Երկուշաբթի, Հոկտեմբեր 7, 2024

Շաբաթաթերթ

Ուղերձ

Կոչ Ենք Ուղղում Միջազգային Հանրութեանը Ազդու Քայլեր Ձեռնարկել Կասեցնելու Ազրպէյճանի Հերթական Նկրտումները

ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը

     Սիրելի ժողովուրդ հայոց,

     Վերստին խռովուած են մեր հոգիները: Ցաւով եւ անհանգստութեամբ ենք հետեւում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծուած սադրիչ մարտական գործողութիւններին, որոնց հետեւանքով գնդակոծուել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր եւ վիրաւորներ: Դատապարտելի են խաղաղութեան օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատուածում ձեռնարկուած այս դաւադիր քայլերը: Ակնյայտ է` թշնամին չի փոխուել, չեն փոխուել նաեւ նրա նկրտումներն ու մտադրութիւնները: 2020 թուականի պատերազմը, վայրագ գործողութիւնները Արցախի մեր ժողովրդի եւ ոտնձգութիւնները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժէք միջազգային գնահատականի այդպէս էլ չարժանացան, համարձակութիւն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողութիւններով փորձելու հասնել ցանկալի զիջումների: Իրական, արժանապատիւ խաղաղութիւնը չի կարող հաստատուել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել եւ յարատեւութիւն ունենալ:

     Սիրելի զաւակներ մեր ի Հայաստան, Արցախ եւ ի սփիւռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինուորները` անվեհեր: Թիկունքում հայրենի սրբազան հողն է, մեր ընտանիքները, հայրենի դրօշը ծածանող մեր նահատակ հերոսների շիրիմները եւ առ Աստուած ձայնող տաճարները: Առկայ իրադրութեան մէջ թոյլ չպէտք է տանք, որ անմիաբանութիւնն ու ներհասարակական բեւեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտութիւնների, պարտադրուած խաղաղութիւնը` նոր զիջումների: Մեր միասնականութեամբ եւ հայրենիքի հանդէպ հաւատարմութեամբ պէտք է դիմակայենք նաեւ այս փորձութեանը: Արդ, մեր կարողութիւններն ու հնարաւորութիւնները, ազգային ողջ ներուժը համախմբենք եւ սատար լինենք Հայոց Բանակին եւ հայրենիքի կարիքներին: Չերկմտենք եւ գործենք առ հայրենին սիրով եւ պատասխանատուութեամբ: Ամենայն յանձնառութեամբ իւրաքանչիւրս մեր պատասխանատուութեան ոլորտում անենք կարելին` յանուն անկախ պետականութեան անսասանութեան, յանուն մեր ազգի յարատեւութեան:

     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրութեանը եւ յատկապէս մեր բարեկամ երկրներին` ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան եւ նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ:

     Եղբայրական մեր դիմումն է Քոյր Եկեղեցիների հովուապետերին աղօթելու առաջին քրիստոնեայ պետութեան, նրա հաւատաւոր ժողովրդի ապահովութեան համար եւ կարելի նպաստ բերելու տարածաշրջանում իրական խաղաղութեան հաստատմանը:

     Մեր հայցն է առ Միածին Որդին` մեր Տէրը Յիսուս Քրիստոս` վերստին այցի գալու իր փոքր հոտին, որին դարէր առաջ ընտրեց ի վկայութիւն իր հաւատի: Աղօթում ենք զոհուած մեր զաւակների հոգիների խաղաղութեան, նրանց հարազատների ու ընտանիքների մխիթարութեան համար: Շուտափոյթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրաւորներին: Թող Տէրը ամուր ու տոկուն պահի եւ Իր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի հայոց զինուորին: 

     Աստուած պահապան Հայոց բանակին եւ մեր հայրենիքին:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ