Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը մասնակցեց լիբանանահայ մտաւորական Պարոյր Աղպաշեանի գրքի շնորհանդէսին

Ապրիլի 12-ին Երևանի Պետական Համալսարանի և ՀՀ        Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ ԵՊՀ Հայ բանասիրութեան ֆակուլտէտում կայացաւ լիբանանահայ հրապարակախօս, գրականագէտ, Միջազգային լրագրողների միութեան, Հայաստանի ժուռնալիստների միութեան, Լիբանանի արաբ մամլոյ ընկերակցութեան անդամ Պարոյր Աղպաշեանի «Երեւանի Պետական Համալսարան (95-ամեակ). երախտաւոր դասախօսներ (դիմաքանդակային հպումներ)» խորագրով գրքի շնորհանդէսը:

Միջոցառմանը ներկայ էին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, գրքի հեղինակ Պարոյր Աղպաշեանը, ԵՊՀ Հայ բանասիրութեան ֆակուլտէտի դեկան Արծրուն Աւագեանը, «Ազգ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը, գրականագէտներ, դասախօսներ, ուսանողներ:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: «Մայր ԲՈՒՀ-ը, Մայր տաճարը իւրաքանչիւրիս մէջ դնում է անջնջելի մի հետք, վառում է մի ջահ, որը ժամանակի ընթացքում մնում է անմար: Եւ այն զգացմունքները, սէրը, որ կայ իւրաքանչիւր ուսանողի մէջ դէպի Մայր ԲՈՒՀ-ը, աննկարագրելի է, մանաւանդ՝ տարիների հեռուից: Այս ամէնի վառ ապացոյցն է Պարոյր Աղպաշեանը: Նա կատարել է մեծ գործ՝ մէկ գրքում ներկայացնելով Երևանի Պետական Համալսարանի երախտաւոր դասախօսների կերպարները, այն մեծամեծներին, ովքեր հայ գրի ու գրականութեան, հայոց լեզուի տիտաններ եղան, համալսարանը կանգուն պահեցին, սերունդներ կրթեցին ու դաստիարակեցին և իրենց պատգամը փոխանցեցին գալիք սերունդներին»,- նշեց նախարարը՝ շնորհակալութիւն յայտնելով գրքի հեղինակին Սփիւռքում, մասնաւորապէս՝ Լիբանանում, հայապահպանութեան, Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման, միաւորման և հզօրացման գործում մեծագոյն ներդրում ունենալու, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան տարբեր հարթակներում գործունէութիւն ծաւալելու, խմբագրական բազմամեայ բեղուն աշխատանքի համար:

Միջոցառման ընթացում ելոյթ ունեցան նաև ԵՊՀ Հայ բանասիրութեան ֆակուլտէտի դեկան Արծրուն Աւագեանը, հրապարակախօս, «Ազգ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը, բանասիրական գիտութիւնների դոկտոր, Փրոֆեսոր Սամուէլ Մուրադեանը, ԵՊՀ արտասահմանեան գրականութեան ամբիոնի դոցենտ Երուանդ Տէր Խաչատրեանը և այլք:

Շնորհանդէսի աւարտին շնորհակալական խօսքով հանդէս եկաւ գրքի հեղինակ Պարոյր Աղպաշեանը: Նա մասնաւորապէս նշեց. «1970 թուականից ի վեր կառչած եմ մնացել համալսարանին, յիշողութեանս մէջ որպէս հերոսներ ունենալով իմ դասախօսներին՝ հաւատարիմ եմ մնացել նրանց թողած ժառանգութեանը: Արդէն լրացել է Երևանի Պետական Համալսարանի 95-ամեակը, և շուտով կը բոլորի նրա գործունէութեան հարիւր տարին: Ես նպատակ ունէի այս գրքով նաև ամփոփ ներկայացնել այդ ուղին՝ շեշտադրելով մանաւանդ հայ բանասիրութեան ֆակուլտէտի առաքելութիւնն ու նրա երախտաւոր դասախօսների դերը համալսարանական կեանքում: Եւ այդ իմաստով այս գրքի հրատարակութիւնը երկար տարիներ երազանք էր ինձ համար»: 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ