Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Գրախօսական. «Մանյունյա»

 

Ներածական

 

            Վաղուց՝ երկար ժամանակ, չէի կարդացել ծիծաղաշարժ դրուագներով եւ արկածներով լի հայերէն գիրք՝ յուշագրութիւն։ Հայ գեղարուեստական գրականութեան մէջ յուշագրութիւնը/ ինքնակենսագրութիւնը, հայութեանը բաժին հասած ողբերգութիւնների «շնորհիւ» տխուր է, դաժան իրականութիւններ արտացոլող։ Չգիտեմ ո՞րը նշեմ։ Իմ մտքում անջնջելի հետք են թողել Անդրանիկ Ծառուկեանի «Մանկութիւն չունեցող մարդիկ»ը եւ Գուրգէն Մահարիի պատանեկութեան եւ երիտասարդ տարիների դառն յուշերը։ Նրանք «ապրել են» յետ-ցեղասպանութիւն որբանոցային «կեանքը»՝ իր ողջ դառնութեամբ։ Իսկ քաղաքական յուշագրութիւնը, (եթէ կարելի է այդպիսի բառերով բնորոշել դա), նոյնն է, դառն է ու դաժան։ Հերոսական բազում դրուագների կողքին կան ողբերգութիւններից ահաւոր նկարագրութիւններ։

Գրական նորութիւններին հետեւելիս, նկատեցի մի գիրք, որ երկար ժամանակ Երեւանում ամենաշատ պահանջարկն ունեցող գրքերի առաջին հորիզոնականում էր։ Այդ ցանկերը՝ շաբաթական դրոյթով, հասանելի են սոցցանցերով։ Գրքի անունն էր «Մանյունյա»։ Անծանօթ անուն։ Սոցցանցերով որոնումով կարողացայ որոշ տեղեկութիւններ ձեռք այդ գրքի մասին եւ որոշեցի ունենալ եւ կարդալ դա։

Եւ այդ գիրքը․․․ Անչափ հաճելի, եւ մանուկ հասակում գուցէ շատերիս պատահած նոյնանման զուարճալի դիպուածներով լի պատմութիւն։

 

Գրքի անուն՝                         «Մանյունյա»

Հեղինակ՝                               Նարինէ Աբգարեան, 2010 թ․

Լեզու՝                                     ռուսերէն

Հայերէն թարգմանեց՝         Նարինէ Գիժլարեանը

Խմբագիր՝                              Ռոբ Մանուկեան

Սրբագրիչ՝                             Վարդան Բաղդասարեան

Ձեւաւորումը՝                       Արամ Ուռուտեանի

Տպաքանակ եւ էջ՝                1000 օրինակ – 383 էջ

Հրատարակուեց                  2017 թուականին, Երեւանում

 

–         Օգտագործուել են Ելենա Ստանիկովայի նկարազարդումները։

–         Տպագրուել է «Լուսաբաց հրատարակչատան» տպարանում։

–         Հրատարակել է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակութեան հիմնադրամը։

Գիրքն արժանացել է տարբեր մրցանակների։ Նշելի է՝

–         Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարուայ ձեռագիր» հեղինակաւոր մրցանակը՝ «Լեզու» մրցանակարգում, 2017 թուականին։

 

*     *     *

 

Նարինէի* եւ Մանյունյայի* մտերմութեան սկիզբը

(Մի հատուած «Մանյունյա» գրքի նախաբանից)

 

            1979 թուականն էր։ Մօտենում էր Յաղթանակի 34-րդ տարեդարձը։ Նախատեսւում էր քաղաքային մշակոյթի տան հերթական միջոցառումը՝ պատերազմի վետերանների մեծարմամբ։ Բերդի* երաժշտական դպրոցի երգչախմբին պատասխանատու առաքելութիւն էր յանձնարարուած, կատարել Սոբոլեւի եւ Մուրադելիի «Բուխենվալդեան ահազանգը»։

            Խմբերգիչները մոլեգնաբար փորձեր էին անում՝ խռպոտելու չափ կոկորդ պատռելով։ Հրաշալի խմբավար Սերգօ Միխայիլովիչը շարունակ տանջւում էր՝ տեղը գցելով բասերին, որոնք ելոյթի պահին անախորժ մշտատեւութեամբ կէս տակտով յետ էին ընկնում։ Սերգօ Միխայիլովիչը ձեռքերը յետ էր տանում ու սուգ ու շիվան անում, որ «Բուխենվալդեան ահազանգի» էսպիսի կատարմամբ քաղաքով մէկ խայտառակ են լինելու, ու որպէս պատիժ երգչախումբը ցրելու են, գրողի ծոցն ուղարկեն։

            Եկաւ միջոցառման օրը։

            Եւ գիտէ՞ք՝ ձեզ ինչ կասեմ։ Ամեն ինչ լաւ կանցնէր, եթէ երկար, երկաստիճան իշոտնուկը չլինէր, ու դրա վրայ կարճ անտրակտի ժամանակ հապճեպ չկանգնեցնէին խմբերգիչների երկրորդ եւ երրորդ շարքերը։ Ամեն ինչ հոյակապ դասաւորուեց․ երգը հարթ ու սրտառուչ ծորում էր, բասերը անսպասելիօրէն ճիշտ պահին մտան, Սերգօ Միխայիլովիչը չափ տալով՝ այնպիսի զիգզագներով էր վազվզում բեմով մէկ, ասես հետեւից կատաղած կրետ էր ընկել։ Խմբերգիչները պահի հանդիսաւորութիւնից համաչափօրէն փշաքաղւում էին։ Դահլիճը, խմբավարի քաոսային շարժումներով խիստ հետաքրքրուած, համակուեց պաթետիկ տագնապով ու սսկուեց։

            Մօտալուտ փոթորիկի նշոյլ անգամ չկար։

            Բայց յանկարծ․․․ «Ինտերնացիոնալ շարասիւններն են մեզ հետ խօսում»․․․ Բառերն ասելիս․․․ Խմբերգիչներն լսեցին․․․ Իրենց կողքին․․․ Հենց թիկունքից․․․ Տարօրինակ մի ճայթուն․․․ Խմբերգիչների առաջին շարքը չհամարձակուեց շրջուել։ Բայց խմբավարի ձգուած դէմքից հասկացաւ, որ հետեւում զարհուրելի բան է տեղի ունենում։

            Առաջին շարքը երերաց, բայց կատարումն արիաբար չընդհատեց, եւ «Լսում էք ամպրոպի որոտը։ Դա ամպրոպ չէ եւ ոչ էլ մրրիկ» բառերի հետ իշոտնուկը դղրդիւնով փուլ եկաւ, ու երեխաները ցած թափուեցին։

            Յետոյ վետերանները կը զարմանան՝ ինչպէս իրենք պատկառելի տարիքներն առած, շքանշաններն ու մեդալները շխկշխկացնելով՝ մի ցատկով բարձր բեմում յայտնուեցին ու սկսեցին ցրիւ տալ իրար գլխի թափուած երեխաների կոյտը։

            Խմբերգիչները վհատուած էին․ բոլորն էլ հասկանում էին, որ նիւթը տապալուած է։ Վիրաւորական էր ու նողկալի, եւ երեխաները, շորերը թափ տալով, լուռումունջ հեռանում էին բեմի հետեւը։ Աղջիկներից մէկը՝ նիհարիկ ու բարձրահասակ Նարինէն, ատամները պինդ սեղմած՝ ապարդիւն ճգնում էր դուրս պրծնել չաղլիկ ու չգիտես ինչու ոտքից գլուխ թաց Մարիայի տակից, որը սուսիկ-փուսիկ պառկել էր նրա վրայ։

            -Գոնէ մի կողմ քաշուիր,- շշնջաց Նարինէն։

            -Չեմ կարող, հեծկլտաց Մարիան։ – Տակս չիշիկ եմ արել։

            Այստեղ մենք խոր շունչ ենք քաշում ու լրջօրէն խորհրդածում։ Քանզի որպէսզի երկու աղջնակների միջեւ անողորմ մտերմութիւն հաստատուի ամբողջ կեանքում, երբեմն պահանջում է, որ նրանից մէկը միւսին թրջի։

            Ահա այսպէս ինքնատիպ կերպով էլ մտերմացան Նարինէն ու Մանյունյան։ Իսկ յետոյ բարեկամացան նրանց ընտանիքները։

 

*) Նարինէն «Մանյունյա» գրքի հեղինակ Նարինէ Աբգարեանն է։

*) Մանյունյան գրքի հեղինակ Նարինէ Աբգարեանի մանկութեան ըներուհու անունն է։

*) Բերդը փոքրիկ քաղաք է Հայաստանի Տաւուշի մարզում, ուր ապրում էին Նարինէն ու Մանյունյան։

*     *     *

 

«Մանյունյա» գրքի նախաբանից բերած այս մէջբերումով, հաւանաբար, կարողացայ ձեզ մօտ ուրուագծել հերթական հետաքրքիր արկածներով ու դրուագներով մի վէպ/ յուշագրութեան մասին ընդհանուր պատկեր, որ բնաւ չի կարելի դասել թեթեւ ժանրի գեղարուեստական գրականութեան շարքում։

Նարինէ Աբգարեանի «Մանյունյա» վէպը ռուսերէն է, եւ նախքան հայերէն թարգմանուելը հասցրել է թարգմանուել այլ լեզուներով, իսկ գրքից բաժիններ արդէն ներառուել են Ռուսաստանի կրթական ծրագրերում, որպէս դպրոցական դասագրքերի գրականութեան առարկայ։ Այս ամենը ինքին հպարտառիթ են, յատկապէս երբ նկատի ունենանք, որ ռուս գրականութիւնը առաջատար դիրք է գրաւում աշխարհում։ «Մանյունյա» գիրքը արժանացել է գրական տարբեր հեղինակաւոր մրցանակների՝ պատիւ բերելով հեղինակին։

 

 

Նարինէ Աբգարեան

 

Ռուսագիր հայ գրող Նարինէ Աբգարեանը ծնուել է 1971 թուականին, Հայաստանի Տաւուշի մարզի Բերդ քաղաքում։  Աւարտել է Երեւանի Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուաբանական համալսարանը։ 1993 թուականին մշտական բնակութեան համար տեղափոխուել է Մոսկուա։ 2010-ականներին Նարինէն արդէն ռուսաստանեան արդի գրական աշխարհում իր ուրոյն տեղն է զբաղեցնում։ Ապրելով Մոսկուայում, նա երբեք իր կապը չի կտրել իր հայրենիքի եւ ընկերների հետ։ «Մանյունյա» վէպով եւ իր յաջորդական ուրիշ երկերով նա անդրադառնում է հայկական համուհոտով ներծծուած իր քաղաքին, ընտանիքին եւ ընկերներին։ «Մանյունյա»ով նկարագրում է այն ջերմ ընկերութիւնն ու մտերմութիւնը, որ ստեղծւում է շատ արագ, իր եւ ծագումով հրեայ՝ Մանյունյա անունով աղջնակի ու նրա ընտանիքի հետ։ 

Գրքի իրադարձութիւնները տեղի են ունենում Բերդում՝ Հայաստանում՝ խորհրդային կարգերի ժամանակ։ Նարինէն իր մանկութիւնն ու պատանեկութիւնն ապրել է այն ժամանակ, երբ վաղուց անցել էին ստալինեան բռնաճնշումների ժամանակները, կեանքը հանգիստ էր, եւ երկրում մասնակի ազատութիւնների զեփիւռ էր փչում։ Նա եւ իր սերնդակիցները ապրել են աշխոյժ մանկութիւն՝ ե՛ւ համացանցային խաղերից հեռու։ Նարինէ Աբգարեանը գեղարուեստական բարձր ճաշակով ու մեծ հմտութեամբ թղթին է յանձնել իր մանկութեան յուշերը, որ հումորով են, ծիծաղաշարժ՝ ժամանակաշրջանին համապատասխան․․․ Նա յիշում է իր մօր յանձնարարականը՝ առաջին անգամ Մանյունյայի ընտանիքին այցելելիս՝ զգոյշ լինի եւ չկեղտոտի իր նոր շորը, քանի որ դա պիտի հագնի նաեւ իրենից փոքր քոյրը յետագային․․․ Այդ դրուագով ասւում է այդ ժամանակուայ իրականութիւնը, բայց Նարինէն յիշելով դա՝ դրանից ողբերգութիւն չի սարքում։ Հագուստը մաքուր պահելու մօր յանձնարարականը իր մօտ եւ ընթերցողի մօտ դառն ու դաժան յուշեր չեն արթնացնում, ինչը կարելի չէ ասել Անդրանիկ Ծառուկեանի «Մանկութիւն չունեցող մարդիկ» գրքի այն հատուածի մասին, երբ որբանոցի տնօրինութիւնը Նոր տարուայ տօնական հանդէս էր կազմակերպել որբանոցների տղայ եւ աղջիկ սաների համար։ Տօնական այս հանդէսը աւարտւում է բոլորի՝ թէ՛ որբերի, թէ՛ պատասխանատուների լաց ու ողբով․․․

Գրքում առանցքային դեր ունի Մանյունյայի խիստ ու բարի տատիկը՝ Տայը, ինչպէս նաեւ շարունակ արկածներով լի իրավիճակներում յայտնուող նրանց բազմաթիւ ազգականները։ Նարինէն մեծ ջերմութեամբ է յիշում իր ապրած քաղաքը՝ Բերդը։ Գրքի հենց նախաբանում, նա գրում է գաւառական քաղաքով հոսող ջրերի, կամուրջների, ժայռի գագաթին խոյացած միջնադարեան ամրոցների աւերակների եւ Բերդում ապրող ուրոյն ժողովրդի ու նրանց յամառութեան մասին։

 

Պիտի բաւարարուեմ գիրքը ներկայացնել այսքանով, եւ առաջարկել ձեզ՝ ձեռք բերել «Մանյունյա»ն, եւ ըմբոշխնէք դա՝ Նարինէ Գիժլարեանի սահուն եւ հայերէնի ամբողջ հմայքով թարգմանութեամբ։ Ձեզ սպասում է անչափ հետաքրքիր եւ հաճելի ընթերցանութիւն։

«Մանյունյա»ի հայերէն հրատարակութեան գրքի վաճառքից գոյացած ամբողջ գումարը նախատեսւում է ուղարկել Տաւուշի սահմանամերձ համայնքները եւ կը ծառայի երեխաների կարիքները հոգալուն։ Գրքի երեւանեան շնորհանդէսին ներկայ են եղել բազմաթիւ յայտնի դէմքեր, այդ թւում՝ Տիգրան Մանսուրեանը։

 

Հեղինակած գրքեր

 

                                    Գրքի անուն

2010    վէպ                 Մանյունյա

2011    վէպ                 Մանյունյան գրում է ֆանտաստիկ վէպ

2011    վէպ                 Հաւաքածուները

2012    վէպ                 Մանյունյան, Տայի տարեդարձը եւ այլ անհանգստութիւններ

2012    մանկական   Սեմյոն Անդրէեւիչ․ Տարեգրութեան խզբզոցներով

2013    մանկական   Հսկան, որ երազում է ջութակ նուագել

2014    մանկական   Շոկոլադէ պապիկը

2014    վէպ                 Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են

2015    վէպ                 Երկնքից ընկաւ երեք խնձոր

2015    վէպ                 Մուռայի երջանկութիւնը

2016    ժողովածու    Զուլալի

2018    ժողովածու    Շարունակել ապրել

 

Ստացած պարգեւներից,-

 

–         «Մանյունյա» գիրքը, 2017 թուականին դարձել է Ռուսաստանի ազգային գրական «Տարուայ ձեռագիր» մրցանակի դափնեկիր՝ «Լեզու» անուանակարգում։

–         «Մանյունյա»ն 2011 թուականին, եղել է Ռուսաստանի «Մեծ գիրք» անուանակարգի ցուցակում։

–         «Սեմյոն Անդրէեւիչ․ Տարեգրութեան խզբզոցներով» գիրքը դարձել է Ռուսաստանի՝ վերջին տասնամեակի լաւագոյն մանկական գիրքը։

–         «Հսկան, որ երազում է ջութակ նուագել» հեքիաթը, 2014 թուականին, «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչուել է 2014 թուականի՝ Ռուսաստանի լաւագոյն մանկական գիրք։

 

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ