Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Կռո՜ւնկ, Խաբրիկ Մը Չունի՞ս…

(Կոմիտասը Մտերմացնում է Մարդկանց)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

    …Արամը, ինչպէս ասում են`«պինդ տղամարդ» էր: Ոչ ոք նրա արցունքը չէր տեսել: Ապրում էր անհոգ, երջանիկ: Հոգի էր տալիս հայ երգի համար: Նրա սրտին չափազանց մօտ էին հայկական ժողովրդա­կան եւ գուսանական երգերը: «Կերածխմած» մար­դու համբաւ «վաստակած» Արամին լա՜ւ էին ճանա­չում Երեւանի մեծ ու փոքր ռեստորաններում: Նրան լաւ գիտէին նաեւ երաժշտախմբերի երաժիշտները, որոնք, միշտ սի­րով էին կատարում իրենց մշտական յաճախորդի պատուէրները, մանաւանդ որ, առատօ­րէն վարձա­տր­ւում էին դրա համար:

   Օրերից մի օր, հայկական արեւահամ կոնեակից հարբած Արամը, քիչ մնաց ձեռնա­մարտի բռնուէր ռեսռորանի երաժիշտների հետ.

   – Ի՞նչ…, ուրեմն դուք իմ պատուէրը չկատարէ՜ք հա՞…, սրահով մէկ բղաւում էր նա,- կռունկ, մռունկ չգիտեմ, դադարեցրէք…, չէ՞ որ ես ձեզ պատուիրեցի «Էսօր Արազն ես գնացել» երգը…:

   Էս աղմուկի վրայ ջութակահարը դադարեցնում է նուագը ու մօտենում «Կռունկ»-ը պատուիրած ամե­րիկահայ հիւրին.

   – Ներեցէք պարոն…, էս խառն վիճակում «Կռունկ» նուագել չի լինի…, մէկ Կռունկն է մեղք, մէկ էլ Կոմիտասը…, թող հանդարտուի իրավիճակը, յետոյ կը կատարեմ:

   – Չհասկցայ տղաս…, այս խառնակ վիճակը Կռուն­կին ­ համա՞ր է…, վազ անցանք եղբայր, պէտք չի­կայ կռունկ-մռունկին, թող պարոնին ուզածը ըլլայ…, այսպէ՞ս կը յարգեն հոս Մեծն Կոմիտասին…, ամօ՜թ:

   Իսկ Արամի սեղանի մօտ հետեւեալ զրոյցն էր ըն­թա­նում.

– Արամ ջան, ախը~ր…, ա~յ…, տեսնա՞ս կը, այ է՜ն սե­ղանին  էրկու մարդ կայ նստած, իտոնցմէ մէգը Ամերիկայէն է, տուրիստ, էնիկ է խնդրէ «Կռունկ» նուագել,- փորձում էր արդարանալ երաժշտախմբի լենինականցի ղեկավարը:

   -Կռունկն ի՞նչ ա տօ~…, հե՜չ ճաշակ չունեն էս մար­­դիկ, բա մարդ է՞լ ռեստորանում «Կռունկ» կը լսի… :, շարունակում էր բարձրաձայնել Արամը:

   Մի քանի վայրկեան լռելուց յետոյ, արդէն փոքր-ինչ սթափ վիճակում Արամը շարունակեց.

    – Լա՜ւ…, հասկացայ…, մի քիչ լաւ չստացուեց տղայ ջան, գնայ նրանց հրաւիրի իմ սեղանի մօտ, թէ որ մերժեցին` մի շիշ շամպանսկի կը դնէք իրենց սեղա­նին…, եղա՞ւ…

   Ամերիկահայ հիւրն ու իր ընկերը մերժեցին  Արա­մի հրաւէրը ու ոչ էլ օգտուեցին Շամպայն գինուց:

Երկուստեքխորը լռութիւն ու հիասթափութիւն: Մէկ էլ երաժշտախումբը սկսեց նուագել Արամի պատուիրած«Էսօր Արազն ես գնացել» երգը: Շան­թա­­հար եղածի պէս, Արամը վեր ցատկեց տեղից ու արագօրէն մօտենալով երաժշտախմբինդադա­րեց­նել տուեց մեղեդու կատարումը ու, դանդաղ քայլե­րով մօտեցաւ ամերիկահայի սեղանին: Մի քանի վայր­կեան լո՜ւռ, նայեց դիմացինի ժպտուն աչքերի մէջ ու առանց մէկ բառ իսկ արտաբերելու, վե­րա­դարձաւ իր սեղանի մօտ:

   Մի քանի վայրկեան անց, Արամը նկատեց, որ ամերիկահայն ու իր ընկերը պատրաստւում են լքել սրահը: Մի պահ ցանկացաւ մօտենալ նրանց ու նե­րո­ղութիւն խնդրել` երեկոն այս կամ այն կերպ փչաց­նելու համար, բայց ինքնասիրութիւնը թոյլ չտուեց: Ինչպէ՞ս.., ինքը` Արամը ներողութիւն խընդ­րի՞…, բա մարդիկ ի՞նչ կ՚ասեն…

   Նա չգիտէր, որ մեծահոգի ամերիկահայը մի հար­ուած էլ էր պատրաստել իր համար:

   Սրահից դուրս գալիս, ամերիկահայը զատուեց ըն­կե­րոջից ու մօտեցաւ Արամի սեղանին.

   – Ես չեմ գիտեր բարեկամս թէ անունդ ինչ է, բայց ես կրնամ ըսել իմ անունս` Բիւզանդ Պէրպէրեան, մասնագիտութեամբ իրաւաբան:

 Այս ասելուց յետոյ նա իր գրպանից հանեց ինքնութեան քարտը եւ մեկնելով Արամին` շարունակեց.

   – Երբեւէ պէտք կրնաս ունենալ, մեծ աշխարհ է…, եւ մէկ բան յիշէ եղբայրս. Ով Կոմիտաս չի սիրէր` ան հայ չի կրնար ըլլալ…:

   Մինչ մեր Արամը ուշքի կը գար` երկու ընկերներն արդէն դրսում էին:

   … Եղաւ այնպէս, որ ազգականների թելադրանքով ու կնոջ յորդորներից յոգնած, Արամը, ինչպէս բազում հայ ընտանիքներ, կնոջն ու երեխաներին վերցրած, եկաւ հասաւ Ամերիկա, Լոս Անջելէս:   Ինչպէս սովորաբար լինում է նորեկների պարագային, երեւանեան հովերով տարուած, դեռ աշխատանքի չ՚անցած, այստեղ էլ իրեն տուեց խմիչքին: Դրամի հարց չունէր մեր հերոսը, ամբողջ կեանքը առեւտրի նախարարութիւնում էր աշխատել, որպէս աւագ հսկիչ: Սկզբում, որպէս նոր ժամանած մարդ, հայկական ռեստորաններ ու ամերիկեան երե­կո­յեան ակումբներ յաճախելու բազմաթիւ հրաւէրներ ունեցաւ:

   Ի վերջոյ, ինչպէս ոմանց, յաջողութիւնը ընկերա­ցաւ նաեւ Արամին: Բարեկամների օգնութեամբ շա­հա­ւէտ մի գործ գտաւ ու սկսեց ապրել արթմնի խա­ղաղ կեանքով:

   Մշտապէս ասող-խոսող, զուարթ բնաւորութեան տէր Արամը թօշնել էր կարծես, դարձել լռակեաց: Այժմ արդէն դէպքից-դէպք էր լինում ռեստորաննե­րում, սովորա­բար` պարտաւորուած հանգամանքով (կնունք, ծնունդ, հարսանիք, եւն.):

    Պատահեց, որ Երեւանից իր մանկութեան ընկերը եկաւ Ամերիկա: Այս անգամ ինքն էր ուղեկցողի դե­րում, բնականաբար, այցե­լում են հայկական ռեստո­րան: Հազիւ էր Արամը ընկերոջ հետ մտել ռես­տորանի նախասրա­հ, իր ականջին հասան «Կռունկ»-ի հնչիւննե­րը`ջութակի քաղցրալուր հնչո­ղու­թեամբ:

   … Արամը տեղում քարացաւ, կարծես վերացաւ աշխարից ու իրեն զգաց եթերային անսահմա­նու­թեան  մէջ: Մինչ մեղեդին կ՚աւարտուէր, երկու ձեռ­քով գլուխը  բռնած, հայեացքը դէպի առաստա­ղը` գամուած մնաց մինչեւ մեղեդու կատարման աւար­տը, որից յետոյ, աներեւոյթ ուժի հրումից փլուեց պատահած աթոռին ու…, ու` աչքերից սկսե­ցին  հո­սել արցունքները` առատօ­րէն, երեսնիվար…

   – Արամ…, Արա՜մ, քեզ ի՞նչ պատահեց եղբայր,- ան­հանգստացած հարցրեց բարեկամը:

   – Ոչի՜նչ, ոչինչ Ռուբօ ջան,- արցունքների միջից հազիւ կարողացաւ պատասխանել Արամը,- պար­զապէս  յիշեցի երեւանեան մի դէպք…, այս ի՜նչ հոգեցունց, հոգի, սիրտ քանդող, չէ, չէ՜ հոգի բզկտող մեղեդի է «Կռունկ»-ը: Նախկինում երբեք չէի զգացել  դրա ուժը: Երեւի պէտք էր, որ պանդուխտ դառնայի, որպէսզի կարողանայի զգալ ու հասկանալ, թէ ի~նչ հանճարեղ երգ է «Կռունկ»-ը…, որը, իրօք որ մեզ նմանների համար է ստեղծուած…

   – Դու, կարծում եմ, բաւական հոգեկան ապրում ունեցար, գուցէ դուրս գանք ու գնանք մի ուրիշ տեղ, որ դու  մի քիչ ցրուես ու թարմանաս:

– Ո՜չ…, ի՞նչ ես ասում Ռուբիկ ջան…, ես պարտք ունեմ մէկին տալիք: Այսօր ճիշդ ժամանակն է…:

   – Ի՞նչ պարտք Արամ ջան, հիմա յիշեցի՞ր, բա դրա ժամանակն է՞:

   – Դու չգիտես Ռուբօ ջան, ես քեզ յետոյ կը պատմեմ… վառել ա ինձ…, իսկ հիմա գնա ներս եւ ջութակահարին բեր ինձ մօտ, նրանք ինձ լաւ գիտեն: Մինչեւ վերադառնաս` ես մի հիւրի եմ հրաւիրելու:

   Ռուբիկի հեռանալուց յետոյ, Արամը դրամապա­նակի միջից հանեց խնամքով պահուած իրաւաբան Բիւզանդ Պէրպէրեանի այցեքարտը ու բջջայինով կապուեց իրաւաբանի հետ.

   – Այո՜…, այո՜, կը լսեմ,  ո՞վ կրնաք ըլլալ-

   – Պարոն Բիւզանդ, ե՜ս եմ, ե՜ս…, դուք իմ ձայնը չէք լսել…, ես…

   – Հոն կեցիր բարեկամս, մի շարունակէր, հասկցա՜յ, հասկըցա…, դուն` Երեւանի ռեստորանին Կոմիտասի Կռո~ւնկն ես…,- այս ասելն ու սրտաբուխ, ինքնամոռաց խընդուքը մէկ եղաւ:

   – Այո՜, այո՜ պարոն Պէրպէրեան ես եմ, անունս Արամ է, Արամ: Ի՞նչպէս յիշեցիք պարոն Բիւզանդ:

   – Ծօ՜…, «պարոն» ի՞նչ ըսել է: Բիւզանդ ըսէ` լըմըն­նայ, մենք ընկերներ չե՞նք…

    Ամերիկահայ իրաւաբանի այդքան անմիջական, անկեղծ վերաբերմունքից չափազանց ազդուած ու յուզուած, Արամը անմիջապէս, առանց երկարբարակ բացատրութեան` անցաւ «գրոհի».

   – Բիւզանդ ջան, այժմ մանկութեան ընկերոջս հետ գտնւում ենք Բեվեռլի Հիլզ չհասած,  Սանսէթ պողոտայի վրայ գտնուող նորաբաց Տուշպա անունը կրող ռեստորանում: Նա նոր է եկել Երեւանից եւ շատ հետաքրքիր տեղեկութիւններ ունի տալիք, մանաւանդ` Թաւշեայ յեղափոխութեան հետ կապուած: Շատ ենք խնդրում միանալ մեզ:

   – Սիրով Արամ ջան, միայն թէ ինծի երկվայրկեան ժա­մանակ տուր, ճշդեմ տեսնամ տիկինս ի՞նչ ընելիք­ներ ունի:

   Անշուշտ երկվայրկեանը մի քիչ երկարեց, սակայն պատասխանը դրական էր:

   – Արամ ջան, բարեկամս, սխալ բա՞ն մը ըրած կ՚ըլ­լամ, եթէ տիկինս ալ հետս բերեմ, ան Հայաստանով շատ հետաքրքրուած է: Կարծեմ Տուշպա ըսիր ճա­շա­րանին անունը, այնպէս չէ՞…

   – Այո՜, այո, ոչ մէկ սխալ բան չկայ Բիւզանդ ջան, աւելի կը գեղեցկանայ մեր սեղանը ձեր կնոջ ներ­կայութեամբ: Ուրեմն`Տուշպա, Բեվերլի Հիլզ չհա­­սած, ձախ թեւի վրայ:

   – Մեզմէ հեռու չէ, 15-20 վայրկեանէն հոն կըլլանք:

   Մինչ հիւրերի գալը, Արամը ջութակահարին «կար­գա­դրեց».

   – Հենց կը տեսնես, որ մենք, սրահ ենք մտնում, անմիջապէս կ՚անցնես Կռունկին…, եղա՞ւ…

   Կէս ժամն  արդէն  անցել էր, երբ  ժամանեցին Պէրպէրեան ամուսինները

   – Կը ներես բարեկամս, ճամ­բան շատ խճողած էր…, այսօր` Ուրբաթ օր, եւ` իրիկուան ժամո՜ւն, եւ…, եւ` Սանսէթ պողոտայ, ան ալ` Հալիվուտի մէջ,- առանց շունչ առնե­լու` իրար ետե­­ւից շարեց եւրոպական ցայտուն` պլպլան կոս­տիւ­մով, պերճա­ուք արտաքինով իրաւաբանը ու փաթաթուեց մեր Արամին.

   – Ծօ՜…, աս ի~նչ արագ կ՚անցնին տարիները, կար­ծես երեկ էր, որ Երեւան էինք…, անանկ չէ՞ Արամ…

   – Այո, այո՜ շատ արագ են թռչում օրերը, իսկ հիմա եկէք մտնենք ներս, ժամանակ չկորցնենք, յետոյ շատ նիւթ կ՚ունենանք զրուցելու:

   Հազիւ էին մի քանի քայլ արել մեր հիւրերը սրահից ներս, խոր լռութեան մէջ, կիսամութ սրահում սկսեց հնչել Կոմիտասի գլուխ-գործոց «Կռունկ»-ը` մենա­կա­տար ջութակահարի` մեղմից էլ մեղմ կատար­մամբ:

   Մերոնք, ի տես սրահի բոլոր այցելուների, այդպէս կանգնած մնացին մինչեւ աւարտ­­ուեց երաժշտու­թիւ­նը:

  … Ճերմակ անձեռոցիկները ձախ ձեռքի դաստակին գցած երեք մատուցողներ տեղաւորեցին մեր հիւրե­րին` աղանդերներով գերծանրաբեռ սեղանի շուրջ­:

   … Որեւէ խօսք կամ արտայայտութիւն անցած պատմութեան վե­րաբերեալ, ի մտոյ, բոլորի համար էլ լռելը լաւագոյն դեղամիջոցն էր…:

   Խնջոյքն ու հայկական պարը թեւածեցին մինչեւ առաւօտեան ժամերը:

   … Այդ օրուանից յետոյ Արամը եւ Բիւզանդը դարձան մտերիմ բարեկամներ եւ երբեւէ խօսք  չ՚ե­ղաւ նրանց միջեւ  անցածի  մասին: Իսկ Տուշպա ռեստորանում ամէն մի հայ ամէն երեկոյ հարցնում էր.

   – Կռո՜ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս…

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ