Երեքշաբթի, Ապրիլ 23, 2024

Շաբաթաթերթ

Անահիտ  Դիցուհի

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Քսան դարու Քու վրէժդ թող որ այսօր ես լուծեմ, ով  աստուածուհիդ Անահիտ: Ահաւասիկ քու բագինիդ կրակներուն մէջ նետեցի իր խորտակուած  երկու թեւերը թունաւոր, եւ ցնծա՛ դուն, ով ոսկեմայր, Լուսաւորչի կողերէն, ժանտ ոսկոր մը քեզ կը ծխեմ: Կը պաղատիմ ես քեզի, ով զօրութեանց դուն աներկիւղ գեղեցկութիւն:

                                                                                               Դանիէլ Վարուժան

Անահիտ, մայր աստուածուհի, »Մայր բոլոր զգաստութեանց», »Մեծ Տիկին Անահիտ»: »Ոսկեծին, Ոսկեծղի, Ոսկեմայր, Ոսկեհատ հայոց աշխարհի դիցուհի»: Այդպէս էին անուանել նրան, Երիզա աւանի տաճարում եղել նրա ոսկեձոյլ արձանը: Արամազդի դուստրն էր հայոց ամենասիրելի եւ պաշտելի »Մեծ Տիկին» Մայր Անահիտը: Նա, հայոց աշխարհի բոլոր աստուածների առաջնայինն էր, պատկերուած երեխան գրկին, հայ մայրերի յարդարանքով, մինչեւ ուսերը իջնող գլխաշորով: Անահիտը՝ բարի ու բարերար, Արմինա-Հայաստան արարչական երկրի խոհեմութիւնների, պարկեշտութիւնների խնամակալը, մայրութեան, ու պտղաբերութեան մարմնացումը: Հաւատացել էին, որ նրա շնորհիւ էր, որ հայոց աշխարհը գոյութիւն ունէր: Նրա պաշտամունքի վաղ շրջանում համարւում էր ռազմի աստուածուհին: Հայր Արամազդի գլխաւորութեամբ՝ Մայր Անահիտը, Նանէ դիցուհին ու լոյսի-արեւի աստուած Միհրը կազմում էին հայոց դիցարանի երրորդութիւնը: Անահիտի մայրութեան պաշտամունքի ծագման վայրը համարւում է Հայկական լեռնաշխարհի Այրարատ »աշխարհը»: Նրա պաշտամունքը այնքան սիրելի է եղել, որ հնդեւրոպական կոչուած մայր ցեղի տրոհման ատեն՝ նրան ուրիշ երկրներ տարել: Պարսկաստանում այն արտայայտել են որպէս Անահիտա, յոյները Արտեմիս, հռովմէացիները Տիանա (Անահիտ) յորջորջումներով: Անահիտի յիշատակութեան մասին գրաւոր տեղեկութիւններ պահպանուել են Աւեստայում,  Աստուածաշնչում,  յունահռովմէական գրաւոր երկերում:                 

Աւեստա մատեանը խմբագրուել ու գրի է առնուել մ.թ.ա. 7-րդ դարում, որը հնդեւրոպական ժողովուրդների կրօնական ըմբռնումների աւանդաբար կատարուած փոխանցումն է: Անահիտի մասին տեղեկութիւններ է հաղորդել նաեւ յոյն պատմագիր Ստրաբոնը: Նրա պաշտամունքը տարածուել է Արմինա-Հայաստանի ամբողջ  տարածքում, բազմաթիւ վայրերում նրա պատուին տաճարներ են կառուցուել: Որպէս բարոյական կատարելիութեան իւրայատուկ տիպարի, նրա պաշտամունքը գերազանցել է բոլոր աստուածների հանդէպ կատարուածը: Անահիտին վերագրուել են նաեւ բժշկական ունակութիւններ: Հիւանդացել էր Արտաշէս թագաւորը,Երիզա աւանի Անահիտի մեհեան էր գնացել Միջագետքում նրան ուղեկցող իշխանը, Արմինա-Հայաստանի թագաւորին նրանից բժշկութիւն հայցելու: Արմինա-Հայաստանում, Անահիտի հանդէպ տածած պաշտամունքը այնքան սիրելի է եղել, որ հայոց Տրդատ Գ. թագաւորը դիմելով իր բանակի զինուորական Գրիգորին, ասել՝ »Մահ կը տամ քեզ, եթէ յանձն չառնես կուռքերին պաշտամունք մատուցել, մանաւանդ այս Անահիտ Մեծ Տիկնոջը, որը մեր ազգի փառքն է եւ կենսատուն, որին թագաւորներն են պաշտում, նոյնիսկ յունաց թագաւորը»: Արմէն-հայեր, կատարելիութեան հասնող տիեզերական սիրոյ պատկառանք են տածել »Մօր» նկատմամբ, այն հասել մինչեւ նոր ժամանակներ, իրենց երկիրը կոչել »Մայր Հայաստան», հողը՝ »Մայր Հող»: Եւ ի~նչ ակնածանքով է Արմին-Հայ որդին »Մօր»-ը պատկերել իր յօրինած շարժապատկերում: Աշխարհի մարդիկ, գովերգել են Արմէն-հայերի »Մօր» հանդէպ տածած սիրոյ պաշտամունքի իմաստութիւնը: »Մեծ Անահիտ տիկին, փառք ազգից մերոյ եւ կեցուցիչ մայր, բարերար ամենայն մարդկանց բնութեան»: Նա բնութագրուել է որպէս ողջախոհութեան, առաքինութեան ու արդարադատութեան մարմնացում: Ըստ Արմէն-հայերի իմաստութեան, մայրն է ընդունակ արդարամիտ լինելու ու արդար դատելու: Այդպէս են Արմին-Հայ նախնիները  բնութագրել Մայր Անահիտին:                                                                                                              Անահիտի »զգաստութիւնների մայր» յորջորջումը, Արմէն-հայերի բարձր բարոյականութեան դրսեւորումն է: Նա բնորոշուել է նաեւ հայրենապաշտութեամբ, դրամների վրայ պատկերուել սաղաւարտը գլխին, նետ ու աղեղ զինակիր տեսքով, որպէս պատերազմի աստուածուհի, ինչպէս որ ցեղակից յոյների պատերազմի աստուածուհի՝ Աթենաս Պալլաս-ն էր:  Նա էր հայոց աշխարհի լեռներին, հանդերին մայրական գորովի շունչ յորդել: Դաշտերում ցորեանի ալիքուած ծովեր, ծաղկած անուշաբոյր հասկերի բուրմունք, զեփիւռի հետ պար բռնած ցորեանի ոսկու հատիկներով լեցուն հասկեր: Այգիների ծառերին ծիածան էր կապել, նրանց ոստերին հազար-հազար գոյների ճարմանդները հովիկների հետ մեղեդի էին մրմնջում: Գարուններին, »Մուսաների Լեռ»-ան լանջերի բացատներին ծով մանուշակների հրդեհ էր վառւում, նրանց բուրմունքը հասնում հայոց աստուածների տուն Աշտիշատ աւան: Մայրութեան արգասաւորութեան ոգու խորհուրդ էր հրավառել  հայոց  աշխարհում:                                                                                                                           Եկեղեաց գաւառի Երիզա/Երզնկա աւանում եւ Արտաշատ ոստանում էին մարդացած Մայր Անահիտ դիցուհու ոսկեձոյլ արձանները, որի պատճառով էր, որ նրան կոչում՝ Ոսկեծին-ոսկեմայր, Ոսկեծղի: Մ.թ.ա. 34 թուականին, Հռովմի Մարկոս Անտոնիոս զօրավարի լեգէոնները պարթեւական արշաւանքների ատեն ներխուժել էին Արմինա-Հայաստան աշխարհ,տիրել Երիզա աւանին: Անտոնիոսի զօրապետներ, զինուորներ մտել էին Անահիտի մեհեան, ջարդել Անահիտի ոսկեձոյլ արձանը, կտոր-կտոր անելով բաժանել իրար միջեւ, տարել Հռովմ՝ գինարբուքի խնճոյքներ կատարել: Արեւելքի արքաների-արքա, Արմէն-Հայհայկազուն Տիգրան արքայի որդի՝ Արտաւազդ Բ. թագաւորը, պարթեւների հետ դաշնակցելով, պարտութեան մատնել Հռովմի  լեգէոնները: Նենգ Հռովմի դաւադիր զօրավարը, հաշտութիւն կայացնելու համար իր բանակատեղի հրաւիրել հայոց թագաւորին: Խաբեբայ, ստոր, նենգաբարոյ զօրավարը գերավարում հայոց թագաւորին եւ որպէս արեւելքում վարած մարտերի յաղթանակի նշան, նրան տարել նուիրաբերելու Եգիպտոսի Պտղոմէոսների վերջին գահակալ՝ Կլէոպատրա թագուհուն: Արմինա-Հայաստանի արքան խրոխտ կանգնել է նրա դիմաց, տարփուհի թագուհին ապշել է յաղթանդամ, գլխի ետին իջած սեւաթոյր մազերով, վեհութիւն ներշնչող սեւ մորուսով, ակներից արեւներ պայթած, Հայաստանի արիացի թագաւորի տեսքով: Հրամայել խոնարհիլ իրեն ու իր հագուստի քղանցքը ճակատին տանել: Մերժել էր Արմինայի արքան, կանչել, որ իր երկրի մարդիկ ու իրենց լեռները երբեք չեն խոնարհել օտար տիրակալին: Կլէոպատրան, Արտաւազդին տիրելու բազում ապարդիւն փորձերից յետոյ՝ հրամայել սպաննել նրան:                                                                                                                                                                 Հապա ինչքա~ն ոսկի, թանկարժէք գանձեր կային հայոց սաստուածների տաճարներում, որը յափշտակել է Պարթեւ Գրիգորը: Հռովմի տիրակալների զօրավարներ, իրենց կողոպտած հարստութիւնները Հռովմ են բերել, շուայտացել ուրիշի արարումով, յղփացել, դրժել իրենց աստուածների խորհուրդը, պատգամները .  .  . եւ տանուլ են տուել ոչ միայն կայսրութիւնը, այլ նաեւ Հռովմը: Ճակատագրապաշտ չեմ, սակայն բնութեան երեւոյթների, նրանց եղափոխութեան ընթացքի օրինաչափութիւնների, տիեզերական օրէնքների անտեսումը, հին աստուածների խօսքի արհամարհումը տանում դէպի փլուզում, անկում: Բնութեան արարչութեան էակ՝ մարդ արարած, »Նիրւանան» տիեզերական աստուածների զարմանահրաշ խորհուրդն է, իրական ու ճշմարիտ, առաւել քան որեւէ »Աստուծոյ Որդիի» խօսքը: Հանգիստ ու գոհունակ եղի′ր այնպէս՝ ինչպէս որ կաս, գոհացի′ր, փառաւորուի′ր, որ »քեզ կը մնայ միայն այն, ինչ որ տուել ես»                                                                                                                                                               Արմինա-Հայաստան լեռնաշխարհի շատ աւաններում Մայր Անահիտի պաշտամունքին նուիրուած բազում ուրիշ տաճարներ էլ էին պատել՝ Տարօնում, Վասպուրականում, Արմաւիրում, Բագրեւանդում, Բագարանում: Նրան նուիրուած Բարձր Հայքի Եկեղեաց գաւառի Երիզա աւանի (յետագայում Երզնկա) տաճարը նրա պատուին »Անահտական» կոչել: Անահիտի ամենայայտնի տաճարը Սասուն աշխարհի Մուշի շրջանի աստուածների բնակավայր Աշտիշատ աւանում էր: Այն հանդիսացել էր Արմէն-հայերի տոհմական հաւատքի պաշտամունքի գլխաւոր կեդրոնը: Հայոց աշխարհի ազնուազարմ իշխանական տները, իրենց դուստրերին նուիրել էին այդ տաճարին, որտեղ որոշ ատեն ծառայելուց յետոյ միայն ամուսնանալու իրաւունք ունեցել: Անահիտի տաճարներին նուիրաբերում էին ճակատներին սպիտակ նշաններ ունեցող երինջներ: Անահիտ աստուծոյ պատուին մեհեան էին պատել Արտաշատում, նրան մարդացրել էին հայոց աշխարհի ընդերքից պայթած կարմիր քարով, պղինձով: Երզնկայի շրջանի Սատապ վայրում գտել էին նրա հէքիաթային մարմնի գլխամասը միայն եւ Նոր Պայազետի Հացառատ գիւղում նրա պատկերով կրծքազարդը: Նայե՞լ ես, անէացած նայի՛ր նրա դէմքին իջած նախնիներիդ խորհուրդի լոյսին, Արմին-Հայ մայրերի ոսկեծին ոգին է այնտեղ, քու ցեղին սրտի կարմիր հուրն է յորդում նրա ակներից, այն եկել հասել քու էութիւն, պատրաստ քեզ հետ քայլելու արեւորդիներ ցեղիդ յաւերժութեան ճամբաներով: Յաւերժի Արմէն-Հայ, ոչ ոք կարողացաւ քու երթի ճանապարհը գոցել:                                     Արմէն-հայերի նախնիների Անահիտի պաշտամունքը եղել է վաղնջական ժամանակներից: Հայկ Նահապետից հազար-հազար տարիներ առաջ էլ նրա պաշտամունքը կատարուել է արմինների Արատտա-Այրարատ երկրի Մեծամօր մայր ոստանում: Սումեր-Շումերի Ուրուկի արքայ Էնմերքարը Անահիտ-Ինաննա դիցուհին բերել իր ոստան, որ իր երկրին մայրութիւն, առատութիւն հոսէր: 

   

Նաւասարդի, Օգոստոսի 11-ից ընթացող տօնախմբութիւնների ընթացքում, նոյն ամսի 15-ին, տօնախմբել էին նաեւ Անահիտ դիցուհու մայրութեան տիեզերական խորհուրդը: Աշտիշատ աւանում Անահիտ դիցուհու գլխաւոր տաճարում համաշխարհական խնճոյքներ էին կատարում: Բերքի հասունացման, արտերում ցորեանի ոսկեղինացած հասկերի հունձքի, նրա մայրութեան թովչանքով արարուած պտղաբերութեան հրաշագեղ հէքիաթի հրավառութիւնն էր: Անահիտ դիցուհու եւ Նայիրեան աշխարհի մարդացած աստուածների պատուին ծիսակատարութիւններ էին պատարագում: Սիւնեաց Սիսական Նահապետի աշխարհի գողթան ու հայոց աշխարհի հեթանոս երգիչների երգերը նուիրուած էին բերքի արարչութեանը, տիեզերական աստուածներին: Կեանքի »առասպելական՝՝ հէքիաթի հեթանոսական  խրախճանքի վայելք էր այն:                                                                                                                        Արեւածին, »արեւորդի-արորդի» արարչական Արմէն-Հայ-ին նսեմացնելու համար եղծում են նրա պատմութիւնը, բարբանջում, որ Անահիտը Արմինա-արմինների երկիր է եկել Իրանից: Այդ ճշմարիտ չէ, Իրանը չէր ընդունել կանանց իշխանութիւն, նրանց դիցարանում ակնառու չէին դիցուհիները: Անահիտը այնտեղ չի արժանացել այն պատուին, որ նրան մատուցել էին Արմինա-Հայաստան երկրում: Արժանահաւատ է համաշխարհային դիցաբանութեան մի մասնագէտի վկայութիւնը, որ Անահիտը պարթեւների ու Պարսկաստանի երկրում օտար ներկայութիւն էր: Ինչպէ~ս հաւատալ, որ Արմէն-Հայը իր »Ոսկեմայր» դիցուհին, հայոց աշխարհին մայրութիւն պարգեւած Անահիտին, բերած լինէր Պարսկաստանից, երբ նա այնտեղ օտար էր համարուել: Անահիտը Հայկական լեռնաշխարհի արարչական ժամանակների բնիկ դիցուհին, Ինաննա-Անահիտ դիցուհին, Արատտա երկրի դիցուհին, Արմինա-Հայաստանի դիցուհին, իրենց երկրին մայրութիւն արարող, առատութիւն անձրեւող դիցուհին է: Մ.թ.ա. երրորդ հազարամեակում, Արատտայի ոստանում Անահիտին պաշտամունք էին նուիրել, երբ Պարսկաստանում պարսիկները դեռեւս գոյութիւն չունէին: Պարսիկները Անահիտի պաշտամունքը տարել էին իրենց հետ, երբ հեռացել էին իրենց էլ հնդեւրոպական ժողովուրդների օրրան՝Հայկական լեռնաշխարհից:                                             Ես, »Մուսաների Պաշտամունքի Լեռան» լանջերի շէնի տարեց այր, հայկեան ոգու սխրանքով թռչէի նախնիներիս մարդացած »Հայ» աստուածների քաղաք Աշտիշատ: Իմ հայրենի լեռան այգիներում, նրա հանդերում հասունացած կթոցներով մրգեր, արիւնլուայ խաղող, նոր բերքի ոսկեշող ցորենահատիկների պարկ շալակած մտնէի Անահիտի մեհեան, որպէս կաթոգին »Մայր» գրկէի նրան, պտուղներ սփռէի նրա անդրիի առաջ, արիւնոտ խաղողի ողկոյզների կարմիր հուրը շաղ տայի նրա իրանին, ափերով ցորեանի հատիկներ ցանէի նրա դողացող ոսկեհուռ լանջին: Կանգնէի նրա դիմաց, սրտիցս քամուած հրաբորբ արեան կաւէ լիքը թասը շաղ տայի նրա ոսկեհուռ դէմքին, այնտեղից հոսած կարմիր ժպիտով արբենայի: Նրա մեհեանի առաջ շուրջ պարի շարքեր մտնէի, գրկէի նախնիներիս ծիրանի հագած արքային, խոնարհէի թագուհու առաջ, նրա ծիրանի քղանցքը տանէի ճակատիս: »Նուռ Արմինա-Հայաստան», մեհեանի քարէ որմերին, նրա տանիքին փռուած նռնենիներից արեւորդիների յաւերժութեան նուռեր քաղէի, զարկէի նրա պատերին, խենթացած դիտէի այնտեղից հոսած արմինների յաւերժութեան »լոյսը»: Կրօնափոխ եղած Արմինա-Հայաստան, մարեցին Անահիտի պաշտամունքը, այն դարձրին հարաւի երկրում ծնուած Աստուծոյ Որդիի մայրիկի՝ Աննայի եւ Յովակիմի դուստր, անաղարտ Մարիամի պաշտամունքի տօնակատարութիւն: Անահիտ դիցուհու կերպարը Արմին-Հայու հոգու ստեղծագործութեան ամենափառաւոր հրաշակերտութիւննն է, եւ ոչ էլ Յիսուսի Աստուածածին մօր կերպարի նոյնութիւնը: Անահիտ դիցուհու գլխամասի դէմքին նայէ՛ք, նրա հայեացքը, այնտեղից տեղացող ժպիտը, մայրական աստուածածին ժպիտը, լոյս պիտի տեղան հոգուդ խորանին:    

                                                                                               Անահիտի մայրութեան պաշտամունքին նուիրուած էին բազում տօներ, ինչպէս՝ գարնանամուտի Ապրիլի 6-ի տօնը, որը մոռացութեան տալու համար Գրիգոր Պարթեւը փոխարինել է Աստուածածնի աւետման տօնի: Քանդել են Անահիտի մեհեանները, նրանց տեղը կառուցել  »Աստուածածին» անունով եկեղեցիներ: Անահիտին նուիրուած Յուլիս ամսուայ  ջրի  պաշտամունքի տօնը պահպանուել է Վարդավառ  անունով:           Անահիտ դիցուհուն նուիրուած ամենափառաւոր տօնը կատարուել է Նաւասարդ ամսուայ 5-ին: Մայրութեան ստեղծածին արարչութեան բերքահաւաքի տօնն էր, երբ արտերի ցորեանի հասկերն էին լուսեղէն ժպիտով խոնարհել մշակին, երբ մայրացած ծիածանափայլ ծառերն էին հովիկների հետ ոսկեպար, արեւապար բռնել, երբ այգիներում խաղողի թփերից արեւի լոյս ու մրմունջ հոսել: Պարթեւ Գրիգորը նաեւ այն էլ էր փոխարինել Քրիստոնէական »Վերափոխումն Աստուածածնի» տօնի: Աստուածածինը, Անահիտ դիցուհու մայրութեան կերպարի փոխարինումն է, Արմէն-հայերի հոգեկան ու մտաւոր զարգացման կատարելիութեան դրսեւորումն է այն: Արմին-Հայ աւանդապահ արարչական մարդիկ շարունակեցին Անահիտի մայրութեան պաշտամունքը տօնախմբել, փառաւորեցին նրա արարչութիւնը, բերքի ու բերքահաւաքի ծիսակատարութիւններ արեցին, օրհնեցին հասունացած խաղողը, անցորդներին պտուղ նուիրաբերեցին: Այդ տօները աղերսուել են երկրագործութեան սկզբի ու վերջի հետ: Անահիտ դիցուհու մայրութեան պաշտամունքի փառաբանման նուիրուած տօները՝ նրա նկատմամբ բացարձակ յարգանքի ու մեծարանքի արտայայտութիւնն էր: Իմաստուն Արմէն-հայերը, նոյն երկիւղածութեամբ տօնում են »Մայր Աստուածածին» Մարիամի անաղարտ մայրութեան պաշտամունքը:         Անահիտի պաշտամունքի որոշ գծեր արտայայտուել են նաեւ Սասնայ Ծռեր դիւցազներգութիւնում: Նրա »Զգաստութեանց Մայր» բնորոշման մէջ նոյն կողմերով արարուած են Ծովինարի, Դեղձունի, Արմաղանի, Խանդութի, Գոհարի կերպարներում: Արմէն-հայերի արարման  հէքիաթային հանճարի ոգեշունչ սխրանքն է այն:        Անահիտի պաշտամունքը առաջացել է հնդեւրոպական ժողովուրդների կողմից՝ »Հին քարէ» դարաշրջանի ատեն, քանզի կինն այնտեղ եղել առաջին երկրագործը: Հնադարեան պեղումները հաստատում են, որ հինգ հազար տարիներ առաջ Հայկական լեռնաշխարհում արդէն եղել է մայրութեան պաշտամունքը: Արմէն-հայերը Պարսկաստանից առաջ են դիցաբանութիւն ունեցել, այն չի ձեւաւորուել Բաբելա-ասորական, պարսկական, յունական կրօնների ազդեցութեամբ:

            Հայ Արիական Միաբանութեան  ու Հայ Ազգայնականների  անդամները  Մեծամօրի (Մեծամօր, Մեծ Մօր, Աստուածամօր) տարածքում Ապրիլի 7-ի  արեւածագը դիմաւորում էին Բնութեան Զատիկը՝ Աստուածամայր  Անահիտի Տօնը: Մեկնարկում էր հայոց  աւանդական զատկական տօնը: Զատիկը բնական տօն էր, բնութիւնը մարդկանց սրտերը լցնում խինդով, կեանքի հեշտանքով .  .  . հեքեաթային գարուն: Մէկ օր առաջ  մամիկները կաթնահունց գաթաներ թխում: Գաթաներից մէկի մէջ դնում Մայր Անահիտի պատկերով արծաթէ մատանի, այն բաժանում ներկաներին: Նոյն երեկոյեան շարունակւում էր Զատկի տօնը, այն ուղեկցում երգ ու պարերով, ձօներգերով, ծիսական փառաբանումներու, ի փառս Մայր Անահիտի, Հայ աստուածների  եւ Տիեզերքի Արարչի:

            Այնուհետեւ գնում էին Մայր Արաքսի ափեր, Ապրիլի 8-ի  լուսադէմին Մայր Անահիտին ուղղել ձօներ: Մայր գետի մօտ յատուկ ծէս էր արւում, ի աջակցութիւն Հայոց բանակի զինուորներին, որպէսզի նրանց  մայրերի խօսքն, որպէս զօրաւոր ձօն, հասնէր Մայր Անահիտին ու Տիեզերքից  նոր զօրութեամբ  պաշտպան կանգնի հայոց  քաջերին: 

            Ծէսից յետոյ Մայր Արաքսի ջրերին ցորենի հատիկներ խառնում՝ ի նշան նոյն տարում հողի առատ պտղաբերութիւն լինէր: Տօնախմբութեան համախմբուած հողագործները Արաքսից  ջուր տանում, իրենց հողամասերում առաջին հատիկը Մայր գետի ջրով ցօղելու:

            Համաշխարհային դիցաբանութեան  մէջ ուրոյն տեղ ունի Հայկական դիցաբանութիւնը, այն իր հետք է թողել Հայ մարդկանց մտածողութեան վրայ, որի պատճառով  հայերի դիցաբանական ըմբռնումները գոյատեւել են նաեւ քրիստոնէութեան ատեն: Արժէքաւոր են հայոց դիցաբանութեան մասին պահպանուած տեղեկութիւնները՝ Ագաթանգեղոսի, Մովսէս Խորենացիի, Զենոբ Գլակի, Փաւստոս Բիւզանդի  եւ  օտար  Ստրապոն, Պլուտարքոս պատմիչների  աշխատութիւններում:  Հայոց  դիցաբանութեան հնագոյն  պատկերացումների մասին  գաղափար է  տալիս ՝՝Սասունցի Դաւիթ՝՝ Դիւցազներգութիւնը: Ըստ  Մ. Աբեղեանի եւ Հ. Օրպելով, Ծովինարի, Սանասարի, Քուռկիկ Ջալալիի, Մեծ ու Փոքր Մհերների եւ Դաւիթի կերպարները երկրային ու երկնային երեւոյթների մարմնաւորումներն են: Հայկական դիցաբանութեան ձեւաւորման համար նշանակութիւն են ունեցել նախնադարեան Հայաստանի հաւատալիքներին ու պաշտամունքը:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ