Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Արեւմտեան Թեմի Ծրագրուած Հրատարակութիւնները

Արեւմտեան թեմի հրատարակութիւնների ցանկը շարունակում է հարստանալ։

Տարբեր առիթներով ներկայացրել ենք Արևմտեան թեմի գրահրատարակչական քայլերն ու ծրագրերը, որոնք ներառում են հոգևոր, քարոզչական, սուրբգրային բազմաժանր հարիւրաւոր անուն գրքեր։ Դրանց շարքին են նաեւ թեմի Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հեղինակած բազմաթիւ գրքերը (աղօթքներ, քարոզներ, մանրապատումներ, խոհեր և այլն), որ անձնապէս ստեղծագործելուց զատ նաեւ հովանաւորում ու առհասարակ մեծ կարեւորութիւն է տալիս գրատպութեանը:

Արդիւնաւէտութեամբ աչքի է ընկնում նաեւ 2021 թուականը։ Առաջին երեք ամիսներին արդէն վերջնական պատրաստուել եւ հրատարակութեան են յանձնուել 5 անուն գրքեր, որոնց ցանկը հակիրճ նկարագրութեամբ հետեւեալն է.

1. Յովնան Արք. Տէրտէրեան – Փունջ մը քարոզներ, հատոր ԺԶ։

Այն պարունակում է Սրբազան Հօր 2020թ.-ի ընթացքում գրի առնուած քարոզներ, խորհրդածութիւններ։ Դրանք վերաբերում են հոգեւոր կեանքին, զարթօնքին ու դէպի Աստուած մարդ անհատի ընթացքին, Մայր հայրենիքին, մարդու տագնապներին, սիրոյ ու միասնականութեան եւ բազմաթիւ այլ թեմաներին։ Ժողովածուի առաջաբանի հեղինակն է Հայկ Մատոյեանը։

2. Archbishop Hovnan Derderian – Walking Out of the Upper Room (Volume II). Յովնան Արք.-ի պլոկների ժողովածուն է անգլերէն լեզուով, որ պարունակում է համավարակի շաբաթներին ու ամիսներին գրուած խորհրդածութիւններ, վերլուծումներ ու հակիրճ ձեւակերպումներ։

 3. Archbishop Hovnan Derderian – Spiritual Reflections. Առաջնորդ Սրբազանի վերջին երկու տարիների ելոյթների ու հրապարակային խօսքերի ժողովածուն է, ասուած տարբեր ձեռնարկների ու միջոցառումների ժամանակ։

4Յովհան Ոսկեբերան – Ապաշխարութեան պտուղներ (Քարոզներ եւ ճառեր)։ Համաքրիստոնէական սուրբ հեղինակի քարոզների ու ճառերի գրաբարից աշխարհաբար թարգմանութիւններն են։ Այն 1-ին հատորն է Արեւմտեան թեմի Ոսկեղենիկ մատենաշարի (նախաձեռնող՝ բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Նորայր Պօղոսեան), եւ պահանջարկը հաշուի առնուելով՝ յանձնուել է վերահրատարակութեան։ 

5. Կարապետ Արք. Պալատեցի – Տարեկան Քարոզգիրք (ընտրանի)։ 4-րդ հատորն է Ոսկեղենիկ մատենաշարի։ Արեւմտեան թեմի Առաջնորդարանում պահպանուող ձեռագրի հիման վրայ գրաբարից աշխարհաբարի են փոխադրուել (Նորայր Պօղոսեան, Գէորգ Սրկ. Կարապետեան) Կ. Պոլսի 1823-31 թթ. Պատրիարք Կարապետ Պալատեցու արդիական քարոզներից ընտրուած հատուածներ։

6. Հաւատով խոստովանիմ աղօթագիրք։ Ներսէս Շնորհալու անմահ աղօթքի նոր հրատարակութիւնն է, որպէս ամէնօրեայ կիրառութիւն հաւատացեալի համար։

7. Ռումանահայ գաղութը, կազմող՝ Տ. Հեթում Քհնյ. Թարվերդեան։ Տ. Հեթումը պատրաստել եւ նորովի հրատարակել է Յովհաննէս Գալփակեանի հիմնարար աշխատութիւնը Հայց եկեղեցւոյ ամենից հին թեմերից մէկի ու ռումինահայ գաղութի պատմութեան մասին։ Գրքի տպագրութիւնը հովանաւորել է Ս. Ղեւոնդեանց Մայր Տաճարի (հովիւ՝ Տ. Խաժակ Քհնյ. Շահբազեան) Փոքրիկ հրեշտակներ շաբաթօրեայ դպրոցը։

Նկարագրուած գրքերին կը յաջորդեն նոր նախաձեռնութիւններ ու հրատարակութիւններ։ Ստորեւ կարող էք գտնել 2021 թուականին Առաջնորդարանի ու Առաջնորդ Սրբազանի նախատեսած միւս գրքերի ցանկը, որոնց շարքին յիշատակելի են Յովնան Արքեպիսկոպոսի գրքերը, Տիրայր Ծ. Վրդ. Տէրվիշեանի կազմած՝ «Կանոնագիրք Հայոց»-ի նոր հրատարակութիւնը, Մաղաքիա Օրմանեանին նուիրուած նիւթերի ժողովածուն, Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեանի քարոզխօսական ու հոգեւոր մի շարք գրքեր, այդ թւում՝ Գր. Նարեկացու մատեանի աշխարհաբար թարգմանութիւնը։

Առաջարկում ենք հետեւել Առաջնորդարանի կայքէջին՝ նոր գրքերի տպագրութեան ընթացքին տեղեկանալու, դրանց pdf տարբերակներից օգտուելու համար։

Դիւան Առաջնորդարանի

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ