստանին նոր սահմաններ պարտադրել: Գողթան երգիչների աշխարհը՝ Նոյի իջեւանած հայերի Նախիջեւանը, հայոց ոգեղէն խորհուրդի քարեղէն սիրտ Արարատը, միջնադարեան վերածնունդի քաղաքակրթութեան օրրան Անին, ամբողջ արեւմտեան կողմն հայոց աշխարհի: թուրքին տուել, հայոց Արցախ աշխարհը՝ թաթարին, նորէն ափսոս, պատմութեան բաւիղներում շատ անգամ դաւել են Արմին-Հայերին: Բզկտուած, ողբի ու գաղթականների հայրենի երկրում իշխանութեանը վերատիրանալու համար, քաղաքացիական կռիւ  բորբոքել, կարմիր բանակի օգնութեամբ ու Թիֆլիսից սաւառնակով ուղարկուած քառասուն եօթ քիլոկրամ ոսկու օժանդակութեամբ, Ապրիկի 3-ին նորից տիրացել իշխանութեանը: Հայոց  երկրին սեւ օրեր բերած ՝՝չեկիստ՝՝ Աթարբեկեանը պիտի հաղորդէր Լենինին՝  ՝՝Արեւմտահայ գաղթականների կողմից հրահրուած խռովութիւնը ճնշուած է՝՝: Դարձեալ ինչքան հայու արիւն հեղուեց, ափսոս: Գառնեցի Մարտիրոսը որպէս վաշտապետ, նախկինում մասնակցած եղել Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան մարտերին, առաջինը՝ որպէս ռուսական զօրքի առաջապահ մտել Մուշ, պարգեւատրուած Գէորգեւեան 1, 2, 3 րդ աստիճանների շքանշաններով: Մասնակցել էր նաեւ Բաշ-Ապարանի ճակամարտին, վճռական դերակատարութիւն ունեցել Հայաստանը թուրքական տարրերից մաքրելու գործին: Մարտիրոսի թոռ գառնեցի Դերենիկը (Ատոմ) իր պապի մարտական ոգու հուրը սրտում, մասնակցել Արցախի ազատագրական կռիւներին … ափսոս, զոհուել է:

Այդ օրերին էր՝ Մարտի 16-ին, որ Մոսկովում հրեայ Պոլշեւիկները թուրքի հետ բարեկամութեան դաշնագիր էին կնքում, թուրքի երկիրն էր փրկելու իրենց ցեղակից Քէմալը: Զէնք, ոսկի տուին նրան, որ բզկտէր հայոց երկիրը, ծովամոյն անէր յոյներին: Առանց տիրոջ մասնակցութեան սահմաններ գծեցին, հայոց լինելիութեան յաւերժութիւնը պատգամող հողը, շէները, տաճարները, վշտից հրաբխացած քարէ սիրտը տուին թուրքին, հայոց մշակոյթի լոյսով ծաղկած Նախիջեւանը տուին թաթարների խնամակալութեանը՝ պայմանաւ որ այն չզիջէին երկրորդ կողմին՝ իմա հայերին: Թաթարները 1924 թուականին այն հռչակեցին Ազրպէյճանի կազմում որպէս՝ ինքնավար հանրապետութիւն: Տապալուած կառավարութեան արտաքին գործերի նախարարը յուշագիր էր տարել այդ ժողովին, չէին թողել մասնակցէր, իսկ յեղաշրջուած երկրի արտաքին գործերի հայազգի փոխ նախարարը, այն թաքցրել ու չէր ներկայացրել ժողովի քննարկմանը: Այդ կարմիր ժանտը մարել էր բազում իմաստուն հայերի սրտերում իրենց ցեղի ոգու հուրը, եւ նրանցից որեւէ մէկը իր ազգին օգուտ բերե՞լ էր արդեօք, եւ ինչ էր նրանց հայոց բանաստեղծ Գամար Քաթիպան, եթէ ոչ միայն թքէր նրանց ճակատներին:

Բերդի քարէ կամարակապ դարպասով ներս մտնում, այստեղից էին անցել հայոց արքաներ, իշխաններ, նախարարներ լոյսին աղօթքը բարձրաձայնել, տաճարի քուրմերի շարականների ոգու հուրն է իջնում սրտիս, ափսոս որ ինձ շնորհուած չի եղել լինելիութեանս ընթացքում, զինուոր լինել հայոց կռուին, ինչպէս իմ տասնըութ տարեկան լեգէոնական կապորալ Արմենակ հայրս կամաւորագրուել նրան, զէնք շաչել թշնամուն:

Գառնի ամրոց, ըստ մեր թուարկութեան ԺԴ դարի մի ձեռագրի, այն հիմնադրուել է մ.թ.ա. 2166 թուականին: Իսկ հայոց պատմահայր Խորենացին վկայել է, որ այն հիմնադրած եղել Հայկ Նահապետի թոռ՝ Ամասիայի որդի, Գեղամը, որի թոռ Գառնիկի անունով անուանուել Գառնի: Սակայն, ըստ այլ վկայութիւնների, այն հիմնադրուած եղել մ.թ.ա. երրորդ դարում, որին տիրել էին հռովմէացիները: Առաջին դարի եօթանասուն եօթ թուականին, այն վերաշինել է Արշակունիների հարստութեան հիմնադիր՝ Տրդատ Ա. Արշակունի թագաւորը: Տրդատ Գ. Մեծի գահակալութեան տարիներին, ամրոցի տարածքում կառուցել էին նոր շինութիւններ, որոնցից է գունաւոր խճաքանդակ – յատակով բաղնիքը: Մինչեւ Արշակունեաց հարստութեան անկումը՝ 428 թուականին, Գառնին եղել է արքունական ամառանոց, որը յետագայում, որպէս անմատչելի զօրակայան, անցել Զաքարեան, Պռոշեան իշխանական տների ենթակայութեանը: Հայկազուն Արտաշէսեանների ու Արշակունիների օրօք նաեւ եղել զօրակայան:

Մ.Թ. ԺԶ-ժԷ դարերին, Գառնի բնակավայրը ենթարկուել է թուրք ու մոնղոլ-թաթարների ասպատակութիւններին: Մ.թ. ԺԶ դարին պարսից Շահ-Աբաս Ա-ի հրամանով, տեղահանուել էր նաեւ Գառնիի բնակչութիւնը, նոյն  թուականին աւերուել ու ամայացուել թաթարական զօրագնդերի կողից: Ամրոցը քանդուել է 1679 թուականի երկրաշարժից: 1828-30 թուականների Ռուս-Պարսկական պատերազմին, Մակուից գաղթած  ու Դաւալու, այժմեան Արարատ քաղաք, հաստատուած անհնազանդ բնակիչներին ցարական իշխանութիւնները նրանց աքսորել էին անմարդաբնակ Գառնի, որտեղ յետագայում այնտեղ բնակութիւն հաստատած եղել էին նաեւ այլ բնակավայրերի բնակիչներ, հիմք հանդիսանալով ներկայիս բնիկ համարուող տոհմերին:

Իմ նախնիների արիական ոգին գրկած, ակներս նրա լոյսով վառարուած քայլում եմ դէպի սիւնազարդ մեհեան, այն մութ խուց չէ, այնտեղ արեւ է, լոյս է: Արեւի, լոյսի, արդարութեան, ճշմարտութեան Միհր աստուծոյ տաճարն է այն, հազարամեակներ առաջ, արմէնները նրա պաշտամունքն էին արարել, Պահլաւները այն տարել էին իրենց երկրում ճշմարտութիւն ճառագելու: Արմէնների տիեզերական բազում հեթանոս տաճարներից միակ կանգուն մնացել Միհրի տաճարը, այն աւերուել էր հազար վեցհարիւրականների երկրաշաժից: Գրիգոր դարձած Սուրէնը այն չէր կործանել, յունական Եփեսոսի տաճարի արտաքին տեսքին նման եղած լինելու ենթադրութեան հետեւանքով: Սակայն, Հայ իմաստուն գիտնական, բանաստեղծ՝ Արթուր Արմէնը, իր խոհուն մտքով թափանցելով տաճարի ստեղծագործութեան խորհուրդին, եզրակացրել, որ նրա կառուցուածքային բաղադրամասերը՝ սիւներ, աստիճաններ, հարթակներ, քանդակներ ներկայացնում են տիեզերական համակարգի կառոյցը:

Արեւագալին, Միհրն է իջնում իր լոյսով ատրուշանի կրակը վառելու: Բարձրանում եմ նրա քարէ աստիճաններով, գրկում սիւները, որ հայոց հին աստուածների իմաստութեան խորհուրդը հոսի սրտիս: Մօտենում  եմ ատրուշանին, մոխիր եմ ափով վերցնում, որ կրակ փնտռեմ այնտեղ, որ նրա ոգու ջերմով  հոգիս այրեմ իմ նախնիների հաւատքով: Ակներս գոցում եմ, որ գրկեմ բնութեան պաշտամունքը, արեւին,  լոյսին այստեղ աղօթած բնապաշտ քուրմերին: Գրկում եմ լոյսից շիկացած ատրուշանի քարերը, աղօթում բնութեան արարչութեանը, հայոց երկրի հողի յաւերժութեանը: Այդ ի՞նչպէս  եղաւ, որ հազարամեակներ լոյսին, ուժին, կեանքի փառաբանմանը, բնութեան արարչութեանը աղօթող արիացին լքեց իր հին աստուածների իմաստութիւնը, խաւարեց իր հոգում ուժի պաշտամունքը,  տանուլ տուեց իր հողը եւ միայն շնորհիւ  իր լեռներում իջած տիեզերական կենսուժին՝ շարունակում ճեմել մոլորակի պատմութեան բաւիղներում: 

Իրենց արիական ցեղի սրտի արեան կանչով տղաներ, այս մեհեանի հրապարակում տօնախմբում են իրենց նախնիների կենսատու լոյսի, բարութեան, ճշմարտութեան արեգակ աստուած՝ Միհրի լոյսի փառաբանումը, պատերազմի, քաջութեան, յաղթանակի աստուած Վահագնի բոցեղէն ծնունդը: Մայրութեան, զգաստութեան, պտղաբերութեան, արգասաւորման դիցուհի Անահիտի գարունը, հայոց սիրոյ ու գեղեցկութեան դիցուհի Աստղիկի ու Վահագնի ամուսնութեան դիւթանքը: Իմաստութեան եւ ողջախոհութեան դիցուհի Նանէի՝ հողի, տան, ծուխ-ծխանի ոգու գովերգումը: Տիրի՝ դպրութեան, պերճախօսութեան, գիտութիւնների ու արուեստների, աստուածների ատենադպիր, մարդկանց ճակատագրերը գուշակող, երազների մեկնաբան ու նրանց չարի ու բարիի գործերը արձանագրողի տօնախմբումը: Հիւրընկալութեան աստուած Վանատուրն էր իր հիւղակների դռները բացած կանչում անցորդներին: Նար Ծովինարն էր՝ ի նշան մաքրութեան, ջուր ցանում անցորդների վրայ: Արի, իմաստուն, ամենազօր Արամազդն է իր դուստրեր՝ Անահիտի, Աստղիկի, Նանէի, Նար Ծովինարի, որդիներ՝ Վահագնի, Տիրի, Միհրի, Սանդարամետի, Վանատուրի, Ամանորի հետ տաճարի աստիճաններից իջնում տիեզերական պաշտամունքի իմաստութիւնը ցօղելու հայերի սրտերին, հայոց հողին, ցնծում է հրապարակը, կարմիր  հրճուանքի հրավառութիւն է այնտեղ, երգում են Վահագնի ծնունդը, իրենց աստուածների փառաբանման գողթան երգերը:

Հազար տարիներ  յետոյ էլ հայոց սրտերում չհանգաւ իրենց մայրութեան դիցուհի՝ Անահիտի պաշտամունքը եւ նոր հաւատքի սրբացած իմաստուններ՝ Նարեկացի, Շնորհալի արեւագալին, մայր Դիցուհի Անահիտի փառաբանմանը շարականներ յօրինել: Տաճարի սիւները գրկած՝ Հայ նոր քուրմեր արեւագալի ու Անահիտին ձօնուած շարականներն էին խմբերգում, ժողովուրդն էր ձայնակցում, ձորն ու լեռներն էին արձագանգում, ո՞ւր ես հասել Արմէն-Հայ, առի քո հին ու նոր տաճարներ, որ քու ցեղի սրտին նրանց օրհնութիւնը հոսի: Պահլաւը, Պարսիկը, Հինտուն իրենց երկիր տարան քու աստուածներին, իսկ դու սպաննեցիր նրանց, կործանեցիր նրանց մեհեանները, ուրացար քու հին տոհմի հաւատքը եւ տանուլ տուեցիր քեզ ու քու օրրանը:                                                                                          

Այս տաճարը կառուցուել է մ.թ. առաջին դարի երկրորդ կէսի 77 թուականներին՝ ամրոցի վերակառուցման շրջանում: Եղել է Տրդատ Գ. թագաւորի քրոջ Խոսրովադուխտի ամառանոցային սենեակը, կործանուել է մ.թ. 1679 թուականի երկրաշարժի ժամանակ: 1909-1911 թուականներին Նիկողայոս Մառը պեղումներ է կատարել , բացել տաճարի աւերակները: 1959-1974 թուականներին վերականգնուել է նրա սկզբնական տեսքը, ճարտարապետը եղել Սահինեանը:

Հեթանոս՝ այլադաւան, նախաքրիստոնէական ու ոչ քրիստոնէական բազմաստուած կրօնների ընդհանուր անուանումն է, որը ասորական htnos, hetnos բառերից է ծագել: Այն գիտական բովանդակութիւն չունի: Քրիստոնեայ  հեղինակները հեթանոսութիւնը անմտօրէն որակել որպէս վայրենութիւն, անբարեացակամ վերաբերմունք դրսեւորել նախաքրիստոնէական պաշտամունքների հանդէպ: Հայկական կրօնագիտութիւնը, հայոց նախաքրիստոնէական մարդակերպ աստուածների կրօնը անուանել հեթանոսութիւն: Աստուծոյ որդի՝ Քրիստոսը, մարդ չէ՞ր, արդե՞օք Աստուած մարդը չէ՞ր ստեղծել իր իսկ պատկերով . . . :

Հեթանոսութիւն, այն մեր Արմէն նախնիների բնապաշտութեան ՝՝կրօնք՝՝ն է եղել, որոնք հազարամեակներ փառաբանել էին բնութեան տիեզերական խորհուրդը, այն հայոց  պատմութեան ու իմացութեան փառաւոր էջերն են, որի մեհեաններում  իրենց արիական ցեղի մշակոյթի իմաստաւորումն արարուել: Եօղունօլուգցի Հայկազուն-Տէր Աբրահամն է իմ հայրենի Մուսա Լերան այդ գիւղի Ս. Աստուածածին քարաշէն  եկեղեցու պատին փորուած քարէ աւազանիկում, Պօղոս պապիս անունով մկրտել ինձ՝ որպէս քրիստոնեայ Հայ: Ոչ ոք իրաւունք ունի ինձ հեթանոս կոչել,  իմ նախնիների պաշտամունքը հանդուրժելու, նրա խորհուրդը փառաբանելու, բնապաշտ լինելուս համար: Այն, օտար երկրի վարդապետների, կրօնք չէր եղել, հազարամեակներով Արրատացի, Նայիրիցի, Հայասացի,  Արմինայի հայերի բնութեան պաշտամունքի տիեզերական հաւատամքն էր եղել: Այն վայրենի չէր, բնութեան առեղծուածներ՝ լոյսի, արեւի, երկնքի, կրակի, ջրի, ծառի, ծաղիկի, սիրոյ, մայրութեան, դպրութեան, հիւրընկալութեան, ուժի երկրպագութեան պաշտամունքն էր եղել:  Եթէ Աստուծոյ  Որդի՝ վարդապետի, սիրոյ, խաղաղութեան նոր հաւատքը իր բնականոն տարածմամբ հասնէր հայոց աշխարհ, այն ընկալէին հանդուրժողաբար եւ շարունակէին հանդուրժել նաեւ իրենց հին աստուածների իմաստութիւնը, ուժի պաշտամունքը, ապա համայն Հայ աշխարհը կը դիմաւորէր նրան՝ փոքր ու մեծ Հայքերով, հայոց մեհեանները կը խօսէին: Հայոց ՝՝թագաւոր՝՝-ը այդ վարդապետը չէ, մեր Հայկ Նահապետի ու նրա ոգին է մեր թագաւորը: Ին՞չ է, մինչեւ 301- ը Արմէն-Հայ չէի՞նք, ի՞նչ է, հաւա՞տքն է բնորոշում ազգի պատկանելիութիւնը, թէ՞ցեղի առեղծուածին ոգին եւ մի ՝՝Դաւաճան՝՝ յորջորջուած Վասակ, արդեօ՞ք հաւատքից առաւել իր ազգի, ցեղի ոգու պաշտամունքի իմաստութեանը ու իր երկրի թագաւորութիւնը վերականգնելու մտադրուած չէ՞ր եղել:

Իրենց  սրտերում նախնիների  բնութեան պաշտամունքի տիեզերական լոյսը ճառագած Հայ տղաները այդ մեհեանում ՝ գարնանամուտին տօնում են Վահագնի ծնունդը, բնութեան  զարթօնքը, իսկ Դեկտեմբերին Միհրի՝ արեւի ու լոյսի տօնը: Վահագն՝ պատերազմի, քաջութեան ու յաղթանակի աստուածը, նոյնպէս կապուած եղել արեգակի պաշտամունքի հետ: Հայոց հին մատեանում աւետել էին՝ ՝՝Զարեգակն պաշտեցին եւ Վահագն կոչեցին՝՝: Ծիր Կաթինի, Վահագնի  ՝՝Յարդագողի Ճանապարհ՝՝ անուանել էին նաեւ ՝՝Արեգական հին ճանապարհ՝՝: Խաւարը խորհրդանշող վիշապների դէմ կռուի գնալիս, իրեն ուղեկցել էին 12 կենդանակերպ համաստեղութիւնները, յաղթանակով վերադարձած Վահագնին Վիշապաքաղ էին կոչել: Պատմահայրը վկայել է, որ Գողթան աշխարհի գուսանները փառաբանել էին Վահագնի քաջութիւնը,  երգերով աւետել նրա դիցաբանական ծնունդը՝

Երկնէր  երկինք, երկնէր երկիր,
 Երկնէր եւ  ծովըն ծիրանի . . .

Վահագնի գլխաւոր տաճարը  եղել է Տարօն գաւառի Քարքէ լերան լանջին, որտեղ իր ոսկեձոյլ անդրիի հետ եղել  նաեւ իրեն հարսնացու Աստղիկ դիցուհու  ու հայոց դիցամայր Անահիտի անդրիները: Հիմա, աշխարհի թանգարաններում բազմած հեթանոս հին աստուածների արձաններին հիացմունք են նուիրում: Քրիստոնեայ  դարձած Յոյնը հանդուրժել իր հին աստուածներին, նրանց մեհեանները ու անդրիները իրենց պատմութեան հետ տարին, իսկ հայոց աշխարհում ոչ մի քար ու հետք, ինչու՞ եւ ինչու նման վրիժառութիւն .  .  . :

Դիտել եմ տեսագրութիւնը այդ տօնախմբութիւնների, հոգիս պայթել է նախնիների կրակի, լոյսի խրախճանքից: Քուրմերը ծիրանի հագած, կարմիր բոցեր ժայթքած եղեգան փողերը վեր պահած իջնում էին մեհեանի աստիճաններով՝  ժողովուրդին աւետելու Վահագնի ծնունդը: Մեհեանի առաջ ժողովուրդն էր թնդում, որի արձագանգները գնում հասնում Տարօն՝ Աշտիշատի Վահագնի աւերուած մեհեան: Գլխաւոր քուրմը, որպէս ուժի պաշտամունք, դաշոյնն է մօտեցնում հայերին, այն համբուրելու համար:  Մեհեանի ատրուշանը բոլորած այրեր, ծիրանափողերով արեւագալի հոռովելներ, Անահիտի մայրութեան շարականներ էին հնչում, տօն էր, ժողովուրդն էր շուրջ պար բռնում: Հայ, նոր հաւատքով մկրտուած Հայ, հանդուրժիր, սիրիր քու արիացի նախնիների բազում հազարամեակների տիեզերական պաշտամունքը, իմացի՝ր, որ քու նոր տօները՝ Ծնունդ, Նաւասարդ, Բարեկենդան, Արեւագալ, Ճրագալոյս, Վարդավառ, Աւետում, Համբարձում, Ծաղկազարդ, նրանց պաշտամունքի արտայայտութիւնն են, քօղուած Քրիստոնէական պատմուճանով: Նրանք կուռքերին չէ որ երկրպագել էին, այլ իրենց մարդացած աստուածների իմաստութիւնն էին պաշտել:  Եթէ գնաս քու երկիր, բարձրացի՝ր Նեմրութ լերան հրաբխածին գագաթ, այնտեղ են քու նախնիների հին աստուածները, գրկ՝իր նրանց, որ բնութեան տիեզերական պաշտամունքի գարունը հոսի քու արիական սրտին: Հաւատք, յոյս, սէր տածիր քու ցեղի լինելիութեանը, պաշտամունք նուիրիր քու հողին, աղօթիր ուժին, աղօթիր բնութեան տիեզերական անհաս արարչութեանը: Այսպէս էր գրել Մելքոն Արմէն Խանճեանը ՝՝Հայ Կեանք՝՝ լրագրի 1064 թիւի Անգլերէն բաժնում հրատարակած իր “Armenological” (Հայաբանութիւն) յօդուածում,

՝՝Քրիստոնեաների հրեայ Եահվէ (Եհովա) աստուծոյ մոլեռանդ հետեւողների կողմից Հեթանոս քրմերի ու քրմուհիների սպանդով եւ հազարամեայ հին տաճարների գրաւոր ժառանգութեան ու յաւերժական գանձերի լիակատար ոչնչացումով, Հայաստանը կորցրեց կապը իր տոհմական հաւատքի համակարգի հետ եւ երբեմնի հզօր արիական ազգը դարձաւ շրջապատում  երեւան եկած կայսրութիւնների  ենթածառան ու քմահաճոյքի առարկան՝՝, ճշմարիտ է:

Շրջան եմ անում մեհեանը, երեւի այդ բնազդաբար էր, մեր նախնիներն իրար գրկած մեհեանների շուրջը պար բռնում, վերանկախացած Հայաստանն իր նախագահով, նախարարներով, հարիւր հազարաւոր հայերով շուրջ պար բռնեցին քարագագաթ Արագածը գրկած:  Հայ շինականների, հայոց շուրջ պարեր, նրանց շարքերի ելեւէջներում իրենց նախնիների մեհենական խորհուրդը կայ: Կանգնում եմ ձորի եզրին, լեռների լանջերից պայթած աղբիւրների ջրերն են վազում, զարկում ափերին, քրքջում, գնում յորդելու քիչ ներքեւ անբարտակուած Ազատ գետի ջրամբարում: Կանաչ կղզեակ է այնտեղ, երեւի հայերը այդտեղ եւս տաճար կառուցեն եւ հազար տարիներ յետոյ իրենց յետնորդները այն վերանորոգեն՝ Խաչը գմբէթին:

Ձորի այն ափի լանջերին գիհու ու կաղնիների նօսր անտառներ են փռուել: Գեղամայ լեռնաշղթայի հարաւ արեւմուտքի ու Խոսրովասարի լեռնաշղթաների լանջերն են, 27000 հեկտար տարածութեամբ Խոսրովի անտառն է, որտեղի կենդանական ու բուսական աշխարհը պահպանելու համար, 1958 թուականին կառավարութեան կողմից այն յայտարարուել արգելոց: Այնտեղ դեռեւս գոյատեւում են ՝՝Կարմիր՝՝ գրքում արձանագրուած ու անհետացման եզրին գտնուող բազում կենդանական ու բուսական տեսակներ: ՝՝Չար՝՝ լեզուներն ասում են, որ հիմա էլ հայոց նախագահը իր նախարարներով այդ արգելոցի երէներով ճաշկերոյթներ սարքում, կարող է:  Ես, խոնարհ մի զաւակը այս ցեղի, ոչ թէ սնափառութեամբ եմ գնում նրա պատմութեան ճամբաներով, այլ ուզում եմ այնտեղու քայլեն հայերը՝ նրա խորհուրդի ոգու ժառանգականութեամբ զինուած, ՝՝ուժի՝՝ պաշտամունքին տանեն յաւերժութիւն:

Խոսրով Բ. Հայոց քաջազուն թագաւորներից, իր երկիր ներխուժած պարսիկ զօրքին յաղթանակալելուց յետոյ շինարարական գործեր էր կատարել՝ հիմնադրել Դուին քաղաքը, ստեղծել  խոսրովակերտ անտառը, հրամայելով ամէն մի Հայ մի ծառ տնկել այնտեղ: Այն եղել է արքաների ու ազնուական դասի որսազուարժութեան, նաեւ ռազմական ուսուցման վայր: Ահա 1700 տարիներ Խոսրով թագաւորը իր անտառով քայլում է հայոց պատմութեան երթուղով, որի հետ թեւանցուկ քայլում են ինչքան Հայ մեծեր՝ Արգիշտի-Արամայիսը իր Արմաւիրով ու Էրէբունիով, Արտաշէսը իր Ալլան Սաթենիկին թեւանցուկ արած, Տիգրան իր հեծելազօրով, Մեսրոպ իր 36 զինուորներով, Մովսէս իր ազգի մատեանով, Վարդան իր սուրով, Դաւիթ իր թուր կեծակով, Նարեկացի իր մատեանով, Սայաթ Նովա իր քեամանչայով, Անդրանիկ իր ֆետայիներով, Կոմիտաս իր հոռովելներով, Խրիմեան Հայրիկ իր թղթէ շերեփով, Վարուժան իր հեթանոս երգերով, Չարենց իր Հայաստան  եարով, Րաֆֆի իր խենթ Վարդանով, Տէրեան իր քնարով, Սեւակ իր լոյսի ջահով, Շիրազ իր Մասիսներով, Սողոմոն իր վրէժով, Վիկտոր իր աստղերով ու դեռ հազարներ ու հարիւր հազարներ, որոնց երթի հետ յաւերժութիւն է գնում արիական անխորտակ մի ցեղ .  .  . :

Լերան լանջի խճուղու շրջադարձի դիմաց տաճար, կարծես ժայռից բուսած լինի այն: Ճանապարհի ձախ կողմի ժայռեղէն երեսին փորուած ճգնաւորների քարափոր կացարաններն են: Իրենց սրտերում ցեղի ոգին մեռած այրեր, փոխանակ  զինուորագրուէին իրենց երկրի պաշտպանական ամրոցներին, այստեղ ու այլուր ճգնել էին աղօթքով, ինչո՞ւ, ումի՞ց, թէ օտար վարդապետից փնտռելու փրկութիւն .  .  . : Ասում են հայոց երկիր ներխուժած վայրենի ցեղեր այդ ճգնաւորներին, տաճարների վանականներին չէին հալածել, իմանալով որ նրանք ամուլ մարդիկ էին, վտանգ չէին սպառնայ:

Ինքնաշարժը կանգ է առնում, բազում անգամներ եմ եկած եղել այստեղ, այդ օրը եկել  եմ աղօթելու հայոց իմաստութեանը, մոմի լոյս վառելու իմ գերդաստանի յաւերժութեան ճանապարհին: Ինքնաշարժերի կառանատեղիի  եզրի ՝՝Սինձ՝՝ -ի ծառերի թեւերի կանաչից շողում են հազար գոյների լաթերի կտորներ, որ այն կապողների ըղձանքները իրականանային: Դէպի տաճար քայլելիս ծիրանափողեր են հնչում, բարի գալուստ են մաղթում մեզ, հնարամիտ հայեր, ժամանողների սրտերին հրճուանքի խոյանք են հոսում, այդպէս հանապազօրեայ արդար հաց վաստակում: Յիշում էին Քուռ գետի ջրեր իջած Պէպոյի երգի Չարենցի  խօսքերը՝ ՝՝Վայ էն մարդուն էս աշխարհում խալխի դատած հացն է ուտում՝՝: Ծիրանափողերն էին հնչում ժողովրդական մեղեդիներ, որ հեռու երկրների ճամբաներով քայլող մարդիկ նորէն լսէին այն, մի պահ կանգնում գրկում նրանց, ձեռքերն էին մեկնում գրպաններին, բարի գալուստ մաղթում նրանց: Աշուն է, սինձն է հասունացել: Շինականներ նրանձից շարաններ հիւսած՝ հրամցնում գնելու: Անտառի փոքրիկ պտուղներ են,  եթէ Գեղարդ ես եկել սինձ գնիր, տար քու մանչերին: Տաճարի բակում ենք, մի կտոր երկինք է իջել նրա վրայ, իր ջինջ կապոյտը  ցօղել այդ սրբութեանը:

Գեղարդ, միջնադարեան ճարտարապետական յուշարձան՝ Վանք:  Հնում այն անուանել Այրիվանք՝ քարայրների նման պեղուած լինելուն համար: Տասնըերեքերորդ դարից վանքում պահւում է՝ իբր Յիսուսի կողերը պատռած հռովմէացի զինուորի գեղարդը, որի յիշատակին այն կոչուել Գեղարդ: Աւանդութեան համաձայն, վանքը կառուցուած եղել Հայաստանում քրիստոնէութեան ընդունման առաջին տարիներին: Գլխաւոր եկեղեցին, ըստ նրա ճակատի արձանագրութեան, կառուցուել է 1215 թուականին Զաքարեանների օրօք: Պռոշեան-Խաղբակեան իշխանները Զաքարեաններից այն գնելուց  յետոյ՝ կառուցել են վերերկրեայ  շինութիւնների համարժէք վիմափոր եկեղեցիներ: Վանքը պաշտամունքային կառոյց լինելուց բացի եղել նաեւ մշակութային կեդրոն՝ դպրանոց: Վանքի խուցերում ամուլ ճգնելու ատեն, աղօթել էին նաեւ հայոց դպրութեանը, արեգակի արդար լոյսով, եղեգնեայ գրչով Հայ իմաստունների հանճարներից յառնած գիրն են նորէն գրել: Գրել էին, ինչքան իրենց ակներին լոյս կար, որ հայոց մանչերին տային իրենց հաւատքի ուսմունքը, որ ցեղին պատմութիւնը ու իմաստութիւնը յորդէր նրանց սրտերին: Նրանց գրչագիր հազար, հազար մատեանները  հիմա իրենց ցեղի հանճարի լոյսն են ծորում աշխարհին: Իրենց  երկիր արշաւած թշնամին այրել, գերել մատեաններ, հայեր իրենց  բռնագաղթի ճամբաներին հացի փոխարէն գրչագիր մատեաններ տարել:

Մտնում եմ տաճար, բնազդաբար խաչակնքում, նայում մանչուկը գրկած Մարիամին, իր մայրական սրտի լոյսոտ գորովն է հոսում նրա դէմքին: Արդեօք կա՞յ մանկան ակներին իջած մայրական տիեզերական սիրոյ հայեացքի նման այլ առեղծուած, չէ: Այդ Աստուածածին Մանուկը  եղաւ Վարդապետը ՝ սիրոյ, խաղաղութեան, յոյսի, հաւատքի, նրան հետեւեցին հարիւր-հարիւր միլիոն մարդիկ:

Մտայ աղջամուղջ իջած կիսավիմափոր տաճարի սրահ, մոմով լոյս վառեցի հայրիկիս, մայրիկիս, հօրաքրոջս,  եղբայրներիս, կեանքի ընկերոջս հոգիները լուսաւորելու, նրանց տասը որդիներից մենակ ես թափառում մոլորակում, որպէս ողջեր ամէն օր խօսում նրանց հետ: Մոմ վառեցի հայրենի հողի յաւերժութեանը, աղօթեցի իմ ցեղի իմաստութեանը, աղօթեցի որ նրա սրտում նորէն վառուեն նախնիներիս ուժի լոյսի բոցերը, որ իրենց քաջերի  սահմանները իրենց զէնքերը լինեն:

Նեղլիկ աստիճաններով բարձրացայ ժայռն իվեր, քարէ խաչեր էին պատերին հենած, կարծես կարմիր թելով հիւսած ժանեակներ լինէին: Միայն Հայը քարին խաչեր քանդակեց, խաչեր քանդակեց իրենց Վարդապետին, խաչեալ  եղաւ հողն իրենց, խաչեալ ու անթաղ  եղան իրենց հողից, տներից միլիոն-միլիոն տարագրուած արմէն-հայեր, ափսոս . . . :

Փապուղիով վիմափոր վերին տաճար մտայ, որի առաստաղի նեղլիկ անցքից արեւն իջել լոյսի ջահով: Գրկեցի սիւները, փառք մրմնջացի Գալձագ ճարտարապետի հանճարին: Աղօթեցի հայու հանճարի իմաստութեանը, նրա արարելու ոգուն, նրա յարատեւութեանը:

Այդ օրը հոգիս խաղաղուեց կարօտի ճամբաների երթի հրճուանքից:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ