Կիրակի, Դեկտեմբեր 22, 2024

Շաբաթաթերթ

Երեւան,  Իմ  Տան  Այգին

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Իմ սիրտն այնտեղ է, ուր աստեղամերձ

Լեռներն են կանգնել հագած կուռ զրահ,

Ուր եղջերուն է ոստնում քերծից քերծ,

Արծիւը ճախրում վիհերի վրայ:

Իմ սիրտն այնտեղ է, որ նախնիք մեր

Կերտել են շքեղ կոթողներ յաւերժ,

Ուր ժողովուրդը վսեմ վէպը մեր

Պատմում է դարձեալ հաւատով անշէջ:

Մայր իմ ժողովուրդ, դէպի քեզ կըգամ,

Կըգամ դէպի քեզ, հայրենի աշխարհ:

Երեւան, հայոց վարդակերտ մայր  ոստան: Տան տիրոջ իրաւունքով քայլում նրա պողոտաներով, փողոցներով: Այստեղ է իմ սիրտը կէս դար տրոփել  ու երբեք չի յոգնել: Քայլելիս փնտռում է ի՞նչ , կորսուած յուշե՞ր … չ˜է, նրանք  իմ ուրախ  ու տխուր կեանքն են,  լոյսով գամուած սրտիս խորաններին, հոգուս երկնակամարին ժպտում որպէս աստղիկներ: Բացում եմ հոգուս վայրագոյրները՝ նրանց  ետին  հայկական Լէգէոնի կամաւորական Կապորալ Լագիսեան Արմենակի գերդաստանի տասը որդիք ՝ որոնցից միայն ես եմ մելամաղցոտ քայլում մոլորակում: Հաւատքի ուժով  նայում հեռուներ, շարան-շարան անցնում են Լագիսեան գերդաստանի մարդիկ՝ Լագիսեան դարձած Վանեցի Պետրոսի ժառանգները:

Փնտռում էի … կեանքի աւիւնով, հեշտագին անուրջներով արբեցած ջահելութիւնս, իր երկրի անուշ հովիկների քնքշանքով ալիքուած սեւահեր տղան թեւանցուկ քայլում սիրոյ նարօտով կապուած երբեմնի դասընկերոջ հետ: Անցորդներ նայում նրանց դէմքերից կաթած սիրով զեղուն ժպիտներին: Ջահել սրտից շատրուանած Աստղիկի սիրոյ հուրը, արեւի ճառագայթներից պայթած լոյսը՝ ջրվէժում ջահել սրտիցս, ծիածան վառում հոգուս տաճարի կամարներին: Ջահելութեանս անըջած յուշերը որպէս անուշ զեփիւռ հոսում են սրտիս զարկերակներով, մելամաղձոտ հոգիս դողու՞մ, թէ՞լացում է:

Փնտռում էի … ջահելութեան իրիկունները, մթնշաղը թեւերը փռած քնքուշ գրկում ոստանը: Աստղերն էին պատռում նրա քողը, պլպլացող լոյսի գգուանք հոսում վարդացած շէնքերի երեսներին: Վահագն Յարդագողի Ճանապարհից հազար-հազար աստղեր էին մայր ոստանի երկնակամար՝ լոյսի իրիկնային արբեցում պարգեւում անցորդներին: Փողոցների սօսի ծառերի տերեւները հեշտագին համբոյր կաթում անցորդների դէմքերին:

Փնտռում էի … ոստանի գարունը, Սայաթ Նովու փողոցի կերասիների ծաղած ոստերը, հէքիաթ է գարունը: Կարծես հարսանեկան քող իջել նրանց վրայ: Կարծես ծառերի հարսանեկան տօնահանդէս  լինէր, յետոյ ծաղիկները սիրով պիտի գգուէին իրար, կարմիր հագած մայրանային: Պողոտաների ծառերի հէքիաթային փթթումը, նրանց կանաչ նոր զգեստի լոյսը: Մայթերին տների բակերում գարնան շունչով յորդած մանչերի խաղերը, վազվզոցը, նրանց հոգիներում վառուած բարութեան հէքիաթը:

Փնտռում էի … գարնան անձրեւի շիթերի հոսքը, տիեզերքից եկած նրա ողջոյնը, յորդառատ ջրերի երգի հետ այգուս որթատունկերի գարնանային էտումը, գարնան հեւքի շունչն էին ըմպում: Եասամանների թեւերին պայթած կարմիր, կապոյտ, մանիշակագոյն, սպիտակ աստղիկների ժայթքումը, երկնից բերած նրանց բոյրի հեշտանքը, արագիլների տողանցքը ոստանի երկնքում, որոնց շարքի իմաստուն առաջնորդը նրանց տանում հայոց բարտիների իրենց հին բոյներին բազմելու, օտար ափերի հայերի կարօտի  կանչերը  հաղորդելու  ոստանի մարդկանց:

Փնտռում էի … գարնան ջերմից տաքացած հողի քրտնաթոր շոգիի բուրմունքը, նախնիներիս հողի պաշտամունքի  մայրական գգուանքը: Հողի մայրանալու գարնան հեւքը: Արեգակը գարուն բերել հայոց հողին: Գարուն էր, դաշտերն էին կանաչով ծիծաղում, ցորեանի կանաչ արտերը զեփիւռի քնքշանքից մեղմիկ օրօրւում: Ոստանի փողոցներով անցնող մարդիկ գարուն էին դարձել:

Փնտռում էի … հայոց ոստանում արեգակի լոյսին բացուած մանչերիս մանկութիւնը, նրանց դէմքերից ցայտած ժպիտը, նրանց ծիծաղը, նրանց վազելը իմ թեւատարած գրկին: Նրանց սրտերի զարկերը որպէս ժամի կանչ Լագիսեան Պետրոսի գերդաստանի յարատեւութեան առհաւտչեան են, նրանց մանկութիւնը ցեղի յարատեւման  ղօղանջը: Փնտռում էի այն առաւօտները, երբ նրանց ձիւնոտ թաթիկները բռնած մանկապարտէզ առաջնորդում, այնտեղ էին սկսում իրենց ցեղի, Մաշտոց դարձած Մեսրոպի լոյսը քաղել, իրենց պզտիկ սրտիկների ատրուշաններում այբ, բեն, գիմ – ի կրակի խարոյկը վառւում:

Փնտռում էի … այն հանգստեան օրերը, երբ տօնական հագնուած հայր ու մայր իրենց մանչերին տանում ոստանի զբօսայգիներ: Այնտեղ նստարաններին բազմած տարեցներ խոկում էին իրենց անցեալ օրերը, երբեմն ժպիտ, երբեմն հպարտանք, երբեմն էլ բարկութիւն էր հոսում նրանց դէմքերից: Ո˜վ կարող էր նրանց  սիրտը կարդալ, ո˜վ  իմանար նրանք երկրի որտեղի  փշուրներն էին, որոնք չէին կարողացել կռուով հողին մնալ, հասել էին արեւելեան կողմն իրենց աշխարհի: Այնտեղ մանուկների քրքիջներով զեղուն վազքի ձայն էր, նրանց անուշ ծիծաղի կանչերը, բարձրախօսներից հայոց ռանչպարների գուսանների քաղցր երգերն էին հնչում: Խաղահրապարակներում մանուկների պարերի զեփիւռահոս ծփանքը, ճօճանակների կենդանիներին բազմած մանուկները կարծես ճախրում էին տիեզերք, ճախարակներն էին նրանց պտտացնում երկիր մոլորակի շուրջ բոլորը: Պարի փակ հրապարակներում ջահելներ իրար գրկած, իրենց «Մանկութեան թանկօ» -նուագի հետ «Եօթը երկնքում» էին: Ջահելութիւն, այն որպէս  յուշ վառւում  հոգուս անդաստաններում, ջերմացնում իմ ալեհեր սիրտիս:

Փնտռում էի … կարօտած տունս, հազար-հազար տառապանքով պատած տունս: Նրա ճանապարհի ցեխոտ ջրափոսեր, առնական լեռնականի որդին մանչերիս գրկած ու շալակին տուն տանում: Քայլել Հրազդան գետի վրայի նոր կամուրջով, դիտել նրա թռիչքը: Միւս ափից դիտել տունս, նրա այգին: Քայլեցի մեր տան փողոցի ճամբով, կանգնեցի նրա առաջ, նրա կարմիր երեսը կարծես ժպտում, կարծես ահա գալու էր գրկել ինձ, վազեցի դէպի դարպասը, երեսուն տարիներ յետոյ նորէն հպելու նրան, տան տիրոջից խնդրեցի այգի մտնել:

Որպէս հայրենդարձ, Հրազդանի ձորի ափին տուն պատելու հողամաս յատկացրել մեզ: Անասելի դժուարութիւններով, զրկանքներով, մի յարկանի տուն պատել: Դիմացը՝ լոյսի ու կրակի աստուած Արայի լեռն էր, եթէ  մշուշած ակներով նայէիր նրան, պիտի տեսնէիր, կարծես լեռն ամբողջ «Արա» դարձած վիրաւոր պառկել էր, հայոց աստուածների ճամբած յարալէզներն էին նրա վէրքին հենած՝ ջանք անում նրան կենդանացնելու: Դիմացն Արագածն էր, իր չորս գագաթներով իրար գրկած, իրենց գոգին դեռ ձիւն էր, գիշերներին նրա գագաթներին լոյսի հեղեղ իջել, ասում էին Լուսաւորիչի Կանթեղն է այն, որ հայոց աշխարհը լոյսոտ լինէր:

Լեգէոնական կամաւոր զինուոր Արմենակ հայրս, զննելով հողամասը, ասել այդ հողում այգի չի լինի:  Բազուկներում դեռեւս լեռնականի կորով էր: Փորել հողակտորը, հողը ազատել քարերի կապանքներից: Մուսա Լեռան իր պարտէզների նման յարդարել հողամասը, այն բաժանել երեք ցածրիկ դարաւանդների:

Գարնանամուտին, խուրձերով որթատունկի արմատակալներ գրկած տուն եկել, տնկել շարք-շարք, որպէս յարութիւն իր հայրենի երկրի այգիների: Յորդորել հողամասի երկու եզերքներին, ճակատներին՝ ծիրանենի, տանձենի, դեղձենի, կեռասենի, թթենի տնկել՝ որպէս երկրի յուշ, որպէս խաչեր իր նախնիներին: Իմ ցեղին սրտից պայթած հողի,  պաշտամունքի, հողի մայրութեան ոգիով թրծուած լեռնականի որդի, ծառեր-ծառեր տնկեցի: Իմ աւոյնով ծլեցին, մայրացան, փողոցում ՝ «Պօղոսի Այգի» կոչուեց: Պտղակալեցին ծառերս, կարմիր հագան կեռասիները, ծիրանի ծառի վրայ արեւ իջաւ, դեղձենիների վրայ ծիածան շողաց, որթատունկերը բարձրացան սիւների լարերին, սպիտակ, կարմիր ժպիտներով վառուեցին, խաղողի լոյս եղաւ իմ այգում: Նոր Հայի արարման նախանձով այրուեցին դրացիները, մանչեր մտան այգի գողունի խաղող քաղեցին: Ով մտաւ այգի ափերով խաղող ու միրգ հրամցրի: Հիւր էի ընդունել՝ Մելքոնեանի իմ դասընկեր, Վագըֆ գիւղի վարժապետի որդի Պօղոս Մատուռեանին ու հաստատութեան հսկիչներից Լուիզային, տարել այգի, խնդրել անձամբ խաղող քաղել, հիացել «Արմէնիա» կոչուած որթատունկի թեւերից ժպտացող խաղողի խոշոր ողկոյզներին, խնդրել հայոց հողին աճած խաղող քաղել, կշռել,  չորս քիլոկրամ էր: Դրացին չհանդուրժեց, յաջորդ գարնանը այդ որթատունկերը չծլեցին, նրանց բներին աղաջուր էին լցրել: Փախայ նրանց ատելավառ վարմունքից, չհանդուրժեցին իմ այգին, չհանդուրժեցին մեզ: Փախայ նրանցից, իմ պատած տնից, այնպէս ինչպէս հայրս, թողած տուն, հող փախել թուրքից: Մանչերիս տարայ ուրիշի պատած տուն, այգի ու ծառ չկար այնտեղ: Տունս ու այգիս որպէս խաչ, որպէս վառուող մոմ, որպէս արեգակ մնացել սրտումս:

Երեւան էի այցելել, «Մուսա Լերան Ողջոյն» գիրքս հրատարակելու: Երկար տարիների սրտիս խռովքը մեղմելու համար գնացի տեսնելու տունս, այգիս: Դարպասից ներս մտայ, դողալով մոլոր քայլեցի, փլել էր այգին, նրա հողին հաւերի վանդակներ էին, պղծել էին հողը, հատել ծառերը, հողահան այրել որթատունկերը, այրել  տնկողի ծառի ու հողի պաշտամունքը: Հսկայ ծառ դարձած Տանձենին էր, մենաւոր իշխում այգում: Դատարկ էին որթատունկերի շարքերը, երեսուն տեսակ խաղողի տասնեակներով որթատունկերից միայն մի քանիսն էին հասել հենակներին, որտեղից հատուկենտ ցանցառ հատիկներով ողկոյզներ ճօճւում, չդպայ նրանց, չուզեցի խռովել նրանց վիշտը, ես էի նրանց նայում թէ՞ իրենք ինձ: Ակներիցս արցունքի շիթեր հոսեցին նրանց բների հողին, արդեօք այն պիտի մեղմի՞ նրանց խռովքը, նրանք նորէն ուռճանան ու յուռթացնեն խաղողով: Արահետի եզրից մտայ այգիի ծայրամասի հող, պինդ կոխեցի հողին, որ նրա արարողի սարսուռը անցնէր մարմնովս, մի բուռ հող վերցրի, շաղ տուի այգում, գրկեցի Նեկտար հօրաքրոջս նուիրած թզենիի արմատից բուսած նոր ոստերը, նրանց տերեւների բներից թզերը կարմիր ժպտում ինձ, կարծես նրա գորովալի ժպիտը լինէր, նրանց չդպայ: Նոր տէրը խռովքս տեսնելով անընդհատ կրկնում էր՝ «Ներող կը լինես բարեկամ, չկարողացայ  պահել այգիդ»: Այլայլուած փախայ այգուց, տանս կիսաբաց դռնից քսան տարիների նրա լոյսն էր ողջոյնում ինձ, վազեցի դէպի դարպաս … :

Երեւան … 2005 թուականի Սեպտեմբեր, Մուսա Լերան յուշարձանի տարածքում նրա յաղթանակի 90 ամեակի տօնախմբութիւն էր, շատ մարդիկ եկել ողջունելու նրա դիւցածնութիւնը: «Մուսա Լերան Ողջոյն» գիրքն էի հրատարակել,  բազում օրինակներ նուիրեցի տօնախմբութեան եկած հիւրերին, Մուսա Լեռցիներին, որոնց  հայրերն էին մասնակցել լերան յաղթանակին: Ուխտաւորի նման եկել յաղթանակի ողջոյնը հաղորդելու տօնակատարութեան մասնակիցներին: Նայում էին գրքի երեսի յաղթանակի յուշարձանին, նրա ստորոտի ջրերին խարսխած ռազմանաւերին: Գնացի Երեւանի համալսարաններ, գիրք նուիրեցի դասախօսներին, սիրունատես, ժպտատես ուսանող աղջիկներին, տղաներին, ո˜վ իմանայ նրանցից քանիներ ցեղի իմաստութեան լոյս էին փռելու աշխարհի վրայ: Գնացի գիտութիւնների կաճառ, զարմանալի ցեղ, 1943 թուականին աշխարհում կռիւ էր, Օրբելիների Յովսէփ, հայոց մեծերի հետ հիմնադրել «Գիտութեան Կաճառ»: Գրքերի կապոցներ որպէս լապտեր բռնած՝ գնացի «Գրողների Տուն»,  բարձրացայ այն աստիճաններով որտեղից քայլել էին՝ Աւետիք, Շիրազ,  Սիլվա, Պարոյր, Վարդգէս, Հրանդ, Էմին, որոնց ստեղծագործ ոգին էր թեւածում տան կամարներում: Յաջորդ օրը մտաւորականներ շտապել տպարան գիրքը խնդրելու, սպառած եղել:                      

Երեւան … բարձունքին բազմած հայոց ձեռագիր մատեանների գրապահոց – Մատենադարան: Նրա շեմին Մաշտոցը,  համբուրեցի նրա քղանցքը: ճակատային պատի խռռոչներում կանգնած էին՝ Մովսէս Խորենացին, Անանեայ Շիրակացին, Մխիթար Գոշ, բանաստեղծ Ֆրիկ, Գրիգոր Տաթեւացի, Ռոսլին: Քայլեցի ոստանի կարօտած ճամբաներով,  մարդիկ, աշխատանքի շտապող մարդիկ: Սիրուն-սիրուն շատ աղջիկներ ու տղաներ, ժպիտ նրանց դէմքերին: Փողոցներում վազող շատ ինքնաշարժներ, մարդիկ անցնում որտեղից որ պատահէր, ասում էին անցումներով անցնող մարդիկ շատոնց  են լքել իրենց ոստանը: Կարծես եօթանասուն տարիների կարօտած ազատութիւն է, թող իրենց ազատ կամքով վառուեն, ոչինչ, այն կը հանգչի մարդկանց հոգիներում, նորէն կը քայլեն փողոցներով: Աբովեան փողոցում դարձեալ ծաղկավաճառ Գարապալան է, կողովով ծաղիկ ձեռքին, կարծես կենդանի է, ծաղիկներ հրամցնում աղջիկներին: Քանդակագործ Թոգմաճեանն է նորէն նրան փողոց բերել, իր հայրիկի մտերիմն էր եղել, նրա կողովում «Մուսա Լերան Ողջոյն» գիրքը դրեցի:

Երեւան … գնացի ոստանի Մայր Տաճար, Արա-Արամազդ կոչէին այն, հայոց փոքրացած աշխարհին տիեզերքի կենսուժը կը յորդէր: Լայնանիստ է այն, չկայ վեհութիւնը հայոց հին տաճարների, նրանք թէեւ փոքրածաւալ էին, սակայն վարդագոյն քարէ կամարներով, գմբէթներով կարծես երկինք էին ճախրում աստղերի լոյսը քաղելու, լցնելու հայոց սրտերին:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ