Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

«Ինչ Էլ Գրեմ`Ստացւում Է Հայեցի…»

(Առնօ Բաբաջանեանի Ծննդեան 100 Ամեակը)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Սոյն յօդուածի անուանման նախադասութիւնը պատկանում է հայ երաժշտութեան  երկրորդ հանճար (Արամ Խաչատրեանից յետոյ) Առնօ Բաբաջանեանին, որի երաժըշտական մտածողութիւնը, ազգային երաժշտութեան ակունքներում բնատուր տաղանդը երաժշտական տարբեր ժանրերում դրսեւորելու մոլեռանդ ձգտումը ժառանգեց իր երկու ուսուցիչներից` Արամ Խաչատրեանից եւ ռուս կոմպոզիտոր Սերգէյ Ռախմանինովից:

Սկզբից ասեմ, որ Առնօ Բաբաջանեանին ժամանակին բնաւ չեն «շփացրել» պետական մարմինները, հայաստանեան մամուլն ու հեռուստատեսութիւնը: Նրա մասին քիչ է գրուել: Եւ, որովհետեւ նա մշտապէս Մոսկուայում էր բնակւում, միայն ժամանակ առ ժամանակ էր յայտնւում Երեւանում, շատ անգամ էր անուշադրութեան մատնուում Հայաստանի պատկան մարմինների կողմից:

 Մեր ասածը փաստելու ապացոյցը հետեւեալ պատմութիւնն է: 1971 թուականի Յունուարի 20ին, այսինքն 50 տարի առաջ, ինձ է հեռաձայնում Հայաստանում բաւական  սիրուած ու տարածուն «Աւանգարդ» թերթի խմբագիրը.

    – Հենրիկ, երկու օր յետոյ, այսինքն ամսի 22ին Առնօ Բաբաջանեանի 50ամեակն է, խնդրում եմ  վաղն առաւօտեան յօդուածը սեղանիս լինի, առարկութիւն չվերցնող թոնով կարգադրեց խմբագիրը:

    – Այդ ինչպէ՞ս, մէկ օրուայ ընթացքում այդպիսի լուրջ յօդուած գրել կը լինի՞…, ինչո՞ւ նախապէս չէք ասել…, աւելի ճիշդ կը լինի եթէ դիմէք որեւէ երաժշտագէտի:

   – Մենք միայն քիչ առաջ իմացանք այդ մասին Անասեան, էն էլ խմբագրութիւն եկած մի երաժշտից: Տարիների փորձով ես գիտեմ, որ միայն դու կարող ես մէկ օրուայ ընթացքում արժէքաւոր յօդուած գրել Առնոյի մասին: Վաղը միւս օր միւս թերթերը կը տպեն, իսկ մենք խայտառակ կը լինենք, եթէ չ՚անդրադառնանք այդ յոբելեանին:

Ինչեւէ. յաջորդ օրն իսկ, Առնօ Բաբաջանեանի 50-ամեակին նուիրուած յօդուածս «Աւանգարդ» թերթի խմբագրի սեղանին էր: Յօդուածը լոյս տեսաւ թերթի 1971 թուականի Յունուարի 23-ի համարում: Եւ, որքան էլ տարօրինակ ու զարմանալի, եթէ յիշողութիւնս ինձ չի դաւաճանում, միայն «Աւանգարդ» թերթն էր, որ անդրադարձաւ Առնօ Բաբաջանեանի յոբելեանին:

Հետագայում, արդէն Միացեալ Նահանգներում, ես այդ նոյն յօդուածը տեղադրեցի 1992 թուականին Լոս Անճելըսի <<Անի>> տպարանում հրատարակուած իմ` <<Ա՜յս եմ ես>> գրական շարքի երկրորդ հատորում:

Հինգ տարի առաջ, Դիմատետրի բազմաթիւ նիւթերի մէջ առաջինը, որ գրաւեց ուշադրութիւնս` հետեւեալն նիւթն էր.

Ինձ բոլորովին անծանօթ մի հեղինակ` Քոչար Ոսկանեան անունով (հաւանաբար յօրինուած անուն-մականուն), ռուսերէն լեզուով երկարաշունչ մի յօդուած էր գրել տաղանդաւոր դաշնակահար եւ համաշխարհային ճանաչման արժանացած կոմպոզիտորերգահան Առնօ Բաբաջանեանի մասին:

Յօդուածի բովանդակութիւնից դժուար չէր ենթադրել, որ հեղինակը Առնօ Բաբա ջանեանի ընտանիքին մօտ կանգնած անձնաւորութիւններից մէկն է, որովհետեւ նա երգահանի ծննդեան թուականի հետ կապուած մի այնպիսի յայտարարութիւն էր անում, որը չկայ եւ կամ ես չեմ հանդիպել կոմպոզիտորին նուիրուած որեւէ աշխատութեան մէջ:

Քոչար Ոսկանեանը գրում է, որ Առնօ Բաբաջանեանը ծնուել է 1921 թուականի ոչ թէ Յունուարի 22-ին, այլ 21-ին այսինքն Ռուսական Յեղափոխութեան առաջնորդ Լենինի մահուան օրը: Անհամ համեմատութիւնից զերծ պահելու համար, խելացի որոշումով, անսալով պատկան մարմնի թելադրանքին, ծնողները համաձայնուել են մհկ օր առաջ տանել երեխայի ծննդեան թուականը եւ հաստատել Յունուարի 22-ը (սոյն եզրայանգումին մէջ ըստ երեւոյթին, ակնյայտ շփոթ կայ, որովհետեւ Վլատիմիր Լենին մահացած է 1924-ին – խմբ.):

Յօդուածի հեղինակը բաւական ցայտուն սարկազմով (Սարկազմ` կծու, սպանիչ ծաղր) հարուածի տակ էր դրել Հայաստանի Մշակոյթի Նախարարութեանը, որ արժանիօրէն չի նշել հենց միայն երաժշտական գլուխգործոց եղող <<Հերոսական Բալլադ>>ով հայ ժողովրդին հերոսացնող Առնօ Բաբաջանեանի ծննդեան 95ամեակը, այլ բաւարարուել է մի խումբ անյայտ մարդկանց հետ ծաղկեփունջ դնելով Երեւանի ամենահին, Թոխմախ անունով յայտնի գերեզմանատանը հանգչող կոմպոզիտորի գերեզմանի վրայ:

Յօդուածագիրը միանգամայն իրաւացիօրէն, սրտի ցաւով է նկարագրում Առնօ Բաբաջանեանի մահուան եւ թաղման մանրամասները: Պարզւում է, որ ինքը` Բաբաջանեանն է կտակ թողել, որպէսզի իրեն հողին յանձնեն Հայաստանում, հակառակ պարագային, երգահանին իրենցը համարող ռուս երաժշտասէրը թոյլ չէր տայ նրա աճիւնը տեղափոխել Հայաստան:

Այո, գաղտնիք չէ, որ ռուսները խելակորոյս կերպով են սիրում Բաբաջանեանի երաժշտութիւնը, ի մասնաւորի նրա երգերն ու ֆիլմերի համար գրած երաժշտութիւնը, որոնք կէս դարից աւելի, մշտապէս կատարուում են ողջ ռուսական  կայսրութեան տարածքում: Դէ, մենք էլ, հայերս մի քանի տարին մէկ, <<Երեւան-70>> երաժըշտական փառատօն ենք անցկացնում ինչպէս Երեւանում, այնպէս էլ Լոս Անճելըսում, որի ծրագրի մէջ եղող երգերի հիմնական մասը մշտապէս յատկացւում է Առնօ Բաբաջանեանի երգերին:

Եւ տարօրինակն այն է, որ այդ օրերի (1983 թուական) Հայաստանի իշխանաւորները, ի մասնաւորի Կուսակցութեան Առաջին Քարտուղարը, որ անուն էր հանել որպէս ազնիւ, մաքուր, դասական երաժշտութեան գիտակ, վախենալով մոսկովեան իշխանութիւններից (միանգամայն անտեղի) չհամարձակուեց Առնօ Բաբաջանեանին արժանիօրէն հողին յանձնել Կոմիտասի անուան այգու Պանթեոնում` Հայ մշակոյթի եւ գրականութեան մեծերի հարեւանութեամբ:

Այստեղ մեղքի առիւծի բաժինն ունեն Հայաստանի Կոմպոզիտորների Միութիւնն ու «Հզօր» խմբակի, այսօր արդէն Կոմիտասի Պանթէոնում հանգչող երեք երգահանները (Էդուարդ Միրզոյեան, Ալէքսանդր Յարութիւնեան, Կոնստանտին Օրբելեան), որոնց պարտքն էր յախուռն պայքար մղել իրենցից է՜լ աւելի ՃԱՆԱՉՈՒԱԾ (չեմ վախենում այդ բառն օգտագործել, -ՀԵՆ. Ա.) ու համաշխարհային համբաւ վայելող  ընկերոջը Հայ Մշակոյթի Մեծերի հարեւանութեամբ հողին յանձնելու համար:

Արդիւնքում` Բաբաջանեանի դին հողին յանձնուեց, ինչպէս վերը նշեցի Երեւանի ամենահին գերեզմանոցում` Թոխմախգեօլի գերեզմանատանը, հայ բեմի անզուգական վարպետ Աւետ Աւետիսեանի եւ…, եւ, որքան էլ արտառոց հնչի, Անկախ Հայաստանի առաջին տարիներին անփառունակ վախճանով կեանքին հրաժեշտ տուած Հայաստանի գլխաւոր դատախազ Հենրիկ Խաչատրեանի հարեւանութեամբ:

Նայելով դիմատետրի մէջ տարիներով անխնամ թողնուած ծուռմռտիկ,  դժգոյն, անշուք երեք տապանաքարերի լուսանկարները, սարսափի զգացումով է խառնւում ներաշխարհդ: Վստահաբար, գրողլուսանկարիչը նպատակ է ունեցել հասարակութեան ուշադրութիւնը բեւեռել արտառոց «Եղբայրական» գերեզմանի վրայ, միեւնոյն ժամանակ առաջարկելով, միանգամայն իրաւացի, երկու խոշորագոյն արուեստագէտների շիրիմները տեղափոխել Երեւանի Քաղաքային Պանթէոն:

Այսօր ուղղակի հրամայական է ստիպել Հայաստանի պատկան մարմիններին, ի մասնաւորի չորս տառանի հապաւումի նախարարութեան մէջ «տեղաւորուող» Մշակոյթի բաժնին, որպէսզի նրա աշխատանքի շնորհիւ, մեր հանճար Առնօ Բաբաջանեանի շիրիմը իր տեղը գտնի նրա  սերնդակից, վերեւում նշած կոմպոզիտորների շիրիմների հարեւանութեամբ: Ուստի, խնդրում եմ միանալ իմ կոչին ու հրատարակել այս յօդուածը թէ՜ հայաստանեան մամուլում եւ թէ Սփիւռքի ողջ տարածքին: Հայաստանի Կոմպոզիտորների Միութիւնը առաջինն է, որ պիտի միանայ այս անդուլ պայքարին:

Այժմ, թարմացման համար, մի կողմ թողնենք Առնօ Բաբաջանեանի մեծածաւալ դասական գործերի մասին խօսելը ու անցնենք նրա փայլուն, փոքրածաւալ գործիքային գործերին, հայ ու օտար (ի մասնաւորի ռուս) երաժշտասէրների ամենասիրած բաբաջանեական երգերին, դաշնամուրային մանրանուագներին ու կինոերաժշտութեանը:

Սկզբից ասենք,  որ Առնօ Բաբաջանեանի բոլոր երգերը ներծծուած  են հայկական ժողովրդական երաժշտութեան հնչերանգներով, մի երեւոյթ, որ գալիս է նրա ուսուցիչ Խաչատրեանից: Եթէ Խաչատրեանը ժողովրդական, աշուղական երաժշտութիւնը օգտագործում էր գործիքային երաժշտութեան մէջ, Բաբաջանեանը երգեր յօրինելիս էր օգտւում ժողովրդական երաժշտութիւնից: 30 տարեկան հասակում ստեղծելով «Հերոսական բալլադ» կոթողային ստեղծագործութիւնը, կոմպոզիտորը նոյն ժամանակ յօրինեց «Հայկական ռապսոդիա» դաշնամուրային փայլուն, շէնշող մի գործ, որի մէջ յարութիւն առաւ հին երեւանցիների ամենասիրած «Այ բաղմանչի, բաղմանչի…» (Այգեպան, ՀԵՆ. Ա. ) երգի քնքուշ մեղեդին, որին յաջորդում է փոթորկոտ, հայկական ժողովրդական պարին համապատասխան խառն ռիթմով պարը:

Բաբաջանեանի յաջորդ դաշնամուրային գործերն են «Էլեգիա»ն ու «Նոկտիւրն»ը: Առաջին պիեսում հնարամտօրէն, երկակի մեղեդային ընթացքով փառաւոր տեսք է ստացել Սայաթ Նովայի «Քանի վուր ջան իմ» երգը, որը, ինչպէս ասում են` լսես` հա լսելդ կը գայ…: Յիշեցնեմ, որ «Էլեգիա»ն կոմպոզիտորը նուիրել է  Արամ Խաչատըրեանի յիշատակին:  Բաբաջանեանի Նոկտիւրն»ը կոթողային գործ կարելի է համարել: Այն չափազանց տարածուած է նաեւ երգի տեսքով: Այս առնչութեամբ հետաքրքիր է հետեւեալ փաստը:

Բաբաջանեանի կեանքի մայրամուտին, մեծանուն երգիչ Իոսիֆ Կոբզոնը խնդրում է կոմպոզիտորին երգի վերածել «Նոկտիւրն»ի սքանչելի մեղեդին` իր երգացանկում ընդգրկելու համար, սակայն Բաբաջանեանը մերժում է եւ ասում. «Իմ մահից յետոյ, խնդրեմ, ինչ որ ուզէք` կարող էք անել»: Կոմպոզիտորի մահից յետոյ «Նոկտիւրն»ը վեր է ածւում երգի եւ դառնում Կոբզոնի երգացանկի ամենատարածուած երգերից մէկը: Այնուհետեւ այն կատարում են այլ երգիչներ, նոյնիսկ զուգերգի տեսքով:

Անցեալ դարի 70-ականներից սկսած Բաբաջանեանի համար շարժուն ասպարէզ դարձաւ էստրադային երաժշտութիւնը, եւ նրա այդ ժանրի երգերը դարձան պահանջ` ողջ սովետական երկրում: Բոլոր երգիչների համար օրուայ հացի պէս անհրաժեշտութիւ դարձաւ նրա երգերը կատարելը:

Առնօ Բաբաջանեանը համաշխարհային հռչակի արժանացաւ հիմնականում իր էստրադային, տարածուն երգերով: Այդ ժանրի առումով նրան կարելի է համարել նախկին Խորհրդային ողջ տարածքի եւ եւրոպական նախկին դեմոկրատական երկրների երաժշտասէրների ամենասիրուած երգահանը, աւելին` այդ ժանրի ԱՍՏՈՒԱԾԸ:

Բաբաջանեանը մեծապէս նպաստել է հայկական էստրադային երգի զարգացմանն ու առաջընթացին: Նրա մահից գրեթէ 40 տարի անց, այսօր էլ բազմաթիւ հայ եւ օտար (հիմնականում ռուս) հանրայայտ աստղեր են կատարում Բաբաջանեանի հրապուրիչ, շոյիչ, երբեմն էլ առնական, պարային ռիթմերով հարուստ երգերը:

Բաբաջանեանը Հայաստանի եւ Ռուսաստանի ամենասիրուած ու հեղինակաւոր երգաստեղծն է (նոր բառ է, ուշադիր, -ՀԵՆ. Ա.):

Յիշենք նրա «Երեւան», «Առաջին սիրոյ երգը» եւ «Երեւանի սիրուն աղջիկ» երգերը: Ըստ որում մինչեւ օրս էլ շատերին թւում է թէ վերջինը ժողովրդական երգ է: Նոյնն է պարագան «Հարսնացուն Հիւսիսից» ֆիլմի աւարտին հնչող ռուսական ժողովրդական երգի վերաբերեալ: Սրտմաշ, հոգեթով, գողտրիկ, փայլուն կատարմամբ ռուսական

Ժողովրդականացած այդ երգը Բաբաջանեանի գլուխգործոցներից մէկն է:

Յիշենք նաեւ Բաբաջանեանի ամենատարածուն երգերից մի քանիսը.

«Գեղեցկութեան թագուհի», «Ժպտայ,», «Մի շտապիր», «Շնորհակալ եմ քեզ», «Եղիր ինձ հետ», «Կանչիր ինձ», «Հարսանիք» եւ այլն: Այս եւ մի շարք այլ երգեր հիմնականում յօրինուել են ռուս յայտնի բանաստեղծներ Եւտուշէնկոյի եւ Ռոժդենտվենսկու խօսքերի հիման վրայ:

Առնօ Բաբաջանեանը երաժշտութիւն է գրել բազմաթիւ հայկական ֆիլմերի եւ դրամատիկական ներկայացումների համար: «Հարսնացուն Հիւսիսից» ֆիլմի գլխաւոր հերոսի դերակատարն է Բաբաջանեանի որդին`Արան:  «Երջանկութեան մեխանիկա» ժապաւէնի երաժշտութիւնը Բաբաջանեանը յօրինել է իր կեանքի վերջալոյսին` տուրք տալով մտերիմ բարեկամ, տաղանդաւոր բեմադրիչ Ներսէս Յովհաննիսեանի խնդրանքին: Այս երկու ֆիլմերն էլ մեծ ժողովրդականութիւն են վայելու հայ աշխարհում եւ յաճախ են ցուցադրւում հայկական եւ ռուսական հեռուստատեսութեամբ: Մեծ հրճուանք ես ապրում, երբ լսում ես Ուիլեամ Սարոյեանի «Իմ սիրտը լեռներում է» դրամայի համար գրուած Բաբաջանեանի երաժշտութիւնը: Միայն փողային շեփոր գործիքի մենանուագով հեղինակը կարօտի յորդոր է արթնացնում սփիւռքահայի հոգում, կանչ` դէպի հայրենին, մայրենին ու հայ լեռնաշխարհ:

Ապշեցուցիչ է, թէ ինչպէ՞ս է կոմպոզիտորը տեսնում, հասկանում միջավայրը ու ըստ այնմ էլ տուեալ (ծանօթ) միջավայրին համապատասխան երաժշտութիւն յօրինում: Այս պարագային քեզ թւում է թէ  ամերիկացի կոմպոզիտոր Գերշուինին ես լսում: Սակայն այսպէս կամ այնպէս`զդում ես, որ «հայի հոտ» է գալիս երաժշտութիւնից:

Զուր տեղը  չի ասել Բաբաջանեանը` «ԻՆՉ ԷԼ ԳՐԵՄ`ՍՏԱՑՒՈՒՄ Է ՀԱՅԵՑԻ…»

Առնո Բաբաջանեանի միակ երգչախմբային գործը «Ազգ փառապանձ» խմբերգն է, որը վեր է ածուել մի տեսակ հիմներգի (նոր բառ է, ուշադիր, -ՀԵՆ. Ա.): Այս խմբերգի առաջին մասում կենդանութիւն է առել սրտմաշուկ Գիքորին կենդանացնող «Տիգրա նիկս չուխայ չունի, հանդ է գնում ոտաբաց» հոգեթով երգի մեղեդին: Եթէ չեմ սխալւում բառերի հեղինակը Ղազարոս Աղայեանն է:

Հիմնականում բնակուելով Մոսկուայում, կոմպոզիտորը մտքով, հոգով, ամբողջ էութեամբ շնչում էր Հայաստանով, ապրում նրա առօրեայով: Որպէս մարդ հաղորդական էր, անմիջական, ընկեր էր  բոլորի հետ: Բնութիւնից ունենալով խոշոր քիթ,  երբեք քիթը բարձր չէր պահում ոչ մէկի առջեւ:

Երգահան լինելու հետ մէկտեղ հանճարեղ դաշնակահար էր Բաբաջանեանը: Լաւ է ասել նշանաւոր երաժշտագէտ Ասաֆեւը դաշնակահար Առնօ Բաբաջանեանի մասին. «Եթէ քո քիթը չտեսնէի, կը կարծէի թէ Ռիխտերն է նուագում»:

Որպէս մէջբերում. Հայ Ժողովուրդը Համաշխարհային մեծութեան երկու ՄԵԾՔԻԹ արուեստագէտներ ունի, մէկը Առնօ Բաբաջանեանն է, միւսը`Մհէր Մկրտչեանը: Բայց ո՞վ, ո՞ր մէկ ունկնդիրն ու հանդիսատեսն է ուշադրութիւն դարձնում նման  բնական երեւոյթին: Վերջինս հմայուած, կախարդուած նրանց արուեստով, չի էլ նկատում նրանց բնական արատը: Իսկ ես ասում եմ`երանի~ ՀԱՅ ԱԶԳԸ մէկ մեծքիթ հանճար էլ ունենար, բայց անձնական կեանքում նրանց նման դժբախտ չլինէր:

Առնօ Բաբաջանեանը հաւատում էր, որ երգն ու երաժշտութիւնը ազնուացնում են մարդու հոգին, նրան դարձնում բարի, հանդուրժող, մանաւանդ, եթէ այն կառուցուած է յիշուող հէնքի վրայ:  Դրա համար էլ նա առաջնային էր համարում յիշուող մեղեդին:     

«Երաժշտութիւնը պէտք է յուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ եւ ոչ թէ զարմացնի» ասում է Առնօ Բաբաջանեանը:

Ես բախտ եմ ունեցել աշխատանքի բերումով 1973 թուականին երկու օր շփուել հանճարեղ Առնօ Բաբաջանեանի հետ` Հայաստանի Ռադիոկոմիտէում, ուր ձայնագրւում էր նրա մշակած «Յորժամ» հոգեւոր հոգեհանգստեան մեղեդին` Լուսինէ Զաքարեանի եւ կամերային նուագախմբի կատարմամբ:

Առնօ`եւ տխուր, հոգեհանգստեան շարակա՞ն, երբ նրա ողջ երաժշտական աշխարհը շնչում է լաւատեսութեամբ: Անհաւատալի էր: Ես գիտէի  որ նա երիտասարդ տարիքից տառապում էր արեան քաղցկեղով եւ յաճախ էր մեկնում Ֆրանսիա բուժման համար: Տէրը միայն գիտի թէ յուսահատութեան, յուսալքութեան ի~նչ վիճակում է եղել նա, որ նման քայլի է դիմել, մանաւանդ, գիտէր որ արգելուած էր ռատիոյով հայկական հոգեւոր երաժշտութիւն հաղորդելը:

Մինչ նուագախումբը կը յայտնուէր, նա դաշնամուրով ինձ համար նուագեց մշակումը: Նա բնաւ այն կենսախինդ, ուրախ, հումորով լի Առնոն չէր: Անբացատրելի տագնապ կար դէմքին: Ինձ համար ամէն ինչ հասկանալի էր: Բարեբախտաբար դրանից յետոյ նա տարի ապրեց, եթէ կարելի է ապրել համարել,  ու կեանքին հրաժեշտ տուեց 62 տարեկան հասակում։

   Ինչեւէ. Առնո Բաբաջանեանի մշակումը ձայնագրուեց: Գեղարուստական Խորհուրդը բարձր գնահատականով ընդունեց  ձայնագրութիւնը` ռատիոյով չսփռելու պայմանով, այսինքն` դնել փակ ֆոնդում (պահոց), միայն որեւէ հաղորդման մէջ մի մասի օգտագործման հնարաւորութեամբ` այն էլ` յատուկ թոյլտուութեամբ:

«Յորժամ»  հոգեհանգստեան մեղեդու ճակատագրի մասին` յաջորդ անգամ ամէնայն մանրամասնութեամբ:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ