Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Ուխտանէս Պատմիչի Երկը Անգլերէնի Թարգմանուած

Դոկտ. Տ. Զաւէն Արզումանեանի Կողմից

Արզումանեանի այս գործը հանդիսանում է Ուխտանէս-ի պատմութեան Բ. հատուածի թարգմանութիւնը։ Նա այստեղ էլ, ինչպէս Ղեւոնդի պատմութեան թարգմանութեան դէպքում, չի եղել պարզ թարգմանիչ, այլ կատարել է գիտահետազօտական աշխատանք, եւ իր բերած պատմագիտական ծանօթագրութիւններով պարզաբանել է մի շարք բարդ ու անորոշ կէտեր, որոնք օտարի համար անհասկանալի կը լինէին կարդալով լոկ մերկ թարգմանութիւնը։

Գրախօսեց՝ Ակադ. Մարտիրոս Գավուքճեան

Երկը

Դոկտոր Հայր Զաւէն Արզումանեան 1982 թուին լոյս էր ընծայել 8-րդ դարի հայ մատենագիր Ղեւոնդ Մեծի Պատմութեան իր շատ յաջող անգլերէն թարգմանութիւնը։ Ղեւոնդը ապրել է Հայաստանում արաբական արշաւանքների ու տիրապետութեան դժուար ժամանակաշրջանում եւ եղել է ականատեսն ու վկան իր գրած պատմութեան կարեւոր մասի, որով նրա գործը արժեքաւոր ու հաւաստի աղբիւր էր հայ ժողովրդի այդ ժամանակաշրջանի պատմութեան համար։ Արզումանեանը այդ գործում հանդէս է եկել ո՛չ միայն որպէս հմուտ թարգմանիչ, այլ թարգմանութեանը կցած իր գիտական ծանօթագրութիւններով ցուցաբերել է պրպտող մտքի սրութիւն եւ հետազօտող գիտնականի շնորհք։

Արզումանեանի գիտական թարգմանութեան այդ աշխատութիւնը Կոլոմբիայի Համալսարանի կողմից ստացել է իր պաշտօնական արդար ճանաչումը եւ հեղինակին շնորհուել է փիլիսոփայութեան դոկտորի (PhD) կոչում՝ եւ հայ կրօնական Վարդապետը ճանչցուել է նաեւ որպէս գիտութեան Վարդապետ։ Իմ բերած գնահատանքի առիթով յոյս էի յայտնել որ այսպիսի շնորհքով օժտուած թարգմանչից իրաւունք ունենք սպասելու նորանոր գործեր։

Եւ ահա, Դոկտ. Տ. Զաւէն Արզումանեան Ղեւոնդի թարգմանութիւնից երեք տարի անց լոյս է ընծայել Սեբաստիոյ Եպիսկոպոս Ուխտանէս Ուռհայեցու պատմութեան երկրորդ՝ «Պատմութիւն Բաժանման Վրաց ի Հայոց» հատուածի առանձին թարգմանութիւնը։ Շուտով նաեւ թարգմանեց ու հրատարակեց երկին առաջին մասը։

Գնահատական

Երբ ստացայ իր այս նոր գործը, նրա իմ մէջ առաջին անդրադարձը եղաւ այն հարցումը, թէ Արզումանեանը ի՞նչպէս եւ ո՞րտեղից է գտնում այսպիսի խրթին գործեր, որոնք ունենալով հայ ժողովրդի պատմութեան այս կամ այն շրջանին վերաբերեալ հանգուցային բնոյթ, իրենց մէջ եղած պատմաքաղաքական բարդ ու փափուկ հարցերով, եւ մերթ մութ ու թաքուն կէտերով, թարգմանութեան կողքին կարիք ունեն գիտական որոշ մեկնաբանումների ու պարզաբանումների։ Եւ մտածում ես, թէ երեւի հէնց ինքը՝ գործն է գտնում իր հասկացողին ու գնահատողին։

Ուխտանէսի Պատմութիւնը  ունեցել է միայն մէկ հրատարակութիւն՝ 1871-ին Վաղարշապատում, եւ թարգմանուել է լոկ ֆրանսերէնի M. Brosset-ի կողմից՝ 1870 թուին։ Ուխտանէսը եղել է 10-րդ դարի մատենագիր, եւ իր պատմութիւնը գրել է Նարեկայ Վանքի Առաջնորդ Անանիա Վարդապետի յանձնարարութեամբ, եւ ունեցել է հետեւեալ իրարից անկախ հատուածները։

            Ա.  Յաղագս թագաւորաց եւ հայրապետաց մերոց

            Բ.  Վասն բաժանման վրաց (ի հայոց)

            Գ.  Յաղագս մկրտութեանն ազգին այնմիկ Ծադն կոչեցեալ։

Արզումանեանը իր այս թարգմանական գործում չի մտցրել երկի Ա. հատուածը, դրա մասին գրում է թէ այն նուազ կարեւորութիւն ունի, քանի որ Ուխտանէսը պարզապէս ամփոփ կրկնել է ինչ որ գտել է իրեն նախորդած մի քանի մատենագիրների մօտ, եւ աւելացնում է՝ «Պատմագէտի մը գործը չէ կատարած Ուխտանէս»  (էջ 11)։

Մեզանից հազար տարի առաջ գրուած որեւէ պատմութիւն, ինչքան էլ մեծ մասամբ լինի ամփոփ կրկնութիւնը կամ քաղուածքները այլ եւ աւելի հին հեղինակների գործերի, ունենում են պատմագիտական արժէք՝ մերթ պահուած լինելով հին բնագրերի՝ հետագայում փոփոխուած-աղաւաղուած մասերի հարազատ ձեւերը։ Այդտեղ մերթ նշուած են լինում ուրիշների լքած մի թուական, մոռացուած մի անուն, անտեսուած մի փոքր դէպք, կամ նոյն հարցին մօտեցման մի այլ ձեւ, որոնք պատմութեան համար ներկայացնում են մեծ կարեւորութիւն։ Արզումանեանն էլ արդէն յետոյ իրաւացիօրէն գրում է թէ «Սա անշուշտ ըսել չէ թէ Ուխտանէսի գործին առաջին մասը արժեքէ բոլորովին զուրկ է, մանաւանդ որ Ուխտանէսի կարդացածը ամենահին գրչագիր օրինակը պիտի ըլլայ քան ինչ որ մեզի հասած են», եւ բերում է իր գնահատանքները այդտեղ գտնուած մի քանի տեղեկութիւնների մասին։

Վրաց Եկեղեցական Բաժանումը

Ուխտանէսը իր երկի Բ. հատուածում մանրամասնօրէն պատմում է, թէ ի՛նչպէս եւ ի՛նչ պատճառներով է պատահել Վրաց եկեղեցական բաժանումը Հայոց Եկեղեցուց։  Սա միակ եւ հաւաստի աղբիւրն է այս դէպքերի, որով նրա այս գործը ունի եզակի նշանակութիւն հայ-վրացական եկեղեցական փոխ-յարաբերութիւնների պատմութեան համար։ Հէնց այս Բ. հատուածի թարգմանութիւնն է որ կատարել է Արզումանեանը իր ներկայ գործով, որի մասին ուզում եմ բերել իմ գնահատական դիտումներից մի քանի կէտեր ներքեւում։

Կորսուած Գ. Մասը՝ Ծադերի Մասին

Երկի Գ. հատուածը Ծադ կոչուած ազգի մկրտութեան (երեւի հայերի միջոցով քրիստոնէացման) պատմութիւնն է, որի մասին թէեւ Ուխտանէսը նշում է արել իր երկի «Նախերգանք» ում, բայց դժբախտաբար բացակայ է իր գրքից։ Ի հարկէ, եթէ այս հատուածը գտնուած լինէր գրքում, բացի եկեղեցական պատմութեան համար ունեցած կարեւորութիւնից, կարող էր պարունակած լինել որոշ տեղեկութիւններ Ծադ կոչուած ցեղի ինքնութեան, նրա աշխարհագրական ճիշդ վայրի, շրջապատի ու հարեւանների մասին՝ լոյս սփռելով պատմագիտութեան մէջ այդ շրջաններին վերաբերող դեռ մի շարք մութ հարցերի շուրջ։

Ոմանք, նրանց թւում եւ Արզումանեանը, կարծում են թէ այս Գ. հատուածը նախապէս եղե՛լ է Ուխտանէսի գրքում, բայց յետոյ հանուել է, ըստ M. Brosset-ի կարծիքին, այն պատճառով որ անջատուելով Հայ Եկեղեցուց, իրենց վրայ վրայ հրաւիրած են եղել հայերի թշնամութիւնը։ Մինչդեռ, ընդհակառակը, հայերը կը պահէին այդ հատուածը, ցոյց տալու համար Հայ Եկեղեցու առաջնայնութիւնը եւ Ծադերի ապերախտութիւնը, ինչպէս պահել են Բ. հատուածը, ուր երեւում է Վրացիների ապերախտութիւնը։

Սակայն, որպէս վաւերական մասն ու բաժինը կորսուած բաժնին, Ուխտանէսի Նախերգանքի հետեւեալ մասը Արզումանեան կարեւորութեամբ մէջբերում է, «Զմկրտութիւն ազգին որ Ծադն կոչի…նաեւ զգաւառս եւ զգեղս գլխաւորս, եւ զքաղաքս եւ զբերդս իւրաքանչիւր գաւառօք որ են յաշխարհին յայնմիկ, որպէս եւ կամք քո հրամայեցին, եւ զվանօրայս հանդերձ վանականօք անուամբ իւրաքանչիւրոց, եւ զանապատս միայնաւորաց, եւ որք միայնակեացք բնակեալ յապատս եւ յանապատս» (էջ 4)։

Գիտահետազօտական Աշխատանք

Հազարաւոր տարիներ առաջ գրուած երկ մը յաջողութեամբ թարգմանելու համար, թարգմանիչը գրաբարին եւ տուեալ օտար լեզուին լրիւ տիրապետելուց զատ, պէտք է կարողանայ ապրել այդ անցեալը եւ թափանցել օգտագործուած բառերի ու դարձուածքների ներքին թաքուն իմաստին, որպէսզի կարողանայ հարազատ մնալ բնագրի ոգուն։ Վանական մեր հին Հոգեւոր Հայրերի գործերը լաւ ընկալելու եւ հարազատօրէն վերարտադրելու համար թարգմանիչը պիտի լինէր այդ Հայրերի կոչման հարազատ ժառանգորդ եւ նոյնպիսի շնորհքներով օժտուած հայ հոգեւորականը՝ ինչպիսին է հէնց ներկայ թարգմանիչ Հայր Արզումանեանը։

Արզումանեանը շատ ճիշդ ու կարեւոր ընտրութիւն է կատարել թարգմանութեան համար՝ եւ դա մեր այս ժամանակներին, երբ հայ ժողովրդի հոգեւոր հարստութիւնն ու համաշխարհային մշակոյթին մատուցած նպաստը օտարներին ծանօթացնելու անհրաժեշտութեան տակ ենք գտնւում՝ մեր պատմութեան ներկայ ճակատագրական այս անցումային ժամանակ, երբ ուզում են մասնաւոր դիտումով ուրանալ կամ անտեսել հայ ժողովրդի ո՛չ թէ միայն լուսարար դերը, այլ հէնց գոյութիւնը։

Վրաց Բաժանումը      

Անդրկովկասում, հայ ժողովրդի մշակութային առաջատար դերի բացայայտման համար, շատ տեղին է Ուխտանէս-ի երկի Բ. հատուածի այս անգլերէն թարգմանութիւնը, որով աշխարհի առաջ ցոյց է տրւում որ վրացական քրիստոնէութիւնը նախապէս իր ծագումով հանդիսացել է մի մասը Հայոց Եկեղեցու, եւ նրանց բարձրաստիճան հոգեւորականները նախապէս ընտրւում  էին Հայոց Կաթողիկոսի կողմից։ Յետագային է որ Հայոց Կաթողիկոսի կողմից Վրաստանի եկեղեցական բարձրագոյն պաշտօնին նշանակուած Կիւրիոն-ի  ապերախտ սադրանքներով, 7-րդ դարու սկիզբը, բաժանուել են Հայոց Եկեղեցուց։

Տառադարձութեան Դրութիւնը

Արզումանեանը, ինչպէս Ղեւոնդի պատմութեան թարգմանութեան մէջ, այնպէս էլ այստեղ, տառադարձութեան համար որդեգրել է ճիշդ սկզբունք՝ ընդունելով հայերէն տառերի հնչիւնային սկզբնական եւ ստուգաբանական արժէքները, որովհետեւ թարգմանուողը գրաբարն է։ Եւ քանի որ այս թարգմանւում է անգլերէնի, ի հարկէ նա այստեղ կանգնած պիտի լինէր տառադարձման որոշ դժուարութիւնների առաջ, որոնք ծագում են հայերէնի համեմատութեամբ անգլերէնի հնչիւնային համակարգի ունեցած թերութիւնից եւ անգլերէնի ձայնային ներկայ յեղյեղուկ հանգամանքից։ Որով ստիպուած է որոշ տեղեր, այնտեղ ուր բաւարար չէին անգլերէն տառերի հնչիւնային հնարաւորութիւնները, տառադարձման համար օգտագործել գիտութեան մէջ ընդունուած պայմանական տառանիշեր։

Բովանդակութեան Արժէքը

Ուխտանէս Պատմիչի ներկայ թանգմանիչը հազար տարիներ առաջ գրուած այս երկի՝ օտարների կողմից ճիշդ գնահատման համար, թարգմանական իր յաջող գործից զատ, կատարել է երկի բովանդակութեան հետ կապուած մութ հարցերի, դէպքերի, դերակատար դէմքերի, աշխարհագրական վայրերի եւ իրենց ժամանակներին վերաբերող ընկերային եւ քաղաքական վիճակի մասին, պատմագիտական եւ հայագիտական հետազօտական աշխատանք, որը աւելի հետաքրքիր ու դիւրընկալելի է դարձրել Անդրկովկասի ժողովուրդների մօտ հայ ժողովուրդի կատարած մշակութային լուսարար ու առաջատար դերի պատմութեան այս կարեւոր շրջանին վերաբերող Ուխտանէս-ի երկը։

Կարդալով այս շնորհալի կրկնակի Վարդապետի գիտական ու թարգմանչական գործերը՝ դժուար է չյիշել մեր ոսկեդարեան առաջին թարգմանիչ Վարդապետ Հայրերին, որոնք հմտանալով հայկական, յունական, ասորական, քաղդէական ու պարսկական լեզուներին, օտար ժողովուրդների հոգեւոր գանձերն էին փոխադրում Մեսրոպեան հայերէնին՝ հարստացնելով հայ ժողովրդի մտաւոր գանձարանը։ Նրանք որոշ դէպքերում օտարների մեծ գործերը կորստից փրկելով հանդերձ, նրանց վրայ աւելացնում էին իրենց հոգեւոր սխրանքները՝ կարեւոր նպաստ բերելով համաշխարհային քաղաքակրթութեան զարգացման գործին։

Հայր Զաւէն Արզումանեան որպէս արժանաւոր յետնորդն ու հաւատարիմ աշակերտն իր այդ անմահ Վարդապետ Հայրերի, այս անգամ իր ո՛չ թէ ուրիշից մեզ, այլ մեզանից ուրիշներին է փոխադարձում մեր ժողովրդի գանձերը, միջազգային հրապարակ հանելով անարժանների կողմից անիրաւուած հայ ժողովրդի մշակութային մոռացուած առաջատար դերը եւ այդպիսով գործնական նպաստ բերում մեր ազգային իրաւունքների միջազգային ճանաչման համար թափուող մեր ներկայ համազգային ճիգերին։

                                                                 ՄԱՐՏԻՐՈՍ ԳԱՎՈՒՔՃԵԱՆ

                                                                             Ճարտարապետ եւ հեղինակ

                                            «Արմէն եւ Հայ Անունների Ծագումը եւ Ուրարտուն»

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ