Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Տիգրան Ա. Երուանդունի Թագաւոր

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

«Երուանդակերտ դաստակերտի այգիների բազմութիւնը նմանուել էր

Խիտ արտեւանունքի գեղեցիկ գծին, որի հիւսիսային

Կողմի կամարաձեւ դիրքը իսկապէս համեմատւում

Էր գեղեցիկ կոյսերի հոնքերին»

                                                                               Մովսէս Խորենացի

 Երուանդակերտ,Երուանդաշատ ոստան, Արմինա աշխարհի Այրարատ նահանգի Երասխաձոր գաւառում, Արգիշտի-Արամայիս արքայի որդի Երաստի անունով՝ Երաստ-Երասխի ու Ախուրեան գետերի միախառնման ափերին: Արմինա լեռնաշխարհի հազար-հազար ակներից պայթած Երասխի ջրերը նրան գրկած ահագնացած վազում, զարկում դաստակերտի այգիներին,, զարկում նոր սահման եղած արեւելեան կողմը հայոց աշխարհի հանդերին: Արմէն-Հայ արեւորդի, արայորդի մարդ, գնա՛ նրա ափեր, ունկնդրի′ր »Մայր Երաստ-Երասխի» ջրերի ողջերթի ձայնը,  ցեղի մարդկանց ցաւի մորմոքի ողբը, ծիրանի փողերից ահագնացած ցաւի կանչերը, որոնք հովիկների հետ հոսել շէների ափերից անցնող ձյունոտ ջրերին:: Ողբի մրմունջ էր հոսում այդ փողերից, որ կրօնափոխ արել իրենց, սպաննել իրենց տիեզերական աստուածներին, քանդել նրանց  տները, քանդել նրանց բագինները՝ որոնցից  ծորել  էր նրանց տիեզերածին իմաստութիւնը: Ասացին հնազանդի′ր տիրոջդ, սիրի′ր դուշմանիդ, թո՛ղ, որ նորէն զարկեն երեսիդ: Եւ զարկին էլ, եւ սպանեցին էլ … տանուլ տուին իրենց կռիւը: Կարծում էին վե~րջ, չէ~, իրենց հին աստուածների իմաստութիւնը նորէն ժայթքել էր, կռուի ելել զարկել, զարնուել, հողին տիրել, աղօթել նրանից բարձրացած հեւքին:                                                    

Արեւելեան կողմն հայոց աշխարհի Արմին-Հայ մարդու ուղեկցութեամբ մի խումբ արմիններ եկել էին Երուանդաշատ: Շէնի մարդիկ, իրենց սրտերի նման բացել էին այգիների դարպասները: Ծառերն էին ծիածանի հազար գոյների զգեստ կապել, կանգնել որպէս իգիթ, հովերի հետ իրենց ոսկեհուռ թեւերը բացել,  կարծես  այգում քաջերի պար պիտի բռնէին: Մի փշուր լոյս, մի կտոր կրակ փրցնում ծառերի ոստերից, ատրուշաններում անթեղուած աստուածների կրակն էր, նրանց ակներից հոսած աստղերի լոյսը:             

Երասխի միւս ափին, երեք կողմերից անառիկ բլուրի գագաթին,  կիսաքանդ բարձր պարիսպների մնացորդներն են, անտեղեակ մարդիկ ասում, որ  Արշակունի Արշակ Բ. քաջ թագաւորի Սիւնեաց Բակուր Նահապետի ազնուազարմ Փառանձեմ թագուհու բերդն է այն: Չէ~, պատմագիրները հաւաստում են, որ Երուանդաշատը կառուցուել է Երուանդ Դ. թագաւորի կողմից, որպէս մայր ոստան ու պաշտպանական ամրոց: Շինականների հետ գնում մօտիկից անցնող Ախուրեան գետի ափեր: Երասխի ջրերի նման »քայլամոլոր» գնում ենք նրա ափերի արահետով: Քառանկիւն հաստ սիւներ, երեսները իրենց երկրի զինանշանով »դիտում» մեզ: Հայոց աշխարհից մնացած այդ մի փշուր հողն էլ Ռուսի սահման դարձել, որոնք սպաննել  էին, վեց հարիւր տարիներ յետոյ ազատութիւն նուաճած արմին մարդկանց երկիրը: Ո~վ դժխեմ աշխարհ, ասա՛, ինչու եւ որի իրաւունքով տիրեցին մի փշուր մնացած արմինների երկրի հողին: Եւ այդ փշուրից էլ տուին իրենց դուշմանին՝ այն էլ նրա  ուզածին չափ: Արմին-Հայ շինականներին »զէնք չտուին», որ գնար կրակ տեղար դուշմանի վրայ, կանչէր՝ այդ ո՞ւմ աշխարհն էք ուզում իրար մէջ բաժանել:

Ախուրեան գետն էր որոտագին վազում, փրփրում, որ շուտ հասնէր Երասխի ջրերին: Երբ բախուեցին, պիտի տեսնէիր ինչպէ~ս էին փաթաթւում իրար, գրկում իրար, կարօտից զարկում իրար, բարձրանում վերեւ, անյագ համբոյրից փշրւում, հովիկները այն իրենց թեւիկներին վերցրած բերում հպում մեր երեսներին: Լացում էինք կարօտի ցաւից, ջինջ արցունք ժայթքում մեր ակներից, այն  հոսում գետերի ջրերի կաթիլների երեսներին, որ տանէին օտարացած մայր հողին: Եթէ նախնիներիդ հին աստուածների ոգին կայ քու սրտում, հապա ինչպէ~ս արցունք չհոսի հոգուդ լոյսի կանթեղներից: Անէացած, գնում փաթաթուելու նրանց գրկախառն ալիքներին: Ետ կանչեցին, այն ափին հսկող արիւնռուշտ դուշմանի զինուորը  կարող էր զարկել: 

Գնացինք Ախուրեանի ու Երասխի ջրերի ողջագուրման ափին՝  երկու կողմերի բանակցութիւնների համար կառուցուած քարաշէն տնակ, արմինների արեւմտեան կողմն աշխարհի երկրի նախնիների ծնունդ, իմ բարեկամ Մկրտիչի ուղեկցութեամբ: Որպէս Արմին-Հայ, գնում ենք նոր հաւատքի Աստուծոյ որդու ընծայութեան պատարագին, յիշատակելու մարդկութեան մեղքերի թողութեան նրա զոհաբերութիւնը, ունկնդրելու նրա տառապանքին նուիրաբերուած շարական երգերը, ողորմի ասելու յաւիտենականութեան ճամբաներով անցնող մերձաւորների հոգիներին: Արմին-հայերի նոր հաւատքի Աստուծոյ փառաբանմանը նուիրուած վարդապետների երկնած շարականները, իրենց նախնիների մեհեաններում հին հաւատքի աստուածներին սպասարկող  քրմուհիների երկնած երգերը՝ ցեղի ոգեղէն կրակի լոյսի արձագանգներն են: Գնա՛ Գառնի ամրոցի մեհեան, մտի՛ր Անահիտի, Վահագնի ծնունդի տօնախմբութիւնների շուրջ պարի շարքեր, բարձրացի՛ր մեհեանի սրահ, ունկնդրի՛ր քրմուհիների տաղերը, նրանք շարականներ չե՞ն,  լեռնաշխարհի նոյն ջրերի, հովիկների երգերի  հնչիւններ չե՞ն: Այն պատարագ է իրենց հին աստուածների յաւերժութեանը: Երասխի ու Ախուրեանի ջրերի գրկախառնման երգերի հետ պատարագում Երուանդաշատ մայր ոստանի ու Երուանդունի Տիգրան թագաւորի փառքը: Այն հիմնադրել է Երուանդունիների վերջին  թագաւոր՝ Երուանդ Դ-ը: Այն հանդիսացել Երուանդունի թագաւորական տան վերջին մայրաքաղաքը: Պատմահայր Մովսէս Խորենացին զգայացունց ոգով պատմել է Երուանդաշատի չքնաղ տեսքը, նրա լոյսոտ շինութիւնների հմայքը, ոստանի շուրջ այգիների ու հանդերի գեղեցկութիւնը նմանեցնելով չքնաղ կոյսերի պայծառ արտաքինին: Խորենացին վկայել է, որ Երասխի հունը Արմաւիրից հեռանալու եւ ձմռանը խմելու ջուր չլինելու պատճառով, Երուանդը արքունիքը փոխադրում նրա արեւմտեան կողմը, Երասխը շրջապատած միակտոր ապառաժ բլուրին եւ նրա վրայ կառուցում նոր մայր ոստան: Բլուրը պատսպարում է հաստ պատերով, դնում պղինձեայ դարպասներ, մինչեւ ներքեւ երկաթէ սանդուխներ, դաւադիրներին բռնելու համար պատերի մէջ որոգայթներ լարում: Ոստանը ջրով ապահովելու համար բլուրի պարիսպների տակից մինչեւ ջրի երես փապուղիներ փորել: Երուանդ թագաւորը մայր ոստանը այլ տեղանք տեղափոխել ոչ այնքան բնակլիմայական, ինչքան որ քաղաքական անցքերի պատճառներով: Երուանդաշատից բանուկ ճանապարհ էր գնացել մինչեւ Արտաշատ ու Տիգրանակերտ, նպաստել մշակութային ու առեւտրական յարաբերութիւններ հաստատելու  հարեւան երկրների հետ:          

Երուանդաշատը, մ.թ.ա. 360 թուականին կործանել էր Պարսից թագաւորի զօրքերը: Պահպանուել են նրա աւերակները, կանգուն են բլուրի ամրոցի պարիսպները, որոնք յուշն են Երուանդունի թագաւորական տան կառուցողական հզօր իմաստութեան, Հայկական Սրբազան Լեռնաշխարհում Արմինայի նայիրեանների հազար դարերի պետական իշխանութեան: Այն պիտի մարմնաւորէր նաեւ նրանց ցեղի եւս երեքհարիւր ամեայ շարունակական պետականութեան փառքը,  Արմինա պետութեան լոյսը եւս երեք հարիւր տարիներ  կարմրած լոյսով գիսաստղերի նման պիտի անցնէր պատմութեան  քառուղիներով: 

Երուանդունիների թագաւորական տան փառքին պատարագելուց յետոյ, շարունակում եմ նրանց թագաւորական տան պատումը, ի մասնաւորի Երուանդ Ա. Սակաւակեաց թագաւորի որդի՝ քաջակորով Երուանդեան Տիգրանի Ա. –ի փառքը:                                                                                                                                                                  Նախքան Երուանդունի »Երուանդ Սակաւակեաց» թագաւորի որդի Տիգրանի Ա գահակալութեան պատումը, պիտի նկարագրեմ գերեվարուած հօր ու թագաւորական ընտանիքի դատավարութիւնը, Տիգրանի իմաստուն, պերճախօս մասնակցութիւնը  որպէս պաշտպանական կողմ: Յոյն զօրավար-պատմագիր Քսենոֆոնը, իր հռչակաւոր »Կիւրոպետիա» աշխատութիւնում նկարագրել է Պարսկաստանին թագաւորելու Կիւրոսի կեանքը, եւ որոշ մանրամասնութիւններ հայերի ու պարսիկների, Հայաստանի թագաւորի ու որդի՝ Տիգրանի, յարաբերութիւնների մասին: Իմանալով,  որ   արեւելքի երկու հզօրներ՝ Մարաստան ու Պարսկաստան պատերազմում են, Երուանդ Ա. Սակաւակեաց թագաւորը սկսել էր չկատարել իր ստանձնած հարկային պարտաւորութիւնը: Մարաստանը խոհեմ էր համարել այդ պահին ուժ չկիրառել Երուանդունի պետութեան դէմ, վախենալով, որ երուանդունիների թագաւորը կարող էր թշնամու կողմն անցնել: Յարմար նկատել էին գաղտնի գործել: Կիւրոսը, կասկածի տեղիք չտալու նպատակով, սակաւաթիւ ուղեկիցներով հասնում Արմինայի սահմաններ, իբր իր սովորութեան համաձայն որսի է դուրս գար Արմինա երկրի որսատեղիներ: Մարաստանի բանակը առաջնորդած Կիաքսար թագաւորը խուսափողական ընթացք ցուցաբերել, իբր  թէ գնում Ասորիքի սահմանի իր բերդերի պաշտպանական ամրութիւնների ստոյգայցի: Յարմար պահին շեղում զօրքի ընթացքը, մօտենում Արմինայի սահմանին, բանակում Կիւրոսից փոքր հեռաւորութեան վրայ, որ նպաստաւոր պահին օգնութեան փութար: 

Կիւրոսը, իր զօրքի մի ջոկատին հրամայում է գրաւել այն լեռները որտեղ կարող էր ապաստանած լինէր Երուանդ Սակաւակցիաց թագաւորը: Զօրական միաւորումներով արշաւում ու տիրում երուանդունիների մայր ոստան՝ Տուշպային: Բանբեր է ճամբում Երուանդ թագաւորի մօտ, պահանջելով ներկայանալ, բերել համապատասխան հարկը եւ համաձայնագրով պարտաւորուած հետեւակ ու այրուձիի ջոկատները: Կիւրոսը արդէն նուաճել էր մարերի երկիր՝ Մարաստանը, Արմինա-Հայաստան երկիրն էլ իր տէրութեան գերիշխանութեանը ենթակայ պիտի լինէր եւ Մարաստանի փոխարէն պարտաւորուէր իր կայսրութեանը  հարկ վճարել:

Կիւրոսի պահանջը վրդովեցնում է Երուանդ թագաւորին, ընտանիքի բոլոր անդամներին ապահով լեռներ ուղարկում, իսկ ինքը Արմինայի զօրքը դիրքաւորում մի լեռան բարձունքին: Նկատելով, որ շրջապատուած է Կիւրոսի բանակի կողմից, ստիպուած իջնում իր բանակատեղիից, ներկայանում իր երկիր ներխուժած զօրավարին: Կիւրոսի եւ Երուանդ թագաւորի միջեւ տեղի են ունենում երկար  բանակցութիւններ: Կիւրոսը պահանջում է, որ ինչո՞ւ Երուանդ թագաւորը  չէր կատարել կողմերի միջեւ կնքուած պայմանագրով ստանձնած պարտաւորութիւնները: Երուանդ թագաւորը արդարանում իր ազատասիրութեամբ, թէ՝ »Ուզում էր ազատութիւն ձեռք բերել եւ այն թողնել իր որդիներին»: Բանակցութիւնների ատեն, թագաւորի որդի Տիգրանը վերադարձած լինելով ուղեւորութիւնից, տեսել շղթայակապ եղած կնոջը ու պալատի ազնուական մարդկանց: Տիգրանը խիստ վրդովուել էր: Երուանդ թագաւորի դատավարութիւնը կայանում է պարսիկների,  մետացիների առաջնորդների ու նրանց արքունիքների անդամների ներկայութեամբ: Տիգրանը, զգալով հօրը սպառնացող վտանգը, յողդողդ ձայնով դիմելով Կիւրոսին, պահանջել հանդէս գալ իր թագաւոր հօր պաշտպանութեամբ: Տիգրանը, համարձակ խօսքով բանավիճում Կիւրոսի հետ, պերճախօս ատենաբանութեամբ պատճառաբանում իր հօր ազատ ապրելու կամքի ցանկութիւնը: Տիգրանը, Կիւրոսին յուզիչ հարցադրումներ առաջադրելով, յաջողում պատժից ազատել հօրը: Դատավարութեան ժամանակ Տիգրանը յայտարարել է, որ հօրը նկատմամբ պատիժը նպաստաւոր չէր լինի Մարաստանին, կարելի էր  ծառայութեան վերցնելով օգտագործել նրան: Հօրը կրած պարտութիւնը նրան խելօք է դարձրել, նա արդէն պատժուել է՝ »Երկիւղը մարդկանց աւելի է պատժում, քան իրական պատիժը»:                                                                                                                                    Կիւրոսը ընդունել է, որ հայոց Երուանդ Ա. թագաւորը յախուռն պայքարել ազատութեան համար, սակայն երբ պարտուողը խուսափում է  պարտականութիւնների կատարումից, գովասանքի արժանի չէ, այլ՝ պատժի: Նա, Երուանդ թագաւորին յանցաւոր է համարում,  յայտնում, որ մեղաւոր կողմը երկու դէպքերից միայն մէկը կարող է ընդունել՝ ստելով  յանձն չառնել սխալը, կամ ընդունել մահուան վճիռը: Կիւրոսը յիշել էր, թէ ինչպէ~ս էին իրենց երիտասարդութեանը միասին որսորդութեան գնացել եւ ինչպէ~ս էր Տիգրանը աւելի հմուտ նետ ու աղեղ օգտագործել: Կիւրոսը որոշակի յարգանք էր տածում իր հին ընկերոջ նկատմամբ: Մտածել էր, ի՞նչ շահ կարող էր ունենալ եթէ նրա հօրը մահուան դատապարտէր: Արմինայի թագաւորութիւնը կործանելու փոխարէն, Կիւրոսը աւելի խոհեմ է համարել վստահութիւնը շահել իրենից ոչ նուազ հզօր թագաւորի, որը  երկրին աւելի վնաս կը պատճառէր քան հայրը կարող էր: 

Տիգրանի պաշտպանական ճառը պատժից ազատել էր Երուանդ թագաւոր հօրը: Այդ նոյն գիշերը Կիւրոսը իր բանակատեղիում խնճոյք էր կազմակերպել ի պատիւ Արմինայի Երուանդ թագաւորի ու իշխան Տիգրանի: Արմինայի ու աքեմենեան Պարսկաստանի միջեւ հաշտութեան դաշնագիր է կնքուել: Կիւրոսը հարցրել է Երուանդ թագաւորին, ինչքա՞ն դրամ կտար իր յանցանքը ներուելու համար, նա պատասխանել էր, որ Կիւրոսը կարող է օգտագործել երկրի հարստութիւնը այնպէս, ինչպէս որ կամենար: Արմինայի թագաւորը պարտաւորուել է երկրի ութը հազար  »այր ու ձիի» զօրաբանակից 4000-ը եւ 40000  հազար հետեւակ զօրքից 20000 մարտիկներ տրամադրել Կիւրոսի ռազմական գործողութիւններին մասնակցելու համար: Երուանդ թագաւորը պարտաւորուել է նաեւ հատուցելու իրենց հասարակաց թշնամի Բաբելոնը նուաճելու Կիւրոսի  կատարելիք ռազմական ծախքերը: Երուանդ թագաւորը բացայայտել էր, որ իր գանձարանի հարստութիւնը 3000 տաղանդ (դրամական չափ) արծաթ (այժմեան 66,240,000 տոլար) է: Աւանդական սովորութեան համաձայն, նոյն այդ գումարը պահեստաւորուած էր Տուշպա ծովի ստորջրեայ քարայրում: Դարերի ընթացքում շատեր փորձել էին տիրանալ Երուանդունի թագաւորի հարստութեանը, սակայն… ի զուր: Ընթրիքի ատեն տեղի ունեցած զրոյցի ընթացքում Կիւրոսը հարցրել էր Երուանդ թագաւորին՝ ի՞նչ պիտի տար իր կնոջ ու զաւակների ազատութեան համար: Թագաւորը պատասխանել էր, այնքան ինչքան որ կը կարողանար»: 

Այնուհետեւ, Կիւրոսը շրջուելով դէպի Տիգրանը, հարցրել էր ինչքա~ն կտար իր կինը ետ առնելու համար: Տիգրանը նոր էր ամուսնացած եղել, անյագ սիրել կնոջը: Ոտքի ելնելով, յանդուգն խօսքով ասել՝ »Կիւրոս, կեանքս կը տայի գերութիւնից նրան ազատելու  համար»:                       

Այդ ճշմարիտ պատումը, Արա Գեղեցիկ թագաւորի կռիւը իր Նուարդի համար եւ իրենց կանանց ու ընտանիքների պատուի համար բազում նման այլ զոհաբերութիւնները՝ արմինների պատմութեան վկայութիւնների արձագանգների արտացոլումն են: Արմին-հայերը՝ իրենց կանանց պատուի ու ընտանիքների համար մղած կռիւը՝ նրանց հանդէպ տածած սիրոյ, նուիրուածութեան զոհաբերութիւնն է: Նման զոհաբերութիւն երեւի հազուագիւտ է այլ ազգերի պատումներում: Արմին-Հայ մարդ, գիտե՞ս ինչու: Արմին-հայերի, »բոլոր հիւսիսային ազգերի մէջ վեհագոյնդ» Մովսէս Խորենացի Պատմահօր սրտի պատգամը եւ ամենասիրելի աստուածուհու՝ Ոսկեմայր Անահիտ դիցուհու պաշտամունքի յուշն է: Հաւատացել էին, որ իրենց Ոսկեմայրը, մանչուկը գրկին եկել Արմինա արարչական երկիր, իրենց լեռների լանջերի, դաշտերի հողը, իրենց այգիները, իրենց լեռնաշխարհը մայրացրել: Մարդացրել էին Ոսկեծին, Ոսկեղենիկ Անահիտին, նրան նուիրուած մեհեաններում Արմին-հայերը փառաբանել նրա արարչութիւնը, զրուցել նրա հետ, իրենց նոր բերքի երախայրիքը նուիրել: Հեռու հարաւի Մայրն էլ պատկերել են Յիսուս մանչուկը գրկին, արդե՞օք հիւսիսի արարչական երկրի աւանդութեան արձագանգը չէ՞ր:    

Մուսաների պաշտամունքի լեռներում դուշմանի դէմ մղուած կռւում, աշխարհին գրաւոր պատգամ էին յղել, որ իրենք կռւում են իրենց հողի ու իրենց ԿԱՆԱՆՑ պատուի համար: Այդ լեռների կռուի բոցերից էր Արմին-Հայ լեռնական կտրիճների կամաւորական լեգէոնի կապորալ Արմենակը՝ իր անդրանիկ Պօղոս որդու հոգու տաճարի ջահերը վառել: Որպէս Ար-Արա կրակի, լոյսի արեւ աստուծոյ խարոյկից վառուած ողիմպիական ջահ, այն վեր պահած քայլում եմ մոլորակի ճամբաներով: Իմ յաւերժութեան ճամբաներին լոյս եմ փռելու, գնալու Աստուածամարդ Հայկի երկնային տաճարում Լագիսեան գերդաստանիս ճրագը վառելու: Աւանդապահ է Արմին-Հայը, հազար-հազար տարիների իր նախնիների պատմութիւնը պեղում, այն լցնում իր մանչերի անուշ սրտիկներում: Հիմա էլ Հայ մարդը իր կնոջ պատուի համար կեանքը  կը տայ, նուիրուած է ընտանիքին, ծնողներին, գերդաստանի մարդկանց: Աքէմենեան Պարսկաստանի Կիւրոսի եւ Արմինայի Երուանդ Ա. թագաւորի միջեւ հաշտութիւն է կնքւում: Հայաստանը պարտաւորւում է նաեւ վճարել հարկի կրկնակին եւ նոյնքան նուիրել անձամբ Կիւրոսին: Երուանդ Ա. թագաւորը Կիւրոսի բանակին նուէրներ ուղարկում ու երկու անգամ աւելի դրամ քան նա պահանջել էր: Կիւրոսը հեռանում է Արմինայից, Բաբելոնի  դէմ համախումբ արշաւանք կազմակերպելու համար, Տիգրանի հրամանատարութեամբ իր երկիր տանում Արմինայի այրուձիի ու հետեւակ զօրական գունդերը: Ճշմարիտ էր Յոյն  զօրավար-պատմագիր Քսենոֆոնը, որ պիտի գրէր՝ »Արմենիան մեծ ու բարեկեցիկ»: Ճշմարիտ է ասուած… : Ըստ պատմաբանների Խորենացին Երուանդունի Տիգրանին ու Արտաշէսեան Տիգրանին նուիրականացրել:

Հայկազուն Տիգրան արքայ: Այդ անունը հանդիպել է Իրանական քաղաքակրթութիւնում, որը աւելի ուշ հանդիպել  նաեւ Արտաշէսեան թագաւորական տան գահակալութեան ատեն: Տիգրան անունը իրանական ցեղերի հնդեւրոպականների լեզուից փոխառութիւն է: Տիգրան անունը առաջին անգամ յիշատակուել է աքեմենեանների տոհմին պատկանող Քսերքսէսի բանակի առաջնորդ՝ Տիգրան անունից: 391 թուականին ուրիշ մի Տիգրան էլ յիշատակւում է որպէս պարսիկ թագաւորի զօրավարի անուն: Աւելի ուշ, Տիգրան անունը Արմինա-Հայաստանում տարածւում է եւ  գեղեցկահունչ ու փառահունչ անուն համարուելով, դառնում ազգային անուն: Իսկ ո՞ր Արմին-Հայ մարդը չի հպարտանում իր ցեղի ամենահայրենապաշտ, բոլոր ժամանակների արեւելքի ամենահզօր արքայ, պատերազմի յանդուգն կախարդ, հայկազուն արքաների-արքա Տիգրանին:   Պատմահայր Մովսէս Խորենացին իր ցեղին սրտի ահագնացած սիրով պատմում այդ Տիգրանի ու նրա քաջ գործերի մասին: Տիգրանին բնութագրում է որպէս »Մեր թագաւորներից ամենահզօրը, ամենախոհեմը եւ նրանցից ամենաքաջը, հայրենի երկրի սահմանները ընդարձակել մինչեւ նախկին բնակութեան վայրերը»: Տիգրանի աջակցութեամբ Կիւրոսը տապալել է Մարաց իշխանութիւնը, յոյներին հնազանդեցրել: Ընթերցողին տպաւորելու համար՝ բառացի մէջբերում եմ  Խորենացու խօսքը Տիգրանի մասին.

»Եւ ո՞ր իսկական մարդը, որ համակրում է արիական բարքի եւ խոհականութեան, չի զուարճանայ սրա յիշատակութեամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց եւ ցոյց տալով քաջութիւն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ օտարների լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ: Մթերքներ ոսկու եւ արծաթի, եւ պատուական քարերի եւ զգեստների եւ զանազան գոյների եւ գործուածքների՝ տղամարդկանց եւ կանանց համար, առհասարակ բազմացրեց, որոնցով տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երեւում, իսկ գեղեցիկներն այն ժամանակի համեմատ դիւցազունների էին նմանում: Հետեւակ կռուողները ձիաւոր դարձան, պարսերով  կռուողներն յաջող աղեղնաւորներ, կոպալներով կռուողները զինեցին սրերով ու տեգաւոր նիզակներով. մերկերը պատսպարուեցին վահաններով եւ երկաթէ զգեստներով: Եւ երբ մի տեղ հաւաքուէին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զէնքերի փայլմունքը բաւական էին թշնամիներին հալածելու եւ վանելու: Նա խաղաղութիւն եւ շէնութիւն բերեց, բոլորին լիացրեց իւղով եւ մեղրով:»

»Այս եւ այսպիսի ուրիշ շատ բաներ բերեց մեր աշխարհին այս խարտեաշ եւ մազերի ծայրը գանգուր Երուանդեան Տիգրանը, գունեղ երեսով, քաղցր նայուածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ եւ թիկնաւէտ, կերակուրների եւ ընպելիքների մէջ պարկեշտ, ուրախութիւնների մէջ օրինաւոր, որի մասին մեր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թէ մարմնի ցանկութիւնների մէջ էլ չափաւոր է եղել, մեծիմաստ եւ պերճախօս եւ լի բոլոր (յատկութիւններով), որ պիտանի են մարդուն: Եւ այս գրքում ի՞նչ կայ ինձ աւելի սիրելի, քան սրա մասին եղած գովեստներն ու պատմութիւնը երկարել: Նա ամեն բանի մէջ արդարադատ եւ հաւասարասէր կշեռք ունենալով՝ ամէն մէկի կեանքը կշռում էր իր մտքի լծակով. Չէր նախանձում լաւագոյններին, չէր արհամարհում նուաստներին, այլ աշխատում էր ընդհանրապէս ամէնքի վրայ տարածել իր խնամքի զգեստը»:             

»Սա սկզբում դաշնակից լինելով Աժդահակին, որ մարացի էր, նրան կին է տալիս  իր Տիգրանուհի քոյրը, որին թախանձանքով խնդրում էր Աժդահակը: Որովհետեւ (Աժդահակը) մտածում էր՝ այսպիսի ազգականութեան շնորհիւ կամ հաստատուն սէր պահպանել Տիգրանի հետ, կամ այս կերպով հեշտութեամբ դաւաճանօրէն սպանել: Որովհետեւ նրա միտքը կասկածի մէջ էր, երբ մի անսպասելի մարգարէութիւն նրան ցոյց տուեց առաջիկայում նրան պատահելիքը:»  »Թախծել էր Աժդահակի հոգին, խռովել միտքը՝ Տիգրանի ու Կիւրոսի մտերմական ու նրանց միջեւ հաստատուած դաշնակցային յարաբերութիւններից: Խնդրել էր պալատական խորհրդականներից բացայայտել՝ ինչպէս քանդել կապերը Պարսիկի ու բազմաբիւրաւոր հայերի միջեւ: Ժամանակի հոլովոյթի հետ Աժդահակը վտանգ է տեսնում Տիգրանի ու Կիւրոսի միաբանութեան հետեւանքներից: Իրեն ու Մարաստանին պատահելիք հաւանական վտանգը խիստ մտահոգել է իրեն: Գիշերային քնում նրան տեսիլք է երեւացել:-Խորենացին խիստ պերճախօս ոճով ու լեզուով նկարագրել է Աժդահակի երազը: Աժդահակին թուացել է, որ օտար երկրում էր, նրա բարձր լեռան գագաթը սառնամանիքով ծածկած: Նրան ասել էին, որ այն Հայկազեանց երկիրն է: Երկար նայելով այդ լեռան, նրան երեւացել է գագաթին երկնային քօղով ծիրանազգեստ կին՝ խոշոր աչքերով, բարձրահասակ, կարմիր այտերով՝ ծննդի երկունքով բռնուած: Հիացմունքով դիտել այդ երեւոյթը, երբ այդ կինը երեք զաւակ է ծնել, որոնք իրենց հասակներով ու բնութեամբ դիւցազուններ էին: Նրանցից առաջինը՝ առիւծ հեծած սլանում դէպի արեւմուտք, երկրորդը՝ յովազ հեծած դէպի հիւսիս դիմել, իսկ երրորդը՝ վիշապ սանձած արշաւել Մարաստանի վրայ»: »Աժդահակը, խորհրդականներից իմաստուն ու խրատատու շատ առաջարկներ է լսել: Միջամտելով նրանց խօսքը, աւելացրել, որ  աստուածների օգնութեամբ օգտակար միջոց է մտածել: Թշնամու մտայղացումները իմանալու համար ոչինչ աւելի օգտակար է քան սիրոյ միջոցով նրան դաւելը: Տիգրանին դաւելու համար մտադրուել է անուշ խօսքերի խոստումներով նրա գեղեցկագոյն քոյր Տիգրանուհուն կնութեան առնելու փափաք յայտնել: Խորհել, որ խնամիական ազգականութեամբ հնարաւոր է թաքուն դաւեր լարել, նրանց մտերիմներին գանձեր ու պատիւներ խոստանալով հակառակորդին սպաննել՝ սրով ու թոյնով, կամ նրա շրջապատին ու կուսակալներին գանձեր բաշխել, եւ արդէն որպէս անզօր մարդ՝ տիրել նրան: Բարեկամները ու խորհրդականները ճշմարիտ էին համարել նրա մտածած հնարքները»:              

»Աժդահակը, իր խորհրդականների մէկի միջոցով՝ մի թղթի հետ, գանձեր ուղարկել Տիգրանին, հետեւեալ բովանդակութեամբ. »Քո սիրելի եղբայրութիւնը գիտէ, որ այս աշխարհի կեանքում աստուածները մեզ չեն պարգեւել աւելի օգտակար բան, քան սիրելիների բազմութիւն, իհարկէ իմաստուններին եւ հզօրագոյններին, որովհետեւ այդ դէպքում դրսից խռովութիւններ չեն համարձակւում ծագել, եւ եթէ պատահեն, իսկոյն կ՝ընկճուեն, իսկ ներսում նրանք կը հալածուեն, քանի որ այդպիսի չարութիւնը այլեւս ոչ ոքից չի կարող մուտք գործել: Արդ՝ ես տեսնելով բարեկամութիւնից առաջ  եկող այս օգուտը, կամեցայ աւելի հաստատուն դարձնել ու խորացնել մեր մէջ եղած սէրը, որպէսզի երկուքս էլ բոլոր կողմերից ապահովութիւն գտնելով՝ ամբողջ եւ հաստատ պահենք մեր տէրութիւնները: Եւ այս բանը կը կատարուի, եթէ ինձ կնութեան տաս քո քոյր Տիգրանուհուն, հայոց մեծ օրիորդին. թերեւս նրա համար նաեւ բարի համարես, որ թագուհիների թագուհին լինի: Ողջ եղիր, մեր թագակից  ու  սիրելի եղբայր»:   

Աժդահակի պատգամաւորը գալիս է Տուշպա, Տիգրան համաձայնում է քրոջը՝ Տիգրանուհուն, կնութեան տալ Աժդահակին, առանց խորհրդածելու երկու երկրների միջեւ եղած դարաւոր ոչ սերտ յարաբերութիւնների մասին, ինչպէս՝ Մարաստանի գերիշխանութիւնը հայր Երուանդի թագաւորութեան հանդէպ: Արարչական, ազնուաբարոյ ծնունդով Արմէն-Հայ թագաւորը հաւատաց արեւելքի նենգ թագաւորին, հաւատացին պարսիկ թագաւորներին, հաւատացին Հռովմի ու Բիւզանդիոնի դաւադիր զօրավարներին ու կայսրերին, հաւատացին իրենց ցեղի վրիժառու »Պարթեւ»-ին, անբարոյ ու անօրէն թուրքին, որոնք խաբեցին նրանց, գերավարեցին, անմատչելի բերդերում արգելափակեցին, հայրենազրկեցին, սպանեցին… եւ տանուլ տուին իրենց կռիւը: Հաւատաց Երուանդունի թագաւորը, քոյրը բացայայտեց եղբօր նկատմամբ մտադրուած  դաւադրութիւնը:         

Տիգրանը, քրոջը թագաւորավայել ճանապարհում ի Մարաստան: Աժդահակը, Տիգրանուհու գեղեցկութեան եւ իր նպատակադրած դաւադրութեան գործադրութեան համար նրան համարում առաջին տիկին ու թագուհի: Աժդահակ, առանց առաջին տիկին Տիգրանուհի թագուհիի համաձայնութեան ոչ մի բան չէր կատարում: Հրամայել էր, որ բոլորը նրա կարգադրութիւններին հնազանդէին: Այնուհետեւ, Աժդահակը փորձում է  խաբեբայութեամբ գրաւել Տիգրանուհի թագուհու սիրտը, նրան ասելով.

»Դու չգիտես, որ քու եղբայր Տիգրանը նախանձել է, որ դու Արեաց տիկին ես դարձել, նրան գրգռում է կինը՝ Զարուհին: Ի՞նչ կը լինի սրա հետեւանքը, եթէ ոչ, նախ ես կը մեռնեմ եւ յետոյ Զարուհին Արեաց վրայ (տիկին) կը դառնայ եւ աստուածուհիների տեղը կը բռնի: Ուրեմն քեզ մնում է ընտրել այս երկուսից մէկը, կամ լինել եղբայրասէր եւ յանձն առնել խայտառակ կործանում Արեաց առաջ, կամ քոյ բարին հասկանալով մի օգտակար  բան մտածես եւ առաջիկայ անցքերի մասին հոգաս»:                                          

»Տիգրանուհին խորհում է, որ Աժդահակի խօսքում թաքնուած միտք կայ, որ եթէ չկատարի Աժդահակի թելադրանքը իրեն մահ է սպառնում եւ  իր եղբօրը՝ Տիգրանի, նկատմամբ դաւաճանական արարք է նախապատրաստուած: Առանց կասկած յարուցանելու, սիրալիր խօսքերով պատասխանում է Աժդահակին: Հաւատարիմ մարդկանց միջոցով, Տիգրանին յայտնում Աժդահակի ծրագրած դաւադրութեան մասին»:            

Աժդահակը, պատգամաւորների միջոցով Տիգրանին տեղեկացնում, որ կարեւոր գործի համար երկու երկրների սահմանագլխին տեսակցութիւն կայանար իրարու հետ, եւ որ հնարաւոր չէր այն պատգամաւորների միջոցով փոխանցել: Տիգրան կռահելով Աժդահակի մտադրութիւնը, գրաւոր յայտնում նրա կողմից իր դէմ ծրագրուած դաւադրութեան մասին: Թշնամական յարաբերութիւններ են ստեղծւում Արմինա-Հայաստանի ու Մարաստանի միջեւ: 

Տիգրանը զօրք է հաւաքում Կապադովկիայի սահմանային շրջաններից, Վրաստանի ու Աղուանքի ընտրեալներից եւ Մեծ ու Փոքր Հայքերի քաջ մարդկանցից: Տիգրանը, իր բազմախումբ զօրաբանակով արշաւում Մարաստան: Աժդահակը, Մարաստանը դիմակայող վտանգը գնահատելով, հարկադրւում պատերազմել Տիգրանի բանակների դէմ: Տիգրանը մտահոգուելով քրոջ անվտանգութեան մասին, հինգ ամիս ձգձգում է զինական հակամարտութիւնը: Նա մտածում է միջոց գտնել քոյր Տիգրանուհուն փրկելու մասին: Երբ, արդէն այն հնարաւոր էր համարել, սկսել էր ճակատամարտը, որը այնքան գեղեցիկ ու զգայացունց  է նկարագրել  Խորենացին, ահա այսպէս.

»Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակաւորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մէկը միւսին ամէն կերպ պատշաճեցրած, կատարեալ գեղեցիկ հասակով, առոյգ եւ ուժի կողմից իրեն հաւասար չունեցող: Եւ ինչո՞ւ եմ խօսքս երկարացնում: Կռուի ժամանակ, Տիգրանը, Աժդահակի երկաթէ ամուր զրահը ինչպէս ջուր ճեղքելով՝ Աժդահակին շամփրում է իր նիզակի ընդարձակ տէգին, եւ ձեռքը հետ քաշելիս՝ նրա թոքի կէսն էլ զէնքի հետ դուրս բերում: Բայց կռիւն սքանչելի էր, որովհետեւ քաջեր քաջերի հանդիպելով՝ ոչ մէկը միւսին շուտով թիկունք չէր դարձնում, ուստի պատերազմը երկարում ժամեր, մինչեւ վերջ դնում Աժդահակի մահուանը: Այս բարեբախտ դիպուածը փառք էր աւելացնում  Տիգրանին» Պատմահայր Խորենացու մատեանից այդ մի քանի մէջբերումները արեցի, որ ընթերցողը ըմբոշխնէր նրա զգայացունց պատմելու հրայրքը, իսկապէս նրա ոսկեղենիկ լեզուի անաղարտութիւնը ու հնչեղութիւնը, գեղեցիկ ու պատկերաւոր գրելաոճը, դէպքերը նկարագրելու զմայլանքը, անեղծ հայրենասէը ոգին, իսկ երբ բարձր կարդաք մէջբերածս նրա գրաբար խօսքը, պիտի լսէք երգահանների արարած համանուագների կախարդանքների հնչիւնները: Կարդացէ՛ք, պիտի զմայլէք, պիտի հայանաք, փափաք պիտի առաջանար ընթերցելու ամբողջ մատեանը՝ ցեղիդ ծննդեան տարեգիրքը : 

Պատերազմը վերջանալուց յետոյ, Տիգրանը իր քոյր Տիգրանուհուն Աժդահակի պալատից մեծ բազմութեամբ ու թագաւորավայել կերպով ուղարկել իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաք: Հրամայել, մօտակայ գաւառները իր ծառայութեան մէջ դնել: Տիգրանը երկար թագաւորել է, երկիրը շէնացրել, գանձարանը լցրել ոսկով, արծաթով: Աժդահակի առաջին կին՝ Անուշին, Աժդահակի սերունդից աղջիկ զաւակները, աւելի քան մէկ բիւր գերիների բազմութեամբ բնակեցրել մեծ լեռան արեւելեան կողմը՝ մինչեւ Գողթն գաւառի սահմանները:  Երեմեա մարգարէն խնդրել էր Եհովայից, առանց նշելու ազգերի անունները, հիւսիսի մեծ ազգերի բանակներին բերել, կործանելու Բաբելոնը, գերութիւնից ազատել հրեաներին: Պատմական ճշմարտութիւն է, որ մ.թ.ա. 537 թուականին,  Կիւրոսը,  Արմինայի զօրաբանակների հետ գրաւել էին Բաբելոնը: Արմինա-Հայաստան արարչական երկրի պատմութիւնը ինչքա՜ն ճշմարտութիւններ ունի, Արմին-Հայ ցեղի մարդկանց իմաստութեան լոյսի ջահերը աշխարհում վառելու: Իրենց արարչական երկիրն է հնդեւրոպացի մարդանց բնօրրանը, իրենց հետ տարած իմաստութիւնը՝ նրանց նոր բնակած երկրներում նոր քաղաքակրթութիւն սկզբնաւորել: Այրուձիի,  հետեւակի զօրաբանակները երկրում ու այլուր յաղթական մարտեր մղել: Արմինների երկրի աստուածների բարեպաշտութիւնը աշխարհում նոր հաւատքի լոյս բռնկել: Ամինա-Հայաստանի Տիգրան թագաւորի առաջնորդած զօրաբանակները, Պարսկաստանի Կիւրոս արքայի զօրքի հետ նուաճել են անօրէնների երկիր Բաբելոնը, քանդել նրա հաստակառոյց պարիսպները, կործանել քաղաքը, նրա փլած աշտարակի բեկորները լցրել Բաբելոնի քաղաքամէջով անցնող՝ արարչական դրախտիկ երկրի լանջերից հոսած Եփրատ գետի ջրեր: Կիւրոս  հրամայել է ազատութիւն շնորհել Բաբելոնի գերավարած ժողովուրդներին, նրանց արտօնել իրենց երկրներ վերադառնալ: Գերավարուած Հրեայ բազմախումբ մարդիկ տուն են վերադարձել, Կիւրոս արքան վերաշինել է Երուսաղէմի քանդուած տաճարը: Հրեաները իրենց հին մատեանում աքեմենեանների Կիւրոս արքային հռչակել էին իրենց ազգի ազատարար-փրկարար … առանց իրենց ազատագրման մարտերի վճռական մասնակից Արմին-հայերին յիշատակելու:

Կիրակի հանգստեան օրերին, ընտանիքներով գնում Սեւանի ափեր, փոքրերը, մեծերը լողանում, ապա շափուռներին շարած միս էին դնում կրակի վրայ, խորոված, հաւաքւում, նստում գետին, ճաշակում, բնութեան մէջ  խորոված միսը շատ համեղ է: Բարձր լեռներ գօտեւորել էին Սեւանը, հարցրի գիտէի՞ն արդեօք այդ ամենաբարձր լերան անունը, ոչ մէկ պատասխան, պատմել էին այդ Աժդահակի դէպքը, հայեր այդպէս էին կոչել այն, որ յաւէտ մրսէր…:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ