Կիրակի, Դեկտեմբեր 22, 2024

Շաբաթաթերթ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մէջ Նշուեցաւ Հայոց Առաջին Լուսաւորիչներու Տօնը

Դեկտեմբերի 3-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց հայոց առաջին լուսաւորիչներ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալների տօնը: Դեռեւս 2014 թուականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տօնը հռչակուել է Աստուածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հաւատացեալների օրհնութեան եւ երկրպագութեան համար դուրս է բերւում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահուող համաքրիստոնէական սրբութիւնը:

    Տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցուեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի թանգարանների եւ արխիւի տնօրէն Հոգեշոնրհ Տ․ Ասողիկ աբեղայ Կարապետեանը:

    Սուրբ Պատարագին ներկայ էին Մայր Աթոռում պաշտօնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանեան թեմերի առաջնորդներ եւ բազմաթիւ ուխտաւորներ:

    Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափօրի առաջնորդութեամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ մատուռ-մկրտարան բերուեց աստուածամուխ Սուրբ Գեղարդը:

    Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տօնի խորհրդին եւ եկեղեցու առաքելութեանը, ի մասնաւորի նշեց. «Եկեղեցին գիշեր եւ զօր իր ողջ կարողութեամբ Աստծու խօսքն է բաշխում մեզ ամէնքիս: Ինչպէս դարէր առաջ առաքելական քարոզչութեամբ մեր նախնիներն իրենց սրտերը բացեցին Աստծու լոյսի առջեւ եւ դարձան հետեւորդները Քրիստոսի, այնպէս էլ մենք այսօր հաւատարմօրէն հետեւենք Քրիստոս Աստծուն, հետեւենք Նրա Սուրբ Եկեղեցուն եւ թոյլ չտանք, որ այս դժուարին օրերին խաւարը յաղթի լոյսին»:

    Հայր Ասողիկը յորդորեց անդադար լսել Առաքելական Սուրբ Եկեղեցու պատգամները եւ դրանք կեանքի կոչել, որպէսզի արժանի լինենք Աստծու արքայութեանը, որը մեր մէջ է եւ Սուրբ Թադէոս ու Սուրբ Բարդուղիմէոս առաքեալների բարեխօսութեամբ բարձր պահենք հայոց առաջին լուսաւորիչների հանդիպումով հայոց աշխարհում հաստատուած խաչը:

    Սուրբ Պատարագի աւարտին Հայոց Հովուապետը «Պահպանիչ» աղօթքով եւ հրաշագործ Սուրբ  Գեղարդով օրհնեց ներկայ ժողովրդին, ապա հաւատացեալներին հնարաւորութիւն ընձեռուեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնէական սրբութիւնը:

    Աստուածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում մնաց մինչեւ Երեկոյեան ժամերգութեան աւարտը:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ