Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Եարը Մարդուն Եարայ Կու Տայ…

(Անզուգական Երգիչ Լեւոն Գաթրճեանի Յիշատակին)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Ես այն հայի տունը կ՚ երթամ

Ով խօսում է հայերէն

ԳՈՒՍԱՆ ՇԱՀԷՆ

      Օրերս Հոլիվուդի ծանօթ գերեզմանատանը հողին յանձնուեց հայ երգարուեստի փա­ռա­բանուած երգիչ Լեւոն Գաթրճեանի անշնչացած մարմինը: Ըստ հաւաստի տեղեկութեան, փոքրաթիւ յուղարկաւորների ներկայութեան: Հիմնական պատճառը ողջ հայութեան ներկայիս ծանր հոգեվիճակն է եւ հան­գուցեալի քսան տարուայ բացակայութիւնը Լոս Անջելէսի մշակութային կեանքից: Ինչ որ չափով կարելի է «արդարացնել»  երգչի փոքրիշատէ այպանելի անտար­բերու­թիւ­նը, մեր համայնքի նկատ­մամբ, որի պատճառը նրա մշտատեւ համերգային ուղեւորութիւններն են

   Միթէ՞ կարելի է մոռանալ հայ աշուղական, ժողովրդական, յեղափոխական, ֆիտայական երգերի անզուգական կատարող Լեւոն Գաթրճեանին: Իր մահով նա ծանր պարտականութիւն դրեց մեր առջեւ: Մենք պարտաւոր ենք նրա փառքին արժանի յետմահու հանդիսաւոր երեկոներ իրականացնել աշխարհի բոլոր ծագերում` ուր որ հայ կայ: Ես ինքս, պարտք ունեմ նրան տալիք, որի մասին կը խօսեմ քիչ անց, իսկ ներկայիս, ես պատրաստ եմ համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկութիւն

կ՚ունե­­նան համբաւաւոր երգիչ եւ յօրինող Լեւոն Գաթրճեանի փառքին վայել յետմահու երեկոյ կազմակերպել:

   …Հալէպում ծնուած վտիտ մարմնով Լեւոնը մի շատ կարեւոր առաւելու­թիւն ունէր իր հասակակիցների համեմատ: Աստուածատուր, հմայիչ գեղեցիկ ձայն, գերազանց լսողութիւն եւ ռիթմի բացառիկ զգացողութիւն:

   Մի քանի տարի Հալէպի ճաշարաններից մէկում երգելուց յետոյ Լեւոնը հասկացաւ,, որ մարդիկ ուտել-խմելու հետ մէկտեղ սրտի եւ հոգու սնունդի էլ պէտք ունեն ու, հաւատալով իր ուժին ու կարողութեանը, որոշեց մեծ սրահներում հոգեկան սնունդ տալ մարդկանց: Հայրենասիրական նպատակի իրականացման համար, նա ընտրեց  Միջին Արեւելքում Փոքրիկ Փարիզ համարուող Լիբանանի մայրաքաղաք Պէյրութը, որի երաժշտասէր հասարակութիւնը գրկաբաց ընդունեց տաղանդաւոր երիտասարդ երգչին, որի կատարողական վարպետութեանը տեղեակ էր դարձել Հալէպ գնացողեկողների միջոցով:

    1963-66 թ.թ. Լեւոն Գաթրճեանը սովորում է Պէյրութի  պետական երաժշտանոցում:

     Այս կապակցութեամբ պատմաբան Սիսակ Վարժապետեանը հետաքրքիր գրառում է արել իր «Հայերը Լիբանանի մէջ» գրքում: Ահա այդ գրառումից մի հատուած.

   – Թէեւ երաժշտանոցէ  մը չէ  վկայուած Լեւոն Գաթրճեանը, սակայն զանազան առիթներով բեմերէն, ձայնասփիւռէն, պատկերասփիւռէն ունեցած իր ելոյթներով, իր ձայնին անուշութեամբ եւ հաղորդականութեամբ հասարակութենէն սիրուած ժողովրդական երգիչ մըն է:

   – Յարգելի պարոն Վարժապետեան, հաճեցէք լուսաբանել,  թէ ի՞նչ նկատի ունիք

երաժշտանոցէ  մը չէ  վկայուած ըսելով: Երաժշտանոց չէ յաճախած, թէ՞ ուսումը

կիսատ ձգած է, որու պատճառով վկայական չէ ստացած: Պատմութեան համար շատ կարեւոր է ճշդելը:: Ես քանի մը տեղ, նոյնիսկ պաշտօնական հաղորդումներու մէջ կարդացի, որ Լեւոնը ուսանած է Պէյրութի պետական երաժշտանոցի մէջ:

   Սակայն,  Լեւոնի պարագային այնքան ալ կարեւոր չէ ուսանած է կամ ոչ: Իր քով ամէն ինչ Աստուծոյ տուածով է: Մենք եւ դուք շատ լաւ գիտենք, կը ճանչնանք «ուսում առած» երգիչ­ներու, որոնք իրենց ողջ կեանքի ընթացքին մէկ մենակատարում իսկ չեն ըրած եւ երգած են երգչախումբերու մէջ: Նոյնը` խմբավարներու պարագային, որոնք հինգ տարի ուսանելէ ետք, մանկա­կան երգչախումբ անգամ չեն կրցած ղեկավարել:

    Հայ իրականութեան մէջ Լեւոն Գաթրճեանը միակ երգիչն է, որի համար ԵՐԳԻ ԺԱՆՐ գոյութիւն չունի: Առաւելութիւնը տալով աշուղական երգերի, ոչ պակաս յաջողութեամբ, նրա մօտ փայլուն է ստացւում յեղափոխական եւ ֆիտայական երգերի կա­տա­րումները, որոնց ընթացքին ունկնդիրը ըմբոշխնում է երգչի հնչուն, գունեղ, առանց տատանումների ձայնի գեղեցկութիւնը:

    Ուր էլ որ երգել է Գաթրճեանը, որ երկրում, կամ որ սրահում` միեւնոյնն է` այնտեղ եղել է խինդ, ուրախութիւն, սէր, կարօտ` առ հայրենին: Յստակ առոգանութեան եւ կշռա­դատ­ուած շնչառութեան շնորհիւ նրա կատարած երգերը դառնում են չափազանց մատչելի: Այդ է պատճառը, որ նրա համերգներում կատարուող երգերի զգալի մասը կրկնւում է ունկնդիրների պահանջով:

  Խորհրդային  Հայաստանի պատմութեան մէջ, գրականութեան, արուեստի, մշակոյթի զարթօնքի տարիներն են համարւում 1950-ի կէսից մինչեւ 1980-ի Ղարաբաղեան շարժման սկիզբը, գրեթէ 30 տարի: Ի մասնաւորի 1960-80թ.թ. գրեթէ ամբողջովին բացուեց երկաթեայ վարագոյրը եւ Հայաստան-Լիբանան-Սիրիա կապի շնորհիւ աննախընթաց աճ արձանգրեց Պէյրութի մշակութային կեանքը: Բացուեցին նոր դպրոցներ, մշակութային հաստատութիւններ: Աշխուժացաւ թատրոնի եւ երաժշտախմբերի գործունէութիւնը:

    Անշուշտ, այս ամէնը Ստնտու (կաթ տուող կին) Հայաստանի շնորհիւ, որի մտաւորա­կանների, գրող­ների, Մայր թատրոնի, արուեստագէտների, երաժշտախմբերի. Թաթուլ Ալթունեանի ղեկավարած երգի եւ պարի համոյթի   յաճախակի այցելութիւն­ները մեծապէս նպաստեցին Միջին Արեւելքի հայ գաղթաշխարհի մշակութային վերելքին:

   Այդ տարիներին Միջին Արեւելքի հայ համայնքների ղեկավարների, Լեւոն Գաթրճեա­նի, նրա սերնդակիցներ Ատիս Հարմանտեանի, Մանուէլ Մենենկիչեանի, հրա­շալի դաշնակահար Ժագ Գոճեանի  եւ մի խումբ ազգասէր երիտասարդների անդուլ ջանքերի շնորհիւ ասպարէզից դուրս մղուեցին թրքաբոյր, այսպէս կոչուած հայկա­կան երգերը: Պուրճ Համուտի սրճարաններում եւ ճաշարաններում յետ այդու միայն մաքուր, ականջ շոյող, ազնիւ երգեր ու երաժշտութիւն է կատարւում

    Այդ շրջանում էր, որ Լեւոն Գաթրճեանը աշուղական երգերի կողքին իր ծրագիրը

հարստացրեց ազգային ոգի արթնացնող յեղափոխական եւ ֆիտայական երգերով:

Դրանք էին`«Ձայն մը հնչեց», «Անդրանիկ», «Զարթիր լաօ», «Հայ ենք մենք», «Ղարաբաղ» եւ այլ երգեր

   Սոյն ծրագրով Լեւոն Գաթրճեանը ելոյթներ ունեցաւ Եգիպտոսում, Քուվէյթում,  Իրա­­նում, Կիպրոսում,  Փարիզի` շատերի համար երազ թուացող Օլիմպիա սրահում, Արցախում, բազմիցս Հայաստանում եւ Միացեալ Նահանգներում:

   Մշտապէս հիւր լինելով Երեւանում, Լեւոն Գաթրճեանը ելոյթներ է ունեցել ռատիոյով եւ հեռուստատեսութեամբ, միեւնոյն ժամանակ ձայնագրել է բազում աշուղական (առաջնութիւնը տալով Սայաթ Նովային), ժողովրդական, յեղափոխական եւ ֆիտայական երգեր, որոնք ձայնապնակի է վերածել Մոսկուայի ձայնապնակներ արտադրող Մելոտիա ընկերութիւնը:

   Յիսուն տարի  Լեւոն Գաթրճեանը կապը բնաւ չի կտրել Լիբանանից,, որի պատճաոով նրան համարում են  լիբանանահայութեան մենակատար:

    Պիտի խոստովանել, որ նա իր ելոյթներով չի շփացրել Լոս Անջելէսի հայութեանը, մանաւանդ` Հայաստանի անկախացումից յետոյ: Մեր համագործակցութիւնը երկար չտեւեց, ընդամէնը երեք-չորս տարի:

    40 տարի առաջ ես որոշեցի Բարեգործական Միութեան ՍԱՐԴԱՐԱ­ՊԱՏ երգի եւ պարի համոյթի գործիքային խումբը առանձինն օգտագործել շնորհալի մենակատարների  օգնութեամբ հայրենակարօտ հայորդիներին  հայկական ժողովրդական, գուսանական եւ յեղափոխական երգերին: ծանօթացնելու համար:

   Արդիւնքում`ծնուեցին ծրագրային համերգներ, ինչպէս օրինակ «Հա­յաս­տանը երգերի մէջ», «Թաթուլ Ալթունեան», «Ինքնուս երգիչներ», «Հաւասի եւ Շա­հէն», «Սայաթ Նովա» եւն: Այդ համերգներին իրենց մասնակցութիւնը բերին շնոր­հալի, տաղանդաւոր երգիչ-երգչուհիներ, այդ թւում` արական սեռին պատկանող` Լեւոն Գաթրճեան, Աշոտ Դուրեան, Հենրիկ Միհրանեան, Յովիկ Գրիգորեան, նոյնիսկ փառահեղ պոլսա­հայ յայտնի օպերային երգիչ Յակոբ Թոփուզեան: Իգական սեռն իրեն դրսեւորեց անկրկնելի Աննա Նշանեանով, որի կողքին` Մարիետա Անասեան, Ալիս Լոմեան: Անշուշտ այս խմբի գլխավերեւում է եղել երկարամեայ գործունէութեամբ ողջ Միջին Արեւելքը, արաբական երկրնեըը, Հայաստանն ու Սփիւռքը «իրենով արած» Լեւոն Գաթրճեանը:

      Ահա թէ ինչ է գրում երաժշտագէտ Նէլլի Սադոյեանը վերոնշեալ համերգներից «Հաւասի եւ Շա­հէն»  երեկոյի մասին, որը տեղի է ունեցել 1983 թ.  Մայիսի 8-ին:

   – Նորոյթ էր Լեւոն Գաթրճեանի յօրինումները գուսան Հաւասու խօսքերի հիման վրայ (մէկը շատ տարածուած «Եարը մարդուն եարայ կու տայ» երգն է,- ՀԵՆ. Ա.): Երգչի յօրինումները հարազատ էին գուսանի ոճին:, մեղեդին ծորում էր ազատ, իսկ Լեւո~նը , յիրաւի ծնուած է երգելու համար: Այնքան ազատ է զգում նա իրեն բեմի վրայ, այնպէս արագ է  կապւում հանդիսատեսների հետ, որոնք ոգեւորութիւնից բազմիցս կրկնել տուին արդէն կատարուած շատ երգեր

   – Է~հ Լեւոն, Լեւոն, գնացիր էլի~, վստահ եմ, կը վերադառնան լաւ օրերը ու մենք նորից կը հանդիպենք, ինչպէս աննման Չարենցն է ասում.

                                           Էլի գարուն կը գայ, կը բացուի վարդը

                                           Սիրեկանը էլի եարին կը մնայ:

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ